Ներառական կրթությունը իրականացվում է «Արեգնազան» կրթահամալիրում նրա ողջ պատմության ընթացքում։ Այստեղ կիրառվում են ներառման տարբեր մոդելներ (ամբողջական, մասնակի, ժամանակավոր և այլն), որոնք մշակվել և ձևավորվել են 20 տարվա ընթացքում։ Առաջին տարիներին ներառական աշխատանքը լուծում էր միայն մեկ՝ սոցիալիզացման խնդիր։ Երեխաները չէին ստանում ոչ մի հատւկ բուժմանկավարժական կամ թերապեվտիկ օգնություն։ Նրանց չէին ուղեկցում ասիստենտներ։ Օգնությունը գալիս էր ուսուցչի և համադասարանցիների կողմից, ինչը դրական էր անդրադառնում և՛ խնդիրներ ունեցող երեխաների վրա և՛ նրանց համադասարանցիների վրա։ Հետագայում սկսվեցին անհատական դասերը, որոնք, բացի վերոնշված սոցիալիզացիայի խնդրից, հնարավոր չափով լուծում էին և կրթական և երեխայի ընդհանուր զարգացման խնդիրները։
Սկսած 2005 թ., ստեղծվեց բուժմանկավարժական խումբ, որի նախաձեռնողը բժիշկ էր, իսկ մասնակիցները դպրոցում աշխատող տարբեր մասնագետներ՝ հոգեբան, կենսաբան, լեզվաբան և այլն։ Խումբը սկսեց մասնագիտանալ դպրոցում տարվող սեմինարների շնորհիվ, որտեղ դասավանդում էին հայրենի և օտարերկրյա մասնագետները։ Ուսուցմանը զուգահեռ ավելի ինտենսիվ տարվում էին անհատական դասեր թե՛ դպրոցում արդեն սովորող, թե՛ նոր ընդունվող երեխաների հետ։ Խումբը կատարում էր և՛ տեսական և՛ պրակտիկ աշխատանքներ, արվում էին ախտորոշումներ տարբեր եղանակներով: Ժամանակ անց հնարավորություն ընձեռվեց որոշ մասնագետների վերապատրաստել Ռուսաստանում, Շվեյցարիայում, Հոլանդիայում և Վրաստանում։
Մոտ 6-7 տարվա ընթացքում մշակվեցին որոշակի սկզբունքներ, մեթոդական մոտեցումներ և նյութեր, որոնք ի մի բերվեցին և ձևակերպվեցին որպես ծրագիր։ Այս ծրագիրը պաշտպանված է որպես հետազոտական հեղինակային դիպլոմային աշխատանք Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում։ Դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ ծրագրի շուրջ ծավալված քննարկման ընթացքում ռուս մասնագետները հարց բարձրացրեցին, թե ինչու հետխորհրդային տարածքի մի երկրում, որի հետ Ռուսաստանը ունի նույն կրթական համակարգը, նույն կամ մասամբ նույն տնտեսական և հասարակական խնդիրները, ներառական ծրագիրը իրականացվում է, իսկ Ռուսաստանում այն գրեթե տապալվում է։ Այսինքն, որոնք են դրական ներառական գործընթացի պատճառներն ու պայմանները։
Գաղտնիքը յուրահատուկ մոտեցման և վալդորֆյան այլընտրանքային կրթական համակարգի առանձնահատկությունների մեջ է։ Մոտեցումների մասին խոսելիս, տեղին է օգտագործել հայտնի խորհրդային հոգեբան Լև Վիգոտսկու այն միտքը, որ «Երեխան, որի զարգացումը բարդացել է թերության պատճառով, ոչ թե թերզարգացած է, այլ զարգացած է «այլ կերպ»։ Այսինքն, մենք գործ ունենք ոչ թե թերության հետ, այլ երեխայի հետ, որը կրում է թերության ծանր բեռը, և հենց դա է նրան դարձնում «այլ կերպ»։ Ուրիշ խոսքով, երբ մենք երեխայի մեջ ախտորոշում ենք այս կամ այն հիվանդությունը կամ զարգացման թերությունը, մենք խոսում ենք ոչ թե այն մասին, թե ով է նա, այլ թե ինչ արատ է առկա նրա մոտ։
Մենք միշտ պետք է նկատի ունենանք, թե ով է այդ հիվանդությունները կրող երեխան, ինչ հակումներ, նախասիրություններ, ունակություններ նա ունի։ Նույն Վիգոտսկին ասել է. «Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե երեխայի արատին, այլ առողջության հսկայական աղբյուրներին, որոնք երեխան կրում է ինքն իր մեջ»։
Այժմ անդրադառնանք վալդորֆյան այլընտրանքային կրթական համակարգի այն առանձնահատկություններին, որոնք թույլ են տալիս հաշվի առնելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների յուրահատկությունները և զարգացնող նշանակություն ունեն այդ երեխաների համար։
Առաջին՝ ուսումնական պլանի, ուսուցման մեթոդների համաձայնեցումը տարիքային առանձնահատկությունների հետ։ Այդպիսի համաձայնեցման մասին խոսել են Պիաժեն և Շպիտցը, իսկ ձևակերպումը տվել է առաջին վալդորֆյան դպրոցի հիմնադիր Ռուդոլֆ Շտայները։ Համաձայն վերջինիս` երեխայի զարգացումը ենթարկվում է որոշակի ռիթմի, որն ունի հանգուցային կետեր։ 7 տարին մեկ մարմնական զարգացումը զուգակցվում է հատուկ հոգեբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Հատուկ կարիքներ ունեցող երեխայի (ՀԿՈՒԵ) հետ սովորաբար կատարվում են նույն փոփոխությունները, բայց ֆիզիկական զարգացման մեջ գերակշռում է աճը, այլ ոչ թե ձևավորումը, իսկ շատ հոգեբանական ֆունկցիաներ մնում են սաղմնային վիճակում կամ զարգանում են տարերայնորեն։ Այդ պատճառով ՀԿՈՒԵ-ին նյութը պետք է տալ ըստ տարիքի, բայց շեշտը դնել ոչ թե ինֆորմացիայի քանակի, այլ նյութի վերապրման վրա։ Այստեղ մեծ դեր է խաղում օգնական-ասիստենտը, որը շեշտը դնում է նյութի հիմնական հանգուցային կետերի վրա՝ դարձնելով այն ավելի շոշափելի ու նյութական, հաշվի առնելով երեխայի մեջ աբստրակտ մտածողության բացակայությունը կամ թերի լինելը։ Այդ երեխայի համար կարևոր է ոչ թե ինչ են անում, այլ ինչպես են անում։
Վալդորֆյան դպրոցներում առաջին 9 տարին սովորաբար վարում է մեկ ուսուցիչ, որը, որպես կանոն, այդ տարիքում երեխայի համար մեծ հեղինակություն է։ ՀԿՈՒԵ-ի համար մշտապես մեկ ուսուցչի ներկայությունը ստեղծում է հատուկ դաշտ նրա սոցիալական փորձի համար։ Կայունությունը, ուսուցչի կողմից ստեղծված ավանդույթներն ու սովորությունները, պարբերաբար նշվող տոները, նույն երեխաներով շրջապատված լինելը թույլ են տալիս ուսումնամանկավարժական գործընթացի մեջ ձևավորել մի միկրոսոցիում, որտեղ երեխան, անկախ նրա խնդրի տեսակից և բարդության աստիճանից, ստանում է հավելյալ ուժեր` սեփական կրթական ծրագիրը իրականացնելու համար։
Վալդորֆյան դպրոցում մեծ նշանակություն է տրվում բանավոր խոսքին. հեքիաթները, լեգենդները, առասպելները նպաստում են երեխայի մշակութային,այլ քաղաքակրթական այլ ոլորտների զարգացմանը։ Զարգանում է եռեխայի լսողությունը, խոսքի և մտքի ընկալումը։ ՀԿՈՒԵ-ին այլոց հետ ներգրավելով պատմելու և լսելու գործընթացի մեջ՝ մենք նրա զարգացմանը ճիշտ ուղղություն ենք տալիս։ Թատերական ներկայացումները, որոնց նա նույնպես մասնակցում է, դարձնում են նրա ընկալումները ավելի ծավալուն։
Վալդորֆյան դպրոցում էական նշանակություն է տրվում կրթության գեղագիտական տարրին։ Արվեստները, ձեռքի աշխատանքն ու արհեստները մտնում են ուսումնական պլանի մեջ` նպաստելով երեխայի բազմակողմանի, ներդաշնակ զարգացմանը։ Արվեստները և արհեստները դրական են անդրադառնում ՀԿՈՒԵ-ի տարերայնորեն զարգացող զգացմունքային ոլորտի վրա` կարգավորելով այն։ Դրանք Միաժամանակ երեխայի մեջ զարգացնում են կամային ոլորտը` նպաստելով նրա ինքնուրույն գործունեությանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը։
Ընկղման փուլերով դասավանդումը (մեկ առարկան դասավանդվում է 3-4 շաբաթ՝ մեկ ու կես ժամ) հնարավորություն է տալիս ուսուցչին կառուցել ուսուցման գորընթացը որոշակի տրամաբանական հերթականությանմբ, չթռնելով մի առարկայից մյուսը,կիրառելով տարաբնույթ գործունեություն նույն դասի ընթացքում, պահելով որոշակի աշխատանքային ռիթմ, ինչն էլ թույլ է տալիս երեխային «ընկղմվել» առարկայի մեջ։ Տարեկան, շաբաթական և օրական ռիթմերը թույլ են տալիս ՀԿՈՒԵ-ին ավելի խորը կապվելու առարկայի հետ, վերապրելու այն և մտնել կյանքի ժամանակային կառուցվածքի մեջ.
Վալդորֆյան դպրոցներում հատուկ զարգացնող նշանակություն ունի «Երկրաչափական ձևերի նկարչություն» առարկան։ Այն զարգացնում է շոշափելիքի, սեփական շարժման և հավասարակշռության զգայարանները, նպաստում մանր մոտորիկայի զարգացմանը, ձևավորում տեսաշարժական և տարածական կապերը, այսինքն այն ամենը ինչ կապված է սեփական մարմնի ընկալման հետ։
Շատ մեծ նշանակություն ունի ծնողների անմիջական ներգրավումը ՀԿՈՒԵ-ի կրթական գործընթացում, քանի որ նրանց պարագայում կարևոր է դպրոցում հաստատված ռեժիմի պահպանումը և տնային պայմաններում։
Այժմ կանգ առնենք բուժմանկավարժական խմբի աշխատանքի ուղղությունների։ Դրանք են.
- զարգացման տարբեր անոմալիաների ուսումնասիրություն
- երեխայի ախտորոշում և մշտադիտարկում` հատուկ ախտորոշիչ մեթոդներով և ձևերով
- հատուկ աշխատանք ծնողների հետ՝ որն ուղղված է ներառական կրթական գործընթացում նրանց ներգրավմանը
- աշխատանք` կրթական գործընթացում ներգրավված մանկավարժների հետ խորհրդատվությունների և փորձի փոխանակման ճանապարհով
- ներառական կրթական գործընթացի նյութատեխնիկական ապահովում
- ներառական կրթական մասնագետների ուսուցում և վերապատրաստում։
Որպես կարևոր հանգամանք, ցանկանում ենք շեշտել նաև բուժմանկավարժական խմբում տարբեր բնույթի մասնագետների ընդգրկումը։ Այսօր դպրոցի բուժմանկավարժական խմբի մեջ մտնում են բուժմանկավարժներ, երաժշտական թերապևտ, արտ-թերապևտ, բուժական էվռիթմիայի (վալդորֆյան դպրոցներում դասավանդվող հատուկ առարկա) մասնագետներ, ձեռքի աշխատանքի մասնագետներ, սպորտի ուսուցիչ և երիտասարդ հոգեբաններ, որոնք աշխատելով որպես ասիստենտներ, պատրաստվում են դառնալ բուժմանկավարժներ։
Այս հանգամանքը թույլ է տալիս երեխայի հանդեպ ցուցաբերելու բազմակողմանի կրթական, բուժմանակավարժական և թերապեևտիկ օգնություն։
Այսպիսով, կարող ենք ներկայացնել ներառական կրթական գործընթացին նպաստող հետևյալ պայմանները։
- Վալդորֆյան մանկավարժության մեթոդների օգտագործումն ընդհանուր և անհատական դասերի ընթացքում:
- Ուսումնական պլանի, ուսուցման մեթոդների համաձայնեցումը տարիքի և նրա առանձնահատկությունների հետ:
- Յուրաքանչյուր ՀԿՈՒԵ պետք է ունենա իր բուժմանակավարժը և, անհրաժեշտության դեպքում, իր ասիստենտը:
- Ինտեգրման անհաջողության դեպքում պետք է փնտրել սոցիալական զարգացման այլ միջավայր, որտեղ երեխան կկարողանա լիարժեք ինտեգրվել, օրինակ՝ թատերական կամ սպորտային խմբակ:
- Աշխատող անձնակազմի մշտական վերապատրաստում և ինքնակրթություն:
- Դասվար-ծնող-բուժմանկավարժ կապի և փոխհարաբերությունների ճիշտ ձևավորում:
Դրական փորձի վրա հիմնված այս ծրագիրը հուսով ենք որ, հնարավորություն կտա կիրառելու նրա մեջ առկա բոլոր դրական տարրերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության և զարգացման գործում:
Լուսանկարը` «Արագնազան» կրթահամալիրի ՖԲ էջից
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան