Թարգմանություն է Քեն Ռոբինզոնի բանավոր ելույթից` How to Escape Education’s Death Valley։ Այդ պատճառով կան որոշ խոսակցական լեզվին բնորոշ ձևակերպումներ: Չեն թարգմանվել միայն խոսելու պահին արված ձայնարկությունները և այլ ոչ այնքան անհրաժեշտ միջանկյալ բառերը:
Ամերիկա տեղափոխվեցի 12 տարի առաջ, իմ կնոջ` Թերիի և 2 երեխաների հետ: Երբ հասա այստեղ, ինձ տարբեր բաներ ասեցին, օրինակ. «Ամերիկացիները հումոր չունեն»: Դուք երբևէ հանդիպե՞լ եք այս մտքին: Դա ճիշտ չէ: Ես ճանապարհորդել եմ այս երկրի ամբողջ տարածքով և ես չեմ գտել որևէ վկայություն, որ ամերիկացիները հումոր չունեն: Դա նրանց մշակութային առեղծվածներից մեկն է, նման «Բրիտանացիները ներամփոփ են» մտքին: Չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդպես կարծում: Մենք ներխուժել ենք մեզ հանդիպած ցանկացած երկիր: Բայց ես հասկացա, որ ամերիկացիները հումոր ունեն, երբ հանդիպեցի այս օրենսդրական կարգախոսին` «Ոչ մի հետ մնացող երեխա», քանի որ հենց այդ կարգախոսն ինքը հումոր է։ Միլիոնավոր երեխաներ են հետ մնում. ես տեսնում եմ դա: Ո՞րն է ծրագիրը: Ես առաջարկում եմ կրթական մրցավազքից հետ թողնել միլիոնավոր երեխաների: Երկրի որոշ մասերում երեխաների 60%-ը դուրս է մնում ավագ դպրոցից: Բնիկ ամերիկացիների համայնքներում դա կազմում է երեխաների 80%-ը: Բայց սա սառցաբեկորի միայն վերին հատվածն է: Այն բոլոր երեխաները, որոնք ավագ դպրոցում են, ներգրավված չեն ուսումնական գործընթացում, չեն վայելում դա և որևէ իրական օգուտ չեն ստանում դրանից: Եվ դրա պատճառն այն չէ, որ մենք բավականաչափ գումար չենք ծախսում: Ամերիկան կրթության վրա ավելի շատ է ծախսում, քան շատ ուրիշ երկրներ: Դասարաններն ավելի փոքր են, քան շատ այլ երկրներում, և ամեն տարի կրթությունը բարելավելու հարյուրավոր նախաձեռնություններ են լինում: Բանն այն է, որ ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում: 3 սկզբունք կա, որի հիման վրա զարգանում է մարդու կյանքը, և այդ սկզբունքները հակասության մեջ են կրթության մշակույթի հետ, որով ուսուցիչների մեծ մասն ստիպված է աշխատել, սովորողների մեծամասնությունն էլ ստիպված է դիմանալ այդ ամենին:
Առաջին սկզբունքն այն է, որ մարդ արարածներն էությամբ տարբեր են և բազմազան:
Կարո՞ղ եմ հարցնել, թե ձեզնից քանիսն ունեն իրենց սեփական երեխաները կամ թոռները: Ես ձեզ հետ գրազ կգամ և լիովին վստահ եմ, որ կշահեմ այդ գրազը. եթե 2 կամ ավելի երեխա ունեք, ապա նրանք լիովին տարբեր են իրարից, այդպես չէ՞: Դուք նրանց երբեք չեք շփոթում, չէ՞: Իսկ «Ոչ մի հետ մնացող երեխա» կարգախոսով կրթությունը հիմնված է համապատասխանության, այլ ոչ թե բազմազանության վրա: Հիմա դպրոցների պարտականությունն է պարզել, թե ինչ կարող են անել բոլոր երեխաները միասին ուսումնական գործունեության նեղ սպեկտրում`այսպես կոչված «կարևոր» ուսումնական առարկաների մասով: Ես այստեղ չեմ եկել մաթեմատիկայի և բնագիտական առարկաների դեմ վիճելու համար: Այդ առարկաները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Իսկական կրթությունը պետք է հավասարաչափ ուղղված լինի նաև արվեստին, հումանիտար առարկաներին և մարմնակրթությանը:
Հաշվարկված է, որ Ամերիկայում երեխաների 10%-ը ներկա պայմաններում ունի «ուշադրության պակաս» ախտորոշումը: Չեմ կարծում, որ համաճարակ է. եթե երեխաներին ժամերով նստեցնեք և ստիպեք, որ ստեղծականություն չպահանջող գրասենյակային աշխատանք անեն, ապա մի´ զարմացեք, որ նրանք սկսեն անհանգիստ շարժումներ անել: Երեխաները, մեծ հաշվով, հոգեբանական իրավիճակներից չեն տառապում: Նրանք տառապում են իրենց մանկությունից: Եվ դա գիտեմ, որովհետև ես էլ իմ կյանքի վաղ շրջանը որպես երեխա եմ անցկացրել: Ես այդ ամենի միջով անցել եմ: Երեխաները լավագույնս առաջադիմում են, բացվում են ավելի ընդգրկուն ուսումնական պլանի դեպքում, որը միտված է վերհանելու բազմազան ընդունակություններ, այլ ոչ թե դրանց մի փոքրիկ մասը: Ի դեպ, արվեստի տեսակները միայն մաթեմատիկայի գնահատականները բարելավելու համար չեն կարևոր: Դրանք կարևոր են, որովհետև առնչվում են երեխաների էության այն մասերին, որոնց անհաղորդ են լինում սովորական «կարևոր» առարկաները:
Երկրորդ սկզբունքը, որն առաջ է մղում մարդու կյանքի զարգացումը, հետաքրքրությունն է: Եթե երեխայի մեջ կարողանաք վառել հետաքրքրասիրության կայծը, նրանք կսովորեն առանց լրացուցիչ օգնության, և դա կանեն ավելի հաճախ: Երեխաներն էությամբ սովորող են: Իրական ձեռքբերում է այդ կարողությունն աշխատեցնելը, իսկ մյուս կողմից` ձախողում, եթե խեղդենք այդ կարողությունը: Հետաքրքրասիրությունը հաջողության շարժիչ ուժն է, և հենց այդ պատճառով էլ մեր կրթական մշակույթի արդյունավետ միջոցը պետք է լինի ուսուցիչների ապամասնագիտացումը: Աշխարհի ոչ մի կրթական համակարգ կամ դպրոց չի կարող այդ համակարգի կամ դպրոցի դասավանդողից ավելի լավը լինել: Դասավանդողները դպրոցների հաջողության փրկարար նավակներն են: Բայց դասավանդումը ստեղծագործական մասնագիտություն է, որը ճիշտ է ընկալվում, եթե չի դիտվում որպես գիտելիքներ առաքող համակարգ: Դասավանդողը դասարան չի մտնում` իր ստացած տեղեկությունը փոխանցելու: Մեծ մանկավարժներն իհարկե անում են դա, բայց նրանք նաև մենթորություն են անում, ներգրավում են գործունեության մեջ, խթանում են սովորելը: Ի վերջո, կրթությունը հենց սովորելն է: Կրթությունը չկա, եթե սովորելու գործընթացը չկա: Մինչդեռ, կան մարդիկ, ովքեր կարող են երկար ժամանակ ծախսել քննարկելով կրթությունը`չքննարկելով սովորելը: Կրթության ամբողջ իմաստը մարկանց սովորելու դրդելն է:
Իմ փիլիսոփա հին մի ընկեր հաճախ էր խոսում անելիքի, պարտականության և ձեռքբերման հասկացությունների տարբերության մասին: Մարդ կարող է ներգրավված լինել ինչ-որ գործունեության մեջ, բայց իրականում ոչ մի ձեռքբերում չունենալ: Դա նման է դիետա պահելուն, երբ իրականում չես էլ նիհարում: Դասավանդումն էլ է դրա նման: Կարող եք ասել. «Դեբորան այնտեղ է, 34-րդ սենյակում: Նա դասավանդում է»: Բայց եթե ոչ ոք ոչինչ չի սովորում այնտեղ, նա դասավանդում չի իրականացնում, այլ պարզապես ներգրավված է դասավանդում անելու պարտականության մեջ: Դասավանդողի դերը սովորելը հեշտացնելն է: Դա է ամբողջը:
Խնդրի մի կողմն էլ այն է, որ մերօրյա կրթական առաջնային մշակույթը կենտրոնացած է ոչ թե դասավանդման ու առավել ևս սովորելու վրա, այլ գիտելիքների ստուգման` թեստավորման վրա: Հիմա կարևոր է թեստավորումը: Չափորոշիչներին համապատասխանեցված թեստերն ունեն իրենց տեղը, բայց չի կարելի դրանք կրթական առաջնային մշակույթ դարձնել: Դրանք պետք է ախտորոշիչ լինեն: Դրանք պետք է օգնեն մեզ այնպես, ինչպես օգնում են մեզ բժշկական հետազոտության թեստերը: Եթե բուժզննության գնամ, կարիք կլինի, որ ստուգվեմ որոշ թեստերով, օրինակ, երբ ուզում եմ իմանալ, թե արդյո՞ք իմ խոլեստերինի մակարդակը համապատասխանում է նորմային:
Կրթությունը կոչված է իրականացնելու սովորելու գործընթացը, այլ ոչ թե ստուգելու: Այն չպետք է արգելափակի սովորելու ճանապարհը, ինչպես հաճախ անում է: Այնինչ հետաքրքրության փոխարեն մեր ստացածը անտարբերությունն է: Մեր երեխաներին և ուսուցիչներին ավելի շուտ քաջալերում են, որ հետևեն կաղապարային ալգորիթմներին` փոխանակ երևակայության ու հետաքրքրասիրության կրակը բոցավառելու:
Երրորդ սկզբունքն այն է, որ մարդկային կյանքը բացառապես ստեղծական է: Դա է պատճառը, որ մենք բոլորս տարբեր կենսագրություններ ունենք: Մենք ստեղծում ենք մեր կյանքերը: Ահա թե ինչու է մարդկային մշակույթն այդքան հետաքրքիր, բազմազան ու դինամիկ: Միգուցե այլ կենդանիներն էլ ունեն երևակայություն և ստեղծագործականություն, բայց նրանցն այդքան վառ արտահայտված չէ, որքան մերը: Պատահե՞լ է, որ ձեր շունը ընկճված լինի և մի շիշ գարեջրով նստի լուսամուտի առջև ու հայացքն ուղղի դեպի դուրս։ Ու երբ նրան ասեիք. «Կցանկանայի՞ր դուրս գնալ զբոսանքի», նա պատասխանե. «Չէ, մենակ գնա, ես այստեղ կսպասեմ»:
Մենք բոլորս ստեղծում ենք մեր կյանքը` տարբեր այլընտրանքներ և հնարավորություններ երևակայելով, և այս հարափոփոխ գործընթացում կրթության դերը ստեղծականության արթնացնումն ու զարգացումն է: Բայց դրա փոխարեն մեր ունեցածը կրթական մշակույթի ստանդարտացումն է: Այդպես չպետք է լինի:
Ֆինլանդիան կանոնավոր կերպով միշտ առաջինն է լինում մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից և ընթերցումից, բայց նրանք միայն այս առարկաներով չեն սահմանափակվում: Նրանք շատ լայն մոտեցում ունեն կրթությանը, որը ներառում է հումանիտար առարկաները, մարմնակրթությունը, արվեստի տեսակները: Ֆինլանդիայում չկա ստանդարտացված թեստավորում: Դե, մի քիչ կա, բայց դա այն չէ, ինչը նրանց հանում է անկողնուց: Դա այն չէ, ինչը նրանց գրասեղանի մոտ է պահում: Վերջերս մի հանդիպմանն էի մասնակցում Ֆինլանդիայից եկած մարդկանց հետ, այո, հենց Ֆինլանդիայից։ Ամերիկյան կրթական համակարգի ներկայացուցիչը նրանց այսպիսի հարց տվեց. «Ի՞նչ միջոցներ եք կիրառում Ֆինլանդիայում ավագ դպրոցի կրթական համակարգից դուրս մնացած երեխաների նկատմամբ», և նրանք բոլորը մի փոքր շփոթված մտածեցին ու պատասխանեցին. «Մենք այդպիսի մի դեպք էլ չունենք: Ինչո՞ւ պպիտի դուրս մնան: Եթե մարդը խնդիր ունի, մենք բավականին արագ հասնում ու օգնում ենք նրան»:
Մարդիկ ասում են. «Դե, գիտեք, հնարավոր չէ Ֆինլանդիան համեմատել Ամերիկայի հետ: Ո՛չ: Ֆինլանդիայում բնակչության թիվը մոտ 5 մլն է: Կարող եք այդ երկիրը համեմատել Ամերիկայի մի նահանգի հետ: Ամերիկայում շատ նահանգներ ավելի քիչ բնակչություն ունեն: Ես նկատի ունեմ այն, որ եղել եմ Ամերիկայի որոշ նահանգներում, որտեղ միակ մարդն եմ եղել: Իրոք, իրոք, ինձ էլ խնդրել են դուրս գնալիս կողպել դուռը: Ընդհանրացնելով` պետք է ասեմ, որ ժամանակակից աշխարհի բարձր արդյունավետություն ունեցող կրթական համակարգերում դասավանդելը և սովորելը անհատականացվում են, ինչը, ցավոք չի իրականացվում ամերիկյան կրթական համակարգում: Նրանք համարում են, որ սովորողներն են սովորում։ Նրանց է պետք է ներգրավել` իրենց հետաքրքրություններով, անհատականություններով և ստեղծականությամբ. ահա թե ինչ պետք է անել, որպեսզի սովորողը սովորի:
Երկրորդն այն է, որ նրանք շատ մեծ տեղ են տալիս «դասավանդում» մասնագիտությանը: Նրանք գիտակցում են, որ հնարավոր չէ բարելավել կրթությունը, եթե հզոր ներուժ ունեցող մարդկանց չներգրավեն դասավանդման մեջ և եթե անընդհատ նյութապես չսատարեն նրանց ու չհոգան նրանց մասնագիտական զարգացման կարիքները: Մասնագիտական զարգացման մեջ ներդրումը ծախս չէ, իրոք ներդրում է, և դա գիտի հաջողություն ունեցող յուրաքանչյուր երկիր, լինի դա Ավստրալիան, Կանադան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկ-Կոնգը կամ Շանհայը: Նրանք գիտեն, որ հենց դա է կարևոր գործը:
Երրորդն այն է, որ նրանք կրթական գործի պատասխանատվությունը թողնում են դպրոցի մակարդակի վրա: Հասկանո՞ւմ եք, կրթության գործում շատ կարևոր է` դո՞ւ ես կարգադրում ինչ անել, թե՞ վերահսկում ես: Նահանգային կառավարությունները որոշում են, որ իրենք ամենալավը գիտեն ամեն ինչ և կարգադրում են ինչ անել: Խնդիրն այն է, որ կրթությունը մեր օրենսդիր մարմինների կոմիտեների աշխատասենյակներում ու շենքերում չի իրականացվում: Այն կատարվում է դասարաններում, դպրոցներում, և մարդիկ, ովքեր իրականացնում են դա, դասավանդողներն են ու սովորողները, և եթե դուք հանում եք որոշելու գործառույթը նրանց հայեցողությունից, այն կդադարի գործելուց: Կրթության մասին որոշումները պետք է կրթությունն իրականացնողներն ընդունեն:
Այս երկրում հրաշալի գործեր կատարվում են, բայց ես ստիպված եմ ասել, որ դա կատարվում է ի հակասություն երկրում ընդունված առաջնային կրթական մշակույթի և ոչ թե դրա շնորհիվ: Դա նման է առագաստանավով քամու հակառակ ուղղությամբ անընդհատ նավարկելուն: Եվ պատճառը, իմ կարծիքով, սա է. մերօրյա կրթական քաղաքականություններից շատերը հիմնված են կրթության մեխանիկական ըմբռնումների վրա: Նրանք նմանեցնում են կրթությունը արդյունաբերական գործընթացին, որը հնարավոր է լավացնել` ունենալով ավելի լավ տվյալներ, և ես կարծում եմ, որ այդ քաղաքականություն կերտողներն իրենց հոգու խորքում կարծում են, որ եթե մենք այդ ունեցած տվյալները բավականաչափ լավ օգտագործենք ու ճիշտ ուղու վրա դնենք, ապա այն սահուն կերպով կփոխանցվի ապագային: Այդպես երբեք չի եղել ու չի էլ լինի: Բանն այն է, որ կրթությունը մեխանիկական համակարգ չէ: Դա մարդկային համակարգ է: Դա մարդկանց մասին է, մարդկանց, ովքեր կա´մ ուզում են սովորել, կա´մ չեն ուզում: Յուրաքանչյուր սովորող, որ դուրս է մնում դպրոցից, դրա համար իր ուրույն պատճառն ունի, որի արմատները ճյուղավորվել են նրա կենսագրության մեջ: Գուցե նրանց համար կրթությունը ձանձրալի է: Գուցե դա նրանց անտեղի է թվում: Միգուցե կարծում են, որ կրթությունը որևէ կապ չունի դպրոցի պատերից դուրս իրենց ապրած կյանքի հետ:
Կան ընդհանուր ուղվածություններ, բայց կյանքի պատմությունները միշտ եզակի են: Լոս-Անջելոսում մի հանդիպման էի մասնակցում, որտեղ քննարկվեցին կրթական այլընտրանքային ծրագրեր: Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են երեխաներին հետ բերելու դեպի կրթություն: Այս ծրագրերը որոշակի ընդհանուր հատկանիշներ ունեն: Նրանք շատ անհատականացված են: Այս ծրագրերում մեծ տեղ է տրված դասավանդողներին հատկացվող աջակցությանը, համայնքի հետ սերտ կապերին և դասավանդվող առարկաների լայն սպեկտրով ուսումնական պլաններին: Սրանք այնպիսի ծրագրեր են, որոնք կարող են ներգրավել դպրոցից դուրս մնացած երեխաներին: Եվ այս ծրագրերը աշխատում են: Ինձ համար հետաքրքիր է, որ այս ծրագրերը կոչվում են «Այլընտրանքային կրթական ծրագրեր», իսկ ակներև է, որ եթե մենք բոլորս այդ ծրագրերով աշխատեինք, ապա այլընտրանքի կարիքը չէր լինի: Իմ կարծիքով, պետք է մեկ այլ մականուն տանք: Մենք պետք է ընդունենք, որ դա ոչ թե այլընտրանքային, այլ մարդկային ծրագիր է, որտեղ պայմաններ կան, որոնց առկայությամբ մարդիկ բացվում են ու ծաղկում: Մենք, ի վերջո, օրգանական էակներ ենք, և դպրոցի մշակույթը բացարձակ կարևորություն ունի: Մշակույթը օրգանական տերմին է, այդպես չէ՞:
Իմ բնակավայրից ոչ շատ հեռու Մահվան հովիտն է: Մահվան հովիտը Ամերիկայի ամենաշոգ ու ամենաչոր վայրն է, և ոչինչ չի աճում այնտեղ: Այնտեղ ոչինչ չի աճում, որովհետև անձրև չի գալիս: 2004 թվականի ձմռանը Մահվան հովտում անձրև եկավ: Կարճ ժամանակահատվածում մոտ 7 դյույմ (25 սմ-ի չափ) տեղումներ եղան, և 2005 թվականի գարնանը զարմանահրաշ մի երևույթ տեղի ունեցավ. որոշ ժամանակ Մահվան հովտի ամբողջ մակերեսը ծածկվեց թարմ ծաղիկների գորգով: Այդ երևույթն ապացուցեց, որ Մահվան հովիտը մեռած չէ: Նա միայն քնած է: Հովտի մակերեսի տակ իրենց օրգանական համակարգերով հնարավորությունների սերմերն են սպասում ծլարձակելու համար նպաստավոր պայմաններին, և եթե այդ պայմանները լինեն, կյանքն անխուսափելի կլինի: Միշտ այդպես է լինում: Վերցրեք մի տարածք, դպրոց, վարչական շրջան և փոխեք պայմանները, տվեք մարդկանց այլ հնարավորություններ, այլ ակնկալիքմներ, հնարավորությունների ավելի լայն սպեկտր, փայփայեք և արժևորեք դասավանդող-սովորող հարաբերությունները, մարդկանց տվեք ստեղծագործական և նորարար լինելու հայեցողությունը այն գործում, ինչ որ անում են, և դպրոցները, որոնք մի ժամանակ անկենդան էին թվում, կվերակենդանանան:
Ազգային, պետական, դպրոցական մակարդակներով կրթության կազմակերպումը երբեք ու երբեք չի կարող լինել կարգադրությամբ և վերահսկումով: Կրթության կազմակերպիչի իսկական դերը պետք է լինի հնարավորությունների կլիմայի, մթնոլորտի ստեղծումը:
Անգլերենից թարգմանեց անգլախոսների ակումբը`
Հովհաննես Ալեքյան
Սևակ Սերգեյան
Լուսինե Սահակյան
Դավիթ Նիկողոսյան
Լիլիթ Մելքոնյան
Լարիսա Սիմոնյան
Վեներա Առաքելյան
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան