Նախկին հրաշամանուկը
Հիմա, երբ այս գիրքը գրում եմ, իմ առջև է «Իմ կյանքի ընկած տերևները» («Stray Leaves from My Life») վերնագրով հոդվածաշարի պատճենը, որ հայրս գրել է 1910թ. Բոստոնյան ներդիրի՝ սիրելի, ձանձրալի, քաղաքակիրթ ներդիրի համար: Երբ հասկացա, որ դրանք գրվել են այն ժամանակ, երբ նա տասը տարով ավելի երիտասարդ էր, քան ես հիմա, ես շշմեցի: Դրանք պատմում էին նրա պատանեկան տարիների և Եվրոպայում ստացած կրթության, Ամերիկայում նրա ճամփորդությունների, և այստեղ նրա կյանքի մասին մինչև այն ժամանակը, երբ Միսուրիի համալսարանում հաջողակ գիտական կարիերա սկսեց: Նրա հոդվածները լի են գոյության ռոմանտիկ ուրախությամբ և աղքատության ու դժվարությունների նկատմամբ խենթ անտարբերությամբ, որը շատ բնորոշ է կենսախինդ երիտասարդին, հատկապես, եթե նա նոր է ազատագրվել եվրոպական հանրակրթական դպրոցի կարգապահության ամուր ճիրաններից: Dans un grenier, qu’on est bien a vingt ans![3]:
Հայրենիքը թողած ամերիկացին, որը գիտակցաբար բոհեմական հաճույքներ է փնտրում, սովորաբար վատ է պատրաստված լինում այդպիսի ապրումներին և չի գիտակցում դրա իրական կարևորությունը երիտասարդ եվրոպացու համար: Նրան չէին ստիպում կոշտ կարգապահության ենթարկվել, որը ֆրանսիական լիցեյի, գերմանական գիմնազիայի և անգլիական արտոնյալ մասնավոր դպրոցի անբաժանելի մասն է: Նա ամբողջ հոգով չի ձգտում, որպեսզի իրեն ազատ զարգանալու համար ժամանակ տան ուսուցման շրջանի անազատության և ավելի կոշտ ստրկացման միջև, երբ սկսում է դաժան մրցակցության այս աշխարհում փող աշխատել: Նրա համար բոհեմական կյանքը ուղղակի անկարգ ապրելաձև է, որը դրվում է իրեն ծանոթ ապրելաձևի վրա, որտեղ գործնականում կարգապահություն չկար, և կրթություն ստանալը մեծ ջանքեր չէր պահանջում: Դեռ ավելի վատ, դա այնպիսի անպատասխանատու ապրելաձև է, երբ նա իրեն ազատում է ամերիկյան հասարակության բոլոր պահանջներից և նորմերից, ինչպես նաև դրանք չի ընդունում այն երկրի նկատմամբ, որտեղ ապրում է: Եվ երջանիկ է նա, ով կարողանում է դիմակայել հարբեցողությանը և ամբողջովին չտրվել կրքերին և դատարկապորտությանը:
Հակառակը, եվրոպացի պատանին, և հատկապես վերջին հարյուրամյակի եվրոպացի պատանին, պետք է պատռեր ավանդական կրթութական գործուն, կոշտ բոժոժը և իրեն փորձեր ազատ թռիչքի մեջ: Եվ եթե նա փորձեր դա անել` մասնակցելով Օքսֆորդի և Քեմբրիջի չափավոր ուրախ հավաքներին, գերմանական համալսարանում կամ Լատինական թաղամասի ձեղնահարկերում ժամանակն անցկացներ իր նման պատանիների հետ գարեջրի գավաթի շուրջը, երգելով ուրախ երգեր, դա քիչ նշանակություն կունենար: Չուսումնասիրված տարածքներով ճանապարհորդելը երիտասարդության և ազատության բարձրագույն հաստատումներն էին, իսկ Միացյալ Նահանգներն այդ ժամանակ չուսումնասիրված տարածք էր:
Այսպիսով, հորս պարզահոգի պատմությունը գրված է իրական և մաքուր ամերիկյան, Մարկ Տվենին և Բրեգ Հարտին հատուկ ոգով: Այդ ոգին երիտասարդության, քաջության և արկածի բուն էությունն է՝ տեսանելի վարդագույն ակնոցով: Նրանում պարզորոշ զգացվում է հարավային ճանապարհների փոշին և կանզասյան ֆերմայում հենց նոր հերկած ակոսի հոտը, և լսվում է արևմտյան դաժան քաղաքի և Սիերայի գագաթից փչող թափանցող քամու աղմուկը: Եվ այդ ամենի միջով անցնում է հորս նիհար կերպարանքը` ակնոցով և գործողության պատրաստ, աշխուժորեն արձագանքող տարօրինակ և զարմանալի ամեն ինչի, ամբողջ թափով նոր կյանքով ապրող, աշխատանքը կորցնող և նորից գտնող, վաղվա մասին չմտածող և նման ձևի ժամանցից հիացմունք ապրող:
Նա կարճահասակ էր, մոտ հինգ ոտնաչափ և երկու դյույմ, շատ շարժուն, և մարդ էր, որ իրեն հանդիպող յուրաքանչյուր մեկի վրա ուժեղ և աներկմիտ տպավորություն էր թողնում: Նրա ուսերն ու կուրծքը կարծես ըմբիշի լինեին, նեղ կոնք և բարեկազմ ոտքեր ուներ, և այդ հեռավոր օրերում նրան հատուկ էր մարզիկի եռանդը: Նրա մուգ աչքերը փայլում էին ակնոցի հաստ ապակիների ետևից, մատնելով մտքի պայծառությունը և սրությունը: Նրա մազերն ու բեղերը սև էին, և այդպես էլ մնացին մինչև քառասուն տարեկանը, իսկ դեմքը ճգնավորի էր: Լինելով հետիոտն և հեծանվային արշավների սիրահար` նա հաճախ էր երիտասարդական խմբեր առաջնորդել էքսկուրսիաների. դեռ հիշում եմ երիտասարդների խմբի լուսանկարը, որտեղ հայրս կանգնած էր հին արտադրության մեծ ակներով հեծանվի կողքին:
Նա կտրուկ և վճռականությամբ լի ձայն ուներ, հրաշալի էր տիրապետում անգլերենին, ինչպես և մյուս բոլոր լեզուներին, որոնցով խոսում էր: Ինձ ասում են, որ նա ցայտուն օտարոտի արտասանություն ուներ, բայց քանի որ նրան հաճախ էի լսում, այդ բանը չեմ նկատել, և ինձ թվում է, որ անգլերենում նրա արտասահմանցու արտասանությունը մեծ մասամբ արտահայտվում էր հստակ առոգանությամբ և բառերի մանրակրկիտ ընտրությամբ, քան ուրիշ բանով:
Նա կենդանի, հետաքրքիր և հմայիչ զրուցակից էր, չնայած իր ուժեղ մտքի և պաթոսի պատճառով նրա համար դժվար էր զրույցի մեջ սահմանափակել իր մասնակցության բաժինը: Հաճախ նա արտահայտվում էր հիանալի ասույթներով, այլ ոչ թե զրույցը տանում էր միայն որպես մտքերի փոխանակում, և դա զրուցակցին բացվելու մղելու լավագույն ձևն էր: Նա անհանդուրժող էր հիմարների նկատմամբ, և վախենամ, այդքան սուր միտք ունենալով` շատերին էր հիմար համարում: Նա բարի էր ուսանողների նկատմամբ, և նրանք սիրում էին նրան, բայց կարող էր և ճնշել. լինելով շատ ուժեղ անձնավորություն, նա ֆիզիկապես չէր կարողանում զսպել իր հորդումը:
Նա ոգևորված աշխատւմ էր դաշտում և սիրում էր ժամանակը մաքուր օդում անցկացնել, հետիոտն զբոսանքներից չէր հոգնում: Նա հակված էր իր հետաքրքրություններն ու նախասիրությունները պարտադրելու իրեն շրջապատող մարդկանց` չգիտակցելով, որ եթե այդ բացահայտ ստիպելը չլիներ, նրանցից շատերը ավելի սիրով կընդունեին իր հետաքրքրությունները: Սունկ հավաելը և ուտելու համար պիտանիներից ուտեստ պատրաստելը նրա սիրած զբաղմունքներից էր: Հավանաբար այդ զբաղմունքին հատուկ գրավչություն էր հաղորդում այն, որ պատահաբար թունավոր սունկ ուտելու անվերջ փոքր հավանականություն կար միշտ:
Նա տասնութ տարեկան էր, երբ 1880թ., գրպանում ընդամեը հիսուն ցենտ, Նոր Օրլեան եկավ: Այդ փողի մեծ մասը անմիջապես ծախսեց բանանից բաղկացած ճաշի վրա, և ստիպված էր աշխատանք փնտրելով զբաղվել: Նրա առաջին աշխատանքը ֆաբրիկայում հիդրավլիկ հզոր մամլիչի օգնությամբ բամբակը հակերի մեջ դասավորելն էր: Սակայն երբ գործընկերներից մեկն ընկավ մամլիչի տակ և սարսափելի խեղվեց, հայրս այդ աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեց: Հետո նա Պոնչարտրեյն լճի մոտ կառուցվող երկաթգծի շինարարությունում ջուր բաժանող էր աշխատում: Այդ աշխատանքը նա կորցրեց ձեռքի աշխատանքին անվարժ պատանուն հատուկ անշնորհքության պատճառով: Հետո եղել է իր նման մեկ կամ երկու երիտասարդի հետ Հարավում աննպատակ թափառումների շրջան, որից հետո եկել է Ֆլորիդայում և Կանզասում ֆերմերություն անելու շրջանը: Հավանաբար չկա ավելի խանդավառ ֆերմեր, քան գութանը ձեռքը վերցրած հրեան: Մինչև կյանքի վերջին օրերը նա, հավանաբար, ավելի մեծ հաճույք էր ստանում նրանից, որ իրեն հաջողվել էր հարևան պրոֆեսիոնալ ֆերմերից ավելի լավ բերք ստանալ, քան բանասիրության բնագավառում իր արած ամենամեծ բացահայտումից:
Իր ֆերմերական աշխատանքի շրջաններից մեկում նա Միսուրիում հանդիպեց ֆուրիերիստական հասարակության մնացորդների: Այն այլասերվել էր, և ավելի կարող անդամները լքել էին, մնացել էին միայն միայնակները, անօգտակար և անկարող իդեալիստները: Շուտով հայրս կշտացավ այդ ամենից, և չնայած ամբողջ կյանքի ընթացքում շարունակեց տոլստոյական մնալ, երբեք չուզեցավ գործ ունենալ այն մարդկանց հետ, ում իդելիզմը որոշակի չափով խառնված չէր գործնական առողջ բանականության հետ:
Ես ուղղակի չգիտեմ, թե ինչպես է պատահել, որ հայրս Կանզաս Սիթի է եկել, և այն, թե այնտեղ ինչով է զբաղվել: Եղել շրջան, որ ցրիչ է աշխատել: Պատահել է, որ կանզասյան խանութներում հատակն է ավլել: Այդ ժամանակներում ամերիկյան նոր արկածներով տարվածությունը սկսել է կամաց-կամաց խամրել: Հայրս քիչ-քիչ սկսել է նախանձել հարուստ գնորդներին: Նա որոշում է կայացրել, որ իր նպատակը պետք է դառնան կյանքի հրաշալիքները և հաճույքները: Պետք է, որ հենց այդ ժամանակ նա անցնելիս լիներ կաթոլիկական եկեղեցու մոտով, որի մուտքի մոտ հայտարարությունն ասում էր. «Տալիս ենք գաելական լեզվի դասեր»: Քանի որ նրան բնորոշ էր հետաքրքրասիրությունը բանասիրական գիտելիքների նկատմամբ, չի կարողացել անտարբեր անցնել: Նա սկսել է պարապմունքներին հաճախել. և քանի որ լեզուների հարցում մյուսներից շատ օժտված էր, շուտով ինքն է սկսել դասավանդել, իսկ հետո գլխավորեց տեղի գաելական համայնքը:
Ամբողջ Կանզասով տարածվեց «ռուս իռլանդացու» փառքը, ինչպես նրան անվանում էին: Որոշ ժամանակ հանրային գրադարանում արտառոց բան էր համարվում, որ համեստ, գաղթած-ցրիչը պատվիրում և կարդում էր գրքեր, որոնք մինչ այդ ոչ ոք չէր կարողացել կարդալ:
Ժամանակի ընթացքում հայրս որոշեց վերջ տալ գոյության այդ ոչ նորմալ ձևին և վերադառնալ մտավոր աշխատանքի, որի համար ինքը ստեղծված էր: Նա համարձակվեց իրեն աշխատանք տրամադրելու խնդրանքով դիմել դպրոցական գործերի կառավարչին և փորձնական շրջանից հետո Միսուրի նահանգի Օդեսայի դպրոցներից մեկում ընդունվեց որպես բարձր դասարանների դասավանդող: Նա իրեն դրսևորեց որպես փայլուն դասավանդող, որ սովորողների լավ ընկերը և բարեփոխիչ կարողացավ լինել, և Կանզաս Սիթիի կրթական համակարգում զգալի հետք թողեց: Հայրս երբ դասավանդում էր (բայց ինձ հետ պարապելիս` ոչ միշտ), ձգտում էր ավելի շուտ երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել, քան ստիպել նրանց մտածել նշված ուղղությամբ: Նրա նպատակը նրանց անկախ մտածողությունը կենդանացնելն էր, այլ ոչ թե հասնելը նրան, որ հնազանդվեն: Նա մասնակցում էր մարզական պարապմունքներին և արշավներին, և նրան հաջողվեց փոխանցել բնության մեջ հանգստանալու նկատմամբ իր սերը:
Կանզասյան դպրոցի բարձր դասարաններում դասավանդելու շրջանում հայրս ընկերների հետ ճանապարհորդեց Կալիֆոռնիայում: Նա հատուկ հաճույք էր ստանում, երբ ռոմանտիկ Սան-Ֆրանցիսկո քաղաքի, Պոյով սեմիտական հարթավայր անցնելու և Սերա բարձրացող խմբում իրեն ընդգրկելու մասին էր պատմում: Ինձ պատմել է, որ ալպինիզմով զբաղվելու շնորհիվ ծանթացել է մի ճանապարհորդ կնոջ հետ, ում մոտ երիտասարդի ռոմանտիկական սերը բնության և արկածների նկատմամաբ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այդ կինը Անի Պեկն էր, որ հետո այդ սերնդի հայտնի լեռնագնացներից էր և Անդերի գագաթները, այդ թվում` Չիմբարասոն և Կոտոպահին, հաղթահարողներից: Հետագայում հորս ուղղված նամակներից մեկում Պեկը գրել էր, որ լեռնագնացությամբ իր զբաղվելը առաջացել է հորս խանդավառությունից:
Կանզասում ապրելու շրջանում հորս զվարճանքներից մեկը ոգեկոչության սեանսներին մասնակցելն էր, որտեղ փորձում էր գտնել ոգեմիջնորդների ձեռքերի ճարպկության տեխնիկայի գաղտնիքը: Չեմ կարծում, որ հորս խիստ հուզում էին սպիրիտուալիզմի գաղափարները, բայց ոչ մեծ հետախուզական աշխատանք կատարելու հնարավորությունը գրավիչ էր նրա բնույթի համար, որը ձգտում էր արկածների, և գրգռում էր նրա մտքի հետաքրքրասիրությունը: Այդ զբաղմունքից նա համոզված եզրակացություն արեց, որ եթե սպիրիտուալիզմում ինչ-որ բան էլ կա, դա ակնհայտորեն բացակայում էր այն ոգեմիջնորդների մոտ, որոնց նա ուսումնասիրել է:
Միջին Արևմուտքի արթնացող մշակույթում այդ ժամանակ հայտնվեց Բրաունինգի պոեզիայի ոճի արտասովորությամբ և շվարեցնող ակնարկներով տարվածություն: Իհարկե, հորս նման լայն մշակութային կրթություն ունցող մարդու համար ո´չ նման ոճը, ո´չ էլ ակնարկները դժվարություն չէին ներկայացնում: Բրաունինգի եկրպագու կանանց ակումբի հանդիպումների ժամանակ հայրս նմանվում էր առյուծի, և կարծում եմ, հենց այդտեղ էլ հանդիպել է մորս: Եվ ուրիշ բանի մասին չմտածելով, նրանք, անկասկած, հաճույք են ստացել միասին կարդալով այնպիսի ստեղծագործություններ, ինչպես «Մատանին և գիրքը» («The Ring and the Воок») և «Պատշգամբում» («Оп a Balcony»): Ինձ և քրոջս՝ Կոնստանսին կոչել են «Պատշգամբում» գրքի հերոսների պատվին, այնպես որ մենք մտավոր դարաշրջանի անցանկալի մնացորդներ ենք: Ստիպված եմ մտածել, որ այդ, ինձ այդպիսի անհասկանալի և տարօրինակ անուն տալու փաստի նկատմամբ ծնողներիս անտարբերությունը անքակտելի մասն է կազմում իմ կյանքը մինչև վերջին մանրուքները որոշված հունով ուղղորդելու նրանց որոշման:
Հայրս իր համար ընտրեց լեզուներ դասավանդելու մասնագիտությունը: Նույն հաջողությամբ նա կարող էր դառնալ մաթեմատիկա դասավանդող, քանի որ տաղանդ և հետաքրքրություն ուներ գիտելիքի այդ բնագավառի նկատմամբ: Ավելին, քոլեջում ուսանելու ժամանակ մաթեմատիկական գիտելիքներիս մեծ մասը նրանից եմ ստացել: Պահեր են լինում, երբ մտածում եմ, որ հորս համար ավելի լավ կլիներ, եթե գործունեության ոլորտ ընտրեր մաթեմատիկան, ոչ թե բանասիրությունը: Մաթեմատիկայի առավելությունն այն է, որ գիտական այնպիսի ոլորտ է, որտեղ սխալները շատ պարզ երևում են, և դրանք կարելի է ուղղել կամ գրչի մեկ շարժումով ջնջել: Սա գիտելիքների բնագավառ է, որը հաճախ համեմատում են շախմատի հետ, բայց ի տարբերություն շախմատի, մաթեմատիկայում նշանակություն ունեն մարդու ապրումների լավագույն պահերը, ոչ թե վատագույները: Շախմատում թույլ տրված միակ անուշադրությունը հասցնում է պարտության, մինչդեռ, մաթեմատիկոսի հեղինակությունն ստեղծում է խնդրի լուծման միակ հաջող ընտրված մոտեցումն այն բազմաթիվներից, որ նետվել են աղբամանը:
Ինչ վերաբերում է բանասիրությանը, այս բնագավառը կախված է մի շարք ոչ մեծ դատողությունների մանրամասն գնահատումից, այլ ոչ թե տրամաբանական դատողությունների հիման վրա առաջընթացից: Ինտուիցիա և երևակայություն ունեցող մարդու համար սա գիտություն է, որտեղ նա հեշտությամբ կարող է սխալ ճանապարհի կանգնել և գնալով սխալների ճանապարհով` երբեք էլ չգիտակցել դա: Լուրջ սխալներ թույլ տվող մաթեմատիկոսը, որ չի նկատում իր սխալները, արդեն մաթեմատիկոս չէ, բայց փայլուն երևակայություն ունեցող բանասերը կարող է իր սխալների մեջ շատ հեռու գնալ, մինչև լրիվ ակնհայտ սխալներից մեկը նրան չկանգնեցնի: Հորս ծառայությունները բանասիրությունում կասկած չեն հարուցում, բայց նրա սանգվինիկ բնույթը ավելի մեծ օգուտ կտար գիտության կարգ ու կանոնի ազդեցության տակ, որտեղ կարգապահությունը մեխանիկական բան է:
Այսպիսով, այս տարօրինակ մարդը դարձավ իմ հայրը և ուսուցիչը: 1893թ. նա ամուսնացավ մորս՝ օրիորդ Բերտա Կանի` Միսուրի նահանգի Սենտ-Ջոզեֆ քաղաքի հանրախանութի տիրոջ՝ Հենրի Կանի դստեր հետ: Թույլ տվեք մի քիչ էլ պատմեմ մորս, նրա ընտանիքի և կրթության մասին:
[3] Քսան տարեկանում կյանքը ձեղնահարկում էլ հրաշալի է (ֆրանս.):
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` Նորբերտ Վիներ կայքից
Հեղինակ՝ Նորբերտ Վիներ
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան