Սկիզբը
Նախորդ հատվածը

Նախկին հրաշամանուկը

Այն, որ ֆրեյդականները (նկատի չունեմ հենց Ֆրեյդին) երեխայի նկատմամբ սահմանափակումներ ներմուծեցին, պնդելով, որ նա շատ քիչ ինքնուրույն կյանք ունի տարրական սեքսուալության սահմաններից դուրս, վատ ծառայություն է: Շատ ֆրեյդականներ կասկածով են նայում բոլոր մյուս հիշողություններին, որ բերվում են մանկական հասակից կամ վաղ մանկությունից: Ես բացարձակապես հակված չեմ ժխտելու, որ մանկական սեքսուալություն կա, և որ կարևոր նշանակություն ունի: Բայց այդ ամենը շատ հեռու է երեխայի ինչպես զգայական, այնպես էլ մտավոր ինքնուրույն կյանքը սպառիչ նկարագրելուց:

Իմ հիշողության մեջ կան լրիվ գիտակցված պատկերներ այն ժամանակից, երբ երկու տարեկան էի, և մենք ապրում էինք Լեոնարդ Ավենյույում երկհարկանի տանը՝ Քեմբրիջի և Սոմերվիլի միջև բավականին մռայլ և անհրապույր թաղամասում: Հիշում եմ մեր բնակարան տանող աստիճանը. ինձ թվում էր, որ այն անվերջ բարձրանում է: Նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, կարծես, դայակ ունեինք, քանի որ հիշում եմ, թե ինչպես էինք նրա հետ գնումներ կատարելու գնում փոքրիկ խանութներից մեկը, որի մասին ինձ ասում էին, որ Սոմերվիլում էր: Ամբողջ թաղամասը իրար հետ չհամաձայնեցված երկու քաղաքաների պատկանող փողոցների խառնուրդ էր, և հստակ հիշում եմ այն սուր անկյունը, որտեղ հատվում էին այդ փողոցները մեր նպարեղենի խանութի դիմաց:

Անկյունից այն կողմ չարագույժ և սարսափազդու շենք կար, որը, ինչպես իմացա, անբուժելի հիվանդների հիվանդանոց էր: Այն մինչև այժմ էլ կա, և հիմա Սուրբ Հոգու Հիվանդանոց է կոչվում: Միանգամայն վստահ եմ, որ այն ժամանակ հստակ պատկերացում չունեի, թե ինչ է հիվանդանոցը, բայց բավական էր լսել այն տոնը, որով մայրս կամ դայակը հիշում էին այդ տեղի մասին, որպեսզի հոգիս լցվեր տխրությամբ և վատ նախապաշարումներով:

Սա է ամենը, ինչ իսկապես կարող եմ հիշել Լեոնարդ Ավենյուից: Ինձ հետո ասել են, որ երբ այնտեղ ապրում էինք, մայրս մի երեխա էր ունեցել, որը մահացել էր իր ծնված օրը:  Տասներեք տարեկան եմ եղել, երբ այդ մասին ասել են. այդ լուրը ցնցել էր ինձ, քանի որ ես մահից վախենում էի և այն սփոփիչ հավատն ունեի, թե մեր ընտանեկան շրջանը երբեք չի քանդվի մահվան պատճառով: Ես անմիջական հիշողություն չունեմ այդ երեխայից, և այդպես էլ չգիտեմ` տղա էր, թե աղջիկ:

1897թ. ամառը, երբ լրացավ իմ երկուս ու կես տարին, մենք անցկացրինք Նյու-Հեմփշիրի Ջեֆրի հյուրանոցում: Այնտեղ լիճ կար՝ թիավոր նավակներով, իսկ կողքից անցնող արահետը տանում էր դեպի սարը, որի անունը հիշում եմ որպես Մոնադնոկ:  Ծնողներս սար են բարձրացել, բնականաբար առանց ինձ, իսկ ինձ իրենց հետ տարել են մոտակա գյուղը, որտեղ ինչ-որ պատճառով այցելել էին դարբնին: Դարբնի ոտքի մատը ձին ճզմել էր, կանգնլով նրա ոտքին, և ինձ համար սարսափելի էր այդ պատմությունը լսելը, քանի որ այն ժամանակ արդեն անասելի վախենում էր հաշմությունից:

1897-1898 ուսումնական տարվա սկզբին մենք Քեմբրիջի Հիլիարդ փողոցում էինք ապրում: Մշուշոտ հիշողություն է մնացել այն ձիասայլի մասին, որ մեր իրերը տեղափոխեց Լեոնարդ Ավենյուից: Դրանից հետո հիշողություններս ավելի վառ և ճշգրիտ են: Հիշում եմ իմ ծննդյան օրը, երբ դարձա երեք տարեկան, և մանկությանս ընկերներին՝ Հերման Հորվարդին և Դորու Քիթրեջին՝ նույն փողոցում ապրող Հարվարդի պրոֆեսորների երեխաներին:  Ամոթ է խոստովանելը, բայց Հերմանի մասին իմ առաջին հիշողությունը կապված է նրա ծննդյան օրը մեր վեճի հետ, երբ լրանում էր նրա հինգ տարին, իսկ ես երեք տարեկան էի:

Ծնողներս պատմում են, որ Հիլիարդ փողոցում մեր ապրած ժամանակ ես ֆրանսերենի ուսուչուհի ունեի Ժոզեֆին անունով, մեզ մոտ աշխատող ֆրանսիացի աղջիկ: Հենց  Ժոզեֆինի մասին ոչինչ չեմ հիշում, բայց հիշում եմ երեխաների համար դասագիրքը, որ նա օգտագործում էր, որտեղ կային գդալի, պատառաքաղի, դանակի, անձեռոցիկի օղակի նկարներ և անվանումներ: Այդ ժամանակ սովորածս ֆրանսերենը պետք է որ շատ արագ և հիմնովին մոռացած լինեի, քանի որ երբ տասներկու տարեկանում քոլեջում նորից սկսեցի ֆրանսերեն սովորել, նախկին գիտելիքներից ոչինչ չէր մնացել:

Ամենայն հավանականությամբ, հենց Ժոզեֆինն էր ինձ տանում զբոսնելու Բրեթլ փողոցում և Ռադկլիֆյան բլուրների շրջակայքում: Մթությունը, որ հիմա որպես Բրեթլ փողոցի ծառերի հաճելի ստվեր է հիշվում, այն ժամանակ ինձ վախեցնում էր. բացարձակապես չեմ հիշում մոտակա փողոցների դասավորությունը: Հիլիարդ և Բրեթլ փողոցների հատման անկյունում մեխված պատուհաններով մի տուն կար, որը ինձ խիստ վախեցնում էր, որովհետև շատ նման էր կույր աչքի: Վախի այդպիսի զգացողություն և կլաուստրոֆոբիա[1] ունեցա, երբ ատաղձագործը ծնողներիս խնդրանքով փակեց մեր ճաշասենյակը սպասավորի պահեստի հետ միացնող միջանցքը:

Մեր տանից ոչ հեռու դպրոցական հին շենք կար, բայց չեմ հիշում` այդ շենքը լքված էր, թե այնտեղ պարապմունքներ անում էին: Մաունթ Օբերնի փողոցը մեր տանից մի քանի տուն այն կողմ էր, իսկ անկյունում դարբնոց էր, դեպի որը տանող ճանապարհը կողքերից շարված էր սպիտակ ներկված գլաքարով:  Մի անգամ փորձեցի դրանցից մեկը բարձրացնել և տանել, ինչի համար խիստ հանդիմանանքի արժանացա: Մեր տան կողքով անցնող ծառուղին տանում էր դեպի փոքրիկ այգի, որտեղ պարոն Ռոուզ անունով ծեր ջենթլմենը, գոնե ինձ ծեր էր թվում, գալիս էր օդ շնչելու և իր ծխամորճը ծխելու:  Այգու ետևում էլի մի տուն կար, որտեղ ապրող երկու տղաներն ինձ իրենց թևի տակ էին առել: Հիշում եմ, որ նրանք կաթոլիկ էին, և նրանց տանը կախված էր Քրիստոսի խաչելություն, ում մարմնի վրա վերքեր կային, իսկ գլխին փշեպսակ. ես խաչելությունն ընկալում էի որպես դաժանության և անարդարության զոհի պատկերում: Նրանց տանը ծաղկամանում մի բույս էր աճում, որը նրանք Հավերժական ջհուդ էին անվանում, և որպեսզի ինձ հասկանալի լինի այդ անվանումը, նրանք մի լեգենդ պատմեցին, որը ես չհասկացա, բայց շատ ցավագին ընդունեցի:  

Իմ կյանքի այդ վաղ շրջանի հետ կապված` հորս մասին շատ քիչ հիշողություններ են մնացել: Մայրս մեծ տեղ էր զբաղեցնում իմ վաղ հիշողություններում, հայրս պատկերվում էր չհաղորդակցվող և խիստ մարդու տեսքով, ում երբեմն տեսնում էի գրադարանում՝ իր մեծ սեղանի մոտ աշխատելիս: Չեմ հիշում, որ նա ինչ-որ ձևով սառնություն կամ դաժանություն ցուցաբերած լիներ, բայց տղամարդկային ձայնի ցածր հնչերանգն արդեն ինքնին ինձ բավականին վախեցնում էր: Շատ փոքր երեխայի համար մայրը միակ հարազատ մարդն է, քանի որ հենց նա է հոգատարություն և քնքշանք ցուցաբերում:

Սովորաբար մայրս ինձ համար կարդում էր այգում: Հիմա գիտեմ, որ այդ բակը մեր տան առջև փոքրիկ հողակտոր էր՝ խոտով ծածկված, բայց այն ժամանակ ինձ հսկայական էր թվում: Գիրքը, որը մայրս սիրում էր կարդալ, Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրք»-ն էր («Jungle Воок»), իսկ նրա սիրած պատմությունը՝ «Ռիկի-Տիկի-Տավի»-ն («Rikki-Tikki-Tavi»): Այդ ժամանակ արդեն ինքս էլ էի սկսել կարդալ, բայց դեռ երեք ու կես տարեկան էի, և այդ պատճառով շատ բառեր դժվար էին հասկանալու համար: Իմ գրքերը իմ տարիքի համար հատուկ հարմարեցված չէին: Հայրս մի հին ընկեր ուներ` Հոլ անունով փաստաբան. մի աչքը կույր էր, մի ականջը խուլ, նա հրաժարվել էր մարդկային ընկերակցությունից, և մանկական կարիքներն անծանոթ էին նրան: Ծննդյանս օրը նա ինձ Վուդի «Բնության պատմության» (Wood’s «Natural History») հատորներից մեկը նվիրեց, որը նվիրված էր կաթնասուններին: Գիրքը վերատպված էր էներորդ պատճենից՝ փոքր տառատեսակով, և տառերն ու նկարները տեղ-տեղ ջնջված էին կամ թանաքով լղոզված: Ծնողներս կորցրել էին ինձ նվիրված օրինակը, և որպեսզի ծեր ջենթլմենին չնեղացնեին, արագ ձեռք էին բերել մեկ ուրիշը, և ես սիրում էի մատներով շոշափել այդ նկարները, նախքան կսովորեի այդ գիրքը հեշտությամբ կարդալ:

Ոչ մի կերպ չեմ կարողանում մի գիրք էլ հիշել, որը նույնպես նվեր էի ստացել գրեթե այդ ժամանակ: Գիտեմ, որ դա տարրական գիտության մասին մանկական գիրք էր, և գիտեմ, որ շատ բաներից բացի, այնտեղ պատմվում էր արեգակնային համակարգի և լույսի բնույթի մասին: Նաև գիտեմ, որ թարգմանություն էր ֆրանսերենից, համենայն դեպս, մի քանի նկարների վրա Փարիզի տեսարաններ էին: Ամեն դեպքում, գրքի անունը չեմ հիշում, և կարծում եմ, որ այն տեսել եմ հինգ տարեկանս լրանալուց հետո: Հնարավոր է, որ դա Կամիլ Ֆլամարիոնի գրքի թարգմանությունն էր: Միգուցե ընթերցողներիցս որևէ մեկը ճանաչի այդ գիրքը, և եթե ես հնարավորություն ունենամ այն տեսնելու, համեմատելով հիշողությանս մեջ մնացած նկարների հետ, կիմանամ` այդ գիրքն է, թե ոչ: Քանի որ ես իմ գործունեությունն իրականացրել եմ գիտության բնագավառում, և քանի որ այդ գիրքը իմ առաջին ծանոթությունն էր գիտության հետ, շատ կցանկանայի հայացք նետել այն բանին, ինչից սկսել եմ:

Այն ժամանակվա խաղալիքներիս մեծ մասը չեմ կարողանում հիշել:  Բայց կա մեկը, որ հստակ տպավորվել է հիշողությանս մեջ. մի փոքրիկ ռազմանավ էր, որը քաշում էի կապված պարանով: Այն ժամանակ իսպանա-ամերիկյան պատերազմն էր, և խաղալիք ռազմանավերը տղաների տարածված խաղալիք էին:  Նույնիսկ հիմա հիշում եմ այն ժամանակվա նավերի սպիտակ ներկը և ուղիղ կայմերը` իրենց աշտարակային փոքրիկ տախտակամածերով, որոնցից միայն մի քանիսի վրա ավելի մեծ տրամաչափի հրանոթ կար:

Իմ մանկական սենյակը տեղավորված էր տան ետնամասում և երկրորդ հարկի մյուս սենյակներից բաժանված էր մեկ կամ երկու աստիճանով: Մի անգամ սայթաքեցի և գլորվեցի աստիճանների այդ ոչ մեծ տարածքում, խիստ վնասելով կզակս. սպին մինչև հիմա էլ մնացել է, և դա պատճառներից մեկն է, թե ինչու եմ մորուք պահում: Նաև ձեռքերս վնասել եմ մետաղական մահճակալի եզրերով, որի վրա քնում էի:  Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ տհաճ զգացողություն էր:

Հիշում եմ երգերը, որ ծնողներս ինձ համար երգում էին քնելուց առաջ: Մայրս «Միկադո» («The Mikado») օպերայի կրքոտ երկրպագու էր, և այդ օպերայի մեներգերը իմ ամենավաղ հիշողություններից են:  Մանկությանս ժամանակ որոշակի դեր են խաղացել տարբեր վոդևիլների երգեր, այդ թվում` «Та-ra-ra — boom-de-ау» և «Սսըս: Հոգին է գալիս»: Հայրս գերադասում էր «Լորելեյան» և ռուսական հեղափոխական երգ, որը ես լրիվ չէի հասկանում, բայց երաժշտության ձայները մինչև հիմա էլ մնացել են հիշողությանս մեջ:

Քույրս՝ Կոնստանսը ծնվեց 1898թ. գարնանը: Տատմեր, բարեհոգի իռլանդուհի Ռոուզ Դաֆին իմ առանձնահատուկ ընկերն էր, և նրա պատվին էի անվանում իմ շորե տիկնիկը: Նա ապրում էր Կոնկորդ Ավենյուում իր քրոջ՝ օրիորդ Մերի Դաֆի հետ, որը տնային տնտեսությամբ էր զբաղվում: Երբ այցելում էի նրանց, հնարավորություն էի ունենում բերանս քաղցրացնելու կոճապղպեղի բլիթով և կերամաթի բլիթով:      

Ինձ պատմում էին, որ քրոջս ծնվելն ինձ խիստ տհաճություն է պատճառել: Եվ, իհարկե, մի քանի տարի հետո, երբ նա բավականին մեծացավ, որպեսզի դրսևորի իր անհատականությունը, ես սկսեցի նրա հետ վիճել, և այդ վեճերը արժանի էին պարսավանքի, սակայն հետագայում այդ ամենը փոխհատուցվեց ընկերության և բարի հարաբերությունների տարիներով: Տանը փոքրիկ երեխայի հայտնվելը ինձ շատ բան սովորեցրեց: Եվ ես այդպես էլ չկարողացա մոռանալ այդ շշերի և բարուրների շուրջը առկա ինչ-որ խորհրդավորության զգացողություն: 

Այդ ամառ հայրս ճամփորդում էր Եվրոպայում: Ինձ համար հատուկ հաճույք էր օտար անվանումներով տարբեր քաղաքներից նրա բացիկներն ստանալը. նա գրում էր տպագիր տառերով, հաշվի առնելով, որ դեռ փոքր էի իր ձեռագիրը հասկանալու համար: Նաև այդ ամառ սկսեցի կարդալ բնագիտության պատմության մասին մի ամսագիր, որի մեջ տարբեր թռչունների նկարներ կային: Նույնիսկ հիշում եմ այդ ամսագրի էջերում զվարճալի, հնաճաշակ գովազդային հայտարարությունները, բայց նրա անվանումը ջնջվել է հիշողությունիցս:

Հայրս այն ժամանակ Բոստոնի հանրային գրադարանում աշխատողներից շատերին էր ճանաչում: Նրանցից մեկի` պարոն Լիի կինը նկարազարդումներ էր անում մանկական գրքերի համար, ինչպես նաև ինքն էր գրում երեխաների համար, և նրանք իմ հասակի մի աղջիկ ունեին: Նրանք Ջամայկա Փլեյնում էին ապրում՝ Ֆրանկլինի այգուց մի քանի քայլ հեռու: Հիշում եմ, թե ինչպես էի կարդում տիկին Լիի գրքերը և այգու արհեստական քարանձավներում խաղում նրանց աղջկա հետ: Հիշում եմ ուղևորությունը Կենտրոնական հրապարակից Քոթեջ Ֆարմ կամուրջ տանող ճանապարհով՝ Բոստոնի այն մասով, որն ամբողջությամբ փոխել է իր տեսքը այն ժամանակներից հետո: Հաճախ էի կարդում «Արաբական գիշերներ» («The Arabian Nights») գիրքը, որը պատկանում էր պարոն Լիի աղջկան: Մի քանի տարի անց նա շաքարախտ ընկավ, ինչը այն ժամանակ, երբ դեռ ինսուլինը չկար, մահվան դատավճիռ էր երիտասարդների համար: Պարոն Լին ինձ տվեց նրա գիրքը և էլի ինչ-որ բաներ նրա իրերից, սակայն ամեն անգամ, երբ կարդում էի այդ գիրքը, ինձ տխրություն էր պատում:

Էլի մեկը գրքերից, որ այն ժամանակ կարդում էի, «Ալիսը հրաշքների աշխարհում»-ն («Alice in Wonderland») էր, բայց հարկ եղան տարիներ, որպեսզի ամբողջությամբ զգամ Լյուիս Քերոլի հումորի հմայքը, իսկ այն ժամանակ Ալիսի հետ կատարվող այդ բոլոր կերպարանափոխությունները, ինձ մոտ սարսափի նման բան էին առաջացնում: Դեռ ավելին, երբ կարդացի «Հայելիների աշխարհում»-ը («Through the Looking Glass»), կորցրեցի հումորի ամբողջ զգացողությունը և որոշեցի այն դասել սնահավատության կարգում:

Ես երեխա էի, որին կարելի էր հեշտությամբ վախեցնել: Մի անգամ, երբ ծնողներս ինձ հետները տարել էին Քեյթի վոդևիլի թատրոն, քանի որ չէին կարող տանը մենակ թողնել, տեսա, թե ինչպես են երկու ծաղրածու իրար ծեծում:  Հարվածներից մեկից հետո ծաղրածուների մեկի գլխին հանկարծ վառ շիկակարմիր կեղծամ հայտնվեց, և դա ինձ այնպես վախեցրեց, որ լաց եղա, և ստիպված էին ինձ թատրոնից տանել:

Հաջորդ տարի, երբ հայրս Եվրոպայից վերադարձավ, մենք շարունակում էինք ապրել նույն տեղում՝ Հիլիարդի փողոցում: Ինձ ուղարկեցին Հարվարդի Աստղադիտարանի դիմաց գտնվող Կոնկորդ Ավենյուի մանկապարտեզը: Ես այդպես էլ չեմ մոռանում ո՛չ գործված կոպիտ սվիտերները, ո՛չ մանկական երկար գործած ռեյտուզները, որ հագնում էի, ո՛չ մյուս երեխաների հետ խաղերը, ո՛չ այն թղթե ցանցերը, որոնք գործում էինք:   Այնտեղ հանդիպեցի իմ առաջին սիրուն` հաճելի տեսքով փոքրիկ աղջկան, ում ձայնն ինձ գերել էր, և ում կողքին ինձ լավ էի զգում:  Հիշում եմ մեր՝ պարտեզի երեխաների այցելությունը մոտակա այգին, որտեղ ծառերի խիտ սաղարթների ներքո աճում էին զաֆրաներ, կակաչներ և հովտաշուշաններ:

1899թ. ամառը մենք Նյու-Հեմփշիրում անցկացրեցինք: Չորս ու կես տարեկանում արդեն բավականին մեծ էի՝ գնացքի պատուհանից դուրս նայելու և արագ վազող տեղանքը դիտելու համար: Այն ժամանակ արդեն երկաթգծի հետ կապ ունեցող տեխնիկան ինձ հետաքրքրում էր: Եվ, կարծես, այն ժամանակ սեփական փոքր շոգեքարշ ունեի, ինչը ուժեղացնում էր իմ հետաքրքրասիրությունը:

Դրանից հետո մինչև 1933թ. առիթ չեմ ունեցել Ալեքսանդրիա այցելելու: Երբ վերադարձա այնտեղ, տեսա, որ այդ տեղանքի մասին ինչ մնացել էր հիշողությանս մեջ, ճշգրիտ համընկնում է այն ամենի հետ, ինչ տեսա` քաղաքացիական պատերազմին նվիրված Բրիստոլը` իր հուշարձանով և փայտե հրապարակի մեջտեղում կանգնած հին հրասանդով, Նյուֆաունդ լիճը, հյուրանոցը, որտեղ ապրում էինք, հյուրանոցի դիմացի տունը, որտեղ ապրում էր հորս գործընկերը, ում տղայի հետ ես խաղում էի: Ամեն ինչ այնպես էր, ինչպես մնացել էր հիշողությանս մեջ: Նկատեցի, որ Ալեքսանդրիա գյուղը բոլորովին չէր փոխվել, ինչպես չէր փոխվել Արջերի բլուրը, ուր ծնողներս ինձ տանում էին սոճուտի միջով, և որտեղով հայրս ստիպված էր ինձ ուսերի վրա տանել, ինչպես անփոփոխ էին մնացել նաև այնտեղ բնակվող հնդիկների ծխամորճերը: Գրեթե ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես կար իմ հիշողություններում: Լավ հիշում եմ Բրիստոլի տեքստիլ ֆաբրիկան՝ իր աղմկոտ հաստոցներով, ուր հայրս ինձ տանում էր երեխա ժամանակ:

Հաջորդ ձմեռը, այսինքն 1899-1900թ., մենք անցկացրեցինք Քեմբրիջի Օքսֆորդ փողոցում գտնվող, երկու ընտանիքի համար նախատեսված տանը: Ծնողներս արդեն ծրագրել էին ինձ դպրոց ուղարկել, և մի անգամ այցելեցինք Ագասիզ դպրոցի տնօրեն տիկին Բոլդուինին, որ մեզանից մի քանի տուն այն կողմ էր ապրում:  Այն ժամանակ ինձ դպրոց ուղարկելու մասին վերջնական որոշում չկայացվեց: Տիկին Բոլդուինը՝ չափազանց լավ մանկավարժ և հարգարժան կին, նեգրական ծագում ուներ:  Նա դպրոցական համակարգում սկսել էր աշխատել 1880թ., այն ժամանակ, երբ դեռ չէին մեռել ստրկության վերացման վերաբերյալ մարդասիրական միտումները, և Նոր Անգլիայի պճնամոլությունը դեռ չէր ընդունել Արևմուտքի փայլը, ինչպես եղավ քսաներորդ դարի սկզբում: 

Օքսֆորդ փողոցում ապրելու ժամանակ, ծննդյանս օրը «Սբ. Նիկոլաս» («St. Nicholas Magazine») ամսագիր նվեր ստացա: Շատ լավ հիշում եմ այն օրը, երբ ցրիչը բերեց մի հատ հին համար և մեկ հատ նոր համար, որը թվարկված էր 1899թ., և այդ պահից նոր դար սկսվեց. 1900թ. էր ընթանում: «Սբ. Նիկոլաս» ամսագիրն ինձ համար բացահայտում էր, և մեծ մասամբ այնպիսի նյութեր էր պարունակում, որ դրանց ընթերցումից ես, երեխա լինելով հանդերձ, հաճոյք էի ստանում: Ինձ համար դժվար է հասկանալը, թե երեխաների նոր սերունդը ինչ է անում առանց այդ կամ նման ամսագրի:  «Սբ. Նիկոլաս» ամսագիրը ճանաչում էր ընդհանուր առմամբ քաղաքակիրթ համարվելու երեխայի իրավունքը` հաշվի չառնելով նրա ապրած տարիների ոչ մեծ քանակը, և իր արժանիքից ցածր էր համարում երեխայի մտքին այնպիսի նյութ տրամադրելը, որը իր էությամբ արժանի չէր մեծահասակի մտքին: Ինձ համար գաղտնիք է մնում` ինչպես է երեխաների ներկա սերունդը բավարարվում մի կողմից անճաշակ և անբովանդակ կոմիքսներով, և մյուս կողմից գեղարվեստական հիանալի ձևավորմամբ, բայց գրական առումով անշնորհք գրքերով:  Իմ օրերի երեխաները կհամարեին, որ ժամանակակից երեխաները թույլ են տալիս, որ իրենց խաբեն:

Աշունը նշանավորվեց իսպանա-ամերիկյան պատերազմից ադմիրալ Դյուիի հաղթական վերադարձով Բոստոն: Ծնողներս ինձ տարան այդ առիթով կազմակերպված շքերթին. սակայն ես չզգացի և չէի էլ կարող զգալ այդ իրադարձության պատմական նշանակությունը, քանի որ պատերազմը կապվում էր ավելի շուտ որոշակի ռազմական խաղալիքների հետ, որոնք «կրակում են», այլ ոչ թե ինչ-որ բանի, որը իրական մարդկային կյանքեր է խլում:

Այդ ձմեռվա հետ կապված մի հստակ հիշողություն էլ կապված է Ծննդյան տոների հետ: Ես արթնացա արևածագից շատ առաջ, որպեսզի ստուգեմ իմ գուլպան և իմանամ, թե Սանտա Կլաուսն ինչ է այնտեղ թողել: Այն ժամանակ չգիտեի, որ Սանտա Կլաուսը հայրս էր, բայց շատ շնորհակալ էի այն կոնֆետների և խաղալիքների, և թղթի թերթիկների վրա գրված փոքրիկ կատակների համար, որ մանդարինի, ընկույզի, կոնֆետի հետ գտնում էի իմ գուլպայում: Ավելի մեծ նվերները տոնածառի տակ էին լինում, և ես ու քույրս պետք է մինչև առավոտ սպասեինք, որ դրանք տեսնեինք, բայց մենք «առավոտ» բառի տակ շատ լայն իմաստ էինք դնում, և իջնում էինք ներքև, որտեղ տոնածառն էր, ժամը չորսին մոտ:

Հիշողությանս մեջ կան նաև որոշ շատ հատվածային հիշողություններ: Մեր հարևանուհին՝ մարտական իռլանդուհին, ոստիկանի կինը, դուրս է վռնդում իր ամրոցը ներխուժած չարաճիճի տղաներին: Թվում է` ավելով է քշում: Ես հաճախ էի իմ երեքակնանի հեծանիվը քշում մայթերով և այդ ընթացքում հանդիպում էի հորս ձանձրալի ընկերներին: Մեր շրջանում միոտանի տղա էր ապրում, որն ինձ միշտ զարմացնում էր նրանով, որ մե´կ հայտնվում էր արհեստական ոտքով, մե´կ առանց դրա. բայց սովորաբար մեր տան մոտով հեծանվով էր գնում դպրոց:

Տանջանքների և հաշմումների պատկերները զարմանալիորեն հյուսվում են իմ վաղ հիշողություններում:  Կասկածում եմ, թե դրանց նկատմամբ իմ հետքրքրության մեծ մասը բխեր ինչ-որ մարդասիրական նկատառումներից կամ իրական ցավակցությունից: Իմ հետաքրքրության մի մասը երեխայի կոպիտ հետաքրքրությունն էր, իսկ մյուս մասը իրական վախն էր դժբախտ պատահարի նկատմամբ, որ պատահել էր ինձ ծանոթ մարդկանց, և հավանական է, որ ինձ էլ կարող էր պատահել: Մոտավորապես այդ ժամանակ ես նշկաբորբի և ադենոիդի պատճառով վիրահատվեցի, և արդեն ծանոթ էի գիտակցության մասնակի խավարման սարսափին, անզգայացնող նյութը ներարկելու ժամանակ: Բայց կապ չէի զգում այդ փոքրիկ վիրահատական միջամտության և հաշմումների նկատմամբ իմ վախի միջև: Այս ամենը դիտարկումների կրկնությունն էր, ինչը քաջ հայտնի էր ֆրեյդիստներին և նրանց կողմից բավականին լավ բացատրված է:

Հայրս հպարտանում էր իր ֆերմերական նախկին հաջողություններով, և ձգտում էր հողատեր դառնալ: Այդ ցանկությունը խառնվել էր տոլստոյականությանը նրա նվիրվածությանը և այն հպարտությանը, որ իրեն հաջողվել է հաղթահարել հրեական ժողովրդի ավանդական սահմանափակումները: 1900թ. գարնանը նա Ֆոկսբորոյում գնեց իր երազանքների ագարակը: Տունը ճանապարհից բավականին հեռու էր, շրջապատված   ծառերով, ինչի պատվին էլ կոչվեց Կատալպա ագարակ:

Չեմ հիշում, թե հայրս ինչ էր աճեցնում այնտեղ, չնայած չեմ կարողանում նրան պատկերացնել առանց ագարակում աշխատելու: Վստահ եմ, որ այդ ամառն ընդարձակեց իմ գիտելիքները գյուղական կյանքի, ինչպես նաև Նոր Անգլիայի ծառերի և բույսերի մասին: Հարևան ագարակում ապրող գյուղացի տղաները սկսեցին ինձ կարգադրել, համարելով, որ իրենց իրավունքն է ղեկավարել քաղաքացի տղային, և մի անգամ ճանապարհին կեղտ կերցրին: Այդ ժամանակ գյուղում ես ինձ ավելի հարմար խաղընկերներ գտա, գոնե նրանք ցանկանում էին ինձ ընդունել իրենց շրջապատ: Նրանք ինձ ծանոթացրին անձրևորդերի հետ և երևակայությունս զարմացրին, թե այդ որդերը որքան մանր անհարմարություններ են տանում, երբ դրանց երկու մասի ես բաժանում: Այդ պրոցեսի դաժանությունն իմ մեջ հազիվ զգացվող խղճի խայթ էր առաջացնում:

Ֆոքսբորոյի մասին շատ քիչ եմ հիշում, բայց կարծում եմ, որ մեզ համար այդ տեղին վերաբերող ամենանշանակալին Սուրբ Ռոլերզի վերջերս հիմնած եկեղեցու մասին բամբասանքն էր: Նաև հիշում եմ ինձանից մեծ մի տղայի, որն ինձ տարավ Ֆոքսբորոյի և Աթլբորոյի բեյսբոլի խաղին: Բեյսբոլի գաղտնիքները ինձ անհայտ էին, և միայն ավելի ուշ ես սկսեցի հասկանալ և հետքրքրություն ցուցաբերել այդ խաղի նկատմամբ:

Ամռան սկիզբը նշանավորվեց Նյու-Յորքից Վիներ տատիս և հորաքրոջս աղջիկ Օլգայի գալով: Այն ժամանակ տատս ինձ ծեր կին թվաց, չնայած այն ժամանակ նա պետք է որ այնքան մեծ չլիներ, քան ես հիմա եմ: Նա միշտ մուգ գույնի զգեստ էր հագնում, որպես եվրոպացի տարեց կին, և որոշակիորեն արտասահմանցու շարժուձև ուներ, ինչը երևում էր նրանից, թե ինչպես էր ցուցամատը շարժում և գլուխը տարուբերում: Նա փոքրամարմին, ակտիվ կին էր, ում վրա չարչարանքի դրոշմ կար, և այն ամենից, ինչ լսել եմ պապիս մասին, գիտեմ, որ նրա հետ անհնար էր առանց տառապանքի ապրելը, թեկուզ նրա բնավորության և վատնողության պատճառով: Եվրոպայում տատս ստիպված էր ինքը վաստակել, և հիմա, երբ բոլոր Վիներները, հետևելով հորս օրինակին, տեղափոխվել են Ամերիկա, նա մի երեխայից մյուսի մոտ էր տեղափոխվում՝ կախված նրանց ֆինանսական վիճակից:

Տատիկս միշտ խոսում էր արտասահմանցու առոգանությամբ և երբեք չէր կարողանում տարբերել այնպիսի բառեր, ինչպես «kitchen» և «kitten»[2]: Նա կարդում էր սեփական թերթ, որը օտար լեզվով էր, ինչպես հետո իմացա, իդիշ լեզվով:  Նյու-Յորքից մեզ մոտ գալիս նա հետը միշտ քաղցրավենիք և խաղալիք էր բերում, բայց մենք նրան էլի կսիրեինք, եթե այդ բանը չաներ: Մայրս, որ միշտ կասկածանքով էր վերաբերում հորս նյույորքյան ազգականներին, որպես այս երկրում ապրող երկրորդ սերնդի մարդ, չէր կարող չսիրել տատիս կամ Grossmutter[3]-ին, ինչպես նրան անվանում էինք, որպեսզի չշփոթենք Կան տատի հետ:

Հորաքրոջս աղջիկ Օլգան ինձանից չորս տարի մեծ, իննամյա խելացի աղջիկ էր: Նրա մորը` Շարլոտա հորաքրոջս, ամուսինը լքել էր, և կարևոր էր, որ Օլգան գյուղում ամառային առողջ արձակուրդ անցկացնելու հնարավորություն ունենար: Նա և մայրը մշտապես գժտվում էին: Նյույորքյան փողոցների կյանքը ստիպում էր ժամանակից շուտ հասունանալ, և մայրս դա ծանր էր տանում:

Օլգայի հետ հաճախ էի վիճում: Մի անգամ, չեմ հիշում, թե ինչու, մի լավ կռվեցինք: Օլգան ինձ ասաց, որ Աստծուն ամեն ինչ հայտնի է, և որ նա չի խրախուսում իմ վարմունքը: Այդ ժամանակ հայտարարեցի, որ Աստծուն չեմ հավատում: Տեսնելով, որ այդ բառերիցս հետո երկնքից շանթ չընկավ, որպեսզի ինձ տեղում շանթահարի, ես, համառելով իմ անաստվածությունը` այդ մասին ասացի ծնողներիս: Ասածիս նկատմամբ հորս վերաբերմունքը ինձ բավարար ըմբռնող թվաց, որպեսզի շարունակեմ մնալ այդ տեսակետին:

Ես այդպես էլ չհաշտվեցի Եհովայի հետ և թերահավատ մնացի մինչև հիմա, և այնուամենայնիվ ես կասկածանքով եմ նայում այն թերահավատներին, որոնք իրենց թերահավատությունը դարձնում են պոզիտիվ կրոն և մնում անաստված նույն ոգով, որով կարող էին կրոնավոր լինել:

Կատալպաների տակ եղրևանու թփեր կային, և դրանց մեջ բույն էի գտել, որտեղ երկնագույն ձվեր կային: Օլգան ասաց` քանի որ ես ձեռք եմ տվել այդ ձվերին, նրանց մայր-թռչունը լքել է բույնը և երբեք չի վերադառնա, և այդ ձվերից ձագեր դուրս չեն գա: Քանի որ ես ընդամենը հինգ տարեկան էի, նրա ասածի պատճառով ինքս իմ ներքին հայացքին որպես սպանող երևացի, և դրանից առաջացած մեղքի զգացումը երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս:  

Հայրս ինձ հետը շրջապատում էքսկուրսիաների էր տանում, որպեսզի ուղղակի թափառեինք, կամ էլ մասնակից դարձներ իր սիրած զբաղմունքին՝ սունկ հավաքելուն, և այդ էքսկուրսիաներից մի քանիսը օգտակար եղան կրթությանս համար: Օրինակ, ինձ տարել է ձուլման արտադրամաս և մեքենաշինական արհեստանոց, որոնք մեր հարևանությավամբ էին: Դոմնային վառարան լցվում էր մետաղի ջարդոնը, ոչ թե հանքաքարը, և ես տեսնում էի, թե ինչպես են մետաղը լցնում փուլակոճղի կաղապարի մեջ և ավելի բարդ դետալների կաղապարների մեջ, որոնք հետո մշակում  էին հաստոցների վրա: Մեքենաշինական արհեստանոցում աշխատում էին ինչպես պղնձի, այնպես էլ պողպատի հետ: Դիտելը, թե ինչպես են սպիտակ և դեղին գալարատաշեղները գործիքի ճնշման տակ կծիկ դառնում, իսկական հաճույք էր:   

Հայրս այդ ամբողջ ընթացքում փորձում էր ինձ դպրոցում տեղավորել, բայց հաճախ արգելքների էր հանդիպում, չնայած լավ չեմ պատկերացնում, թե որն էր դժվարությունը: Կարծում եմ, որ ուղղակի շատ փոքր էի, որպեսզի համապատասխանեի դպրոցական խորհրդի սահմանած նորմերին: Ինձ պատվաստում արեցին, որպեսզի կարողանայի գյուղական դպրոց հաճախել, և  մի քանի օր այնտեղ գնացի, մինչև հայրս ինձ տեղափոխեց գյուղում գտնվող փոքրիկ կարմիր դպրոցական շենք, որտեղ մի ուսուցիչ ուսուցանում էր մի դասարանում հավաքված բոլոր տարիքի երեխաներին: Ամենը, ինչը հիշում եմ այդ դպրոցի մասին այն է, որ դպրոցի մոտ արհեստական լճակ կար, և ձմեռ էր, և երեխաները սառույցի վրա սահում էին չմուշկներով և առանց դրանց:

1901թ. գարնանը,  երբ լրացավ իմ վեց տարին, Քեմբրիջում մենք սենյակ էինք վարձել Կոնկորդ Ավենյուում՝ Հարվարդի Աստղադիտարանի դիմաց: Մենք վերադարձանք Քեմբիջյան հյուրատուն, քանի որ որոշել էինք ամռանը Եվրոպա գնալ: Ծնողներս զբաղված էին ճանապարհորդության համար անհրաժեշտ իրեր գնելով, ինչպես նաև խաղալիքներ և այլ խաղեր, որպեսզի ինձ և քրոջս կարողանային զբաղեցնել նավի վրա: Այդ ժամանակների մասին քիչ հիշողություն է մնացել, բայց հիշում եմ, որ նորից հանդիպեցի ընկերոջս՝ Հերման Հովարդին, և նույն հյուրատանն ապրող մի աղջիկ՝ Ռենե Մետիվյեն, որն ինձանից տարիքով էր, հոգ էր տանում իմ մասին: Նա ինձ օդապարուկ սարքել և թռցնել սովորեցրեց, և հիշում եմ, ինչպես էինք միասին գնում Չերչ փողոց, որ օդապարուկի համար նյութեր գնեինք: Այն ժամանակ Չերչ փողոցում ավելի շատ արհեստանոցներ կային, քան հիմա: Երբ մանկապարտեզ էի գնում, մեր դաստիարակչուհին մեզ տանում էր այնտեղ, որպեսզի նայեինք դարբնոցի, ակների նորգման և ատաղձագործական արհեստանոցների զարմանալի գաղտնիքներին:

Էլի բան կա իմ վաղ հիշողություններից, որ կցանկանայի ավելացնել: Հավանաբար ընթերցողին չափազանց հետաքրքիր կլինի իմանալ, թե հրաշամանուկի վաղ մտավոր զարգացումը ինչով է տարբերվում սովորական երեխաների զարգացումից: Ամեն դեպքում, երեխան, հրաշամանուկ է թե ոչ, չի կարող իր մտավոր զարգացման փուլերը համեմատել ուրիշ երեխաների հետ, մինչև չհասնի հասարակական գիտակցության որոշակի մակարդակի, որը գալիս է մակության ավելի ուշ փուլում: Եթե ասում ենք, որ մի երեխա վուդերկինդ է, հայտարարություն ենք անում, որը վերաբերում է ոչ միայն տվյալ երեխային: Այդ հայտարարությունը վերաբերում է մյուս երեխաների համեմատ նրա մտավոր զարգացման արագությանը: Եվ սա այն է, ինչը նրա ծնողներն ու ուսուցիչները կարող են ավելի շուտ նկատել, քան ինքն անձամբ: Երեխան ուսուցման վաղ փուլերում ինքն իր համար նորմ է, և եթե նա շփոթվում է, ապա միակ բանը, որ կարելի է այդ դեպքում ասել, հնկացու խոսքը կրկնելն է. «Ես չեմ մոլորվել, վիգվամն է մոլորվել»:  

Ես դեռ երեխա էի, հնարավոր է, յոթ կամ ութ տարեկան, երբ բավականաչափ իմացա ուրիշ երեխաների մտավոր զարգացման մասին, որպեսզի կարողանայի մեկնաբանել ուրիշ երեխաների և իմ ուսուցման հարաբերական արագությունները: Կարդալու կամ պարզագույն թվաբանության ուսուցման պրոցեսի ավելի վաղ փուլերն այս պահին այնքան խորն են գնացել անցյալի գիրկը, ինչպես միջին մակարդակի երեխայի հիշողությունները, թե ինքն ինչպես է խոսել սովորել: Այդ պատճառով ամենը, որ պետք է ասեմ դրանց մասին հազիվ թե տարբերվի ցանկացած ուրիշ երեխայի պատմությունից, բացառությամբ իմ կյանքի տարուց և ամսից, երբ ես անցել եմ զարգացման տարբեր փուլերը:

Այսպիսով, նշենք՝ ցանկացած երեխայի սովորելու կարողությունը զարգացման վաղ փուլում հրաշք է, նույնիսկ եթե հետագայում այդ երեխան, մեր կարծիքով, դառնում է մի տեսակ բթամիտ: Երբ երեխան խոսել է սկսում, նշանակում է, որ արդեն տիրապետում է իր կյանքում առաջին օտար լեզվին: Ծնվելու և երկու տարեկանի միջև նկատվում է նոր մտավոր հմտությունների զարգացում, ավելի ուշ տարիքում դրան հավասար զարգացում չկա, այստեղից էլ երեխան հանճար է դառնում կամ հիմար: Դա ավելի շուտ անելու հմտության զարգացումն է, քան անելու մասին մտքի, նոր տաղանդների ինքնաբուխ աճն է, և ոչ թե երեխայի աշխատանքը՝ որպես ինքնիրեն գիտակցող դպրոցական ուսուցիչ: Ամբողջ հարցն այն է, որ իմ դեպքում կարդալու նախնական փուլը համընկնում է այն տարիքին, որը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում այն տարիքը, երբ շատ երեխաներ անցել են խոսքի զարգացման նախնական փուլը, ինչպես նաև, որ ես սովորել եմ կարդալ, այլ ոչ թե մտածել կարդալու պրոցեսի մասին: Հետագայում, երբ կարդացի իմ դասագրքերը (տանը, ծնողներիս ղեկավարությամբ), սովորեցի տարբերել մեծատառերը և փոքրատառերը, ինչպես նաև ձեռագիր տառերը: Ինձ մոտ հիշողություններ են մնացել միայն իմ այդ ճանապարհի դժվարությունների մասին, ինչ վերաբերում է առաջադրանքների մեծ մասին, դրանք կատարվում էին ինքնաբերաբար և անգիտակցորեն: Հիշում եմ, որ i և j տառերի նմանությունը դժվարացնում էր ինձ, և որ հին գրքերում s տառը ավելի երկարացված էր և խիստ նման էր f-ի: Հիշում եմ, որ գրելն ինձ համար մեխանիկական դժվարություն էր, և որ իմ ձեռագիրը իր ամենալավ կատարմամբ, երկար ժամանակ ցածր էր մնում դասարանում ընդունված չափանիշից: Ինչ վերաբերում է թվաբանությանը, ես հաշվում էի մատներս օգտագործելով, և շարունակել եմ այդպես անել նույնիսկ այն բանից հետո, երբ այդպես հաշվելը դարձավ դպրոցներում ընդունված նորմերով անթույլատրելի: Ինձ շփոթեցնում էին այն փաստերը, որ աքսիոմ էին համարվում, օրինակ, a թիվը բազմապատկած b-ով հավասար է b-ն բազմապատկած a-ով, և դա հասկանալու համար կետերից ուղղանկյուն էին նկարում և այն պտտում ուղիղ անկյունով: Ես շատ արագ չեմ սովորել բազմապատկման աղյուսակը, ինչպես նաև մեխանիկական հիշողության հետ կապ ունեցող ուրիշ շատ բաներ, սակայն դեռ վաղ մանկությունից ինձ հեշտությամբ տրվել են բարդ գործողությունների սկզբունքները հասկանալը: Հիշում եմ Ուենթվորդի «Թվաբանություն» («Arithmetic») դասագիրքը, որտեղ հեշտությամբ կարդացի սովորական և տասնորդական կոտորակների մասին ավելի շուտ, քան դրանք անցանք դպրոցում: Ընդհանուր առմամբ, ինձ համար բնորոշ էին երկու հակադիր բաներ՝ գումարելու և բազմապատկելու արագ և ճշգրիտ տեխնիկայի բացակայությունը և այն ընկալումը, թե ինչու են ճշմարիտ թվաբանության օրենքները՝ տեղափոխական, զուգորդական, բախշական: Մի կողմից՝ առարկայի իմ ընկալումը շատ արագ էր լինում, որպեսզի անմիջապես կարողանայի օգտագործել, իսկ մյուս կողմից՝ հիմնարար գիտելիքների բնույթի մեջ իմ թափացումները շատ հեռու էին գնում, որպեսզի կարողանայի դրանց բացատրությունը գտնեի գործողություններին նվիրված գրքերում: Բայց եթե նորից դառնանք թվաբանության ոլորտում իմ զարգացման սկզբնական փուլին, պետք է ասեմ, որ ինձ համար նույնքան դժվար է դա հիշելը, ինչպես կարդալու և խոսքի զարգացման սկզբնական փուլը:

Իմ աշխատանքի դժվար և իսկապես մտավոր մասին այս աստիճանի այդպես վերաբերվելը, որ ամբողջական գիտակցումը չկա, միայն իմ մանկական տարիներին չէ բնորոշ, դա մինչև հիմա էլ շարունակվում է: Ես ամբողջական պատկերացում չունեմ, թե  նոր գաղափարներն ինչպես են ինձ մոտ  ծնվում, կամ ինչպես է ինձ հաջողվում լուծել արդեն մտքումս եղած գաղափարների միջև ակնհայտ հակասությունները: Ես չգիտեմ՝ այն պահին, երբ մտածում եմ, իմ գաղափարներն իմ տերերն են, թե ծառաները, և երբ նրանք կարծես իրենք իրենց լուծվում են, ընդունելով լրիվ հասկանալի և գործածական ձև, դա անում են գիտակցությանս այնքան խորը մակարդակում, որ այդպիսի լուծումների մեծ մասը քնածս ժամանակ է գալիս: Ես այդ մասին ստիպված եմ ամեն տեղ ասել, և ամեն դեպքում իմ սեփական գիտակցության զարգացման պատմության մեջ չեմ կարողանում գտնել ավելի կամ պակաս ուժեղ տարբերություն մանուկ հասակում՝ մանկական գիտելիքների ձգտելու և իմ հասուն կյանքում՝ նորի և չճանաչվածի ձգտելու միջև: Հիմա ես ավելին գիտեմ և գործնական հմտությունների ավելի մեծ հավաքածու ունեմ, բայց հաճախ ինձ համար դժվար է պատասխանելը հարցին, թե երբ և ինչպես եմ ձեռք բերել այդ գործնական հմտությունները և նոր գիտելիքը:

Ինչը իսկապես հորիցս եմ ժառանգել, հրաշալի հիշողությունն է: Այստեղ նկատի չունեմ, որ հայրս և ինքս ոչ մի ընդհանրություն չունենք ցրված պրոֆեսորի կերպարի հետ, և որ չենք կարող մոռանալ առօրյայի հետ կապված բաներ: ЯՆկատի ունեմ, որ եթե մեզ գաղափարների շարք է այցելում, կամ իրերի նկատմամբ նոր հայացք է բացվում, դա դառնում մեր անբաժանելի մասը, և ճակատրագրի որևէ փոփոխությունից անկախ, մենք այն չենք կորցնում: Հիշում եմ հորս կյանքի վերջին օրերը, երբ նա մահանում էր կաթվածից, և նրա հրաշալի միտքը հրաժարվել էր ծառայելուց անգամ նրան, որ իր շուրջը հավաքված հարազատ մարդկանց ճանաչի: Եվ հիշում եմ, որ նա խոսում էր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, կարծես նա այդ լեզունեով խոսելու ձիրք ուներ:  Արդեն չէր հասկանում այն, ինչ տեսնում էր շրջապատում, բայց այդ լեզուներով խոսելիս բառապաշարային և քերականական առումով դրանք ճիշտ էր օգտագործում: Նկարը ամուր ներծծվել էր գործվածքում, և ո՛չ դրա մաշվածությունը, ո՛չ հնանալը այն չէին կարող ոչնչացնել:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը


[1] Փակ տարածություններից վախ:

[2] «Խոհանոց» և «կատվի ձագ»:

[3] Գերմաներեն` տատիկ:

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով