Յուրաքանչյուր երեխայի համար ծնողից ավելի մոտ մարդ չկա աշխարհում։ Հայրիկն ու մայրիկը, ծննդյան պահից սկսած, ամեն ինչ սովորեցնում են, աջակցում ու պաշտպանում:

Ինչպես մայրիկների, այնպես էլ հայրիկների դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության հարցում անփոխարինելի են․ նրանք դստրիկներին վստահության, պաշտպանվածության զգացում են տալիս, իսկ տղաներին սովորեցնում են լինել պաշտպանողի, օգնողի, տղամարդկային գործողություններ կատարողի դերում, իրենց օրինակով ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինել։

Որպես հայրիկների նկատմամբ երախտագիտության, գնահատանքի և գովքի արտահայտություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակների լաբորատորիայի կողմից մշակվել և առաջարկվել է մի նախագիծ` «Հայրիկատոն» անվամբ, որն իրականացվել է նախակրթարանում 2024 թվականից և ներառվել է նախակրթարանի օրացույցում։

Հայրիկատոն․ նախագծի անվանումն արդեն ինքնին խոսուն է։ Բոլորս սովոր ենք լսելու մայրիկատոն, մայրիկներին նվիրված օր, մայրիկների գովք, բայց չէ՞ որ երեխաների կյանքում շատ կարևոր և առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն նաև հայրերը։

Նախագծի նպատակն է ստեղծել ամուր, համերաշխ և ուրախ միջավայր, ամրապնդել հայրերի և երեխաների միջև կապը, խթանել առողջ ապրելակերպը և ստեղծել հետաքրքիր պահեր ընտանիքների համար: Նախագծի Էությունը համատեղ աշխատանքի միջոցով առավել շեշտադրելն է հայրերի ունեցած ավանդը երեխաների դաստիարակման գործում, ինչպես նաև նրանց ոգևորելը ու երեխաների հետ անկաշկանդ շփման համար հարթակ ապահովելը, միասին ուրախ ու անմոռանալի ժամանակ անցկացնելու առիթ ստեղծելը։

Կրթահամալիրի նախակրթարաններում նախագծին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին՝ ստեղծվեցին տեսաֆիլմեր՝ «Մարզվել հայրիկի հետ», «Խոհանոցային գործունեություն հայրիկի հետ», «Ազգային երգ ու պար հայրիկի հետ», «Պատրաստի՛ր հայրիկի հետ» «Խաղա՛ հայրիկի հետ» և այլ խորագրերով։

Կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերի նախակրթարաններից Հարավի 2_4 տարեկանների խնամքի և զարգացման խումբն առաջինն էր, որ նախաձեռնեց ու իրականացրեց «Հայրիկատոն» նախագիծը։

Կրթահամալիրի նախակրթարաններում աշխատանքն իրականացվում է զույգով՝ առանց աշխատանքի բաժանման։ Այս նախագծով ևս ներկայացնում ենք Հարավի 2-5 տարեկանների դաստիարակների համատեղ աշխատանքը «Հայրիկատոն» նախագծի շրջանակում։ Ցույց ենք տալիս, թե ինչպես են միասին, իրար լրացնելով և աջակցելով, ներգրավվում, համակարգում և իրականացում նախագիծը։

Հենց այս նույն սկզբունքով էլ ծնվեց միտքը՝ «Հայրիկատոն նախագիծն» իրականացնելու ու ծավալվելու։ Մշակեցինք քայլերի հաջորդականությունը, պլան կազմեցինք ու անցանք գործի՝ հերթով իրականացնելով մեր նախագծերը՝ կրթահամալիրի օրացույցին համապատասխան՝ ըստ ծեսերի, սպասվելիք նախագծերի՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ հայրիկները պետք է լինեն նախաձեռնող, մասնակից ու իրականացնող։ Սկսեցինք քննարկել ծնողների հետ ծրագիրը, նկատեցինք, որ իրենք էլ են հետաքրքրված, ու ինչ-որ տեղ կա նաև թաքնված ոգևորվածություն։

Հայրիկատոնի մեկնարկը տվեցինք մարզական ստուգատեսով։ Հարավային դպրոց-պարտեզի մարզական սրահը հյուրընկալեց սեբաստացի կրտսեր սաների հայրիկներին, ու տեղի ունեցավ իսկական մարզական շքերթ․ ինչպես կարգն է՝ սկսեցինք նախավարժանքով, որին հաջորդեց բուն մարզումը՝ է՛լ վազեցին ու ցատկեցին, է՛լ գլուխկոնծի տվեցին ու պարան խաղացին․․․ Այսպիսին են սեբաստացի հայրիկները…

Ազգային երգն ու պարն անբաժան են սեբաստացի սաների առօրյայից։ Դե, իսկ հայրիկներին չէինք կարող անմասն թողնել ու չներգրավել ազգայինի ուսուցման, յուրացման ու տարածման գործին։ Իրականացրինք շատ սիրուն ու հետաքրքիր պարուսուցում․ մեր սան Հայկի հայրիկն ու սեբաստացի մայրիկը ներկաներին սովորեցրին հայկական ավանդական երգ ու պարից մի հատված։ Դե, էլ ինչպե՞ս է լինում սովորող-սովորեցնողը, ազգայինը տարածելն ու պահպանելը։

Աշնան ամենագունեղ ու համեղ ծեսերից մեկը՝ «Թթուդրիկ»-ը, իրականացրինք հայրիկի մասնակցությամբ։ Հարավային դպրոց-պարտեզի բակում սկսվեց իսկական ծիսական եռուզեռ․ թթուն դրվեց սեբաստացի հայրիկի ձեռքով՝ սաների անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ։ Ծեսն անցավ երգով, գովքով, բանջարեղենի համտեսով… Սա ուղղակի թթուդրիկ չէ, սա մի ամբողջ ծիսակատարություն է՝ բանջարեղենի ուսումնասիրությամբ, համեմատությամբ՝ գույնի, ձևի, չափի, համատեղ ու միասնական աշխատանք է, որտեղ բոլորը մասնակից են՝ մեծով-փոքրով, բոլորը նախաձեռնող են ու իրականացնող, իսկ արդյունքը տեսանելի է, շոշափելի ու շատ ոգևորող։ Միայն տեսնել է պետք սաների հրճվանքն ու ուրախությունը, երբ թթուն արդեն պատրաստ է լինում, ու սկսվում է համտեսը՝ զրույցով, մեկը մյուսին հյուրասիրելով, պատրաստման ընթացքը վերհիշելով ու պատմելով։

Իրականացված նախագծերի նպատակն է նաև պահպանել և զարգացնել ընտանեկան արժեքները և ամրապնդել ընտանիքի` միասին, համերաշխ ու ներդաշնակ լինելու խորհուրդը, զարգացնել հայրիկների և երեխաների միջև համատեղ գործունեության հմտությունները, խրախուսել ստեղծագործականությունը, ֆիզիկական ակտիվությունը, հայրերի և երեխաների համագործակցությունը:

Հայրիկների մասնակցությունը դրսևորվեց ոչ միայն նախակրթարանում, այլև ընտանեկան պարտեզում։ Հայրիկները սաների հետ տեխնոլոգիական աշխատանքներ կատարեցին, որի ընթացքում միասին քննարկեցին, որոշեցին պատրաստման ընթացքը ու համատեղ աշխատանքի արդյունքը տեսան։ Ամանորին ընդառաջ` «Բարեմաղթանքներ ընտանեկան պարտեզից» նախագծի շրջանակում, սաներն իրենց հայրիկների հետ պատրաստեցին ամանորյա բարեմաղթանքները՝ յուրաքանչյուրը գրելով իր սրտի ցանկությունը։

Իսկ երաժշտական պատ նախագծի շրջանակում հայրիկները օգնեցին սաներին պատրաստել ինքնաշեն շրխկան-նվագարաններ, որոնք բերեցին պարտեզ ու ամրացրին մեր երաժշտական պատին։

Հաջորդ ծեսը, որին ակտիվ մասնակցություն ունեցան հայրիկները, Ամանորի ծեսն էր` ամենաջերմ, ամենապատրաստակամ ծնողական համայնքով։ Ծեսի սկիզբն ազդարարվեց իրենց ձեռքով պատրաստված ընկուզե բարեմաղթանքները տոնական ծառից կախելով։ Հետո խմբասենյակը վերածվեց թատերական հարթակի, ու ծնողները սաների հետ միասին խաղացին «Պապն ու շաղգամը» հեքիաթը ինտերակտիվ ձևաչափով։

Ներկայացմանը հաջորդեց ազգային խաղերի շքերթը։ Ուժային խաղերի` իրարհրոցիի, իրարքաշոցիի, պարանքաշոցիի միջոցով հայրիկները ցույց տվեցին իրենց ուժը։ Սաները միացան նրանց, չդիմացան նաև մայրիկները, ու սկսվեց իսկական ուրախ խաղերի շարան, ստեղծվեց հավեսի միջավայր։ Ուժախաղերին հաջորդեց ընկուզախաղը։ Սան-ծնող իրար խառնվեցին ու սկսեցին միահամուռ ուժերով, միմյանց օգնելով, ընկույզները գլորել ու նետել դույլերի մեջ․․․ Սա է իսկական ընտանեկան պարտեզը, երբ բոլորի նպատակն ու ցանկությունը մեկն է՝ տոն դարձնել իր երեխայի օրն ու տեսնել նրա՝ երջանկությունից փայլող աչուկները։

Ազգային խաղերի իրականացումն ու տարածումը շատ կարևոր է ազգային արժեքների ու մշակույթի պահպանման գործում։ Երաժշտության դասավանդող ընկեր Մարիամը 2-4 տարեկաններին պատմեց հոլի ու հոլախաղի մասին։ Ցույց տվեց` ինչպես պետք է խաղալ, ու խմբասենյակը վերածվեց հոլախաղի հարթակի։ Սաները ոգևորված փորձեցին, ուրախացան ու իմացումի հրճվանք ապրեցին։ Ազգագրական փառատոնի շրջանակում արդեն Հարավի նախակրթարան հրավիրեցինք հայրիկներին` հոլախաղի։ Հայրիկները նշեցին, որ վաղուց չեն խաղացել, պտտեցին մեծ սիրով ու ոգևորությամբ։ Սկզբում մի փոքր դժվարացան, հետո վերհիշեցին ու ավելի հմուտ խաղացին։

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ հունվար ամսին նշվում է դդմածեսի համայնքային տոնը։ Ամենուրեք եփվում են ղափամաներ ու անուշ բույրով լցնում սեբաստացիական ողջ միջավայրը։ Մենք էլ նախակրթարանի սաների հետ անմասն չմնացինք տոնից․ Հարավային դպրոց-պարտեզի Ծիսական կենտրոն հրավիրեցինք մեր սան Արևիկի հայրիկին, ով իր ձեռքերով ու սաների օգնությամբ եփեց համով-հոտով, չրով-չամչով, մեղրն ու բուղը մեջը ղափաման։ Հայրիկը խոստովանեց, որ առաջին անգամ է պատրաստելու, բայց վստահ է, որ շատ համեղ է լինելու։

Իսկական հայր-ծնող լինելը մեծ աշխատանք է պահանջում, պատասխանատվության մեծ զգացում, համբերություն՝ սովորեցնելու, պատմելու, պաշտպանելու, բացատրելու, ու այս ամենը անելու անսահման սիրով ու հոգատարությամբ։ Թումանյանական օրերին մեր պատրաստակամ հայրիկները մեծ ոգևորությամբ սաների համար ընթերցեցին ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթներից՝ իրենց օրինակով ցույց տալով ընթերցելու, հեքիաթը միասին քննարկելու ու հարցերի միջոցով այն վերապատմելու կարևորությունը՝ ակամայից սաների մոտ արթնացնելով նաև սերը դեպի ընթերցանությունը։ Իսկ մեր սան Միքայելի հայրիկը հենց որդու ծննդյան օրը նրան և մյուս սաներին որոշեց նվեր անել հեքիաթի ընթերցումով։

Գարնան ամենասիրուն տոներից մեկը մայրիկատոնն է: Տոնին նախապես պատրաստվել ենք մեծ սիրով, հավեսով ու ոգևորությամբ։ Պարտեզ հրավիրեցինք հայրիկներին, ովքեր սաների հետ միասին տնկեցին ծաղիկներ՝ որպես նվեր իրենց մայրիկներին։ Թվում է, թե ինչ է որ՝ ծաղիկ են տնկում էլի, բայց ո՛չ․ սա ուղղակի գործողություն չէ, սա ծնող-երեխա հուզական մեծ կապի դրսևորում է, մայրիկի համար միասին նվեր պատրաստելու ամենաջերմ ու տաքուկ ցանկություն, ու ոչ մի հայրիկ չզլացավ, չառարկեց, ճիշտ հակառակը՝ երեխային պատմեց, բացատրեց՝ ինչպես է պետք տնկել, ինչքան լցնել հողը, ինչքան ջուրը, որպեսզի ծաղիկն աճի, ու դրանից մայրիկն էլ ավելի ուրախանա․․․ Սա սիրո մի ամբողջ դրսևորում է, սիրո սերմանում և՛ մայրիկի, և՛ բնության հանդեպ։

Հայրիկատոնը լավագույն նշանն է ցույց տալու, որ մեր սեբաստացի հայրերն ամենալավն են, համարձակը՝ պատրաստ իրենց երեխաների հետ խենթություններ անելու ու մանկանալու։ Մեր 2-4 տարեկանները հենց այսպես էլ ընկալում են իրենց հայրիկներին․ «Իմ հայրիկը լավագույնն է ու կարող է անել ամեն ինչ»։

Զատկածեսին ընդառաջ՝ հայրիկները սաների հետ խաղացին ձվախաղեր։ Սաների ոգևորությունն անսահման էր, իսկ հայրիկները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ են իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնելու, նրանց ուրախացնելու, նրանից մեկը դառնալու։ Շատերի համար սա նորություն էր, իսկ «հին սեբաստացի» ծնողներն արդեն իսկ ծանոթ էին խաղերին։

Գարունն ինքնին նոր կյանքի, ամեն ինչ նորովի սկսելու լավ առիթ է։ Գարնան գալստով կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում տրվում է կանաչապատման մեկնարկը՝ նոր տնկիներ, թփեր, վարդենիներ․․․ Նախակրթարանի սաներն ու ծնողական համայնքը մասնակցեցին նաև այս գեղեցիկ նախաձեռնությանը։ Մայիսյան հավաքին ընդառաջ հայրիկները Հարավային դպրոց բերեցին բերքատու տնկիներ, թփեր, որոնք սաների անմիջական մասնակցությամբ տնկեցին, ջրեցին, գովեցին ու այդպիսով իրենց փոքրիկ ներդրումն ունեցան ծառաշատ ու կանաչ միջավայր ունենալու գործում։

2-4 տարեկանների խմբում նախագծերի իրականացումը չի սահմանափակվում միայն խմբասենյակում, բակում կամ հարակից տարածքում։ Հայրիկներն արդեն միմյանց շատ լավ ճանաչում են, հանդիպելիս մտերմիկ ողջունում ու զրույցի բռնվում։ Դե, մեզ մնում է ևս մեկ անգամ համախմբել բոլորին գեղեցիկ նախագծի շուրջ։ Մայիսյան հավաքի շրջանակում կիրականացնենք ճամփորդություն դեպի սաների կողմից շատ սիրված վայր՝ Ուսումնական ագարակ՝ իրականացնելու ձիավարության, կենդանիների խնամք, ազգային երգ ու պար…

Հայրիկատոնի շրջանակում մեր իրականացրած նախագծերն ու գործունեությունները իսկական հպարտանալու առիթ էին սաների համար։ Այնքա՜ն երջանիկ էին, այնքա՜ն հաճույք, դրական հույզեր ու զգացողություններ կային նրանց աչքերում․․․ Իսկ հայրիկներն ամեն անգամ պարտեզից գնում էին էներգիայի մեծ լիցքեր ստացած, բարձր տրամադրությամբ ու շնորհակալության մեծ զգացումով՝ շեշտելով, որ ևս մեկ անգամ մանկացան ու անմոռանալի զգացողություններ ապրեցին երեխաների հետ։

Հայրիկատոնի շրջանակում իրականացրած մեր նախագծերը ցուց տվեցին, որ նախագիծն իսկապես արդիական է, ունի մեծ նշանակություն ու խորհուրդ։ Ի վերջո, երեխայի ձևավորմանը նպաստում է ինչպես ծնողների համատեղ ու միասնական դաստիարակությունը, այնպես էլ առողջ ու իրական կյանքով ուսուցանվող կրթական գործունեությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով