Դասավանդողի աշխատանքի վերաիմաստավորումը սեբաստացիական միջավայրում
Ինչպես կրթությունն է շարունակական և երբեք չավարտվող գործընթաց, նույնն էլ մանկավարժությունն է։ Յուրաքանչյուր նոր ուսումնական տարի հանդիպում ես նոր սերնդի, նոր մտածողության և նոր տեղեկատվական միջավայրի։ Մեր մանկավարժությունը կառուցված է անհատի կրթական պատվերի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս տեսնելու յուրաքանչյուր սովորողի՝ որպես եզակի աշխարհի։ Մենք գործ ունենք տարբեր դաստիարակությամբ, տարբեր փորձով ու մշակութային միջավայրից եկած երեխաների հետ, ինչի արդյունքում կարիք է լինում նորից վերաիմաստավորելու մեր գործունեությունը։ Այս ճանապարհին դասավանդողը չի կարող աշխատել մեկ ընդհանուր սխեմայով․ նա մշտապես ընտրում է անհատական մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ և մոտեցումներ, որպեսզի կրթական պրոցեսը լինի կենսունակ, հասցեական և կենդանի։
Ժամանակակից կրթական իրականության մեջ փոփոխություններն այլևս չեն վերաբերում միայն ծրագրերին կամ գործիքներին։ Դրանք վերաբերում են դասավանդողի մտածողությանը, դիրքորոշմանը և նրա «դերի» վերաիմաստավորմանը։ Արհեստական բանականության արագ ներթափանցումը կրթություն ստիպում է կանգ առնել և հարց տալ՝ ինչպե՞ս պահպանել մանկավարժության էությունը մի միջավայրում, որտեղ պատասխանները հաճախ ավելի «արագ ենք ստանում», քան մտածելու գործընթացն է։ Ես հե՛նց այս հարցի շուրջ եմ աշխատել։
Մանկավարժական ճամբարը՝ որպես փորձի փոխանակման և ինքնակրթության բաց հարթակ
Մինչ բուն թեմային անցնելը, կարևոր է հասկանալ այն միջավայրը, որտեղ ծնվում են նման նախաձեռնությունները։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է յուրահատուկ մի երևույթ՝ մանկավարժական ճամբար։ Ճամբարներն այն շրջաններն են, երբ սովորողները հանգստանում են, սակայն դասավանդողների համար սկսվում է ակտիվ ինքնակրթության, քննարկումների և մասնագիտական վերելքի մի նոր փուլ։
Մեր դպրոցում ուսուցիչն անընդհատ զարգացող անհատ է, ով ունի իր հմտությունները կատարելագործելու բացարձակ ազատություն։ Ճամբարների ընթացքում կազմակերպվող սեմինարները հենց այն հարթակներն են, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ, ով ունի փոխանցելու արժեքավոր գիտելիք կամ հաջողված փորձ, ստանում է առաջնորդի դեր ստանձնելու հնարավորություն։ Սա մի գործընթաց է, որտեղ մենք սովորեցնում ենք միմյանց՝ նոր ձեռքբերումները դարձնելով հանրային և կիրառելի ողջ համայնքի համար։ Հենց այս համատեքստում ինձ հնարավորություն տրվեց անցկացնելու սեմինարների շարք՝ նվիրված արհեստական բանականությանը։
Անձնական փնտրտուքից դեպի մեթոդական նորարարություն
Իմ հետաքրքրությունն արհեստական բանականության (AI) հանդեպ սկսվեց սեփական աշխատանքս առավել արդյունավետ դարձնելու և կրտսեր դպրոցականների համար դասերն ավելի գրավիչ դարձնելու ցանկությունից։ Որպես անգլերենի դասավանդող և երկարացված օրվա կազմակերպիչ մի դպրոցում, որտեղ կրթությունը այլընտրանքային է և հեռու ստանդարտ կաղապարներից, ես մշտապես զգում էի թարմ ու ստեղծագործական գաղափարների կարիք։
Սկսեցի ChatGPT-ն կիրառել իմ ամենօրյա ուսումնական գործընթացում։ Այն դարձավ անփոխարինելի օգնական հատկապես երկրորդ դասարանցիների հետ աշխատանքում, որտեղ անհրաժեշտ է լեզվական նյութը մատուցել խաղերի, հեքիաթների և հետաքրքրաշարժ պատմությունների միջոցով։ Արհեստական բանականության օգնությամբ ես կարողանում էի վայրկյանների ընթացքում ստեղծել պարզեցված, բայց բովանդակալից տեքստեր, մշակել դերային խաղերի սցենարներ և ինտերակտիվ վարժություններ, որոնք խթանում են փոքրիկների անկաշկանդ հաղորդակցումը։ Տեսնելով, թե ինչպես է արհեստական բանականությունն օգնում ինձ կենտրոնանալու բուն մանկավարժական աշխատանքի վրա, ազատելով ինձ տեխնիկական և միօրինակ բեռից՝ ես որոշեցի այդ փորձը ներկայացնել գործընկերներիս։
Սեմինարների ընթացքը. վախերի հաղթահարում և համատեղ մտածողություն
Դասավանդողների հետ անցկացրած սեմինարներն ուղղված չէին մարդկանց նոր տեխնոլոգիաների հետ պարզապես ծանոթացնելուն։ Դրանք ստեղծված էին որպես մտածված և անվտանգ միջավայր, որտեղ դասավանդողը կարող էր ազատ արտահայտել կասկածը, անորոշությունը, նույնիսկ դիմադրությունը՝ առանց վախի։ Ինձ համար սկզբունքային էր, որ արհեստական բանականությունը չներկայացվի որպես պատրաստ լուծումների աղբյուր, այլ որպես վերլուծության, համեմատության և գիտակցված ընտրության գործիք։
Շատ դասավանդողների համար առաջին արձագանքը բնական էր՝ վախ, անվստահություն, զգուշավորություն․ «Իսկ եթե սա փոխարինի մեզ», «իսկ եթե երեխաները դադարեն մտածել», «իսկ եթե մենք չհասցնենք քայլել փոփոխությունների հետ»։ Այս հարցերը չշրջանցվեցին, ընդհակառակը՝ դրանք դարձան մեր աշխատանքի մեկնակետը։ Ես գիտակցաբար ընտրեցի ոչ թե պատրաստ պատասխաններ առաջարկելու, այլ համատեղ մտածելու ուղին։
Սեմինարների ընթացքում միասին ուսումնասիրում էինք, թե ինչ է անում ChatGPT-ն, որտեղ են դրա հնարավորությունները և սահմանները, ինչպես կարող է այն ծառայել ուսուցչին՝ առանց խանգարելու մանկավարժությանը։ Հարցումների նախագծումը (Prompt Engineering) ներկայացվեց ոչ որպես տեխնիկական հմտություն, այլ որպես կաղապար՝ ճիշտ հարց ձևակերպելու, առաջադրանքը նպատակային կառուցելու, ստացված արդյունքը քննադատաբար դիտարկելու կարողություն։ Այս գործընթացում արհեստական բանականությունն սկսեց ընկալվել ոչ թե որպես «խելացի մեքենա», այլ որպես մտածողության հայելի։
Շարժում դեպի նոր որակ
Աշխատանքի կարևոր փուլերից մեկը դարձավ այն պահը, երբ վախն սկսեց տեղի տալ հետաքրքրությանը։ Երբ դասավանդողներն սկսեցին տեսնել, որ արհեստական բանականությունը կարող է աջակցել դասի պլանավորմանը, տարբերակված առաջադրանքների մշակմանը, ինքնավերլուծությանը և ժամանակի կառավարմանը՝ առանց փոխարինելու իրենց փորձին ու ինտուիցիային։ Այդ պահին սկսվեց իրական աշխատանքը։
Սեմինար-հանդիպումը աստիճանաբար վերածվեց մասնագիտական քննարկման։ Դասավանդողներն սկսեցին կիսվել իրենց փորձերով, քննարկել հաջողված և անհաջող փորձարկումները, հարցեր տալ միմյանց։ Այստեղ դասավանդողը դասարանում միայնակ չէր։ Նա ուներ գործընկերներ, որոնց հետ կարող էր մտածել, վիճարկել, վերանայել և զարգանալ։
Կրթահամալիրի դերը և մասնագիտական ազատությունը
Այս ամբողջ գործընթացում առանցքային դեր ունի այն կրթական միջավայրը, որտեղ այս աշխատանքը հնարավոր է դառնում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դասավանդողին չի դիտարկում որպես պատրաստի մասնագետ, այլ որպես՝ «շարունակաբար զարգացող սուբյեկտ»։ Այստեղ դասավանդողին տրվում է ոչ միայն սովորելու հնարավորություն, այլ նաև սովորածը փորձարկելու, կիրառելու և կիսվելու իրավունք ու պատասխանատվություն։ Նոր գիտելիքը չի մնում անհատական մակարդակում, այլ դառնում է ընդհանուր քննարկման, համատեղ մշակման և տարածման նյութ։
Կրթահամալիրում ստեղծված մեխանիզմները՝ բաց սեմինարները, գործընկերային քննարկումները, փորձի ներկայացման հարթակները, թույլ են տալիս, որ յուրաքանչյուր ուսուցիչ դառնա ոչ միայն սովորող, այլ նաև գիտելիքի կրող և փոխանցող։ Սա ձևավորում է այնպիսի համակարգ, որտեղ նորարարությունը չի պարտադրվում վերևից, այլ ծնվում է ներսից՝ փորձի, քննարկման և «սխալվելու իրավունքի» միջոցով։
Իմ դերն այս գործընթացում սահմանափակված չէր տեղեկատվության փոխանցմամբ։ Ես ուղեկցող էի, միջավայր ձևավորող, մտածելու հնարավարություն տվող և խրախուսող, ինչը պահանջում է մշտական ինքնավերլուծություն, զգայուն հաղորդակցում և պատրաստակամություն․ որպես հավասար գործընկեր՝ պետք է լսեի դիմացինին։
Այս աշխատանքի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ արհեստական բանականությունը դադարեց ընկալվել որպես արտաքին կամ օտար գործիք։ Այն սկսեց դիտարկվել որպես մանկավարժական ռեսուրս, որը կարելի է օգտագործել գիտակցաբար և նպատակային։ Խոսքը դարձավ ոչ թե «ինչ չի կարելի», այլ «ինչպես է ճիշտ»։
Այս փորձառությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ իրական փոփոխությունը չի սկսվում տեխնոլոգիայից։ Այն սկսվում է մարդու վերաբերմունքից։ Երբ դասավանդողն իրեն զգում է անվտանգ, վստահված և գնահատված, նա պատրաստ է սովորելու, փորձելու և զարգանալու՝ անկախ տարիքից կամ փորձից։
Այս ճանապարհը շարունակական է, քանի որ կրթությունն ավարտվող գործընթաց չէ։ Այն մշտական շարժում է, որտեղ ամեն քայլը նոր հարց է ծնում։ Եվ եթե կա մի բան, որ այս աշխատանքն ինձ կրկին հիշեցրեց, այն է, որ կրթությունը չի սկսվում ծրագրից և չի ավարտվում գործիքով։ Այն սկսվում է մարդուց և շարունակում ապրել նրա մեջ։
