Ծեսի, ծիսակարգի գործընթացը՝ ազգագրական նյութերով  

Հոդվածի նպատակն է նախագծում առկա նյութերի օգնությամբ ներկայացնել ծեսի կազմակերպումն ու իրականացումը։

«Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերնդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Պատմության ընթացքում կազմավորվել են մի քանի այդպիսի միջոցներ կամ ձևեր: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակագործնական բնույթ: Մարդաբան Մ. Դուգլեսը ծեսը սահմանում է որպես գործողությունների տիպեր, որոնք ծառայում են հավատքի արտահայտման համար, կամ էլ որոշակի խորհրդանշական համակարգերին պատկանելու ձևեր են: «Ծես» հասկացության տակ սովորաբար ենթադրվում է ստանդարտ, հաստատուն գործունեության հետևողականությունը, որն ունի արարողական բնույթ:

… Հանդես գալով որպես հասարակական կյանքի հոգևոր ոլորտի խտացումներ՝ ծեսերը, սովորույթները անգնահատելի դեր ունեն` յուրովի լրացնելով ավանդույթի ընդհանուր կառույցի առանձին կողմերը, որի շնորհիվ ավանդույթը դառնում է միասնական և ներդաշնակ մի ամբողջություն: Դրանցում ժողովուրդը հանդես է գալիս և՛ որպես ստեղծագործ, և՛ որպես գործիչ, և՛ որպես քննադատ: Ծեսերը և սովորույթները հասարակական հարաբերությունները փոխանցող մեխանիզմներ են»:  ( Ա. Գեղամյան՝ «Ծեսը, ծիսակարգը և սովորույթը՝ որպես մշակույթի ժառանգման և փոխանցման մեխանիզմներ» )

Ըստ Ա. Սարգսյանի՝ «Ծիսակարգը խիստ կանոնակարգված է, անփոփոխ, միակերպ և հիմնականում կապվում է կրոնական պատկերացումների հետ, ունի զանգվածային բնույթ, այսինքն` դրան մասնակցում են մարդկանց մեծ խմբեր»:

Ազգային ծեսերի, տոների իրականացման մեթոդական ուղեցույց

Ծեսը կարող է իրականացվել նախակրթարանում, կրտսեր, միջին, ավագ դպրոցներում, ընտանիքում, այլ հաստատություններում:  Յուրաքանչյուր ծես, տոն իրագործվում է համապատասխան միջավայրում՝ բակում, բնության գրկում, փակ տարածքում, այլ վայրերում:

  • Նպատակ

 Ազգային մշակույթի ժառանգում, յուրացում, փոխանցում ծեսերի՝ որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեության միջոցով

  • Խնդիրներ

—   Ավանդական ծեսերի միջոցով ազգային ավանդույթների, արժեքների յուրացում ոչ թե որպես դաս կամ միջոցառում, այլ՝ բնական կենսակերպ
—   ազգային արժեքների պահպանում, հայապահպան մտածողության ձևավորում
—   ազգային մշակութային արժեքների պահպանման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունքի ձևավորում
—   ստեղծագործելու, հետազոտելու, ինքնադրսևորվելու կարողություն

  • Իրականացում

Մասնակիցները  ծանոթանում են՝

ա. կոնկրետ ազգային, ժողովրդական տոնի, ծեսի պատմությանը, դրա հետ կապված ավանդություններին, սովորույթներին,
բ. տոնի, ծեսի խորհրդին, արարողակարգին,
գ. տոնին, ծեսին առնչվող երգերին, պարերին, խաղիկներին, ժողովրդական բանահյուսության նմուշներին,

  • իրենց ընտանիքում կամ ուսումնական ճամփորդությունների ընթացքում գրի են առնում տոնի, ծեսի հետ առնչվող բանահյուսական նյութ.
    ա. խաղիկներ,
    բ. առած – ասացվածքներ,
    գ. հանելուկներ,
    դ. հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ,
    ե. երգեր:
  • նկարում են

ա. ծիսական հերոսներին,
բ. ծիսական պատկերներ,

  • սովորում են

ա. ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ,
բ. ավանդական պարեր, երգեր, պարերգեր

  • հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք,
  • պատրաստում են ծիսական պարագաներ,
  • բեմականացնում են ծիսական, ազգային երգեր, խաղարկում են ծիսական գործողություններ,  ծիսական խաղեր,
  • կատարում են բնագիտական փորձեր՝ կապված տարվա տվյալ ժամանակաշրջանում բնության, բնական երևույթների դրսևորումների ուսումնասիրման, օրինաչափությունների բացահայտման հետ,
  • կազմում են մաթեմատիկական խնդիրներ,
  • գնում են ուսումնական ճամփորդությունների,
  • մեծերի օգնությամբ գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Սանը, սովորողը, մասնակիցը, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով՝ յուրացնում է ծեսը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

  • նյութի յուրացում (լեզու, մտածողության գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ),
  • գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում,
  • գեղարվեստական խոսքի մշակում,
  • տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),
  • գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,
  • ինքնադրսևորում, բարդույթներից ձերբազատում:

Այս աշխատանքները նպաստում են.

  • բառապաշարի հարստացմանը,
  • մտածողության ձևավորմանը,
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը,
  • ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,
  • բավարարվում է նրա ինքնահաստատման – ինքնադրսևորման պահանջը,
  • ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,
  • զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),
  • հնարավորություն են տալիս գնահատելու և յուրացնելու ազգային արժեքները, ավելի մոտիկից ճանաչելու իրենց ուսուցիչներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին
  • համատեղ, ստեղծական, ինքնուրույն գործունեության արդյունքում լուծվում են նաև ուսումնական մի շարք այլ խնդիրներ:

Այս նախագծերին մասնակցության արդյունքում մասնակիցը

—  կիմանա

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • ազգային ավանդական պարեր,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • ծիսական կերպարներ,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • ծիսական կերակրատեսակներ,
  • ծիսական պարագաներ:

—  կկարողանա

  • պարել ազգային ավանդական պարեր,
  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • պատրաստել ազգային ծիսական կերակրատեսակներ,
  • ծնողի հետ համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել:

—  կլինի

  • Ազգային ավանդույթները, դրանց բովանդակությունն ու խորհուրդն իմացող, դրանց արժեքները կրող, փոխանցող, տարածող, ակտիվ մասնակից։

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Միջառարկայական կապերը ծեսի նախապատրաստական շրջանում և իրագործելիս.

Երաժշտություն – գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ժողովրդական երգեր:

Պար — գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ավանդական  պարեր:

Մայրենի  — գիտեն ծեսը, ծիսական ավանդություններ և զրույցներ, ասույթներ, առած-ասացվածքներ, բանաստեղծություններ, կարողանում են խաղարկել ծիսական գործողություններ, ծանոթանում են տարբեր բարբառներին և տոների ու ծեսերի հետ առնչվող բանահյուսական նյութը կարողանում են ներկայացնել բարբառներով:

Մարմնակրթություն  — գիտեն և կարողանում են խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր, պարել ազգային պարեր:

Բնագիտություն  — կարողանում են հետազոտել, գիտեն տարվա շրջափուլերի, բնության և մարդու վրա դրանց ազդեցության մասին, կարողանում են պատրաստել ծիսական բուսական պարագաներ, ուտեստներ (օրինակ՝ զատկական ածիկ), գիտեն այն բույսերը, որոնք օգտագործվում են ծեսերին և ունեն դրանց մասին, այդ տարիքին համապատասխան, գիտելիքներ:

Ձեռարվեստ, կերպարվեստ  —  կարողանում են պատրաստել ծիսական պարագաներ, այդ թվում՝ հանդերձանք, կարողանում են կատարել նյութի ընտրություն:

Խոհանոց  — կարողանում են պատրաստել ազգային ծիսական և տոնական այլ կերակրատեսակներ:

Ծեսերի իրականացման համար նյութերի ընտրությունըսկզբունքը

Նյութերի ընտրությունը կատարվում է ազգային շտեմարանից՝ բանավոր, երաժշտական, պարային: Ծիսական, ազգային երգեր հիմնականում կան  Կոմիտասի հատորներում, կրթահամալիրի հրատարակած  Ա. Շահնազարյանի «Կաքավիկ»  երգարանում: Եղածը լրացվում է հետազոտական աշխատանքի արդյունքում ձեռք բերված ազգային, ծիսական երգերով և այլն:

Յուրաքանչյուր երգ ներկայացվում է կրթահամալիրի երաժշտական կենտրոն։ Քննարկման արդյունքում ընտրած երգերը ներկայացվում են Արթուր Շահնազարյանին, որի վերջնական հաստատմամբ կազմվում է ծիսական, տոնական երգացանկ: Ընտրության սկզբունքում գործում է Արթուր Շահնազարյանի ուղեցույցը՝ մաքուր հայկական, օտար ազդեցությունից զուրկ, բարձրարժեք  գործեր:

Ում համար է նախատեսված

Նախատեսված է նախակրթարանի սաների, 5-6 տարեկանների խմբերի, հանրակրթական դպրոցի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար:

Ինչպես է կազմակերպվում

Կազմակերպվում և իրականացվում է որպես ինտեգրված նախագծային գործունեություն։
Նախագիծը կազմվում է ծեսերի իրականացման կազմակերպչի կողմից՝ համագործակցելով մշակութաբանի, երաժշտության, մայրենի լեզվի, տեխնոլոգիայի, բնագիտության, այլ մասնագետների հետ:

Արդյունքների ամփոփում

1.  Արդյունքներն ամփոփվում են ծեսի, տոնի իրականացման ժամանակ, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է իր ընդունակությունների, նյութի յուրացման և մասնակցության չափով:

2.  Արդյունքները տեսագրվում են, ստեղծվում են տեսադասեր, որոնք դառնում են ուղեցույց ծեսի, տոնի իրագործման համար:

3.  Տեսադասերի օրինակներ.

Ովքեր կարող են միանալ

Ծեսին, տոնին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են և կանցնեն ծեսի նախապատրաստական և իրականացման ճանապարհը:

Տարածումհանրայնացում

Կարող են համագործակցել այլ ուսումնական հաստատությունների հետ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի այլ մարզերից: Համագործակցային նախագծերն իրականացվում են ինչպես հեռավար, այնպես էլ առկա հանդիպումներով:

Ամանոր, Սուրբ Ծնունդ

Ծեսի  ընթացքի  իրականացման  կարճ  ուղեցույց  

1.  Ծիսակարգի ընթացք (նկարագրություն ՝ տարբեր աղբյուրներից)

2.  Ազգագրական երաժշտական նյութեր (երգ, խաղերգ, պարերգ՝ տեքստով, ձայնագրությամբ, որոշ դեպքերում՝ նոտաներով, պար՝ պարեղանակով, պարի նկարագրությամբ, կատարման տեսադասով)

3.  Ծիսական, այլ պարագաներ (պատրաստման տեխնոլոգիան)

4.  Ծիսական կերպարներ (կերպարի էությունը, ծիսական նշանակությունը, արտաքին տեսքի նկարագրություն, կերպարի ներկայացում՝ ծիսական գործողությամբ)

5.  Ծիսական խոհանոց (կերակրատեսակի անվանում, օգտագործվող մթերք, պատրաստման եղանակ)

6.  Ծիսական, ազգային, բակային, ավանդական խաղեր (խաղի անվանում, օգտագործվող խաղային պարագաներ, ընթացք)

Ամանորի, Սուրբ Ծննդյան ծիսակարգի ընթացքը՝ ծիսական գործողություններով, ծիսական, ազգային երաժշտական, բանավոր նյութերով, ծիսական կերպարներով, պարագաներով, խոհանոցով, խաղերով

1.  Ծիսակարգի ընթացք (նկարագրություն ՝ տարբեր աղբյուրներից)

2.  Ծեսի հիմնական գործողություններն՝ ըստ հերթականության

  • Նախապատրաստում 

ա. Ծիսական, ազգային երգեր

Ավետիսների և ամանորյա երգերի ուսուցում,  կատարում

1.  Սուրբ Ծննդյան Ավետիս  — կատարում,    Սուրբ Ծննդյան Ավետիս  —  խոսքեր , Ա. Շահնազարյան, «Կաքավիկ»  երգարան, էջ՝ 76
2.  Սուրբ Ծննդյան Ավետիս  —  կատարում,   Սուրբ Ծննդյան Ավետիս  —  խոսքեր
3.  Ավետիս  —  Ա. Շահնազարյան, «Կաքավիկ»  երգարան, էջ՝ 81
4.  Տաղ Ծննդյան՝  «Ավետիս»  կատարում,   Տաղ Ծննդյան՝ «Ավետիս»  —  խոսքեր
5.  Սուրբ Ծննդյան աշխարհիկ «Ավետիս» (Բարով, բարով էս տաճարով, ավետիս) — կատարում,  Բարով, բարով էս տաճարով, ավետիս  —  խոսքեր
6.  Սուրբ Ծննդյան շարական՝   Հովհաննես Երզնկացի Պլուզ՝ «Այսօր ձայնն հայրական»  —  կատարում, Հովհաննես Երզնկացի Պլուզ՝ «Այսօր ձայնն հայրական»  — խոսքեր
7.  Հատված պատարագից՝  «Սուրբ Աստված»  —  կատարում,  Սուրբ Աստված — խոսքեր
8.  «Բասեն բարի»  —  կատարում,  Բասեն բարի  —  խոսքեր
9.  «Տոնածառ ջան, տոնածառ»,  խոսք և երաժշտություն՝  Մ. Միրզոյանի — կատարում,  Տոնածառ ջան, տոնածառ — խոսքեր

2.  Չարխափան

Հայաստանի որոշ տեղերում ընկույզից պատրաստում էին  չարխափան` չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող:

  • Պատրաստման եղանակը

Ընկույզը բաժանել երկու մասի, հեռացնել միջուկը: Վերցնել 20 – 25 սմ երկարության թելեր, հագուցել` որքան հնարավոր է մեծ գլխով: Հագուցված կողմով դնել կեղևների արանքը և սոսնձել (նախընտրելի է սոսնձել էմուլսիայով): Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապել իրար, թափահարել:  Երբ այն թափահարվում է, շրխկում է: Չարխափանի  այդ շրխկոցն էլ «վախեցնում և քշում է չարին»:
Չարխափանով կարելի է խաղալ շատ հետաքրքիր խաղ՝ չքացնելով անտարբերությունը, փնթիությունը, խաբարբզիկությունը, իրար նեղացնելը, հիվանդությունը, և այլն: Կարևորն այն է, որ խաղն ուրախ ընթանա, լինի հումորով:
Մեր խնդիրն է՝ ճիշտ հարցադրումով ուղղորդել մասնակիցներին:

Քոլեջի ուսանողներն իրենց զավակների հետ չարխափան են պատրաստումԿարևոր է միասնական աշխատանքը՝ մեծով, փոքրով: Երեխայի մասնակցությունն իմացական է. տեսնելով, լսելով իմանալ պատրաստման եղանակը, չարխափանի նշանակությունը, կարևորությունը: Չարխափան խաղի մեջ կա նաև բարոյական դաստիարակություն. նկատել, իմանալ, տարբերել՝ ինչն ենք մենք համարում վատ, չար, սխալ՝ միջանձնային  հարաբերություններում հեշտ, շիտակ, մաքուր շփվելու համար:

Չարխափանով խաղ  —  տեսաֆիլմի 9:36 րոպեից

3.   Ամանորյա բարեմաղթանքներ, օրհնանքներ, ասիկներ

—  Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

—  Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

—  Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,

—  Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

—  Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,

—  Առատ տարի, բերքը` բարի:

—  Նորի համար պատրաստեցեք,
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք՝ խնդրեցեք:

—  Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղաք ենք ուրախ,
Ունինք կաղին, կոզինախ:

—  Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:

—  Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար, հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խերով եկար,
Թազա տարի:

—  Շնորհավոր Նոր տարի,
Ծեր տունը շեն իլի,
Պարով նոր հաքնեք,
Միշտ ուրախ իլեք:

—  Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար,
Հազար բարի,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Խերով եկար,
Թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար,
Հազար բարի,
Ալյուր, ցորեն, հաճար, գարի
Խերով եկար,
Թազա տարի:

4.  Ամանորյա ծիսական խոհանոց

Ամանորյա տոնածիսական սեղանը բնականաբար տարբերվում էր մերօրյա տոնական սեղանից: Ավանդական Նոր տարին ուտիս օր չէ, այն պաս օր է: Եվ որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին` լոբի, ոսպ, քաղցրավենիք: Այժմ գրեթե մոռացված է հատիկեղենի նշանակությունը Նոր տարվա սեղանին: Մինչդեռ բոլորովին պատահական չէ հատիկեղենի կիրառումը: Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Այն նման է սաղմի, այն թաղվում է հողում, խորհրդանշորեն մահանում է, ապա վերակենդանանում` ծիլ տալիս: Հատիկեղենը կամ դրանից պատրաստված կերակուրներն առկա են բոլոր տոմարային տոների ծիսաշարում` հարիսան` Նավասարդին, Բարեկենդանին և Ս. Ծննդին` որպես ծիսական կարևորագույն ուտեստ, ձավարով պատրաստված կաթնապուրը` Ծաղկազարդին:

Ամանորյա ուտեստներ, դրանց պատրաստման եղանակը

Սարիգյուլ տատ, 74 տարեկան, Կոտայքի մարզ, գյուղ Գետաշեն.

Ալաշկերտում Նոր տարվա տոնական սեղանին դրել են պասուց տոլմա, հալվա ու մեղր` որպես քաղցրության նշան, աղանձ` երկարակեցության նշան, կլոր գաթա` արևշատության նշան և մաճառ: Սեղանի զարդն էր Տարի հացը, որի վրա գրվում էր տան անդամների անվան սկզբնատառերը: Խմորի մեջ դրվում էր մանրադրամ կամ կոճակ և թխվում: Նոր տարին մանրադրամի տիրոջը հաջողություն էր բերելու:

Մարիամ տատ, 85 տարեկան, Ջավախք.

Ամանորյա սեղանին Ջավախքում դնում էին չիր ու չամիչ, դրանցից պատրաստված օշարակներ: Տան կենդանիների պատկերով գարու և ցորենի բոքոններ էին թխվում, բաժանում նույն այդ կենդանիներին` ի նշան արգասավորության: Տան ավագը ճիպոտը խփելով պատերին` օջախից վանում էր չար ուժերին և անուշաբույր խունկ վառում` ի նշան երջանկության և բախտավորության: Լույսը չբացված` առաջինն այցելում էին օջախի քավորին, ապա` ըստ ավագության: Սեղանի զարդն էին Տարի հացը, պասուց տոլման:

Ամանորի սեղանին տատս անպայման դնում էր պասուց տոլմա` կանեփով, տապակած ավելուկ` ընկույզով, արևածաղկի ձեթով, առատ սոխով, իսկ նոր տարվա հաջորդ օրը եփում էր հարիսա և չորաթանով սպաս:

 Պասուց տոլմա կանեփով

Բաղադրատոմս`

0,5կգ աղացած ձավար, 1բաժակ լոբի, 1բաժակ սիսեռ կամ ոլոռ, 1բաժակ հաճար, կես բաժակ ոսպ, 5-6 գլուխ սոխ, կարմիր պղպեղ, չոր կանաչի, կանեփի յուղ, որն ստանում են կանեփն աղալով:

Պատրաստման եղանակը

Մեկ օր առաջ ջրով թրջել կանեփը, լոբին, սիսեռն ու ոսպը: Կանեփն աղալ ձավարաղացով, առանձնացնել հեղուկ մասը, որի մեջ արդեն առանձնացած է լինում յուղը: Թեթևակի խաշել թրջած ընդեղենը, լվանալ ձավարն ու հաճարը և այս ամենը խառնել իրար: Սոխը մանր կտրտել, վրան ավելացնել չորացրած խառը կանաչի, կարմիր պղպեղ, խառնել ստացված զանգվածին, աղ ավելացնել, լավ խառնելուց հետո փաթաթել թթու կաղամբով, վրան լցնել կանեփի ջուրը, եփել մարմանդ կրակով:

Չորաթանով սպաս

Անհրաժեշտ է 6-8 հատ չորաթան, 2 բաժակ ոսպ, 300գ արիշտա, 3 գլուխ սոխ, 2-3գդալ ալյուր, 2 ձու, 0,5կգ կարագ:

Եփելուց 3օր առաջ կավե ամանի մեջ թրջել չորաթանը, որից հետո տրորել այն` քսելով ամանի պատերին/աստիճանաբար ջուր ավելացնել/: Ստացված թանի մեջ լցնել ալյուրը, հարած ձուն, ոսպը և եփել մարմանդ կրակի վրա` անընդմեջ խառնելով մինչև եռալը: Նախօրոք պատրաստել սոխառած: Երբ ոսպը եփվի, ավելացնել աղ և արիշտա: 10-15 րոպեից հետո սպասը պատրաստ է: Սոխառածը կարելի է լցնել սպասի վրա կամ մատուցել առանձին: Սպասի հետ մատուցել լավաշ:

 Տապակած ավելուկ

Անհրաժեշտ է 1 կապ ավելուկ, 4-5 գլուխ սոխ, 0,3լ ձեթ, 8-10 ընկույզ, աղ:

Ավելուկը մանր կտրտել, թրջել տաք ջրով, լավ լվանալ, ջուր լցնել վրան, դնել կրակին, երբ ջուրն հասնի եռման աստիճանի, այն թափել, նորից լվանալ, վրան ավելացնել 1լ ջուր, եփել մինչև պատրաստ լինելը: Հետո անել սոխառած` մեջն ավելացնելով ընկույզ: Ավելուկը քամել, լցնել մեջը, ավելացնել աղ, լավ խառնել, մարմանդ կրակի վրա թողնելով 10 րոպե: Մատուցել սառը վիճակում` սխտորի ու քամած մածնի հետ:

Ավելուկով ապուր

Անհրաժեշտ է 300գ ավելուկ, կես բաժակ ոսպ, 0,5 բաժակ բլղուր, 2գլուխ սոխ, կարմիր պղպեղ, 2գդալ ալյուր, սովորական, կամ էլ կանեփի յուղ:

Ավելուկը եփել, վրան ավելացնել ոսպն ու բլղուրը: Եփելու ընթացքում լցնել ալյուրի խյուսը: Եթե սովորական յուղով ենք պատրաստելու, պետք է սոխառած անել, լցնել վրան, աղով, պղպեղով, համեմել: Իսկ կանեփով եփելու դեպքում պետք է սոխը, կանեփի յուղը, կանաչին, պղպեղն ու աղը մի քիչ եփել միասին, նոր ավելացնել: Մատուցել տաք վիճակում` լավաշի, սխտորի ու թթվի հետ:

Թանով խյուս

Ցանկալի է եփել խնոցու թանով ու կարագով:

Անհրաժեշտ է՝   թան, 2 բաժակ աղացած ձավար, աղ, կարագ:

Թանի մեջ լցնել ձավարը, խառնելով եփել  մինչև պնդանալը: Հետո աղ ավելացնել, հարել այնքան, մինչև միասեռ զանգված դառնալը: Մատուցել տաք վիճակում` կարագի ու լավաշի հետ:

Տարեհաց

Թխվում էր թարմ հաց, նույնիսկ եթե տանը կար բավականաչափ հաց: Հացը հայերի մոտ պաշտվել է: Կովկասյան մի շարք ժողովուրդներ հաց ասվածը, որպես այդպիսին, չունեն: Հացին փոխարինում է обыста կոչվող դոնդողանման զանգվածը: Հավանաբար այստեղից էլ паста բառը:

Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարի հացը, տարեհացը, որը ևս խորհրդանշական հիմք ունի: Տարեհացի մեջ դրվում էր «դովլաթը»` գուշակության դրամը: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում տիեզերական, բաժանում էին 12 մասի:

Բաղադրատոմս

Մածուն 1լ, մարգարին կամ կարագ 250 գր., շաքարավազ 1 ճաշի գդալ, սոդա 1 թեյի գդալ, ձու 5 հատ, թթվասեր 500 գր., կանեփ 1 բաժակ, ալյուր այնքան, ինչքան կվերցնի խմորը:

Մածունը, թթվասերը և կարագը խառնել իրար, հարել, քիչ-քիչ ավելացնել ձուն և շաքարավազը: Ավելացնել սոդա և մի փոքր կանեփ, ապա այնքան ալյուր, որ ստացվի շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր:

Խմորի երեսին քսել կանեփով համեմված ձվի դեղնուց և դնել ջեռոցը:

Ս. Ծննդի ծիսական հարիսա

Ս. Ծննդի ծիսական հարիսայի հետ պիտի հաղորդակցվեին տան բոլոր անդամները, ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսայի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի հետ: Ընդ որում` հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան:

Բաղադրատոմս

Հավ՝ 1 կգ, ձավար՝ 1կգ, աղ՝ 30 գր., կարագ` 400 գր.:

Հավը ոսկրազատելուց հետո ոսկորներից ստանալ արգանակ: Արգանակի մեջ լցնել ձավարը և հավի փափկամիսը: Եփել թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև միսն ու ձավարը լուծվեն իրար: Ավելացնել աղ, կարագ կամ յուղ: Ցանկալի է մատուցել հալած յուղով:

Մայրամաճաշ

Երբ գնում էին շնորհավորելու, անպայման  հետները  տանում էին անուշապուր կամ այլ անունով մայրամապուր: Իհարկե, անունը կապ ունի Աստվածածնի հետ:

Բաղադրատոմս

Սոխ` 200 գր., սիսեռ` 300գր., չորացրած սմբուկ` 300 գր., լոլիկ` 300 գր., պղպեղ` 200 գր., լոբի չորացրած 200 գր., կարագ 100 գր., աղ` 30 գր., չորացրած կանաչի` 20 գր., կարտոֆիլ` 400 գր., տոմատի մածուկ ` 50 գր.:

Սոխը մանր կտրտելուց հետո սոխառած անել տոմատի մածուկով, ավելացնելով կարմիր աղացած պղպեղ: Նախօրոք թրջած բանջարեղենը ջրքամել, սիսեռը խաշել: Եփվող սիսեռի վրա ավելացնել կարտոֆիլ, բանջարեղեն: Եփել մոտ 15-20 րոպե: Վերջում ավելացնել սոխառածը, կանաչի, ցանկալի է համեմ և ռեհան:

Մայրամապուր

Բաղադրատոմս

Ծեծած կորկոտ 50գր., չամիչ 20 գր., ծիրանի չիր 20գր., սալորի չիր 25 գր., դոշաբ 35 գր.: Պատրաստման եղանակը` ծեծած կորկոտը, չամիչը, չոր ծիրանն ու սալորը միասին եփվում են: Եփելուց հետո դոշաբ են լցնում:

5.  Մարդակերպ գաթաներ (ասիլիկ-վասիլիկներ)

Ամանորի տոնածիսական համալիրի մեջ կարևորագույն տեղ են զբաղեցրել ասիլիկ-վասիլիկները կամ ուղղակի վասիլները, երբեմն՝ բասիլները: Սրանք մարդակերպ փոքրիկ գաթաներ էին, կարող էին ունենալ նաև առարկաների ու կենդանիների տեսք` եզների, քսակի, կովի: Վասիլիկները թխվում էին թոնիրներում և ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում: Օր.՝ տան երիտասարդ հարսի կերպարանքով վասիլիկ էին պատրաստում, եթե թխվելիս այն փքվում էր, հավատում էին, որ տանը երեխա կծնվի:

Հետաքրքիր տեղեկություն հաղորդեց մեզ ծնունդով Ախալքալակից Հասմիկ Բալասանյանը: Ամանորյա տոնական կենաց ծառի ճյուղից  կախում էին կնոջ և տղամարդու տեսքով թխված թխվածքաբլիթ — ասիլիկ-վասիլիկներ: Կնոջ կերպարը խորհրդանշում էր բարեբերություն, լիություն, բարեկեցություն, պտղաբերում, իսկ տղամարդունը՝ չարխափան (պաշտպանում էր չարից և ոչնչացնում այն):

Բաղադրատոմս

1 կգ ալյուր, ջուր այնքան, ինչքան կվերցնի, աղ: Հունցել խմորը, թողնել 20 րոպե հանգստանալու և հասունանալու: Հացիկները ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:

Ասիլ վասիլներ պատրաստելու համար այլ խորհրդանիշեր 

Հաց – լիություն  (կարելի է պատրաստել մատնաքաշ, հյուսված և այլն)
Սիրտ – սիրո խորհրդանիշ
Ծաղիկ – ծլեք, ծաղկեք
Նուռ – պտղաբերություն
Քսակ – հարստություն, լիություն, առատություն, նյութական բարեկեցություն
Թռչուն – ազատություն, մտքի թռիչք
Լուսին – երազանքների կատարում
Թուր – խոսքը կտրուկ լինի, արդար
Լամպ, ջահ – լույս, մտքի լուսավորություն
Պայտ–հմայիլ-պահպանակ – ընտանիքը չար աչքից հեռու պահող
Արև — լույս, առատություն
Քսակ – առատություն, հարստություն, լիություն
Բանալի, կողպեք – երկնային դարբասների բացում, ամեն տեսակ գաղտնիքների բացում
Սպիտակ տիկնիկ – ա. բոլոր նորապսակների հաջող ամուսնության համար, բ. չամուսնացած աղջկա բախտը բացվելու համար
Կարմիր շորը խորհրդանշում էր երկրային բարին և առատությունը

6.  Ծիսակարգը սկսվում է ծիսական ծառը զարդարելով

Տոնական ծառերի պատրաստման խորհուրդը 

Բերքատու ծառերի աշնանային էտից հետո ընտրվում էին գեղեցիկ ճյուղերը, որոնք զարդարվելով դառնում էին Կաղանդի ծառ։
Տոնական ծառերը միայն գեղեցկության համար չեն։ Դրանք ունեն միավորման, համախմբման գաղափարներ և մոդելավորում են բնությունը, աշխարհի տարբեր մասերը, ներկայացնում Կենաց ծառի ուղղահայաց և զուգահեռ պատկերը, դառնում նաև մարդու, ընտանիքի հավաքական կերպար` կրելով ստեղծագործական մոտեցում, միաժամանակ` մեծ խորհուրդ։
Ամանորի տոնական ծառ կարելի է պատրաստել ցորենը հասնելուց հետո Վարդավառի համար սարքված կսկրանքներով, և այն ամենով, ինչ կարելի է հավաքել այգուց ու չորացնել։ Մրգերը հիանալի պահպանվում են, եթե ճիշտ են չորացվում։
Ծառերի զարդարման համար չորացվում էին տարբեր մրգեր` թթից սկսած մինչև սերկևիլ, տարբեր բույսերի ծաղիկներ ու սերմեր` թավշենի, մրփենի, ավել, փշարմավ, տարբեր պտուղներ` խնձոր, նուռ, դդում, պատիսոն, ճիլոպ, բակլա, փշատ, ալոճ, սխտոր և այլն։
Կենաց կամ տոնական ծառի ճյուղերին կարելի է կախել նաև ասիլիկ-վասիլիկներ:

Կենաց կամ տոնական ծառի խորհրդանիշը
Կենաց ծառ  — 1
Կենաց ծառ  — 2

7.  Սուրբ Ծննդյան տնայց

«… Ընտանիքը նոր էր բոլորած լինում ընթրիքի սեղանի շուրջ, երբ սկսվում էր «Ավետիս» երգող խմբերի այցը: Սպիտակ շապիկ հագած պատանիների 3-5, երբեմն` 6-7 հոգիանոց խմբերը շրջում էին տնետուն: Առջևից գնում էր «շուն թակողը»` մահակը ձեռքին, (սա պետք է քշեր հարձակվող շներին), նրան հետևում էին «ալյուր տանողը»` տոպրակը շալակին, «ձու հավաքողը»` թասը գլխին և մյուսները: Նրանցից մեկը կամ երկուսը մտնում էին տուն, իսկ մյուսները բարձրանում էին տան տանիքը և երդիկից պարանով կամ գոտիներով կախում տոպրակ կամ գուլպա կամ քթոց (սալա): Երգում էին «Ավետիս», որոնք շատ բազմազան էին: Դրանցում դրսևորված էին Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, գովերգվում էին Փրկչի առաքինուրյունները, հրաշագործությունները և այլն: Սակայն կային Քրիստոսի հետ կապ չունեցող երգեր, որոնցում հնչում էր ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման, և, այնուամենայնիվ, որպես ծննդյան երգեր, դրանք նույնպես կոչվում էին «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում էին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով: Ավետիս պտտողներին գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:» (Հրանուշ Խառատյան՝ «Ծեսեր, տոներ»)

Կալանդոսներ և կաղանդի երգեր  (Հասմիկ Բաղրամյան՝ «Ազգային ծեսեր, տոներ»)

Ծեսը, որը Կաղանդ-Նոր  տարվա  օրը անում էին փոքր տղաները, այցելելով գյուղի բոլոր տները, բարձրանալով տանիքների վրա, երգելով և նվերներ պահանջելով, կոչվում էր կաղանդել: Կաղանդել  բառի  հետ  անմիջական  կապով` ծեսի  ընթացքում երգվող  երգերը  կոչվում  են  կալանդոս: Ծիսական երգաշարի մեջ Կալանդոս-կաղանդոս անվանաձևը կարող էր նշանակել, որ կաղանդելու արարողության հետ կապված երգերը ներկայանում են որպես հատուկ երգատեսակ:

  • «Տնայց» ծիսական գործողության ընթացք

Տնայց կատարող խմբի անդամները սովորում են Սուրբ Ծննդյան «Ավետիս»: Ձեռքերին ունեն կարկաչա, զանգակ, չարխափան: Նրանք, Ավետիս երգելով, ձեռքի գործիքով շրխկացնելով, ծլնգացնելով, մոտենում են դպրոցի որևէ խմբասենյակի, դասարանի, բնակարանի դռան:  Դուռը բացում են, «տնայց»-ի խումբը բարձրաձայնում է.

—  Ավետի՜ս, ավետի՜ս:

Նորից երգում են «Ավետիս» ծիսական երգից փոքր հատված, ապա օրհնանք և գովեստ հղում  (եթե նախակրթարանի սաներ են, ապա նրանց օգնում է դաստիարակը).

—   Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք լիքը տնով:

Հյուրնկալող կողմը հյուրասիրում է տնայց կատարող խմբին: Օրհնանքներ հղելով՝ խումբը երգելով հեռանում է:

Կալանդել  կամ  կաղանդել, կաղընդել

Բառն, ըստ Հր. Աճառյանի, նշանակել է՝ առաջին հերթին բուժել, վիրակապել կոտրված անդամը: Աճառյանը  չի  հիշատակում  որևէ  փոխառություն, ինչպես  նաև  չի  կապում  այս  բառարմատը  տոմարական  կամ  երաժշտա-բանաստեղծական  հասկացությունների  հետ: Բանահյուսական  որոշակի   նյութը հուշում  է,  որ  կաղնդել  բառն  օգտագործվել  է «տալ, թույլ տալ» իմաստով: Ե. Պողոսյանը  գտնում  է,  որ  կաղնդել  նշանակում է  նվեր  տալ:
Տարեմուտի  կեսգիշերին  աղբյուրից  ջուր  վերցնելիս   երգվել  է  մի փոքրիկ  բանաձև:

Ջրի  բարին, ջրի մորին,
Անդնդային  թագավորին.
Ջուր  կաղնդէ  իս:

Դիմողն  այստեղ  խնդրում  է   անդնդային  թագավորին  ջուր  կաղնդել  բաշխել  իրեն: Քղիում  գիշերով  բերված  ջուրը առավոտյան   տատը  կաղնդում  էր  երեխաներին,  որոնք   ջանում էին  շուտ  արթնանալ: Այստեղ  էլ  արարողությունը  տեղի  էր ունենում  երգերի  ուղեկցությամբ.

Նէնիներ, կաղնդոս  տուէք,
Տարին  օրիկ  մըն `
Ամեն  տարի  բարով  հասնինք  այս   օրերուս:

Տվյալ  դեպքում  գործ ունենք  երգ- օրհնանքի  հետ, որը  սկսվում  է  ավանդական  սկզբնատող-բանաձևով: Այսպիսի   բանաձևը   կարող էր  կիրառվել  նաև  բուն  շրջերթ-կաղնդելու  ծեսի  մեջ: Կաղանդել  հայերեն  բառիմաստների  մեզ  հասած  տվյալները   կարելի  է  խմբավորել  ըստ  գործառական   իմաստների.

ա. ծիսական  շրջերթ` ամանորյա  հատուկ  երգերով,
բ. հմայություն` ջրի, կենդանիների, բույսերի, երեխաների,
գ. տարվա  նորոգում, հին  և  նոր  տարիների  միջև  հանգույցի  հաստատում:

Համեմատական   նյութի  լայն տեսադաշտի   վրա   հայկական  նյութի  խորազնին  դիտարկումը   թույլ  է տալիս  հաստատել, որ  կալանտա, կոլյադա, կոլենդա  և  նման  անվանաձևերով  երգերի հայկական  զուգահեռը  ավետիսն  է  և  ոչ  կալանդոսը: Թվում  է,  թե  հայերի  մոտ  շրջել-կաղանդելը  և  ավետիս  անելը  նույն  երևույթի  տարբեր  անվանաձևերն  են , թեպետ  տիրապետող  է  այն   պատկերացումը,  որ  պատմականորեն   ավետիսը  կապվել  է   Սուրբ Ծննդյան, իսկ  կալանդոսը` Նոր տարվա  հետ:
Կաղանդի  գրառված  երգերը  շատ  ավելի  քիչ  են, քան ավետիսները»։

8.   Ամանորյա, Սուրբ Ծննդյան բարեմաղթանքներ

Բարեմաղթանքները  գրել կամ տպել, առանձին կտրատել: Վերցնել ընկույզներ, բաժանել երկու մասի, հանել միջուկը: Բարեմաղթանք գրված թղթերից մեկը վերցնել, ծալել այնպես, որ տեղավորվի ընկույզի կեղևի մեջ: Էմուլսիայով սոսնձել ընկույզի կեղևների միացման հատվածները, 30սմ երկարությամբ թելի ծայրերը միացնել և դնել ընկույզի վերևի հատվածում այնպես, որ ծայրերը հայտնվեն ընկույզի ներքին մասում (ստացվում է տոնածառի խաղալիքի տեսքով) և պինդ սեղմել իրար:
Ընկույզ — բարեմաղթանքը   կախել տոնական ճյուղից:

Հացը բոլ լինի, աչքը կուշտ լինի,
Ձեզ էլ փայ լինի, մեզ էլ փայ լինի:

Առատ տարի, բերք ու բարիք ձեզ:

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

Օրհնվեք, յոթ որդով սեղան նստեք,
Հազար էսպես սեղան նստեք,
Էսպես առատ սեղաններ
Ձեզնից ամեն մինն ունենա:

Ձեր մինը հազար դառնա,
Դռներդ միշտ բաց կենա,
Օջախներդ վառ մնա:

  • Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:
  • Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:
  • Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:
  • Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:
  • Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:
  • Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:
  • Չոլը գնաք՝ կանաչ դառնա, Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:
  • Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով ծերանաք:
  • Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:
  • Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը վառ մնա:
  • Երկար արև լինեք, մազներդ չծռվի:
  • Հող ցանեք, ոսկի հնձեք:
  • Օրհնվի ձեր յոթը պորտը:
  • Ծլեք, ծաղկեք, ծիր — ծիրանի դառնաք:
  • Ձեր կերածդ հացը հալալ լինի, հացով մնաք:
  • Տաշտներդ լի հաց լինի, դռներդ միշտ բաց լինի:
  • Ծլեք, ծաղկեք, զորանաք, ձեր կերածդ հացը հալալ լինի:

Ամեն տարի հասնիք բարով,
Երկար կյանքով, առողջ անձով:
Կարասն ձեր լցվի գինով
Եվ տունը ձեր՝ շեն բարիքով:

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

Բարով եկար Նոր տարի,
Առատ եկար, Նոր տարի,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

Հինը գնաց, նորը կուգա, հինն ուրախ ճանապարհեք,

Առատ տարի, բերքը բարի:

Առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք:  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

9.  Ամանորյա ծիսականմանկական ընկուզախաղեր

Երեխաների սիրված խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը

—  Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու՝ ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:

—  Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:

—  Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չի կատարվում փոքրերի կողմից, այդ պատճառով փորձեցինք ընկույզը սահեցնելով նետել):

—  Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե փոքրերը դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝ երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ ուղղությամբ շարժելով:

—  Թելից կախված ընկույզը մոտեցնել մասնակցի բերանի մոտ այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:

—  Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել այնքան, որ մնա մեկ թզաչափ: Խացացողները փորձում են տարուբերելով իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:

—  Մասնակիցներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված ընկույզ է (թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են շրջանաձև, իրար բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում անկանոն թափահարել այնքան, մինչև թելերը խառնվեն իրար: Ստացվում է շրխկան – չարխափան:

—  Մասնակիցները, ձեռքերին մեկական չարխափան բռնած, կանգնում են ուղիղ գծով: Խաղավարը իր չարխափանով անցնում է մասնակիցների մոտով և ռիթմիկ շրխկացնում: Մյուսները կարող են կրկնել նույն ռիթմը կամ՝ շրխկացնել իրենց ռիթմիկ պատկերը: Շրխկոցով իրար բարևում են, հարցեր տալից և շրխկան պատասխան ստանում: Խաղը հետաքրքիր է միայն այն ժամանակ, երբ խաղավարը գիտի մասնակիցների հետ խաղալու ստեղծական «կանոններ», ունի վառ երևակայություն:

—  Ընկույզներով, պնդուկներով, նուշերով սեղանին պատկերներ ստանալ: Օրինակ՝ տուն, ծառ, ձնեմարդ, ծաղիկ, և այլն: Եթե փոքրեր են, կարելի է օգնել, ստեղծել  փոքր թիմ, որի մասնակիցներից մեկը կլինի դաստիարակ կամ ծնող:

—  Խաղավարը, յուրաքանչյուր ձեռքին մեկական ընկույզ բռնած, սեղանին թեթև հարվածում է տարբեր ռիթմիկ պատկերներ, որոնք մյուսները փորձում են կրկնել: Ռիթմիկ պատկերները մեջընդմեջ փոխարինվում են՝ ընկույզները արագ-արագ սեղանին կամ միմյանց թեթև հարվածելով: Կարող են զույգերով կանգնել իրար դիմաց և ընկույզներն իրար հարվածել:

—  Որպես շրխկան, Չարխափանը կարող է ռիթմիկ շրխկոցով նվագակցել ունկնդրվող երաժշտությանը, կատարվող երգին, բանաստեղծությանը: Այն կարող է հանդես գալ ինչպես առանձին, այնպես էլ մյուս՝ հարվածային, շրխկան, չխկչխկան նվագարանների հետ:

—  Մասնակիցների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում, քշում, հեռացնում են իրենց միջավայրի  անցանկալի երևույթները, ապա անձամբ իրենց համար անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է խանգարողը՝ «Որ քո անուշադրությունը, նեղացկոտությունը, վախը Չարխափանը չքացնի», և այլն: Շատ կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային:

—  Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են: Ներկաներից մեկը հարցնում է.

— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:

Նորից են աղմկում:

— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:

Նորից են աղմկում:

— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:

Նորից են աղմկում:

— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:

Նորից են աղմկում:

— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:

Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ):

Նշվածներից բացի կարելի է հորինել այլ ընկուզախաղեր:

«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր»  նախագծով՝ ծիսական ճյուղի զարդարում, Սուրբ Ծննդյան «տնայց», ամանորյա ընկուզախաղեր  Քոլեջում, Արևելյան, Արևմտյան դպրոցներում

Ծիսական տոնակատարության մասնակիցները բարեխղճորեն պատրաստվել են: Ծիսական  գործողությունները նախօրոք խաղարկվել, մշակվել են, ուսուցանվել են երաժշտական, ծիսական, ազգային բանավոր խոսքի նյութերը: Բայց, չնայած այդ ամենին, հիմնական գործողությունները, ասելիքն ազատ է, բնական, չկա նախօրոք մշակված խոսք, մասնակիցները գիտեն իրենց անելիքը, մտքերն արտահայտվում են անբռնազբոս, իրենց ձևակերպմամբ: Ծեսի իրականացման հենց այս ձևն ու մոտեցումն է այն դարձնում բնական, իրական, մոտ այն ծեսին, որն իրականացվել է մեր ժողովրդի կողմից: Այն չի կարող լինել բեմական, անկյանք, թելադրած:

Օգտագործված գրականություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով