Մարդկանց կյանքը պայմանավորված է շրջակա աշխարհի հետ իրեն տրված տարբեր զգայարանների միջոցով անմիջական փոխազդեցության հետ: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում այն ինֆորմացիային, որ այդ զգայարանների միջոցով նրանց փոխանցվում է: Մարդը կենդանիներից սկսել է զգալիորեն տարբերվել այն պահից սկսած, երբ շատ բնական թվացող բանին վերաբերվել է զարմանքով, ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչի՞ պատճառով հարցերով: Եվ հենց այս հարցերն էլ մարդկության զարգացման հիմքն են:
Իսկ երբևիցե դուք հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչպե՞ս են տիեզերքում հայտնվել այն նյութերը, որոնցից կազմված մոլորակի վրա, դրանցով կառուցված շենքում, այդ նյութից կազմված մարդիկ դրանցով պատրաստված համակարգչի առջև նստած, կարդում են այս հոդվածը:
Այս հարցի պատասխանը տալու համար գնանք դեպի վաղ անցյալ և երևակայորեն պատկերացնենք այն վիճակը, որում մոտ 13 միլիարդ տարի առաջ մեր տիեզերքն էր:
Մեծ պայթյունից հետո տիեզերքը բավական ընդարձակվել և սառել էր: Այն ամբողջությամբ բաղկացած էր ջրածնից և հելիումից, որոնք հետագայում ինչ-ինչ կերպով պետք է ձևավորեին այն նյութերի բազմազանությունը, որոնց հասցրել ենք ծանոթանալ. մասնավորապես այն ոսկին, որից բազմաթիվ զարդեր ենք պատրաստում, երկաթը, որից կազմված է հեմոգլոբինը, թթվածինը, որն ամեն պահին շնչում ենք, և այլն: Այս ջրածնահելիումային ամպում գազը սկսել է կամաց-կամաց կուտակվել որոշ խտացման օջախների շուրջ: Խտանալով՝ այն գնալով տաքացել է: Ջերմաստիճանն այնքան է բարձրացել, որ սկսել են ջերմամիջուկային ռեակցիաները, որոնց արդյունքում ահռելի էներգիա է անջատվում:
Այսպիսով ծնվեցին առաջին աստղերը: Ի դեպ, որքան զանգվածեղ է աստղը, այնքան ավելի մեծ տեմպով է վառում իր ջերմամիջուկային վառելիքը: Հենց աստղերն էլ այն գործարաններն են, որոնցում առաջանում են մեզ հետաքրքրող քիմիական տարրերը` ջրածնից՝ հելիում, հելիումից՝ ածխածին և այլն: Ընդ որում ամենածանր էլեմենտները կուտակվում են աստղի ընդերքում, որոնց վրա, սոխի շերտերի նման, ավելի թեթև տարրերն են նստած:
Հաստատ կլինի մեկը, որ կասի՝ լավ, հասկացանք, փաստորեն ծանր տարրերն առաջանում են աստղի մեջ, բայց եթե դրանք մնային աստղի մեջ պարփակված, ինչպե՞ս պետք է առաջանայինք մենք. ինչպե՞ս են դրանք հայտնվում աստղից դուրս:
Իրոք որ. եթե աստղն իր համար ծանր նյութեր սինթեզելով հանգիստ ապրեր, ապա շրջապատն այդպես էլ աղքատ կմնար: Ինչպես և առօրյայում, եթե օլիգարխն անընդհատ հարստանա, սկսի ավելի լավ մեքենաներ ձեռք բերել, թանկարժեք զարդեր գնել, ապա ազգին դրանից ի՞նչ օգուտ: Բանն այն է, որ աստղերն անվերջ երկար չեն կարող ապրել: Դրանք նույնպես մահանում են: Սպառելով իրենց ջերմամիջուկային վառելիքը` որոշ աստղեր դառնում են սպիտակ թզուկներ և մինչև իրենց կյանքի ավարտը շարունակում ճառագայթել իրենց ջերմության հաշվին: Նման բախտի է արժանանալու, օրինակ, մեր Արեգակը: Իսկ ահա Արեգակից 8 և ավելի անգամ ավելի զանգվածեղ աստղերն իրենց կյանքն ավարտում են պայթյունով. դրանք հայտնի են «գերնոր աստղեր» անունով: Այս անվանումը եկել է պատմականորեն. երբ մարդիկ երկնքում տեսել են նախկինում չերևացող աստղ, անվանել են նոր աստղ, իսկ առավել պայծառները՝ գերնոր: Գերնորը իրականում ոչ թե նոր առաջացած աստղ է, այլ գոյություն ունեցող աստղի մահ` պայթյունի ձևով: Հենց գերնորերի պայթյունն է, որ լույսի արագությունից ընդամենը 10 անգամ փոքր արագությամբ դուրս է շպրտում իր զանգվածի մեծ մասը և շրջապատը հարստացնում է աստղում առաջացած ծանր էլեմենտներով` մասնավորապես թթվածնով: Հենց այս պայթյունի ժամանակ է, որ առաջանում են այնպիսի քիմիական էլեմենտներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, ուրանը և այլն: Կարծես թե ի տարբերություն օլիգարխների, աստղերը, գոնե իրենց մահով, իրենց շրջակայքը այնուամենայնիվ հարստացնում են: Հետաքրքիր կլիներ ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ հասարակության ամեն անհատին բաժին հասնող միջին տեսակարար կարողությունից 8 և ավելի անգամ հարուստներն իրենց կյանքի ավարտին հարստության միայն 10-20%-ը կտակեին իրենց հետնորդներին, իսկ մնացածը բաժանեին իրենց հարևաններին կամ թաղամասի բնակիչներին:
Ի տարբերություն վերոնշյալ տարրերի, միջավայրը երկաթով հարստանում է այլ տեսակի աստղի մահով: Դրանց ծնող աստղն իր միջուկային վառելիքը սպառած սպիտակ թզուկ է, որի հարևան աստղն այնքան մոտ է նրան, որ հարևան աստղի արտաքին շերտերից նյութը սկսում է արտահոսել սպիտակ թզուկի վրա: Երբ որ սպիտակ թզուկի զանգվածը հասնում է սահմանային արժեքին (մոտ 1.5 Արեգակի զանգված), որի դեպքում սկսում է միջուկում այրվել ածխածինը, իսկ ճնշումը չի կարողանում հակազդել ինքնասեղմմանը. այն պայթում է ջերմամիջուկային պայթյունով՝ որպես գերնոր: Նույնպիսի պայթյուն տեղի կունենա, երբ իրար բախվեն երկու այնպիսի զանգվածով սպիտակ թզուկ աստղեր, որոնց զանգվածների գումարը գերազանցում է պայթյունի համար անհրաժեշտ նվազագույն զանգվածը:
Փաստորեն այն ամենը, ինչ տեսնում ենք Երկիր մոլորակի վրա, այն է, ինչ արեգակնային համակարգը ժառանգել է նախկինում բռնկված գերնորերից: Արեգակը համարվում է երրորդ սերնդի աստղ: Այսինքն՝ մինչև արեգակի առաջացումը երկու սերնդի աստղեր այս տեղանքում հասցրել են առաջանալ և պայթել որպես գերնոր: Ընդ որում, մենք նույնպես կազմված ենք մահացած աստղերի մնացորդներից: Ասեմ ավելին՝ երկու տեսակի գերնորեր էլ պետք է այստեղ պայթած լինեին, որպեսզի Երկրի վրա նյութերի այսպիսի բազմազանություն գրանցեինք: Հնարավոր է, որ, ասենք, մեր մի ձեռքը կազմված լինի մի աստղի մնացորդից, մյուս ձեռքը՝ մեկ այլ, իսկ արյան միջի հեմոգլոբինը՝ լրիվ այլ:
Գերնորերի պայթյունի ժամանակ ահռելի էներգիա է անջատվում, այնքան հզոր, որ եթե անգամ մի քանի տասնյակ լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղերից մեկը պայթեր, որպես գերնոր, ապա Երկիր մոլորակի վրա կջնջեր կյանքի բոլոր հետքերը: Այնպես, որ գերնոր աստղերը նոր կյանքի առաջացման կարևոր նախապայման են և գոյություն ունեցող կյանքի վերացման պոտենցիալ վտանգ:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան