2020-2021 ուստարվա մեկնարկն ինձ համար նշանավորվեց «Ելք»-«Մուտք» ստուգատեսներով՝ «Իմացումի հրճվանքի» նոր սկզբով՝ առաջին անգամ առաջին դասարան մուտքով։ Ես էլ իմ հերթին անցնում եմ «Մուտք»-ի իմ ճամբարը՝ յուրատեսակ անցումային ծեսի միջոցով տեղափոխվելով իմացումի մի աշխարհից մեկ այլ աշխարհ։ Այս մուտքը, թվում է, սովորական չէ, յուրատեսակ է, ոչ այնքան ֆիզիկական, որքան առցանց, որոշակի հեռավորությունից։ Սակայն այն արտասովոր է միայն նրանով, որ մուտք-նորամուտն է առցանց (թե չէ՝ արդեն չորրորդ ամիսն ենք աշխատում հեռավար-առցանց ձևաչափով)։ «Արտակարգ» գարունը վաղուց սովորական է դարձել, հերթափոխը հանձնել «արտակարգ» ամռանը։ Թվային ուսուցման գործիքների՝ նոթբուք-նեթբուք, հեռախոս, միասնական-հիմնական կիրառությամբ առանձնացավ ուսումնական գարունը բոլորիս՝ սեբաստացի և ոչ սեբաստացի մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Առաջին անգամ կապը վեց տարեկանների նորաստեղծ ընտանեկան դպրոցների հետ իրական դարձավ մայիսի վերջին՝ ուսումնական չորրորդ շրջանի մեկնարկի հետ։ Ձևավորվեց «Ծուղրուղո՛ւ» առցանց ջոկատը՝ կազմված քսանվեց վեց տարեկաններից ու քսանվեց ջոկատի ղեկավարներից։ Որքան էլ զարմանալի թվա, առաջին տպավորություններն անիրական էին, կենդանի ու ոգևորող։ Հունիսմեկյան կրթական շքերթով ազդարարվեց վեց տարեկանների առցանց ոտնամուտը կրթահամալիր։ Առցանց հրճվանք, խինդ ու ցնծություն, առաջինը ներկայանալու ցանկություն, խոսելու, պատմելու անվերջ ձգտում, որ համակել էր բոլորին՝ այս ամենը ողողելով անտիվիրուս երաժշտությամբ՝ Կոմիտասով։ Այսպես պարբերաբար առցանց կապի մեջ մտնելով՝ ձևավորեցինք կրթական նոր հարթակ, նոր համայնք, որն իր հետ բերում և դեռ բերելու է նոր հեղինակներ, նոր մտքեր, նոր առաջարկներ։ Փորձեցինք ֆիզկական մեկ միջավայրը առժամանակ փոխարինել քսանվեց ընտանեկան ուսումնական միջավայրերով, տեղափոխել տուն, ընտանեկան բացօթյա տարածքներ՝ պատշգամբներ, բակեր, այգիներ, խաղահրապարակներ։