Ամսի 23։ Ես հանդիպում եմ Էմմայենց։ Խոսում-խնդում ենք, ոնց որ ասում են հայերը։ Մոնոպոլիա ենք խաղում բայց ոնց որ սովորաբար՝ կիսատ ենք թողում, նոր խաղ սկսում. ես ու Դիանան հաղթում ենք ու դուրս գալիս։ Ես ուրախ եմ, որ ունեմ իրենց։ Դիանան որոշել է գալ համերգին։ Նրա playlist-ում վաղուց տեղ գտած ATWA-ի ու նրանց տեսնելու գրավչության համար հավանաբար։ Ուրախ եմ, որ հետս ինչ-որ մեկը կլինի։
Անցնում ենք ստուգումը, ոստիկանի «աձիկալոն ունե՞ք»-ն ու «հեռախոսդ անջատած ա՞»-ն։ Նստած ենք բրազիլացի կամ իսպանացի կամ նման ազգի խմբի մոտ։ Խումբը ծխում է։ Ու մենք չգիտենք, թե ինչ են ծխում, բայց մեզ հետաքրքիր չէ, որովհետև կողքներիս տղան իր sorry-ով մեր վրա ծխելը դադարացրեց։ Վեց անց կես։ Յոթ։ Յոթ անց կես։ Ութը։ Դիանան ասում է, որ անց տասնհինգ է սկսելու, ես էլ ասում եմ, որ անց կես։ Անց տասնհինգ։ Անց կես։
Անց երեսունհինգ։ Ու սկսվում է հոլովակը, որ համերգի սկզբի մասին է խոսում, ու ես ուրախ եմ, ոգևորված եմ, սպասում եմ՝ հոլովակն արագ վերջանա, որ համերգը սկսի։ Ու՝ Holy Mountains-ը, խոսքեր, որ էնքան երկար տարիներ են քեզ բռնել-պահել են իրենց մեջ, երաժշտություն, որ հարազատ, ժողովրդական երաժշտության պես ես ամեն անգամ լսում, ու քեզ թվում է, թե էդ ամեն ինչը սրսկած, ներարկած է քո մեջ, որ դու չուզենաս էլ՝ կհիշես խոսքերը, երաժշտութունը…
Առաջին անգամ հասկանում եմ, թե ինչ է էքստազը։ Առաջին անգամ զարմանում եմ, որ ես էդպես գոռալ ու էդպես թռվռալ, էդպես արտահայտվել գիտեմ… Մեկ էլ ո՞ր մի համերգին ես էսպես կթռչեմ, կպարեմ… Իրոք զարմանալի է, որովհետև հայաստանյան ռոք-մետալ խմբերի համերգներին ձեռքերս ծալած եմ կանգնում…
Չեմ ուզում՝ համերգը վերջանա։ Անձրևը մտել է ոսկորներիս ուղեղի մեջ, ու տեղումս օրորվում եմ, մազերիցս դույլերով ջուր կքամվի, գիտեմ, մտածում եմ էն մասին, որ վաղն ինձ վատ կզգամ, բայց ինձ համար մեկ է ամեն ինչ, ուզում եմ, որ համերգը շարունակվի։ Ուզում եմ՝ չնայած թոքերի, գլխի ու մնացած ամեն ինչի ցավին։ Իմ մեջ խոսում է էն հայրենասիրությունը, որ երկար ժամանակ քնած է եղել… Ես հուզվում եմ իմ Հայաստանի համար, իմ «Սիսթեմ»-ի համար, իմ երաժշտության համար։ Ինչքա՜ն բան կփոխվեր, եթե բոլորն արթնացնեին իրանց ու կողքինի հոգիները։ Ինչքա՜ն շատ բան կփոխվեր մտածողության, Հայաստանի, աշխարհի մեջ, ներսում։ Sugar-ը, էնքան սիրված, ու գիտեմ, որ վերջին երգն ա։
Հանրապետության հրապարակը, որ մինչև ականջները լիքն էր՝ մի քանի վայրկյանում դատարկվում ա, ու սկսում են երևալ ծանոթ մարդիկ, ովքեր էս պահին ինձ չեն նայում, իսկ ես շտապում եմ, որովհետև զգում եմ որ Դիանան մրսում ա։ Էն ժակետս, որ ամբողջ ժամանակ կա՛մ ձեռքիս էր, կա՛մ ուսիս գցած, որ չընկնի, դառել էր թաց փալաս, բայց ուրիշ բան չունեի, գցում եմ վրաս։ Երկար փնտրելուց հետո հայրիկին ենք գտնում, ու տուն։ Մի բաժակ թեյ, տաքանում եմ, թոքերս էլ չեն ցավում, շնչելն ավելի հեշտ է, քան անցած տասը տարիներում… Ժամը երեքն է, դեռ քնած չեմ, քունս չի տանում, որովհետև էսքան ժամանակ կուտակված բոլոր էմոցիաները մեջս եռում են, ու ես թռչում եմ ինչ-որ տեղ, ես չեմ կարողանում մտքերս հավաքել, էս բոլոր զգացմունքների մեջ ինքս ինձ չեմ գտնում ու ջղայնանում եմ բոլոր էն մարդկանց վրա, որ վեր չկեցան, չեկան Հանրապետության հրապարակ այլ մնացին տանը՝ live stream-ը նայելու։ Ախր ո՜նց…
Քնում եմ ու լավ եմ քնում…
Ապրիլքսանչորսյան առավոտ… Էս էն օրն է, երբ հոգին արդեն արթնացած պիտի լինի, բայց հիտլերաանմոռուկային billboard-ներից երևում է՝ բոլորի հոգիները քնած են։ Բնազդաբար մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ, թողնում են սպանված ծաղիկները, էն ծաղիկները, որ իրենց բնական մահով կարող էին մեռնել։ Աղոթում են՝ իրենք էլ չգիտեն՝ ում, իրենք էլ չգիտեն՝ ինչի համար։ Հայհոյում են մեզ՝ Հանրապետության հրապարակում պետության համար հուզվողներին, նրա համար, որ հուզվում էինք պետության համար, որ լսում էինք համերգ, որը, թերևս, աշխարհում ամենաշատ բաները կարող էր անել իրենց նվիրական երազանքի համար։ Մարդիկ նմանվում են բնազդով շարժվող կենդանիների, մարդիկ նմանվում են ոչինչ չտեսնող, չլսող գազանների, որ համառորեն չեն ուզում իրենց հարևան երկրի հետ բարեկամություն հաստատել։
Իսկ էդ ժամանակ թուրք ջահելները համերգի հեռարձակման տակ գրում են, որ իրենք էլ մարդ են, ու իրենք հայ չեն սպանել… Իսկ այդ ժամանակ Թանկյանը պատմում է իր տատիկի մասին, ում թուրք պաշտոնյա է փրկել…
Ես լողի եմ։ Անվերջ թվացող 800-ների ժամանակ ներսում վերարտադրում եմ համերգը, հերթով երգելով երգերը։ Հետո դուրս եմ գալիս։ Տան ճանապարհ։
Իրո՞ք իրական էր էն ամեն ինչը, որ 23-ին Հանրապետության հրապարակում էր կատարվում։ Արդյո՞ք իրոք իրականացել էր 4-5-րդ դասարաններում ընկերներով «Սիսթեմ» երգելուց ծնված ամենամեծ երազանքը։ Ու հիմա, 25-ին, սպասում եմ էն հանդիպմանը, որի հրավերքը շատ հանկարծակի ու անակնկալ իմ ձեռքն էլ ընկավ, ու հասկանում եմ, որ համերգին գնալն ու երգելը ամենամեծ բանն էր, որ հայ երիտասարդը կարող էր անի՝ ի հատուցում սպանված հոգիներին։ Մենք արթնացրել ենք հոգիները, իսկ դո՞ւք…
Նարե Ղալամքարյանի ՖԲ էջից
Լուսանկարը՝ «Արթնացրեք հոգիները/wakeupthesouls» էջից
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան