,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում ճամփորդությամբ ուսուցումը առարկայական ծրագրերի, նախագծերի կարևոր բաղադրիչ է։ Լավ է, երբ սովորողները հայրենիքը ճանաչում են ճամփորդելով ու շատ ավելի լավ է, երբ աշխարհն են ճանաչում ուսուցման այս ձևի միջոցով։

Հուլիսի 18-25-ին կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորողների նախագծային խումբը ճամփորդում էր Փարիզում։ Կրթահամալիրը բաց է կրթական ամենատարբեր առաջարկների, կապերի համար, ուստի  ճամփորդական ուղղությունների սահմանափակումներ չկան։ Միջազգային փառատոները լավ հնարավորություն են աշխարհը բացահայտելու, հարևան երկրների մշակույթին հաղորդակից լինելու, ինչպես նաև՝ քոնը ներկայացնելու  համար։

Փարիզում կրթահամալիրի տարբեր խմբեր եղել էին գործընկերային աշխատարաններով։ Այս նախագիծը փոքր ինչ տարբերվում էր նախորդներից։ Փորձեմ ներկայացնել՝ բաժանելով երկու մասի՝ փառատոն և մշակութային, ճանաչողական։

՛՛Etoiles de Paris՛՛ բանահյուսության, պարի և երաժշտության 25-րդ միջազգային մրցույթ – փառատոնի մասին տեղեկացել էինք հայաստանյան մի գրասենյակից, որը կազմակերպում էր խմբերի հայտագրումը, մասնակցությունը և թղթաբանության հետ կապված բոլոր հարցերը։ Մենք հայտ էինք ներկայացրել երկու նախագծի համար՝ ազգային ծեսի ներկայացում և վոկալ-գործիքային ստեղծագործություն։ Նախապես ուղարկել էինք կրթահամալիրի և ներկայացվող նախագծի մասին փոքրիկ տեղեկություն, որից հետո մեզ եկավ հաստատում։ Մենք կարճ ժամանակում նախագիծը ներկայացրինք սովորողներին ու արդյունքում ունեցանք այս հիանալի խումբը։ Փառատոնի նախապատրաստական աշխատանքներին կարող եք ծանոթանալ այս հղումով, որտեղ ներկայացված են ինչպես ֆինանսական կողմը, այնպես էլ այն քայլերը, որոնք մեզ տարան Փարիզ։ 

Փառատոնին մասնակցում են խմբեր աշխարհի տարբեր երկրներից՝  Չինաստան, Բուլղարիա, Ուկրաինա, Հունաստան, Վրաստան, Ֆրանսիա, Չեխիա և իհարկե Հայաստան։ Այսպիսի փառատոնի առաջին անգամ էինք մասնակցում, ուստի տեխնիկական մանր հարցեր կային, որոնք արդեն մասնակցությունից հետո իմացանք և  հաջորդիվ բոլոր բացերը կլրացնենք ու  թվացյալ խնդիրները չեն լինի։

Բուն փառատոնը տևում է մեկ օր՝ առավոտից մինչև ուշ երեկո։ Ծրագիրը բաժանվում է մի քանի բաժնի՝ վոկալ, գործիքային և պար։ Կազմակերպիչները շատ խիստ են մոտենում ծրագրի պահանջներով ներկայանալուն։ Ելույթները գնահատում է միջազգային ժյուրին, որի կազմում նաև հայ մասնագետ կա, ինչը մեզ համար իհարկե լավ էր։ Հանդիսատեսը մասնակիցներն են, նրանց ծնողները, կազմակերպիչները։

Արդար լինելու համար պետք է ասեմ, որ խմբերը բավականին լավ էին պատրաստված։ Բոլորը պրոֆեսիոնալ, մասնագիտացված երաժշտական դպրոցների ներկայացուցիչներ էին։ Մեր խումբը սիրողական էր։ Չափազանց գրավիչ էին չինական ելույթները՝ իրենց ազգային տարազներով, արդ ու զարդով, հարդարանքով։ Դա իհարկե ժյուրիի աչքից չէր կարող վրիպել, և գրան պրին ու առաջին տեղերը ուղևորվեցին Չինաստան։

Մեր ելույթը ոգեղեն էր, խրոխտ ու կրակ փոխանցող։ Սեբաստացիները մի լավ հատկություն ունեն․ վերջին պահին այնպիսի ուժ ու միասնականություն են դրսևորում, որ մարմնովդ սարսուռ է անցնում։

Մասնակցել երկու համարով այնպես, որ երկուսն էլ դառնան մրցանակակիր, դա միայն մենք կարող էինք։ Իրականում մեր սովորողները չէին հավատում, որ այդ պրոֆեսիոնալիզմի մեջ մենք որևէ տեղ կզբաղեցնենք, բայց արեցին հնարավորը, և արդյունքն էլ եղավ հաղթական։

Սեբաստացիների ելույթը ազգային պար անվանակարգում և  այս անվանակարգում երրորդ տեղի մրցանակի հանձնումը։

Հաջորդ ելույթը ծնվել էր կրթահամալիրի երաժշտական լաբորատորիայում։ Միքայել Գևորգյանն ու Արամ Գրիգորյանը իրենց ստեղծագործական մոտեցումներով գործիքավորել էին Շառլ Ազնավուրի «Նա» կատարումը, որն էլ իր գեղեցիկ ձայնով ներկայացրեց Սեդա Մարգարյանը ու վոկալ անվանակարգում առաջին հորիզոնականի մեդալը բերեց Հայաստան։

Դիտեք կատարումը

Տպավորություններն ու զգացողություններն ուղղակի աննկարագրելի էին։ Ներկայացնում էինք մեր երկիրը, կրթահամալիրը, և մրցանակներով Հայաստան վերադառնալն իհարկե ոգևորիչ էր։

Փառատոնի շարունակությունը և հետագա զարգացումը կարծում եմ կլինի այն, որ կրթահամալիրում նոր խմբեր կձևավորվեն ու այլ երկրներում տեղի ունեցող նմանատիպ փառատոների կմասնակցեն։ Այդպիսով կրթահամալիրը Հայաստանից դուրս՝ եվրոպական բեմերում, կծածանի Հայաստանի դրոշը, կրթահամալիրի սովորողների մոտ նոր մոտիվացա կլինի ճամփորդությամբ ուսուցման նկատմամբ։ Ինչու չէ, կլինեն խմբեր, ովքեր սիրով կգան Հայաստան, և փառատոնի կազմակերպիչը կարող է դառնալ կթահամալիրը։ Այդպիսի փոքրիկ քննարկում ունեցել ենք, ինչպես հայաստանյան կողմի, այնպես էլ չեխ կազմակերպիչների հետ։

Նախապատրաստական փուլում մենք գծագրել էինք փարիզյան ճանաչողական, մշակութային երթուղին։ Երբ ճամփորդում ես, կարևոր է՝ քայլես, նստես քաղաքային տրանսպորտ, որպեսզի քաղաքի դիմագիծը ավելի լավ տեսնես։

Փարիզում տեղաշարժվելու համար ամենահարմարը մետրոն էր։ Հրաչը նախապես ուսումնասիրել էր՝ ինչպիսի քարտեր պետք է ձեռք բերենք, որպեսզի լինի մատչելի, և կարողանանք բոլոր ուղղություններից անարգել օգտվել։ Բոլորս, որպես օրինավոր քաղաքացիներ, ձեռք բերեցինք 35 եվրո արժողությամբ քարտ, որը մեզ ծառայեց 7 օր և տեղափոխեց տրամվայով, մետրոյով, գնացքով, ֆունկիլյորով։ Մեր հյուրատունը գտնվում էր քաղաքի երրորդ հատվածում, իսկ կարևոր բոլոր կառույցները առաջին հատվածում էին, և   մեր գնած մետրոյի քարտը այդ ուղղություն էլ էր տեղափոխում, ինչը շատ կարևոր էր մեզ համար։  Մետրոների կայարաններ, գծերի գույներ փոխելով՝ մենք հասնում էինք ցանկալի վայրերը։  Նշեմ մի քանի կարևոր հմտություններ, որ սովորողները ձեռք բերեցին այդ ընթացքում՝

  • google քարտեզով երթուղու  քարտեզագրում,
  • մետրոյի կայարանների քարտեզով համապատասխան երթուղու գծագրում,
  • կայարաններում, տարածքում կողմնոոշվելու կարողություն։

Սրանք ես շատ եմ կարևորում, քանի որ հսկայական քաղաքում այդքան էլ հեշտ չէ տեղաշարժվելը, եթե նախապես չես ուսումնասիրել և պատկերացում չունես տվյալ վայրի մասին։ Իսկ մենք նախապատրաստական փուլում շատ լավ ուսումնասիրել էինք Փարիզի մետրոն և օգտվելու նրբությունները։

Այժմ խոսեմ  մշակութային զբոսանքների և դրանց կարևորության մասին։ Երկու կարևորագույն վայրեր՝ Վերսալի պալատ և Լուվրի թանգարան, որոնք սովորողների մոտ առաջացրեցին անասելի տպավորություն և զգացողություններ։

Լուվրը աշխարհին հայտնի է  ոչ թե  որպես ճարտարապետական ​​հոյակապ հուշարձան, որը ժամանակին եղել է ֆրանսիական թագավորների պալատ, այլ  որպես աշխարհի ամենահայտնի թանգարան, որն ամբողջ աշխարհից  գրավում է  արվեստի գիտակներին: Թանգարանն ունի ավելի քան 400 000 ցուցանմուշ, որից 35 000-ը ցուցադրված է։ Լուվրում է ցուցադրվում հանրաճանաչ Մոնա Լիզան, որին հասնելու համար պետք է հերթ կանգնել։ Պատանիների համար դպրոցական տարիքում արվեստի այսպիսի գործերի մասին կարդալը ու նաև  սեփական աչքերով տեսնելը տպավորիչ էր։ Այստեղ անց կացրած 4-5 ժամը նրանց համար ուսումնական էր, հետաքրքիր, ճանաչողական։

Վերսալը համաշխարհային ժառանգության գանձարան է, ուր  այցելում է տարեկան մոտ 15 միլիոն մարդ: Այն և՛ հնագույն թագավորական նստավայր է, և՛ պատմական թանգարան, և՛ պետական ​​շենք, որտեղ անցկացվում են Ազգային ժողովի և Սենատի համատեղ նիստերը։ Սովորողները շենքում և այգիներում զբոսնել են շուրջ 5-6 ժամ։

Այսպիսի վայրեր մտնելը սովորողների մոտ ձևավորում է՝

  • ճիշտ հագուստ ընտրելու էթիկա,
  • թանգարանային մշակույթ,
  • լեզվի փորձառություն,
  • աշխարհայացքի ընդլայնում,
  • համեմատելու, համադրելու կարողություններ։

Ես համոզված եմ, որ մեր սովորողները իրենց կյանքի ընթացքում շատ կճամփորդեն, բայց այս օրերի մասին երկար կհիշեն ու կպատմեն։

Գուստաֆ Էյֆելի սիրո պատմության հետ նույնանցվող Էֆելյան աշտարակն իր շրջակա փողոցներով, այգիներով, կամուրջներով և Սենա գետով դարձել էր մեր սովորողների սիրելի վայրը։ Աշտարակի մոտ պետք է լինել և՛ ցերեկը, և՛ երեկոյան, երբ վառվում են լույսերը և քաղաքի վրա խորհրդավորություն է իջնում։ Պատանիներից շատերի երազանքը հենց Էֆելյան աշտարակը տեսնելն էր։ Սենա գետով երեկոյան նավարկությունն էլ էլ ավելի հագեցրեց մեր ճամփորդությունը և հնարավորություն տվեց քաղաքը տեսնել ջրի համայնապատկերից։

Ճամփորդական օրերից մեկն էլ նվիրեցինք Մոնմարտր թաղամասին։  Այս թաղամասը շատ բոհեմական վայր էր, որտեղ ապրում էին շատ նկարիչներ: Դա մի վայր էր, որը վատ համբավ ուներ նաև կաբարեների և հասարակաց տների մեծ թվով: Այստեղ էր գտնվում հանրահայտ Մուլեն Ռուժը։ Նման թաղամասում, ապրում էին այնպիսի կարևոր արվեստագետներ, ինչպիսիք են Էդիթ Պիաֆը, Պաբլո Պիկասոն, Վենսան Վան Գոգը կամ Թուլուզ Լոտրեկը: 

Այստեղ ամենակարևոր վայրը, որ այցելեցինք, Սուրբ սրտի բազիլիկն էր, որը բազմած է Մոնմարտր բլրի գագաթին։ Վերև հասնելու համար մենք նստեցինք  Montmartre ճոպանուղին, որը նման է տրամվայի։ Բազիլիկան ուշադրություն է հրավիրում իր սպիտակ գույնով և հռոմա-բյուզանդական ոճով։

Ճամփորդական օրերին քայլել ենք հանրահայտ Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե փողոցով։ Ելիսեյան դաշտերը գտնվում են Փարիզի հյուսիս-արևմուտքում՝ 8-րդ շրջանում։ Այն Փարիզի տեսարժան վայրերից է, ուր օրական այցելում են 100 000-ավոր մարդիկ։ Փողոցն ընկած է քաղաքի պատմական առանցքում, որն իր սկիզբն է առնում Լուվրում Նապոլեոնի պալատից՝ Լյուդովիկոս 15-րդի արձանով, շարունակվում է դեպի արևմուտք Կարուզելի հրապարակի կամարով, հատվում է Թյուիլրիի Արքայական այգուն, Աստղերի հրապարակի Հաղթական կամարին և վերջանում Դեֆանսի Մեծ կամարով։

Եղել ենք Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքում, հեռվից հմայվել ենք տաճարի տեսքով, զրուցել-քննարկել ենք տարբեր տարիների տաճարի հանդեպ իրականացրած ոտնձգությունները։

Դեպի Փարիզ ուսումնական ճամփորդությունը սպասված էր, ու համարում եմ կայացած։ Մեծ ջանք էր դրվել այս ճամփորդությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։ 

Որպես վերջաբան՝ կուզեմ խոսել մեր սովորողներ մասին։

Կրթահամալիրի սովորողները յուրահատուկ են իրենց բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ։ Կարևոր է, որ ճամփորդությամբ ուսուցման շնորհիվ ինքնուրույն են, ինքնակազմակերպվող, հետաքրքրասեր։ Իրար օգնում են, ուղղորդում։ 7 օրվա ընթացքում դրսևորեցին միասնականության, ընկերության, թիմային շատ կարևոր արժեքներ, որոնք շատ հաճախ ամենօրյա շփումների ժամանակ չի նկատվում։

Հեշտ գործ չէ 26 սովորողի հետ տրանզիտով օդանավ նստելը, օդանավակայանում համակարգված իրար հետևելը, չկորելը, Փարիզի հսկայական մետրոյում մի մարդու պես նույն վագոնում հավաքվելն ու իջնելը։ Սննդի կազմակերպումը, թանգարանները, փողոցում քայլքերը, սրանք բոլորը աշխատանք է, որ նախապես կազմակերպել էինք, ու մեր սովորողները այդ աշխատանքը ջուրը չգցեցին։

Հումորի անսպառ չափաբաժինը մեր սովորողներին բնորոշ երևույթ է և ցանկացած թվացյալ խուճապային իրավիճակում, այդ հումորի շնորհիվ ժպտում էինք և առաջ անցնում։

Այսպիսի փառատոների մասնակցությունը կարևորում եմ մի քանի պատճառով՝

  • դպրոցը, երկիրը օտարերկրյա հարթակում ներկայացնելու հնարավորություն,
  • ընդունելությանն ուղղված հրաշալի քայլ, քանզի այդքան ընտանիք պատմում է երեխայի ճամփորդության, տպավորությունների, դպրոցի մասին,
  • սովորողների մոտ պատասխանատվության բարձրացում,
  • նոր բան տեսնելու, ուսումնասիրելու, սովորելու հնարավորություն,
  • ինքնուրույնություն, ժամանակը ճիշտ կառավարելու հմտություններ։

Կազմակերպիչ Լուսինե Սարգսյանի հետ աշխատեցինք որպես մեկ թիմ՝ առանց աշխատանքը տարանջատելու։ Կարևոր է այսպիսի նախագծերում սրտացավ, ճկուն, խուճապի չմատնվող, արագ կողմնորոշվող մարդկանց ներառումը, ինչպիսին Լուսինեն էր։

Կարևոր էր Կարինեի՝ որպես պարուսույցի, դերը։ Նա էլ սովորողների հետ բարեխիղճ աշխատանք տարավ։

Շնորհակալություն ծնողներին, ովքեր վստահեցին ու ներդրում կատարեցին իրենց երեխաների ուսումնական, փառատոնային, մշակութային, ժամանցային ծրագրի համար։ 

Ես կարծում եմ, որ այսպիսի փառատոների դեռ շատ կմասնակցենք․ սա եղավ փառատոնով դեպի Եվրոպա  մուտքի մեկնարկը։

Որպես վերջաբան ասում եմ՝ կեցցենք մենք՝ բոլորս՝  հատիկ-հատիկ, որ խիզախեցինք այս նախագիծը գլուխ բերել և պատվով ի կատար ածել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով