Այս տարվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր մակարդակներում նոթբուք/նեթբուքը ուսումնական անհրաժեշտ գործիք է անլար համացանցով ապահովված դասարանում։ Տարվա երկրորդ նորությունը նախագծային ուսուցման կարևորումն է։ Այսպիսով փոխվում են նաև դասավանդման ձևերն ու ուսուցման եղանակները: Համացանցն ու ծրագրերը ենթադրում են նոր ուղիներ ու լայն հնարավորություններ` ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու-հետազոտելու, ինքնաարտահայտվելու համար: Նախ՝ դասարանում փորձեցինք հասկանալ, թե ինչ է նախագիծը, երբ են նախագիծ անում, և վերջում ինչ, ինչպիսի արդյունք կարող ենք ունենալ (ինչ ենք ակնկալում): Սովորողներին ծանոթացրի ուսումնական օրացույցին, առանձնացրինք «Վիլյամ Սարոյան» և «Վիկտոր Համբարձումյան», քանի որ երկուսն էլ ծնվել են սեպտեմբերին: Զրույցի միջոցով ճշտեցինք՝ որչափով են ճանաչում նրանց: Կարդացի Զորի Բալայանի «Մեծ երրորդություն» հոդվածի այն մասը, որտեղ երևում է մեծ հայրենասեր աստղագետը: Ոգևորվեցին, ուրախացան ու… Ուզում ենք ավելին իմանալ: Ձևակերպեցինք անելիքները.
Նպատակը՝ Մեդիափաթեթի ստեղծում (ուսումնական ֆիլմեր)
Արդյունքում կլուծվեն ուսումնական հետևյալ խնդիրները.
ճանաչողություն գիտական աշխարհի մարդկանց
տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ հմտացում
գրավոր խոսքի մշակում
ընթերցանության նյութի իմաստի ընկալում
բառարաններից օգտվելու հմտություն
մարդկային ընկերական հարաբերությունների հաստատում (փոխզիջում, փոխօգնություն, համագործակցություն, ընդհանուր գործի համար պատասխանատվություն)
Աշխատանքի ձևերը՝ անհատական, խմբովի, զույգ-զույգ։
Համացանցը փորփրելով, որոշակի տեղեկություններ հավաքելով՝ ուսումնական նյութեր (1, 2, 3,4, 5,6) պատրաստելուց հետո, իբր պատահաբար կանգ առանք «Կյանքի դրվագներ» գործի վրա: Հանձնարարվեց կարդալ, թվարկել դեպքերի հաջորդականությունը (մյուս դասարանում նյութը բաժանեցինք հատվածների, վերնագրեցինք՝ հիմնավորելով յուրաքանչյուր վերնագիրը): Հաջորդ դասին սովորողները բաժանվեցին 2-3 հոգանոց խմբերի և ըստ ցանկության՝ ամեն մի խումբ ընտրեց իր համար մի մաս: Խմբերը պարտավորվեցին իրենց ընտրած տեքստը համառոտել և ստացված նյութը իրար մեջ բաժանելով՝ լավ սովորել: Ասեմ, որ նրբորեն էր կատարվում այդ աշխատանքը. թույլ սովորողին առանց նեղացնելու, ծույլին էլ համոզելով հանձնարարվում էր համեմատաբար փոքր մաս: Ընկերոջ մասը կարդում էր խմբի ուժեղը, բացատրում, կրկնել տալիս։ Սովորեցինք, կարդացինք ու անցանք ձայնագրության: