Ուսումնական պլանի կազմակերպումը հետազոտական վարժարանում․
2023-24 ուսումնական տարվա ամփոփումը կներկացնեմ վարժարանի ուսումնական պլանի կատարողականի տեսքով։
Ավագ դպրոցում գործում է երկու ծրագիր՝
- 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման,
- հետազոտական վարժարան։
2023-24 ուսումնական պլանը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, որն էլ իր հերթին բերել է նոր կազմակերպում։
Ընտրությամբ գործունեություն
9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչը կարող է ձևավորվել երկուական երկու ժամանոց կամ մեկ չորս ժամանոց դասընթացներից։ Այստեղ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա կատարել ճիշտ ընտրություն և ձևավորել անհատական դասացուցակ։
Պետք է փաստեմ, որ գրասենյակի ղեկավարի հետ աշխատանքի արդյունքում կարողացանք նոր ձևաչափը բերել դասացուցակի և խուսափել խնդիրներից։
Արդյունքում սովորողները կարողացան իրենց նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման շրջականում կատարել ընտրություն: Եվ այս նորությունը սովորողներին ավելի լայն ընտրություն ապահովեց:
Նախագիծն 9-րդ դասարաններում
9-րդ դասարանների ուսումնական պլանի մեկ այլ նորություն է Հանրակրթական նոր չափորոշչով որոշված նախագիծը։ Այստեղ ունենք խնդիր, որը պետք է փորձենք լուծել։ Կրթահամալիրում տարիներ շարունակ եղել է նախագծային ուսուցում, առարակայական առաջադրանքներն էլ ձևակերպվել են նախագծի պահանջներին համապատասխան։ Ստացվում է, որ բոլոր սովորողներն անում են նախագիծ, այդ աշխատանքը տարվում է, բայց առանձին ձևակերպում կամ բաժանում չենք կարողանում տալ։
Հետազոտական աշխատանք
10-12-րդ դասարանի ուսումնական պլանի փոփոխության արդյունքում արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում են հետազոտական աշխատանքներ։
Հետազոտական աշխատանք է իրականացնում Ավագ դպրոցի մոտ 350 սովորող։ Այն սովորողներն, ովքեր հետազոտական աշխատանք դժվարանում են կատարել, նրանց առաջարկվել է կատարել որևէ թեմայի ուսումնասիրություն և հրապարակել բլոգում։ Կայքի այս բաժնում կարող եք հետևել հետազոտական աշխատանքների ընթացքին և օրացույցին։
Աշնանային հավաքին՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ, ներկայացրեցինք հետազոտական աշխատանքի պատմությունը, 2022-23 ուսումնական տարվա խնդիրներն ու ձեռքբերումները։ Կարևոր էր, որ ներկա էին ծնողներ, գործընկերներ, ովքեր բարձր գնահատեցին այն աշխատանքը, որ կատարում ենք հետազոտականի շրջանակում։
Նոյեմբեր ամսին ունեցանք 4 սովորողի պաշտպանություն։ Լավ է, որ սովորողներն իրենք են թեմա առաջարկում, ուզում են աշխատանքն իրենց հետաքրքրությունների շրջանակում լինի։ Սրանով մենք աշխատանքների նոր որակ կունենանք։
Վատ է, որ ոչ բոլոր սովորողների մոտ կարող ենք այս պահին ընթացքին հետևել: Դա էլ դասավանդողի աշխատանքի ոճն է:
Հետազոտական աշխատանքներ և նախագիծ իրականացնելիս, սովորողների մոտ ապահովվում են ՀՊՉ հետևյալ վերջնարդյունքները՝
- Մ10) բացատրում է տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնում է տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցում է դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար,
- Մ11) առաջադրում է հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորում և իրականացնում է հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծում է ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարում է վերացարկումներ և ընդհանրացումներ,
- Մ12) կիրառում է համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար,
- Մ14) ճանաչում և պահպանում է ակադեմիական ազնվություն՝ տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,
- Մ29) ուրիշների հետ համագործակցելով ՝ ինքնուրույն մշակում և իրականացնում է նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով։
Ռազմամարզական ճամբար
Ուսումնական պլանի թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկը ռազմամարզական ճամբարի կազմակերպումն է։
2023-24 ուսումնական տարվա առաջին շրջանում կազմակերպվել է 9-րդ դասարանների արտագնա 6 հերթափոխ։ Նախագծերին և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ օրացույցում։
Արտագնա փուլին զուգահեռ կազմակերպվել է նաև երևանյան փուլը։ Ն զորամասի հրամանատար Վահե Խաչատրյանի հրամանատարությամբ 9-11-րդ դասարանների բոլոր սովորողներն անցել են երևանյան ռազմամարզական պարապմունքներ։
2022-23 ուսումնական տարվա ռազմամարզական ճամբարի ցուցանիշներն ու արդյունքները նոր ուսումնական տարվա համար լավ նշաձող էին, ինչը պահել ենք նոր ուսումնական տարում, ավելին՝ զարգացրել։
Առաջին անգամ սովորող սովորեցնող նախագծով ռազմամարզական ճամբարի հրամանատարությունը ստանձնել են 12-րդ դասարանի սովորողները։ Ծառայության պատմությունը կարող եք կարդալ Տիգրան Ղամբարյանի բլոգում։
Կարևորելով ռազմամարզական ճամբարները և դրանց զարգացումը՝ Աշնանային հավաքին կլոր սեղանի ձևաչափով ներկայացվեցին կազմակերպմանն ուղղված աշխատանքները, պատմությունը, դժվարությունները:
Պետք է փաստեմ, որ սովորողները սիրում են ռազմամարզական երևանյան պարապմունքները և արդեն պատրաստված` մասնակցում են եռօրյա, քառօրյա բանակումներին:
Եթե բերենք ՀՊՉ վերջնարդյունքների, ապա կարող ենք ասել, որ
- Մ 44) կարող են բացատրել ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվել իրենց նախընտրած ձևով,
- Մ 45) տիրապետում են զինվորական պատրաստվածության հիմունքներին և կարող են ցուցաբերել առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության։
Ուսումնական պլանով որոշված ընդհանուր պարապմունք
Կրթահամալիրում առավոտը սկսվում է 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքով։ Մայր դպրոցում ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է Մարմարյա սրահում։ Պարապմունքի կազմակերպման հարցում նախորդ ուսումնական տարում ունեինք խնդիրներ, դժվարությամբ էինք սովորողներին բերում սրահ։ Բովանդակությունն ու կազմակերպումն ամբողջությամբ իրականացնում էր ծեսերի կենտրոնը: Տարբեր փորձարկումներից հետո` 2023-24 ուսումնական տարում պարապմունքի կազմակերպումը կրկին հանձնեցինք դասավանդողների և սովորողների նախագծային խմբերին և ունեցանք հաջողություն։ Հարթակ են գալիս նոր սովորողներ, նոր կատարումներ, և պահվում է միասնության ուժը։
Առավոտյան ընդհանուր պարապմունքներից մեկն էլ ուրբաթօրյա ժամերգությունն է Սուրբ Երրորդություն եկեղեցում։
Առաջին ուսումնական շրջանում Ավագ դպրոցը երկու ժամերգության պատասխանատու է եղել: Արվեստ դասընթացի մի բաղադրիչ է նաև շարականների և հոգևոր երգերի ուսուցումը, որը ներկայացվում է ժամերգության ժամանակ։ Կարևորում եմ, որ այդ օրերին ողջ ավագ դպրոցը մասնակցի։ Պակաս կարևոր չէր նաև դասավանդողների ժամերգությունը: Այս նախագծի մեջ ոգի կա, սեր ու համերաշխություն:
Ընդհանուր պարապմունքների և ժամերգությունների ծրագիրը կարող եք տեսնել ուսումնական առաջին շրջանի աշխատակարգում։
Կարող եք նաև դիտել ժամերգության լուսաբանումներից ՝ 1, 2։
Ուրբաթ-համերգը որպես արվեստ դասընթացի հանրային ներկայացման հարթակ
Ուրբաթ համերգին մասնակցում է ողջ Ավագ դպրոցը, ու դա է հենց ոգևորողը։ Սովորողները սիրում են համերգի պատրաստությունն ու բուն տոնախմբությունը։
2023-24 ուսումնական տարվա առաջին շրջանում, ըստ ծեսերի կենտրոնի օրացույցի, Ավագ դպրոցի ուրբաթ-համերգը դեկտեմբերի 8-ին էր։ Համերգի աշխատանքային մասի վերլուծությունը կարող եք կարդալ երաժիշտ Մելինե Փարամազյանի բլոգում։
Ուրբաթ-համերգի պատրաստությունը հեշտ բան չէ: Մարմարյա սրահը միապաղաղություն չի սիրում, այս սրահին բնորոշ է տոնը, ուրախությունը: Իսկ դա ունենալու համար պետք է ամեն մանրուք հաշվի առնել` հագուստից մինչև միկրոֆոն:
Վարժարանին բնորոշ համերգը վայելելու և լուսանկարները նայելու համար պետք է անցնել հղումով (լուսաբանման պատասխանատուն Ավագ դպրոցի սովորողներն էին):
Այսպիսով կարող ենք ասել, որ սովորողների մոտ ձևավորվել է ՀՊՉ ներքոնշյալ վերջնարդյունքները՝
- Մ 39) դրսևորում են հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերում են մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում։
Ճամփորդությամբ ուսուցում
Ավագ դպրոցում ստեղծված ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 1-ը նորեկ սեբաստացիները սկսում են Արագած լեռան նվաճումով։ Այս տարի գագաթի նվաճմանը մասնակցում էին «Մուտք Ավագ դպրոց» ճամբարն անցած շուրջ 50 նոր սեբաստացի սովորողներ։ Նախագծի համակարգումը՝ Վարդան Կարապետյանի։
Անկախության տոնը բարձունքին նախագիծը երկրում տիրող իրավիճակի պատճառով, չկարողացանք ողջ հմայքով իրագործել։ Ներկայացված նախագծերից ի կատար ածվեցին՝
Կրթական փոխանակումների իրական գործունեություն է Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի համակարգած Դեպի Թալին-Աշնակ և Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Կոթի-Կողբ-Բերդավան բնակավայրերում ճամփորդությունները։ Ճամփորդությունների ընթացքում ստեղծված կապերը ամրապնդվել են Երևանում՝ ծիսական հարիսայով և Սեբաստացի գինով։
2021 թվականի աշխարհաքաղաքական դեպքերից հետո Ջերմուկը դուրս էր եկել կրթահամալիրային երթուղիների ցանկից, ուրախ եմ, որ սովորողների նախագծային խմբի նախաձեռնությամբ այդ երթուղին վերականգնվեց։
Ճամփորդությամբ ուսուցման ընթացքում գրանցում ենք ՀՊՉ հետևյալ վերջնարդյունքները՝
- Մ18) վերլուծում են Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքում են դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
- Մ29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն՝ մշակում և իրականացնում են նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով,
- Մ41) կարևորում է իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերում է պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։
Ստեղծագործական հավաքները հետազոտական վարժարանում
Աշնանային ստեղծագործական հավաքն Ավագ դպրոցում նշանավորվեց բաց պարապմունքներով, օտարալեզու պարապմունքներ հրավիրյալ մասնագետի հետ նախագծով։
Այս հավաքի շրջանակում էր ԲՏՃՄ բնագավառի ներկայացումը, որին ներկայացան Հերմինե Անտոնյանը, Գոհար Իսկանդարյանը, Վեներա Խառատյանն ու Անուշ Ասատրյանը իրենց սովորողների նախագծային խմբերով։
Հավաքի օրերին մեկնարկեցին երկարաժամկետ նախագծեր, իսկ կլոր սեղանների ժամանակ ներկայացվեցին ուսումնական պլանով որոշված բաղադրիչներից հետազոտական աշխատանքներն ու ռազմամարզական ճամբարները:
Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն ստուգատեսը կարևոր բաղկացուցիչ է կրթահամալիրի ուսումնական օրացույցում։ Հետազոտական վարժարանի սեբաստացիական օրերի օրացույցն էլ էր բավականին խիտ։
Սիրադեղյանական քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, բաց պարապմունքներ։ Գալշոյանական ընթերցումներ ու ճամփորդություններ: Կրթահամալիրի տոնին նվիրված նախագծեր: Այս ամենի արդյունքում սովորողները կարդում են, վերլուծում, հայտնում են կարծիք ու դիրքորոշում, ձևավորվում է քաղաքացիական աշխարահայցք։
Սեբաստացու օրերը նշանավորվում են նաև «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնությամբ:
Առաջնությանը մասնակցում է նաև Ավագ դպրոցի բասկետբոլի թիմը։ Այստեղ աշխատելու տեղ ունենք․ թիմ ներկայանալու, թիմի համար խաղալու և հաղթելու գաղափարի ձևավորման կարիք կա:
Էլ ի՜նչ տոն, առանց մրցանակների։ Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները Սեբաստացու օրերին տրվող ամենամյա մրցանակակիր են՝
- Վանո Սիրադեղյան՝ Արի Ակոբ
- Մխիթար Սեբաստացի՝ Մարիա Տիշաքճէան
- Ռուդիկ Հարոյան՝ Մարգար Ներսեսյան։
Շնորհավորում եմ սովորողներին, ուրախ եմ, որ կրթահամալիրում կա այսպիսի հնարավորություն՝ արածը ներկայացնելու և դրա համար խրախուսվելու։
Մտահոգիչն ինձ համար
Ուսումնական շրջանի ընթացքում իրականացվել է բավականաչափ աշխատանք, բայց դասավանդողներն իրենց հաշվետվություններում դա չեն արտացոլել, ուղղակի հղումներ են հավաքել։
Ենթակայքը ուսումնական շրջանի ընթացքում եղել է համեմատաբար պասիվ, այստեղ ունենք աշխատելու տեղ։ Միգուցե սա նոր կայքի ֆենոմենն է, չգիտեմ: Համենայն դեպս նախկինում սովորողներին ճանաչում էինք նաև ենթակայքից, իրենց կատարած հրապարակումներից։
Ճամփորդական նախագծերի սակավությունն է մտահոգիչ։ Կրթահամալիրի սովորողները սիրում են ճամփորդել, այդ բաղադրիչը շատ կարևոր է, և պետք է մասնախմբերը առարկայական ծրագրերում ճամփորդությունների ցանկ ֆիքսեն, որոնք պետք է իրականացվեն տարվա ընթացքում։ Նաև մշակվեն ուղեցույցներ, որոնք կօգնեն ավելի հեշտ ճամփորդել:
Ինչն եմ համարում հաջողություն
Կրթահամալիրի Ավագ դպրոցում գործող ընդունելության կարգը` «Մուտք » ճամբարով բավականին լուրջ և կայացած գործընթաց է։ Ճամբարի կազմակերպիչ դասավանդողները ամենայն պատասխանատվությամբ են մոտենում նախագծին, որի արդյունքում կրթահամալիրի Ավագ դպրոցն ընտրած սովորողը կարողանում է ծանոթանալ միջավայրին, նախագծային-բլոգային ուսուցմանը, ճամփորդել և կազմել անհատական պլան։
Դասավանդողների ծրագրերը թարմացված են և համապատասխանում են Հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին։
Կրեդիտավարկանիշային համակարգով գնահատման փորձարկումն եմ հաջողված համարում: Այն բավականին օբեկտիվ գնահատման ձև է, ինչի արդյունքում ունենք բացակաների քանակի նվազում։
Արցախից տեղահանված ընտանիքների սովորողների համար «Մուտք կրթահամալիր» նախագիծն էլ է հաջողության շարքից: Նախագծի շնորհիվ սովորողներն իրենք ընտրեցին կրթական ծրագիրը:
«Մխիթար Սեբաստացին և Մխիթարյանները» դասընթացի ծրագրի ներկայացումը։ Այս թեման քննարկվել էր, խոսվել էր դասընթաց սկսելու մասին, բայց գործի գլուխ կանգնող չէր եղել: 2023-24 ուսումնական տարում, շնորհիվ Աշոտ Տիգրանյանի, Նունե Մովսիսյանի և Հրայր Խաչատրյանի դասընթացի, ծրագիրը դարձավ իրականություն, և հունվարյան ճամբարին այն կփորձարկվի։
Ընդհանուր առմամբ առաջին ուսումնական շրջանի ամփոփումը դրական եմ գնահատում:
Մարդկանց անտարբերությունը, եթե փոխարինվի սրտացավության, իսկ խոսքը` գործի, մենք իսկապես թռիչքաձև զարգացում կգրանցենք: