Աստղագիտությունը ամենահին գիտություններից է և առաջացել է գործնական անհրաժեշտությունից: Անհիշելի ժամանակներից սկսած աստղագիտական երևույթները հիմք են ծառայել ժամանակի չափումների, տեղանքում կողմնորոշվելու համար: Այդ կարողություններն այսօր էլ կիրառական են, այդ իսկ պատճառով աստղագիտության դասընթացը հնարավոր չէ յուրացրած համարել միայն տեսական նյութը սերտելով: Այստեղ օգնության են գալիս ճամփորդությունները, գործնական աշխատանքները` դիտումներ աստղադիտակով, նյութի ուսումնասիրում աստղացուցարանում` դիտելով և քննարկելով համապատասխան ֆիլմեր:
Քանի որ մեր` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մի քանի տարի է, ինչ ձեռք է բերել և՛ աստղացուցարան, և՛ CELESTRON NexStat 6se աստղադիտակ, մեր և՛ կրտսեր, և՛ միջին ու ավագ դպրոցների սովորողները համապատասխան նյութերը ուսումնասիրում են լսարանից դուրս` աստղացուցարանում: Քաղաքից դուրս ճամբարների ժամանակ աստղադիտակով շատ ավելի հետաքրքիր դիտումներ են արվում բնության գրկում:
9-րդ դասարանում աստղագիտության որոշ թեմաների յուրացումը անց է կացվում աստղացուցարանում, որտեղ սովորողը ավելի ճիշտ է ընկալում երկրակամարի, հորիզոնի գոյությունը, վիրտուալ ճամփորդություն է կատարում արեգակնային համակարգով` «այցելելով» տարբեր մոլորակներ, Լուսին, Արեգակի այլ արբանյակներ, աստերոիդներ: Շատ ուսանելի է Լուսնի առաջացման հիպոթեզը և մակերևույթի ուսումնասիրությունը: Սովորողը դառնում է տիեզերական թռիչքների «անմիջական մասնակիցը»: Հընթացս առաջանում են հարցեր, որոնց պատասխանները տրվում են տեղում կամ հաջորդ դասերի ընթացքում:
Մոլորակների հետ ծանոթացումը կատարվում է դրանց մակերևույթի վրա «վայրէջք» կատարելով: Սովորողները կարողանում են մոտիկից տեսնել, «շոշափել» , «քայլել» դրանց վրայով: Շատ հետաքրքիր է նաև Երկրի տեսքը տիեզերքից, Լուսնից:
Աստղադիտական դիտումների հիմնական գործիքը «լույսն» է, որի բերած տեղեկությունը կարելի է տեսնել աստղադիտակների միջոցով:
Մեր կրթահամալիրում Celestron տիպի աստղադիտակով մայր դպրոցի տանիքից կատարվում են գիշերային երկնքի, մոլորակների, Լուսնի խավարման, «Կապույտ Լուսնի» դիտումներ: Ավագ դպրոցի սովորողները նախօրոք ծանոթացել էին աստղադիտակի աշխատանքին, թարգմանել շահագործման գրքույկը և հիմա, որպես օգնականներ, անց են կացնում դիտումները: Իսկ մինչ այդ աստղադիտարանում դիտել, ապա քննարկել էինք «Աստղադիտակներ» ֆիլմը, որտեղ տեսանելի և մատչելի ձևով նկարագրվում է Գալիլեո Գալիլեյի՝ 1609 թվականին ստեղծած աստղադիտակը, և որի միջոցով նա կարողացել է հայտնաբերել Յուպիտերի (Լուսնթագի) չորս արբանյակները` Իո, Կաստիլիո, Եվրոպա և Հանիմեդ: Այդ պարզունակ աստղադիտակը տարիների ընթացքում կատարելագործվել և ինտերնետին միացված մի հզոր սարք է դարձել, որը, տեղադրված լինելով ոչ միայն Երկրի վրա, այլև Երկրի մթնոլորտից դուրս, դեպի տիեզերական տարածությունները սլացող «Հաբլի», «Կասինիի», «Պլանկ» , «Միր» և այլ ասղադիտարանների վրա, ակնհայտորեն «ընդարձակել է» Տիեզերքի սահմանները:
Շատ ոգևորիչ է այն փաստը, որ սովորողները գիշերային դիտումների են գալիս իրենց աստղադիտակներով, ծնողների, տատիկ-պապիկների հետ միասին: Իսկ գիշերը միասին դիտումներ անելը, կրթահամալիրում անցկացնելը հիշեցնում է ճամբարային առօրյա` քնապարկերով, բրդուճներով…
Գիշերային երկնքին կարելի է անվերջ նայել և հիանալ: Սակայն ինչպե՞ս գտնել աստղերը այդ անսահմանության մեջ: Աստղագետները ժամանակին գտել են դրա լուծումը. ամբողջ երկնակամարը բաժանել են 88 համաստեղությունների, որոնցից յուրաքանչյուրն ունի  հունական և հռոմեական աստվածությունների, կենդանիների, առարկաների հետ կապված իր անվանումը: Յուրաքանչյուր համաստեղություն ունի իր ամենապայծառ` α; β ; γ աստղերը : Եվ ահա, աստղացուցարանի «Համաստեղություններ» ֆիլմը բացահայտում է այդ անվանումները, տեսքը, և սովորողը իրականնին մոտ պայմաններում արդեն հեշտությամբ է տարբերում դրանք գիշերային երկնքում:
Սովորողները նաև հայերեն թարգմանել և ձայնագրել են այդ ֆիլմը, ինչն ավելի մատչելի է դարձնում թեմայի յուրացումը:
Աստղադիտարանի ֆիլմերը դիտում են ոչ միայն մեր կրթահամալիրի սովորողները, այլև քաղաքի և շրջակա մարզերի դպրոցների և կազմակերպությունների սաները, կրթահամալիրի հյուրերը: Դրա շնորհիվ առաջանում է հետաքրքրություն ոչ միայն աստղագիտության, այլև ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, ճարտարագիտության նկատմամբ, ստեղծվում են նոր կապեր:

Դիտումները ինքնակրթության համար ամենալավ աղբյուրն են:

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով