Ամենազարմանալին հայերենի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Կարծես վերապահումով, հատվածաբար ենք սիրում և կարորում մեր մայրենին: Չգիտես ինչու, ուսումնական հաստատություններում՝ կրթության մեջ, միակ հայերենը գրականն ենք համարում, որը կարծես թե գերաշնորհություն ունի: Բարբառներ, գրաբար, արևմտահայերեն՝ մեր մայրենիի խորթ զավակներն են՝ անտեսված, ստորադասված գրական հայերենին: Գրաբարը հանրակրթության մեջ համարվում է անհաղթահարելի. բանասեր ուսուցիչներն իրենք էլ են դժկամությամբ մոտենում գրաբարով ստեղծված գրականությանը: Եվ հաճախ հնչող հարցերից է՝ իսկ ինչո՞ւ պիտի անցնենք, մեռած լեզու է: Արևմտահայերենը նույնպես խորթ զավակի կարգավիճակում է: Էլ չեմ ասում՝ բարբառները… Կարծես թե անտեսում ենք այն փաստը, որ մեր մայրենի հիմքում գրաբարն է, նույն գրական լեզուն անընդհատ սնվում և զարգանում է բարբառների և խոսակցական հայերենի միջոցով, արևմտահայերենը ժամանակակաից հայերենի երկու ճյուղերից մեկն է:
Բայց այս հոդվածում խոսելու եմ հատկապես արևմտահայերենի մասին: Նախ՝ մեր արևմտահայ հայրենակիցները քաղաքական տարբեր իրավիճակների արդյունքում ավելի ու ավելի հաճախակի են վերադառնում հայրենիք: Վերադառնում են ընտանիքներով և հասկանալի է, որ հանրակրթությունը չի կարող ձևացնել, թե ոչինչ չի փոխվել: Արևմտահայ սովորողներն ավելանում են բոլոր կրթական հաստատություններում, և մեր կրթական համակարգը պիտի համապատասխան արձագանք տա այդ փոփոխությանը:
Ես հիմա խոսեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող արևմտահայերենի ծրագրի մասին: Նախ՝ առանց լեզվագործունեության, առանց լեզվական միջավայրի ստեղծման չի կարող լինել լեզվի ուսուցում: Սա իմ մանկավարժական համոզմունքներից է: Իհարկե արևմտահայ սովորողների առկայությունը արդեն որոշակի միջավայր է ստեղծում և արևմտահայերեն խոսող սովորողների խոսքը՝ իր լեզվական և առոգանության նրբերանգներով, ավելի ու ավելի ընկալելի է դառնում արևելահայ սովորողների համար: Սակայն չմոռանանք, որ մենք արևմտահայերեն մեծ գրականություն ունենք, որը իրավունք ունի հավասարազոր տեղ ունենալ հայ գրականության ուսուցման մեջ։
Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ լեզվի գործածությա կենդանի ձևերից է թատրոնը։
Եվ հիմա ես ուզում եմ ներկայացնել մի արևմտայայերեն ներկացման պատմություն։
Մենք Փարիզում ունենք մի լավ գործընկեր` ,,Նոր յառաջ,, թերթի գլխավոր խմբագիր, Փարիզի «Մկնիկներ» աշխատանոցի հինադիր տնօրեններից Ժիրայր Չոլաքյանը:
Ժիրայրն առաջարկեց կրթահամալիրի սովորողների հետ ներկայացում իրականացնել: Առաջարկվող թատերգությունը Լևոն Շանթի «Ճամբուն վրայ» ստեղծագործությունն էր:
Ժիրայրը Հայաստանում պիտի լիներ հոկտեմբերի 19-29-ը: Մինչ այդ ինձ ուղարկեց առաջարկվող նյութը: Շանթի այդ թատերգության էլեկտրոնային տարբերակ չուներ: «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որպես ուսումնական աշխատանք սկսվեց Լևոն Շանթի «Ճամբուն վրայ» թատերգության թվայնացումը: Մի քանի օրից նյութն արդեն այն պատրաստ էր:
Նախագծի հաջորդ փուլը աշխատախմբի ընտրությունն էր: Դերակատարման մեջ նախատեսվում էին Ավագ դպրոցի սովորողներ՝ 6 տղա և 4 աղջիկ: Պարզվեց, որ նախագծի ամենադժվար մասն է սա: Այս տարիքում տղաները դժվար են բեմ դուրս գալիս: Ներքին բարդույթներ են, որոնք հաճախ չեն էլ հաղթահարվում: Մյուս դժվարությունը արևմտահայերեն տեքստի ընթերցումն էր: Ոչ բոլորն էին ցանկանում հաղթահարել սպասվելիք դժվարությունները:
Աղջիկների խումբը արագ ընտրվեց: Տղաների մի քանի խումբ փորձեց, չհամաձայնեց: Արևմտահայերենը վախեցնում էր։ Ստիպված եղանք նոր խումբ ընտրել: Աղջիկներն անցան գործի, և պետք է ասեմ, որ մասնակից տղաները խումբ եկան նրանց ակտիվ ջանքերի շնորհիվ:
Խումբն արդեն պատրաստ էր։
Ահա և Ժիրայր Չոլաքյանը Հայաստանում է՝ կրթահամալիրում: