«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների մեկամյա զարգացման ծրագիրն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում: Վերոնշյալ ծրագիրը թույլ է տալիս ստեղծել այնպիսի կենդանի, ստեղծական միջավայր, որտեղ խաղ-գործունեության միջոցով զարգանում են սանի երևակայական, ստեղծագործական, տրամաբանական մտածողությունն ու բանավոր խոսքը, հաղորդակցական կարողությունները, տեխնոլոգիական պարզագույն հմտությունները, ֆիզիկական վիճակը և այլն: Այսպիսի միջավայրում պետք է կազմակերպել այնպիսի գործունեություն, որի հիմնական շեշտադրումը դրվի սովորողի ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունների, երևակայության, ստեղծականության զարգացման, արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու հմտությունների ձևավորման վրա: Հինգ տարեկանների գործունեության մեջ կարևոր են բազմազանությունը, հետաքրքրությունը, գործունեության տևողությունը (ոչ ավելի, քան 20 րոպե): Սեղան-աթոռներն էլ այնքան գրավիչ չեն սաների համար, անշարժությունը չի նպաստում զարգացմանը, դպրոցական նստարանը մարդկության լավագույն հայտնագործություններից չէ, մանավանդ փոքրիկների համար: Մենք ազատ ենք. սովորում ենք հաշվել, չափել, համեմատել, մասերի բաժանել խաղի միջոցով: Խաղն ու աշխատանքը միատեղ են՝ միանման հետաքրքիր ու գրավիչ: Այսպիսի հետաքրքիր և բազմաբովանդակ գործունեության տեսակներ կազմակերպելու համար կրթահամալիրում ստեղծված են տարբեր ուսումնական կենտրոններ, որոնք հնարավորություն են տալիս համագործակցել և ուսուցումը դարձնել ավելի նպատակային: Այժմ անդրադառնանք այդ կենտրոններին և դրանց մանկավարժությանը։
Մարզադահլիճ, փակ լողավազան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների մեկամյա զարգացման ծրագրի կարևորագույն և անհրաժեշտ բաղկացուցիչներ են լողը, հեծանվավարությունը, ինքնագլորների վարումը, որոնց հիմնական նպատակն է ֆիզիկապես առողջ, համակողմանի և ներդաշնակ, զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելը: Սովորողները մեծ ոգևորությամբ և հրճվանքով են մասնակցում ամեն անգամ կազմակերպվող մարմնամարզական, էստաֆետային, բակային, ռոդարիական խաղերին, սպորտլանդիաներին. վերջիններս կրթահամալիրի ավանդական մարզական ծեսերն են, որոնք տեղի են ունենում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Աշնանը խաղերն անցկացնում ենք դահլիճային միջավայրում, իսկ գարնանը՝ բացօթյա խաղահրապարակում: Խաղահրապարակում խաղերը կազմված են ատլետիկական վազքից, ցատկերից, անցկացնում ենք մարզախաղերի տարրերով մրցակցային խաղեր`գնդակի նետում, վարում, փոխանցում, հեծանվավազք, ինքնագլորի և անվավոր չմուշկի վարում, բարձրուցածր արգելքների հաղթահարում, պարանի ձգում…
Իսկ փակ մարզադահլիճներում խաղերի մեջ մտնում են հետևյալ մարզախաղերը՝ սողանցումներ մարզանստարանի վրա, քայլք ոտնաթաթերի վրա, ցատկեր, գլուխկոնծի ներքնակների վրա, գլորումներ, անցում օղակների միջով… Շարժախաղերը նպաստում են երեխաների վազելու, ցատկելու, նետելու կարողությունների ամրապնդմանը, արագաշարժությանը, տարածության մեջ կողմնորոշվելուն և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը: Որպես կանոն՝ սաները մարմնակրթության պարապմունքին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության կազմակերպումը ուսումնասիրելու, սովորողների անհատական ցուցանիշները գրանցելու, զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանների ընթացքում անցկացվում են ստուգատեսներ:
Պետք է նշեմ, որ դպրոց-պարտեզի ֆիզիկական միջավայրում ուսումնական օրն սկսվում է ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ սովորողները կատարում են մարմնամարզական վարժություններ։ Պատասխանատուները հատուկ պատրաստվում են ուրախ մարմնամարզությանը. ընտրում լիցքային վարժություններ, որոշում դրանց կատարման հաջորդականությունը (աչքերի վարժություններից մինչև ոտքերի վարժություններ՝ աչքեր, գլուխ, ուսեր, թևեր, ձեռքեր, դաստակներ, մատներ, դարձումներ, գոտկատեղ, ոտքեր, կքանիստ, թռիչքներ), ապա գտնում համապատասխան երաժշտություն, այն քննարկում երաժշտության մասնագետի հետ:
Պետք է նշեմ, թե ինչպիսի հավեսով են երեխաները մասնակցում կրթահամալիրի փակ լողավազանում ամեն շաբաթ կազմակերպվող լողի պարապմունքներին: Ամեն անգամ Արևելյան դպրոցից մարզական քայլքով, դանդաղ վազքով, անցորդներին ողջունելով, տրամադրություն փոխանցելով՝ անցնում ենք դեպի Արևմտյան դպրոց տանող ճանապարհն ու շտապում ծածկած լողավազան: Սովորողներն իրենց հետ անպայման վերցնում են ուսապարկ, որտեղ լողի պարագաներն են։ Լողի պարապմունքներն անցնում են աշխույժ, ուրախ և կազմակերպված: Նախ՝ ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստները ծալում և դնում զամբյուղներում, հագնում լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկներն ու ցնցուղ ընդունում։ Այնուհետև ողջունում ենք մեր լողի մարզիչ ընկեր Քրիստինեին, ով պատրաստ սպասում է մեզ, միասին կատարում մկանները տաքացնող նախավարժանք, որից հետո նոր մտնում ջուրը։
Ուսումնական ագարակ
Ուսումնական ագարակը 5 տարեկանների ամենասիրած վայրն է՝ իր ձիանոցով, թռչնանոցներով, ձիարշավարանով, շներով, սագերով, հավերով, նապաստակներով… Ուսումնական ագարակ այցելում ենք տարբեր նպատակներով՝ խնամում ենք կենդանիներին, հոգ ենք տանում նրանց մասին, իրականացնում ենք ձիավարության պարապմունքներ: Առանց բնության նկատմամբ հոգ տանելու, առանց բնության հետ ներառվելու, առանց բույսն ու կենդանին քո աշխարհում ներառելու ի՞նչ առողջ հոգի կամ առողջ մարմին: Ինչպե՞ս առանց այդ շփման հաղթահարել վախը կենդանիների՝ ձիու, շան, նապաստակի, կատվի նկատմամբ, առանց աշխատանքի հետ օրգանական դարձող կապի ինչպե՞ս հաղթահարել անսովորությունը աշխատանքի նկատմամբ: Միայն տեսնեիք, թե երեխաներն ինչքան էին ոգևորվել, երբ ագարակում իրականացրեցինք «Լավաշթխիկի ծեսը»: Միասին թաթախվեցինք խմորի մեջ, ալրոտվեցինք, ուսուցումը խաղ դարձրինք, իսկական հրճվանք․․․ Համտեսեցին թոնրից դուրս եկած տաք-տաք լավաշը։ Այսպիսին է կրթական միջավայրը…
Խաղողի և գինու դպրոց
Խաղողի և գինու դպրոցում իրականացնում ենք «Խաղողածեսը»:Մեր կրթահամալիրի բոլոր ծեսերը նախաբան ունեն։ Խաղողածեսն էլ բացառություն չէ: Սաները պատրաստվում են, սովորում երգերը, խաղիկներն ու պարերը։ Խորհուրդներ են հարցնում գինեգործ Արտակ Ռշտունուց, և նա մանրամասն բացատրում է, թե ինչպիսի խաղող ենք ընտրելու, ինչպես ենք հատիկներն առանձնացնելու չանչերից, ինչպես ենք ճզմելու։ Այդպիսի մի զրույց-քննարկումից, օրինակ, պարզեցինք, որ գինի պատրաստելիս խաղողը չի կարելի լվանալ, որովհետև խաղողի վրայի խմորիչները մաքրվում են, և առանց դրա գինի չի ստացվի: Այսպիսին է արտադրությամբ ուսուցումը՝ առանց ավելորդ ձևականությունների և արհեստականության․ ճպճպոցի ձայնը, շիրայոտ մռութիկները, ճպճպան տոտիկները, ծիծաղն ու հրճվանքը, երգը, պարը… էլ ի՞նչ է պետք՝ իսկական տոնը վայելելու համար, եթե ոչ շփում հողի, բերքի հետ․ բա այդ շփումից հաճույք ստացող լիքը վառվռուն ու չարաճճի աչուկները…Ծնողները ծեսին հետևում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով, և շատ հետաքրքիր մեկնաբանություններով արձագանքում։
-Էս ի՜նչ հավես է:
Տեխնոպարկ
Տարբեր նախագծերի շրջանակներում տեխնոլոգիան իր կարևոր տեղն ունի 5 տարեկանների զարգացման խմբում, որն իր մեջ ներառում է կավագործություն, նկարչություն, տիկնիկների և կերպարների ստեղծում, ինքնաշեն իրերի պատրաստում: Հինգ տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Սեպտեմբեր ամսին իրականացրեցինք «Ես» նախագիծը։ Նախագծի շրջանակում 5 տարեկաններն այցելեցին կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ դիտարկեցին լաբորատորիայի աշխատանքային ընթացքը և իրականացրին տեխնոլոգիական գործունեություն: Տեխնոպարկում ստեղծված աշխատանքները ցուցադրեցինք «Ես» նախագծի ամփոփման ժամանակ: 5 տարեկանի, ինչպես ցանկացած երեխայի, երևակության զարգացման խթանումը նրա կրթության կազմակերպման կարևորագույն խնդիրն է: «Երևակայության զարգացում՝ գործունեության բոլոր ձևերով` բազմազան, բազմաբնույթ ստեղծագործական աշխատանքներն ավելի հետաքրքիր և գրավիչ են դառնում, երբ սովորողը «դռան փոխարեն պատուհանով է ներս մտնում»,- կասեր Ռոդարին:
Այսպիսով, կրթահամալիրում հնարավորությունները այնքան շատ ու բազազան են, իսկ միջավայրն այնպիսին, որ ուսուցման գործիք կարող է դառնալ ամեն ինչ։ Այս ազատությունն ու ինքնակազմակերպումը հնարավորություն են տալիս 5 տարեկանների ուսուցումը կազմակերպել տարբեր եղանակներով՝ խթանելով երեխաների ուշադրության, հիշողության, մտածողության, երևակայության, բանավոր խոսքի զարգացումը, օտար լեզուների իմացությունը, շրջակա միջավայրի ուսումնասիրությունը և սեփական փորձարկումները, ինքնաճանաչողությունը, խաղի ու հետազոտությունների միջոցով կարողությունների զարգացումը, կայուն հմտությունների ձեռքբերումը:
5 տարեկանների ուսումնական գործունեությունը շարունակվում է…
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան