1990թ. օգոստոսի  23 ին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման պահից մեր երկրում սկսվեց անկախության գործընթացը, որն ամրագրվեց  1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Դրա արդյունքում  Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:

Անկախության վերականգնումը հնարավորություն տվեց  հիմք դնել ազգային դպրոցի ստեղծմանը: Ազգային դպրոցի ստեղծումը հսկայական ջանքեր է պահանջում։

Կրթությունը  շարունակական  գործընթաց է, որի արդյունավետությունը և ուսման որակը բարձրացնելու   համար  անհրաժեշտ է  տարբեր կրթական ծրագրեր իրականացնել, այդ թվում նաև՝ ուսումնական նախագծեր: Նախագծային ուսուցման ամենամեծ առավելությունը գիտելիքը սովորողների կյանքի հետ կապելն է, աշխատելով, հետազոտելով սովորելու հնարավորության ընձեռումը։

Այս տարի նախատեսել ենք իրականացնել  համայնքային հիմնախնդիրների հետազոտման  ուսումնական նախագիծ: 

Ինչպես ցանկացած ուսումնական գործւնեության համար, այս դեպքում էլ  շատ կարևոր է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով  հիմնախնդիրների ծավալը, և իրականացման իրական հնարավորությունները:

Նախագծի  նպատակը.

1. Հասարակական կյանքին սովորողների պատասխանատու  մասնակցության  համար անհրաժեշտ  գիտելիքների  խորացումն   ու   հմտությունների զարգացում:  

Այս նախագիծը հնարավորություն  է տալիս  սովորողներին  հասկանալու  և  ընկալելու  քաղաքականության  ու  կառավարման  գաղափարը:

2. Սովորողների կողմից քաղաքացիական  մասնակցության  կարևորության ըմբռնում,    ինչպես  նաև   գործնականում լավ քաղաքացի լինելու  հմտությունների զարգացումը:

«Համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագիծ»

Նախագիծն օգնում է ուշադրությունը կենտրոնացնել հանրային  քաղաքականության զարգացմանվրա՝ դիտարկելով առկա  հիմնախնդիրներ:

Ամենակարևոր  գործոնն այն է, որ նախագիծն  իրականացնող սովորողները յուրացնեն   հանրային քաղաքականության  իմաստը:

Հանրային քաղաքականությունը հիմնական որոշումների, պարտավորությունների և գործողությունների միավորումն է, որն իրականացվում է այն անձանց կողմից, ովքեր ունեն կառավարման լծակներ: Այս տեսանկյունից քաղաքացիական կրթության հիմնական նպատակներից մեկը աշակերտին կառավարման գործընթացին մասնակից դարձնելն է:

Հանրային քաղաքականության ձևավորման գործընթացը:

Շատ կարևոր է, որ սովորողը յուրացնի իշխանության դերը հանրային քաղաքակա­նության ձևավորման մեջ: Անհրաժեշտ է, որ սովորողներն ըմբռնեն, համանքային կառավարման մեջ բոլոր քաղաքացիների մասնակցության դերը, որի ժամանակ կառավարության դերը գնալով նվազում է: Քաղաքականության ձևավորումը սկսվում է, երբ համայքի անդամները գիտակցում են խնդրո առարկան: Այս գործնթացը ենթադրում է համապատասխան տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ինչպես նաև հասարակական ակտիվության դրսևորում: Երբ քաղաքականությունն ընդունվում է, այն անհրաժեշտ է իրագործել:

Խնդիրը հետազոտելու և լուծելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել.

  1. Ուսումնասիրվող խնդրի բացահայտում։
    Սովորողները պետք է որոշեն, թե որ հիմնախնդիրն է ավելի կարևոր, և իշխանության որ օղակն է պատասխանատու այդ խնդրի լուծման համար:
  2. Տեղեկությունների հավաքում:

Սովորողների կողմից ստեղծված աշխատանքային խումբը որոշում է, թե ինչ հիմնախնդիր է ուսումնասիրելու: Նրանք պետք է տարբեր աղբյուրներից տեղեկություններ կուտակեն և արժևորեն այդ տեղեկատվությունը:

  1. Դիտարկել լուծումները:

Սովորողների աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և դիտարկի իր ընտրած հիմնախնդրի լուծման ուղղությամբ իշխանության վարած քաղաքականությունը, ինչպես նաև բացահայտի այլ անձանց կողմից առաջարկված տեսակետները, և կազմակերպի քննարկումներ:

  1. Զարգացնել սեփական տեսակետ  որևէ հանրային քաղաքականության վերաբերյալ:

Այս քայլում սովորողները պետք է մշակեն հանրային քաղաքականության սեփական տարբերակը, որ նպատակահարմար են գտնում իշխանության կողմից իրականացնելու համար:

  1. Կազմել գործողությունների պլան:

Մշակվում է գործողությունների պլան, որը կբացահայտի, թե որքանով կարող ենք ներազդել իշխանության այս կամ այն օղակի վրա՝ որդեգրելով որևէ հանրային քաղաքականություն, որն ուղված է ձեր առաջադրած խնդրի լուծմանը:

Այժմ փորձենք ներկայացնել  հիմնախնդիրների մի քանի օրինակներ:

1.Հիմնախնդիրներ հասարակության մեջ:

Ա. Մեծ թվով քաղաքացիներ ընտրություններին  չեն մասնակցում, սա հատկապես նկատելի է դառնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ:

Բ.Շատերը վիճարկում են  այն փաստը, որ դրամը  վճռորոշ դեր ունի  նույնիսկ ընտրությունների ժամանակ:

2.Համայնքի հիմնախնդիրներ:

Ա. Ցանկացած համայնքի ներսում ծագում են  բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։ Իհարկե, այդ  լուծումը պետք է իրականացնի համայնքային իշխանությունը, իսկ համայնքի անդամները  պետք է  հետամուտ լինեն և պահանջեն իշխանություններից  անհապաղ լուծել  համայնքի հիմնախնդիրները:

3.Դպրոցական հիմնախնդիրներ:

Ա.Ազատ վարքագիծ ունեցող աշակերտների առկայությունը դպրոցում անշուշտ  բացասական  ազդեցութ յուն  է ունենում մյուս աշակերտների վրա:

Բ. Որոշ աշակերտների  հաճախակի բացակայությունը դասերից, որի արդյունքում նրանք դուրս  են մնում ուսումնառության գործընթացից:

Գ.Դասարանում օգտագործվող  գնահատման համակարգը ստուգում է սովորողի  ուսումնառության միայն մեկ  կողմը՝առանց հաշվի առնելու տարբեր գործոններ, հաճախակի այդ կոշտ գնահատականներն  օգտագործվում են  որպես  աշակերտներին պատժելու միջոց:

Դ.Մեր օրերում սովորողների ծնողները գրեթե  ամբողջ  օրը լինում են աշխատանքի վայրում  և իրենց երեխաներին դուրս են  թողնում  ուշադրությունից, որը խիստ բացասաբար է  անդրադառնում սովորողի ուսումնառության և դաստիարակության վրա:

4.Շրջակա միջավայրին վերաբերող  հիմնախնդիրներ:

Ա.Որոշ համայնքներում առկա են էկոլոգիական  հիմնախնդիրներ:

Բ.Որոշ համայնքներում լավ չեն  կատարվում աղբահեռացման  աշխատանքները:

Գ.Կան համայնքներ,  որտեղ լավ չեն կատարվում ջրամատակարարման  և  ջրահեռացման  աշխատանքները:

Սրանք հիմնախնդիրների մի քանի օրինակ են միայն։ Նախագծի իրկանացման ընթացքում սրանք կքննարկվեն սովորողների հետ, կավելացնենք նաև նրանց առաջարկությունները, այնուհետև յուրաքանչյուր խումբ կընտրի իրեն հետաքրքրող հիմնախնդիրը և կսկսի աշխատել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով