Սկիզբը

Ուսուցիչն ասում է .

Այսուհետ և առաջիկա մի քանի հարյուր տարիների ընթացքում տիեզերքը բոյկոտելու է բոլոր կանխակալ գաղափարները: Երկրի էներգիան պետք է թարմացվի: Նոր գաղափարներին տարածություն է հարկավոր: Մարմինը և հոգին նոր փորձությունների կարիք ունեն: Ապագան բախում է մեր դուռը, և բոլոր գաղափարները, բացի նրանցից, որոնք հիմնված են կանխակալ կարծիքների վրա, շանս կունենան ի հայտ գալու: Ինչը կարևոր է, կմնա, ինչը՝ անպետք, կանհետանա: Բայց մի’ դատեք ուրիշներին իրենց համոզմունքների համար: Մենք իրավունք չունենք քննելու ուրիշների երազանքները: Քո սեփական ճանապարհով հավատով գնալու համար կարիք չկա ապացուցելու, որ ուրիշի ճանապարհը սխալ է: Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:

Կյանքը նման է հեծանվային մեծ վազքի, որի նպատակը սեփական Անհատական ճակատագրով ապրելն է: Մեկնագծի վրա մենք միասին ենք՝ համախոհ և խանդավառ: Բայց վազքը սկսելուն պես նախնական ուրախությունն ընկրկում է խնդիրների՝ ուժասպառության, միօրինակության, ընդունակությունների հանդեպ կասկածանքի առաջ: Մենք ուշադրություն ենք դարձնում, որ որոշ ընկերներ հրաժարվել են խնդիրներն ընդունելուց, և նրանք դեռ մրցավազքի մեջ են միայն այնքանով, որ չեն կարող ընդհատել վազքը ճանապարհի կեսին: Նրանք բավականին շատ են: Նրանք առաջ են ընթանում աջակցության մեքենայի հետ, հարաբերվում են միայն իրար միջև, և նրանց առաքելությունն ավարտված է: Մենք սկսում ենք առաջ անցնել նրանցից, հետո մնում ենք միայնակ, մեզ նոր անակնկալներ են մատուցում անծանոթ ճանապարհները, խնդիրներ են առաջանում հեծանվի հետ: Մենք հոգնում ենք ու հարցնում ինքներս մեզ՝ իմաստ ունե՞ն այս ջանքերը: Այո’, իմաստ ունեն: Մի’ հանձնվեք:

Ուսուցիչն ու իր աշակերտն անցնում են Սաուդյան Արաբիայի անապատով: Ուսուցիչը իրենց ճամփորդության ամեն պահը օգտագործում է, որ հավատ ուսուցանի նորեկին:
-Հավատա’ Աստծուն, — ասում է նա: — Աստված երբեք չի լքում իր զավակներին:
Երեկոյան ճամբարում ուսուցիչը խնդրում է, որ աշակերտը ձիերը կապի մոտակա քարից: Աշակերտը մոտենում է քարին ու հիշում, թե ինչ է ասել իրեն ուսուցիչը:
-Հավանաբար ստուգում է ինձ, — մտածում է նա: — Ես պետք է Աստծո հոգածությանը թողնեմ ձիերին:

Նա ձիերին թողնում է առանց կապելու: Առավոտյան աշակերտը տեսնում է, որ ձիերը անհետացել են: Բողոքական կեցվածքով վերադառնում է ուսուցչի մոտ:
-Դուք ոչինչ չգիտեք Աստծո մասին, — բացականչում է նա: — Ես ձիերին թողեցի Նրա հոգածությանը, և այժմ կենդանիները կորել են:
-Աստված կամենում էր հոգալ ձիերի մասին, — ասաց ուսուցիչը, — բայց որպեսզի նրանց կապեր, հարկավոր էին քո ձեռքերը:

-Շատ հնարավոր է, որ Հիսուսը մի քանի առաքյալների ուղարկել է դժոխք, որպեսզի հոգիներ փրկի, — ասաց Ջոնը: — Անգամ դժոխքում ամեն ինչ կորած չէ:
Այս միտքը զարմացրեց ճանապարհորդին: Ջոնն աշխատում է Լոս-Աանջելեսի հրշեջ ծառայությունում, և այսօր նրա հանգտյան օրն է:
-Ինչո՞ւ դա ասացիք, — հարցրեց ճանապարհորդը:
-Որովհետև ես Երկրի վրա անցել եմ դժոխքով: Ես մտնում եմ այրվող տներ և տեսնում ելք գտնելու հույսը կորցրած մարդկանց ու հաճախ ռիսկի եմ դիմում, որպեսզի փրկեմ նրանց: Ես այս ահռելի տիեզերքի մի փոքրիկ մասնիկն եմ, բայց որպես հերոս պիտի գործեմ այն բազում հրդեհներում, որոնց դեմ կռիվ եմ տալիս: Եթե ես՝ ոչինչս, կարող եմ այդպիսի բաներ անել, ապա պատկերացրեք՝ ինչեր կարող էր անել Հիսուսը: Ես չեմ կասկածում, որ նրա առաքյալներից մի քանիսը սողոսկել են դժոխք և այնտեղ հոգիներ են փրկում:

Ուսուցիչն ասաց.
-Պրիմիտիվ քաղաքակրթություններից շատերում սովորություն կա իրենց մեռյալներին թաղելու սաղմի դիրքով:
-Նա նորից կծնվի մի ուրիշ կյանքում, և մենք պարտավոր ենք նրան դնել այն դիրքով, որով նա այս աշխարհ է եկել, — ասում են նրանք: Այս քաղաքակրթությունների համար մահը հերթական մի քայլ է տիեզերական աստիճաններով:
Աշխարհն աստիճանաբար կորցրել է մահվան հանդեպ իր խաղաղ ընկալումը: Բայց կարևոր չէ, թե մենք ինչ ենք մտածում կամ ինչ ենք անում, և կամ ինչին ենք հավատում. մեզանից յուրաքանչյուրը մի օր կմեռնի: Ավելի լավ է վարվել այնպես, ինչպես վարվում են Յակվի կոչվող ցեղախմբի ծեր հնդկացիները. վերաբերվել մահվանը որպես խորհրդատուի: Միշտ հարցրեք. «Ի՞նչ եմ մտադիր անել ես մինչ իմ մահը»:

Կյանքը միայն քո խորհուրդներ տալը կամ ընդունելը չէ: Եթե մեզ օգնություն է պետք, ապա ավելի լավ է ուշադիր նայել, թե ուրիշներն ինչպես են լուծում կամ չեն լուծում իրենց խնդիրները: Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն: Բայց դա սովորաբար հասու է դառնում մեզ մի պատահական ճանապարհի, հիմնականում այն պահին, երբ հոգսերը թույլ չեն տալիս մեզ տեսնելու կյանքի հրաշքը, չնայած մենք շատ ուշադիր ենք: Մենք պիտի հնարավորություն տանք մեր հրեշտակին խոսելու այն եղանակով, որը նա ավելի լավ գիտի, երբ մտածում է, որ դա պետք է:

Ուսուցիչն ասում է.
-Խորհուրդը կյանքի տեսական կողմն է, իսկ կյանքի գործնական կողմը սովորաբար բոլորովին ուրիշ է:

«Խարիզմատիկ վերականգնում» շարժման աբբահայրերից մեկը ավտոբուսով գնում էր Ռիո դե Ժանեյրո, երբ հանկարծ ձայն լսեց, որն իրեն հրահանգում էր, որ կանգնի ու հենց այդտեղ քարոզի Աստծո խոսքը: Աբբահայրը սկսեց վիճել ձայնի հետ՝ ասելով. «Նրանք կմտածեն, որ ես խենթ եմ: Քարոզի համար սա հարմար տեղ չէ»: Բայց ձայնը պնդում էր, որ նա պետք է բարձրաձայն և հստակ խոսի մարդկանց հետ:

-Ես անհամարձակ մարդ եմ, աղաչում եմ, մի’ խնդրիր դա ինձանից, — աղերսում էր նա:
Ներքին ձայնը համառում էր: Ապա նա հիշեց իր խոստումը՝ ընդունել Քրիստոսի բոլոր մտքերը: Նա դժվարությամբ ելավ և սկսեց Ավետարանից հատվածներ ընթերցել: Ուղևորները լուռ լսում էին նրան: Աբբահայրը նայում էր նրանց, իսկ նրանք բոլորն ակնդետ նայում էին աբբահորը: Նա ասաց, ինչ որ զգում էր, ապա ավարտեց քարոզը ու նստեց: Մինչև այսօր էլ նա չգիտի, թե ինքը այդ օրը ինչ խնդիր էր լուծում: Բայց որ այդ պահին ինքը ինչ-որ առաքելություն էր իրականացնում, նա դա հաստատ գիտի:

Աֆրիկացի մի հեքիմ աշակերտի հետ անցնում էր ջունգլիներով: Չնայած իր ծերությանը՝ նա շատ արագ էր գնում, այնինչ երիտասարդ աշակերտը շատ անգամ էր ընկնում: Մոնթը ելնում է, կռվում, թքում դավաճան հողին և շարունակում հետևել իր ուսուցչին: Երկար ճանապարհից հետո նրանք հասնում են սուրբ վայրը: Բայց հենց կանգ են առնում, հեքիմը շրջվում է և վերադառնում այնտեղ, որտեղից սկսել են ճամփորդությունը:

-Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք, — հայտարարում է նորեկը հերթական անգամ գետին տապալվելուց հետո:
— Ես քեզ մի բան սովորեցրի, բայց դու դա չիմացար, — ասում է հեքիմը: Ես ջանում եմ սովորեցնել քեզ գործ ունենալ կենսական սխալների հետ:
-Ու ես ինչպե՞ս պետք է վարվեմ դրանց հետ:
-Այնպես, ինչպես քո՝ գետին տապալվելու հետ, — պատասխանեց հեքիմը: — Փոխանակ ընկած տեղդ անիծելու՝ դու, ավելի լավ է, փորձես պարզել, թե ինչն է քեզ ընդհանրապես հարկադրում ընկնել:

Սցետի մենաստանի վանահորը մի օր մի ճգնավոր էր այցելության եկել:

-Իմ հոգևոր խորհրդատուն չգիտի՝ ինչպես ուղղորդի ինձ, — ասաց ճգնավորը: — Պե՞տք է արդյոք, որ ես լքեմ նրան:

Վանահայրը ոչինչ չասաց, և ճգնավորը անապատ վերադարձավ: Մի շաբաթ անց կրկին եկավ այցելելու վանահորը:

— Իմ հոգևոր խորհրդատուն չգիտի՝ ինչպես ուղղորդի ինձ, — կրկնեց նա: — Ես որոշել եմ լքել նրան:

-Իմաստուն որոշում ես կայացրել, — ասաց վանահայրը: — Երբ մարդը զգում է, որ իր հոգին դժգոհ է, նա չի կարող խորհուրդ հարցնել: — Կյանքում քո հետագա առաջընթացի համար ինքնուրույն որոշում կայացնելը շատ կարևոր է:

Մի երիտասարդ կին եկավ ճանապարհորդին այցելության:

-Ես ուզում եմ Ձեզ մի բան պատմել, — ասաց նա: — Ես միշտ հավատացել եմ, որ բուժելու ձիրք ունեմ: Բայց համարձակությունս չի ներել, որ ինչ-որ մեկի վրա փորձեմ դա: Մինչև վերջերս իմ ամուսնու ձախ ոտքը ուժեղ ցավում էր, և ոչ ոք չկարողացավ նրան օգնել: Ես մի քիչ դժվարությամբ որոշեցի՝ ձեռքս դնեմ ոտքին և խնդրեմ, որ ցավն անհետանա: Ես դա արեցի առանց լրջորեն հավատալու, որ ընդունակ եմ օգնելու նրան, և երբ այդպես վարվեցի, լսեցի նրա աղոթքը.

-Աստվա’ծ ջան, խնդրում եմ, իմ կնոջը ընդունակ դարձրու՝ Քո լույսի և Քո ուժի ջահակիրը լինելու:
Ձեռքս սկսեց տաքանալ, և ցավն անցավ: Հետո ես հարցրի նրան, թե ինչու էր այդպես աղոթում: Նա պատասխանեց, որ իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու: Այսօր այդ խոսքերի շնորհիվ ես ընդունակ եմ բուժելու:

Թարգմանությունը ռուսերենից

Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով