Սալման Խանը մեդիակրթության՝ աշխարհում ամենահայտնի մանկավարժներից ու դրա տարածողներից մեկն է: Երկու իրողությամբ նա հոգեհարազատ է մեզ: Առաջինը այն է, որ նա ծնունդով Բանգլադեշից է՝ իրական Բանգլադեշից: Երկրորդն այն է, որ նա ընդամենը 37 տարեկան է, բայց հասցրել է հռչակ ձեռք բերել ամբողջ աշխարհում իր հիմնադրած Khan Academy առցանց մեդիակրթություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությամբ: 2006 թվականին է հիմնել այդ կազմակերպությունը, բայց իր ղեկավարությամբ ստեղծված 4800 էլեկտրոնային մեդիա դասերը, որոնք հիմնականում մաթեմատիկային և բնագիտական առարկաներին են վերաբերում, արդեն դիտվել են 492 մլն անգամ: Khan Academy-ին ունի 2201162 բաժանորդ, որոնցից մեկն էլ ես եմ, բայց ակտիվ բաժանորդ չեմ, որովհետև մաթեմատիկայով հիմա այնքան էլ հետաքրքրված չեմ: 2012 թվականին ամերիկյան Time շաբաթաթերթը Սալման Խանին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
Սալման Խան. «Ինչո՞ւ իմ որդուն երբեք չեմ ասի, որ խելացի է»:
Սալման Խանը գրում է, որ իր 5 տարեկան որդին նոր է սկսել կարդալ: Ամեն երեկո նա նստում է իր որդու մահճակալին, և վերջինս կարդում է հոր համար: Փոքրիկ ընթերցողն անխուսափելիորեն նոր ու դժվար ընթերցելի բառերի է հանդիպում: Մի երեկո, օրինակ, այդպիսի բառ էր «երախտագիտորեն»-ը: Մի րոպե տանջվելուց հետո նա ի վերջո կարողացավ կարդալ այն ու հարցրեց իր հորը. «Պա, դու ուրախ չե՞ս, թե ինչպես չարչարվեցի ու հաղթեցի այդ բառին: Ես զգացի, թե ինչպես է իմ ուղեղն աճում»: Այդ պահին հայրը ժպտացել է, քանի որ իր որդին մեկ-երկու բառով արտահայտել է «Մտածողության աճը» տեսության հիմնական միտքը: Բայց որդին պատահաբար չի ասել այդ միտքը: Սալման Խանը խոստովանում է, որ հիմա ինքը կյանքի է կոչում այն հետազոտությունը, որով մի քանի տարի զբաղված է եղել և որոշել է գովել իր որդուն ոչ այն ժամանակ, երբ վերջինիս լավ է հաջողվում անել այն, ինչն արդեն սովորել է լավ անել, այլ այն ժամանակ, երբ իր որդին համառորեն իր ուզածին է հասնում դժվարություններ հաղթահարելով: Սալման Խանը անընդհատ ներշնչել է որդուն, որ նրա ուղեղը զարգանում է դժվարությունները հաղթահարելու միջոցով: Մարդու մտածողության ուսումնասիրութան և իր որդու հետ կիրառած փորձերի արդյունքում Սալման Խանն ավելի քան երբևէ համոզված է, որ մտածողության զարգացումը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, որը մենք սովորեցնում ենք մարդուն:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը մկանի նման է. որքան շատ ես այն գործածում, այնքան շատ է այն աճում: Գիտնականները պարզել են, որ նյարդային հյուսվածքները կազմավորվում ու ավելի են ամրանում, երբ սխալվում ենք դժվարություններ հաղթահարելիս, քան երբ անընդհատ հաջողությամբ կրկնում ենք հեշտ առաջադրանքները: Սա նշանակում է, որ մեր մտածողությունը չի քարանում մի կետում, և դրա զարգացման ամենալավ ձևը այնպիսի առաջադրանքների կատարումն է, երբ պայքարում ենք ու ձախողումներ ունենում: Հենց այս մտքի վրա ետ դառնանք դեպի մեր հայաստանյան իրականությանը ու գիտակցենք, թե մտածողության ինչպիսի հետաճ է տեղի ունենում մեր ավագ դպրոցների սովորողների մոտ, երբ բարձր թվանշան ստանալու ձգտումով նրանք ստիպված են լինում մի քանի անգամ կրկնել արդեն երեք-չորս անգամ ծայրից ծայր լուծված, արված, ստուգված հարցաշարային առաջադրանքները:
Սալման Խանը նշում է, որ այնուամենայնիվ, ոչ բոլորն են գիտակցում այս ամենը: Սթենֆորդի համալսարանի դոկտոր Քարոլ Դվեքը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է մարդկանց սովորելու և մտածողության զարգացման կապը: Նա պարզել է, որ սովորելը հանգեցնում է երկու տարբեր մտածելակերպի՝ քարացած (ֆիքսված) և աճող (զարգացող): Քարացած (ֆիքսված) մտածելակերպ ձեռք բերած մարդիկ սխալմամբ կարծում են, որ մարդիկ կա´մ խելացի են, կա´մ ոչ, և որ խելքը նախապես որոշվում է մարդու գեներով: Զարգացող մտածողություն ձեռք բերած մարդիկ կարծում են, որ ընդունակությունը և խելքը կարելի է զարգացնել ջանքերով, պայքարով ու ձախողումներով: Դվեքը իր հետազոտությունների ընթացքում պարզել է, որ քարացած (ֆիքսված) մտածելակերպով մարդիկ հակված են իրենց ջանքերն ուղղելու այնպիսի առաջադրանքների կատարմանը, որտեղ հաջողության հասնելու մեծ հավանականություն կա, և խուսափում են այն առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ստիպված էին լինելու պայքարել` կարծելով, որ այդ պայքարը սահմանափակում է սերտելու իրենց ձգտումը: Մինչդեռ զարգացող մտածելակերպ ունեցող մարդիկ ընդունում են մարտահրավերները և հասկանում, որ համառությունն ու դժվարությունները հաղթահարելու ջանքերը կարող են փոխել իրենց ուսման արդյունքը:
Այսպիսով, հետազոտությունների արդյունքների ավետիսն այն է, որ մտածողությունն ուսուցանվող է, դա կարելի է երկաթի նման կռել:
Դվեքի ու իր գործընկերների հետազոտությունների իրապես հրապուրիչ հետաքրքրությունն այն է, որ նրանք մշակել են այսպես կոչված «Մտածողության զարգացման գործոններ» մեթոդները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ փոքրիկ փոփոխությունները հաղորդակցության ընթացքում, կամ էլ չնչին ու անմեղ թվացող ակնարկներն ու մեկնաբանությունները կարող են տևական ու ազդեցիկ առնչություն ունենալ անձի մտածողության զարգացման հետ: Օրինակ, որևէ մեկի բնածին խելքը գովելու փոխարեն` «Ինչ խելացի ես», արժևորեն նրա աշխատանքի ընթացքը` «Ինձ իսկապես դուր եկավ, թե դու ինչպես չարչարվեցիր այդ խնդիրը լուծելու համար»… Հենց այս մտքի համար ստանձնեցի այս հոդվածի թարգմանություն-փոխադրությունը:
Կարծում եմ, որ մանկավարժության անկյունաքարային սկզբունքներից մեկը պետք է լինի միայն սովորողի աշխատանքը, այլ ոչ թե բնածին խելքը գովելը: Երբ գովում ենք սովորողի բնածին ընդունակություններն ու խելքը, բացի այն բանից, որ նրան ծուլության ենք դրդում, անհարկի նսեմացնում ու թերարժեքության բարդույթ ենք ձևավորում տվյալ դասասենյակում նստած ավելի քիչ ընդունակություններով ու բնածին խելքով օժտված սովորողի մոտ: Եվ ընդհակառակը՝ բոլորին զարգացման ենք մղում ու մտքի զարգացման միտում ենք ձևավորում, երբ գովում ենք սովորողի ինքնուրույն կատարած աշխատանքը:
Իր հոդվածի եզրափակիչ մասում Սալման Խանը ցանկություն է հայտնում մի համազգային երկխոսություն-քննարկում սկսել այն հարցով, թե ինչպես օգնել մարդկանց զարգացնելու իրենց աճող մտածելակերպը: Համացանցը երազանքի նման բան է աճող մտածելակերպ ունեցողների համար: Ստեղծվել է Զանգվածային առցանց բաց դասընթացների ցանց, որի միջոցով հնարավոր է անվճար մասնակցել տարբեր դասընթացների, ինչը աննախադեպ հնարավորություն է տալիս հասանելի դարձնելու անսահմանափակ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն զարգացնել մարդու միտքն ու մտածելակերպը: Այնուամենայնիվ, հասարակությունը լիովին չի օգտվելու այս հնարավորությունից, քանի դեռ աճող մտածելակերպ ունեցողները չեն կազմում այդ հասարակության գերակշիռ մասը: Այնուհետև Սալման Խանը երկու հռետորական հարց է բարձրացնում. ի՞նչ կլինի, եթե մենք ակտիվորեն փորձենք փոխել այս վիճակը: Ի՞նչ կլինի, եթե մենք մեր հասանելի միջոցներով սկսենք աճող մտածելակերպի ձևավորման միջամտություններ անել բոլոր նրանց նկատմամբ, ում մասին հոգ ենք տանում: Հարցը վերաբերում է այն բանին, թե մենք ինչպե՞ս ենք հաղորդակցվում մեր երեխաների հետ, ինչպե՞ս ենք ղեկավարում մեր աշխատանքային թիմը, ինչպե՞ս ենք նոր լեզու կամ գործիք սովորում: Եթե ամբողջ հասարակությունը ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէ սահման չի ճանաչի:
Հոդվածի վերջում Սալման Խանը թեթև հումորով է եզրափակում իր խոսքը: Դիմելով իր այս հոդվածն ընթերցողներին՝ այսինքն մեզ, նա ասում է, որ ինքն արդեն մի անակնկալ է մատուցել բոլորիս: Մենք հենց նոր ենթարկվեցինք աճող մտածելակերպի ձևավորմանն ուղղված մի միջամտության: Մենք իմացանք, որ ուղեղն ամենաշատն աճում է, երբ սխալվում է մի դժվար խնդիր լուծելիս, այլ ոչ թե երբ ինքնավստահ հանդարտությամբ հերթական ճիշտ լուծումն է տալիս կրկնվող ու դյուրին հարցերին:
Հիմա, երբ ընթերցել ենք հոդվածն ամբողջությամբ, կարող է շատերը քմծիծաղեն՝ «մենք դա վաղուց գիտեինք» ենթատեքստով: Դեռ մանկուց տարբեր լեզուներով լսել ենք «Սխալվելով ենք սովորում (На ошибках мы учимся. We learn by making mistakes)» արտահայտությունը: Եթե լսել ենք ու ամեն ինչ գիտենք, ապա ինչո՞ւ ենք հանդուրժում արդեն մի քանի սերունդ բթացնող շտեմարանները: Այդ քմծիծաղ տվողներից մեկն էլ կարող է այն ծնողը լինել, ով թաքուն հպարտությամբ ասում է. «Տղաս շատ խելացի է, բայց ծույլ է»: Եթե այդպես է, ապա ի սեր Ձեր երեխայի՝ խնդրում եմ նորից կարդալ այս հոդվածը:
24.09.2014
Աղբյուրը՝ «Huffingtonpost» ամերիկյան Էլեկտրոնային պարբերական
Փոխադրություն անգերենից