Երբ ուսումնասիրում ենք գիտությունների առաջացման ու զարգացման պատմությունը, շատ հաճախ ականատես ենք լինում մի գիտության տրոհմանն առանձին գիտությունների, կամ հակառակը` երբ երկու գիտությունների միաձուլումից ձևավորվում է նոր գիտություն։ Ընդհանրապես, շատ հաճախ հանդիպում ենք մի երևույթի, երբ որոշ գիտություններ «մահանում են», կամ չեն դառնում արդիական: Ցանկացած գիտություն ունի ապագա, եթե բավարարում է երկու հիմնական պահանջներից որևիցե մեկին`
- ծառայում է հասարակությանը
- տալիս է գիտական կանխատեսում։
Թե ինչպիսի ծառայություն է մատուցում «Աշխարհագրությունը» հասարակությանը, կարծում եմ, կարելի է նաև չմանրամասնել, ուստի ներկայացնենք, թե ինչ կանխատեսում կարող է տալ: Կանխատեսումներն էլ պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` բնական ու հասարարական:
Հասարական աշխարհագրության ոլորտում կատարվող կանխատեսումների մեջ առանձնահատուկ դեր ունեն աշխարհաքաղաքական կանխատեսումները: Ուսումնասիրելով աշխարհաքաղաքական մի շարք տեսություններ` նկատում ենք, որ որոշ գիտնականներ, հենվելով բացառապես աշխարհագրական գորոծոնների գործառույթների վրա, տալիս են ճշգրիտ կանխատեսումներ, որոնք շարունակվում են կատարվել նաև մեր օրերում: Անդրադառնանք դրանից մի քանիսին:
Ռուդոլֆ Չելենը լայն հասարակությանը հայտնի է որպես «գեոպոլիտիկա» տերմինի և «Պետությունը՝ որպես կենսաձև» աշխատության հեղինակ: Լինելով ազգությամբ շվեդ` Չելենը ստացել է «հոգով գերմանացի» մականունը, քանի որ զարգացնում էր գերմանական «օրգանիզմը», ըստ որի՝ պետությունը կենդանի օրգանիզմ է և ենթակա է աճի ու զարգացման կենսաբանական օրենքներին: Ըստ Չելենի` պետությունները «զարգացող և մտածող էակներ» են, հետևապես նրանց էությունից է բխում «գոյության պայքարը»: Նրանք նույնպես, ինչպես ամեն մի կենդանի էակ, «ծնվում են, հասակ են առնում, ծերանում և մահանում են»:
Ըստ Չելենի` բնատարածքը, որտեղ գտնվում է պետությունը, համարվում է նրա` պետության օրգանական շարունակությունը, և միասին կազմում են մեկ ամբողջություն: Չելենը համոզված էր, որ երկիր-պետությունը, որպես միասնական օրգանիզմ, բաղկացած է 5 առանձին ոլորտներից, որոնցից յուրաքանչյուրը պետք է քննարկվի առանձին: Այդ ոլորտներն են.
- աշխարհագրական տարածությունը
- ժողովուրդը
- տնտեսությունը
- հասարակությունը
- կառավարումը։
Չելենը հատուկ քննարկման նյութ է դարձնում խոշոր պետությունների ու փոքր պետությունների (ու ժողովուրդների) փոխհարաբերությունների ու ապագայի հարցը: Նա զարգացնում է այն միտքը, որ փոքր երկրներն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով դատապարտված են մեծ պետություններին ենթակա լինելուն, իսկ վերջիններս, դարձյալ աշխարհագրական ճակատագրի բերումով, պարտավոր են միավորել առաջիններին աշխարհագրական ու տնտեսական խոշոր համալիրների մեջ: Չելենը այդպիսի ձևավորված համալիրներ էր համարում Ռուսական կայսրությունը, Բրիտանական կայսրությունը, ԱՄՆ-ը: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա ըստ Չելենի, նրա պատմական խնդիրն էր նմանատիպ համալիր ստեղծել Եվրոպայում, միավորելով Արևմտյան, Արևելյան, Կենտրոնական Եվրոպայի մեծ ու փոքր երկրները:
Չելենը Գերմանիայի հովանու ներքո ստեղծվելիք Միացյալ Եվրոպայի մեջ ներառում է այն ընդարձակ տարածքը, որն ընկած է Ատլանտյան օվկիանոսի, Պարսից ծոցի, Բալթիկ ու Ադրիատիկ ծովերի միջև: Այս գաղափարի վրա կառուցվեց «Միջին Եվրոպայի հայեցակարգը», ըստ որի՝ Եվրոպա պետք է համարվի նաև Մերձավոր Արևելքը:
Չելենի և նրա համախոհների համոզմամբ այդ տարածքն իրենից ներկայացնում է մի հզոր «…ինտեգրալ քաղաքական-տնտեսական միավորում, որի կենտրոնն է Գերմանիան, իսկ առանցքը՝ Բեռլին-Բաղդադ գիծը»: Հատուկ ընդգծվում է այն միտքը, որ այդ կազմավորման հիմք պետք է լինի ոչ թե ազգերի ու էթնոսների ընդհանրությունը, այլ տարածքի «աշխարհագրական ճակատագրի» ընդհանրությունը:
Այսպիսով, ի մի բերելով չելենյան հայեցակարգը, գալիս ենք այն եզրակացությանը, որ պետության զարգազման համար առաջնային գործոնը պետական տարածքն է: Ու քանի որ նրա կյանքի բերումով իր գործունեության մի մասը ծավալել է հենց Գերմանիայում, պատահական չէր, որ գերագնահատում էր Գերմանիայի դերը: Այսպիսով` Չելենը պնդում էր, որ Գերմանիան պետք է զարգանա, իսկ դրա համար նա բավականաչափ տարածք չունի: Այս ֆոնի վրա հասկանալի է հետագայում Ֆաշիստական Գերմանիայի վարած քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Չելենյան հայեցակարգի որոշ դրույթներ նույնիսկ տեղ են գտել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» աշխատության մեջ: Այսինքն՝ Չելենը, լիարժեքորեն ճիշտ գնահատելով աշխարհագրական գործոնների դերը, դրանցից մի քանիսին տալով գերակա նշանակություն մյուսների նկատմամբ, կարողացել է տալ ճիշտ գիտական կանխատեսում:
Թեև, ինչպես ժամանակը ցույց տվեց, Գերմանիան չկարողացավ ընդարձակել իր պետական տարածքը, բայց Չելենի տեսության մյուս մասը, որը վերաբերում է Գերմանիայի ազդեցության ոլորտի մեծացմանը և «Միացյալ Եվրոպայի» գաղափարին, այսօր դարձել է բացարձակ իրականություն: Ներկայիս Եվրոպական միությունը բավականին ընդհանրություններ ունի Չելենի նկարագրած «Միջին Եվրոպայի» հետ:
1992թ-ի փետրվարի 7-ին Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կնքված համաձայնագիրը սկիզբ դրեց նոր աշխարհաքաղաքական միավորի` Եվրոպական Միության ստեղծմանը:
Իր աշխարհագրական դիրքի, բնակչության թվաքանակի ու տնտեսական հզորության շնորհիվ Գերմանիան առանձնահատուկ դեր ունի Եվրամիության կազմում: Ինչպես կանխատեսում էր Ռուդոլֆ Չելենը, Գերմանիան իր «աշխարահագրական ճակատագրի բերումով» նպաստում է նաև հարևան փոքր պետությունների զարգամցանը՝ էապես ազդելով այդ երկրների տնտեսության կառուցվածքի ու զարգացման մակարդակի վրա:
Առաջին հերթին՝ Գերմանիան գտնվելով Եվրոպայի կենտրոնում, ունի բացառիկ հարմար աշխարհագրական դիրք՝ հանդիսանում է Եվրոպայի հյուսիսը հարավին, արևելքը արևմուտքին կապող օղակ: Բացառիկ աշխարհագրական դիրքը «աշխարհագրական ճակատագրի» ամենակարևոր բաղկացուցիչն է:
Բացի այդ, ունենալով աշխարհում հզոր տնտեսություններից մեկը` ՀՆԱ ընդհանուր ծավալով 4-րդը, Գերմանիան էականորեն ազդում է մյուս երկների տնտեսության վրա: Օրինակ՝ Լեհաստանի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի դեպքում Գերմանիան արդյունահանված վառելիքային հումքի սպառման խոշոր շուկա է, մի շարք երկրների համար՝ օրինակ՝ Դանիանյում արտադրվող խոզապուխտի, կամ Չեխիայում արտադրվող գարեջրի պատրաստի արտադրանքի սպառման շուկա: Գերմանիան մի շարք եվրոպական զարգացող երկրների բնակիչների աշխատավայրն է: Գերմանիայում այսօր էլ աշխատում են տարբեր ազգերի մինչև 4 մլն ներկայացուցիչներ:
Այսպիսով՝ ինչպես և կանխատեսում էր ազգությամբ շվեդ, բայց հոգով գերմանացի Ռուդոլֆ Չելենը, Գերմանիան առանձնահատուկ դեր ունի ժամանակակից Եվրոպայի կյանքում: Ճիշտ է, Գերմանիայի դերը այնպիսին չէ, ինչպես իր «Միացյալ Եվրոպա» աշխատության մեջ նշում էր Չելենը, բայց դեռևս հարյուր տարի առաջ կատարած կանխատեսման մի շարք դրույթներ ներկայումս էլ իրականություն են դառնում:
Իրականացած կանխատեսումների շարքում առանձնահատուկ տեղ ունի հայտնի ամերկացի պատմաբան, նավատորմի ադմիրալ Ալֆրեդ Մեխենի (1840-1914) քաղաքաաշխարհագրական տեսությունը: Մեխենը պետությունների զարգացման հարցում առավելությունը տալիս է նրանց զբաղեցրած ծովային դիրքին: Մեխենը ասում էր, որ խոշոր «Համաշխարհային տերություն» կարող է դառնալ այն պետությունը, որն ունի հարմարավետ ծովային դիրք` ներառյալ ափագծի ձգվածությունն ու գծագրությունը: Ըստ Մեխենի՝ ծովային դիրքը կանխորոշում է նաև ժողովուրդի «բնավորությունը», իսկ այդ երկուսը միասին` պետության «ծովային ուժը»:
Վելուծելով հին դարերում Կարթագենի և նոր (Մեխենի ապրած ժամանակաշրջանի համար) ժամանակաշրջաններում Բրիտանական կայսրության օրինակները, նա այն հետևությանն է հանգում, որ «ծովային ուժը» քաղաքակրթության հատուկ տիպ է, որը լավագույնն է ու առավել արդյունավետը համաշխարհային տիրապետության հասնելու համար:
Զարգացնելով իր այդ տեսակետը՝ Մեխենը դեռևս անցյալ դարասկզբին հենց ԱՄՆ-ի համար էր կանխատեսում «համամոլորակային ճակատագիր», որի համաձայն այդ երկիրը պետք է դառնա աշխարհի առաջատար ծովային տերությունը և ուղղորդի համաշխարհային զարգացումը:
Մեխենը համարում էր, որ ԱՄՆ-ի համար համաշխարհային տիրապետության հասնելուն խոչընդոտ կարող են հանդիսանալ Եվրասիայի ցամաքային տերությունները և առաջին հերթին՝ Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան («Միջին Եվրոպա»):
ԱՄՆ-ի մասով Մեխենի կանխատեսումը իրականացավ ավելի շուտ, քան նա կարող էր ենթադրել: Ընդամենը մի քանի տասնամյակ անց, երբ փլուզվեցին եվրոպական երկրների գաղութային համակարգերը ամբողջ աշխարհում, մեծացած ԱՄՆ-ի ծովային գերիշխանությունը, իսկ սառը պատերազմից հետո՝ Միացյալ Նահանգները վերածվեց համաշախահային նոր լիդերի: Մեխենը իրավացի էր նաև ԱՄՆ-ի մրացակիցների հարցում: Ինչպես ժամանակը ցույց տվեց, Չինաստանը ունի զարգացման հսկայական պոտենցիալ, և պատահական չէ, որ համարվում է ամենաարագ աճող տնտեսություն ունեցող երկիրը: Ու հեռու չէ այն ժամանակը, երբ Չինաստանը իր ներուժով կգերազանցի ԱՄՆ-ն: Նույնն է նաև Գերմանիայի կամ, ավելի ճիշտ, «Միջին Եվրոպայի»ի պարագայում: Արդեն իսկ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ միաբևեռ աշխարհը (ԱՄՆ) վերածվել է բազմաբեևեռ աշխարհի, իսկ այդ բևեռներից մեկը արդեն համարվում է Եվրոպական Միությունը:
Այսպիսով, ի մի բերելով Մեխենի ու Չելենի մոտ մեկ դար առաջ կատարած կանխատեսումները, կարելի է վստահորեն ասել, որ ճշգրիտ գնահատելով աշխարհագարական գործոնների (աշխարհագրական դիրք, բնական պայմաններ, կլիմայական պայմաններ, բնակչություն և այլն) դերը պետությունների զարգացման գործում՝ կարելի է տալ տվյալ երկրի զարգացման երկարատև ու ճշգրիտ գիտական կանխատեսում:
Օգտագործած գրականության ցանկ
- Ա.Վալեսյան, Լ.Վալեսյան-«Քաղաքական աշխարհագրություն»
- Ա. Ավագյան-«Ռեգիոնալ աշխարհագրություն»