Ուզում եմ խոստովանել, որ ձմեռային հետամանորյա երկարատև արձակուրդները «խոզի գրիպի» սպառնացող համաճարակի պես անսպասելի էին: Բայց այս ծով թվային միջոցների աշխարհում, առցանց ուսուցման առկայության դեպքում ի՜նչ գրիպ, ի՜նչ համաճարակ… Երեք շաբաթ շարունակ մենք՝ սեբաստացիներս, շարունակեցինք մեր ստեղծական ու աննահանջ մեդիաընթացքը և առցանց ուսուցման գրավիչ անտիվիրուսներով ակտիվորեն պայքարեցինք օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծուլության ու վիրուս- մահանաների դեմ: Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի. այս ժամանակահատվածը շատերիս համար հեռավար՝ առցանց ուսուցման հնարավորությունները փորձարկելու, առավելությունները գրանցելու ժամանակահատված դարձավ:
Որպես դասավանդող, կփորձեմ ավելի կոնկրետ, հիմնավորումներով ներկայացնել դիտարկումներս… Անկեղծ ասած` ինքնակրթության, առցանց ուսուցման շաբաթներն ինձ համար կողմնորոշիչ դիտարկումների ժամանակահատված դարձան՝ առավել իրական ու տեսանելի դարձնելով իմ ֆիզիկական, առկա ուսուցման միջավայրը: Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Պատասխանեմ՝ մեր իրական, շոշափելի թվացող միջավայրում, աղմուկի ու ցուցադրության, լոկ արտաքին ակտիվության ու պասիվության ոստայնում ավելի հեշտ է խճճվել: Դե, արի ու տարբերի՝ միտքը՝ կրկնությունից, խանդավառությունը՝ շատախոսությունից, լռությունը՝ չիմացությունից, ծուլությունը՝ պասիվությունից…. Յոթ տասնյակից ավելի տարբեր ու յուրօրինակ սովորողներ… կարծում եք հե՞շտ է կողմնորոշվել ու չվրիպելը: Արձակուրդով պայմանավորված՝ ժամանակի ազատ տիրապետումը, ինքնուրույնության, հետևողականության դրսևորումը, առաջարկվող բազմաբնույթ նախագծերի ընտրությունն ու մասնակցության ձևերը, նույնիսկ առցանց ուսուցման ընթացքում դրսևորվող համառ անտարբերությունը… բոլորն էլ ճանաչելու ու դիտարկելու գործոններ էին: Իրականը միշտ էլ կոնկրետ արված աշխատանքն է, ինքնուրույն ցուցաբերած ջանքը, համառությունը, ոգևորվելու ունակությունը, առանց պարտադրանքի գործելու մղումը… այն ամենը, ինչը հաճախ պակասում է ֆիզիկական միջավայրով պարտադրված ուսումնական առօրյայում:
Մենք շարունակ ջանքեր ենք գործադրում սովորողների անհատական զարգացման, ընտանեկան տարաբնույթ նախագծերում ծնողներին ներգրավելու ուղղությամբ, սակայն բազմազբաղ կամ իրենց երեխաների կրթության գործը դպրոցին հանձնած, վստահած ծնողները տարբեր հիմնավորումներով, ստորադասում են իրենց մասնակցության դերը այս կարևոր գործում… Շատ ուսուցիչներ կվկայեն, որ առցանց ուսուցման միջավայրում կրթական գործի նոր կազմակերպումը ուսումնական ծրագիրը իրենը դարձնող կամ դրանով ոգևորված պատվիրատու ընտանիքներին ներգրավելու ամենակոնկրետ ու ամենակարճ ճանապարհը դարձավ: Այս ընթացքում ակնհայտ դարձան հեղինակային ծրագրով ոգևորված պատվիրատուները ու առավել ակտիվացան ընտանեկան նախաձեռնությունները:
Սա մի իրավիճակ էր, երբ դասավանդողը միայն վիրտուալ տիրույթում էր, ու սովորողն էր իր ժամանակի կազմակերպիչը, ինքն էր որոշում ո՞ր նախագծին կամ առաջադրանքին նախապատվություն տա, ո՞ր գիտելիքով հետաքրքրվի… ե՞րբ կամ ինչպե՞ս աշխատի, իսկ ֆիզիկական, կենդանի միջավայրը, այսպես կոչված՝ ուղղորդող ձեռքը, ոգևորության աղբյուրը՝ ընտանեկան համագործակցությունն էր:
Չգիտես ինչու՝ դպրոց, կրթություն ասելով, շատերը շարունակում են միայն դպրոցական առկա միջավայրն ընկալել: Դասավանդող, գիտելիք փոխանցող (կենտրոնում կանգնած, թե կողքից դիտարկող, էական չէ) ու համատարիք սովորողների խումբ, որ միաժամանակ, պահի կամ առարկայական դասաբաշխման պահանջով նույն գործով են զբաղված… Մենք՝ դասավանդողներս, մշտապես փորձում ենք մեզ հատկացված դասաժամն առավել գրավիչ, արդյունավետ դարձնել՝ նոր հնարներ ու տեխնոլոգիաներ կիրառելով, սակայն, ընդունենք, որ մեր ազատատենչ, նույնքան ընդունակ ու ակտիվ սովորողների համար դպրոցը առաջին հերթին սոցիալական շփման, ինքնահաստատման, ինքնադրսևորման կենդանի միջավայր է՝ կյանքի դպրոց, որտեղ դասավանդողի գործոնն այդքան էլ էական չէ (գուցե երբմեն խանգարում է…) Մի՞թե մեր դեպքում այդպես չի եղել կամ չէ… Լսե՛ք հինգերորդ դասարանցի Լուսինե Թադևոսյանի խոստովանությունը…
Եվ ի՞նչ, արդյունքում մեզ հաճախ բաժին է հասնում «ընձառյուծներ վարժեցնողի» անօգուտ գործը: Դե արի ու բոլորին՝ տարբեր ընդունակություններ ու դաստիարակության արժեհամակարգ ունեցող մարդկանց միաժամանակ նույն գործի շուրջ համախմբիր, հետն էլ՝ ոգևորիր… Ամեն օր, իմ դասավանդման գործունեության ընթացքում դիտարկելով սովորողներիս, հանգում եմ այն եզրակացությանը, որ ժամանակն է վերանայելու ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևը… մեր ունեցածը, կասեր տիար Բլեյանը՝ իներցիայով փոխանցված սովորույթ է…
Ինչևէ, ավելի կոնկրետ լինելու համար, չշեղվեմ բուն թեմայից ու դպրոցական ֆիզիկական միջավայրը չհակադրելով առցանց ուսուցմամբ թելադրված պայմաններին՝ մի քանի փաստարկ էլ բերեմ:
Այս երեք շաբաթների ընթացքում իրենց դրսևորած հետևողականությամբ, կազմակերպվածությամբ ու ակտիվությամբ ինձ չդադարեցին զարմացնել այն սովորողները, որ դասերի ընթացքում ակտիվությամբ առանձնապես աչքի չէին ընկնում կամ ծայրահեղ «ակտիվության» հետևանքով մեծ դժվարությամբ էին կենտրոնանում ու սկսած գործն ավարտին հասցնում: Առցանց ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում, նախագծային աշխատանքներում ակտիվորեն ներգրավվեցին ողջ կիսամյակի ընթացքում ընդգծված ինքուրույնություն ցուցաբերած և հեղինակային մանկավարժությամբ ոգևորված, սովորողներն ու նրանց ընտանիքները: Սա առցանց ուսուցման ամենաանսպասելի շրջանն էր… նոր փորձության փուլը, որը հաղթահարեցին ինքնուրույնության ու ինքնակազմակերպման որոշակի աստիճանի հասած սովորողները:
Որքան էլ զարմանալի էր, ակտիվ սովորողների զգալի մի խումբ աննախադեպ պասիվություն դրսևորեց… Ես պարբերաբար հետևում էի սովորողներիս բլոգներին՝ այլ նախագծերում նրանց ընդգրկվածության մասին տեղեկանալու, հետաքրքրությունների շրջանակը պարզելու համար…. չէ՞ որ առցանց ուսուցումը նաև կոնկրետ գործունեությանը նախապատվություն տալու, ընտրության հնարավորություն էր… Ուսումնասիրության արդյունքում պարզեցի, որ ակտիվություն ցուցաբերողները գրեթե նույն մարդիկ էին (օրինակներ բերեմ՝ Լիրա Խաչատրյան, Միլենա Հարությունյան, Սաթինե Տեր Պետրոսյան, Վահե Մուսայելյան, Մանե Բոյախչյան…), բացառություն էին կազմում միայն կոնկրետ գործունեության հանդեպ խորը հետաքրքրություն դրսևորող սովորողների փոքրաթիվ մի խումբ՝ Արմեն Քոչարյան, Վահե Գրիգորյան…:
Ձգձգվող արձակուրդի ընթացքում սովորողների էլ. փոստին ուղղված նամակների միջոցով փորձում էի ոգևորել, ներգրավել յուրաքանչյուրին, բայց անօգուտ… Իմ նպատակն ամենևին էլ բոլորին միևնույն առաջադրանքը կամ նախագիծը պարտադրելը չէր. ինքնակրթության շաբաթներն ընտանեկան ու անհատական առանձին, հիմնականում ամենատարբեր նախագծերով հանդես գալու հնարավորություն էին ընձեռում… իսկ այս ընթացում իրականացվող նախագծային աշխատանքներն ապահովում էին առաջադրանքների ընտրության ու իրականացման տարբերակներ ու եղանակներ: Կար մի ընդհանրություն. բոլոր աշխատանքների հիմքում սովորողների ինքնուրույն որոնողական աշխատանքի խթանումն ու ընտանեկան նախագծերի խրախուսումն էր: Առաջարկված նախագծերով չոգևորվածները անհատական նախագծերով ներկայանալու հնարավորություն ունեին: Այլ դպրոցներից տեղափոխված, նոր մեդիահմտություններին չտիրապետող ու հեղինակային ծրագրում դեռևս ամբողջությամբ չներառված սովորողներին օգնության էր հասնում մեր ամենահաս ընկեր Սոնան, Skyp –ի միջոցով կազմակերպած իր ընտանեկան առցանց պարապմունքներով… Սոնա Փափազյանի՝ որպես կազմակերպիչ ցուցաբերած ջանքերի շնորհիվ, հեռավար ուսուցման երկրորդ շաբաթվա ընթացքում, սովորողների առավել մեծ շրջանակ ընդգրկվեց: Ընկերների հրապարակված աշխատանքները ոգևորում ու ներգրավում էին նոր մասնակիցների: Առաջադրանքների կատարման ընթացքից մինչև դրանց հրապարակումը, սովորողներին ստիպում էր գործնականում կիրառել ուսումնական գործընթացքում ձեռք բերած կարողությունների ու հմտությունների ողջ զինանոցը, իսկ ծնողներին` տեղեկանալու իրենց երեխայի ունակություններին, տեսնելու, ծանոթանալու կրթահամալիրի հեղինակային ծրագրերին, դիտարկելու և քննարկելու առավելություններն ու բացթողումները: Կարելի է ասել, որ սա նաև կիսամյակային ամփոփման, հաշվետվության կոնկրետ ու բնական միջոց էր:
Երրորդ, եզրափակիչ շաբաթվա ընթացքում պաստրաստվում էի ամփոփել աշխատանքս: Չնայած օրս հագեցած էր բազմաբնույթ անելիքներով ու ինքնակրթության աշխատակարգով, ես սկսեցի զգացի, որ սկսում եմ ձանձրանալ… Որքան էլ իմ մշակած հեռավար ուսուցման նախագծերը աշխատանքի նոր թափ էին հավաքում, որքան էլ հետևողական սովորողների մի մեծ խումբ ոգևորում էր գործուն անընդհատությամբ, ես հասկացա, որ վիրտուալ կապը ինձ դադարում է կենդանի լիցքեր հաղորդելուց… Նշեմ, որ այս փուլում սովորողներս ամենից ակտիվն էին… ողջ օրվա ընթացքում էլ. փոստս ողողվում էր նրանց կատարած առաջադրանքների հղումներով, նոր նախագծային աշխատանքներով… Շաբաթվա եզրափակիչ անակնկալը Սանոյան Նազենին էր պատրաստել, ով մեկ շաբաթվա լռությունից հետո, միանգամից հանդես եկավ առաջադրանքների ամբողջական ու բարեխիղճ կատարած իր փաթեթով… Ես կարոտած ու անհամբեր սպասում էի սովորողներիս հետ հանդիպում-առերեսմանը. ինձ միաժամանակ անհանգստացնում ու հետաքրքրում էին առցանց պարապմունքների ընթացքին ակտիվորեն մասնակցած, և հատկապե՛ս չմասնակցած սովորողների դիրքորոշում- կարծիքները: Համոզված էի, որ յուրաքնաչյուրն էլ գտել է իր ինքնուսուցման, հետաքրքրությունների դրսևորման ու ճանաչողության ոլորտը: Ներքուստ գիտակցում էի, որ կրթության ուղին ամենևին էլ սահմանափակված չէ առցանց ուսուցմամբ… ինձ խոցում էր միայն անտարբերությունը, անպատասխանատվության զգացումը, սակայն ո՞վ գիտե, գուցե դա էլ մեր սովորողներին բնորոշ ազատության դրսևորման ու ինքնուրույնության արտահայտման մի ձև է:
Երբ ֆիզիկական միջավայրում կայացավ մեր հանդիպում-առերեսումը, պարզ դարձավ, որ հեռավար ուսուցմանը չմասնակցածների մեծամասնությունը արձակուրդն անցկացրել է արտերկրում. ճամփորդել է ընտանիքի անդամների ու հարազատների հետ, մյուս մասն էլ՝ թեև Հայաստանում, բայց առցանց սահմաններից դուրս՝ ողջ օրը չմուշկ է վարել, զբոսնել է, օգնել մայրիկին տնային գործերում, փոքր քրոջը կամ եղբորն է խնամել, շատ գրքեր է ընթերցել… Այո, իրոք դժվար է տարորոշել, թե ո՞վ է ավելի շատ բան հայտնաբերել ու սովորել: Ինձ մնում է միայն ուրախանալ այն փաստով, որ բոլորը դպրոց են վերադարձել սիրով ու ոգևորված:
Հեռավար ուսուցման ամենամեծ առավելությունը թերևս այն էր, որ հնարավորություն տվեց, ինքնուրույն տնօրինելու առօրյաս, միաժամանակ աշխատելու ու վայելելու որդուս ներկայությունը: Սովորեցրեց նաև արդյունավետ կազմակերպել ու տնօրինել ժամանակս: Այս ընթացքում ես կրկին համոզվեցի, որ բոլորիս ամենակարևոր դպրոցն ու ամենաթանկ ժամանակը կյանքն է: Ուստի մեր բոլոր ջանքները պետք է ուղղված լինեն այդ կյանքի դպրոցի արդյունավետ ու բովանդակալից կազմակերպմանը: