Կրթահամալիրի տնօրենի ուսումնական բլոգի օրապատումից

Այ, հոկտեմբերի 6-ին մեկնարկող հինգ խաղահրապարակներն ու 2-5 տարեկանների խմբերն են նվերը: Արդեն սկսեցի ոգևորվել ձեր, սեբաստացիներ, ոգևորված, նախաձեռնող մասնակցությունից` Գեղարվեստից սկսված, Հիմնականով ավարտված: Իհարկե՛: Խաղահրապարակների հայտարարված մեկնարկը ընդամենը սկիզբ համարեք. դրանց գործիքավորումը, հանդերձավորումը և՛ միտք է պահանջում, և՛ կենդանի մարդու մանկավարժության յուրահատուկ-էժան նյութականացում… Բացօթյա մարզանք-խաղերը պիտի օր առաջ դառնան մեր առօրյան: Լսե՛ք, անպայման անվտանգ, զգուշությունը խելքի հատկանիշ է, ինչպես խիզախությունը: Խիզախ և զգույշ՝ միասին:

Այսպիսի կրթական ակցիաներ, երբ միանգամից կրթահամալիրի մեր Բանգլադեշում մեր հինգ դպրոցներում միաժամանակ աշխուժով են լցվում՝ սկսում են գործել մանկա-պատանեկան պարզ, գրավիչ մարզահրապարակներ, մեր կրթահամալիրի սկեղծման 25-ամյակին ընդառաջ, լավ նշան է։ Մեզ, Երևանին, Հայաստանին, բոլորիս փոքր-մեծ այսպիսի կենդանի ներարկումներ են պետք։ Ամենաշատը տպավորվել եմ մրջնանոցից, որ տասնյակ ու տասնյակ տարատարիք սեբաստացիներ որպես մրջյուններ կրում էին սպիտակ-կարմիր ավազը, հարթեցնում իրենց հրապարակները, հետո այն վայելքից, որով անջատվում էին աշխարհից, ընկնում իրենց խաղի՝ մեծերի աշխարհից կտրող մանկական աշխույժի մեջ։

Բոլոր ավազե հրապարակները տափակացնենք, գրատախտակ դարձնենք, ու թող մեր հինգ տարեկան հոկտեմբերիկները գրեն (նոր՝ ավազի գրիչներով). հերիք են, էլի, էլեկտրոնային գրիչ, մկնիկ, սենսորային գրիչներ… Ոչ էլ վերադարձ գնդիկավոր գրիչներին. լավագույն գրիչ, նկարիչ, քանդակիչ, ջնջիչները պիտի նախատեսված լինեն սպիտակ, սև ավազի վրա գրելու-նկարելու-ծեփելու համար… Սկսեցի՞նք:

***

Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում անցնող մեկ օրում նկատելի աշխատանք է կատարված. սահմանափակ մեր նյութական միջոցները պարտադրում են մշտապես գտնել խելամիտ լուծումներ: Սևանից բերված լճի լվացած սպիտակ ավազը լավագույն լուծումն է մեր մարզահրապարակների համար: Հոկտեմբերի 6-ից, մենք սկսում ենք գործածել մեր մարզահրապարակները՝ շարունակելով դրանց բարելավման, ավելի ու ավելի գրավիչ-հարմար դարձնելու գործը, որպես ամենօրյա ուսումնական աշխատանք: Մեր ուսուցիչն ու սովորողը շարունակ պիտի ակտիվ լինեն իրենց շրջապատող նյութական միջավայրի նկատմամբ, փոխեն այն. անշարժ՝ ասել է պատրաստի ստացած, շահագործողի կրավորական (չմիջամտող) վերաբերմունքով: Բնակարաններում-առանձնատներում մեր վերաբերմունքը մեծ չափով այդպիսին չէ՝ ակտիվ է. ինչ-որ բան փոխում ենք շարունակ… Կրթահամալիրն էլ՝ իր դպրոցներով ու միջդպրոցական անցումներով, մեր տունն է. այստեղ ապրում ենք սեբաստացիներով, ոչ թե սպասում, որ ինչ-որ ժամանակ մեկը գա ու հարմարեցնի այն մեր կյանքին:

Այսպես մտքերով, աննկատ դուրս եկա մարզադաշտ: Մի խումբ մարզչի հետ ֆուտբոլ է խաղում, մի այլ խումբ՝ վարժասարքերի վրա է… Ես մոտեցա, իհարկե, աղջիկների մի փոքր խմբի, որ լողափնյա վոլեյբոլի դաշտի ավազներին էր՝ ոտաբոբիկ։ Հայտնի բակունցասերս ուզում եմ գտնել այն զգացողությունը, որ ունեցա՝ միանալով այս խմբին։ Այնքա՜ն հաճելի էր դաշտում… իսկական դաշտեր… Այնպիսի խաղաղություն էր, որ տղաներն իրենց ֆուտբոլային ճղճղոցով կամ ռազմատեխնիկական թխկադմդմբոցով ազդեցություն չէին ունենում:

— Հավանու՞մ եք մարզադաշտը…
— Շա՜տ: Այսպիսի զգացողություն, տիար Բլեյան, չեմ ունեցել, ոնց որ բնության մեջ լինեմ. չեմ ուզում տուն գնալ…
— Ջուրը պակաս չէ՞… Ավազան լիներ, գետ…
— Պակաս է: Դուք կարող եք, չէ՞… ի՞նչ եք մտածել…
— Գնանք, հրեն՝ Զանգուն մի փողոց այն կողմ է, «Ադմիրալ Իսակովին» զուգահեռ գնում է… թեքենք, թող մեր Զանգուն մեր դաշտերի բնական սահմանը գա դառնա, մի պտույտ անի… էլի գնա՝ Արաքսը թափվի…

— Գուցե լողավազա՞ն բերենք հավաքենք, այ, էն լողափով ու պրծնենք, Զանգվի հունին ձեռք չտանք…
Աղջիկները՝ 7-րդ դասարանցի Դոնան Թովմասյան և 8-րդ դասարանցի Անի Ջանոյանը, նայում են իմ ցույց տված կողմը, որտեղ հարթ, խիճով ընդարձակ դաշտն է…
— Լավ լողափ է… Կլինի, լավ կլինի…

Ե՛վ Դոնան, և՛ Անին, մեծացել են, լավ է, որ ընկերներ են. մեկը՝ Գեղարվեստից, մյուսը՝ Միջինից, որպես առուներ եկել-լցվել են «Մայր»-ի ավազանն ահա… Էլ չխանգարեմ աղջկական մեկուսացմանը, ես իմ չափով համն առա՝ անուշ էր:

Ես տեսա նետաձգության նոր դաշտը… Ի՞նձ եք սպասում, ինչո՞ւ: Մարզամշակութային կենտրոնը, որի կազմում են նաև մարզադաշտերը, նոր Բլեյան պատասխանատու ունի… Կպեք գործի, տեղից շարժեք. ի՜նչ կա այստեղ անելու, արված է: Սևակը, ում ես շատ եմ քննադատում, երբ սովորող-ուսուցիչ նրան բերում, Չարենց է դարձնում, կասեր՝

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ
Սակայն ամե՜ն բան պատկերացված է

Սիրեք, կարդացե՛ք Սևակից կարևորը, բայց, դե մեկ-երկու, այն էլ՝ ոչ բանաստեղծություն, խրատաբանություն, խոսքակոտրուկներով։ Ինչո՞ւ եք այդքան հեշտ «հանճար» բնորոշմանը դիմում: Կարդացեք պարզապես. ես դեռ չեմ հանդիպել մարդու, ով Սևակ ինձնից լավ է կարդացել, ամբողջական գիտի Սևակի գործը՝ «Մարդը ափի մեջ»-ից մինչև «Ականջդ բեր, ասեմ», հոդվածներով, նամակներով… Բանագետ Հովիկ Չարխչյանին հանած…

Ու ես շարժվում եմ մեր դաշտի Բաբաջանյան պողոտայի երկայնքով, վերգետնյա անցումով դեպի Բ-4-ի դաշտեր… Հոկտեմբերի 14-ի հեծանվուղու նորամուտը չի փոխվելու…

***

Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարող ձևական-արհեստական անցնել, չդառնալ ուսումնական աշխատանք՝ սրա լավագույն, մեր կողմից վերջին երկու տարում զարգացվող ուսումնական նախագծերի տեսքով… Հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո դասընթացի պարապմունքին… Մեկնաբանեցի, պատասխանեցի հարցերին, ոգևորեցի…

Ես խոստացել էի ու հրապարակում եմ նոր ուսումնական նախագիծ. «Արարատին, Արագածին նայող դիտակներ»… Սկսենք կրթահամալիրի մեր Բանգլադեշից: Հիմա դուք իմացաք ճշմարտությունը Գեղարվեստի դպրոցի տանիքի մասին. դպրոցն ունի Արարատին նայող ընդարձակ, հանրային (բաց) դիտարան… Պիտի մտածել հատուկ սարքերի՝ դիտակների, հեռադիտակների մասին… Պատկերացրի՞ք՝ ինչ ազնիվ շարժում է սկսվում քաղաքում… Գնանք Գեղարվեստի դիտարան, Արարատի հետ լինենք…

Հիմա դուք գիտեք՝ ինչու է քանդվում Դպրոց-պարտեզի մետաղե ցանկապատը. դիտարանի ճանապարհն ենք բացում… Մեր տանն էլ կար մի անկյուն, միակը, որ կարող էր լավ-վատ դիտարան ծառայել Արարատի համար՝ իմ աշխատանքային անկյունը… Դրա համար, տեսեք, քանի՜ պատ, դուռ ու լուսամուտ քանդվեց… Չնայած մեր շենքի տանիքին ի՞նչ է եղել, որ…

Այդպես էլ, ոչ այս տարի, երևի, կսկսվի Դպրոց-պարտեզի և մեր բնակելի շենքի հանրային դիտարանի կառուցումը…

Իսկ Մայր դպրոցի դիտարանի գործն էլ թող Առնոլդ Բլեյանը մտածի. ի՞նչ մարզամշակութային կենտրոն, ի՞նչ Մայր դպրոց (Առնոլդը սիրում է կարճել. «ես մայրում եմ»)՝ առանց հանրային դիտարանի… Տեսեք՝ ո՜նց կհարստանա, յուրահատուկ կդառնա իմ օրագրում հայտարարած ֆոտոպատում-ստուգատեսը՝ «Հայացք Արարատին, Արագածին իմ դիտարանից» ձեր ֆոտոշարքերով։

Քնարիկ Ներսիսյան ջա՜ն, մենք մի քանի անգամ նախաձեռնեցինք բազմաձև տիկնիկային թատրոն… ու ի՞նչ եղավ: Վերադառնանք նորից. հիմա, երբ ստեղծվել ու հաջողությամբ գործում է կրթահամալիրում Լևոն Աբրահամյանի անիմացիայի լաբորատորիան…  

***

Զայրույթը չի զարդարում. տանում է: Զայրույթը մսխում է: Ոչ մի արդարացում: Երեկ ես զայրացա և չմասնակցեցի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում սպասված ցուցադրության բացմանը: Հետո մտա Գեղարվեստ. այնքա՜ն լուռ էր, ես միայնակ անցա ցուցասրահով, մեկիկ-մեկիկ կանգնեցի մեր 10-12-րդ դասարանցիների աշխատանքների առաջ… Միայնակ, անշտապ քո սաների աշխատանքներով զմայլվելն էլ ուրիշ հաճույք է. սա ասում եմ ոչ իբրև արդարացում, կրկնում եմ՝ ոչ մի արդարացում, ես անընդհատ մեղավոր եմ զգում, անհարմար, որ չեմ մասնակցել այսպիսի կրթամշակութային իրադարձության, հատկապես, որ Սամ Գրիգորյանին «Դալանում» բացված իր անհատական ցուցահանդեսի դիտման ժամանակ խոստացել էի: Խոստումները քաղաքով մեկ շաղ տալու համար չեն, այլ՝ կատարելու: Սամ Գրիգորյանը, որ 1992թ.-ից ապրում և աշխատում է Բեռլինում, 1995թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և այլ երկրներում, Գերմանիայից ժամանած արդեն երկրորդ արվեստագետն է այս տարի, որ Գյոթեի անվան ինստիտուտի «Brain Map» ծրագրով վարպետության դաս է անցկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սաների հետ: Գագիկ Բաբայանի վարպետության դասի մասին իմ բլոգում պատմել եմ, հիշում եք։ Սամ Գրիգորյանի առաջարկած դեկոլաժ տեխնիկայի միջոցով սովորողները մեծ ոգևորությամբ հասան այն արդյունքին, որ ցուցադրվեց ցուցահանդեսում:

Կրթահամալիրը չի կարող չլինել համերաշխ, գնահատող միջավայր յուրաքանչյուրի համար։ Գյոթեի խոսքն է կարծեմ՝ գնահատել նշանակում է ստեղծել։ Սեմինար-պարապմունքի՝ մի վարպետության դասի կարիք էլ կա. այս անգամ, երևի, միջին ու բարձր դասարանների դասավանդողների համար: Տեսեք, ուսումնական տարվա ընթացքում, ավանդաբար, ուսումնական օրացույցով նախատեսված ստեղծագործական հավաքների, ճամբարների, ստուգատեսների օրերին հաճախ են կազմակերպվում «վարպետության դասեր» անվանումով պարապմունքներ: Գեղարվեստի ավագ դպրոցում արվեստաբան Եվա Խաչատրյանի համադրմամբ Գյոթեի ինստիտուտը ցուցադրում է նկարիչ-արվեստագետի վարպետության դասի այլ, մեզ անծանոթ կազմակերպում (եռօրյա, օրական 3-4 ժամվա աշխատանքի արդյունքը՝ ցուցադրություն): Երեկ, երբ Նառա Նիկողոսյանի, Սուսան Մարկոսյանի հետ պատրաստվում էինք կրթահամալիրի մանկավարժական աշխատողների այսօրվա (ամեն շաբաթ, չորեքշաբթի օրը կրթահամալիրում մանկավարժական աշխատողների դպրոց է) միասնական սեմինար-պարապմունքին, քննարկում էինք «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ի շրջանակում 2014-ի նոյեմբերի 10-12-ին Ավագ դպրոցում «Մխիթար Սեբաստացի միաբանություն» վարպետության այսպիսի դասի կազմակերպման օգտակարությունը… Քննարկումը՝ սրտից, մտքից եկող, կպավ, չէր կարող ոգևորություն առաջ չբերել:

Շախմատը, որպես հանրակրթական դասընթաց, առաջինը Հայաստանում մեր հեղինակային մանկավարժությամբ կարևորվեց, 1988-ից դարձավ հանրակրթության բաղկացուցիչ… Շախմատի դպրոց ենք ստեղծել՝ հայտնի ու լեցուն մանուկներով, նվիրյալ մասնագետ-ուսուցիչներով… Ի դեպ, կրթահամալիրի շախմատի այսօրվա ակումբի ղեկավարը, շախմատի մեր մասնագետ ուսուցիչ Առնոլդ Միքայելյանը, ով ամեն օր ավելի ու ավելի հայտնի, սիրված, կարևոր անձ է դառնում կրթահամալիրի ու Բանգլադեշի տարածաշրջանում, հենց մեր շախմատի դպրոցի սան է, Թևան Դավթյանի աշակերտը… Թևանի հեղինակած «Սովորենք շախմատ խաղալ» չորս գրքույկները, որ ստեղծվեցին կրթահամալիրում, տպվեցին, ձևավորվեցին կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունում, այսօր էլ շախմատասերների փնտրած ձեռնարկներից են, շախմատի ծրագրով, մեթոդականով, սիրով-խնամքով արված հանրակրթական փաթեթ. այսօր էլ մենք նվիրում ենք աջ ու ձախ. սովորեք ու տարածեք… Անդրանիկ Քեհյանին, Մուշեղ Մինասյանին, Սամվել Միսակյանին, Ռոբերտ Հովսեփյանին՝ Թևանի ընկերներին ու հետևորդներին, բոլորին սիրով ողջունում եմ. լավ է, որ նրանք Երևանով մեկ զբաղված են շախմատով՝ իրենց շուրջ ստեղծելով մտածումի ու խոհի կենտրոններ… Կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն ունի շախմատը, որպես բաղկացուցիչ, դասարանում կրթական ծրագրի կազմակերպիչ-դասվարը, որպես ինտեգրված դասընթացի անբաժանելի մաս, վարում է շախմատի պարապմունքներ, ինչպես մաթեմատիկան, հայերենը, տեխնոլոգիան, բնագիտությունը (ես և շրջակա աշխարհը)՝ ունենալով Առնոլդ Միքայելյանի նման մասնագետ-նվիրյալի մշտական աջակցությունը… Իսկ այսպիսի, տեսեք՝ ինչ պարարտ հող է անհատի լրացուցիչ կրթության, շախմատային հետաքրքրությունների դրսևորման համար. տեսեք՝ ինչ արագ, կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում, Մեդիա կենտրոնում միավորներ են դառնում՝ շարժվելով ձիու քայլերով, շախմատային ակումբներն ու խմբերը, տեսեք, ի՜նչ տպավորիչ բաց հանրակրթական մրցաշար՝ 1-3-րդ դասարանցիների համար, այսօր, ժամը 10.00-13.00, Մեդիա կենտրոնում, շախմատի ակումբների կենտրոնում վայելք են, իհարկե, մրցաշարի եզրափակիչ ակորդները: Առնոլդի մրցաշարը շարունակություն կունենա, որպես դասվար-մարզիչների անդրանիկ, բայց ամենամյա առաջնություն, հետո կմրցեն շախմատի հանրակրթական հնարավորությունները սրանով խրախուսող 1-3-րդ դասարանցիների ծնողները… Սա է ուղիղ ճանապարհը, որը շախմատը կունենա որպես գործիք-միջոց՝ ուսումնական բազում գործիք-միջոցներից մեկը, իսկ նպատակը երեխան է, սովորողը, նրա մտածողությունն ու զարգացումը, նրա տաղանդի դրսևորումը… Հաջողություն ցանկանալով Երևանում այս օրերին միջազգային  կոնֆերանսի աշխատանքներին՝ մեր «Դպիրը» զուգահեռ կլոր սեղանի ձևով կներկայացնի մեր հեղինակած այլընտրանքը:

***

Հիմա, երբ աչքս mskh-ից չեմ կարողանում կտրել, այս աշնանապատումից, տեսեք՝  100-ի չափ սեբաստացիներ Տավուշ-Լոռիում, Զանգեզուրում (վաղը Վահրամ Թոքմաջյանի արշավախումբը կմեկնի), Արցախում իրոք ուսումնական են դարձնում միշտ պայծառ հայաստանյան աշունը, ես, հուզվելու աստիճան, կարոտում եմ բոլորիդ՝ իմ սեբաստացի ուսուցիչ-ընկերներ. մենք սովորական Հայաստանցիների համար քսանհինգ տարի ստեղծում ենք, այո, տպավորիչ-շոշափելի հաջողությամբ, ցավոք, ոչ սովորական մանկավարժություն, նոր կրթական աշխարհ, նոր Հայաստան… Մենք շատ ջանք ենք թափել, և տեսեք, հաջողում ենք, որ Բանգլադեշի պատանիներն այսպես անպաճույճ, հայտնագործողի նման մտնեն Ստեփանակերտի իրենց հասակակցի տուն ու միասին հայտնագործեն հայկական աշխարհը, միասին պաշտպանեն ոչ միայն զենքով, այլև նոր կյանքով… Ես ուզեցել եմ, որ նրանք շիտակ, մարդավարի-գործընկերային կապեր հաստատեն Արցախում, Հայաստանով մեկ, իրենց ավագ սերնդի նման հաճախ կեղծ-պաթետիկ-անպատասխանատու չլինեն…

Իսկ mskh-ում այս մի ֆոտոշարքի համար, որ կոչվում է «Դետալիզացիա», ես ծափահարում եմ կինոֆոտո ակումբի հիմնադիր ղեկավար Սուսան Ամուջանյանին ու սեբաստացի սաներ Արեգին ու Բագրատին՝ կեցցեք. այսպիսին է, այո, այս ուսումնական «Զանգու» նախագծի իմաստը՝ դետալ-դետալ ներկայացնել, դետալ-դետալ ամբողջացնել Զանգուն՝ իր զարմանալի կիրճով ու այսպես, ձեր «գտած դետալներով, որպես լեգո» հավաքել ու ամբողջական վերադարձնել, տիրել վերջապես քանի՜ սերունդ կորսված Զանգուն…

Սա հայրենիքի պեղում է ու հայտնաբերում, իշխում: Իշխեք, սեբաստացիներ, եթե ոչ դուք, ապա էլ ո՞վ…

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով