«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

«Սեմիշ, ես օգնության, միմիայն օգնության կարիք ունեմ։ Հավանականություն կա ստեղծված իրադրության վտանգավոր լինելու, դրա համար անմիջապես ժամանիր։ Ավելորդ անգամ համոզվեցի, որ դու ճիշտ ես, Սեմիշ, ախպերս։ Ոչ մի պարագայում չպիտի հույս դնեի երկրացիների վրա։ Սա մի չտեսնված թեթևամիտ ռասա է, ինչպես դու մշտապես ընդգծում էիր։ Բայց էնքան էլ ախմախ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Սկսում եմ մտածել, որ բեղիկների մշակույթը բանականության միակ չափանիշը չի։ Նախանձելի իրավիճակներից չի, Սե՛միշ։ Այնինչ սկզբում ծրագիրն այնքան հուսալի ու անվտանգ էր թվում…»։
Էդ Դեյլը տեսավ մետաղի առկայծումը քոթեջի դռան հետևում, բայց էլ չպարզեց՝ ինչն ինչոց է. քունը դեռ շատ էր տանում։

Արևածագից մի քիչ հետո արթնացավ ու ոտնաթաթերին դուրս եկավ՝ եղանակը տեսնելու։ Դա նրան առանձնապես չհուսադրեց։ Ամբողջ գիշեր անձրևը հեղեղի պես թափվում էր ու մոտիկ աճած ծառերի ամեն տերևից ու ճյուղից ջուր էր կաթում։ Ֆուրգոնը, որով նա եկել էր, կիսասուզված էր, իսկ սարնիվեր բարձրացող գրունտային ճանապարհը թաղված էր ցեխի մի ֆունտ շերտի տակ։

Էդի ընկերը՝ Թարսթոնը, պիժամոն հագին մոտեցավ դռանը։ Նրա կլոր, Բուդդայի պես անվրդով դեմքը քնից կարմրած էր։

— Այ, միշտ էսպես է. արձակուրդի առաջին օրը անձրևը հեղեղում է,- նկատեց Թարսթոնը,- բնության օրենքն է։

— Փոխարենը այս եղանակին հեշտ է կարմրախայտ բռնելը,- ասաց Դեյլին։

— Չեմ վիճում։ Բայց ավելի լավ է՝ վառարանը ավելի թեժացնենք ու տաք, թանձր ռոմ խմենք։

Վերջին տասնմեկ տարիներին նրանք իրենց կարճ աշնանային արձակուրդները միասին էին անցկացնում, բայց տարբեր պատճառներով։

Դեյլին ռոմանտիկ սեր էր տածում ճամփորդական ու որսորդական պարագաների նկատմամբ։ Նյու-Յորքի խանութների վաճառողները նրա բարձր, կծկված ուսերից թանկարժեք բաճկոններ էին կախում. այդպիսի բաճկոններ հագնում են, երբ գիտական միտքը սասանող «ձնեմարդու» հետքն են բռնում Տիբեթի քարապատ սրտում։ Նրան վաճառում էին ճանապարհորդական վառարան՝ հնարամիտ կառուցվածքով, որին ոչ մի փոթորիկ չէր վնասի, և չարամտորեն ծռմռած դանակներ՝ շվեդական լավագույն պողպատից։

Դեյլին սիրում էր թափառել՝ զինվորական ջրամանը կողքից կախ ու որսորդական հրացանը ուսին։ Ջրամանում սովորաբար ճողփում էր ռոմը, իսկ հրացանի ամենավտանգավոր թիրախը պահածոյի տուփերն էին, որովհետև Դեյլին, թեպետ և երազում էր որսորդական հերոսությունների մասին, բարեսիրտ մարդ էր և ոչ մի վատ բան չէր կամենում կենդանիներին ու թռչուններին։

Նրա ընկեր Թարսթոնը շատ գեր էր ու տառապում էր շնչարգելությամբ։ Սա իրեն ծանրաբեռնում էր ճանճ բռնելու՝ աշխարհի ամենաթեթև ցանցով ու որսորդական աշխարհի ամենափոքր հրացանով։

Ընթացքի մեջ էր առաջին շաբաթը, և նա հաջողեցրել էր Լեյք-Փլեսիդում (համանուն լճի ափին գյուղ՝ Ադիրոնդակ լեռներում՝ Նյու-Յորք նահանգի հյուսիսարևելյան մասում. արշավորդների հանգստի վայր) որսորդության շրջանը տեղափոխել իր սրտին հաճելի բարերը՝ հարմարավետ թիկնաթոռներով։ Այնտեղ նա, օգտագործելով իր ապշեցուցիչ գիտելիքները հետքերի ու որջերի ասպարեզում, անվրդով հանգստացող սիրունիկ աղջիկների որս էր անում, փոխանակ սև կամ դարչնագույն արջի կամ էլ եղջերվի կրնկակոխ հետապնդի։

Այս անմեղ զբաղմունքները ավելի քան համապատասխան էին պահանջարկին երկու հաջողակ գործարարների, ում քառասունն արդեն անց էր, և նրանք քաղաք էին վերադառնում կոփված ու արևառված, իրենց կանանց նկատմամբ համբերության ու ուժերի նոր պաշարով։

— Ռոմն էլ վատ չի,- համաձայնեց Դեյլին։- Սա՞ ինչ է,- նորից նկատեց քոթեջի կողքին փայլող մետաղը։ Թարսթոնը մոտեցավ փայլող առարկային ու ոտքով խփեց։

— Տարօրինակ բան է։

Դեյլին ձեռնարկեց դատարկ, մետաղական շերտերից հավաքված, ծխնիով կափարիչ ունեցող, մոտավորապես չորս քառակուսի ֆուտ տարածքով ցանցավոր արկղի ուսումնասիրությունը։ Շերտերից մեկին հստակ տառերով գրված էր՝ «ԹԱԿԱՐԴ»։

— Էս որտեղի՞ց ես առել,- հարցրեց Թարսթոնը։

— Ոչ մի տեղից էլ չեմ առել։

Դեյլին շերտերից մեկին կապած մի պլաստմասե պիտակ հայտնաբերեց։ Ձգեց դեպի իրեն ու կարդաց. «Սիրելի՛ բարեկամ, սա նորագույն կառուցվածքի թակարդ է՝ տեխնիկայի վերջին խոսքը։ Լայն հասարակությանը Թակարդին ծանոթացնելու համար այս նմուշօրինակը տրամադրում ենք ձեզ միանգամայն անվճար։ Դուք մեր առանձնահատուկ գործիքը, որ նախատեսված է մանր որսի համար, ըստ արժանվույն կգնահատեք, եթե ճշգրիտ հետևեք հակառակ կողմում գրված ցուցումներին։ Աստված ձեզ հետ»։

— Այ քեզ բա՜ն,- բացականչեց Դեյլին,- ի՞նչ ես կարծում, սա կարո՞ղ է գիշերն են բերել։

— Ի՞նչ տարբերություն,- ուսերը վեր քաշեց Թարսթոնը։ – Ստամոքսս գռգռում է։ Արի՝ նախաճաշով զբաղվենք։

— Լավ, քեզ հետաքրքիր չէ՞։

— Էնքան էլ չէ։ Էլ ո՜նց կլիներ… հերթական անպետք բանը։ Մի հարյուր հատ դրա պես բաներ ունես։ Էլ արջի «Էբերկոմբի ու Ֆիթչ» թակարդ, էլ «Բետլեր» եղջուրիկ, էլ ճագարների խայծ՝ էն որ ֆիրմայի՞…

— Կյանքումս էս տեսակ թակարդ չեմ տեսել,- մտամոլոր մռթմռթաց Դեյլին։ – Շատ հմուտ գովազդ է։ Չէ, չեմ կարող հենց այնպես՝ առանց փորձարկելու թողնել գնալ։

— Կտեսնես՝ հիմա հաշիվներ կուղարկեն, որ տակից դուրս չես գա,- կպավ Թարսթոնը։ – Ես գնում եմ՝ նախաճաշ պատրաստեմ։ Դու էլ ամանները կլվաս։

Նա գնաց խոհանոց, իսկ Դեյլին այդ ընթացքում շրջեց պիտակն ու կարդաց օգտագործման ցուցումը. «Տարեք Թակարդը դաշտ և հետը դրված շղթայով ամրացրեք ցանկացած հարմար մի ծառի։ Սեղմեք հենքի վրա տեղադրված «1» կոճակը։ Թակարդը միացված է։ Հինգ վայրկյան անց սեղմեք «2» կոճակը։ Թակարդը պատրաստ է աշխատանքի։ Էլ ոչինչ չի պահանջվում, քանի դեռ մի բան չի որսացել։

Ուշադրություն։ Մնացած ամբողջ ժամանակ Թակարդը պահեք փակ վիճակում։ Որսի՝ թակարդի մեջ ընկնելու համար չի պահանջվում դա բացել, քանի որ աշխատում է ասմոտիկ բջջի սկզբունքով, և որսը կընկնի թակարդն անմիջապես։

— Ինչ ասես որ չեն հորինի մարդիկ,- հիացած բացականչեց Դեյլին։

— Նախաճաշը պատրաստ է,- բացականչեց Թարսթոնը։

— Նախ օգնիր՝ թակարդը լարեմ։

Թարսթոնը, հագնելով բերմուդյան կիսատաբատն ու սպորտային ճչացող վառ շապիկը, դուրս եկավ քոթեջից ու կասկածամտորեն նայեց թակարդին։

— Ի՞նչ, իսկապես ուզում ես այս խաղալիքով խաղա՞լ։

— Բա ո՞նց։ Մեկ էլ տեսար՝ բախտներս բերեց՝ աղվես բռնեցինք։

— Բարի եղիր, ասա՝ ինչ ենք անելու աղվեսը,- հետաքրքրվեց Թարսթոնը։

— Բաց կթողնենք,- պատասխանեց Դեյլին։ – Հաճույքը հենց գործողությունն է, ոչ թե արդյունքը։ Կարևորը բռնելն է։ Դե, արի օգնիր՝ բարձրացնեմ սա։

Թակարդը բավականին ծանր էր։ Երկուսով մի հիսուն յարդ քոթեջից հեռու քաշեցին ու շղթայով կապեցին մի դալար սոսուց։ Դեյլին սեղմեց 1 կոճակը, և թակարդը թույլ սուլեց։ Թարսթոնն ինքնաբերաբար հետ ցատկեց։

Հինգ վայրկյան անց Դեյլին սեղմեց 2 կոճակը։

Ծառերից առաջվա պես կաթկթում էր ջուրը, մի տեղ՝ վերևում սկյուռներն էին ցատկոտում, բարձր խոտը լուռ սոսափում էր։ Թակարդը հանգիստ-խաղաղ ընկած էր սոսու կողքին՝ մետաղական ցանցի մռայլ շողքով։

— Գնացինք,- ասաց Թարսթոնը,- ձվածեղը սառեց-պրծավ։ Դեյլին հետևեց նրան՝ դեպի քոթեջ՝ ուսի վրայից հայացք գցելով թակարդին։ Դա ընկած էր անտառում՝ լուռ սպասելով որսի։

«…Սեմի՛շ, ո՞ւր ես։ Ինձ շտապ օգնություն է պետք։ Որքան էլ ոչ ճշմարտանման է հնչում սա, իմ փոքրիկ պլանետոիդը ջարդրտում են աչքիս առաջ։ Դու իմ հին ընկերն ես, Սեմի՛շ, իմ երիտասարդության ընկերը, իմ լավագույն բարեկամը, դրանից բացի՝ ֆրեգլի բարեկամը։ Ես քեզ վրա եմ հույսս դրել։ Խնդրում եմ, շատ մի՛ ուշացիր։

Պատմությանս սկիզբն արդեն քեզ հղել եմ։ Երկրացիները Թակարդին վերաբերվեցին որպես սովորական թակարդի՝ ոչ ավելի։ Միանգամից միացրին՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին։ Այդպես էլ ենթադրում էի։ Երկրացիների ֆանտաստիկ հետաքրքրությունը լավ հայտնի է։

Այս ամբողջ ժամանակ կինս ուրախ սողում էր պլանետոիդով մեկ, վերասահմանագծելով ամառանոցն ու վայելելով քաղաքից հեռու լինելը։ Ամեն ինչ լավ էր, քանի դեռ…»։

Նախաճաշի ժամանակ Թարսթոնը մանրակրկիտ բացատրեց, թե ինչու թակարդը չի կարող աշխատել փակ վիճակում։

Դեյլին ժպտաց ու հիշեցրեց ցուցումներով պիտակի մասին։ Թարսթոնը համառում էր ու հայտարարեց, որ աշխարհում նման թակարդներ գոյություն չունեն։ Երբ ամանները լվացած ու չորացրած էին, նրանք թաց ու չորացրած խոտի վրայով գնացին դեպի թակարդը։

— Տես,- բղավեց Դեյլին։

Ճագարի չափ, բայց վառ կանաչ մի կենդանի թռավ թակարդի մեջ։ Մարդկանց մոտենալու հետ նա ուռեցրեց աչքերի բիբերն ու ծովախեցգետնատիպ ճանկերը փականեց։

— Վաղվանից՝ սոված փորին ոչ մի կաթիլ ռոմ,- ասաց Թարսթոնը։ Նայեց թակարդի արարածին ու սարսռաց.

— Բըռռ…

— Կարծում եմ՝ սա նոր տեսակ է,- իր ենթադրությունը հայտնեց Դեյլին։

— Մղձավանջի նոր տեսակ։ Չգնա՞նք Լեյք-Փլեսիդ ու մինչև վերջ մոռանանք սրան։

— Իհարկե՝ ոչ։ Ես կենդանաբանության դասագրքերում երբեք նման բան չեմ տեսել։ Հնարավոր է՝ այս տեսակն ամենևին ծանոթ չէ գիտությանը։ Ինչի՞ մեջ ենք պահելու։

— Պահելո՞ւ։

— Բա ի՞նչ։ Հո չե՞նք թողնելու թակարդում։ Պիտի վանդակ սարքենք, հետն էլ պարզենք, թե ինչ է ուտում։

Թարսթոնի դեմքը մասամբ կորցրեց սովորական անվրդովությունը։

— Լսի՛ր, Է՛դ, մտքովս էլ չի անցնում՝ արձակուրդս էս գազանի կողքին անցկացնեմ։ Բա որ թունավոր լինի՞։ Էլ չեմ խոսում սրա ակնհայտ վատ հակումների մասին։ — Խորը շունչ քաշեց ու շարունակեց.

— Էս թակարդը ինչ- որ անբնական բան ունի։ Ոնց որ էս աշխարհից չլինի։

Դեյլին քմծիծաղեց։

— Գրազ գանք՝ Ֆորդի առաջին մեքենայի ու Էդիսոնի շիկացած լամպի մասին նույն բանն էին ասում։ Սա թակարդ է՝ գիտատեխնիկական առաջընթացի հերթական վկան։

— Ես ոտով-գլխով առաջընթացի կողմն եմ,- ծանրակշիռ հայտարարեց Թարսթոնը,- բայց ուրիշ ասպարազներում։ Չգնա՞նք…

— Կգնանք,- ձգեց Դեյլին։- Դեռ արի վանդակ սարքենք ու մի անգամ էլ միացնենք թակարդը։

Թարսթոնը մռլտաց, բայց ենթարկվեց։

«… Ինչո՞ւ մինչև հիմա չես եկել, Սմեշի՛։ Չե՞ս տեսնում՝ կյանքս վտանգի մեջ է։ Բավարար չափով պարզ չե՞մ ասել, թե քեզնից ինչքան շատ բան է կախված։ Մտածիր հին ընկերոջդ մասին։ Մտածիր աննման Ֆրեգլի մասին, հանուն ում ես գնացի այս քայլին։ Գոնե կապ պահպանիր հետս։

Երկրացիներն օգտագործեցին Թակարդը, որը, հասկանալի է, բոլորովին էլ թակարդ չէ, այլ նյութի ընդունիչ-փոխանցիչ։ Երկրորդ ընդունիչ-փոխանցիչը տեղադրել եմ պլանետոիդի վրա, որտեղ իրար հետևից երեք այգուց բռնած փոքրիկ կենդանի եմ դրել։ Երկրացներն ամեն անգամ դրանց հանում են, չնայած, չգիտեմ՝ ինչ նպատակով։ Բայց երկրացիները ոչ մի բանից չեն հրաժարվում։ Երբ երրորդ կենդանին ընկավ երկիր ու չվերադարձավ, մտածեցի՝ ամեն ինչ պատրաստ է։ Ես նախապատրաստեցի չորրորդ ու վերջին փոխանցումը՝ ամենակարևորը, հանուն որի արվել են երեք նախորդները…»։

Նրանք կանգնել էին քոթեջի պատին ամրացված ցածրիկ ծածկի տակ։ Թարսթոնը զզվանքով նայում էր հակամոծակային պինդ ցանցից արված երեք վանդակին։ Ամեն վանդակում մի կենդանի կար։

— Ֆո՛ւ-  կնճռոտվեց  Թարսթոնը,- ի՛նչ հոտ է։

Վանդակներից մեկում նստել էր ամենաառաջին գերին՝ չռած աչքերով ու օմարատիպ ճանկերով։ Մյուսում թեփուկավոր եռաշերտ թևերով մի թռչուն էր իրեն պատեպատ տալիս։ Վերջապես երրորդում գալարվում էր օձակերպ մի բան՝ ծայրերին մեկական գլուխ։

Վանդակներում կաթով լի ամաններ կային, մսի խճողակով ու բանջարեղենով, ծնեբեկով,  թեփով ափսեներ, որոնցից ոչ մեկն էլ ձեռք տված չէր։

— Բան չեն ուտում,- ցավով ասաց Դեյլին։

— Երևում է՝ հիվանդ են,- պատասխանեց Թարսթոնը։ – Նույնիսկ հնարավոր է՝ վարակիչ են։ Ժամանակը չի՞ դրանցից ազատվելու։- Դեյլին նայեց նրա աչքերի մեջ։

— Երբևէ փառքի մասին չե՞ս մտածել, Թոմ։

— Ինչի մասի՞ն։

— Փառքի։ Նրա մասին, որ քո անունը պահպանվի դարերում։

— Ես գործարար եմ,- ասաց Թարսթոնը։- Երբեք չեմ մտածել նման հնարավորության մասին։

— Երբե՞ք։

Թարսթոնը բարեհոգի ժպտաց։

— Բայց ո՞վ չի երազում։ Ասելդ ի՞նչ է։

— Այս կենդանիները,- ասաց Դեյլին,- միակն են իրենց տեսակների մեջ։ Մենք սրանց թանգարանին կնվիրենք։

— Այսինքն՝ ո՞նց թե,- հետաքրքրվեց Թարսթոնը։

— Թարսթոն-Դեյլիի ցայժմ անհայտ կենդանիների ցուցահանդես։

— Նրանց մեր անուններով կկոչեն,- առաջ տարավ Թարսթոնը։

— Մենք ենք, չէ՞, դրանց հայտնաբերել։

— Անպայման կկոչեն։ Մեր անունները Լիվինգսթոնի, Օդուբոնի ու Թեդդի Ռուզվելտի անունների շարքում կդասվեն։

— Հը՜մ,- Թարսթոնը մտքերի մեջ ընկավ։ – Իմ կարծիքով ամենահարմար տեղը Բնության պատմության թանգարանն է։ Վստահ եմ՝ նրանք կձեռնարկեն ցուցահանդեսի կազմակերպումը։

— Ես ցուցահանդես ի նկատի չունեի, այլ թանգարանի մասնաճյուղ։,- ասաց Դեյլին։ – Դեյլիի ու Թարսթոնի մասնաճյուղը։

Թարսթոնը հիացմունքով նայեց ընկերոջը։ Երբեք չէր պատկերացնի, որ Դեյլիի գլխում կարող են վիթխարի ծրագրեր ծնվել։

— Փայլուն միտք է, Էդ, բայց մենք դեռ ընդամենը երեք նմուշ ունենք։ Մասնաճյուղի համար մի քիչ քիչ է։

— Սկիզբն է, բան չկա։ Գնանք՝ թակարդն ստուգենք։

Այս անգամ թակարդն ընկել էր մոտ երեք ֆուտանոց մի արարած՝ փոքրիկ կանաչ գլխով ու երկատված պոչով։  Ամենաքիչը մի դյուժին հաստ որդանման ելուստներ ուներ և բոլոր տասներկուսն էլ կրակոտ թափահարում էր։

— Մինչև հիմա հանգիստներն են հանդիպել,- վախեցած ասաց Թարսթոնը։ – Բայց սա լրբի մեկն է։

— Ոչինչ, ցանցը կվերցնենք ու կբռնենք,- վճռականորեն պատասխանեց Դեյլին։ — Հետո կկապվենք թանգարանի հետ։

Մի կարգին տանջվելով՝ նրանք ալիքվող արարածին տեղափոխեցին վանդակը։ Թակարդը նորից միացվեց, և Դեյլին Բնության պատմության թանգարանին հեռագիր ուղարկեց հետևյալ բովանդակությամբ.

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՉՈՐՍ ԿԵՆԴԱՆԻ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԱՆՀԱՅՏ ՏԵՍԱԿԻ վրջկտ ԱՐԴՅՈՔ ՏԵՂ ՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՄԱՐ վրջկ ՑԱՆԿԱԼԻ Է ՁԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ վրջկ»։

Հետո Թարսթոնի պնդմամբ մի քանի հաճոյախոսություն ավելացրեց, որ էնտեղ իրեն խելառի տեղ չդնեն։ Ճաշի շուրջ Դեյլին Թարսթոնին ներկայացնում էր իր տեսությունը։ Նա հաստատ համոզված էր, որ լեռների այս մասում կա մի առանձնացած նախնադարյան անկյուն, ուր պահպանվել են նախապատմական կենդանիներ։ Դրանց առաջ չեն բռնել, որովհետև, քանի որ հին են, հսկայական փորձ են կուտակել և անհավանական զգուշավորություն։ Բայց էդ փորձը, պարզվեց, հերիք չէր, որ էս ասմոտիկ արկղիկով  որակապես նոր սկզբունքով աշխատող թակարդից խուսափեին։

— Ամբողջ Ադիրոնդակը վերուվար ենք արել,- փորձեց հակառակվել Թարսթոնը։

— Ուրեմն՝ ոչ ամբողջը,- պատասխանեց Դեյլին։ Եվ տրամաբանությունը նրա կողմն էր։

Հետո նրանք վերադարձան թակարդի մոտ։ Դատարկ էր։

«… Ախր ես քո ձայնը լսում եմ, Սեմի՛շ։ Բարի եղիր, բարձրացրու ձայնը։ Կամ, որ ավելի լավ է, անձամբ արի այստեղ։ Դատարկ խոսակցություններից ի՞նչ օգուտ։ Իմ դրությունն ավելի ու ավելի հուսահատական է դառնում։

Հը, Սեմի՛շ, պատմության ավա՞րտը։ Դա միանգամայն ակնհայտ է։ Երեք կենդանիների հաջող հանձնումից հետո ամեն ինչ պատրաստ ունեի։ Մնում էր ամն ինչի մասին կնոջս պատմել։ Դրա համար նրան խնդրեցի ինձ հետ այգի սողալ։ Նա իրեն շոյված էր զգում։

— Պատմիր ինձ, սիրելիս, – ասաց, — ի՞նչ է քեզ վերջերս անհանգստացնում։

Ես մի բան գռմռացի։

— Ինչ-որ բանով քեզ վշտացրե՞լ եմ,- հարցրեց։

— Չէ, հարազատս,- ասացի,- ինչքան կարողացել ես, սիրել ես ինձ։ Բայց դա քիչ է։ Ես մտադիր եմ ուրիշի հետ  ամուսնանալ։

Նա անշարժ կանգնել էր։ Մենակ շոշափուկներն էին անկանոն ծածանվում։ Հետո բացականչեց.

— Ֆրե՜գլը։

— Այո,- հաստատեցի,- չքնաղ Ֆրեգլը համաձայնել է ինձ հետ անկողինը կիսել։

— Բայց դու մոռանում ես, որ մենք նշանված ենք մինչև կյանքներիս վերջը։

— Չէ, չեմ մոռացել։ Ցավում եմ, որ պնդում էիր այդ ձևականության վրա։- Մի ճշգրիտ հարվածով նրան հրեցի փոխանցիչ-ընդունիչի մեջ։

Սմեշի, մենակ տեսնեիր՝ ինչ տեսք ուներ։ Շոշափուկները քարկապվել էին, ինքն էլ ղժաց ու չքացավ։ Վերջապես ազատ էի։ Մի քիչ ինձնից զզվում եմ, բայց ազատ եմ։ Ազատ եմ՝ ամուսնանալու համար չնաշխարհիկ Ֆրեգլի հետ։

Հիմա կարող ես ըստ արժանվույն գնահատել իմ ծրագրի կատարելությունը։ Հարկավոր էր երկրացիների հետ համագործակցության հասնել, որովհետև փոխանցիչ-ընդունիչը պետք է աշխատեցնել երկու կողմից։ Ես դրան թակարդի տեսք եմ տվել, որովհետև երկրացիները պատրաստ են հավատալ ամեն ինչի։ Ու ես պատկերն ավարտեցի մի նրբաճաշակ շտրիխով՝ ուղարկեցի նրանց իմ կնոջը։

Դե, թող նրանից գլուխ հանեն։ Ես որ՝ չեմ կարողացել։

Անթերի, բացարձակ անթերի ծրագիր է։ Կնոջս մարմինը մեկընդմիշտ անհետացել է. ինչ ընկնի երկրացիների ձեռքը, հաշվիր՝ կորած է։ Ոչ ոք երբեք ոչինչ չի կարող ապացուցել։

Ու հենց էստեղ, Սեմի՛շ, հենց էստեղ էլ դա եղավ…»

Քոթեջը շրջապատող գյուղական անդորրության մթնոլորտը անհետ չքացել էր։ Անվադողերի աջ ու ահյակ ձգվող հետքերը շերտավոր են դարձրել ցեխոտ ճանապարհը։ Շուրջը թափրտված են գույնզգույն պիտակներով շշեր, ծխախոտի դատարկ տուփեր, կոնֆետի փաթեթաթղթեր, մատիտի կտորտանքներ ու թղթի փրթիկներ։ Բայց հիմա՝ մի քանի տենդագին ժամերից հետո, բոլորը ցրվել են։ Մնացել է միայն ցնցումը։

Դեյլին ու Թարսթոնը կանգնել են դատարկ թակարդի կողքին՝ անհույս նայելով դրան։

— Ի՞նչ ես կարծում, էս գրողի տարած գործիքի ի՞նչը կարող է փչացած լինել,- ասաց Դեյլին՝ ոտքով հենց այնպես խփելով թակարդին։

— Հնարավոր է՝ էլ բռնելու բան չկա,- ենթադրեց Թարսթոնը։

— Ո՞նց՝ բան չկա։ Բա ինչպե՞ս սկզբից իրար հետևից չորս բացարձակ անծանոթ կենդանի բռնեցինք ու հետո՝ բան կչա՞։
Նա ծնկի եկավ թակարդի կողքին և դառնությամբ ասաց.

— Թանգարանային ապիկարներ… Անշնորհք լրագրողներ…

— Որոշ իմաստով,- սառը զգուշավորությամբ բառերն ընտրեց Թարսթոնը,- նրանց չի կարելի մեղադրել…

— Չի կարելի՞։ Իսկ ինձ մեղադրել դատարկաբանելու մեջ կարելի՞ է։ Լսեցիր, չէ՞, Թոմ։ Հարցնում էին, թե ոնց եմ մորթու պատվաստում արել։

— Ցավալի է, որ բոլոր կենդանիները սատկեցին մինչև նրանց գալը,- ասաց Թարսթոնը։- Դա շատ կասկածելի թվաց։

— Անուղեղ գազանները բան չէին ուտում։ Ո՞վ է մեղավոր։ Ե՞ս։ Անիծված թուղթ մրոտողներ։ Ակամա մտածում ես՝ չէի՞ն կարող մայրաքաղաքային թերթերը ավելի խելոք լրագրողներ վարձել։

— Իզուր խոստացար նոր կենդանիներ որսալ,- ասաց Թարսթոնը,- երբ նրանք էլ թակարդը չէին ընկնում։ Դրա համար էլ մտածեցին՝ իրենց խաբում ես։

— Ո՞նց չխոստանայի։ Մտքովս էլ չի անցել, որ թակարդը կանգ կառնի չորրորդ կենդանու վրա։ Բա ինչո՞ւ ծիծաղեցին, երբ պատմում էի ասմոտիկ բնիկի մասին։

— Նրանք երբեք նման բան չեն լսել,- հոգնած պատասխանեց Թարսթոնը։ — Աշխարհում ոչ ոք էլ չի լսել։ Արի գնանք Լեյք-Փլեսիդ ու մոռանանք եղածը։

— Չէ։ Էս բանը պիտի աշխատի։ Պիտի աշխատի, ու՝ վերջ։
Դեյլին միացրեց թակարդը, պատրաստեց աշխատանքի ու մի քանի վայրկյան սևեռուն նայում էր դրան։ Հետո բացեց ծխնիներով կափարիչը։

Դեյլին ձեռքը տարավ թակարդի մեջ ու սրտակեղեք ոռնաց.

— Ձեռքս… Անհետացավ …

Կտրուկ հետ ցատկեց.

— Չէ՝ հա, չի անհետացել,- հավատացրեց Թարսթոնը։

Դեյլին նայեց երկու ձեռքերին, ծափ զարկեց, բայց շարունակում էր պնդել իրենը։

— Ձեռքս թակարդում անհետացավ։

— Դե լավ, լավ,- նրան հանգստացնում էր Թարսթոնը։- Մի քիչ կհանգստանաս  Լեյք-Փլեսիդում, ու կանցնի…

Դեյլին խոնարհվեց թակարդի վրա ու նորից ձեռքն այնտեղ մտցրեց։ Ձեռքը կորավ։ Նա ավելի ու ավելի խորն էր մտցնում ու տեսնում, թե ինչպես է դա անհետանում ընդհուպ մինչև ուսը։ Նա նայում էր Թարսթոնին ու հանդիսավոր ժպտում։

— Հիմա հասկանում եմ՝ ինչպես է սա աշխատում,- ասաց ։ – Այս կենդանիները բոլորովին էլ Անդիրոնդակի բնիկները չեն։

— Բա որտեղի՞ց են։

— Այնտեղից, որտեղ հիմա իմ ձեռքն է։ Ուրեմն՝ նոր կենդանիներ եք ուզում։ Ուրեմն՝ ձեր կարծիքով, ես սուտասան եմ։ Դե՝ կտեսնեք։

— Է՞դ։  Չանես։ Դու ախր չգիտես, թե…

Բայց Դեյլին արդեն ոտք էր դրել թակարդը։ Ոտքերն անհետացել էին։ Նա դանդաղ սուզվում էր, մինչև դուրս մնաց միայն գլուխը։

— Ինձ հաջողություն մաղթիր,- ասաց։

— Է՜դ։

Դեյլին քիթը քաշեց ու կորավ տեսադաշտից։

«… Սեմի՛շ, անհապաղ արի, թե չէ չափազանց ուշ կլինի։ Ես ստիպված եմ փոխանցումը դադարեցնել։ Հսկայական մի երկրացի մինչև վերջին քարը թալանեց իմ փոքրիկ պլանետոիդը։ Նա փոխանցիչ-ընդունիչի մեջ է գցում ձեռքի տակն ընկած ամեն բան։ Տունս ավերակների է վերածված։ Հիմա ամառանոցս է ջարդուխուրդ անում։ Սմեշի,  էս հրեշն ուզում է ինձ բռնել իր գազանանոցի համար։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ Ի՞նչը կարող է ուշանալուդ պատճառը լինել։ Դու իմ ամենահին Ընկերն ես։ Ի՞նչ, Սմեշի՛։ Ինչ ես ասո՞ւմ։ Չի կարող պատահել… Դու ու Ֆրե՞գլը… Ուշքի արի, ախպե՛րս։ Հանուն մեր ընկերության…»։

Թագմանություն ռուսերենից

Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով