Կարևոր է տեսնել ստվերի միջոցով այն, ինչն այդքա՜ն անտեսանելի է։ Երբ երրորդ դասարանցի ստվերախաղի վարպետները վերցնում են տիկնիկները, միացնում լույսը և սկսում խաղալ, իմացեք՝ ներկայացումը պատրաստ է։
Փետրվար ամսից սկսել ենք համագործակցային աշխատանք Շուշիի տիկնիկային թատրոնի դերասաններ, սեբաստացի Արփի և Գրիգոր Ղարաբեկյանների ծնողներ Անիի և Նվերի հետ։
Նշեմ, որ ներկայացման բեմադրության մեկ հաջողված փորձ արդեն ունեցել ենք ծնողների հետ համագործակցության ընթացքում․ բեմադրել ենք «Պապն ու շաղգամը» եռալեզու ներկայացումը՝ երկրորդ ուսումնական տարվա աշնանային հավաքի շրջանակներում։
Երկար մտածեցինք հեքիաթի ընտրության շուրջ: Նախ որոշեցինք ներկայացնել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»․ ստեղծագործության շուրջ երկար աշխատեցինք, առանձին ուսումնասիրեցինք բոլոր կերպարները, կարդացինք ամբողջությամբ, աուդիոգրքից օգտվեցինք, մուլտֆիլմը նայեցինք։ Այդ ողջ ընթացքում մենք հատ առ հատ ստեղծում էինք բոլոր կերպարները և տեսարանները։ Սովորողները գերազանց յուրացրել էին ստեղծագործությունը, կերպարներին, բայց չգիտես ինչու հեքիաթը չէր վերածվում ստվերային խաղի, մի բան պակասում էր, գուցե ժամանակը չէր, գուցե և այլ․․․ չգիտեմ։ Ծնողների հետ երկար քննարկում էինք այդ խնդիրը, վերջապես որոշեցինք ընտրել Թումանյանի «Անխելք մարդը»։ Ի տարբերություն «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության, այստեղ հերոսները շատ քիչ էին, սակայն մեր խնդիրն էր ներգրավել բոլոր սովորողներին, և դա ստացվեց։
Այս անգամ մեր աշխատանքի հիմնական նպատակն էր ներկայացման միջոցով որքան հնարավոր է շատ հաղորդագրություններ փոխանցել հանդիսատեսին, երեխաներին։ Ցանկանում էինք բոլորին այդքան ծանոթ հեքիաթը կենդանացնել։
Սկսեցինք նախ մի լավ ուսումնասիրել հեքիաթը, հերոսներին՝ առանձին-առանձին, ապա շաբաթական 2-3 անգամ ունեցանք հանդիպում ծնող Անի Կապլանյանի հետ, ով շատ պարտաճանաչ և ոգևորված աշխատում էր սովորողների հետ։ Իսկ վերջիններս ամեն անգամ ընկեր Անիին ծափերով էին ընդունում (կարծում եմ այս հանգամանքը ամենալավ նկարագիրն է նրա, թե սովորողները որքան շատ էին ոգևորված աշխատանքով)։
Մինչև կսկսեինք փորձերը, սովորողների հետ 2-3 հանդիպում քննարկել ենք ամբողջական հեքիաթը, զրուցել, փոխանակվել մտքերով, քննարկել հերոսի դրական և բացասական կողմերը։ Այնուհետև յուրաքանչյուր դերակատարի հետ աշխատում էինք առանձին․ երեխային ծանոթացնում էինք այն հերոսին, ում նա պետք է կերտի, պատմում, նկարագրում, ապա դրվագ առ դրվագ փորձում էինք տեսարանները։
Մինչ մենք կփորձեինք հեքիաթը, Նվեր Ղարաբեկյանը աշխատում էր տիկնիկների ստեղծման վրա։ Նշեմ, որ այստեղ նույնպես սովորողներն ունեցել են կարևոր աշխատանք, քանի որ մինչ կերպարների վերջնական պատկերը ստանալը, քննարկել ենք, նկարագրել, մտովի պատկերել, թե օրինակ՝ ինչպիսի՞ն է անխելք մարդը, գայլը, աղջիկը կամ ծառը, որտե՞ղ կարելի է պատկերել Աստծուն և այլն։
Հետագա փորձերը արդեն անում էինք տիկնիկներով։
Արդեն նշել եմ, որ մեր ներկայացմանը մասնակցում են բոլոր սովորողները․ կան կերպարներ, որոնք խաղում են 2, նույնիսկ 3 սովորող, օրինակ՝ գայլի, աղջկա, ծառի կերպարները, սակայն յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ յուրովի, ցույց տալ իր անհատական կարողությունները և հմտությունները։ Այսպիսով, մեկը նվագում է, մյուսը՝ երգում, հաջորդը՝ պարում․․․։
Մեր ներկայացման մեջ կա շատ կարևոր տարր՝ բարբառների կարևորությունը և կիրառումը։ Սովորողներից Քրիստինա Շեյթանյանը և Արփի Ղարաբեկյանը ներկայանում են իրենց տարածաշրջանին հատուկ բարբառներով։
Արփի Ղարաբեկյանը աղջկա կերպարը ներկայացնում է Արցախի բարբառով։ Արփին այնքա՜ն գեղեցիկ և հստակ է խաղում կերպարը, կարելի է ասել չի էլ խաղում՝ ապրում է, զգում իրեն իր ափսեի մեջ։ Արփիի համար նույնիսկ կարիք չի եղել խոսքերն առանձնացնել, կամ ասել, որ այս կամ այն հատվածում այսպես կամ այնպես խաղա։ Նա ուղղակի վերցնում է տիկնիկը և խաղում։ Ընթացքում Արփին իր հետ բերում էր սեղանի թատրոն։ Ընդմիջումների ժամանակ մեկ էլ տեսնում էի բոլորին հավաքել է գլխին և մի անկյունում ներկայացում է բեմադրում։
Ներկայացման մեջ շատ կարևոր դեր է խաղում հատուկ կարիքով սովորող Արման Մարգարյանը, ով փոխելով ամբողջ ընթացքը՝ ձևավորում է նոր ավարտ «Անխելք մարդը» հեքիաթի համար։ Արմանը շատ մեծ սիրով և ոգևորվածությամբ է մասնակցում ներկայացմանը, միանգամից յուրացրել է դերը, մտել կերպարի մեջ, գիտի իր հերթը, համբերատար սպասում է, նույնիսկ, երբ ինչ-որ մեկը մի բան մոռանում է, հուշում է, օգնում։
Սովորողներից Գագիկը և Ալեքսանդրան ներկայանում են իրենց երաժշտական գործիքներով, իսկ Անահիտը՝ պարով։
Ներկայացման առաջին ցուցադրությունը կազմակերպեցինք «Զատկական ցուցահանդես- վաճառքի» ընթացքում։ Ճիշտ է, տարածքը և լուսավորությունը այդքան էլ հարմար չէին ստվերային ներկայացման համար, սակայն սովորողները անկաշկանդ ներկայացան։
Պատմեմ մեր ստվերային խմբի մի շատ կարևոր և մեծ ձեռքբերման մասին։
Հունիսի 8-ին զանգ ստացանք Կարինե Փանոսյանից, ով ներկայացրեց, որ իր, Անի Ապիտոնյանի, Թորգոմ Աշչյանի նախաձեռնությամբ ու Նորք- Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի օժանդակությամբ շատ գեղեցիկ և հայկական փառատոն է կազմակերպվելու Հին Նորքում։
Փառատոնի նպատակն էր Երևանի հին թաղամասերն առավել հայտնի դարձնել, հայկական արվեստն ու արհեստները, բակային մոռացված խաղերը արթնացնել ու վերաիմաստավորել։ Եվ, քանի որ, մեր ներկայացումը նայել և շատ հավանել էին, որպես եզակի դասարանական ստվերային-երաժշտական ծրագիր, սիրով հրավիրեցին մասնակցելու փառատոնին։ Դե, մենք էլ ոգևորվեցինք, սիրով ընդունեցինք, ստացանք թույլտվություն ու առանց թեկուզ մեկ անգամ փորձելու հասանք Նորքի բարձունք։
Փառատոնի ամբողջական ծրագիը ներառում էր․
- Բակային խաղեր հրապարակում՝ հոլ, ռեզին, պարան, յոթ քար և այլն,
- Բակային տաղավարներ՝ տիկնիկային արհեստի ներկայացում, կաշեգործություն, խեցեգործություն, տիկնիկային ներկայացումներ, գինու համտես հին մառաններում,
- Համերգային ծրագիր։
Կազմակերպման և՛ ձևը, և՛ բովանդակությունը աննկարագրելի էր, եզակի ու մեզ՝ սեբաստացիներիս, անչափ հարազատ։
Քանի որ հիմնականում բոլոր գործունեությունները կազմակերպվում էին բակերում, մի փոքր դժվար էր ստվերներ խաղալը, բայց մենք դրա լուծումն էլ գտանք՝ խաղացինք դալանում։ Նորքի ամենահին տներից մեկի բակը լցրինք հանդիսատեսով ու խաղացինք։ Մեծ ու փոքր վայելում էին մեր ստվերների խաղը։ Դե մենք էլ վերջում, որպես սեբաստացիական համայնքի ներկայացուցիչներ, բոլորին մի լավ պարեցրինք։ Իսկ ներկայացման վերջում ստացանք շնորհակալագիր մասնակցության համար։
Ամփոփումը՝ այստեղ։
Մենք այնքա՜ն երջանիկ ենք մեր ստեղծածով։