«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Իմացումի հրճվանք» ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնելու անառարկայական ուսուցում: Սովորողն ազատ և անկաշկանդ է իր ուսումնական գործունեության մեջ: Նա ստեղծագործում, առանց վախենալու արտահայտում է իր կարծիքը, առաջարկություններ անում որևէ հարցի կամ գործունեության վերաբերյալ: Ուսումնական օրվա ընթացքում երեխան կարող է միաժամանակ ստեղծագործել, գրել, կարդալ, հաշվել, ձևավորել և նկարազարդել իր հորինած ստեղծագործությունը:
Կրտսեր դպրոցում հաճախ ենք կատարում բնագիտական փորձեր, որոնք դիտարկվում են որպես պարզագույն բնագիտական փորձերի շարք: Դրանք կարևոր են սովորողների մոտ տարրական հմտություններ ձևավորելու համար: Բնագիտական գործունեությունը չի կարող առանձնացվել երեխայի գործունեությունից, այն տարրալուծվում է ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ՝ կազմելով դրա բաղկացուցիչ մասը:
Այս ամենի ապացույցը դարձավ (և միշտ էլ այդպես է) մեր հերթական դասերից մեկը: Այդ օրը դասարանում կատարեցինք մի հետաքրքիր ու զվարճալի փորձ, որի համար անհրաժեշտ էին լայն բերանով ապակե շիշ, մի քիչ ընկույզ, մի քանի հատիկ չամիչ, 1 շիշ գազավորված ըմպելիք կամ 1 շիշ ջերմուկ:
Նշեմ, որ դասարանում էլեկտրոնային գրատախտակով ներկայացրի փորձի կատարման քայլերը, գործընթացը: Էլեկտրոնային գրատախտակով նյութի ներկայացումն ավելի հետաքրքիր և ուրախ մթնոլորտում ստացվեց:
Փորձի ընթացքում երեխաներն ինքնուրույն դիտարկումներ կատարեցին, գրանցեցին ընթացքն ու արդյունքները, ձևակերպեցին հարցեր, կատարեցին եզրահանգումներ այսպիսի հարցաշարերով կազմած թերթիկի վրա`
1. Փորձի համար անհրաժեշտ նյութեր.
2. Փորձի ընթացքի գրանցում, նկարագրում.
3. Ի՞նչ տեսար փորձի ժամանակ.
4. Ի՞նչ նկատեցիր.
5. Ի՞նչն էր զարմանալի, ինչից ի՞նչ ստացվեց.
6. Նոր բառեր, արտահայտություններ.
7. Վերջում ի՞նչ հասկացար:
Ներկայացնեմ երեխաների դիտարկումներից մի քանի օրինակներ՝
- Գազավորված ըմպելիքում ընկույզները չեն լուծվում, այլ մնում են վերևում, իսկ չամիչները նստում են շշի հատակին : (Վարդանյան Էլեն)
- Ընկույզը ավելի ծանր է, քան չամիչը: (Սերոբյան Արեգ)
- Գազավորված ըմպելիքը առանձնացնում է ընկույզին և չամիչին: (Մինասյան Մերի )
- Չամիչները թեթև են, իսկ ընկույզները՝ ծանր: (Առաքելյան Գոռ)
Փորձի գործընթացը նկարահանեցինք տեսախցիկով, նշեմ որ երեխաները լավ հմտացել են և կարողանում են ինքնուրույն նկարել տեսախցիկով կամ բջջային հեռախոսով : Արդյունքում բնագիտական համով փորձը դարձավ ուսումնական ֆիլմ: Հաջորդ քայլն այն էր, որ երեխաները առաջարկեցին փորձի վերաբերյալ իրենց հարցադրումները տեղադրել ֆիլմի վերջում, քանի որ ֆիլմը կարող է օգտագործվել որպես ուսումնական նյութ այլ դասարաններում կամ կրթական այլ տեղերում:
Հետո մեր բնագիտական փորձը գտավ իր շարունակությունը….
Եվ որպես նախաբան ուզում եմ ասել:
Կրթահամալիրում ռոդարիական օրեր էին, և մենք անցել էինք Ջ. Ռոդարիի հեքիաթներից մեկը «Պաղպաղակե ամրոցը» հեքիաթը , որը երեխաներին շատ էր դուր եկել: Փորձից հետո բավականին մեծ քանակությամբ ընկույզ և չամիչ էր մնացել, և երեխաները առաջարկեցին մնացած ընկույզից և չամչից պատրաստել ընկուզե կամ չամչե ամրոց և վերջում ուտել: Ամենահետաքրքիր պահն էր:
Լվացինք մեր ձեռքերը, վերցրինք սկուտեղները ( երեխաները բաժանվեցին խմբերի) և սկսեցինք ընկույզներից և չամիչներից կառուցել ամրոց կամ պալատ: Շատ հետաքրքիր էր անցնում այդ գործընթացը, յուրաքանչյուր խմբի մոտ ստացվում էր յուրօրինակ աշխատանք: Խմբային աշխատանքի ժամանակ երևում էր երեխաների անհատականությունը, տրամադրությունը: «Քաղցր ամրոցները» կառուցելուց հետո սկսեցինք երևակայել, ստեղծագործել՝օգտագործելով հետևյալ հնարքները՝
- Չամիչ կամ ընկույզ բառերով կազմեցինք նոր բառեր և բացատրեցինք այդ բառերը :
- Ի՞նչ կլիներ, եթե չամիչը դառնար ընկույզ կամ ընկույզը դառնար չամիչ :
- Մտածեցինք կազմել ընկույզին, չամչին հակառակ իմաստ ունեցող բառեր:
- Հորինեցինք ընկույզից, չամչից անսովոր աղցանների բաղադրատոմսեր, զվարճալի գովազդներ` պատրաստած քաղցր ամրոցի մասին:
- Փոքրիկ պատմություններ ընկուզաչամչե պալատների մասին:
Այդ աշխատանքը նույնպես նկարահանեցինք, և այն դարձավ ռոդարիական ֆիլմ:
Իմ կարծիքով մեր այս փոքրիկ նախագիծը համապատասխանում էր երեխաների հետաքրքրություններին, նախասիրություններին, նրանք միաժամանակ ստեղծագործում էին, դասավորում, ձևավորում, հորինում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողությունները: