Ներկայացվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովում։
Հարգելի գործընկերներ,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերով ուսուցումը չի սահմանափակվում դպրոցի և դասասենյակների պատերով։ Բլեյան դպրոցի կարևոր և անբաժան մասն է կազմում կրթական բաց պարտեզը, որտեղ երեխայի զարգացումը համադրվում է բնության, առողջ կենսակերպի և ստեղծագործ միջավայրի հետ։
Կրթահամալիրի բոլոր դպրոցներում բացօթյա ընթերցանությունը, ընդմիջումը, պլեներային աշխատանքը առօրյայի կարևոր մաս են կազմում: Բացօթյա պարապմունքների շարքն են համալրում մարզական և բակային խաղերը, երաժշտական նախագծերը, ազգային ծեսերն ու տոները: Կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում, Քոլեջում ողջ ամռան ընթացքում գործում են իրական լողափեր, որտեղ տարբեր տարիքի սովորողների և սաների համար նախատեսված լողավազաններում լողում են հարյուրավոր երեխաներ՝ 2-5 տարեկան սաները, 6-12 տարեկան ճամբարականները (ոչ միայն կրթահամալիրի դպրոցների սովորողներ):
Կրթական բաց պարտեզի կարևոր բաղադրիչն է նաև կրթահամալիրի ուսումնական ագարակը։ Երեխաները շփվում են կենդանիների հետ, սովորում խնամել նրանց։ Ձիավարությունը և հիպոթերապիան ոչ միայն մարզում են մարմինը, այլև բուժում են հոգին։
Ուսուցման կազմակերպման մեջ կարևոր տեղ ունեն արտագնա պարապմունքները՝ այցելություն մշակութային, գիտական, արտադրական հաստատություններ՝ ոչ միայն Երևանում, բնության, պատմության, մշակույթի հուշարձաններ, քայլարշավ, հեծանվարշավ, վերելք-բարձունիքի նվաճում…
Մեր կրթական փորձը ցույց է տալիս, որ անձի ձևավորումը լիարժեք է միայն այն դեպքում, երբ ուսուցումը համակողմանի է և անընդհատ: Ուսուցման անընդհատությունը կրթահամալիրում ապահովում է ուսումնական 5-րդ շրջանը, որը համընկնում է հունիս-օգոստոսի ամիսներին: Այս ընթացքում շարունակվում են մեկը մյուսին հաջորդող ճամբարները, լրացուցիչ կրթությունը կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում:
Արատեսի շուրջտարյա դպրոցը բնության գրկում, հունիս-սեպտեմբերին գործող Արտանիշի լողափնյա վրանային ճամբարը, ուսումնական ճամփորդությունները և բազմօրյա ճամբարները սովորողներին հնարավորություն են տալիս իրենց ուսուցիչների, ընկերների հետ ոչ միայն սովորել-յուրացնել-հմտանալ, անցկացնել անմոռաց օրեր, ճանաչել հայրենիքը հյուսիսից հարավ, խնամել այն, այլև զարգացնում են ինքնուրույնություն, ինքնասպասարկման կարևոր հատկանիշներ։: Համաձայնեք, որ հայրենիքի ամեն մի անկյուն սիրում ես, երբ ճանաչում ես, երբ խնամում ես և այդ վայրերի հետ իրական հիշողություններ ունես ու ապրած կյանք:
Ճամբարների շարքում կարևոր տեղ ունի ռազմամարզականը, որ կրթահամալիրի Միջին դպրոցի 9-րդ, Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում ուսումնական պլանի բաղկացուցիչ է, ինչպես նաև արշավային ճամբարը՝ 3-8-րդ դասարաններում։
Կարևոր են նաև գյուղական ճամբարները, որոնք կազմակերպվում են կոնկրետ գյուղում, գործընկեր դպրոցի սովորողների հետ։ Երևանցի ճամբարականների գիշերակացը կազմակերպվում է հյուրընկալ ընտանիքներում: Սա տարբեր ընտանիքների, տարբեր կենցաղներով ապրող երեխաների համար հրաշալի միջոց է՝ ծանոթանալու, ընկերանալու, ընտանիքներով ևս կապեր հաստատելու:
Ճամբարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, բայց դրանք ունեն նաև շատ ընդհանուր կետեր, որովհետև հայրենագիտական, մարզական, քայլքի, բնապահպանական, նախագծային բաղադրիչները բոլորի համար պարտադիր են։ Բոլոր ճամբարներն ունեն նաև մեկ ընդհանուր նպատակ՝ գիտելիքը կապել իրական կյանքի, միջավայրի փոփոխության հետ, կրթել ուժեղ, ստեղծագործ,նախաձեռնող ու հայրենասեր քաղաքացի։
Այս ամենը միավորվում է կրթական պարտեզի գաղափարում։ Մեր կրթահամալիրի տարբեր դպրոցները տարածված են հարավարևմտյան թաղամասի տարբեր հատվածներում, և նրանց կապող ճանապարհները խնամվում ու մշակվում են հենց սովորողների և ուսուցիչների կողմից։ Այս կերպ թաղամասի ուսումնական հաստատությունները միավորվում են մեկ ամբողջական կրթական պարտեզի մեջ՝ թաղամասը դարձնելով համընդհանուր ներառական, հարմար նաև բնակիչների համար։ Կրթական պարտեզը ոչ միայն ապահովում է անվտանգ ու գեղեցիկ անցումներ դպրոցից դպրոց, այլև դարձնում է կրթությունը համայնքային կյանքի անբաժան մաս։
