Ինչպես կարող ենք սովորել իրացնել մեր ներուժը
Երեխայի հոգեկան աշխարհը ձևավորվում է ամեն օր մեր խոսքերի, վերաբերմունքի և փոքրիկ քայլերի միջոցով։ Ժպիտը, խրախուսանքը կամ աջակցող խոսքը հիմք են դառնում այն անձնային որակների համար, որոնք ուղեկցելու են նրան ողջ կյանքում։ Երբ մենք երեխաների մեջ սերմանում ենք ինքնավստահություն, լավատեսություն և «աճող մտածողություն», օգնում ենք նրանց հաղթահարել կյանքի ընթացքում հանդիպող դժվարությունները։ Այս որակները տալիս են կայունություն, սոցիալական անհրաժեշտ ճկունություն, հարմարվողականություն (դրական առումով) և ներքին ուժ՝ բացահայտելու սեփական կարողությունները։ Ժամանակակից հոգեբանական հետազոտությունները (Seligman, 2006։ Dweck, 2006) վկայում են, որ նման դաստիարակությունը կանխում է անօգնականության զգացումը, բարձրացնում է մոտիվացիան և նպաստում հաջողությանը կյանքի տարբեր ոլորտներում:
Մարտին Սելիգմանի «The Optimistic Child» գրքում և Քերոլ Դուեկի «Mindset» աշխատությունում ներկայացված հայեցակարգերը շեշտադրում են, որ ինքնավստահությունը, լավատեսությունը և «աճող մտածելակերպը» սովորեցնելով՝ ծնողները և մանկավարժները կարող են «օգնել» երեխաներին։ Ստորև կուսումնասիրենք այս հասկացությունների դերը երեխայի հոգեբանական զարգացման մեջ և կներկայացնենք գործնական քայլեր, օրինակներ ու վարժություններ դրանց կիրառման համար։
Ինքնավստահություն և լավատեսություն՝ որպես հոգեբանական կայունության հիմքեր
Ինքնավստահությունը ձևավորվում է մանկության առաջին սոցիալական փորձառությունների ընթացքում։ Երբ մեծահասակները գնահատում են ոչ թե վերջնական արդյունքը, այլ ջանքերը, երեխայի մոտ զարգանում է առողջ ինքնագնահատական և պատրաստակամություն փորձելու նոր բաներ (Bandura, 1997)։
Լավատեսությունը երեխայի հոգեկան առողջության կարևոր ճյուղերից է։ Մ. Սելիգմանի հետազոտություններն ապացուցել են, որ լավատես մտածելակերպ ունեցող երեխաները շատ ավելի պաշտպանված են դեպրեսիայի զարգացման ռիսկից, քան բացասական մոտեցում ունեցող հասակակիցները։ Լավատեսությունը կարելի է դիտարկել որպես սովորելի հմտություն, այսինքն՝ նույնիսկ բնույթով ավելի կասկածամիտ կամ նահանջող երեխան կարող է սովորել իրադարձությունները վերաիմաստավորել դրական լույսի ներքո։ Լավատես երեխաները դժվարություններին բախվելիս հակված են որոնելու լուծումներ և հավատալու, որ անհաջողությունը ժամանակավոր է ու հաղթահարելի, մինչդեռ չափազանց բացասական մոտեցում ունեցող երեխաները հաճախ համարում են անհաջողությունն անփոփոխ ու անձնական անճարակության ցուցանիշ։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ միևնույն քննությունից ձախողված երեխաներից հոռետեսն ասում է․ «Ես քննությունը չհանձնեցի, քանի որ անընդունակ եմ, ես իսկական անհաջողակ եմ», ինչը մշտական, ընդհանրացնող և ինքնին ուղղված բացատրություն է։ Իսկ լավատեսը մտածում է․ «Այս քննությանը չհաջողեցի, որովհետև բավական գիտելիք չունեի. հաջորդ անգամ ավելի շատ կպատրաստվեմ», նա դժվարությունը դիտարկում է որպես ժամանակավոր և կոնկրետ իրավիճակով պայմանավորված, և իր անձը դրանից չի արժեզրկվում։ Հոգեբանության մեջ այս մոտեցումները հայտնի են որպես բացատրական ոճ (explanatory style), և դրանք կանխատեսում են երեխայի հուզական արձագանքները դժվարություններին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհը մշտապես սև գույներով տեսնելու և անհաջողությունները անձնավորելու հակում ունեցող երեխաները ավելի հակված են ընկճվածության, ինքնազգացողության անկման և ուսումնական առումով հետ մնալու։ Ընդհակառակը, կյանքին լավատես հայացքով նայող երեխաներն իրենց անհաջողությունները չեն դիտարկում որպես սեփական անարժեքության ապացույց և պահպանում են առողջ ինքնագնահատական նույնիսկ դժվարությունների պարագայում։
Ինքնավստահությունն ու ինքնագնահատականը սերտորեն առնչվում են լավատեսությանը։ Սելիգմանն իր գրքում ընդգծում է, որ ինքնավստահությունը չի կարելի կառուցել երեխային կեղծ գովասանքով «պիտակավորելով»։ Կյանքում իրական կարողության զգացումը ձևավորվում է փորձություններով, երբ երեխան սովորում է հանդուրժել առանձին անհաջողությունների ցավը և նորից փորձել այնքան ժամանակ, մինչև հաջողվի հասնել նպատակին: «Երեխան իրական հաջողության զգացողություն ունենալու համար պետք է ժամանակ առ ժամանակ փորձի նաև ձախողում, ապրի դրա առաջացրած տխրությունը և կրկին փորձի, մինչև կհաջողի։ Այս ճանապարհի որևէ քայլ շրջանցել հնարավոր չէ», — նշում է Մարտին Սելիգմանը։ Այսպիսով, իրական ինքնավստահությունը զարգանում է, երբ երեխան տեսնում է, որ ի վիճակի է հաղթահարել դժվարությունը սեփական ջանքերով. յուրաքանչյուր հաղթահարված փորձություն բարձրացնում է նրա վստահությունը իր ուժերի նկատմամբ։ Ավելին՝ պոզիտիվ հոգեբանության մասնագետները գտնում են, որ երեխայի ուժեղ կողմերի զարգացումը և ձեռքբերումները նկատելն ամրապնդում են նրա ինքնագնահատականը և հոգեկան բարեկեցությունը։ Երբ երեխան իրեն գնահատված է զգում իր ունակությունների համար և հնարավորություն ունի կիրառել ու ցուցադրել իր ուժեղ կողմերը, նրա մոտիվացիան և հոգեբանական կայունությունը աճում են։ Հետևաբար, ինքնավստահության ձևավորումը պետք է հիմնվի իրական ուղղություններով (օրինակ՝ նոր հմտության յուրացում, դժվար առաջադրանքի հաղթահարում), այլ ոչ թե միայն դատարկ գովասանքի, այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
Լավատեսական և ինքնավստահության համադրված աճը ստեղծում է հոգեբանական «շապիկ», որը պաշտպանում է երեխային ապագա սթրեսներից։ Սելիգմանի մշակած «Լավատես երեխան» ծրագրի շրջանակում պարզվել է, որ երբ երեխաներին ուսուցանվում են լավատեսաբար մտածելու հմտություններ (օրինակ՝ բացասական մտքերի ճանաչում , իրադարձությունների բացատրության ավելի առողջ ձևեր), երկարաժամկետ հեռանկարում նրանց մոտ նվազում են դեպրեսիվ լարվածության երևույթները։ Այս մեթոդը փաստորեն ծառայում է որպես պրոֆիլակտիկ միջոց՝ «պատվաստելով» երեխայի հոգին հոռետեսության և անօգնականության դեմ։
Աճող մտածողություն (Growth Mindset) և հոգեբանական տոկունություն
Մանկավարժական հոգեբանության մեջ Քերոլ Դուեկի ներդրած առանցքային գաղափարներից է մտածողության տեսակը։ Դուեկը հայտնաբերել է, որ երեխաները (և մեծահասակները) կարող են ունենալ երկու հակադիր մտածելակերպ՝ ֆիքսված մտածելակերպ և աճող մտածելակերպ։ Ֆիքսված մտածողությամբ անձինք հավատացած են, որ իրենց ինտելեկտը, տաղանդը և ունակությունները հաստատուն մեծություններ են․ «յուրաքանչյուրն ունի որոշակի չափով տաղանդ և վերջ» սա է մոտեցումը։ Այսպիսի երեխայի համար ամեն անհաջողություն կարող է ընկալվել որպես սեփական սահմանափակ կարողությունների ապացույց, քանի որ նա մտածում է, թե ունակությունները կամ ունես, կամ չունես։ Աճող մտածողություն ունեցող երեխան, հակառակը, համարում է, որ իր խելքը և հմտությունները կարելի է զարգացնել ժամանակի ընթացքում ջանքերի, արդյունավետ ռազմավարությունների և ուսման միջոցով։ Նա գիտի, որ անգամ եթե հիմա ինչ-որ բան չի կարողանում, ապա «դեռ» չի կարողանում, և կարող է հաջողել՝ փորձելով նոր ձևերով կամ ավելի շատ աշխատելով։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ աճող մտածելակերպով երեխաները դժվարություններին վերաբերում են ավելի տոկուն և ստեղծարար ձևով, քան ֆիքսված մտածելակերպով երեխաները։ Դուեկի կատարած փորձերից մեկում դպրոցականներին խնդրել են պատկերացնել, որ նոր առարկայից առաջին քննությանը վատ գնահատական են ստացել։ Աճող մտածողությամբ սովորողները այս իրավիճակում ասել են․ «Գուցե բավարար չսովորեցի կամ ճիշտ ձևով չարտահայտվեցի, հաջորդ անգամ պետք է փոխեմ մոտեցումս և ավելի լավ պատրաստվեմ» ։ Նրանց մեկնաբանություններն ու գործողություններն ընդգծել են ջանքի և ռազմավարության դերը, այսինքն լուծումը տեսել են ավելի շատ սովորելու, ուսուցչից օգնություն խնդրելու կամ նոր մոտեցում փորձելու մեջ։ Ընդհակառակը, ֆիքսված մտածողությամբ աշակերտների մեծ մասը արձագանքել է հուսահատությամբ․ «Ես երևի բավական խելացի չեմ» կամ «Ես ուղղակի այս առարկան չեմ կարողանում սովորել» մտածելակերպով։ Նման մոտեցումը բերում է հրաժարման, օրինակ՝ ֆիքսված մտածողությամբ երեխան կարող է որոշել այլևս տվյալ առարկան չսովորել կամ նվազ ջանք ներդնել, նույնիսկ եթե ինքը նյութը սիրում էր։ Այս տարբերությունը հսկայական ազդեցություն ունի երկարաժամկետ զարգացման վրա. աճող մտածողությամբ երեխան շարունակաբար փորձելու և սովորելու մոտիվացիա ունի, իսկ ֆիքսված մտածողությամբ երեխան հեշտությամբ կորցնում է հավատը իր նկատմամբ և խուսափում նոր մարտահրավերներից։
Ք. Դուեկի առանձին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մտածողության տեսակը ձևավորում է նաև երեխայի վերաբերմունքը ջանքի և ձեռքբերումների հանդեպ։ Աճող մտածողությամբ երեխաները հավատում են, որ ջանքը բարելավում է կարողությունները, և հասկանում են, որ մեծ հաղթանակների հետևում տարիների աշխատանք ու համառություն է կանգնած։ Ֆիքսված մտածելակերպով երեխաներն, սակայն, ջանքը հաճախ համարում են բացասական գործունեություն՝ կարծելով, թե «եթե ունակ եմ, պետք է առանց ջանքի հասնեմ, իսկ եթե դժվարանում եմ, ուրեմն ընդունակ չեմ» ։ Այս վնասակար համոզմունքը բերում է նրան, որ երեխաները սկսել են խուսափել ջանք պահանջող իրավիճակներից, որպեսզի հիմար կամ անհաջող չերևան շրջապատի աչքում: Իրականում, ինչպես ցույց են տալիս Դուեկի փորձերը, այսպիսի մոտիվացիոն կարգավորումները լուրջ հետևանքներ ունեն, օրինակ՝ չնչին դժվարության հանդիպելուն պես ֆիքսված մտածողությամբ երեխան կարող է կտրուկ կորցնել հետաքրքրությունը այդ գործունեության նկատմամբ և նույնիսկ դիմել անազնիվ միջոցների (օրինակ՝ խաբել իր գնահատականի մասին), միայն թե վատ տպավորություն չթողնի։ Աճող մտածողությամբ երեխաներն, ընդհակառակը, պահպանում են հետաքրքրությունն ու հաճույքը սովորելուց անգամ երբ խնդիրներն բարդանում են, քանի որ նրանք ուշադրությունը դարձնում են զարգացմանը, այլ ոչ միայն արդյունքին։
Դյուեկի դասական փորձերից մեկում երեխաներին բաժանել էին խմբերի և մի մասին հաջող արդյունքի համար գովում էին որպես «շատ խելացի», մյուսներին՝ իրենց ջանքերի համար («ինչ լավ էիր աշխատում այս առաջադրանքը լուծելու ընթացքում)։ Արդյունքում, «խելացի» պիտակավորված երեխաների մեծ մասը հետագա ընտրության դեպքում նախընտրել է ավելի հեշտ առաջադրանքներ, որպեսզի կրկին հաջողվի և խելացի երևա, այսինքն խուսափել է ռիսկից, մարտահրավերից: Իսկ ջանքի համար գովված երեխաների մեծ մասը նախընտրել է ավելի բարդ առաջադրանքներ՝ նոր բան սովորելու հնարավորություն ունենալու համար և չեն անհանգստացել, որ կարող են սխալվել։ Նրանց մոտիվացիան բարձր է մնացել, նույնիսկ բախվելով դժվար խնդիրների՝ նրանք փորձել են նոր ռազմավարություններ, պահել են հաստատակամությունը, և վերջում տեղեկացրել, որ բարդ խնդիրները նույնիսկ ավելի հետաքրքիր էին իրենց համար։ Հետաքրքիրն այն է, որ հետագայում ջանքի համար գովված երեխաները ցուցաբերել են նշանակալի առաջադիմություն իրենց գնահատականներում, իսկ «ինտելեկտի համար» գովվածների արդյունքները ընկել են։ Այս ամենը փաստում է, որ աճող մտածելակերպի խթանումը երեխայի մեջ բերում է նրա ակադեմիական և հոգեբանական առաջընթացին՝ մեծացնելով տոկունությունը անհաջողությունների դեմ։ Կան նույնիսկ տվյալներ, որ աճող մտածելակերպ ունեցող դեռահասներն ու երիտասարդները ավելի քիչ են տառապում հոգեկան առողջության խնդիրներով, օրինակ՝ 2022 թ. Չինաստանում 2500 ուսանողների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ աճող մտածելակերպ ունեցողները զգալիորեն ավելի ցածր էին գնահատում դեպրեսիվ նշանները և կյանքի ընթացքում հանդիպող անհաջողությունները, քան ֆիքսված մտածելակերպ ունեցողները։ Հեղինակները նշում են, որ աճող մտածելակերպը օգնում է անձին զարգացնել առողջ մեխանիզմներ անհանգստության, հիասթափության և ձախողումների հանդեպ, ինչը նպաստում է հոգեբանական տոկունությանը։
Գործնական խորհուրդներ ծնողներին և մանկավարժներին
Վերը նշված գիտական տեղեկությունները կիրառելն առօրյա դաստիարակությունում պահանջում է հետևողականություն և ճիշտ մոտեցումներ։ Ստորև ներկայացվում են մի շարք գործնական խորհուրդներ, որոնք ծնողները և մանկավարժները կարող են օգտագործել երեխաների հետ աշխատելիս՝ ամրապնդելու նրանց ինքնավստահությունը, ներշնչելու լավատեսություն և ձևավորելու աճող մտածողություն.
- Գովաբանե՛ք ջանքը և առաջընթացը, ոչ թե բնատուր կարողությունը։ Խուսափե՛ք երեխային մշտապես «խելացի», «տաղանդավոր» պիտակավորելուց միայն բնական տվյալների համար։ Փոխարենը, կենտրոնացե՛ք պրոցեսի գովասանքի վրա՝ նշելով, թե որքան է նա աշխատել, ինչ ռազմավարություններ է կիրառել և ինչ առաջընթաց է գրանցել։ Օրինակ՝ դպրոցի առաջադրանքից հետո կարող եք ասել. «Դու մեծ ջանք ես ներդրել և հետաքրքիր մեթոդով մոտեցար այս խնդիրներին»՝ ի տարբերություն «Դու այնքան խելացի ես» արտահայտությանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտելեկտի համար գովված երեխաները հակված են կարծրանալ իրենց կարողությունների գաղափարի մեջ և խուսափել հետագայում դժվարություններից, մինչդեռ ջանքի համար գովասանքը երեխային մղում է փորձել ավելի բարդ խնդիրներ և ուսանել սեփական սխալներից։ Այս ձևով երեխան սովորում է, որ հաջողության ճանապարհը ջանքն է, իսկ անհաջողությունը նշան է, որ ավելի շատ ջանք պետք է ներդնի աճելու, զարգանալու, նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերելու համար։
- Սովորեցրե՛ք երեխային իր անհաջողություններն առողջ կերպով վերլուծել։ Երբ երեխան բախվում է ձախողման (թեկուզ՝ վատ գնահատական, մրցույթում պարտվելը կամ սոցիալական միջավայրում դժվարություններին առնչվելը), հնարավորությունը օգտագործեք նրա հետ մտավոր վարժության համար։ Հարցրեք, թե ինչ է նա մտածում այդ իրադարձության մասին և ինչպես է զգում իրեն։ Եթե նրա խոսքում զգում եք հուսահատ հանրագումարային եզրակացություններ (ինչպես «Ես ամեն ինչում վատն եմ» կամ «Ես երբեք չեմ հաղթի»), նրբորեն ուղղեք դա։ Օգնեք երեխային հասկանալ, որ ցանկացած անհաջողություն ունի պատճառներ, որոնք սովորաբար ժամանակավոր են և հաղթահարելի։ Հիշեցրե՛ք նրա նախկին դեպքերը, երբ ինչ-որ բան չէր ստացվել սկզբում, բայց հետո իր ջանքերով կարողացել է հաջողել։ Կարևոր է երեխաներին սովորեցնել վերախմբագրել ներհայացքները՝ վերաձևակերպելով «Ես չեմ կարող դա անել» միտքը դեպի «Ես կփորձեմ ևս մեկ անգամ» մտածելակերպի։ Օրինակ, եթե երեխան ասում է «Ես սա չեմ կարող անել», դուք կարող եք պատասխանել. «Դու սա դեռ չես կարողանում անել, գուցե պետք է ուրիշ ձև փորձել կամ ավելի շատ պարապել»։ Այսպիսի բառապաշարի փոփոխությունը սովորեցնում է երեխային իր բացասական մտքերին մոտենալ քննադատաբար և փնտրել այլընտրանքային, ավելի լավատես բացատրություններ՝ փոխարենը սեփական անձի վրա հարձակվելու։
- Ցուցաբերե՛ք սեփական օրինակով աճող մտածողություն և լավատեսություն։ Երեխաները հաճախ կրկնօրինակում են մեծերի վարքագիծը, ուստի ծնողների և ուսուցիչների դերը այստեղ վճռորոշ է։ Փորձեք ինքներդ ձեզ «բռնացնել» այն իրավիճակներում, երբ դժվարություն եք ունեցել կամ սխալ եք թույլ տվել, և ցույց տվեք երեխային, թե ինչպես եք դրան արձագանքում առողջ կերպով։ Օրինակ՝ եթե աշխատանքային որևէ ծրագրում սխալ եք թույլ տալիս, կարող եք բարձրաձայնել. «Լավ, սա այս անգամ չստացվեց, բայց ես կսովորեմ ինչպես ուղղել և նորից կփորձեմ»։ Կամ երբ հուզված եք որևէ իրադարձությունից, բարձրաձայնեք. «Ես հիմա վշտացած եմ, ուստի մի փոքր շունչ կքաշեմ, հետո կմտածեմ, ինչ կարելի է անել»։ Այս կերպ երեխաները կտեսնեն, որ զգացմունքները կառավարելի են, իսկ խնդիրները՝ լուծելի։ Երբ մեծահասակը իր անձնական օրինակով ցուցադրում է, որ չգիտի ինչ-որ բան դեռ, բայց ցանկանում է սովորել, կամ ընդունում է իր սխալը և փնտրում է լուծում, երեխան ստանում է հզոր հաղորդագրություն աճող մտածողության մասին։ Նա սովորում է, որ սխալվելը ողբերգություն չէ, այլ զարգացման մաս, և որ նույնիսկ ծնողները/ուսուցիչները շարունակում են սովորել ամբողջ կյանքի ընթացքում։
- Ուշադրություն դարձրեք երեխայի ուժեղ կողմերին և հետաքրքրություններին։
Ինքնավստահ ու հոգեբանորեն դիմացկուն լինելու համար երեխան պետք է իմանա, որ ունի արժեքավոր որակներ և հմտություններ։ Խրախուսեք նրան զբաղվել իրեն հետաքրքրող ոլորտներով, նշեք նրա հաջողությունները այդ գործում։ Օրինակ, եթե երեխային շատ է հետաքրքրում նկարել, տրամադրեք ժամանակ և միջոցներ՝ զարգացնելու այդ հմտությունը, և գովեք ոչ միայն արդյունքը, այլև նրա ներգրավվածությունը գործընթացում։ Ուժեղ կողմերի վրա կենտրոնացումը բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը և ներքին մոտիվացիան։ Երեխան զգում է, որ իր կարողությունները նկատվում և գնահատվում են, և դա խթանում է նրան ավելի վստահ լինել նոր իրավիճակների հանդեպ։ Իհարկե, կարևոր է նաև հավասարակշռությունը՝ երեխան պետք է հնարավորություն ունենա զարգացնելու ինչպես իր ուժեղ կողմերը, այնպես էլ տեսնել թույլ կողմերը՝ առանց խիստ քննադատության ենթարկվելու։ - Ստեղծե՛ք աջակցող և ապահով միջավայր։ Երեխայի հոգեկան կայունության ձևավորման համար մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի սոցիալական և հուզական միջավայրում է նա մեծանում։ Փորձեք տունը և դասարանը դարձնել վայրեր, որտեղ սխալվելը աղետ չէ, այլ սովորելու հնարավորություն։ Երբ երեխան սխալ է գործում կամ անհաջողություն է ունենում, զերծ մնացեք նրան պիտակավորելուց կամ կոշտ քննադատությունից։ Փոխարենը, քննարկեք, թե ինչ կարող է հետևել այդ իրավիճակից։ Ստեղծեք ընտանիքում կամ դասարանում բաց զրույցի մշակույթ, որտեղ երեխաները կարող են կիսվել իրենց զգացմունքներով։ Կարեկցանքը և աջակցությունը կարևոր են. օրինակ, եթե երեխան հիասթափված է կամ տխուր, լսեք նրան ուշադրությամբ և հաստատեք նրա զգացմունքները («Ես հասկանում եմ, որ դու հիմա հիասթափված ես, դա նորմալ է»), ապա փորձեք գտնել դրական երևույթներ կամ անելիքներ ապագայի համար։ Երբ երեխան գիտի, որ ունի հենարան ծնողների, ուսուցիչների և ընկերների տեսքով, նա ավելի հանգիստ է արձագանքում սթրեսին և ավելի համարձակ է ընդունում նոր փորձությունները։
Օրինակներ իրական կյանքից
Վերը նշված սկզբունքները հաստատվում են ինչպես գիտական փաստերով, այնպես էլ առօրյա օրինակներով։ Քերոլ Դուեկը պատմում է մի խոսուն դեպք, երբ մի հեղինակավոր դպրոցի ավարտական «հանճարներ» համարվող աշակերտները, ովքեր հեշտությամբ ընդունվել էին բարձրակարգ համալսարաններ, առաջին կուրսում անհաջողությունների բախվելիս հայտնվել էին ակադեմիական պրոբլեմների մեջ։ Նրանցից շատերն ընդհուպ հայտնվել էին վտարման եզրին բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Պատճառներից մեկը հենց այն էր, որ այդ երեխաները մեծացել էին բացառապես ֆիքսված մտածելակերպով միջավայրում. նրանք դպրոցական ուսուցման ողջ ընթացքում սովորել էին տեսնել իրենց «ինքնաբուխ խելացի» իմիջով և միշտ հաջողակ լինել, սակայն չէին զարգացրել ձախողման հետ վարվելու հմտություններ։ Համալսարանի ավելի բարդ և անկախ միջավայրում նրանք չգիտեին ինչպես ստանալ կառուցողական քննադատություն, ինչպես ձախողվելու դեպքում վերականգնել մոտիվացիան. ամենատաղանդավոր երեխան կարող է դժվարության հանդիպել նոր միջավայրում։ Կան նաև բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է աճող մտածողության և լավատեսական ներդրումը փոխել երեխաների կյանքը։ Սելիգմանի ծրագրերից մեկում (Փենսիլվանիայի համալսարանի «Դպրոցական կանխարգելիչ ծրագրեր»), որտեղ սովորեցնում էին 10-12 տարեկան երեխաներին ճանաչել և փոխել իրենց բացասական մտածողությունը, մի աշակերտ պատմել է, թե ինչպես է գիշերները սարսափելի մտքեր ունեցել իր սխալների շուրջ և շատ վատ էր զգացել, մինչև որ հիշել է ծրագրում ուսուցանված «Շերլոկ Հոլմսի» հնարքը՝ փնտրել ապացույցներ, հիմնավորումներ իր մտքերի համար։ Նա սկսել է ստուգել իր «Ես սարսափելի վատ երեխա եմ» ոճի մտքերը, և որոնել հակադարձ ապացույցներ՝ հիշելով իր լավ արարքները, դրական հատկությունները։ Արդյունքում նրա մտքերը փոխվել էին, և նա հայտարարեց, որ ինքն իրեն շատ ավելի լավ է զգում այդ մտածողական վարժություններից հետո։ Սա փաստացի ցույց է տալիս, որ եթե երեխաներին զինում ենք կոգնիտիվ գործիքներով (ինչպիսիք են՝ բացասական մտքերի վիճարկումը, այլընտրանքային բացատրությունների գտնելը), նրանք ձեռք են բերում ինքնավստահության զգացում իրադրությունների հանդեպ և այլևս չեն ընկճվում առաջին դժվարությունից։ Նմանատիպ օրինակներ կարելի է բերել նաև ամենօրյա կյանքից, օրինակ՝ եթե դասարանում ուսուցիչը ներդնում է «սխալների քննարկման» սովորություն, որտեղ աշակերտները կիսվում են, թե իրենց մոտ ինչ չի ստացվել և միասին քննարկում են, թե ինչ կարելի է սովորել այդ սխալներից, որոշ ժամանակ անց նկատվում է, որ երեխաները դարձել են ավելի խիզախ նոր առաջադրանքներ կատարելիս և ավելի քիչ են վախենում ձեռնարկված գործերում ձախողվելու հեռանկարից։
Վարժություններ և խաղային մեթոդներ լավատեսական ու ճկուն մտածողության զարգացման համար
Երեխաների մոտ լավատեսական և ճկուն, աճող մտածողության զարգացումը կարելի է խթանել նաև հատուկ վարժությունների և խաղերի միջոցով։ Ստորև ներկայացվում են մի քանի հնարքներ, որոնք կիրառելի են թե՛ ծնողների կողմից տնային պայմաններում, թե՛ մանկավարժների կողմից ուսումնական միջավայրում․
- «Դեռ չէ» խաղը («The Power of Yet»): Ընտանեկան կամ դասարանական առօրյայում ներմուծեք «դեռ» բառի ուժը։ Ամեն անգամ, երբ երեխային ինչ-որ բան չի հաջողվում, շեշտեք, որ դա այս պահի դրությամբ է։ Օրինակ՝ եթե փոքրիկը ասում է «ես չեմ կարող կարդալ այս տեքստը», պատասխանեք. «Դու դեռ չես կարողանում կարդալ այն ամբողջությամբ, բայց ամեն օր սովորելով` շուտով կհաջողվի»։ «Դեռ չէ» ասույթը երեխաներին տալիս է աճող մտածողության լեզու. նրանք սկսում են ընկալել իրենց ունակությունները որպես զարգացող, ոչ թե կայուն ու անփոփոխ։
- Լավատեսական բառապաշարի մարզանք: Երեխաների հետ խաղացեք մի խաղ, որտեղ պետք է վերափոխել բացասական արտահայտությունները դրականներով։ Օրինակ, փոքրիկը ասում է «Ես սա չեմ կարող անել» – դուք առաջարկում եք ասել «Ես կփորձեմ նորից անել» կամ «ես դեռ չեմ կարող, բայց սովորելով՝ կհաջողվի» ։ Եթե երեխան արձագանքում է․ «Ես վատ եմ, օրինակ՝ «տրամաբանությունից»), սովորեցրեք նրան փոխարինել դա այսպիսի մտքով. «Իմ մոտ դեռ դժվար է ստացվում տրամաբանությունը, բայց եթե ավելի շատ վարժանքներ անեմ, կհաջողվի» ։ Կարող եք կազմել ցուցակ հաճախ օգտագործվող բացասական նախադասությունների և նրանց լավատեսական այլընտրանքների և պարբերաբար անդրադառնալ դրան՝ որպես խաղ-վարժություն։ Այս մոտեցումը զարգացնում է երեխայի ինքնախոսի (inner speech) որակը, ստիպելով նրան ուշադրություն դարձնել իր խոսքում ավտոմատ հնչող բացասական մտքերին և դրանց փոխարինումներ գտնել։
- «Երեք լավ բան» և երախտագիտության խաղեր: Օրվա վերջում, օրինակ՝ քնելուց առաջ առաջարկեք երեխային հիշել երեք լավ բան, որ տեղի է ունեցել այդ օրը, կամ երեք բանի համար, որոնց համար նա շնորհակալ է։ Այս վարժությունը կարելի է դարձնել գեղեցիկ ընտանեկան արարողություն, որտեղ յուրաքանչյուր անդամ հերթով կիսվում է օրվա վերաբերյալ իր դրական տպավորություններով։ Հետաքրքրվեք երեխայից՝ ինչու այդ իրադարձություններն ուրախացրին նրան, ինչ զգացումներ ուներ այդ պահին։ Նույնպես կարելի է խաղալ «Շնորհակալության փափուկ խաղալիքը»՝ որը յուրաքանչյուր օր ընտանիքի անդամի մեկից անցնում է մյուսին, և ով ունի խաղալիքը, հայտնում է այդ օրվա իր «շնորհակալությունը» ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար։ Այս խաղերը զարգացնում են լավատեսական տրամադրվածություն՝ երեխային սովորեցնելով կենտրոնանալ կյանքի դրական իրավիճակների, զգացողությունների վրա նույնիսկ դժվար օր ունենալուց հետո, ինչպես նաև զարգացնում են շնորհակալության զգացում, որը ըստ բազմաթիվ հետազոտությունների կապ ունի բարձր ինքնագնահատականի և երջանկության հետ։
- Դերախաղեր և տիկնիկային բեմականացումներ: Երեխաները հաճախ ավելի հեշտ են յուրացնում բարդ հոգեբանական հասկացությունները խաղի միջոցով։ Կարելի է տիկնիկների կամ սիրելի խաղալիքների օգնությամբ բեմադրել փոքրիկ պատմություններ, որտեղ կերպարը կանգնում է դժվարության առաջ և ունի ընտրություն՝ հուսահատվել կամ լուծում փնտրել։ Օրինակ, բեմադրեք, որ արջուկն աշակերտ է և վատ գնահատական է ստացել, սկսեք նրան համար «պատճառներ փնտրել», թե ինչով է վատ այս արդյունքը (օր․՝ «Ես հիմար եմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում»), ապա կանգնեցրեք և երեխային ներգրավեք. հարցրեք, թե ինչպես կարող է արջուկը այլ կերպ մտածել այդ իրավիճակում։ Երեխան կարող է առաջարկել, օրինակ, որ արջուկն ասի. «Միգուցե շատ չսովորեցի, պետք է հետո ընկերոջից օգնություն խնդրեմ» կամ « Երևի պետք է ուսուցիչից խորհուրդ հարցնեմ»։ Կարող եք անգամ երկու տիկնիկ օգտագործել՝ մեկը՝ Լավատես Լուսինեն և մյուսը՝ Նահանջող Նարեկը, և պատմել, թե ինչպես են նրանք տարբեր կերպ արձագանքում նույն դժվարությանը։ Այս դերախաղային տեխնիկան երեխաներին օգնում է կողքից նկատել բացասական և լավատես, դրական մտածելակերպերի տարբերությունը և վարժվել լավատեսական պատասխանների մեջ։ Խաղի ազատ ու անվտանգ միջավայրում երեխան կարող է փորձարկել տարբեր արձագանքներ և հետևանքներ, ինչը հետագայում իրական կյանքում կդյուրացնի նման իրավիճակներում ճիշտ մոտեցումը։
- Խնդիրների լուծման («Փորձիր այլ կերպ») խաղը: Ստեղծե՛ք մի ժամանց, որտեղ ընտանիքով կամ դասարանով հորինում եք մի երևակայական խնդիր կամ բարդ իրավիճակ և հետո մրցում, թե ով ավելի շատ տարբեր լուծումներ կառաջարկի դրա համար։ Կարելի է երեխային ասել. «Պատկերացրու, որ մենք հայտվել ենք մի մոլորակում, որտեղ մեզ հետ բերած ռոբոտը, չի աշխատում. ի՞նչ կանենք»։ Թող երեխան (մեծերը նույնպես) ֆանտազիայի միջոցով առաջարկեն ամենատարբեր լուծումները՝ ամենալուրջից մինչև ամենաբացասական։ Կարևորը որևէ առաջարկ չմերժել, այլ ողջունել ստեղծագործ միտքը։ Այս խաղը երեխային սովորեցնում է, որ միշտ կա մի քանի լուծում նույնիսկ ամենադժվար խնդրի համար, պետք է պարզապես ստեղծագործ մտածել։ Նա տեսնում է, որ եթե առաջին փորձը չի աշխատում, կարելի է փորձել երկրորդը, երրորդը և այլն։ Արդյունքում, իրական դժվարության հանդիպելով, նա ավելի հազվադեպ կզգա փակուղում և կունենա ճկուն մտածողություն։
- ABCDE մեթոդի ուսուցում խաղի ձևով: Մարտին Սելիգմանի առաջարկած ABCDE մոդելը (Adversity – Լարվածություն, Belief – Հավատալիք կամ միտք, Consequence – Հետևանք զգացում/վարք, Disputation – Վիճարկում, Energization – Նորոգում) կարելի է ադապտացնել խաղային վարժություն երեխաների համար։ Օրինակ, կարող եք փոքր պատմություններ հորինել և պատմել երեխային՝ ընդհատելով պատմությունը տարբեր փուլերում։ Սկզբում նկարագրեք մի դժգոհ իրավիճակ A ( օրինակ՝ «Քո լավագույն ընկերը այսօր դպրոցում չխաղաց քեզ հետ») և հարցրեք, թե ինչպես է երեխա-հերոսը վերաբերվում այդ փաստին, ինչպես է արտահայտվում, B՝ «Ի՞նչ կմտածի երեխան, երբ իրեն այլևս ընկեր չեն համարում»)։ Այնուհետև խոսեք, թե այդ մտքից ելնելով՝ ինչ զգացումներ և վարքագիծ կհետևի (C՝ տխրություն, զայրույթ, մեկուսանալ ընկերներից և այլն)։ Հիմա խաղի ամենակարևոր պահը. առաջարկեք երեխային վիճարկել այդ բացասական միտքը (D)՝ տալով այլ հնարավոր բացատրություն։ Օրինակ՝ գուցե ընկերը պարզապես վատ օր էր ունեցել և այն պատճառով չէր խաղացել, ոչ թե նրա համար, որ այլևս չի ուզում իր հետ ընկերություն անել։ Քննարկեք, թե այդ այլ մտքից հետո ինչպե՛ս կփոխվի հերոսի զգացմունքը և վարքագիծը (E)՝ օրինակ՝ նա կարող է հանգստանալ և հաջորդ օրը մոտենալ ընկերոջը՝ պարզելու, թե ինչ է եղել։ Այս եղանակով քայլ առ քայլ խաղի ընթացքում երեխան սովորում է կապ տեսնել իր մտքերի և զգացմունքների միջև և փորձում փոխել առաջին պահին ծագած բացասական մտքերը ավելի հավասարակշռված և դրական մտքերով։ ABCDE մեթոդի խաղային կիրառումը երեխային տալիս է կյանքի գործիք՝ դժվար իրավիճակներում ոչ թե անմիջապես հուսահատվել, այլ կանգ առնել, գնահատել իր մտքերը և տանել նրանց ավելի իրատեսական ու հուսադրող ուղղությամբ։
Վերոնշյալ վարժություններն ու խաղերը օրինակներ են, թե ինչպես կարելի է տեսության ասպարեզից գործնական դաշտ տեղափոխել դրական և աճող մտածողության զարգացումը։ Կարևորն այն է, որ այդ գործընթացը լինի զվարճալի և ոչ կաշկանդող երեխայի համար։ Խաղի մթնոլորտում երեխաները ավելի բաց են նոր գաղափարներ ընդունելու և վարքագիծը ձևափոխելու համար։ Ժամանակի ընթացքում հետևողական կիրառման շնորհիվ այդ խաղային վարժությունները կձևավորեն երեխայի մեջ կայուն հմտություններ, որոնք նա կկիրառի իրական կյանքի դժվարություններին դիմագրավելիս։
Ամփոփելով՝ ինքնավստահության, լավատեսականև աճող մտածողության համապարփակ ձևավորումը երեխայի դաստիարակության գործընթացում բերում է երկարաժամկետ դրական արդյունքների։ Ինքնավստահ ու լավատես երեխային հնարավոր չէ լիովին զերծ պահել կյանքի հարվածներից, բայց նրա մեջ կարելի է ձևավորել մի հոգեբանական իմունիտետ, որի շնորհիվ նա կկարողանա չկոտրվել դժվարություններից, այլ՝ ուսանել դրանցից ու շարունակել աճել։ Այսպիսով, մանկավարժներն ու ծնողները, կիրառելով Սելիգմանի և Դուեկի տեսությունները գործնականում, կարող են էական ներդրում ունենալ հաջողակ, հոգեբանորեն տոկուն և առողջ սերունդ ձևավորելու գործում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ հենց ինքնավստահության, լավատեսության և աճող մտածելակերպի մոտեցման ու ազատ, խաղահեն, աջակցող միջավայրի ստեղծման միջոցով կարելի է ամուր հիմք ստեղծել երեխայի հոգեկան կայունության համար։ Կրթահամալիրում տիրում է բաց և ազատ կրթական միջավայր, որտեղ ազատության, ինքնուրույնության և պատասխանատվության սկզբունքները դաստիարակության հիմքում են։ Խաղով ուսուցանելը կրթահամալիրի ուսումնական գործընթացի անկյունաքարերից է։ Խմբային ու անհատական խաղերի ընթացքում երեխաները սովորում են համագործակցել, ազատ արտահայտել իրենց կարծիքները և փորձարկել նոր գաղափարներ՝ առանց ձախողվելու վախի։ Նման խաղահեն մոտեցումը զարգացնում է ճկուն մտածողություն: Սովորողներին տրվում է մեծ ազատություն և ինքնուրույնություն․ երեխաներին թույլատրվում է ընտրել իրենց գործունեության տեսակն ու նախագծերը, ինչը զարգացնում է նրանց ինքնավստահությունն ու նախաձեռնողականությունը: Այսպիսով՝ կիրառելով Սելիգմանի և Դուեկի մոտեցումները գործնականում՝ կրթահամալիրի մանկավարժները էական ներդրում են ունենում հաջողակ, հոգեբանորեն տոկուն և առողջ սերունդ ձևավորելու գործում:
Գրականություն
- Սելիգման, Մարտին Է.Պ. The Optimistic Child: A Proven Program to Safeguard Children from Depression and Build Lifelong Resilience (1995) – (ռուս․ թարգմ. «Ребенок-оптимист», Մոսկվա: ՄԻՖ հրատ., 2018)
- Դուեկ, Քերոլ Ս. Mindset: The New Psychology of Success (2006) – (ռուս․ թարգմ. «Гибкое сознание», Մոսկվա:
- Dweck, C.S. (2015). Growth Mindset and the Future of Our Children – Parents League Review (հրատարակված Parent League of NY բլոգում)
