Որպես ներածություն
Առցանց կամ հեռակա ուսուցումը սովորողներն ստանում են առանց այցելելու դպրոց կամ առանց մասնակցելու ուսումնական պարապմունքին: Ժամանակակից տեղեկատվության և կրթական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության համակարգերի միջոցով նրանք ստանում են կրթական ծառայություններ, մասնակցում ուսումնական գործընթացին: Հեռավար ուսուցումը աշխարհում կիրառվում է այն երեխաների համար, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարող հաճախել ուսումնական հաստատություններ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում նույնպես արդեն մի քանի տարի կիրառվում է հեռավար և առցանց ուսուցումը։ Ընդ որում, հեռավար և առցանց ուսուցման գործընթացը նպատակային է, վերահսկելի, քանի որ սովորողը, իրեն հարմար վայրում, իր անհատական գրաֆիկով աշխատում է՝ ձեռքի տակ ունենալով էլեկտրոնային գրականություն, հնարավորություն ունենալով պահպանելու կապը դասավանդողի հետ:
Նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը կրթությունում համարժեք է կրթությունն այսօրվանը դարձնելու օբյեկտիվ անհրաժեշտություն: Նշենք նաև, որ և՛ սովորողները, և՛ ծնողները շահագրգռված են ստանալու այնպիսի կրթություն, որը կօգնի նրանց հարմարվել արագ փոփոխվող աշխարհում, ուստի հեռահաղորդակցության միջոց-գործիքները էական ազեցություն ունեն սովորողի զարգացման համար: Կրթահամալիրի յուրաքանչյուր դասավանդող կհաստատի, որ դասարանում, տանը երեխան, գործածելով այդ գործիքները, բացահայտում է նոր հետաքրքրություններ, բարելավում է ուսուցման արդյունավետությունը, նվազեցնում է ժամանակի կորուստը, հնարավորություն է տալիս ընդլայնելու հարցերի և խնդիրների, դրանց լուծումների շրջանակը:
Արդյունավե՞տ է արդյոք հեռավար, առցանց ուսուցումը:
Միանշանակ՝ այո: 2016-ի հունվար ամսվա գրիպի համաճարակը կաթվածահար արեց հայաստանյան դպրոցները: Հանրապետությունում ամբողջ մեկ ամիս երեխաները չհաճախեցին կրթական հաստատություններ: Ես չեմ խոսի հետևանքների մասին, այլ կանդրադառնամ իմ կողմից արված փոքրիկ ուսումնասիրությանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ոչինչ չխանգարեց սովորողների ուսումնառության ընթացքին, քանի որ առցանց ուսուցումը մղվեց առաջին պլան: Ուսումնասիրությունը կրթահամալիրի միջին դպրոցում տվեց բավականին դրական ցուցանիշներ:
Առցանց ուսուցումը կազմակերպելիս դասավանդողներն օգտագործել են սոցիալական ցանցերը, հաղորդակցվել են էլեկտրոնային նամակներով: Առաջադրանքները կազմված են խնամքով, հասկանալի, այնպես, որ սովորողին մատչելի լինեն:
Օրինակներով ներկայացնեմ մեր դասավանդողների աշխատանքները: Մայրենի լեզվի դասավանդող Տաթև Աբրահամյանը իր հաշվետվությունում գրում է. «Կարևոր եմ համարում այս երեք շաբաթվա ընթացքում սովորողների կատարած թարգմանական աշխատանքները, որոնք հանձնարարվում էին լրացուցիչ, և մասնակցում էր փոքր խումբ»: Բացի բոլոր սովորողներին հանձնարարությունից, լրացուցիչ առաջադրանքներ են ուղարկվել նաև փոքր խմբերի: Այս հղումով կտեսնեք առաջադրանքներն ու սովորողների կատարած աշխատանքները:
Մայրենիի ևս մեկ դասավանողի՝ Արևիկ Ներսիսյանի կազմած առաջադրանքները հետաքրքիր էին նրանով, որ կատարելիս սովորողները կարող էին ներգրավել ընտանիքի մյուս անդամնեըին. այդպիսով առաջադրանքներ կատարելը դառնում էր ընտանեկան: Դա էլ իր հերթին համախմբում էր ընտանիքի անդամներին: Վերջերս հաճախ կարելի է լսել, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իրարից հեռացնում են հարազատներին, որ մի բնակարանում ապրող ընտանիքի անդամները ավելի ու ավելի քիչ են միասին զրուցում, քննարկում ինչ-ինչ հարցեր, քանի որ իրենցից յուրաքանչյուրը զբաղված է իր համակարգչով կամ հեռախոսով: Ահա մեր դասավանդողների կազմած առաջադրանքները կարող են դառնալ ընտանեկան, նրանք այդ առաջադրանքները կարող են կատարել ընկերների, բարեկամների հետ: Մեկ օրինակ այդ առաջադրանքներից. «Հետաքրքիր պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրու՝ ընտանիքիդ անդամները, ոչ սեբաստացի ընկերներդ մեդիատեխնոլոգիաները` համակարգիչ, հեռախոս, տարբեր տեսակի ապարատներ, օգտագործում են, թե ոչ: Եթե օգտագործում են, ի՞ նչ նպատակներով: Եթե հնարավոր է, այս նյութը ոչ սեբաստացի ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամներից որևէ մեկի հետ պատրաստիր»:
Մեկ այլ առաջադրանք. «բանաստեղծությունն անգիր սովորիր և տեսանյութի կամ ձայնագրության վերածիր»:
Կամ՝ գրիր բարեմաղթանքներ բարբառներով, ինչպես այս մեկը (բարեմաղթանք Գյումրիի բարբառով, Վիկտորիա-Անի Միկաիլի): Այստեղ, իհարկե, հարկավոր կլինի ընտանիքի, այլոց միջամտությունը, և առաջադրանք կատարելը տանը կարող է դառնալ տոն: Այս մեկն էլ Քրիստինե Մինասյանի աուդիոնյութերից:
Երաժշտական կրթության ծրագրերն էլ անընդհատ-շարունակական լինելու հնարավորություն ունեցան: Երաժշտության ուսումնական կենտրոնում հրապարակված բոլոր նյութերն ու ծրագրերը ձեզ կտանեն երաժշտական, ժամանակակից երեխայի աշխարհ: Առցանց դպրոցի շրջանակում երաժշտության դասավանդող Մերի Առաքելյանի շնորհիվ մեծ թվով սովորողներ ծանոթացան, ուսումնասիրեցին, յուրացրին ու ներկայացրին իրենց աշխատանքները: Կարող եք տեսնել առաջադրանքները:
Կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանի (մաթեմատիկա) առցանց ուսուցման մեթոդիկան աշխույժ առաջացնող ու հետաքրքրաշարժ է: Երբ սովորողը կատարում է առաջադրանքը, հենց տեղում հարցեր է ուղղում դասավանդողին, իր ընկերներին, դա նմանվում է քննարկման, զրույցի, որն էլ մտերմացնում է, անկաշկանդ է դարձնում, իսկ աշխատանքը փորձություն չի թվում:
Մի օրինակ էլ՝ փորձ ֆիզիկայից. սովորող Գայանե Օհանյանը տեսագրել է իր կատարած փորձը, մեկնաբանել և այն դարձել է կենդանի, ուսուցողական (դասավանդող՝ Գայանե Մխիթարյան):
Հեռավար ուսուցում ֆիզկուլտուրայից: Մի զարմացեք. բացի ֆիզիկական միջավայրում ամենօրյա մարզական խաղերից (նաև հունվարյան), եղել են նաև հեռավար առաջադրանքներ: Կրթահամալիրի ֆիզկուլտուրայի դասավանդող Նաիրա Հարությունյանի առաջադրանքներից մեկը մարզական բլոգում:
Միջին դպրոցի բոլոր դասավանդողները մասնակցել են առցանց ուսուցմանը, կազմել են առաջադրանքներ, կազմակերպել են քննարկումներ, խորհրդատվություն:
Եղել են նաև սովորողներ, ովքեր չեն մասնակցել որևէ առարկայի հեռավար ուսուցմանը, սակայն ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ սովորողների մեծ մասը առաջադրանքները կատարել է: Բոլոր դասավանողների բլոգներում կարող ենք կարդալ հաշվետվությունները:
Մի քանի խոսք՝ հունվարյան ֆլեշմոբների մասին: Այն ինքնին առցանց ուսուցում էր ոչ միայն մեր կրթահամալիրի, այլ նաև հանրապետության, հանրապետությունից դուրս գտնվողների, օտարալեզու սովորողների համար: Կարծում եմ՝ այդ ֆլեշմոբները արագությամբ մտնում են բոլոր տները, հավանության արժանանում: Երևանի ռուսական դպրոցներից մեկում սովորող իմ զարմուհին սպասում է ֆլեշմոբներին, ավելին, նրանք ընտանիքով են կատարում առաջադրանքները, հիմա էլ սպասում են շախմատային ֆլեշմոբին: Ահա, առցանց խելացի ուսուցում:
«Դպիր» մանկավարժական հանդեսում հայերենի ֆլեշմոբին անդրադարձել է կրթահամալիրի դասավանդող Վանուհի Բաղմանյանը:
Կրթահամալիրի ընդհանուր պարապմունքները շարունակվեցին առցանց`մասնակից դարձնելով շատ ընտանիքների: Այդ մասին են ասում նրանց մեկնաբանությունները: Նույնիսկ տոնական օրերը իսկական տոն դարձան նման պարապմունքների շնորհիվ:
Ի լրումն՝ մեջբերենք ավագ դպրոցի սովորողների առցանց հունվարյան աշխատանքներին, արդյունքների ամփոփման մասին կրթահամալիրի լաբորատորիայի մասնագետ Լուսինե Ալեքսանյանի դիտարկումը: Այստեղ նույնպես առցանց ուսուցման արդյունքները հրապարակված են և՛ սովորողների և՛ դասավանդողների բլոգներում:
Փորձից հայտնի է, որ հանրապետությունով մեկ ամենուր ավագ դպրոցի սովորողները, հատկապես 11, 12-րդ դասարանցիները, սովորաբար ուսումնական պարապմունքների ժամանակ ամենից իներտ են, չբռնվող, ինքնագլուխ: Ամենից դժվարը նրանց աշխատեցնելն է։ Եվ թվում է՝ հեռավար-առցանց դպրոցում նրանց աշխատանքը կազմակերպելը ավելի դժվար կլիներ։ Սակայն փաստեցինք, որ առցանց ուսուցումը ընդլայնում է սովորողների աշխատանքային հնարավորությունները, քանի որ աշխատում են իրենց համար հարմար, նախընտրելի տեղում և ժամանակահատվածում, ինչի հնարավորությունը չկա առկա պարապմունքների ընթացքում, և դա լավ է անդրադառնում նրանց ուսումնական արդյունքների վրա: Սա արտացոլված է նաև իրենց բլոգային հրապարակումներում. կան սովորողներ, ովքեր աշխատել են առցանց դպրոցի ամբողջ ընթացքում, հրապարակել են առաջադրանքների պատասխանները հերթով, իսկ կան սովորողնեներ, որ գուցե ավելի երկարատև աշխատանքի արդյունք իրենց նյութերը բլոգում հրապարակել են մեկ, երկու օրվա ընթացքում: Հազվադեպ կարելի է հանդիպել իրար շատ նման աշխատանքների. արտագրությունը դպրոցում բոլոր ժամնանկներում ընդունված երևույթ է, սակայն բլոգային-հրապարակային ուսուցումը նեղացնում է, գրեթե սահմանափակում է դրա հնարավորությունը:
Գրանցված ցուցանիշների հիման վրա ավագ դպրոցում ևս հեռավար-առցանց ուցուցումը կարելի է համարել հաջողված:
Վերջում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առցանց ուսուցումը յուրահատուկ էր իր բովանդակությամբ, ուղղություններով, որտեղ բոլորը`դասավանդող-ծնող-սովորող, ունեցան իրենց մասնակցությունը, ու չընդհատվեց սովորողի ուսումնական առօրյան: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է կրթական մյուս հաստատությունների համար: