Սկիզբը
Նախորդ գլուխը

Տասնմեկերորդ գլուխ
Փորձառական և գիտական մտածողություն

1. Փորձառական մտածողություն
Գիտական մեթոդի զարգացումից անկախ՝ եզրակացությունները կախված են սովորություններից, որ ձևավորվել են տրամաբանական նպատակների համար չկազմակերպված որոշակի թվով մասնավոր փորձերի ազդեցությամբ: Ա-ն ասում է. «Հավանաբար, վաղը անձրև կգա»: Բ-ն հարցնում է. «Ինչո՞ւ եք այդպես կարծում»: Ա-ն պատասխանում է. «Մայրամուտին երկինքն ամպամած էր»: Երբ Բ-ն հարցնում է. «Դա ի՞նչ կապ ունի»: Ա-ն պատասխանում է. «Չգիտեմ, բայց սովորաբար այդպիսի մայրամուտից հետո անձրև գալիս է»: Նա որևէ կապ չի տեսնում երկնքի տեսքի և մոտալուտ անձրևի միջև, փաստերում ոչ մի հաջորդականություն, ոչ մի օրենք կամ սկզբունք չի գիտակցում, ինչպես սովորաբար արտահայտվում ենք: Ուղղակի, երևույթների հաճախ իրար հաջորդելու շնորհիվ նա դրանք այնպես է զուգորդել, որ երբ տեսնում է մեկը, մտածում է մյուսի մասին: Մեկն առաջացնում է մյուսը կամ համադրվում նրա հետ: Մարդը կարող է մտածել, որ վաղը անձրև է գալու, որովհետև նայել է բարոմետրին, բայց եթե գաղափար չունի, թե ինչպես է սնդիկի սյան բարձրությունը (կամ դրանով բարձրացող և իջնող սլաքի դիրքը) կապված մթնոլորտային ճնշման փոփոխության հետ և, իր հերթին, վերջինը ինչպես է կապված օդի խոնավության հետ, նրա վստահությունը, որ կանձրևի, մաքուր փորձառական է: Երբ մարդիկ բաց երկնքի տակ էին ապրում և իրենց համար սնունդ էին հայթայթում որսորդության, ձկնորսության կամ անասնապահության միջոցով, եղանակի փոփոխությունը ցույց տվող նշաններ բացահայտելը շատ կարևոր գործ էր:   Ավանդական բանահյուսության զգալի մասը կազմող ասացվածքների և կանոնների ամբողջ ժողովածու է ստեղծվել: Բայց քանի դեռ չկա այն բանի ըմբռնումը, թե ինչու և ինչպես են հայտնի երևույթները նշան լինում, քանի դեռ եղանակի մասին կանխատեսումներն ու պատկերացումները հիմնվել են միայն փաստերի կրկնվող կապվածության վրա, եղանակի մասին կարծիքը մնում է փորձառական: 

Նման ձևով Արևելքի գիտունները սովորել էին հարաբերական ճշգրտությամբ կանխատեսել մոլորակների, արեգակի, լուսնի պարբերական դիրքերը և կանխատեսել խավարումների ժամկետները` առանց հասկանալու երկնային մարմինների շարժման օրենքները, այսինքն` առանց հասկացություն ունենալու փաստերի միջև գոյություն ունեցող հաջորդականության մասին: Կրկնվող դիտարկումներից նրանք սովորել էին, որ իրերը տեղի են ունենում այսինչ ձևով:  Համեմատաբար ոչ վաղ անցյալում բժշկությունը մեծ մասամբ նույն վիճակում էր: Փորձը ցույց էր տվել, որ «ի վերջո», «որպես կանոն», «ընդհանրապես և սովորաբար» որոշակի արդյունքներ առաջանում են որոշակի միջոցներից՝ որոշակի պայմաններում:  Մեր հայացքները մարդու` անհատների (հոգեբանություն) և զանգվածների (սոցիոլոգիա) բնույթի վերաբերյալ մինչև հիմա զգալի չափով փարձառական են: Նույնիսկ երկրաչափությունը, որ հաճախ ճանաչվում է որպես բանական գիտություն, հին եգիպտացիների մոտ սկսել է հողային տարածքների մոտավոր չափումների մեթոդները գրառելով և աստիճանաբար, միայն հույների մոտ է գիտական ձև ձեռք բերել:

Մաքուր փորձառական մտածողության թերություններն ակնհայտ են:

1. Չնայած որ շատ փորձառական եզրակացություններ ընդհանուր առմամբ ճիշտ են, բավականին ճշգրիտ, որպեսզի գործնական կյանքում մեծ օգնություն ցույց տան, չնայած եղանակը իմացող ծովայինի կամ որսորդի կանխատեսումները որոշակի սահմաններում կարող են ավելի ճիշտ լինել, քան գիտնականի կանխատեսումները, որ ամբողջովին հիմնվում են գիտական դիտարկումների և փորձերի վրա, չնայած փորձառական դիտարկումները և գրառումները հում նյութ են տրամադրում գիտական գիտելիքի համար, սակայն փորձառական մեթոդը ճշմարիտ և կեղծ եզրակացությունները տարբերելու ճանապարհ չի բացում: Այդ պատճառով էլ այն պատասխանատու է շատ կեղծ հասկացությունների համար: Ամենասովորական կեղծ եզրակացություններից մեկի տեխնիկական նշանակումն է ost hoc — ergo proter hoc` վստահությունը, որ եթե մի բանը հետևում է մյուսին, ապա տեղի է ունենում նրա պատճառով: Մինչդեռ այս սխալական մեթոդը փորձառական եզրակացությունների ոգևորող սկզբունք է նույնիսկ երբ դրանք ճիշտ են, քանի որ ճիշտ լինելը գրեթե նույնքան երջանիկ պատահականություն է, որքան և մեթոդ: Որ կարտոֆիլը պետք է լիալուսնի ժամանակ ցանել, որ ծովափին մարդիկ ծնվում են մակընթացության և մահանում տեղատվության ժամանակ, որ գիսաստղը վտանգ է կանխատեսում, որ կոտրված հայելին դժբախտություն է բերում, որ պատենտավորված դեղը հիվանդությունը  բուժում է, և նման հազարավոր հասկացություններ հաստատվում են փորձառական համընկումների և հարակցության հիման վրա: Բացի դրանից, սպասումի և վստահության սովորությունները ձևավորվում են այլ կերպ, ոչ նման դեպքերի որոշակի թվով կրկնվելու  հիման վրա:

2. Ինչքան բազմաթիվ են հաստատված դեպքերը, և ինչքան դիտարկումը մոտ է դրանց, այնքան ավելի վստահարժան է մշտական զուգորդումը, որպես դրանց միջև եղած կապերի ապացույց: Մեր ունեցած կարևոր վստահություններից շատերը մինչև հիմա էլ հիմնվում են միայն այդ տեսակի ապացույցների վրա:  Ոչ ոք չի կարող վստահորեն անհրաժեշտ պատճառ նշել ծերանալու և մահանալու համար, որոնք բոլոր հավանականներից ամենահավաստին են փորձի առումով, բայց նույնիսկ այդ տեսակի ամենահավաստի դատողություններն անկարող են նոր դեպքերի առաջ: Եթե դրանք չեն հենվում նախկին նման դեպքերի վրա, ապա դրանք անօգուտ են, երբ հետագա փորձը զգալի չափով հեռանում է նախկին օրինակներից և ծանոթ նախադեպերից: Փորձառական եզրակացությունը  գնում է խողովակով և ակոսներով, որ թողնում է սովորությունը, և չունի այլ հետք, որով կարելի է գնալ, երբ ակոսներն անհետանում են: Հարցի այս կողմն այնքան կարևոր է, որ Կլիֆորդը հենց դա է համարում սովորական գիտելիքի և գիտական մտքի տարբերությունը: «Գործնական գիտելիքը մարդուն օգնում է գործելու որոշակի պայմաններում, որոնց նա ավելի վաղ հանդիպել էր, գիտական միտքը նրան օգնում է գործել տարբեր պայմաններում, որոնց առաջ չէր հանդիպել»: Եվ նա այնքան հեռու է գնում, որ սահմանում է գիտական միտքը՝ որպես «անցյալի փորձի կիրառություն նոր պայմաններում»:

3. Դեռ չենք ծանոթացել փորձառական մեթոդի ամենավնասակար կողմին: Նրա հնարավոր ուղեկիցներն են մտավոր իներցիան, ծուլությունը, ոչ մի բանով չարդարացվող պահպանողականությունը: Դրա ընդհանուր ազդեցությունը մտքի վրա ավելի լուրջ է, քան առանձին կեղծ եզրակացությունները, որոնց հանգեցնում է: Եթե եզրակացություն ստանալը կախվում է գլխավորապես անցած փորձի ժամանակ դիտարկված մերձավորությունից, ապա սովորական կարգի հետ չհամաձայնեցվող դեպքերը միայն թեթևակի են շոշափվում, իսկ հաջող հաստատող դեպքերը չափազանցվում են: Քանի որ միտքը բնականաբար պահանջում է առանձին փաստերը և պատճառները միավորող ինչ-որ հաջորդականության սկզբունք, միավորող կապեր, ապա այդ նպատակի համար կամայականորեն հորինվում են ուժեր։ Երևակայական և առասպելական բացատրությունների են դիմում, որպեսզի լրացնեն պակասող կապերը:  Պոմպը ջուրը բարձրացնում է, որովհետև բնությունը վախենում է դատարկությունից, ափիոնը քնեցնում է մարդուն, որովհետև օժտված է քնեցնելու հատկությամբ, մենք հիշում ենք անցած դեպքերը, որովհետև օժտված ենք հիշելու կարողությամբ: Մարդկային գիտելիքի զարգացման պատմության մեջ առասպելներն ամբողջովին ուղեկցում են էմպիրիզմի առաջին աստիճանին, մինչդեռ «թաքնված էությունները» և «մութ ուժերը» բնորոշ են երկրորդ աստիճանին: Իրենց բնույթի պատճառով այդ «պատճառները» սպրդում են դիտարկումից, այնպես որ դրանք բացատրելու նշանակությունը չի կարող ո՛չ հաստատվել, ո՛չ մերժվել հետագա դիտարկումներով և փորձերով: Այդ պատճառով էլ դրանց նկատմամբ վստահությունը դառնում է մաքուր ավանդական: Նրանք առաջացնում են ուսմունքներ, որոնք արմատավորվելով և հետագայում ժառանգաբար փոխանցվելով, դառնում են դոգմաներ. հետագա ուսումնասիրությունները և դատողությունները ճնշվում են:

Որոշակի մարդիկ և խավեր դառնում են հաստատված ուսմունքների երդվյալ պահապան և փոխանցող՝ դաստիարակ: Ընդունված կարծիքներում կասկածելը կնշանակի կասկածել նրանց հեղինակությանը, իսկ դրանք ընդունելը ապացուցում է հավատարմություն իշխանության նկատմամբ, լավ քաղաքացու հատկանիշ: Կրավորականությունը, հնազանդությունը, համաձայնվողականությունը դառնում են առաջին մտավոր առաքինությունները: Փաստերը և դեպքերը, որոնք ինչ-որ նոր և այլատեսակ բաներ են պարունակում, արժանանում են արհամարհանքի և ձևափոխվում այնպես, մինչև համապատասխանեն ընդունված կարծիքների պրոկրուստյան մահճին:  Ուսումնասիրությունները և կասկածները ճնշվում են հին օրենքներից կամ տարբեր և չուսումնասիրված դեպքերից բերվող մեջբերումներով: Մտքի այսպիսի վիճակը ատելություն է ծնում փոփոխությունների նկատմամբ, իսկ դրանից բխող զզվանքը նորի նկատմամբ կործանարար է առաջընթացի համար: Ինչը չի համապատասխանում հաստատված կանոններին, արտաքսվում է. նոր բացահայտում արած մարդիկ կասկածանքի և նույնիսկ հետապնդման առարկա են դառնում: Կարծիքները, որ սկզբում գուցե և բավականին լայն և մանրամասն դիտարկումների արդյունք էին, դրոշմվում են հաստատված ավանդույթների կիսասրբական դոգմաների տեսքով, ընդունվելով միայն հեղինակության հենքի վրա, և խառնվում են երևակայական հասկացությունների հետ, որոնք պատահաբար գրավել են հեղիանկությունների ուշադրությունը:   

2. Գիտական մեթոդը
Փորձառական մեթոդի հակադրությունը գիտական մեթոդն է: Գիտական մեթոդը առանձին փաստերի մերձությունը և համընկնումը փոխարինում է մեկ կարևոր փաստի բացահայտումով, ընդ որում այդ փոխարինումը կատարում է՝ տրոհելով կոպիտ և ամբողջական փաստերը որոշակի թվով ավելի նուրբ, անմիջական ընկալման չտրվող պրոցեսների:

Եթե բնակչին հարցնենք, թե ինչու է ջուրը բաքից բարձրանում, երբ սովորական պոմպն աշխատում է, նա առանց տարկուսանքի կպատասխանի՝ «ներծծելու պատճառով»: Ներծծելը դիտարկվում է ջերմության կամ ճնշման նման մի ուժ: Եթե այդ մարդը հանդիպի փաստի, որ պոմպի ներծծելու ճանապարհով  ջուրը բարձրանում է մինչև մոտավորպես երեսուներեք ֆուտ, նա հեշտությամբ դուրս կգա դժվար դրությունից՝ հիմնավորելով, որ բոլոր ուժերը փոփոխում են իրենց ուժգնությունը և, ի վերջո, հասնում են սահմանին, որտեղ դադարում են գործելուց:   Բարձրության փոփոխությունը (ծովի մակարդակից բարձրացնելիս), մինչև որը կարող է քաշվել ջուրը, կա՛մ մնում է աննկատ, կա՛մ նկատվելիս մերժվում է, որպես տարօրինակ անոմալիաներից մեկը, որով բնությունը հարուստ է:

Գիտնականը սկսում է պնդումից, որ այն, ինչը դիտարկողին թվում է ամբողջական փաստ, իրականում բաղադրություն է: Այդ պատճառով նա փորձում է խողովակում ջրի բարձրանալու միասնական փաստը բաժանել որոշակի թվով ավելի մանր փաստերի: Նրա մեթոդը այն է, որ սկսում է մեկը մյուսի ետևից (որքան հնարավոր է) փոխել պայմանները և ճշգրիտ գրանցել, թե ինչ է տեղի ունենում, երբ պայմաններից մեկը հեռացվում է: Պայմանները փոխելու երկու մեթոդ կա: Առաջինը դիտարկման փորձառական մեթոդը ընդարձակելն է: Պետք է շատ մանրամասն համեմատել պատահական տարբեր պայմաններում տեղի ունեցած մեծ թվով դիտարկումների արդյունքներ: Ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա ջրի տարբեր չափով վերելքը և վերելքի լրիվ կանգը, երբ բարձրությունը նույնիսկ ծովի մակարդակից երեսուներեք ֆուտ է գերազանցում, շեշտվում է, այլ ոչ թե հպանցիկ նշվում: Նպատակն է գտնել, թե ինչ հատուկ պայմաններ են առկա, երբ գործողությունը տեղի է ունենում, և որոնք են բացակայում, երբ գործողություն չկա: Այդ ժամանակ այս հատուկ պայմանները փոխարինում են կոպիտ փաստին և դիտարկվում որպես նրա սկզբունքներ, որպես բանալի այն հասկանալու համար:

Բայց համեմատելու միջոցով վերլուծելու մեթոդը վատ է հավասարակշռված. այն չի օգնի, եթե տարբեր դեպքերի որոշակի քանակ չպատահի: Եթե նույնիսկ հայտնի դեպքերը առկա են, դեռ հարց է՝ դրանք փոփոխվում են հենց այն հարաբերություններով, որոնցով կարևոր է, որ փոփոխվեն վերջնական հարցը լուծելու համար: Մեթոդը պասիվ է և արտաքին պայմաններից կախված: Այստեղից է ակտիվ կամ փորձարարական մեթոդի առավելությունը: Նույնիսկ դիտարկումների քիչ քանակը կարող է առաջացնել բացատրություն, վարկած կամ տեսություն: Առաջացած պատկերացման հետ աշխատելիս գիտնականը կարող է կանխամտածված փոխել պայմանները և նշել, թե ինչ է կատարվում: Եթե փորձնական տվյալները ջրի վրա օդի ճնշման և խողովակում ջրի բարձրանալու միջև հնարավոր կապի մասին պատկերացում են առաջացրել նրանում, նա կանխամտածված արտամղում է օդը այն ամանից, որտեղ ջուրն էր, և նկատում է, որ ջրի ներծծում չի լինում, կամ դիտավորյալ մեծացնում է ջրի վրա մթնոլորտային ճնշումը և նշում արդյունքը: Նա փորձեր է կազմակերպում, որպեսզի որոշի օդի կշիռը ծովի մակարդակի և ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա և համեմատում է որոշակի ծավալով ջրի վրա տարբեր կշիռներով օդի ճնշման հիման վրա դատողության արդյունքները իրական դիտարկումներից ստացված արդյունքների հետ: Որևէ գաղափարի կամ տեսության հիման վրա պայմանները փոխելու միջոցով կատարված դիտարկումները փորձն է: Գիտական դատողության համար փորձը հիմնական աղբյուր է, քանի որ հեշտացնում է անորոշ կոպիտ ամբողջից կարևոր տարրը առանձնացնելը:

Փորձնական մտածողությունը կամ գիտական դատողությունը, այսպիսով, վերլուծության և համադրության միավորված պրոցես են կամ, պակաս մասնագիտորեն ասած` վերլուծություն և միավորում կամ նույնականացում: Ջրի բարձրանալու կոպիտ փաստը, երբ արտածծող կափույրն էր աշխատում, պարզեցվում է կամ վեր է լուծվում որոշակի թվով անկախ փոփոխականների, որոնց մի մասը երբեք չի դիտվել, և որոնց մասին այդ փաստի հետ կապված չեն էլ մտածել:  Այդ փաստերից մեկը՝ մթնոլորտային ճնշումը, ընտրվում է, և դրանից օգտվում են` որպես ամբողջ երևույթի բանալի: Այս մասնատումը վերլուծությունն է: Բայց մթնոլորտը և նրա ճնշումը կամ կշիռը փաստ են, որ չի սահանափակվում այս մեկ դեպքով: Սա սովորական կամ, գոնե, մեծ թվով այլ երևույթների համար` որպես շարժիչ բացահայտվող փաստ է: Այս աննշան և նուրբ փաստի հաստատումով` որպես պոմպի միջոցով ջուրը բարձրացնելու հիմք կամ բանալի, պոմպի միջոցով բարձրացնելը ձուլվում է մի խումբ ուրիշ փաստերի հետ, որոնցից առաջ առանձնացված էր: Այս ձուլումը սինթեզն է: Դրանից բացի, մթնոլորտային ճնշման փաստը ամենաընդհանուր փաստերից մեկի՝ կշռի կամ ձգողականության ուժի մասնավոր դեպք է: Կշռի ընդհանուր փաստի նկատմամբ եզրակացություններն այսպիսով փոխանցվում են ջուրը ներծծելու համեմատաբար հազվադեպ և մասնակի դեպքի դատողությոններին և մեկնաբանություններին: Ներծծող պոմպը դիտվում է որպես նույն սեռի և կարգի, ինչպես սիֆոնը, բարոմետրը, գունդը բարձրացնելը և այլ բաներ, որոնց հետ, առաջին հայացքից, թվում է, ոչ մի կապ չունի: Սա գիտական մտածողության սինթետիկ կամ ձուլող փուլի այլ դեպք է:

Եթե փորձառականի նկատմամբ գիտական մտածողության առավելությանը վերադառնանք, կտեսնենք, որ հիմա բանալի ունենք:

Մեծ արժանահավատությունը, վստահության կամ ապացույցի լրացուցիչ գործոնը կախված են ներծծելու` կոպիտ, չմասնատված, համեմատաբար խառը փաստը մթնոլորտային ճնշման մանրամասն նկարագրվող հատուկ փաստով փոխարինելուց: Ներծծելու փաստը բարդ է, և նրա բարդությունը բացատրվում է շատ անհայտ և չառանձնացված գործոններով. այդ պատճառով էլ նրա մասին ցանկացած պնդում քիչ թե շատ պատահական է և կարող է քանդվել պայմանների ցանկացած չնախատեսված փոփոխության դեպքում: Համեմատաբար, գոնե, փոքր և մանրամասն նկարագրված օդի ճնշման փաստը չափելի և որոշակի փաստ է, փաստ, որը կարելի ձեռք բերել, և որի հետ կարելի է վստահաբար աշխատել: 

Ինչպես վերլուծությունը լրացուցիչ վստահության, այդպես էլ սինթեզը  նորը և փոփոխվողը գտնել կարողանալու պատճառ է: Կշիռը ավելի ընդհանուր փաստ է, քան մթնոլորտի կշիռը, իսկ սա էլ իր հերթին ավելի ընդհանուր է, քան ներծծող պոմպի գործողությունը: Համեմատաբար եզակին և մասնավորը ընդհանուր և հաճախ հանդիպող փաստով փոխարինելու կարողությունը նշանակում է` ընդհանուր և սովորական սկզբունքի մասնավոր դեպքի հանգեցնել այն, ինչ թվում է նոր և բացառիկ, և այսպիսով` մեկնաբանելու և կանխատեսելու հսկողության տակ դնել:  

Պրոֆեսոր Ջեյմսն ասում է . «Պատկերացրեք ջերմությունը որպես շարժում, և այն, ինչը ճիշտ է շարժման համար, ճիշտ կլինի և ջերմության համար, բայց շարժման հարյուրավոր փորձ ունենք ջերմության մի փորձի դիմաց: Պատկերացրեք այս ոսպնյակով անցնող ճառագայթները որպես ուղղահայաց դեպքի շեղումներ և համեմատաբար անսովոր ոսպնյակը կփոխարինեք գծի ուղղության մասնակի փոփոխության շատ սովորական հասկացությամբ, հասկացություն, որի բազմաթիվ օրինակներ է մեզ տալիս յուրաքանչյուր օրը[1]:

Գոյություն ունեցող պայմանները մտքի օգնությամբ կարգավորելու միջոցով անցյալի, հնամոլության և սովորույթների նկատմամբ վստահության փոփոխությունը առաջընթացի նկատմամբ հավատի, իհարկե, գիտական փորձարարության մեթոդի արտահայտություն է:  Փորձառական մեթոդն անխուսափելիորեն գերագնահատում է անցյալի ազդեցությունը, փորձարարական մեթոդն առանձնացնում է ապագայի հնարավորությունները: Փորձառական մեթոդը ասում է. «Սպասեք, մինչև բավարար քանակությամբ դեպքեր կհանդիպեն», փորձարարական մեթոդն ասում է. «Դեպքեր ստեղծիր»: Առաջինը կախված է որոշակի հանգամանքների դեպքում բնության պատահական դիտարկման վրա, իսկ երկրորդն այդ պայմաններն առաջացնելու կամային և կանխամտածված ձգտում է: Այս մեթոդի շնորհիվ առաջընթացի գաղափարը գիտական երաշխավորություն է ստանում: 

Սովորական փորձը մեծ չափով ղեկավարվում է անմիջական ուժով և տարբեր երևույթների ուժգությամբ: Ինչը պայծառ է, հանկարծակի, բարձրաձայն ուշադրություն է գրավում և բարձր գնահատականի է արժանանում: Ինչը գունատ է, թույլ և երկարատև, մնում է աննկատ կամ համարվում է քիչ նշանակություն ունեցող: Սովորական փորձը ձգտում է միտքը հսկելուն, գիտակցության մեջ ընդունելով ուղղակի և անմիջական ուժը ավելի շատ, քան ապագայի համար նշանակությունը: Կանխատեսելու կարողություն չունենալով` կենդանիները պետք է տվյալ պահին առավել կենսական  ազդակների ենթարկվեն կամ դադրեն գոյություն ունենալուց: Այդ ազդակներն իրենց անմիջական կենսականությունից և ճչացող անհրաժեշտությունից ոչինչ չեն կորցնում, երբ զարգանում է մտածելու կարողությունը. բայց ամեն դեպքում մտածողությունը պահանջում է ավելի հեռավոր անմիջական խթանի ենթարկվել: Թույլը և նուրբը կարող են շատ ավելի նշանակալից լինել, քան փայլունը և մեծը: Վերջինը կարող է արդեն հյուծված ուժի նշան լինել, իսկ առաջինը կարող է նշել պրոցեսի սկիզբ, որը անհատի ամբողջ ճակատագիրն է:  Գիտական մտածողության համար կարևոր անհրաժեշտություն է, որ մտածողն ազատ լինի զգայական ազդակների և սովորույթների բռնությունից, և այս ազատագրումը նաև առաջընթացի անհրաժեշտ պայմանն է:

Դիտարկենք հետևյալ հատվածը. «Երբ ինքնաբերաբար անդրադարձող միտքն առաջին անգամ պատկերացրեց, որ շարժվող ջուրն օժտված է հատկությամբ` նույնական մարդկային և ոչ բանական ուժին, հատկապես իներցիան և դիմադրությունը հաղթահարելու,  ուրիշ զանգվածներ շարժելու հատկությամբ, երբ հոսանքի տեսքն այդ հատկությունից  դուրս առաջացրեց կենդանու ուժի հետ նմանության պատկերացում, նոր հավելում եղավ սկզբնական շարժիչների դասում և, երբ հանգամանքները թույլ էին տալիս, այդ ուժը կարող էր փոխարինել ուրիշների: Ժամանակակից ընկալման համար, որ սովոր է ջրային ակներին և լողացող լաստերին, այստեղ նմանությունը գուցե ակնհայտ է: Բայց եթե նայենք նախնադարի տեսանկյունից, երբ հոսող ջուրը միտքը ապշեցնում էր իր փայլով, աղմուկով և անկանոն ավերումներով, կարող ենք հեշտությամբ ենթադրել, որ մկանային էներգիայի հետ նույնացնելը ամենևին էլ ակնհայտ ջանք չէր»[2]: 

Եթե այս ակնհայտ զգայական հայտանիշներին ավելացնենք հասարակական տարբեր սվորույթներ և սպասումներ, որոնք սահմանում են անհատի հարաբերությունները, պարզ կդառնա ազատ և բեղմնավոր պատկերացումը փարձառական դատողություններին ենթարկելուց ստացվող չարիքը: Վերացարկման որոշակի կարողություն, տրված վիճակին սովորական արձագանքից կամայական շեղում է պետք, նախքան մարդը կազատագրվի, որպեսզի ի վերջո բեղմնավոր պատկերացման հետևի:

Կարճ ասած «փորձ» (experience) տերմինը կարող է կիրառվել մտքի կամ փորձառական կամ,  փորձարարական վիճակի նկատմամբ: Փորձը անշարժ և փակ մի բան չէ, կենդանի է և այդ պատճառով` զարգացող: Երբ նրա վրա իշխում է անցյալը՝ սովորույթը, հնապաշտությունը, նա հաճախ խելամիտին, խորամտությանը հակառակ է լինում: Բայց փորձը նաև ռեֆլեքսիա է պարունակում, ինչը մեզ զգայության, ախորժակի և սովորույթների սահմանափակող ազդեցությունից ազատագրում է: Փորձը կարող է ողջունել և ընկալել ամենը, ինչը բացահայտում է ամենաճիշտ և թափանցող միտքը: Իսկապես, դաստիարակության գործը կարող է սահմանվել որպես փորձի` հատկապես այդպիսի ազատագրումը և ընդարձակումը: Անհատը դատիարակություն է ստանում, երբ համեմատաբար ճկուն է, քանի դեռ չի կարծրացել առանձին փորձերից, այսինքն` իր մտքի սովորությունները անհույս փորձառական չեն դարձել: Մանկության վիճակը միամիտ է, հետաքրքրասեր, փորձարարական. մարդու և բնության աշխարհը՝ նոր:  Դաստիարակության ճիշտ մեթոդները պաշտպանում և կատարելագործում են այդ վիճակը և այդպիսով անհատի համար կրճատում են ցեղի աճի դանդաղ ընթացքը` վերացնելով  իներտ հնամոլությունից եկող վնասը:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարը` Ելենա Սարգսյանի


[1] Psychology, vol II, p. 342.

[2] Bain, The Senses and Intellect, 1879, p. 492.

Հեղինակ՝ Ջոն Դյուի

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով