Սկսենք պարզունակ թվացող մի հարցադրմամբ. ի՞նչ ենք հասկանում մասնագիտական կրթության որակ ասելով, ինչպե՞ս իմանանք. հասե՞լ է սովորողն այդ որակին, թե՞ ոչ։ Ի՞նչ պիտի կարողանա անել նա.
- գիտելիքները ցուցադրե՞լ,
- ուսումը շարունակել կրթական ավելի բա՞րձր աստիճանում,
- թե՞ լավ մասնագետ դառնալ և լավ աշխատել իր ոլորտում։
«Կա՛մ.. կա՛մ…», թե՞ «և՛… և՛…»։
Ահա այս հարցի պատասխանն են փորձել տալ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի պետական բարեփոխումները։
Առաջին անգամ փորձ է արվել պետական չափորոշիչների հիմքում դնել ոչ թե ավանդական ԳԿՀ-ն (գիտելիք-կարողություն-հմտություն), այլ դրանց սինթեզը՝ որպես վերջնարդյունք նկատի ունենալով կարողունակությունը՝ կոմպետենցիան։
Մասնագիտական կարողունակություն, այսինքն՝ այն գիտելիքները, որակները, ունակությունները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության համար, կոնկրետ մասնագիտական խնդիրների լուծման ընթացքում կիրառելու համար:
Իսկ սա նշանակում է, որ մենք ուսումնական ծրագրերը կազմելիս պետք է հաշվի առնենք ոչ միայն մասնագիտական գործունեության յուրահատկությունները, այլ նաև այսօրվա աշխատաշուկայի և գործատուների պահանջները։ Արդյո՞ք սովորողն ավարտելուց հետո կարող է իր տեղը գտնել աշխատաշուկայում և բավարար վաստակել։ Ահա այս գլխավոր մտահոգությանը պետք է պատասխան տան մասնագիտական կրթության ոլորտի նոր ծրագրերը, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումները։
Այն այսօր կոչվում է նոր՝ կարողությունների ձևավորմանը միտված ուսուցում և ուսումնառություն։ Այսինքն՝ մասնագիտական կրթության ծրագրերում ընդգրկված բոլոր բաղադրիչները, նույնիսկ ընդհանուր կարողություններին ու հմտություններին ուղղված դասընթացները, պետք է միասնաբար ծառայեն մեկ ընդհանուր նպատակին՝ մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Յուրաքանչյուր մասնագիտական խնդիր լուծելիս լավ մասնագետը համատեղում է տարբեր մասնագիտական առարկաների գիտելիքները: Մինչդեռ տարբեր առարկաների համար կազմված ծրագրերը հաճախ առանձին-առանձին և մասնատված գիտելիքներ են տալիս։ Այս խնդիրը չեն լուծում նույնիսկ մասնագիտական պրակտիկաները, քանի որ ժամանակային կտրվածություն կա տեսական ուսուցման և պրակտիկաների միջև։
Ելքը անցումն էր առարկայական ծրագրերից գործունեության ծրագրերի, որոնցում որպես վերջնարդյունք ձևակերպված կլինեն ոչ թե գիտելիքները, այլ մասնագիտական կարողությունները։
Այս մոտեցումն է այսօր դրված նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների և նոր պետական չափորոշիչների հիմքում։ Այս ուսումնական տարում կրթահամալիրի արհեստագործական ուսումնարանում և քոլեջում բոլոր մասնագիտությունների համար ուսումնական գործունեությունը սկսեցինք կազմակերպել այդ չափորոշիչների վրա հիմնված մոդուլային ուսուցման սկզբունքով։
Ուսումնառության մոդուլը ուսումնառության գործընթացի այն ծրագիրն է, որի արդյունքը պահանջվող կարողության ձեռքբերումն է: Մոդուլային ուսումնական ծրագրերը ի վերջո ձևավորվել են մասնագիտական առարկաների առանձին ծրագրերի համատեղման, ինտեգրման արդյունքում, որի նպատակն է նպաստել, որ սովորողը ձեռք բերի գործնական հմտություններ, անհրաժեշտ գիտելիքների ուսուցումը շաղկապելով գործնական կարողությունների ձևավորման հետ։
Ուսումնական միջավայրն այս պարագայում պետք է ունենա առավելագույն չափով աշխատատեղին համապատասխանեցված պայմաններ։ Իսկ ձեռքբերումները պետք է գնահատվեն կարողությունների մակարդակի հիման վրա։
Պետականորեն մշակված ուսումնական մոդուլները մենք փորձեցինք համատեղել թեմատիկ ուսումնական պլանների հետ՝ ստանալով մի տեսակ «սինթեզված» կրթական փաստաթուղթ, որը նաև աշխատանքի հետաքրքիր ուղեցույց կարող է լինել։
Այսպիսի մոտեցումով աշխատանքի արդյունքում կարծում ենք, որոշ ձեռքբերումներ ունեցել ենք։
Խմբագիր՝ Գայանե Թերզյան