Հատված «Անմահություն» վեպից
Ահ, իմ սիրելի Պոլը, որ, ցանկանալով Արջին սադրել ու հունից հանել, խաչ էր քաշում պատմության վրա, Բեթհովենի ու Պիկասոյի վրա… Իմ մտքում նա զուգորդվում է Յարոմիլի հետ, որ հերոսն է ուղիղ քսան տարի առաջ ավարտած իմ վեպի, որը ես վերջին գլուխներից մեկում Մոնպառնասի մի բիստրոյում թողնելու եմ պրոֆեսոր Ավենարիուսի համար։
Մենք Պրահայում ենք, 1948 թիվն է։ Տասնութամյա Յարոմիլը խելքից դուրս սիրահարված է ժամանակակից պոեզիային՝ Բրետոն, Էլյուար, Դեսնոս, Վիտեզսլավ Նեզվալ, և նրանց օրինակով դավանում է Արթյուր Ռեմբոյի՝ «Մի եղանակ դժոխքում» գրքում առաջ քաշած դևիզը՝ «Հարկավոր է բացարձակ ժամանակակից լինել»։ Բայց այն, ինչ 1948 թվի Պրահայում հանկարծ հայտարարեց իր մասին` որպես բացարձակ ժամանակակից մի բան, սոցիալիստական հեղափոխությունն էր, որ ակնթարթորեն ու կոպիտ ժխտեց ժամանակակից պոեզիան, որին խելքից դուրս սիրահարված էր Յարոմիլը։ Այդ ժամանակ իմ հերոսը մի քանի ընկերների շրջանակում (իր նման ժամանակակից պոեզիային սիրահարվածներ) սարկազմով ուրանում էր այն ամենը, ինչ սիրել էր (իսկապես ու ամբողջ հոգով էր սիրել), քանի որ չէր ուզում դավաճանել մեծն հրամանին՝ «բացարձակ ժամանակակից լինել»։
Հրաժարման մեջ նա դնում էր ողջ կիրքն ու բռնկունությունը մի կույսի, որ երազում է կոպիտ գործողությամբ մտնել հասունություն, և ընկերներն էլ, նվաղած սրտով հետևելով՝ ինչպես է նա կատաղորեն ժխտում ամենաթանկ բանը, հանուն որի ապրում էր և որի մեջ տեսնում էր իր կյանքի իմաստը, ինչպես է ժխտում կուբիզմն ու սյուրռեալիզմը, Պիկասոյին ու Սալվադոր Դալիին, Բրետոնին ու Ռեմբոյին. ժխտում է՝ հանուն Լենինի ու Կարմիր բանակի (դրանք այն ժամանակ հնարավոր արդիականության գագաթնակետն էին), նախ զարմանք ապրեցին, հետո՝ հակակրանք, ի վերջո՝ համարյա թե սարսափ։ Տեսքն այդ կույսի, որ պատրաստ էր հարմարվելու այն ամենին, ինչն իրեն ժամանակակից էր հռչակում, և հարմարվել ոչ թե վախից (իր անձնական բարեկեցության կամ կարիերայի համար), այլ տղամարդավարի, ով ցավով զոհաբերում էր ամենայն սիրելին, այո՛, իրոք իր մեջ սարսափ է պարունակում (որը նախավկան էր վախի այն տեռորից, հետապնդումներից ու բանտարկություններից, որ հետո եղան)։ Հնարավոր է, որ այն ժամանակ նրան հետևողներից ինչ-որ մեկը միտք հղացավ. «Յարոմիլն իր գերեզմանափորների գործընկերն է»։
Իհարկե, Պոլն ու Յարոմիլը հեչ նման չեն։ Նրանց հարազատեցնող միակ բանը կրքոտ համոզվածությունն է, որ «հարկ է բացարձակ ժամանակակից լինել»։ «Բացարձակ ժամանակակից»-ը մի հասկացություն է, որ սահմանված կամ հստակ որոշված բովանդակություն չունի։ Ռեմբոն 1872 թվին այդ արտահայտության տակ հազիվ թե հասկանար լենինյան ու ստալինյան միլիոնավոր կիսանդրիներ, և միանգամայն անհավանական է, որ հասկանար գովազդային ֆիլմեր, ամսագրերում գունավոր նկարներ կամ ռոք-երգչի կատաղած հայացք։ Բայց այս ամենը էական չէ, քանի որ բացարձակ ժամանակակից լինել՝ նշանակում է, հաշվի չառնելով բովանդակությունը, ծառայել այդ ժամանակակցին, ինչպես ծառայում են բացարձակին, այսինքն՝ աներեր ծառայել։
Այսպես՝ ինչպես Յարոմիլը, Պոլն էլ գիտեր, որ վաղվա ժամանակակիցն ուրիշ է, և հանուն արդիականության հավերժ հրամայականի անհրաժեշտ է կարողանալ դրան փոփոխական բովանդակություն տալ, այնպես, ինչպես Ռեմբոյի դևիզի համար ժխտել նրա բանաստեղծությունները։ 1968 թվի Փարիզում ավելի արմատական տերմինալոգիայում, քան նա, որից օգտվում էր Յարոմիլը 1948-ին Պրահայում, ուսանողները ժխտում էին աշխարհն իր տեսակի մեջ՝ անհոգության, հարմարավետության, առևտրի, գովազդի աշխարհը, իրենց մելոդրամները մարդկանց ուղեղը խցկող զանգվածային բութ մշակույթի աշխարհը, պայմանականությունների աշխարհը, հայրերի աշխարհը։ Այն ժամանակ Պոլը մի քանի գիշեր անցկացրեց բարիկադներում, և նրա ձայնը նույնքան վճռական էր, որքան քսան տարի առաջ Յարոմիլինը. ոչինչ չէր կարող նրան մեղմել, և նա, բռնելով ձեռքը, որ իրեն մեկնել էր ուսանողական բունտը, հեռանում էր հայրերի աշխարհից, որ իր երեսուն-երեսունհինգ տարեկանում վերջապես մեծանար։
Բայց ժամանակն անցնում էր, նրա դուստրը մեծացել ու իրեն միանգամայն լավ էր զգում այն աշխարհում, որ կա՝ հեռուստացույցի աշխարհում, ռոքի, գովազդի, մելոդրամներով հանրային մշակույթի, երգիչների, մեքենաների, նորաձևության, խանութների շքեղ ապրանքների և էլեգանտ արտադրողների աշխարհում, ովքեր դառնում են հեռուստաաստղեր։ Եթե մի ժամանակ Պոլը պատրաստ էր համառորեն պաշտպանելու իր տեսակետները դատավորների, ոստիկանների, թաղապետների ու նախարարների առաջ, այսօր ընդունակ չէ պատշպանելու դրանք իր դստեր առաջ, ով նստում էր նրա ծնկներին և ամենևին չէր շտապում լքել հոր աշխարհն ու մեծանալ։ Ընդհակառակը, աշխատում էր հնարավորինս երկար մնալ տանը՝ իր հանդուրժողական հայրիկի հետ, ով, համարյա արցունքն աչքերին, իրեն թույլ էր տալիս ամեն շաբաթ ընկերոջ հետ գիշերը մենակ մնալ ծնողների ննջարանին կից սենյակում։
Ի՞նչ է նշանակում բացարձակ ժամանակակից լինել, երբ մարդ արդեն երիտասարդ չէ, և նրա դուստրն էլ միանգամայն ուրիշ է, քան ինքն էր երիտասարդ տարիներին։ Պոլը հեշտ գտավ պատասխանը. բացարձակ ժամանակակից լինել՝ տվյալ դեպքում նշանակում է բացարձակապես համապատասխանել դստերը։
Պատկերացրեք Պոլին. նա Անյեսի և Բրիջիտի հետ տանը ընթրում է։ Բրիջիդը կիսով չափ շրջված է նստել իր աթոռին, ծամում է ու նայում հեռուստացույցի էկրանին։ Երեքն էլ լուռ են, քանի որ հեռուստացույցի ձայնը մինչև վերջ բարձրացրած է։ Պոլի մտքից ոչ մի կերպ դուրս չի գալիս Արջի չարաբաստիկ արտահայտությունը՝ դու քո գերեզմանափորների գործընկերն ես։ Հետո նրան մտքերից շեղում է դստեր ծիծաղը. էկրանին գովազդ է՝ մերկ, մոտավորապես մի տարեկան երեխան վեր է կենում գիշերանոթի վրայից ու հետևից քարշ է տալիս զուգարանի թուղթը, որը բացվում է փաթեթից ու ձյունասպիտակ փռվում քայլող երեխայի հետևից՝ որպես հարսի հրաշալի թիկնոց։ Այստեղ Պոլը հիշում է, որ օրերս զարմանքով իմացել է, որ Բրիջիտը Ռեմբոյի բանաստեղծություններից ոչ մեկը չի կարդացել։ Եթե հաշվի առնենք, թե նրա տարիքում ինքն ինչքան էր Ռեմբո սիրում, ապա լրիվ իրավունք ունի դստերն իր գերեզմանափորը համարելու։
Սրա մեջ տխուր մի բան կա. դուստրը զվարճանում է հեռուստատեսային անիմաստ բաներով և երբեք չի կարդացել իր սիրած բանաստեղծին։ Բայց Պոլն անմիջապես իրեն հարց է տալիս` իբր ինչո՞ւ էր էդպես սիրում Ռեմբոյին։ Ինչպե՞ս էր հասել նրան սիրելուն։ Այդ սիրո ակունքում արդյո՞ք նրա բանաստեղծություններով հիանալն էր։ Ոչ։ Այն ժամանակ նրա համար Ռեմբոն Տրոցկու, Բրետոնի, սյուրռեալիստների, Մաոյի, Կաստրոյի հետ նույն հեղափոխական ամալգամի մեջ էր ձուլվում ։ Առաջին բանը, որ գիտեր Ռեմբոյից, բոլորի կողմից յուրացված նրա լոզունգն էր՝ changer la vie՝ փոխիր կյանքը (կարծես էդ հիմար ձևակերպման համար բանաստեղծական հանճար էր պետք)։ Ճիշտ է, հետո կարդացել է Ռեմբոյի բանաստեղծությունները, որոշները նույնիսկ անգիր գիտեր և հավանում էր։ Բայց երբեք չի կարդացել նրա բոլոր բանաստեղծությունները և հավանում էր մենակ նրանք, որոնց մասին ծանոթներն էին ասում, ու դրանց մասին խոսում էին մենակ նրա համար, որ սրանց էլ, իրենց հերթին, խորհուրդ էին տվել նրանց ծանոթները։ Հետևաբար՝ Ռեմբոն իր էսթետիկական սերը չէր, և հնարավոր է՝ երբեք էլ չի ունեցել էսթետիկական սեր։ Նա իրեն հայտարարում էր Ռեմբոյի համակիրը, ինչպես կանգնում են դրոշի տակ, ինչպես կցվում են քաղաքական կուսակցությանը կամ երկրպագում ֆուտբոլային թիմի։ Պոլին իրականում ի՞նչ են տվել Ռեմբոյի բանաստեղծությունները. մենակ հպարտության զգացում, որ ինքը նրանց խմբին է պատկանում, ովքեր Ռեմբո են սիրում։
Մտքում նա անընդհատ վերադառնում էր Արջի հետ վերջերս ունեցած վեճին։ Լավ, ինքը չափն անցավ, իրեն թույլ տվեց տարվել պարադոքսով, սադրում էր Արջին ու մյուս բոլորին, բայց վերջին հաշվով, մի՞թե այն, ինչ ասում էր, ճշմարտություն չէր։ Այն, ինչ Արջն այդքան հարգալից «մշակույթ» է կոչում, ընդամենը մեր ինքնագովազդը չէ՞, թող որ մի անկասկած գեղեցիկ ու արժեքավոր բան, որ մեզ համար շատ ավելի քիչ արժե, քան մենք ընդունակ ենք ճանաչելու։ Մի քանի օր առաջ, ջանալով նաև օգտագործել նույն բառերը, նա Բրիջիտի մոտ շարադրում էր տեսակետներ, որ ապշեցրել էին Արջին ։ Հետաքրքիր էր՝ ինչպես դուստրը կարձագանքի։ Բայց աղջիկը ոչ միայն չվրդովվեց սադրիչ ձևակերպումներից, այլև պատրաստ էր ավելի հեռուն գնալու։ Պոլի համար դա արտակարգ կարևոր էր։ Չէ՞ որ նա գնալով ավելի շատ էր ձգվում դեպի դուստրը և վերջին տարիներին իր բոլոր խնդիրների մասին նրանից էր կարծիք հարցնում ։ Առաջ դա անում էր դաստիարակչական նպատակներով, որ աղջկան ստիպի լուրջ բաների մասին մտածել, բայց շուտով դերերը փոխվեցին. Պոլն արդեն ոչ թե ամաչկոտ աշակերտին հարցերով ոգևորող ուսուցչի էր նման, այլ մի մոլորված մարդու, ով սպասում է գուշակուհու խորհրդին։
Գուշակուհուց առանձնահատուկ իմաստություն չի պահանջվում. Պոլը չափազանցված կարծիք չունի իր դստեր տաղանդի կամ կրթվածության մասին։ Ընդամենը պետք է, որ նա անտեսանելի թելերով կապված լինի իրենից դուրս գտնվող իմաստության ինչ-որ անոթի։ Նա լսում էր, թե Բրիջիտն ինչպես է տեսակետներ զարգացնում, և դրանք վերագրում էր ոչ թե նրա անձնական յուրահատկությանը, այլ մեծ կոլեկտիվ իմաստությանը երիտասարդության, որ խոսում է նրա բերանով։ Դրա համար էլ գնալով ավելի վստահությամբ էր դրանք ընդունում։
Անյեսը վեր կացավ, հավաքեց ամաններն ու տարավ խոհանոց, Բրիջիտը աթոռով լրիվ շրջվեց դեպի էկրանը, ու Պոլը սեղանի մոտ մենակ մնաց։ Նա հիշեց մի խաղ, որ իր ծնողների հետ էին խաղում. տասը աթոռի շուրջ պտտվում են տասը հոգով, և պայմանական նշանով բոլորը պիտի նստեն։ Ամեն աթոռին մակագրություն կա։ Որի վրա ինքը նստեց, գրված էր՝ իր գերեզմանափորների սրամիտ գործընկերը։ Եվ նա գիտեր, որ խաղն այլևս չի շարունակվելու, և ինքն այդ աթոռին է մնալու ընդմիշտ։
Ի՞նչ կարող ես անել։ Ոչինչ։ Ասենք՝ ինչո՞ւ չլինես քո գերեզմանափորների գործընկերը։ Հո նրանց հետ ձեռնամարտ չե՞ս տալու։ Դրանից հետո գերեզմանափորները դեռ մի բան էլ կթքեն դագաղիդ։
Էստեղ նորից լսեց Բրիջիտի ծիծաղը, ու մտքով նոր սահմանում անցավ՝ շատ ավելի պարադոքսալ, շատ ավելի արմատական։ Սա Պոլին այնքան դուր եկավ, որ համարյա մոռացավ ցավը։ Այդ սահմանումն էր. «Բացարձակ ժամանակակից լինելը սեփական գերեզմանափորներիդ գործընկերը լինելն է»։
Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան