«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խոհանոցային գործունեությունը կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում: 4-րդ դասարանից սկսած՝ «Տեխնոլոգիա» առարկայի բաղադրիչներից է համարվում նաև խոհանոցային գործունեությունը, որի ընթացքում սովորողներն իմանում են մթերքների ճիշտ ջերմամշակման, ինչպես նաև առողջ և անառողջ սննդի մասին, ծանոթանում են վիտամիններին, մարդու սննդակարգում օրական անհրաժեշտ ճիշտ չափաբաժիններին, սովորում են համեղ ուտեստներ պատրաստել, ծանոթանում ազգային խոհանոցին: Յուրաքանչյուր սովորող ուսումնական տարվա ընթացքում պարտադիր կերպով մոդուլային լրացնում է այս դասընթացը։ 5-6 տարեկանների խմբերում խոհանոցային գործունեությունը ոչ միայն բուն նպատակին՝ ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստման եղանակներին ծանոթացնելուն է ծառայում, այլ նաև օգնում է ուսումնական գործընթացում: Խոհանոցային գործունեության միջոցով իրականացնում ենք լեզվագործունեություն՝ սովորում ենք մթերքների անվանումները, հեգում դրանք, սովորում երգեր, ոտանավորներ: 

Մաթեմատիկայի ուսուցումը խոհանոցի միջոցով

Մաթեմատիկական գործողությունները՝ չափելը, համեմատելը, հաշվելը, բաժանելը, գումարելը, հանելը, շատ ավելի հետաքրքիր, հավես և հեշտ են ստացվում սիրելի մրգերի, բանջարեղենի, այլ ուտելիքների անվանումների միջոցով, ինչի արդյունքում երեխաները շատ ավելի առարկայական են տեսնում մեր բերած օրինակները, շատ ավելի արագ ընկալում խաղերի պահանջները: Խոհանոցային գործունեության ընթացքում սաների մոտ հիանալի կերպով դրսևորվում են համբերատարության, փոխօգնության հատկանիշները, հյուրասիրելու, մի կտոր հացը ընկերոջ հետ կիսելու կարողությունը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Պարտեզ» ամսագրում կարող ենք գտնել խոհանոցային գործունեությամբ ուսուցման բազմաթիվ օրինակներ, հիանալի հնարքներ, որոնց միջոցով ուսուցումը սաների համար էլ ավելի հետաքրքիր է դառնում։

Խոհանոցային գործունեությունը «Սովորող-սովորեցնող» նախագծում

Խոհանոցային գործունեության խմբերը հաճախ են հանդես գալիս «Սովորող-սովորեցնող» նախագծով` իրենց կրտսեր ընկերներին փոխանցելով ստացած գիտելիքները։ 5-6 տարեկանների խմբերն ակտիվ համագործակցում են այս նախագծի շրջանակում․ ավագ ընկերների օգնությամբ պատրաստում ազգային կերակուրներ, ծանոթանում դրանց պատմությանը։

Դդմատոնին Սոնա Փափազյանն ու ընկերները 5-6 տարեկանների հետ պատրաստում են կարկանդակներ․

Ծիսական խոհանոց

Ազգային ծեսերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում պարտադիր կերպով ծանոթանում ենք ծեսի ընթացքում պատրաստվող ազգային ուտեստներին, ուտեստների պատրաստման ընթացքում երգվող երգերին, ասիկներին:
Ղափամայի ծեսի ավանդական ուտեստը սովորաբար պատրաստում ենք սաներից մեկի ծնողի օգնությամբ։ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում 2-4 տարեկանների հյուրն է Դավիթ Մարգարյանի մայրիկը․

Զատիկի ծեսը

Զատիկի ծեսը կրթահամալիրի սաների կողմից ամենասիրված ծեսերից մեկն է: Զատկի ծեսի ընթացքում ևս մեծ դեր է խաղում խոհանոցային գործունեությունը: Սաների հետ միասին ներկում ենք ձվերը, պատրաստում զատկական կերակուրներ: Պահքի խոհանոցին ենք ծանոթանում։ Զատկական երգեր, ասիկներ սովորում:

Հարիսայի ծեսը

Հարիսայի ծեսը տոնում է ողջ կրթահամալիրը՝ սովորողների, ծնողների և ուսուցիչների մասնակցությամբ։ Օրն սկսում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ուսումնական ժամերգությամբ: Հարիսայի համտեսով էլ ավարտում ենք օրը։

Թթուդրիկը

Թթուդրիկի ընթացքում սաներն իրենց ձեռքով լվանում, կտրատում, հաշվում, կշռում են անհրաժեշտ մթերքները: Հաճախ սաները նաև մասնակցում են անհրաժեշտ մթերքների գնման գործընթացին՝ ընտրելով թթվի համար անհրաժեշտ մթերքը, հաշվելով, թե իրենց անհրաժեշտ քաշի մթերքի համար որքան պետք է վճարեն, վերջում էլ այդ ամենը խանութից դպրոց են հասցնում: Թթուդրիկի միջոցով իրականացնում ենք թե՛ մաթեմատիկական գործունեություն, թե՛ լեզվագործունեություն: Սաները ծանոթանում են թթվի համար անհրաժեշտ մթերքների անվանումներին, ուսումնասիրում դրանց սերմերը, ցանում, ապա խնամում…

5-6 տարեկան սեբաստացիները թթու են պատրաստում․

Լավաշթխիկի ծեսը

Ուսումնական ագարակում տեղադրված թոնիրը սաներին թույլ է տալիս ծանոթանալու լավաշթխիկի գեղեցիկ ծեսին՝ առանց կրթահամալիրի տարածքից դուրս գալու: Հայկական ավանդական հացը՝ լավաշը, դարեր ի վեր թխվել է թոնրի մեջ: Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում սաներին պատմում ենք լավաշի պատմությունը, սովորում ենք լավաշթխիկի երգերը:

Ծննդյան ծեսերը

Ծննդյան ծեսերը կրթահամալիրում միշտ յուրօրինակ կերպով են նշվում: Ամենակարևոր նվերը նվեր օրերն են: Սաներն իրենց ձեռքով համեղ խմորեղեն են պատրաստում, որոնք միասնական աշխատանքի, սիրո և ջերմության հիանալի օրինակ են: Ամեն անգամ զարմանում եմ, թե որքան դրական գծեր են բացահայտվում ընկերոջ ծննդյան խմորեղենը պատրաստելիս, որքան ջանք և սեր են դնում սաները, որպեսզի ամեն բան համեղ և գեղեցիկ ստացվի: Քաղցրավենիքի պատրաստման, զարդարման ընթացքում սաների մոտ նաև գեղագիտական ճաշակ է ձևավորվում։

5-6 տարեկանները պատրաստվում են Աստղիկի և Էլենի ծննդյան ծեսին․

Երբ ընտանեկան խոհանոցը մուտք է գործում կրթահամալիր

Այս հավես նախաձեռնությունը թույլ է տալիս հեշտությամբ ներգրավել ընտանիքի անդամներին: Ընտանեկան խոհանոցը վերածվում է իսկական ընտանեկան դպրոցի: «Հարթակում ծնողն է» նախագծի ընթացքում կրթահամալիր հյուր են գալիս սաների ծնողները՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով նոր գիտելիքներ, հետաքրքիր մտքեր, համեղ բաղադրատոմսեր:

Արման Սահակյանի մայրիկը 5-6 տարեկանների հետ գաթա է թխում․

Բառուսուցումը խոհանոցային գործունեությամբ

Բառուսուցման ժամանակ գալիս են արդեն ավանդույթ դարձած բառթխիկները, որոնց ընթացքում սաները խմորից ստանում են իրենց ծանոթ տառերը, իսկ թխելուց հետո այդ տառերով կազմում բառեր:

Ռոդարին՝ խոհանոցում

Բանջարեղենով ռոդարիական պատկերների ստացումը հիանալի կերպով զարգացնում է երևակայությունը, օգնում նայել աշխարհին այլ հայացքով: Սաներն սկսում են մտածել սահմաններից դուրս, սովորական իրերն անսովոր կերպով կիրառել, չէ՞ որ հենց այդպես են ծնվում հայտնագործությունները, հենց դա է նորը ստեղծելու հիմնաքարը:

Ազգագրական փառատոնի շրջանակում ևս պատրաստում ենք ազգային կերակրատեսակներ, թխում փախլավամատնաքաշ և այլն։

Խոհանոցային գործունեությունն օգնում է ուսումնական գործընթացը կազմակերպել առավել հավես մթնոլորտում, ստեղծում է հաճելի և հետաքրքիր միջավայր, դե իսկ սեփական ձեռքերով պատրաստած համեղ կերակրատեսակի համտեսն իսկակական նվեր է սաների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով