Տարատարիք խմբեր նախակրթարանում
Մեր կրթահամալիրի պարտեզային խմբերը սկսել են աշխատել տարատարիք խմբերով: Առաջին հայացքից դժվար է թվում աշխատանքը նման խմբերում, սակայն աշխատանքային փորձը այլ բան է ցույց տալիս:
Իմ խումբը մսուրային էր: Առաջին տարին, երբ այն բացվեց, խմբի երեխաների մեծամասնության խոսքը դեռ ձևավորված չէր, մի քանիսն էլ կիսատ-պռատ էր խոսում: Ստացվում էր այնպես, որ «չխոսողներով» հավաքվել էին մի տեղում ու պիտի խոսել «սովորեին»: Եվ ոչ միայն խոսել: 2 տարեկանները մեկուսացվել էին՝ իրենց կենսաբանական և կենցաղային խնդիրներով: Դաստիարակն ու օգնականը շատ «քիչ են», մի քիչ էլ օտար: Բոլոր խնդիրների լուծումները մնացել էր այդ փոքր խմբի վրա՝ սկսած կոշիկի թելերը կապելուց մինչև խոսելը, բառ արտասանելը, խոսքի զարգացումը:
Այս դեպքում առաջընթացը դանդաղ էր լինում: Հետո խումբը համալրվեց տարբեր տարիքի երեխաներով ու վիճակը նկատելիորեն փոխվեց:
Տարիքով համեմատաբար մեծ երեխաների ծնողները սկզբում մի փոքր դժկամությամբ էին վերաբերվում այդ փաստին: Սակայն խումբը մի այլ կենդանություն ստացավ: Այժմ բոլորովին այլ հոգեբանական, սոցիալական վիճակ է խմբում: Մեծերը խնամում, հոգ են տանում փոքրերի մասին, օգնում են նրանց ուտել, հագնվել և շատ այլ կենցաղային հարցերում: Խաղերը միասին, իրար աջակցելով են խաղում, երգերը, բանաստեղծությունները միասին են սովորում: Սկզբում անհանգստություն կար, նույնիսկ՝ վախ, որովհետև փոքրերը մի տեսակ պասիվացան, ավելի անօգնական դարձան, նրանք փորձում էին կրկնօրինակել մեծերին, ինչի դեպքում, արդեն, նրանց մտավոր ունակությունները դանդաղ են զարգանում, և որն էլ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Մեծերն էլ իրենց հերթին են կապկում փոքրերին՝ թլոշ- թլոշ խոսելով: Սակայն որոշ ժամանակ անցավ, և հիմա ամեն ինչ կարգավորվում է: Ծնողներն էլ տեսան, որ իրենց անհանգստությունը անտեղի էր:
Շատ կարոր են դաստիարակի և օգնականի մարդկային ու մասնագիտական հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ոչ թե մեկին մյուսի հետ համեմատելով՝ շեշտեն ձեռքբերումը, այլ երեխային համեմատել ինքն իր հետ՝ իր նախկին և ներկայիս վիճակի հետ:
Հիմա սաները հարմարվել են, յուրացրել են միջավայրը և ճիշտ են դրսևորում իրենց: Հիմա խմբում հնարավոր է երգ ու ոտանավոր սովորել, նախագծեր իրականացնել:
Մեծերը սովորեցնում են փոքրերին, օգնում, իրենց գործողություններով փոքրերին ավելի ինքնուրույն են դարձնում:
Պետք չէ պահանջել երեխայից այն, ինչը վեր է նրա մտավոր և ֆիզիկական կարողություններից: