Կրթահամալիրը Մայքրոսոֆթի «Գործընկեր ուսման ոլորտում» ծրագրին ներկայացնում է կրթահամալիրի տնօրենը։
Կրթահամալիրի` առաջիկա 3-5 տարիների հեռանկարը…
Հեռանկարը որոշված է կրթահամալիրի 2013-2016 թթ զարգացման ծրագրով։ Հեղինակային կրթական ծրագիրը` «Ստեղծողի դպրոցը»` որպես սովորողների, նրանց ուսուցիչների ու ծնողների, մեր գործընկերների կողմից մշակվող և իրականացվող ամբողջական ուսումնական նախագիծ, անընդհատ կնորացնի իր բովանդակությունը, կունենա ավելի ու ավելի բաց ու հետաքրքիր միջավայր. մոբիլությունը և առաքելական ոգին կապահովեն դրա տարածումը։
Ի՞նչ նորարարական գործունեություն է ընթանում կրթահամալիում այսօր:
Համեցեք։ Նախագծերով ուսուցում՝ երբ ուսուցման վայրն է ոչ միայն կրթահամալիրը, այլ նաև համացանցը, թանգարանը, ցուցասրահը, համերգային դահլիճը, գիտական լաբորատորիան, բնության, պատմության հուշարձանը, ընտանիքը, փողոցը… Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձև դառնում են նաև պլեները, ճամբարը, հավաքը, ստուգատեսը, ցուցահանդեսը, համերգը… Ուսուցանող են դառնում նաև տարատարիք սովորողները, ամենատարբեր մասնագետները, ծնողները…. Ուսուցման շատ կարևոր ձև է դառնում ինքնակրթությունը։ Ուսուցման արդյունքը` սովորողի անընդհատ փոխվող կյանքը։
Ի՞նչ ազդեցություն է ունենում այդ նշված նորարարական գործունեությունը համայնքի համար:
Համայնքը, ինչպես կրթահամալիրը, դառնում է ավելի համերաշխ, ներառող, տնտեսող-պահպանող, զարգացող-զարգացնող, ավելի ունակ ու նախաձեռնող։
Ի՞նչ նորարարություն է պլանավորվում առաջիկա 2 տարիների համար։ Դրա կապը կրթահամալիրի հեռանկարի հետ…
Օրինակ` կգործարկվի արշավախմբային-դաշտային ճամբարը, որը թույլ կտա շուրջտարյա շրջիկ ստեղծագործական հավաքներ կազմակերպել հանրապետության մարզերում՝ ներգրավվելով տվյալ համայնքի սովորողներին և ուսուցիչներին և այլ մասնագետներին։ Ուսուցման անհատականացումը և ուսուցման թվային աշխարհի ամբողջական գործարկումը կրթահամալիրը կդարձնեն ավելի մոբիլ։
Ինչպե՞ս է ձեր դպրոցն ազդել ուրիշ դպրոցների, տեղական համայնքների վրա` ձեր երկրում կամ աշխարհում:
Հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրագործման և տարածման բաց համակարգով` բազմալեզու և ճանաչված կայք, հանրապետության ուսուցիչների վերապատրաստումներ, կրթական փոխանակումներ` հարմար կացարաններով, ամենամյա բաց ստուգատեսներ, ուսումնական ճամբարներ և բաց ստեղծագործական հավաքներ… Կրթական փոխանակումների աշխարհագրությունն ընդարձակվում է` Վրաստան, Արցախ, Արգենտինա, Թուրքիա: Ավելի ու ավելի հաճախ դրանք դառնում են խմբային-անհատական նախաձեռնություններ` որպես ուսումնական նախագծեր:
Որպես հաստատության ղեկավար` ո՞րն եք համարում Ձեր մասնակցությունը նորարարական գործունեությանը:
Ես ավելի ու ավելի շատ եմ գործում որպես ուսումնական նախագծերի համակարգող՝ բաշխելով կրթահամալիրի բյուջետային և ոչ բյուջետային դրամական միջոցները՝ որպես արդարացի և նպատակային ներդրումներ առաջարկվող ուսումնական նախագծերում` 50-50 հարաբերության սկզբունքով:
Ձեր կրթահամալիրի մանկավարժական անձնակազմի ո՞ր տոկոսն է առաջնորդ լինելու իր կարողությունը զարգացնում, և ի՞նչ աջակցություն են նրանք ստանում:
Ուսումնական նախագծերի մշակումն ու իրագործումը խթանում են, պահանջում են, որ յուրաքանչյուր ուսուցիչ` որպես դրա համակարգող կամ ղեկավար դրսևորի լիդերի իր կարողությունները, խրախուսվում է թիմային-խմբային գործունեությունը, պլանավորումը կատարվում է նախաձեռնության հաջողության զարգացման սկզբունքով: Ուսումնական նախագիծն անհնարին է իրականացնել առանց նոր գործընկերների, նյութական միջոցների ներգրավման: Սպառող-պասիվ, սոսկ կատարող ուսուցիչն իր տեղը ստիպված է զիջել։
Կարո՞ղ եք նախաձեռնության մի օրինակ բերել, որը չի պարտադրվել, բայց ձեր ուսուցիչները ներգրավվել են այդ գործում:
«Մշակույթ անիվների վրա», «Դասարան անիվների վրա», «Ուսումնական ամառ» նախագծերի իրականացումը, որոնց արդյունքում մենք ունենք սովորողների և ուսուցչական երգչախմբեր, երևանյան ամառային ճամբարներ, կրթական ընդարձակվող փոխանակումներ։
Ինչպե՞ս եք խթանում սովորողների` նշմարվող լիդերական կարողությունները:
Կենսական խնդիրների լուծում ոչ թե երեխայի, սովորողի համար, այլ սովորողի հետ միասին, սովորողի սպոնտան դրսևորումների և ուսուցչի նախաձեռնությունների օպերատիվ արձագանքում: Ուսուցչի և սովորողի ուսումնական գործունեության գնահատման մեջ նախաձեռնողականությունը ավելի ու ավելի մեծ կշիռ է ստանում:
Ինչի՞ հույս է փայփայում կրթահամալիրը` ձեռք բերելով Մայքրոսոֆթի մենթոր դպրոցի կարգավիճակ:
Հեղինակային կրթական ծրագրերի մշակման-փոխանցման նոր պատվիրատուներ ու գործընկերներ, մեր մեդիակրթությունը արդիականացնելու, կատարողականության և իրացվելիության նոր մակարդակ, ուսումնական գործունեության գնահատման միջազգային չափանիշներ, կրթական նոր փոխանակումներ նոր ունենալու հնարավորություն։