Այսօր կրթական դաշտում ավելի ու ավելի հաճախ է շեշտվում ընտանիքի և դպրոցի համագործակցության կարևորությունը՝ աշակերտի զարգացման և համակողմանի կրթության ապահովման նպատակով։ «Հարթակում ծնողն է» նախագիծն ստեղծվել է հենց այս գաղափարի շուրջ՝ որպես նորարարական հարթակ, որը միավորում է ծնողներին, մանկավարժներին և սովորողներին։ Նախագծի շրջանակում ծնողները մասնակից են դառնում դպրոցական կյանքին ոչ միայն որպես հսկողներ, աջակիցներ, այլ նաև որպես լիարժեք մասնակիցներ՝ իրենք ևս հայտնվելով «հարթակում»՝ ներկայացնելու սեփական փորձը, մասնագիտական աշխարհը։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորելու համայնք, որտեղ կրթությունն այլևս չի սահմանափակվում դասարանով կամ ծրագրով, այլ դառնում է համատեղ ստեղծագործական գործընթաց՝ ծնողի ակտիվ ներգրավմամբ։
Երբ խոսում ենք դպրոցի և ընտանիքի կապի մասին, հաճախ մտածում ենք ծնողական սեմինարների, էլ․ փոստի նամակագրական կապի, հեռախոսազանգերի մասին։ Բայց «Հարթակում ծնողն է» նախագիծը գալիս է հիշեցնելու՝ դպրոցն ու ընտանիքը կարող են հանդիպել այլ հարթության վրա․ վայր, որտեղ ծնողը դառնում է պատմող, փորձով կիսվող, ներշնչող։
Այս նախաձեռնության մեջ յուրահատուկ մի բան կա։ Երբ մայրիկը կամ հայրիկը մտնում է դասարան՝ ոչ թե հարցնելու, թե ինչպես է դասերը սովորում իր երեխան, այլ պատմելու իր աշխատանքի, մանկության երազանքների կամ կյանքի ճանապարհի մասին, դասարանն իսկապես վերածվում է հարթակի։ Այդ պահին երեխաներն սկսում են իրենց ծնողներին տեսնել նոր հարթության վրա, իսկ մյուս սովորողները բացահայտում են մեծահասակներին։
«Հարթակում ծնողն է» նախագծի շնորհիվ դպրոցը դառնում է մի վայր, որտեղ բոլորը սովորում են բոլորից։ Նախագիծը միավորում է դպրոցն ու ընտանիքը։

Հարթակում ծնողն է․․․Սոնյա Ապրեսովա
Առաջին հյութը Սոնյա Ապրեսովան էր՝ Արտյոմ Արոյանի մայրիկը, բանասիրական գիտությունների թեկնածու, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս։ Սոնյան իր հետ բերել էր մի հետաքրիրք գիրք՝ «Երջանկություն վաճառողը» վերնագրով։ Նա սովորողների համար ընթերցեց հեքիաթը և շատ հետաքրքիր քննարկում կազմակերպեց։ Իսկ վերջում սովորողները հեքիաթին նոր ավարտ մտածեցին և տեղադրեցին անհատական բլոգներում։

Դոմինիկ Սևումյան-«Երջանկություն վաճառողը» հեքիաթը
Էվա Գրիգորյան-Պարոն մուկը
Դավիթ Ստեփանյան-Երջանկություն վաճառողը
Մոնիկա Ադիբեկյան-Երջանկություն վաճառողը
Ռուբեն Գալստյան-Պարոն մուկը
Էլլա Խալաթյան-Պարոն մուկը
Լյուսի Քեշիշյան-Պարոն Մուկը
Քրիստինա Մուրադյան-Պարոն մուկը
Ալիսա Բելկովա-Ի՞նչ արեց մուկը բանկայի հետ
Արտյոմ Արոյան-Մկների երջանկությունը
Ժակլին Պապիկյան-ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՃԱՌՈՂԸ
Եվա Հովհաննիսյան-Պատում Երջանկություն վաճառողը
Միքայել Ղազարյան-Պարոն մուկը
Շանթ Հավարեան-Պարոն մուկը
Սարրգիս Հավարեան-Պարոն մուկը
Արինա Համբարձումյան-Պարոն մուկը
Սառա Այվազյան-Երջանկություն վաճառողը
Իռեն Դաշտոյան-Երջանկության տարա
Նարեկ Առուստամյան-Երջանկություն վաճառողի շարունակություն
Ռոբերտ Բադալյան-«Երջանկություն վաճառողը»

Մեջբերում եմ Սոնյա Ապրեսովայի ամփոփումը․ «Գրականագետ եմ, դասավանդում եմ արտասահմանյան գրականություն։ Դասի ընթացքում քննարկեցինք ժամանակակից իտալացի գրող Դավիդե Կալիի «Երջանկություն վաճառողը» հեքիաթը։ Նախ՝ անդրադարձանք «երջանկություն» հասկացությանն առհասարակ, սովորողները կիսվեցին իրենց պատկերացումներով երջանկության մասին, խոսեցինք նյութական և հոգևոր արժեքների մասին՝ որպես երջանկության գրավական։ Այնուհետև սովորողները ծանոթացան ստեղծագործության սյուժեին, և քննարկման ժամանակ յուրաքանչյուր սովորող ներկայացրեց իր մեկնաբանությունը։ Փորձեցինք նաև այլընտրանքային ավարտ առաջարկել։  Նման քննարկումները օգնում են սովորողներին ստացված տեղեկությունների հիման վրա ձևավորել սեփական կարծիքը, կարողանալ հիմնավորել այն։ Տարբեր կարծիքների առկայությունը կարող է օգնել երեխաներին ընդունել, որ նույն խնդրի վերաբերյալ կարող են գոյություն ունենալ տարբեր տեսակետներ։  Ծնողի ներգրավածությունը նման նախագծերում, բացի երեխայի համար պարզապես հաճելի լինելուց, որոշակի ինքնավստահություն կարող է հաղորդել։ Ծնողին էլ հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնել այն միջավայը, որում  օրվա մեծ մասն է անցկացնում երեխան։ Բացի դրանից, տարբեր մասնագիտությունների ներկայացումը կարող է օգնել երեխաներին առավել հստակ հասկանալ իրենց հետաքրքրությունների շրջանակը։ Դե, իսկ ծնողի համար նման հնարավորությունները դրական լիցքերի մեծ աղբյուր են»։

«Հարթակում ծնողն է» ․․․Երանուհի Արսենյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարիներ շարունակ աչքի է ընկնում իր նորարարական ուսուցման մեթոդներով, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե պարզապես գործիք են, այլ կրթական մշակույթի մի մաս։ Այստեղ համակարգչային ուսուցումն սկսվում է վաղ տարիքից, և թվային գրագիտությունը դիտվում է ոչ միայն որպես հմտություն, այլ որպես մտածողության ձև։ Այս միջավայրում «Հարթակում ծնողն է» նախագիծը ևս ստանում է յուրահատուկ շեշտադրում՝ երբ ծնողները կարող են իրենց փորձը ներկայացնել նաև թվային ձևաչափերով՝ տեսաշարերով, շնորհանդեսներով, առցանց հանդիպումներով։
Հաջորդ մեր հյուրը ՏՀՏ մասնագետ Երանուհի Արսենյանն էր՝ Սառա Այվազյանի մայրիկը։ Լինելով երկար տարիների փորձ ունեցող մասնագետ՝ Երանուհին հեշտությամբ լեզու գտավ երեխաների հետ։ Նա ներկայացրեց 3D մոդելավորման աշխարհը՝ բացելով մի դուռ դեպի պատկերացումների նոր տարածություն։
Թեև սովորողները ծանոթ էին բազմաթիվ համակարգչային ծրագրերի, այս մեկը դարձավ իսկական բացահայտում։ Նրանց աչքերի առաջ պարզ գծերը վերածվում էին ծավալային կառուցվածքների, և ամեն մեկը փորձում էր իր ձեռքերում ստեղծել մի աշխարհ, որը մինչ այդ միայն մտքում կար։ Երանուհու ներկայությամբ դասարանը վերածվեց լաբորատորիայի, որտեղ սովորողները չէին վախենում փորձել, սխալվել, ստեղծել։ Իսկ երբ ծնողը նույն պահին դառնում է օգնական, ուսուցիչ ու ոգեշնչող ընկեր, տեխնոլոգիան էլ ավելի հեշտ է տրվում սովորողին։

Մեջբերում եմ Երանուհի Արսենյանի ամփոփումը․ «Ես՝ Երանուհի Արսենյանս, ավիատիեզերական ճարտարագիտության մասնագետ եմ և ունեմ 17 տարվա փորձ 3D մոդելավորման ոլորտում։ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում ներկայացրել եմ մոդելավորման բազային սկզբունքները՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների երևակայությունը, տրամաբանական մտածողությունը և ծանոթացնել նրանց ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին։ Այս նախաձեռնությունն առանձնահատուկ կարևորություն ունեցավ մասնագետ ծնողի ու իր երեխայի համար։ Երեխան ոչ միայն ավելի խորապես ընկալեց ծնողի մասնագիտական աշխարհը, այլև ներգրավվեց ստեղծագործական գործընթացին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ։ Նման նախագծերը կարևոր դեր ունեն կրթական միջավայրում՝ ստեղծելով կապ ծնողի փորձի և երեխայի հետաքրքրությունների միջև։ Երբ մասնագետ ծնողը դառնում է ուսուցման մի մասը, սովորելը վերածվում է ոգեշնչող ճանապարհորդության։ Երեխան սկսում է ինքը ստեղծել, փորձարկել և տեսնել՝ ինչպես կարող է իր երևակայությունը վերածել իրական նախագծերի։ Այսպիսի նախաձեռնություններն անպայման պետք է շարունակական լինեն, քանի որ հենց այս փորձառությունների միջոցով է ձևավորվում գիտելիքով և ներշնչմամբ առաջնորդվող նոր սերունդ»։

Հարթակում ծնողն է․․․Դավիթ Սևումյան
Օր օրի նախագծի շուրջ ստեղծված ոգևորությունը ավելի էր խորանում։ Սովորողներն սկսեցին իրենք խնդրել իրենց ծնողներին՝ մասնակցել, ներկայացնել, պատմել։ Նրանք հպարտությամբ էին նայում ծնողներին «հարթակի» վրա։
Երրորդ հյուրը բժիշկ Դավիթ Սևումյանն էր՝ Դոմինիկ Սևումյանի հայրիկը։ Նրա հանդիպումը մեզ հետ վերածվեց հետաքրքիր զրույցի՝ ներքին օրգանների, իմունային համակարգի և առողջ ապրելակերպի մասին։ Թեմաները, որոնք շատերի համար կարող են թվալ բարդ կամ հեռու, այստեղ հնչեցին պարզ, հասկանալի ու ամենօրյա օրինակներով։
Սովորողները հնչեցրին իրենց հարցերը։ Իսկ բժիշկը համբերությամբ պատասխանեց բոլորին՝ փոխելով ոչ միայն նրանց պատկերացումները մարմնի աշխատանքի մասին, այլև փոխեց առողջության նկատմամբ նրանց վերաբերմունքը։

Մեջբերում եմ Դավիթ Սևումյանի ամփոփումը․ «Մասնագիտությամբ կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ եմ։ Դասարանում քննարկել ենք մարդու ներքին օրգանները` նրանց տոպոգրաֆիան` տեղակայումը մարդու մարմնում, նշանակությունը, ֆունկցիան` մարմնի կենսագործունեության ապահովման գործում։ Ներքին  օրգանները,  ըստ արտաքին տեսքի, համեմատեցինք տարբեր մրգերի, բանջարեղենների հետ՝ ստեղծելով կապ օգտակարության միջև։ Խոսեցինք բժշկական տարբեր մասնագիտությունների մասին, հիվանդությունների կանխարգելման և հիգիենայի մասին։ Ծանոթացանք օրգանիզմի պաշտպանական հնարավորությունների` իմունային համակարգի հետ, պատասխանեցինք հարցին՝ ինչ է իմունիտետը։ Խոսեցինք, թե նչպես է օրգանիզմը պայքարում օտարածին մարմինների, մանրէների դեմ։ Կարծում եմ՝ հանդիպումը երեխաների հետ արդյունավետ էր և հետաքրքիր, քանի որ նրանք շատ հարցեր ունեին  հանդիպման վերջում, ինչը նշանակում է, որ նրանց մոտ հետաքրքրություն առաջացավ ոլորտի, մասնագիտության նկատմամբ․ նույնիսկ ոմանք հաղթահարեցին իրենց փոքրիկ վախերը։
Իմ երեխան ոգևորված և մոտիվացված էր։ Նշեմ, որ ինքն էր պահանջում,  որպեսզի ես մասնակցեմ այդ նախագծին։
Նախագիծը շատ կարևոր նախաձեռնություն է,  պարունակում է և՛ ուսուցողական, և՛ դաստիարակչական, և՛ միջավայրի պատկերացման կամ ընկալման բաղադրիչներ։ Նախագիծը անպայման պետք է լինի շարունակական»։ 

Հարթակում ծնողն է․․․Լիլիթ Ստեփանյան
Չորրորդ հյուրը տնտեսագետ Լիլիթ Ստեփանյանն էր՝ Արինա Համբարձումյանի մայրիկը։ Նրա թեման էրց«Առաջարկ և պահանջարկ»-ը։ Առաջին հայացքից կարող էր թվալ բարդ ու վերացական, սակայն Լիլիթն այնքան հասանելի ու խաղային ձևով ներկայացրեց, որ բոլորին թեման հասու դարձավ։ Զրույցի ընթացքում սովորողները փորձեցին հասկանալ, թե ինչպես է ձևավորվում ապրանքի գինը, ինչու է որևէ բան դառնում պահանջված, իսկ մյուսը՝ ոչ այնքան, և ինչ դեր ունի գնորդը շուկայում։ Քննարկումները համեմվեցին կյանքից օրինակներով՝ խանութից մինչև խաղալիքներ, գրպանի գումարից մինչև ընտանեկան բյուջե։ Դասարանը դարձավ մի փոքրիկ տնտեսագիտական հարթակ, որտեղ ամեն մեկն իրեն զգում էր կա՛մ վաճառող, կա՛մ գնորդ։

Հարթակում ծնողն է․․․Ժակ Պապիկյան
Հինգերորդ հյուրը իսկական աշխուժություն բերեց դասարան։ Մեր հարթակում այս անգամ հաղորդավար Ժակ Պապիկյանն էր՝ Ժակլին Պապիկյանի հայրիկը։ Դասարան մուտք գործելով՝ նա բառացիորեն վերափոխեց տրամադրությունը։ Սովորողներն զգացին, թե ինչ է նշանակում խոսել վստահ, գրավիչ և լսարանի հետ կապ ստեղծելով։
Ժակի ներկայությունը մեծ ոգևորություն առաջացրեց։ Նրա մասնագիտական փորձը հեռուստատեսությունում ու ռադիոյի հաղորդավարական դաշտում վերածվեց հետաքրքիր դասի՝ խոսքի մշակույթի, բառի հնչողության, ձայնի ուժի մասին։ Երեխաները ոչ միայն հիացած էին լսում, այլև փորձում էին խոսել, պատմել այնպես, ինչպես պրոֆեսիոնալ հաղորդավարը։ Սովորողներն ոգևորված էին, իսկ բարձր տրամադրությունը և պրոֆեսոնալիզմն՝ ապահոված։ Բոլորը դերային խաղերով ներկայացան, հայտնվեցին հաղորդավարի դերում։ Դասը վերածվեց փորձի, որտեղ յուրաքանչյուր սովորող զգաց, թե ինչքան կարևոր է խոսքի ձևը, ձայնի ինտոնացիան, սահունությունն ու լսարանի ուշադրությունը պահելու կարողությունը։
Այսպիսով, ծնողը՝ որպես հաղորդավար, դպրոց բերեց մի ոլորտ, որը շատերի համար միայն հեռուստաէկրաններում էր։

Մեջբերում եմ Ժակ Պապիկյանի ամփոփումը․ «Մասնագիտությամբ ճարտարագետ եմ, կյանքի առաքելությամբ՝ հաղորդավար:
Քննարկեցինք  ռադիոյում և հեռուստատեսությունում աշխատանքի առանձնահատկությունները, բարդություններն ու առավելությունները, ինչպես նաև անդրադարձա անձնական փորձից որոշ զվարճալի ու հիշարժան դրվագների: 
Որոշակի պատկերացում ստեղծվեց հերթական մասնագիտության մասին,  հոգեբանական տեսանկյունից՝ անմիջական ու մտերմիկ  մթնոլոտ դասարանի երեխաների և ծնողի միջև: 
Նման նախագծերը օգնում են կոմունիկացիոն հմտությունների բարելավման, երեխաների ու մեծահասկաների ազատ ու հետաքրքիր շփման, մասնագիտությունների բազմազանության մասին որոշակի տեղեկություններ ստանալու տեսանկյունից: 
Իմ երեխան բավականին տպավորված էր որոշ հանդիպումներով և հատկապե՛ս   ոգևորված էր իմ այցով, որովհետև  ցանկանում  էր, որ ես լավագույնս ներկայանամ ու ներկայացնեմ իմ աշխատանքը իր դասընկերներին:
Շատ բարի ու զվարճալի ստացվեց այդ օրվա մեկնարկը. դասարան մտնելուց առաջ Ժակլինը մի պահ կանգ առավ, բռնեց ձեռքս ու շատ լուրջ անհանգստությամբ  հարցրեց․ «Պա՛պ, գոնե մի քիչ պատրաստվե՞լ ես»:
Ամեն ինչ շատ լավ անցավ, ինձ հաջողվեց տպավորել երեխաներին, նույնիսկ նրանցից ոմանք հաջորդ օրը հայտնել էին իրենց  ցանկության մասին ՝ ևս լինել   հաղորդավար:
Կարծում եմ ՝ նման ձևաչափերով հանդիպումներն առավելապես դրական կողմեր ունեն»:

Հարթակում ծնողն է․․․՝ Արմինե Փաշայան
«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում մեր վեցերորդ հյուրը ծնող-հոգեբան Արմինե Փաշայանն էր՝ Ալիսայի մայրիկը։ Նրա հետ հանդիպումը վերածվեց ոչ միայն զրույցի, այլև հույզերի ճանաչման, արտահայտման։
Հանդիպման թեման «Հուզական իտելեկտն» էր։
Սովորողները մասնակցեցին հետաքրքիր վարժությունների․ պատկերների միջոցով փորձում էին գուշակել ներկայացված հույզերը, կիսվում էին իրենց զգացողություններով, պատմում, թե երբ են այդպես զգացել, ինչպես են արձագանքել, ինչ են հասկացել այդ զգացողությունից։
Ապա նրանք անցան ստեղծագործական փուլին․ յուրաքանչյուրը նկարեց իր հույզը՝ տալով նրան ոչ միայն կերպար, այլև գույն, չափ, շարժում։
Հանդիպման եզրափակիչ մասը գրավեց բոլորին՝ «Էմոջի» կոնֆետնե՜ր։ Դրանք ոչ միայն այս հուզական ճամփորդության քաղցր ավարտ էին, այլ նաև խորհրդանշական էին․ յուրաքանչյուր կոնֆետ ուներ իր հույզը՝ ժպիտով, զարմանքով, զայրույթով արտահայտված։ Սովորողները կարողացան բացահայտել, որ հույզերը չպետք է թաքցնել․ պետք է ճանաչել, անվանել և հասկանալ՝ ինչպես ենք ապրում դրանք։
Արմինեն բացահայտեց մի պարզ ճշմարտություն․ հույզերը ոչ թե խանգարում են, այլ օգնում ճանաչել ինքներս մեզ։

Մեջբերում եմ Արմինե Փաշայանի ամփոփումը․ «Երեխաների հետ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում խոսել եմ հուզական ինտելեկտի մասին։ Նպատակն է եղել ծանոթացնել հոգեբանի մասնագիտությանը, ինչպես նաև նպաստել երեխաների հուզական ինտելեկտի զարգացմանը։ Քննարկել ենք հույզերի կարևորությունը մեր կյանքում, խոսել ենք տարբեր հույզերի մասին։
Կարծում եմ, որ նման նախագծերը պետք է շարունակական լինեն, քանի որ շատ կարևոր գործառույթներ ունեն։
Սովորողները կարողանում են ծանոթանալ տարբեր մասնագիտությունների հետ, ինչպես նաև կենդանի շփվում են տարբեր մասնագետների հետ, հնարավորություն են ունենում տալ իրենց հետաքրքրող հարցերը։
Իմ երեխայի համար կարևոր էր նաև նրանով, որ մենք միասին էինք պատրաստվել դասին․ երեխան արել էր առաջարկներ, թե ինչը հետաքրքիր կլինի, ինչը՝ ոչ այդքան։ Այս առումով նախագիծը կարող է նպաստել ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդմանը, լինել առիթ համատեղ գործունեություն ունենալու, միասին ժամանակ անցկացնելու համար։ Երեխան նաև ստանում է նոր փորձ՝ տեսնելով իր ծնողին այլ դերում՝ ոչ որպես մայրիկ կամ հայրիկ, այլ՝ որպես մասնագետ։ Սա նոր դիտանկյուն է, ինչպես նաև ծնողին դասարանում տեսնելը կարող է բարձրացնել երեխայի ինքնավստահությանը, ոգևորել նրան»։

Հարթակում ծնողն է․․` Լիլիթ Տոնականյան
«Հարթակում ծնողն է…» նախագծի շրջանակում այս անգամ մեր հյուրը տնտեսագետ Լիլիթ Տոնականյանն էր՝ Եվայի մայրիկը։ Նրա հետ հանդիպումը վերածվեց յուրօրինակ «ֆինանսական արկածի», որի ընթացքում սովորողները ծանոթացան բանկային համակարգի որոշ գործառույթներին։
Թեման՝ «Փոքրիկ բանկիրները», առաջարկում էր ոչ միայն տեղեկություն, այլև խաղի միջոցով ճանաչողական և կիրառական փորձ։ Սովորողները պարզ ու հասկանալի ձևով բացահայտեցին՝ ինչ է ավանդը, ինչ է վարկը, ինչպես են աշխատում այս երևույթներն իրական կյանքում։
Դասը վերածվեց զրույցի, փորձարկման և փոքրիկ ֆինանսական մոդելավորման։ Երեխաները հետաքրքրված էին, մասնակցեցին ակտիվ քննարկումների, պատմեցին իրենց պատկերացումները փողի, տնտեսման ու վարկերի մասին։ Խաղի միջոցով վարկ տրամադրեցին, ավանդ ձևակերպեցին։ Ծանոթացան բանկոմատի գործառույթներին, որն իր հետ բերել էր ծնողը։
Շնորհակալություն ենք հայտնում Լիլիթ Տոնականյանին՝ ֆինանսական աշխարհի այս կարևոր թեման դպրոց բերելու և սովորողներին հասանելի դարձնելու համար։

Մեջբերում եմ Լիլիթ Տոնականյանի ամփոփումը․«Ես լեզվաբան եմ մասնագիտությամբ, բայց արդեն 20 տարի է աշխատում եմ բանկային ոլորտում՝ որպես հաճախորդների սպասարկման ուղղության ղեկավար:
Դասարանում շատ հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկում անցկացրինք բանկի և բանկային պրոդուկտների վերաբերյալ:
Երեխաները սովորեցին՝ ինչպես ճիշտ խնայել գումարը, ինչպես ծախսել, ինչ տարբերակներով օգտագործել` կանխիկ, անկանխիկ:
Երեխաներին այս թեման շատ հետաքրքիր էր, նրանք ֆինանսապես ավելի գրագետ դարձան, պատկերացում կազմեցին բանկի մասին, ծանոթացան նաև ֆինանսական ոլորտում մինիմալ անվտանգության կանոններին:
Տվյալ փորձառությունը շատ կարևոր էր նաև իմ երեխայի համար, նրան շատ երջանկացրեց այն փաստը, որ ես դասավանդում եմ իր դասարանի երեխաներին, նրանց թեման դուր է գալիս, ինձնով հպարտանալու առիթ ունեցավ: 
Կարծում եմ՝ տվյալ նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է տալիս երեխաների ընդհանուր զարգացման, լրացուցիչ կրթության, պրակտիկ գիտելիքների ձեռքբերման և իրենց ապագա մասնագիտությունը ընտրելու հարցում»:

Հարթակում ծնողն է․․․ Աննա Բակունց
«Հարթակում ծնողն է․․․» նախագծի շրջանակում մեր հաջորդ հյուրը Միքայելի մայրիկն էր՝ գրաֆիկ դիզայներ Աննա Բակուցը։ Նրա հետ հանդիպումը բացեց մի ամբողջ նոր աշխարհ՝ գծերի, գույների, պատկերների և բրենդային լեզվի։
Սովորողները ծանոթացան գրաֆիկ դիզայների մասնագիտությանը՝ հասկանալով, որ լոգոները, որոնց հանդիպում են ամեն քայլափոխի, իրականում գաղափարի, զգացողության և պատմության արտահայտություններ են։
Հետո սկսվեց ամենազվարճալի մասը՝ ստեղծագործական գործընթացը։ Սովորողները փորձեցին իրենք ստեղծել իրենց լոգոները։ Ուսումնական տարածքը վերածվեց ստեղծագործական լաբորատորիայի՝ գծեր, պատկերներ, անուններ։ Դասը ոչ միայն հետաքրքիր ու տեղեկատվական էր, այլև՝ ներգրավող։ Սովորողներն ակտիվ մասնակցում էին, հարցնում, քննարկում, համեմատում տարբեր բրենդներ։
Շնորհակալ ենք Աննային մեզ համար «բրենդի կախարդական աշխարհը» բացահայտելու համար։ Այդ օրը սովորողները հեռացան իրենց իսկ ստեղծած լոգոներով։

Մեջբերում եմ Աննա Բակուցի ամփոփումը․ «Շնորհակալ եմ «Հարթակում ծնողն է» նախագծի հրավերի և համագործակցության հնարավորության համար։ Շատ կարևոր ու արժեքավոր նախաձեռնություն է, որը կապ է ստեղծում դպրոցի և ընտանիքի միջև՝ կրթությունն ավելի կենդանի ու գործնական դարձնելով։
Ես մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ։ Դասարանում քննարկեցինք «Բրենդի կախարդական աշխարհը – Ստեղծիր, պատկերացրու, ներկայացրու» թեման։ Նպատակն էր սովորողներին ծանոթացնել գրաֆիկ դիզայնի և բրենդի ձևավորման հիմքերին՝ հասանելի և հետաքրքիր ձևով։
Քննարկումը կենդանի ու ակտիվ ստացվեց։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին թեմայի ուսումնասիրության մեջ։ Մենք միասին բացահայտեցինք, թե ինչ է գրաֆիկ դիզայնը, ինչու է այն կարևոր մեր տեսողական միջավայրի ձևավորման մեջ։ Խոսեցինք նաև այն մասին՝ ով է գրաֆիկ դիզայները և ինչով է նա զբաղվում առօրյա կյանքում՝ սկսած փաթեթավորումից մինչև սոցիալական մեդիա։
Սովորողներին հետաքրքրեց նաև պիքսելային և վեկտորային պատկերների տարբերությունը և թե որտեղ են դրանք օգտագործվում։ Մենք անդրադարձանք նաև նրան, թե ինչ է ֆիրման, և ինչու է կարևոր, որ այն ունենա ֆիրմային ոճ՝ կայուն և ճանաչելի ներկայություն ունենալու համար։
Հաջորդ փուլում բացատրեցի, թե ինչ է բրենդը, ինչից է այն կազմված, ինչպես են ընկերությունները հաղորդում իրենց արժեքներն ու նկարագիրը բրենդի միջոցով։ Այս համատեքստում քննարկեցինք նաև գույների նշանակությունն ու դերը բրենդինգում, ինչու որոշ գույներ ընկալվում են որպես հուսալի կամ կրեատիվ, և ինչպես են այս ընտրությունները ազդում հանդիսատեսի վրա։
Աշակերտները մեծ ոգևորությամբ լսեցին գունային շրջանակի (Color Wheel), երկրորդային գույների, գունային խառնուրդների ու համադրությունների մասին։ Մենք վերլուծեցինք նաև, թե ինչպես են ստեղծվում լոգոները՝ սկսած գաղափարի էսքիզից մինչև պատրաստի դիզայն, ինչպես նաև քննարկեցինք տառատեսակի ընտրության դերը բրենդի հնչողության և տպավորության ձևավորման հարցում։
Հանդիպման վերջում ներկայացրի SWOT վերլուծության գաղափարը՝ որպես գործիք, որով կարելի է վերլուծել բրենդի ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։
Դասի ավարտին հանձնարարեցի մի փոքրիկ ստեղծագործական գործնական թիմային աշխատանք։ Սովորողները պետք է պատկերացնեին, որ բացում են իրենց իսկ ֆիրման՝ մանկական սրճարան՝ «Սաթի մանկական սրճարան» անվանումով։ Դրանից հետո նրանք բաժանվեցին թիմերի և իրականացրին խմբային աշխատանք․ յուրաքանչյուր թիմ ստեղծեց սրճարանի լոգոն, կարգախոսը, և կատարեց SWOT վերլուծություն։ Այս փուլում նրանք գործնականում կիրառեցին այն ամենը, ինչ քննարկվել էր դասի ընթացքում։
Սովորողները շատ ակտիվ էին։ Նրանք իրենց հարցերով և մտքերով ցույց տվեցին, որ ոչ միայն լսում են, այլ փորձում են պատկերացնել իրենց իսկ բրենդները։ Նրանք սկսել էին մտածել դիզայներների պես՝ համակարգված, վերլուծական և ստեղծագործ։
Իմ երեխայի համար այս փորձառությունը դարձավ յուրահատուկ՝ ոչ միայն նրան հնարավորություն տվեց այլ տեսանկյունից տեսնել ծնողին դասարանում, այլև եղավ հպարտանալու, ներշնչվելու և մասնագիտական հետաքրքրություն ձևավորելու առիթ։ Այդ կապն ուժեղացրեց մեր փոխհարաբերությունը նաև դպրոցական միջավայրում։
Վստահ եմ, որ նման նախագծերը պետք է լինեն շարունակական։ Դրանք սովորողին տալիս են պատկերացում աշխարհի մասին՝ դասագրքից դուրս, իսկ դպրոցին՝ լրացուցիչ շնչառություն, որը բերում է կյանքի իրական հնչողություն։
Շնորհակալություն ջերմ ընդունելության, նախաձեռնության և նվիրվածության համար»։

Հարթակում ծնողն է․․․՝ Արա Արոյան
«Հարթակում ծնողն է…» նախագծի շրջանակում մենք հանդիպեցինք տարբեր մասնագիտություններ ունեցող ծնողների։ Բայց այս անգամ նախաձեռնությունը դուրս եկավ դպրոցական տարածքից․ մենք այցելեցինք ծնողի աշխատավայր՝ ԱՎԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿԱԴԵՄԻԱ։
Այցը դարձավ իսկական բացահայտում։ Սովորողները հնարավորություն ունեցան տեսնելու՝ ինչպես է իրականում կազմակերպվում մարզական կրթությունը, ինչպիսին է մարզիչի աշխատանքային օրը, և ինչպիսի նվիրվածություն ու կարգապահություն է պահանջվում ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին։
Տպավորությունները շատ էին՝ ոգևորություն, զարմանք, փորձ և նույնիսկ սպորտային խաղի էներգիա։ Սովորողները շրջեցին ակադեմիայում, հանդիպեցին բազմաթիվ ճանաչված մարզիչների, խաղացին ընդարձակ խաղադաշտում, փորձառություն ձեռք բերեցին, հարցեր տվեցին ու դարձան այս հետաքրքիր աշխարհի մի փոքր մասը։
Այս այցը ոչ միայն լրացրեց մեր նախագիծը նոր գույներով, այլ նաև հիշեցրեց՝ երբեմն հարթակները դպրոցից դուրս են, իսկ ուսուցումն ու ոգեշնչումը՝ ամենուր։

Մեջբերում եմ Արա Արոյանի ամփոփումը․ «Ես աշխատում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` որպես հոգեբան, թարգմանիչ և Սքաութինգի բաժնի ղեկավար: «Հարթակում ծնողն է» նախագիծը գերազանց նախաձեռնություն է նախ` երեխաների մտահորիզոնն ընդլայնելու, ինչպես նաև նրանց դրական հույզեր և հիշողություններ հաղորդելու համար: 
Մեր հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն կայացավ ոչ թե դպրոցում, այլ ծնողի աշխատավայրում` ֆուտբոլի ակադեմիայում: Բացի ճանաչողական գործոնից, այն նաև զվարճանքի հնարավորություն էր երեխաների համար: Նրանց հնարավորություն ընձեռվեց շրջել ակադեմիայով, ծանոթանալ ֆուտբոլիստների առօրյային և լուսանկարվել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ: Իհարկե, այս փաստը մեծ ոգևորության առիթ է ֆուտբոլ սիրող երեխաների համար: Իմ տպավորությամբ` ոչ պակաս ոգևորված էին նաև ուսուցիչները, որոնք հյուրընկալվել էին ակադեմիայում: Երեխաները այցելեցին նաև մարզադաշտ ու ծանոթացան ենթակառուցվածքներին: Մասնավորապես, նրանք եղան հանդերձարանում, որտեղ նրանց պատմեցին, թե ինչպես են ֆուտբոլիստներն այստեղ պատրաստվում խաղին և դաշտ դուրս գալիս: Վերջում երեխաները մարզման խաղադաշտերից մեկում ֆուտբոլ խաղացին` ֆուտզալի Հայաստանի հավաքականի իսպանացի մարզչի մասնակցությամբ: Վերջինիս երեխաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց նա հաճույքով պատասխանում էր:
Ըստ իս` նման նախաձեռնությունները պետք է շարունակական բնույթ կրեն, ինչը շատ կհարստացնի երեխաների ներաշխարհը:
Իսկ այն երեխան, ում ծնողը նման նախաձեռնություն է դրսևորում, վստահ եմ` հպարտանում է»:  

«Հարթակում ծնողն է» նախագիծը մեզ ցույց տվեց, որ այն սկսվում է հենց այն պահին, երբ մարդը սկսում է կիսվել։ Իսկ երբ ծնողը կիսվում է իր գիտելիքով, փորձով և, ինչու չէ, սխալներով ու հաղթանակներով, ծնվում է մի նոր որակի կրթություն՝ մարդկային, կենսական, ոգեշնչող։
Ծնողների ներգրավածությունը ոչ միայն հարստացրեց դասարանային միջավայրը, այլև ցույց տվեց սովորողներին, որ ցանկացածը կարող է լինել ոգեշնչման աղբյուր։ Իսկ երբ սովորողը դառնում է հարցնող ու ստեղծող, դասարանը վերածվում է կյանքի փորձառական հարթակի։
Յուրաքանչյուր հյուր մեզ մոտ բերեց մի նոր աշխարհ, որտեղ սովորողը դառնում է հարցնող, զարմացող, ստեղծող ու սովորող, իսկ դասարանը՝ մի վայր, որտեղ կյանքն է դասավանդում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով