Մեր մանկության ամենավառ հիշողությունները կապված են խաղերի հետ, որոնք մենք խաղում էինք ընկերների հետ։ Այդ խաղերը երևակայական մի աշխարհ էին տանում, որտեղ յուրաքանչյուրը դառնում էր իր հեքիաթի գլխավոր հերոսը։ Աղջիկները դառնում էին արքայադուստր, փերի, մամա։ Այո՛, մամա՝ ամեն աղջկա սիրելի հերոսուհին։ Վերցնում էինք մեր տիկնիկները, դնում սայլակների մեջ ու քայլում բակում։ Հայրիկն էլ գալիս էր միասին ճաշելու, ու այսպես այնքան, մինչև իրական աշխարհից կանչում էին տուն։
Չկա մեկը, ով կասի, որ չի խաղացել տունտունիկ , չգիտի, թե դա ինչ է։ Ովքե՞ր են խաղում, որո՞նք են այդ խաղի կանոնները, քանի՞ մասնակից կա։ Այդ հարցերը չեն ծագում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս խաղում կանոններ չկան։ Միակ պայմանը վառ երևակայությունն է։ Ես գայլ եմ, դու` նապաստակ․ վերջ, խաղը սկսվեց։ Էլ պետք չի ավելորդ ոչինչ, բացի երևակայությունից։ Արի քեզ դեղ եմ տալիս, որ շուտ լավանաս․ անտեսանելի պայուսակից հանում է անտեսանելի սպեղանին, և վերջ` ցավը կորավ։ Բայց դրանք բնավ էլ անտեսանելի չեն։ Այդ մենք չենք տեսնում, քանի որ մեծացել ենք, հեռացել երևակայության կախարդանքից։ Բայց նրանք պարզ տեսնում են, ու խաղը դառնում է մի հրաշք։
Այս խաղերը տարիներով անցնում են ու մնում անփոփոխ։ Պարտեզային տունտունիկները կազմում են սաների օրվա հավես պահերից մեկը։ Այսպիսի խաղերը դաստիարակի կողմից չեն կազմակերպվում։ Սաներն իրենք են որոշում, թե ինչ աշխարհ են ստեղծում։ Հանկարծ վերածվում են փոքրիկ շնիկների, դառնում բժիշկներ, կենդանիներ, մամա-պապա, վաճառող ու գնորդ, սուպերհերոսներ ու փրկարարներ։
Կողքից դիտելով այս փոքրիկ ինքնաբուխ ներկայացումները՝ քեզ մնում է միայն վայելել։
Այս խաղերի միջոցով նրանք ծանոթանում, ճանաչում են շրջակա աշխարհը, ստանձնում տարբեր սոցիալական դերեր, զարգանում է երևակայությունն ու մտածողությունը ։
Այս խաղերը երբեմն գաղտնի նկարահանում ենք, ապա ներկայացնում այս կամ այն խաղի սյուժեն, յուրաքանչյուր սանի ստանձնած դերը։
Սաների սիրած տունտունիկներից է նմանակել տարբեր կենդանիների, նրանց ձայներն ու շարժումները։ Կամ բաժանվել երկու խմբի․ մի խմբի մասնակիցները շունիկներն են, իսկ մյուսում՝ նրանց տերերը։ Կրթահամալիրում գործի բաժանում չկա, բոլորս միասնական ենք ու մի ընտանիք։ Դրանից էլ միջավայրը հաշտ է ու խաղաղ, իսկ անախորժությաններն արագ պարզաբանվում են, և խնդիրը լուծվում է։
Խաղերի ընթացքում ձևավորվում են ամուր ընկերական հարաբերություններ, փոխադարձ վստահություն, խմբային փոխօգնության հմտություններ։ Նրանք հասարակ ընկերներից վերածվում են ընտանիքի` մայրիկ-հայրիկ, քույրիկ-եղբայր, մայրիկ-բալիկ, հորեղբայր կամ մորաքույր։ Յուրաքանչյուր սոցիալական դեր ստանձնելով՝ սկսում են ճանաչել աշխարհը, լինել պատասխանատու մեկը մյուսի հանդեպ։ Օրինակ՝ երբ մայրիկ- բալիկ են խաղում, ավագները սկսում են օգնել ավելի կրտսեր սաներին ուտել, լվացվել, հագնել կոշիկները, դառնում են ավելի զիջող ու համբերատար։
Խաղերի մեջ հաճախ անգամ հասարակ իրերը դառնում են խոսող, շարժվող, իրական։ Լեգոյի մի փոքրիկ մասնիկը միանգամից դառնում է կենդանի` իր մտքերով, հույզերով, բնավորությամբ։ Հենց այստեղ է դրսևորվում երեխայի բնավորությունը, նա այդ փոքրիկ լեգոյի միջոցով արտացոլում է սեփական անձը։ Այն դառնում է հայելի, որտեղ երևում է սանի բնավորությունն ու հուզական դաշտը։
Անի-Սոֆին ու Լյուսին մտերիմ ընկերուհիներ են։ Նրանք առանց իրար չեն մնում անգամ մեկ րոպե, ամեն տեղ միասին են։ Տունտունիկը նրանց ամենասիրած խաղն է։ Երբեմն վիճում են՝ դերերը բաժանելու ընթացքում․
-Ես եմ մաման, դու նոր էիր։
-Ես եմ բժիշկը։
Վիճում են, նորից հաշտվում, ու խաղը նորից շարունակվում է։
Այս անգամ նրանց ձեռքին են հայտնվել խոսող ու իրական կենդանիներ, ավելի ճիշտ այդպես իրենք են տեսնում։
Սաները շատ են սիրում հեքիաթներ, ամեն անգամ իրենց տատիկից լսած մի հեքիաթ են սկսում խաղալ, ու դիտողին թվում է, թե հայտնվել է թատրոնում։ Այս անգամ նրանք խաղում էին «Կարմիր գլխարկը» ։ Դե իսկ գլխարկի փոխարեն կարմիր քամիչն էր։
Երբեմն մենք` դաստիարակներս, ևս դառնում են նրանց տունտունիկների հերոս։ Ու սիրված հեքիաթի ծիտը կենդանանում է մեր խաղի մեջ։ Հեքիաթը դառնում է խաղ, մեզնից յուրաքանչյուրը դառնում է այդ հեքիաթի մի հերոս։ Ծտի պես թռչում այս ու այն կողմ, քուջուջ անում, հովվի նման փնտրում իր ոչխարներին, հարս ու փեսա ու հարսանիք։
Մեկ էլ կտեսնես սաներից մեկը դարձավ կախարդական բժիշկ ու իր անտեսանելի դեղերով բուժեց մյուսին։
Փոքրիկ, թաց անձեռոցիկի միջոցով իջեցրեց ընկերոջ ջերմությունն ու արհեստական ձուն դեղ դարձնելով՝ բուժեց։
Երբեմն մայրիկներին ու հայրիկներին նմանակելուց, նրանց դերերը ստանձնելուց բացի, նմանակման հերոս են դառնում նաև դաստիարակները։ Ահա Միքայելը դարձավ դաստիարակ ու սկսեց վարել գիշեր-ցերեկ խաղը։
Հաջորդ անգամ խումբը վերածվել է խանութի։ Սաներից ամեն մեկը բացել է իր խանութը, վաճառում է իր երևակայական մրգերն ու բանջարեղենները, քաղցրավենիքը։ Իսկ մյուսները անտեսանելի գումարով գնում են այդ ամենը, ուտում ու վայելում։
Տարբեր մասնագիտությունները նույնպես շատ հավես տունտուիկներ են դառնում։ Բացի բժիշկ, խանութպան, սուպերհերոսներ լինելուց մեր սաները դառնում են նաև երգչուհիներ։ Այս անգամ մեր գեղեցկուհի Նարեն ու Եվան համերգային համար են պատրաստել ընկերների համար։
Լինում է նաև, որ խաղին ավելանում է արևի մի քանի շող, ու այն վերածվում է հետաքրքիր ստվերախաղի։
Պարտեզի ամեն օր մի տունտունիկ է։ Դրանք շարունակում են ու կշարունակեն լինել մեր օրվա ամենասիրելի պահերը։
Այս խաղերը ռոդարիական խաղեր են։ Սանի միտքը ազատ սավառնում է և սկսում է երևակայել ու ստեղծել իր խաղը, որի մասնակիցն ենք դառնում (այո՛, մասնակիցը, ոչ թե թելադրողը ) նաև մենք։
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան