Մեղմ ու նրբանկատ է ձևակերպված այս մեթոդական մշակման վերնագիրը, որի ուղիղ՝ ոչ նրբանկատ իմաստը սա է․ ինչպե՞ս խուսափել գրագողությունից։
Նախ եկեք սահմանենք, թե ինչ է գրագողությունը։ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում տրված է այս բացատրությունը՝ «Ուրիշի գրածը մասամբ կամ ամբողջությամբ իբրև իրենը ներկայացնելը, հրատարակելը»։ Ամերիկյան «Marriam Webster» բառարանում ավելի պարզեցված և ամբողջական է բացատրությունը՝ «գողանալ և փոխանցել (ուրիշի գաղափարները կամ խոսքերը) որպես սեփականը. օգտագործել ուրիշի ստեղծածը առանց աղբյուրը նշելու»:
Այս սահմանման մեջ «գողանալ» բառի ընդգրկումը ներառում է դեպքեր, երբ ուրիշի գաղափարները կամ բառերը դիտավորյալ օգտագործվում են առանց աղբյուրը նշելու: Անգամ ուրիշի մտքերը կամ բառերը պատահաբար օգտագործելն առանց պատշաճ մեջբերումների, անզգուշության պատճառով, ընկնում է այս սահմանման տակ, քանի որ այդպես անողը փորձում է «անցկացնել» ուրիշի աշխատանքը որպես իրենը։
Այսօրվա տեխնոլոգիական մշակույթում պատճենահանման և տեղադրման պարզ գործողությունը կարող է անվնաս թվալ, բայց դա լուրջ հետևանքներ է ունենում ակադեմիական և մասնագիտական միջավայրերում: Օրինակ՝ ԱՄՆ-ի ավագ դպրոցի սովորողին կարող են նույնիսկ հեռացնել ավագ դպրոցից, եթե նա իր հետազոտական աշխատանքը գրագողությամբ կատարի։ Հիմա եկեք դիտարկենք այն գործառույթները, որոնք հնարավորություն են տալիս խուսափել գրագողությունից։
Բովանդակության փոխադրումը
Հետազոտական թեմայի վերաբերյալ որևէ աղբյուրից տեքստեր պատճենելու և տեղադրելու փոխարեն անհրաժեշտ է մի քանի անգամ կարդալ դրանք, հասկանալ դրանցում ներկայացվող գաղափարները և վերարտադրել դրանք սեփական խոսքով։ Գաղափարների փոխադրումը գրագողություն չի համարվում միայն այն դեպքերում, երբ տեքստերում արծարծված մտքերը նոր հայտնագործություններ կամ էլ՝ վերջերս կատարված նոր հետազոտությունների արդյունքներ չեն։ Դրանք վաղուց հայտնի են բոլորին։ Օրինակ՝ բոլորին վաղուց հայտնի է, որ գլոբալ տաքացում է ընթանում ամբողջ աշխարհում։ Հայտնի են նաև գլոբալ տաքացման հիմնական պատճառները՝ ածխաթթու գազի և այրումից առաջացած այլ գազերի արտանետումներից առաջացած ջերմոցային էֆֆեկտը, անտառահատումները, օրգանական նյութերի տարրալուծումը, բնական գազի և նավթի արդյունահանումը, և այս բոլոր պատճառներից առաջացող հետևանքները՝ Արկտիկայի և Անտարկտիդայի սառույցների հալեցումը, Համաշխարհային օվկիանոսի ջրերի բարձրացումը ու կլիմայական փոփոխությունները։ Կարելի է այս ամենի մասին ազատ փոխադրումներով ստեղծել սեփական տեքստը, բայց երբ օգտագործվող աղբյուրում վերջերս կատարված հետազոտությունների հիման վրա փաստացի տվյալներ են նշվում այն մասին, թե որքան է բարձրացել երկրագնդի մթնոլորտի միջին ջերմաստիճանը և Համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակը, հետազոտական աշխատանք գրողն անպայմանորեն պետք է հղում կատարի աղբյուրին, որից վերցրել է այդ տվյալները։ Հղում պետք է կատարել աղբյուրին նույնիսկ այն դեպքերում, երբ փաստացի տվյալներ չկան, բայց առկա են հեղինակի յուրահատուկ կարծիքներն ու եզրահանգումները, որոնք դեռևս գիտականորեն ապացուցված և հիմնավորված չեն։
Այսպիսով՝ գրագողությունից զերծ մնալու և, միևնույն ժամանակ, հետազոտական աշխատանքի բովանդակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար աղբյուրը կարդալիս հարկ է դուրս գրել տեքստի այն հատվածները, որոնք հանրահայտ մտքեր ու գաղափարներ են պարունակում, և այն հատվածները, որոնցում առկա են վերջերս կատարված հետազոտությունների արդյունքներ։ Հանրահայտ մտքերը ներկայացնում ենք փոխադրաբար, իսկ վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները ներկայացնում ենք հղումներով։ Օրինակ՝ այնպիսի հանրահայտ միտք, ինչպիսին է՝ «գլոբալ տաքացումը մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն մարդկանց վրա, այլ նաև կենդանական ու բուսական աշխարհի վրա», կարելի է ներկայացնել փոխադրաբար, իսկ տեքստում գրված այս միտքը՝ «հենց այս տարի 23 տեսակի կենդանի անհետացած է հայտարարվել», անպայմանորեն ներկայացվում է հղումով։
Աղբյուրին հղումներ անելու ձևերը`
Մեջբերումներ անելը
Սովորաբար հարկ է խուսափել հետազոտական աշխատանքում շատ մեջբերումներ անելուց։ Չակերտների մեջ մեջբերում կարելի է անել միայն այն դեպքում, երբ անհնար կամ չափազանց դժվար է հեղինակի խոսքը փոխադրաբար ներկայացնելը։ Այնուամենայնիվ, եթե պետք է մեջբերում անել, չակերտների մեջ մեջբերվում է աղբյուրի հեղինակի տեքստը՝ նշելով հեղինակի անունը, հոդվածի (գրքի) վերնագիրը, էջը, հոդվածի հրապարակման կամ գրքի հրատարակման տարեթիվը, ամսագրի կամ գրքի հրատարակչի անունը:
Էջատակի ծանոթագրություն անելը
Հետազոտական աշխատանքներում հաճախ է կիրառվում էջատակի ծանոթագրություն անելու ձևը, երբ ուզում ենք հղում անել աղբյուրին և, միևնույն ժամանակ, չենք ուզում աղճատել հետազոտական աշխատանքի գրավոր խոսքի սահուն ընթացքը։
Էջատակի ծանոթագրության ստեղծման պատկերավոր բացատրություն է տրված այս հոդվածում։
Կարելի է նայել և սովորել, իսկ գործողությունների հերթականության հայերեն բացատրությունը սա է՝
1․ Կտտացրեք տեքստի այն կետին, որտեղ ցանկանում եք, որ հայտնվի էջատակի ծանոթագրության համարը:
2․ Վերևում ընտրեք «References» ներդիրը, այնուհետև ընտրեք «Insert Footnote – Տեղադրեք ծանոթագրություն»:
3. Մուտքագրեք ձեր ուզած տեքստը երևացող տողատակի մեջ:
Աղբյուրի հեղինակի տեքստի ճշգրիտ փոխադրում՝ հղում կատարելով հեղինակին
Օրինակ՝ մի որևէ հոդվածի հղումով հեղինակի անունը նշելը և նրա կարծիքը, գաղափարը կամ միտքը ճշգրտորեն ներկայացնելը, ինչպես արվում է ուրիշի անուղղակի խոսքի վերարտադրման ժամանակ՝ առանց աղճատելու նրա խոսքը։
Օտարալեզու աղբյուրներից հայերեն թարգմանություններ անելը
Արդյո՞ք հետազոտական աշխատանքում օտարալեզու աղբյուրներից հայերեն թարգմանություններ անելը գրագողություն է։ Երբ «Գիտական հետազոտություն կատարելու հմտություններ» թեմայով սեմինարի ընթացքում հարցրեցի սեմինարավար Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Արեգ Գրիգորյանին, նա պատասխանեց, որ թարգմանությունը միանշանակ համարվում է գրագողություն, եթե չի նշվում աղբյուրը։ Օտարալեզու աղբյուրների տեքստերի հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ենք հայերեն աղբյուրների հետ՝ հանրահայտ մտքերի ու գաղափարների փոխադրում, հեղինակային իրավունքի պաշտպանություն՝ աղբյուրների տարբեր ձևերի հղումներով։
Տարբեր աղբյուրների հեղինակների կարծիքների բախումը և սեփական կարծիքի արտահայտումը
Հետազոտական աշխատանքում գրագողության հավանականության մասին նույնիսկ մտածելը իսպառ վերանում է, երբ հետազոտական աշխատանք կատարողը իսկապես ուսումնասիրում և համեմատում է տարբեր աղբյուրներում միևնույն խնդրի վերաբերյալ հեղինակների արտահայտած տարբեր գաղափարները, մտքերն ու կարծիքները։ Այս ամենով հանդերձ, հետազոտական աշխատանքի արդիականությունը և գործնական նշանակությունը մեծապես արժանահավատ են դառնում, երբ այդ ուսումնասիրվող խնդրի վերաբերյալ տարբեր գաղափարների, մտքերի և կարծիքների համեմատություններից հետո հետազոտական աշխատանք գրողը ներկայացնում է նույն խնդիրը հայկական իրականության մեջ, արտահայտում իր սեփական կարծիքը։
Օրինակ՝ 2022-ի փետրվարին հրապարակած այլընտրանքային կրթության մասին իմ` այլոց փորձի ուսումնասիրման հետազոտական աշխատանքի վերջաբանում գրել էի․ «Այլոց փորձի երկշաբաթյա իմ ուսումնասիրության ավարտին կարող եմ ասել, որ ամերիկյան չարտերային դպրոցների մոդելը ֆինանսավորմամբ, ճկուն ուսումնական պլաններով և ազատ կազմված առարկայական ծրագրերով, որոշ առումներով նման է մեր կրթահամալիրին: Ե՛վ չարտերային դպրոցները, և՛ մեր կրթահամալիրը ֆինանսավորվում են պետության կողմից: Ե՛վ չարտերային դպրոցները, և՛ մեր կրթահամալիրն ունեն նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ, այդուհանդերձ, մեր կրթահամալիրը որպես առաջնահերթություն չի դիտում սովորողների ակադեմիական գիտելիքների և կարողությունների թեստային ստուգումները: Չարտերային դպրոցների նման սովորողների հետ պայմանագրերը չեն լուծվում՝ ելնելով տարբեր առարկաներից նրանց թեստային գնահատականներից։ Մեր մոտ ուսուցումը նախագծային է, ինչպես ամերիկյան մի քանի այլընտրանքային դպրոցներում, և առաջնահերթություն է տրվում ստեղծականությանը, քննադատական մտածողության և ինքնաարտահայտման կարողություններին, կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցմանը․․․․ »։
Կարծում եմ, որ այլոց փորձի ուսումնասիրման իմ հետազոտական հոդվածի արդիականությունը և գործնական նշանակությունը մեծապես շահեցին՝ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի մասին իմ սեփական կարծիքի արտահայտման շնորհիվ։
Օգտագործված աղբյուրներ՝
- Tegan George, How to avoid plagiarism, Scribber, October 1921
- Enago Academy “How to avoid plagiarism in research papers” October 1922
- Jennifer Calonia “How to avoid plagiarism: 5 easy ” Grammarly, 2023
- Արեգ Գրիգորյան «Գիտական հետազոտություն կատարելու հմտություններ», հունիս 2023