2020 թ․-ի ուսումնական առաջին շրջանը նշանավորվեց ուսումնական գործի կազմակերպման ձևերի փորձարկամբ, նախագծերի անհատականացմամբ, նամակագրությունը՝ որպես անհատական ուսուցման ձև, ամենօրյա ուսումնական աշխատանքի կազմակերպմամբ։
Սկսեցի ղեկավարել կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիան։ Կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիան համակարգելու առաջարկ ստացա հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանից, իր առաջարկին հավանություն էին տվել նաև կրթահամալիրի ուսուցիչ-գործընկերներս, շնորհակալ եմ: Կրթահամալիրում անցումները միշտ հետաքրքիր են՝ անընդհատ աշխատանքային նոր հնարավորություններ բացող, զարգանալու, ինքնակրթվելու հնարավորություն տվող: Մանկավարժության լաբորատորիան համակարգելու հնարավորությունը հենց այդ զարգացումներից մեկն է՝ լաբորատորիայի կազմում ընդգրկված են առանձին լաբորատոր խմբերի փորձառու-մենթոր համակարգողներ, որոնց հետ աշխատելը միշտ է ուսանելի, ընդգրկված են նաև երիտասարդներ, որոնց հետ աշխատելը հետաքրքիր է, նաև՝ հեռանկարային: Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի թիրախում կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հմտությունների զարգացումն է, հեղինակային կրթական ծրագրի մշակումները, այլ՝ զարգացում ուղենշող փաստաթղթերի մշակումներ: Ոգևորված եմ և՛ ամենօրյա մշակումներով, գործընկերներիս աշխատանքով, և՛ նոր, և՛ արդեն գործող լաբորատորիաներով, խմբերով, և՛ ակումբներով։Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանն արդեն բացել, վարում էր լաբորատորիայի բլոգը։ Ես սկսեցի աշխատել բաժինների, թարմացումների վրա։ Հիմա մեր Մանկավարժության լաբորատորիայի բլոգն այս տեսքն ունի։
Աշխատում ենք ստուգատեսների, ճամբարների, կրթահամալիրային տարբեր նախագծերի բովանդակային մշակումների վրա․ փորձում 2021 թ․-ի մեր ճամբարներում արտացոլել կրթության կազմակերպման՝ անընդհատ զարգացող մեր փորձը, արտացոլել նախորդ ուսումնական շրջանի առանցքային նախագծերի զարգացումը:
Կարևոր մշակումային փուլ է նաև ստուգատեսային ճամբարների համար․ ամենամյա ստուգատեսային ճամբարները նոր ոգևորություն պետք է փոխանցեն կրթահամալիրում իրականացվող մանկավարժությանը։
Գործընկերներիս հետ աշխատանքը համարում եմ կոնկրետ ու ստացված, տեսնում զարգացման հեռանկարը:
Հետաքրքիր է նաև ամենօրյա նամակագրությունը՝ նամակագրությունը կրթահամալիրում ևս ուսումնական է․ ցանկացած դիտարկում, առաջարկ, ուղարկված նյութ, նոր մտքեր է տալիս, անդրադարձի հնարավորություն։
2. Ուսումնական գործի կազմակերպումն իր անընդհատ փոխվող ձևերով ու դրանց համակցումով՝ ինձ համար հետաքրքիր էր։ Նախ՝ ուսուցման հեռավար ձևի կազմակերպումն իր հետ նոր հմտություններ բերեց՝ ուսուցումը դարձնելով առավել կոնկրետ, ավելի արդի։ Ուսուցման գործընթացը ինձ համար միշտ է հետաքրքիր, որովհետև մարդիկ ու նրանց հետ աշխատանքը միշտ է հետաքրքիր․ ուսուցման գործընթացն անընդհատ սովորելու, միմյանց նոր հմտություններ, մտքեր փոխանցելու, իրար օգնելու ու միասին քայլելու հնարավորություն է։
Ուսումնական նախագծերն առանձնացրեցի մի բաժնում՝ փորձելով հեշտ դարձնել դրանք տեսնել-գտնելը։ Իհարկե, նախագծերը ես ամեն տարի լրամշակում եմ․ երբեք նույն նախագիծը, առաջադրանքը չեմ առաջարկում սովորողներին։ Միշտ ունենում եմ այլընտրանքային նախագծերի, լրացուցիչ, այլընտրանքային առաջադրանքների ու հարցերի փաթեթներ, որպեսզի սովորողների անհատական ցանկությունները, կրթական հավակնություններն ու հմտությունները չանտեսվեն։ Հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողների հետ աշխատել եմ այլ ծրագրով, որովհետև օտարալեզու միջավայրում ապրող սովորողների հմտությունները, պահանջմունքներն այլ են՝ 1–2:
Նախագծերի ամփոփումներից փորձել եմ առանձնացնել ընտրանիներ` արտացոլել և՛ սովորողների մտքերը, և՛ նախագծային աշխատանքներից, և՛ թարգմանություններից, և սովորողների անհատական նախագծերից, և՛ ընթերցումներից։ Ամփոփումների ընտրանիներում ներառել եմ սովորողների այն նյութերը, որտեղ կան նոր ձևակերպումներ, մտքեր, ամբողջական են, նաև՝ այն աշխատանքները, որոնց վրա սովորողը լուրջ ջանք է գործադրել՝ մի քանի փուլով աշխատել ենք, մշակել, հետազոտել։
Իմ մանկավարժական մտորումները՝ բացի լաբորատոր, կրթահամալիրային մշակումներից (դրանք արտացոլված են լաբորատորիայի բլոգում, անհատական նամակներում), առանձնացրել եմ ուսուցչի օրագիր բաժնում, Դպիրի մշակումներում՝
Մերօրյա իրադարձությունները՝ ուսումնական գործունեության բաղադրիչ
Հարցեր տալու ու պատասխաններ լսելու հմտությունը
Ճամփորդությունները՝ մշակութային, համագործակցային բաց հարթակներ
Անելիքների մասին
Երբ ինչ-որ բան սկսում եմ, դրանից ծնվում են նոր մտքեր ու գաղափարներ․ ոչ մի շրջան չեմ ամփոփում՝ զարգացնում եմ առաջ տանում․ ամեն շրջան նորի սկիզբն է։
Նոր բան միշտ զգույշ եմ սկսում, ոգևորվում եմ ընթացքում. ընթացքը հենց մանկավարժության զարգացումն է:
Ինչը չի ստացվել
Հիմա չստացվել բառը մանկավարժության մեջ այլ կերպ եմ մեկնաբանում՝ չստացվել չկա, չստացվելը՝ մի բանը չհասցնելն է, ինչ-որ կարևոր հարցի, գաղափարի չանդրադառնալը, մտքերի, հմտությունների պակասը, որն անընդհատ զարգացում ենթադրող շարժում է։ Չստացվելը անընդհատ նոր ձևեր փնտրելու, հմտություններ ստանալու ձև է: Շատ բաներ ինչ-որ փուլում ստացված են թվում, որոշ ժամանակ անց հետ ես նայում՝ արդեն չստացված համարում, թերություններ տեսնում: Բնական է, աշխատող մասնգետը չի կարող չզարգանալ: Աշխատել ցանկացող, աշխատանքը սիրող-կարևորող մարդու մոտ չստացվել չի կարող. հաջողելու համար ցանկություն ու ջանք է պետք:
Սովորողների հաշվետու պատումների մասին
Հիմա փորձում եմ սովորողների հաշվետու փաթեթներին նոր բովանդակություն տալ, որպեսզի դրանք չդառնան հղումների ամբարներ, այլ ունենան կոնկրետ դիտարկումներ, հաջորդ ուսումնական շրջանին ուղղված առաջարկներ, նախագծեր։ Ոգևորում եմ իմ օրինակով։ Առանձնացնեմ մի քանիսը՝ որպես հաշվետվություններից առանձնացված պատառիկներ, որոնցում կարևորել եմ նոր ընդունված սովորողների դիտարկումները, ինչ-ինչ նոր առաջարկներ՝
Գոհար Մարգարյանի պատումը․ տարբերվող կրթահամալիրը
Ժաննա Շահինյանի պատումը