2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում
Թերթի առաջարկով, ահա այսպես, կանգնած եմ 2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում
Խոսքի մոգական ազդեցությանն անսալով՝ ի՞նչ մաղթեմ:
Առանց կիսատ-պռատի ավարտենք տարին, քիչ բեռ մնա 2016-ի վրա, որ այն լինի մեկնարկի տարի, ես ասում եմ՝ բեկում տարի… Առանց բեկելու՝ յուրաքանչյուրս մեր ու մեզանով ստեղծվող հասարակական կյանքը բեկելու, լուծելի չեն այն խնդիրները, որ ընդունված է մարտահրավեր կոչել… Դրանցից առաջինը եղել և մնում է խաղաղ Հայաստանի հաստատումը՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք… այնպես, որ մեր առօրյայում նվիրական հայրենիքի տարածքը չընդունի սահմանամերձի ու ոչ սահմանամերձի այսօրվա բաժանումը…
Համաներման տարի. առանց իրար ներելու, զրոյացնելու մեր պարտքերը՝ չի կայանա այն համագործակցությունը, որը բեկման ուժի համար անհրաժեշտ աղբյուր է…
Ստեղծագործական երևակայության տարի. առանց վառ երևակայության՝ որտեղի՞ց հույսը, որ տարիներով կուտակված բեռ ու փակուղի դարձածը հնարավոր է հաղթահարել հենց 2016-ին։ Չպիտի՞ հանդգնենք, խիզախենք, կամենանք…
Միավորող, մեզ մեկ դարձնող ծրագրերի տարի… Ահա այս անհրաժեշտությունից ծնվել է, օրինակ, մեր «Կրթական պարտեզ արվարձանում» ուսումնական նախագիծը՝ որպես 2016-ին Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում ծանոթ-անծանոթ, կյանքով բնակավայրին-գործատեղին կապված մարդկանց՝ շահառուներին միավորող…, որ կպարտադրի յուրաքանչյուրիս ներառվել իրար կյանքում, փորձել փոխել հարթակը, որտեղ նախորդ տարում չեն լուծվել մարդու կյանքի շատ կարևոր խնդիրներ… Ես սիրում եմ քաղաքացու և պետության հարաբերությունները դիտել որպես բնակչի և բնակավայրի առօրյա կապ, այնպիսին, որ նոր արվարձանն անգամ դառնա ծննդավայր՝ նույնքան կամ առավել հարազատ, որքան մեր ծնողների ծննդավայրը:
2016-ին՝ փոփոխությունների տարուն, ես ասում եմ ՝ բարով ու շնորհավոր: Արիˊ, Նոր տարի, քո գալը բարի:
Ինչո՞ւ չեն կարդում, և ճի՞շտ են անում
Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում (Մեդիակենտրոնի հոմանիշն է) մի քանի տարբեր առիթներով մեր խոսակցության կենտրոնում Մանուշակ Աբրահամյանն է՝ սեբաստացի չորրորդ ու վեցերորդ դասարանցի Արտյոմ և Գոհար Ստեփանյանների, մեկ ամսական Արփիի մայրիկը, ով ֆիզարձակուրդում Գևորգ Հակոբյանի խմբագրությամբ Լուսինե Պետրոսյանի հետ՝ թարգմանում է Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» և Իգոր Առնոլդի «Թվերի ընտրության և թվաբանական խնդիրների կազմության սկզբունքները» աշխատությունները, Մարինե Ամիրջանյանը՝ սեբաստացիներ մեկ տարեկան Գրիշա, յոթերորդ դասարանցի Նարեկ և տասնմեկերորդ դասարանցի հայտնի Էմմա Իսախանյանների մայրիկը, Սուսան Մարկոսյանի խմբագրությամբ ավարտեց Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի թարգմանությունը և շարունակում է Քեն Ռոբինզոնի «Մտածեք այլ կերպ»-ը… Երկու սիրելի, անխոնջ աշխատավորներ, սքանչելի երիատասարդ կանայք, հեղինակային ծրագրի լավ ուսուցիչներ, որոնք նաև նոր կենցաղային պայմաններում, տեսեք, ի՜նչ հուզիչ բարեխղճություն են ցուցաբերում, կարծեմ մեր՝ իմ, Յուրա Գանջալյանի, Սուսան Հովհաննիսյանի նշանավոր դարձրած սոցիոլոգ Սթիվ Ջոնսոնի բառերով ասած՝ «ծածուկ բարերար ազդեցություն» են շարունակում գործել մեր աշխարհի, տեսեք՝ ինձ վրա… Թարգմանությունը, որպես հեղինակային կրթական ծրագրով անընդհատ գործունեություն, կապ է արձակուրդի՝ ֆիզիկական միջավայրում գործունեության դադարի մեջ գտնվող մարդու համար՝ որպես հանրակրթության ամենահարմար ձևերից մեկը… Ես անհամբեր սպասում եմ Մարինեի, Մանուշակի հրապարակումներին՝ թարգմանչի գործի, ինքնազգացողության, գործիքների, նրա կենցաղի, կյանքի, արհեստանոցի մասին: Իսկ Անահիտ Հարությունյանին խնդրել ենք մեր սոցիոլոգ-գնահատող Լուսինե Ալեքսանյանի հետ մի համեստ-ցուցադրող ուսումնասիրություն անել, թե այս թարգմանությունները կոնկրետ ինչպես են ազդում ֆիզիկական կրթական միջավայրում նրանց գործընկերների վրա… Ինչպե՞ս են Մարինեի-Մանուշակի ընկերները «Դպիր»-ում կարդում այս հրապարակումները, որ կարդում են, ի՞նչն է փոխվում նրանց գործունեության մեջ, ինչպե՞ս են տարածում… Մեկն էլ շիտակ, էլի Սթիվ Ջոնսոնի օրինակով դներ ու մեզ ապացուցեր՝ ինչո՞ւ չի կարդում, և ճի՞շտ է անում… Հայերեն լեզվով մասնագիտական ընթերցանության նյութեր ստեղծողի և ընթերցողի մասին «Դպիր»-ում այսպիսի հասկացությունն ինձ պահանջված թվաց… Իսկ տեսա-էլեկտրոնային խաղերի, ինչպես բոլոր՝ սեղանի ու մյուս բոլոր խաղերի ոչ միայն «ծածուկ բարերար», այլև բացահայտ ազդեցությունն ընդունած Գևորգ Հակոբյանը խոստանում է 2016-ի հունվարյան ուսումնական ճամբարը դարձնել դրանցով աշխուժանալու շրջան, մի նոր նախաձեռնության մեկնարկ, որով մենք կմտնենք նաև ընտանիք ու… կպաշտպանենք մեր՝ համակարգչով խաղացող երեխաներին մեծերի դժվար հաղթահարվող շնչից…
Երաժշտական հանրակրթության հեղինակային ծրագիր
Այնքա՜ն լավ եմ զգում, որ իմ գրից սեբաստացի-ոչ սեբաստացի մեջբերումներ է անում… Հավատում եմ, որ գիր-գիր ու գրականություն է դառնում՝ ընթերցող ունի… ինչպես մեր երեկվա համերգ-ներկայացումը՝ ունկնդիր այսպիսի ճեմարանականներով, նրանց կրթյալ հայր Գարեգին Համբարձումյան վարդապետով, Սուրբ Էջմիածնի պատվավոր երկու լեփ-լեցուն դահլիճով՝ Հայորդաց տան և Գևորգյան ճեմարանի… Տաք-լուսավոր-խնամված-աջակցող այս լսարանները մեզ տարեմուտի-ամանորի նվեր դարձան… Հոգով-սրտով շնորհակալություն… Իսկ ես մեր սքանչելի Զառայի ուղեկցությամբ հասցրի ճեմարանի մոդեռն եկեղեցու մի կտոր վայելել (չէի եղել), մասնակցել ճեմարանականների իրիկնային ժամերգությանը մինչև համերգը՝ ճեմարանի պատվավոր դահլիճում… Մենք կամուրջ հաստատեցինք հայոց երկու ուսումնարանների (լավ անուն է մոռացված) միջև, և երկու տեսուչներով խոստացանք բանուկ պահել այն… Իսկ ճանապարհին Էջմիածնի Մարթա Ասատրյանի ու երաժշտական լաբորատորիայի հայտնի դուետ-հեծանվորդ Լուսինե Մլքե-Գալստյանի ու Աստղիկ Մամիկոնյանի մասնակցությամբ, Հռիփսիմե տաճարի վկայությամբ, պայմանավորվեցինք հեծանվորդային վկայագրում իրականացնել.
- ա մակարդակ՝ կրթական պարտեզ-Մուսալեռի հուշահամալիր
- բ մակարդակ՝ կրթական պարտեզ-Զվարթնոցի տաճար
- գ մակարդակ՝ կրթական պարտեզ-Սուրբ Էջմիածին:
Սրանից սիրելի՜-ձգո՜ղ ուսումնական աշխատա՞նք հեծանվով…
Իսկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ խոսում էինք նաև նշանավոր Էջմիածին-Վաղարշապատը քաղաք-նախաձեռնությունների կենտրոն դարձնելու մասին… Քաղաք՝ առանց ավտոմեքենաների. հարթ-սիրուն-կանաչ- մեռոնով «օծուն ու բալասանով»՝ անվավոր երթևեկի ու հետիոտնի քաղաք, քաղաք, ուր չեն ծխում. թո՛ղ հոռի բարքերդ՝ Էջմիածնի մուտքի Գրիգոր Լուսավորչի ուղղորդող ձեռքին, նրա «Հույս, հավատ, սեր» մակագրությանը չհասած…
Իսկ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ, ով հայտնի է նաև ճեմարանում, ում Վեհափառ Հայրապետն է անհատապես ճանաչում-ընդունում-լսում, ինչո՞ւ չսկսենք երաժշտական հանրակրթության հեղինակային ծրագիրը՝ իր ներդրումային առանձնահատկություններով, դարձնել Էջմիածին քաղաքի հանրակրթական ուսումնարանների և մանկապարտեզների սեփականությունը… Գիտե՞ք ամենաշատն ինչից էր անակնկալի եկել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը. մեր ամենօրյա միասնական երգեցողությունից… Տեսաք՝ ոնց Մերի Առաքելյանի սիրով-մասնագիտական բարեխղճությամբ այն դարձավ նաև ոչ միայն մեր դպրոց-պարտեզների, այլև Միջին ու Ավագ ուսումնարանների առավոտյան ամենօրյա պարապմունքների անբաժանելի ուղեկիցը… Երգում ենք Կոմիտաս… Սա մեր ազգային մեդիտացիան է, էլ ի՜նչ հիվանդանաս կամ տրտմես… միշտ գործուն, արթուն մտքով ու առույգ:
Մեդիակենտրոնի` օրհնության ավանդույթ դարձած արարողություն
Հիմա՝ հունվարի 5-ին, մենք պատրաստվում ենք mskh.am-ում հրապարակված ծրագրի ողջ ծավալով մասնակցել Սուրբ Ծննդյան արարողությանը… Մնում է Ճրագալույցի պատարագի եկեղեցու ընտրությունը։
Նոր Տարի և ձյուն առատ, Սուրբ Ծնունդ՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով, Մեդիակենտրոնի օրհնության ավանդույթ դարձած արարողությամբ, Սուրբ Ծնունդի Ավետիսի միասնական մեկնարկով ու շարունակվող ձյունով, որ գիշերվա երեքն է ահա, ու տես, չի ընդհատվում…Կանչում է եկեղեցի՝ առավոտյան պատարագի… Պատարագը ինձ համար, ինչպես գրված է Վիքիպեդիա-բառարանում, իսկական նվեր է…
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին լեցուն էր խորհրդով, մասնակից-ունկնդրով Պատարագի, որ սկսեց ճիշտ ժամին։ Սրահը ցուրտ չէր, երգչախումբը՝ պատշաճ, պատարագիչը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սրբազանի խոսքը-երգը-տեսքը տիրապետող էր. երկու ժամը հավատավոր ժողովրդի ապրումակցության վայելք էր. ես սիրով պատրաստ եմ յուրաքանչյուր կիրակի այսպես, ոտքի վրա պատարագի մասնակից լինել։ Ես ոչ միայն շնորհավորեցի Սրբազանին, նաև շնորհակալ եղա այսպիսի օրվա համար։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի կրթական համակարգի խնդիրը չէ՞ հայաստանյաց հասարակությանը պատարագով կրթելը. Հայաստանով մեկ այսպիսի պատարագի կազմակերպումը, այսպիսի ունկնդրի պատրաստումը հասարակական պատվե՞ր է Եկեղեցուն, կրթական համակարգին, ընտանիքին։ Ու ես հետո, տունդարձի ճանապարհին մեր «Գրաբարը՝ որպես ծեսի լեզու» կրթական նախագծի, 6-12-րդ դասարաններում «Արվեստ» դասընթացի, «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ» նախագծի՝ անցածի-ներկայի-վաղվա հետ էի. բանն ասելը չէ, բանն օրինակ տալն է… Էլ ի՞նչ Նոր տարի…
Իսկ ժամը երկուսին՝ ուրբաթ, երբ մարել է մեր ուսումնական, յուրահատուկ շաբաթվա ամփոփիչ, կրթահամալիրի մանկավարժական բոլոր աշխատողների կարոտ դարձած ուրբաթի աշխույժը, մենք՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության ուսուցիչների, կրթահամալիրի դպրոցների ղեկավարների և կազմակերպիչների հետ հատում ենք Րաֆֆի պողոտան ու հայտնվում Սուրբ Երրորդության եկեղեցու ջերմ, լուսավոր, հարմարավետ ուսումնական սրահում… Այո՛, այսպես, պարբերական՝ ամենշաբաթյա վաթսուն րոպեանոց հանդիպումներով մեր եկեղեցում, մեր Տեր Զենոն քահանայի հետ ընթերցում ենք Կտակարան: Այո՛, առօրեական-անմիջական դարձավ աշխատողի ու քահանայի կապը, երբ կենդանի, բնական ու լիարժեք հաղորդակցություն է հաստատվում երկու ամենաընդգրկուն հասարակական ինստիտուտների՝ դպրոցի ու եկեղեցու մարդեղենությունը որոշող պատասխանատուների, սպասարկողների միջև… Մնացածը պիտի արվի այսպես՝ անընդհատ շարունակականությամբ…
Տոնը որպես ուսումնական կարողությունների դրսևորում
Ձմեռ պապի նվերը՝ նախածննդյան-ամանորյա ուսումնական ճամբարի տեսքով, մեր՝ բոլոր տարիքների սեբաստացիներիս կյանքը դեկտեմբերի 21-ից 25-ը կազմակերպելու մասին, տեսանելի խանդավառություն առաջացրեց… Ամանորյա ուսումնական նախագծերի ուրբաթ օրվա մեդիապարապմունք-ներկայացումն այդպիսի սպասված ճամբարի լավ մեկնարկ էր…. Ու սրանով շաբաթ-կիրակին մեր կդառնա կամավոր-ընտրված-խանդավառ լրացուցիչ կրթություն-աշխատանք երկուշաբթի սկսվող ճամբարային կյանքի պատրաստության համար։ Ճար չունենք։ Նոր գինին՝ նոր տիկերի մեջ. ասված է արդեն։ Այո, նոր ուսումնական բովանդակություն է ձմեռային ճամբարի շաբաթը, որն արագ պիտի ձևակերպվի, անհատական մակարդակում հասկանալի լինի յուրաքանչյուր սեբաստացու՝ ուսուցիչ, սովորող թե ծնող… Եվ այս նորը՝ Տոնը որպես ուսումնական կարողությունների դրսևորում, պիտի որպես համատեղ աշխատանք կազմակերպվի, գրավիչ-հարմար-համապատասխան ձևեր ստանա… Մենք սրա համար և՛ միջավայր ունենք ֆիզիկական, և՛ սեփական հեղինակային փորձառություն:
2015-ի դեկտեմբերի 22-ին մեր սերմնադարան-սածիլարանի մեկնարկն էր Քոլեջում։ Իսկ ինձ, տիար Գևորգին, հիմա ապաքինվող Կարիեն Պետրոսյանին, մեզնից շատ՝ Հրաչյա Առաքելյանին, անչափ զբաղեցնում է հայրենագիտական-արշավական ակումբի (կայանի, սրահի) օր առաջ բացումը… Ինձնից ոչ քիչ՝ Մարթային ու Էմանուելին՝ մեր հայրենագետ բնապահպաններին ու նրանց ակումբական սաներին… Իմ փոստում մեր Լուսինե Բուշի ուրախ լուրն է. «Հարգելի տիար Բլեյան, ստացանք Իզմիրի ճամբարի հերթական հրավերը»: 2016-ի հուլիսի 24-30-ը կրթահամալիրի տիեզերագետները 6-րդ անգամ կմասնակցեն ՆԱՍԱ-ի ամենամյա միջազգային տիեզերագիտական ճամբարին:
Այդպես ամեն օր բրուտանոցում՝ Անի Հովհաննիսյանի լաբորատորիայում, տեխնոլոգիայի դեռատի օրիորդներով ու տղաներով ձեռքով-ոտքով-մտքով աշխատանքի մեջ են: Ինչպես ավելի մոտ ենք, վերջապես, հայրենագետի-արշավորդի ակումբ-լաբորատորիա-ցուցասրահի բացմանը, որքան երկա՜ր՝ օգոստոսից պատրաստվում ենք
Նունե Մովսիսյանն ու Արևիկ Ներսիսյանը Ծաղկաձորի գրաբարի-մայրենիի ուսուցիչների սեմինար-հավաքին, որ սիրով կազմակերպել էր Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, ինքնավստահության-իրենց գործի կարևորության-հանրայնացման լիցքեր էին ստացել… Իրե՛նց համար կարևոր… Մերս կասեր՝ ինձ գովել են… Իմ ամեն ծնողական ժողովից հետո այդ դժգոհ, խիստ կինը, ով իմ դատաստանն էր տեսնում տարին տասներկու ամիս, այնքա՜ն բավարարված էր լինում ժողովի օրը… Եզակի զգացում…
Երեկ մեզ այցելել էր Մարկ Գրիգորյանը՝ այսօր հայտնի հեղինակային TV հաղորդաշարի հեղինակը՝ ստեղծագործական խմբով՝ «Մեշոկ պապի» հաղորդումը նկարելու համար… Երկա՜ր չէր եղել կրթահամալիրում, իսկ Գեղարվեստում, ոնց որ այլ մոլորակում, այլ հայրենիում… Խմբով՝ երիտասարդ տղաների և աղջիկների, զարմացած էին… Մեզ-ձեզ լա՜վ գովեցին…
Արփի Սահակյանը՝ անխոնջ-անդադրում, բազմագործ ու բազմաշնորհ, Դավիթ Բլեյանին ֆլեշ ծրագիր սովորեցնելու ցանկությամբ մտավ Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խումբ, մտավ ու մտափոխ եղավ… որոշեց բոլորին սովորեցնել. յուրաքանչյուրը Դավիթ է, ինչպե՞ս և ինչո՞ւ առանձնացնել… Ի՞նչ առողջ շարժում-մանկավարժական ինքնակրթության դասընթաց կարող էր դառնալ Միջին դպրոցի չորս ավագ ու ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար այսպիսի լուսավորչական շարժումը դեպի մեր բաց պարտեզ ու կրտսեր դասարաններ… Իրական իմացումի հրճվանք կառաջացնի տարատարիք սովորող-սովորեցնողի այսպիսի գրկախառնությունը
Երեկ, երբ հեծանվով իջա Մեդիայից Մայր դպրոց՝ Բաբաջանյանի իմ հին ուղով, Մայր դպրոցի մարզադաշտերում ինձ կրկին ողջունեցին հեծանվային պարապմունքի մեր Միջին դպրոցի սաները, իսկ մարզադաշտում ծայրից ծայր աշխատում էին, մաքրում-բարեկարգում մեր ուսուցիչները:
Իսկ օրվա վերջում ես ու տիար Գևորգը մտմտում էինք Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում ավելի ընդարձակ սահադաշտերի կառուցման մասին… Ստեղծական ոգևորություն, որքա՜ն Հայաստան աշխարհը, «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը Բանգլադեշում քո կարիքն ունի… Ու մենք արագացնում ենք ձիանոցի շինարարությունը, մեր գործիքաշինական արհեստանոցի կառուցումը, որը գլխավոր միջոցն է դառնալու մեր բացօթյա (12 x 25 մ) լողավազանի կառուցման. Հրաչ Առաքելյանը խոստացել է արհեստանոցի առկայությամբ երեք-չորս ամսում, մինչև 2016-ի հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային բաց ստուգատեսը, ավարտին հասցնել այս նախագիծը… Մի պայմանով՝ սովորողների հետ…
Գևորգ Հակոբյանի հետ, ինչպես մանրակրկիտ-արշավական, հասել էինք Դպրոց-պարտեզ՝ ետևում թողնելով Մայր դպրոցում Մարինե Մկրտչյանի և քոլեջի դաստիարակների մասնագիտական կրթության հանդիսություն-պարապմունքը, մեր մանկավարժական երթի մշտակամ ուղեկիցներ տիկին Աիդայի, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի հետ։ Նույն անշտապ կոնկրետությամբ, կրթահամալիրի տնտեսությամբ՝ ստուգելով Մայր դպրոցում ընթացող բարելավման աշխատանքներն ու 2016-ին շարունակելիք-սկսվելիք գործերը՝ ընդարձակում-բարելավումները մեր նյութական միջավայրի, շարունակական անելիքները, Կրթական պարտեզի սարալանջի կենդանի արահետներից մեկով եկանք կանգնեցինք այն դիտարան-հարթակի՝ ավտոտնակների վրա, որի մասին ես ձեզ պատմել եմ… Կարդացել ենք-չենք կարդացել, ժամանակն է՝ թարմացրեք, որ 2016 տարին դարձնենք նոր…..
Կրթական պարտեզը ֆիզիկական միջավայր չի կարող լինել սոսկ. դրա համար չէ ինձ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպությունը Ձմեռ պապ մրցանակի արժանացրել-պարգևատրել… Ահա հրաշագործ մի գավազանով հարվածում եմ, և կենդանանում է շուրջս, աղմուկ ու խնդություն խաղերի ու կյանքի… Ահա ինչու՝ այն նոր մանկավարժություն է՝ այլընտրանք մեզանում հաստատված անշարժությանը, մահվանը, մեր հատվածական-ընդհատումներով-միջոցառումային առօրյային…
Իսկը տեղն է իմ երևանյան նախագծի մասին պատմելու՝ երևանյան կենտրոնի, որ իմ կարծիքով նաև մետրոպոլիտենն է՝ իր «Հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան» կայարաններով… Մեր երևանյան մետրոն, մեծ ցանկության դեպքում էլ, իր այսօրվա միագիծ կարճ սխեմայով հանրային տրանսպորտ չես անվանի… Բայց այն կա Երևանի կենտրոնում, և իր, գոնե, «Հրապարակ» կայարանով ու կայարանամերձ գլխավոր պողոտայի նորակառույց հրապարակով, «Երիտասարդական» մետրոյով՝ Օղակաձև զբոսայգու իր հատվածով, Մարշալ Բաղրամյանով՝ իր Սիրահարների այգով, ներսով ու դրսով, քիչ ծախսերով կարող է վերածվել Ամանորյա հեքիաթի՝ բոլոր տարիքի երևանցիների համար, անմոռաց մի տպավորության՝ զբոսաշրջիկների-օտարների համար… Նոր՝ տոնական հանդիսավոր կերպար փոխանցել մշակութային Երևանի կենտրոնին, որ մետրոյի կայարանները դառնան երեք մեծ-ինքնուրույն ցուցասրահներ` կապված աշխարհի կամուրջ-հարթակներով… Սա կարելի է անել ամառ թե ձմեռ, աշուն և գարուն… Սա կարող եմ և ես՝ որպես նախագիծ, որպես երևանցի իրագործել… սրանով վերականգնել իմ կորցրած կապը Երևանի հետ ու Դավիթ Բլեյանին փոխանցել անմոռանալի-անբաժանելի մանկության քաղաք-հեքիաթ, որից բաժանվել չլինի…
Ազատություն՝ հիմնված կրթության բոլոր մասնակիցների հարգանքի վրա
Երեք դիտարկում ունեմ. կրթահամալիրն իր ազատությամբ մասնագիտական (առարկայական) ինքնադրսևորման մշտական հնարավորություն է տալիս, այո՛, դրանով դրսևորվեք, բայց մեր մասնագիտությունը մանկավարժական աշխատանքն է, ու բնագավառը՝ մեր դեպքում՝ հեղինակային մանկավարժությունը… Կրթահամալիրը 1989-ին ստեղծվել է սրա իրագործման՝ մշակման, կազմակերպման ու տարածման նպատակով, սա ես թույլ չեմ տա զանց առնել 2016-ին, ավելին՝ սա ուղղորդող կլինի յուրաքանչյուր կոնկրետ անձի և արարքի դեպքում:
…Ես 2016-ին ստվերից կհանեմ, չեմ հանդուրժի, ուղղակի, բովանդակազուրկ արհեստականությունը-ձևականությունը… Ազատություն, այո, կարգապահ մանկավարժական գործունեություն հեղինակային կրթության իրականացման շրջապտույտում՝ հիմնված կրթության բոլոր մասնակիցների, բոլոր մանկավարժական աշխատողների հարգանքի վրա…
Գևորգ Հակոբյանի, Լիանայի՝ իրենց մաթեմատիկոս գործընկերների և սովորողների բարեխիղճ հետևողանկանությունն ինձ հիացնում է. այսպես են լավ գործերն արվում։ Մաթեմատիկական ֆլեշմոբը դեկտեմբերի 30-ին սիրուն տեսարան է. մի կողմում՝ սեղանի ամանորյա պատրաստություն է սեբաստացի-ոչ սեբաստացիների ընտանիքներում, համով-համով ուտելիքների պատրաստում, մյուս կողմում խմբվել են մաթեմատիկական խնդիրների շուրջ… Ո՛չ էլ սրանք՝ այս զբաղմունքները խանգարում են իրար, սրանք իրար լրացնում են. լավագույն ապացույցը նոյեմբեր ամսվա ընտանեկան մաթեմատիկական նախագծի արդյունքներն են, որ այնքան տեսանելի ամփոփել-հրապարակել է 5-րդ դասարանցի սեբաստացի Մարտին Աթոյանը։ Գևորգը ճիշտ է բռնել էս գործի մի ծայրից. հանդիպումների պարբերականությունը (ամենամսյա) պահպանել է պետք։ Մյուս ծայրում մաթեմատիկական ճամբարներում հաղթողների և շատ կամեցողների հանդիպումներն են. հրես՝ առաջին առերեսումը կլինի հունվարին, հաջորդը՝ մարտի արձակուրդին՝ որպես գարնանային բաց մաթեմատիկական ճամբար՝ գրավիչ ու կամավոր, հետո՝ հունիսին, հուլիս-օգոստոսին… Այսպես՝ անընդհատ ու հետաքրքիր։ Էմմա Իսախանյանի նկարագրած ազգագրական, Ստեփան Թորոյանի պարի նման. որտեղ բռնեց՝ տանում է, հավեսի գցում…
Երեկ ես մտա Մայր դպրոց՝ հայրենագետ-արշավականի ակումբ ու տեսա կոկիկ-հավաք Հրաչյա Առաքելյանին, որ մեկիկ-մեկիկ դասավորել էր մեր արշավախմբային գույքը. նախանձի արժանի տեսարան… Այսպիսի՝ հետիոտն-հեծանվային արշավանքի տարի լինի 2016-ը. նոր բարձունքներ, նոր հայրենի տեսարաններ՝ սեփական աչքով, ականջով, սրտով, հեղինակային մեդիայով՝ տեսա-ձայնա-գրա-պատումով…. Հատկապես որ անօդաչու ունենք:
Շարունակե՞լ, թե՞ վերսկսել սովորելը
Ինքնուրույն, հարցերով՝ սովորողի և ուսուցչի, սովորելու բնական մեթոդի, առցանց ուսուցմանն ենք անցնում հունվարի 11-15-ը՝ կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում, 2-5 տարեկանների նախակրթարանային խմբերում… Անկենդան, արհեստական, կիսատ-պռատ է մեր հեղինակած ստեղծագործ ու մոբիլ կրթությունը՝ առանց սովորողի և սովորեցնողի մշտապես ինքնուրույն սովորելու՝ կարգի բերած, բնական մեթոդի… Եվ ահա, բոլորիս առողջապահական շահերից բխած դպրոցական ֆիզիկական միջավայրում կրթության արգելումը առցանց ուսուցման անցման հմտությունների ստուգատես-շաբաթ է դառնում հեղինակային կրթության բոլոր աստիճաններում… Այսօր՝ մանկավարժական հունվարյան հավաքում, վաղը՝ առցանց, մենք՝ սովորող և սովորեցնող (ուսուցիչ և ծնող) կպայմանավորվենք-կպատրաստվենք առցանց ուսուցման շաբաթի և՛ բովանդակության, և՛ կարգի հարցում… Ուզո՞ւմ ենք, չէ՞, սովորել, շարունակել թե վերսկսել սովորելը… Պատասխանենք սովորողի յուրաքանչյուր հարցի, հրահրենք հարցասիրությունը, տեղին հարցեր առաջադրենք… Երբեք միˊ պատասխանեք այն հարցերին, որոնք չեն առաջացել, չեն կարող առաջանալ սովորողի մոտ… Ասել է թե՝ սովորողը հետաքրքրված չէ դրանով, նյութով… Սա Ջորջ Փոյայի նշանավոր սկզբունքներից է… Առիթ է որպես ամանորյա նվեր՝ կարդացեք. դուք էլ վարձատրված կլինեք։ Իսկ ուսուցումը, խոստովանենք, իբր թե կառուցված է սովորողի մոտ առաջացած այդպիսի հարցերի՞ վրա, թե՞ դրանց՝ այդ հարցերի անտեսման-ոչ կարևորության վրա. պարտավոր ես՝ սովորի՛ր, ինչպես և ես պարտավոր եմ, իմ աշխատանքն եմ անում, սովորեցնում եմ… Ասել է թե՝ ուսուցիչը հետաքրքրված չէ՞ իր առարկայով…
Ահա մեր «Դպիրի» գանձարանից՝ միշտ շնորհակալ լինելով Ռոբերտ Հովսեփյան թարգմանիչ-խմբագիր-դասավանդողին.
Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան, կամ ինքնե՛րդ տվեք այն հարցերը, որոնք կարող էին նրանց մոտ ծագել:
Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները կարողանան հարցերին պատասխանել կամ ինքնե՛րդ պատասխանեք այդ հարցերին, բայց այնպես, ինչպես կարող էին ձեր սովորողները դրանց պատասխանել:
Բոլոր հանգամանքներում աշխատեք խուսափել այն հարցերից, որոնք երբեք չեն ծագում ո՛չ մեկի մոտ. այդ թվում նաև՝ հենց ձե՛զ մոտ:
Կարդացեք Փոյա, վերադարձեք Փոյայի գոնե այս հոդված-հատվածին, խնդրում եմ, հիմա, երբ ունենք առցանց ուսուցման շաբաթ…
«Յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր գիտնական և մանավանդ յուրաքանաչյուր ուսուցիչ, պետք է ընթերցի այս գրավիչ գիրքը»… Ես կավելացնեմ՝ յուրաքանչյուր ծնող՝ որևէ կարգավիճակով… Խոսքն այս անգամ մաթեմատիկոս-մանկավարժ Ջորջ Փոյայի ամենահայտնի գրքերից մեկի մասին է` «Ինչպե՞ս խնդիր լուծել»: Ե՛վ առցանց ուսուցմամբ կրթահամալիրային ճամբարը, և՛ երկու շաբաթ հետո մեկնարկող «Հանրակրթական Դիջիթեք 2016»-ը, դատարկ զբաղմունք կլինեն, եթե այս օրերին գիտնական-հանրային գործիչներ Ջանի Ռոդարիի, Մարիա Մոնթեսորիի, Ջոն Դյուիի, Ֆրենեի կոթողային աշխատությունները կրկին չհայտնվեն «Դպիր» էլեկտրոնային ամսագրից, հեղինակային, կրթական մանկավարժական աշխատողի էկրանին… Իսկ Սուսան Մարկոսյանի ուղարկած այս դպրոցի մոդելը հարազատ է նոր դպրոցի` և ՛ ֆիզիկական, և՛ մեդիաաշխարհով մեկ յուրաքանչյուր ջատագովի, առավել ևս հեղինակային, մանկավարժական հավաքակազմի կողմից կրթահամալիրի բանգլադեշում ստեղծվող և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում…. Գտե՛ք գոնե մեկ տարբերություն մեր ու ֆինլանդական այս դպրոցի մոդելի միջև և վերածե՛ք այն 2016-ի ուսումնական նախագծի, ինչպես մանկավարժական լաբորատորիան է առաջարկում… Եվ մեկ-երկու տարում այդ տարբերությունն էլ կջնջվի… Ափսոս, որ մենք կորցրել ենք մեր հավաքական 25-30 տարվա աշխատանքի արժևորման զգացումը, ու մնացել է սոսկ ինքնահիացումը:
Ես, կրկնելով Փոյային, համարում եմ, որ «օրինակները կանոններից օգտակար են… շատ ավելի արժեքավոր եմ համարում կոնկրետ օրինակները, քան ցանկացած ընդհանուր դատողություն…»: Ավելին, ես զգուշանում եմ ընդհանուր դատողությունների մեջ մոլորվելուց կամ այդպիսի դատողություններով մարդուն՝ քեզ ակամա լսողին մոլորեցնելուց… Ահա ինչու՝ դժվար եմ կարդում, տեքստ ընտրում, «կանոնների օրինակներ» եմ նախընտրում… Այս առցանց ուսումնական շաբաթն անհատական, խմբային-ընտանեկան, ընկերային-ազգակցական ստեղծական դրսևորումների հարթակ է, պատվիրատու կազմակերպիչ: Օրինակ-շաբաթ է: Մենք կսկսենք իրար ավելի լավ ճանաչել, արժևորել այն, ինչ այնքան թանկ գնով ենք ստեղծել:
Կա՛մ կյանքին ենք պատրաստում, կա՛մ քննություններին
«Կա՛մ կյանքին ենք պատրաստում, կա՛մ քննություններին։ Մենք առաջինն ենք ընտրում»,- ասում են ֆինները: Ըստ Գրիշային բարեխիղճ մեծացնող Մարինե Ամիրջանյանի, ֆիննական հասարակությունը կատարել է ընտրությունը՝ կյանքի դպրոց: Ես սրան ասում եմ՝ կյանքով, ապրող դպրոց… Ե՛վ Մարինեի մեջբերումը, և՛ Սուսան Մարկոսյանի ուղարկած նյութը, և՛ երեկ Աիդա Պետոսյանի ուղարկածը, ցույց են տալիս, որ նրանք հիացումի արժանի նախագծերով առաջ են տանում իրենց ընտրությունը… Էլի՛ հասունության դրսևորում. գուցե հասունությունը հենց հասարակության հատկանիշ է, հասարակությունը պիտի հասունանա՞ ընտրության համար։ Եթե հասուն չէ ընտրություն կատարելու համար, ի՞նչ հասարակություն է… Լսեցի՞ք, ֆիննական հասարակությունը՝ իր բոլոր մակարդակների իշխանությամբ՝ համապետական թե համայնքային, ինքնավարություններով, հասարակության բոլոր ինստիտուտներով՝ դպրոցներով ու բուհերով, գիտակրթական այլ հիմնարկներով, ընտանիքով, Ֆինլանդիայում ապրող մարդով…
Մերն ուրիշ է. ես կյանքով հաստատել եմ իմ ընտրությունը, մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, հարգելի սեբաստացի գործընկեր, պիտի կատարի իր ընտրությունը… կյանքո՛վ պիտի հաստատվի այդ ընտրությունը, կարիերա դառնա, քո կյանքի գործը:
Սկսում ենք 2016-ը՝ իր անկրկնելի-նոր-թարմ առօրյայով… Ինչպես «Սեբաստացիներ» երգչախմբի բլոգի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը, երգչախմբի նորեկ-սպասված Արմինե Բաղդասարյանն ու Անի Հովհաննիսյանը, երգչախմբի ավագի հավաստագիրն ինձնից, մաեստրո Թոփիկյանից ու բոլոր երգող սեբաստացիներից հավատարմությամբ վերցրած Արմինե Թոփչյանը…
Դիմացը՝ գարուն է… Իսկական մաեստրո ունենք, հեշտ է ճամփա գնալը, երգով էս ճամփեն անցնելը Ջրվեժի Սուրբ Կաթողիկեից մինչև Գեղարդի վանք՝ Չարենցի կամարով… Ի՜նչ լավ կլիներ՝ պատանեկան երգչախումբն էլ մեզ հետ լիներ… Լուիզա Քեշիշյան, ո՞ւր ես, արդար չէ, Հարություն Թոփիկյանը շաբաթը չորս օր փորձ է անում, համերգային այսպիսի տպավորիչ շրջագայության մեկնում, իսկ պատանիները մեր… Գուցե ճի՞շտ է միասնական երգչախմբի գոյությունն առանց սահմանների, որ պատանիներն իրենց ուսուցիչների հետ երգեն-շրջագայեն… Արհեստական չե՞ն այս սահմանները ևս… Ի՞նչ համերգային ծրագրեր են ներկայացնում 2016-ի համար մեր մանկական-պատանեկան-ուսուցչական վոկալ համույթները…
Ոսկին, մեդալը, մրցանակը շլացնել-նպատակ դառնալ չեն կարող
Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞: Բա էլ ե՞րբ կգա այդ ժամանակը, ավելի հարմար շրջան կա՞ հեղինակ-ուսուցչի համար, քան այս առցանց ուսուցման և հակահամաճարակային շրջանը… Մենակ փետրվար-մարտի անելիքի, ուսուցչի առարկայական օրացույցով և կրթահամալիրի տոնացույցի ստուգատեսներով, այլ ուսումնական նախագծերով որքա՜ն գործ կուտակվեց. եթե չի արվելու, եթե ավելորդ էր-պարտադրանք էր, մահանան հակահամաճարակն է, ի՜նչ տեղին է… Եթե շիտակ լինենք, համաճարակ ժամանակում ենք երկար-շատ երկար ապրել, և մեզ մի ընդգրկված-արհեստական վիճակի բերածն ի՞նչ է անելու-տալու-փոխելու… Ես վճռական եմ յուրաքանչյուր սեբաստացու՝ սովորող-ուսուցիչ-ընտանիք, առավելագույն աջակցել…
Իսկ իմ՝ հեղինակային կրթական ծրագիրը ևս մեկ շաբաթ առցանցին հանձնած տնօրենի օրակարգում օլիմպիադաներն են, նախաբանակային պատրաստության բարելավումը դեռահասի, պատանու, մեր նախակրթարանի սանի, կրտսեր դպրոցականի սննդի բարելավումը
Քանի՛ տարի կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների սաները չեն մասնակցել հանրապետական առարկայական օլիմպիադաներին… Փետրվարին այսպիսի գրաֆիկով ու կարգով օլիմպիադայի դպրոցական և տարածքային փուլին հայտեր ներկայացրած 5-12-րդ դասարանի սովորողներ կփորձեն իրենց ուժերը… Առանց արհեստականորեն դրանց կարևորություն տալու, եթե չեք կարդացել, օգտակար է Յուրա Գանջալյանի ուսումնասիրությունը՝ հատուկ «Դպիր»-ի համար արված, հարկ է, որ սեբաստացիները 2016-ին, որպես լրացուցիչ կրթության ձևեր, մասնակցեն ամենատարբեր օլիմպիադաների, մրցույթների՝ Հայաստանում և արտերկրում անցկացվող… Կրթահամալիրի օրացույցով անցկացվող ստուգատեսների հետ սրանք կարող են վստահություն հաղորդել մեր սովորողների ինքնադրսևորմանը՝ որպես խթանիչներ… Կարևոր է, որ մեր ուսուցիչները, ինչպես ամենուր, լինեն իրենց սաների կողքին՝ ուսումնասիրելով այլոց փորձը, անընդհատ ղեկավարելով առցանց թե ֆիզիկական միջավայրում ուսումնատենչությունը… Ոսկին, մեդալը, մրցանակը շլացնել-նպատակ դառնալ չեն կարող, ֆիննական դպրոցը սրա լավագույն օրինակը տալիս է, բայց մեկուսանալը հասարակական կյանքից՝ մերը չէ, մեր մանկավարժությունը չէ…
Հեռավար-առցանց ուսուցումը՝ որպես կրթական ծրագրի կազմակերպում
Փաստ է, որ առաջին անգամ հանրապետության պատմության մեջ կիրառվում է հեռավար-առցանց ուսուցումը՝ որպես կրթական ծրագրի կազմակերպում… Մենք կրթահամալիրի առանձին սովորողների, սահմանված կարգով, առցանց ուսուցման եզակի փորձ ունենք, բայց կրթահամալիրի կազմում գործող հանրակրթական դպրոցների և քոլեջի այսպիսի հակահամաճարակային՝ ընտանեկան միջավայրում, ուսուցման կազմակերպումը 2016-ին խոստացած բեկումներից առաջին նշանակալին էր: Ահա ինչու ծնող-մասնագետի փորձագիտական արձագանքն անհրաժեշտ է: Մեդիակրթության մեր՝ հեղինակային ծրագիրը՝ իր դպրոցական ֆիզիկական և ընտանեկան ֆիզիկական միջավայրերում, վերջին շրջանում ֆլեշմոբային ուսուցման ընտանեկան նախագծերի հետևողական՝ առարկայական կիրառմամբ, սովորողի ամենօրյա ուսումնական տնային աշխատանքի առցանց կազմակերպումը հող էին նախապատրաստել ֆիզիկական կրթության դպրոցական բաղադրիչի անջատման համար, որի առիթը դարձավ այս «խոզի գրիպ» հորջորջված համաճարակը… Վախ կար, որ այն կարող էր իր խոզությունն անել, և հիմա, երբ մենք ավարտում ենք առցանց ուսուցման շրջանը և հունվարի 25-ից վերսկսում ֆիզիկական միջավայրում դպրոցական պարապմունքները, մեր երկշաբաթյա գործունեության գնահատումը շրջանցել չենք կարող: Ե՛վ յուրաքանչյուր սովորող՝ իր ընտանիքով-միջավայրով-մասնակիցներով, և՛ յուրաքանչյուր խորհրդատու ուսուցիչ հարգանքով-անաչառ պիտի անդրադառնան իրենց ուսումնական գործունեության այս շրջանին…
Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում եմ սիրել այնքան, որ… գարո՜ւն… ասել է թե գարունը մեր աշխարհ է գալիս «Կարդում ենք Մեծարենց-Տերյան-Թումանյան-Չարենց» նախագծի մեկնարկով, որը տրվել է արդեն… Գոհար Եղոյանն ապրի, խելքով-շնորհքով Չարենցի կամարի մոտ՝ ձյուների մեջ, ինձ հուշեց 2016-ի «Կարդում ենք»-ի հայրենագիտական մի երթ-քայլք-վերելք-ճամփորդության՝ Ջրվեժով, Տեր Կյուրեղի օրհնությամբ, խմբի միասնական աղոթքով, Չարենցի կամարից բանաստեղծի ստեղծագործության նկարահանմամբ՝ հայացքով դեպի Արարատ ու վե՜ր-վե՜ր՝ մինչև Գեղարդը վիմափոր… Մերի Առաքելյանի ուսուցանած շարականով ու մայրենիի դասավանդողների գրաբարյան տաղով… Ի՜նչ ոգեղեն ընթացք է… Գալիս եմ… Ու այսպես, որպես ուխտ, խումբ-խումբ, ակումբ-ակումբ, դասարան-դասարան… ողջ փետրվար… Գարո՜ւն…
Մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կենտրոնը չի կարող շուրջտարյա չլինել
Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարը, գլխավորեց սովորողների հեծանվաերթը Բանգլադեշից դեպի Էջմիածին՝ Զվարթնոց-Մուսալեռ կանգառներով, որ կայացավ 2016-ի հունվարի 21-ին, ընդդեմ համաճարակի, որպես հակաբացիլ անշարժության…
Ինձ համար սա ավելի հավաստի է, որպես իրավունք պատանեկան հաստատություն (զարմացա՞ք. Ավագ դպրոցը ստեղծված է պատանիների կրթության կազմակերպման համար) ղեկավարելու համար… քան թղթերը՝ կնքված-ստորագրված-հրամանագրված… Կարևոր է՝ ինչ են մտածում իրականում պատանիները իրենց հաստատության ղեկավարի մասին, գնո՞ւմ են նրա հետ ճամփա՝ ոտքով, հեծանվով, վստահո՞ւմ են այնքան, որ կարող են անկեղծ լինել, պարկեշտ՝ միջանձնային հարաբերություններում, դժվարություններ-արկածներ հաղթահարել, կրթահամալիրում և նրանից դուրս, Երևանում ու նրանից դուրս…
Այս շաբաթ մեր հայրենագիտական արշավախմբային կայանը ձեռք կբերի առաջին դահուկները, սահնակները… Երևանում ձյուն գալը՝ թեկուզ մի քանի անգամ, բան չի փոխի, դիպվածային կմնա մեր մոտեցումը ձմռանը, իր բերած ձյան վայելքին: Իսկ թե ե՞րբ… Երևանից կիլոմետրեր հեռու՝ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ամիսներով ինչպիսի ձյուն կա՝ ձմեռային մարզաձևերով զբաղվելու, ձմեռային տպավորիչ ճամփորդությունների ինչպիսի՜ հնարավորություններով… Մեր կայանն արշավախմբային, մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կենտրոնը չի կարող շուրջտարյա չլինել… Եվ ոչ էլ «մնաց հաջորդ ձմեռ» մտածեք… Ասել ենք՝ փետրվարը ստուգատեսային իր բազմաթիվ փոխանակումներով-հյուրերով լավ խթան է, որ դառնա հայրենագիտական-ձյունոտ…
Համացանցը` Աստծո պարգև
Համացանցն Աստծո պարգև է անվանել և իրական բարու մարմնավորում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. «Նա մեզ անսահման հնարավորություններ է տալիս մարդկության միավորման և համերաշխության դրսևորման համար»:
Մենք էլ մեր Սրբազան հոր աջակցությամբ գրաբարով ֆլեշմոբեր ենք անում: Տեսնենք մայրաքաղաքի դպրոցներն ինչպե՞ս կարձագանքեն:
Հինգ-վեց տարեկանները մեր՝ պլանշետով, հեծանվով, լողով… Առանց ոգևորվելու ո՞նց ոգևորես… Ես չեմ կարող մեր նախակրթարաններում 2016-ին հանկարծ հինգ ու վեց տարեկան դարձածներին առաջարկել մի բան, որ ես, տարիքով հինգ դարձած Դավթի համար չեմ անում… Ահա ինչու, երբ «Technology & Science Dynamics» կազմակերպության ներկայացուցիչները՝ մեր հին գործընկերները, մտան Մեդիակենտրոն, ձեռքներին՝ Հայաստանում, Երևանում ծնված «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» հազար պլանշետից կրթական՝ առաջարկով, ես առիթն օգտագործեցի՝ Դավթի դեկտեմբերի 12-ի ծննդյան օրվա նվեր-հանձնառույթը՝ հայր Նավասարդ Սրբազանի, միանգամից իրագործել: Էլ որքա՜ն հետաձգես. պլանշետ՝ գումարած օրհնություն, որ թոˊղ տարածվի մեր բոլոր հինգ-վեց տարեկանների վրա: Մնաց՝ Էրիկ Գրիգորյանի առաջարկից հեծանիվ ընտրելը, որ Գևորգ Հակոբյանի՝ մանկավարժական լաբորատորիայի ղեկավար սանիկի հետ պիտի անե՞նք օրերս…
Սովորողը-երեխան տանը, փողոցում, դպրոցում (ոչ միայն կրթահամալիրի) մի նոր աշխարհում է, մի ազդեցությամբ, ինչպես գրավիտացիան՝ անխուսափելի, որն անվանենք թվային-համացանցային-մոբիլ կապ… Սա իրողություն է, փաստ, որին հարկավոր է խաղաղ մոտենալ և կազմակերպել մեր ջանքերն այնպես, որ սա, այս ազդեցությունը դառնա, իհարկե, բարիքի մարմնավորում բոլորիս համար՝ չեզոքացնելով-նվազագույնի հասցնելով բացասական հետևանք կոչվածը… Թվային աշխարհի մաս է մոբիլ հեռախոսը, թվային հեռուստացույցը՝ հարյուրից ավելի ալիքներով, պլանշետները, դեսկթոփով համակարգիչները… То ли еще будет… Այս բոլորը միասին… «Մեկ համակարգիչ-մեկ երեխա» գուցե արդյունաբերական հնարք է՝ «Ինթել»-ի, հիմա էլ՝ “Technology & Science Dynamics” Հայաստանյան կազմակերպության… Օրվա, երեխայի աճի (ուսումնական կյանքի) շրջանում կփոխվեն այս գործիքները… Մենք խոսում ենք կյանքի-կրթական նոր՝ թվային միջավայրի մասին… Լսո՞ւմ եք…
Խմբագիր՝ Սոֆյա Այվազյան