Նախկին հրաշամանուկը
1911թ. ամառ
Այդ ամառը մենք անցկացրինք Նյու-Հեմփշիր նահանգում՝ Բրիջուոթերից ոչ հեռու ագարակային տանը: Մեզանից ոչ հեռու միակ սար կար, և այն չափազանց անհասանելի էր և առանց արահետների, այնպես որ հայրս թույլ չէր տալիս այն մագլցել: Ես անցնում էի տեղանքի ճանապարհներով` փնտրելով ամառային ճամաբր, որտեղ կարող էի մի քիչ փող վաստակելել՝ դասավանդումով, ինչպես նաև փոքրիկ ըկերախումբ էի փնտրում, բայց իմ ծառայությունները ոչ մեկին պետք չէին: Ես դաշտում խոտ էի հավաքում և խոտի փոշուց ալերգիայի պատճառով հիվանդացա: Կարդացի «Հարփերս» և «Սկրիբներս» («Harper’s», «Scribner’s») ամսագրերի հին համարները, ինչպես նաև «Դար»-ի («Сепшгу»), և անհամբերությամբ սպասում էի կիսամյակի սկզբին, որպեսզի ազատվեմ այն ձանձրությից, որը գալիս էր նեղվածության և ինքն իր մեջ փակված ընտանիքից:
Կրթության նկատմամբ հորս հեղափախական հայացքները, ինչպես իրեն թվում էր, հաստատվում էին իմ հաջողություններով, որոնց չնայած իմ բոլոր թերություններին, հասել էի գիտական աշխատանքում: Շուտով պարզ դարձավ, որ քույրերս, չնայած սովորական չափանիշներով խելացի աղջիկներ էին, անհաղորդ եղան հորս ուսուցման համակարգին, որով ես էի անցել: Հայրս էլ շատ ավելին չէր սպասում նրանցից: Դա բացատրվեց նրանով, որ նրանք աղջիկ էին և չէին կարող դիմանալ այն կարգապահությանը, որը ինձանից էր պահանջվում:
Մեր ընտանիքում անդամների ճակատագրերը նախօրոք որոշված էին: Սպասվում էր, որ Կոնստանս քույրս կդրսևորվի արվեստի բնագավառում, այնպես որ նրա համար որպես գործունեության ոլորտ ծնողներս ընտրեցին երաժշտությունը, նկարչությունը և գրականությունը: Հետագա բարդություններից խուսափելու համար մյուս երեխաները պետք զերծ մնային այդ առարկաներով զբաղվելուց:
Այսպիսով, Կոնստանսը, ինչպես նաև հետագայում Բերտան, դուրս մնացին գիտության ոլորտից, որին ես էի նվիրված: Երբեմն ես աղջիկներին որոշակիորեն նախանձում էի նրանց հեշտ բախտի համար, և օրեր էին լինում, որ ինձ թվում էր՝ աղջիկ ծնվելը առավելություն է, քանի որ վերանում էր գիտության բնագավառում ջանասիրաբար աշխատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերանում էր միայնակ լինելու անհրաժեշտությունը աշխարհում, որը ինձ թշնամական էր թվում:
Եղբորս՝ Ֆրիցի դեպքը բոլորովին այլ եղավ, քան քույրերինս: Երբ դարձա Հարվարդի ասպիրանտ, նա հասավ այն տարիքին, որ նրա կրթությունը լրջորեն ազդեց մեր բոլորի կյանքի վրա: Նա ծնողներիս կողմից դատապարտված էր, ինչպես և ես, գիտնական դառնալու: Նրա դեպքում հարց չառաջացավ, որ նրան ավելի թույլ պահանջներ ներկայացնեն, քանի որ թույլ սեռին չէր պատկանում, և հորս կրթական տեսությունները պետք է երևային իրենց ամբողջ վեհությամբ: Հայրս նորից ու նորից պնդում էր, որ իմ հաջողությունը, եթե իրականում ինչ-որ հաջողություն ունեի, ոչ թե իմ հատուկ կարողությունների արդյունք էր, այլ իր կրթական համակարգի: Իր այդ կարծիքը նա հրապարակել էր մի քանի տպագիր հողվածներում և հարցազրույցներում [1]:
Նա հայտարարում էր, որ ես միջակ կարողություններ ունեցող տղա էի, և այդպիսի բարձր մակարդակի հասել էի բացարձակապես իր ուսուցման համակարգի շնորհիվ: Երբ այս բառերը տպագրվեցին, ինձ վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցան: Հասարակությանը հայտարարվեց, որ իմ բոլոր անհաջողությունները իմն էին և միայն իմը, իսկ հաջողություններս հորս շնորհքն էր:
Հիմա, երբ եղբայրս հասավ դպրոցական տարիքի, հայտնվեց երկրորդ Վիները՝ փառքի և աչքի ընկնելու և հորս դատողությունները ապացուցելու թեկնածու: Անխուսափելի էր, որ հայրս իր կրտսեր որդու հետ նույն բանը պետք է աներ, ինչն արդեն ավարտել էր ինձ հետ: Գրեթե անխուսափելի էր, որ կանգնած էի Ֆրիցի ակնկալվող հաջողության փաստի առաջ, որը պետք է ցույց տար իմ համեստ տեղը և բարձրացներ հորս հեղինակությունը:
Ես երբեք հորս հետ համաձայն չեմ եղել իմ կարողությունների գնահատման հարցում և միշտ զգացել եմ, որ նա այդպես էր գնահատում, որպեսզի սանձի մեծամտությունս, որպեսզի ընտանիքում չառանձնանամ: Անարդարացի էր ապրիորի ենթադրելը, որ Ֆրիցը կկարողանա անել այն, ինչ ես կարողացա: Ավելին, հայրս հաշվի չէր առնում այն փաստը, որ չնայած ես նյարդային և դժվար երեխա էի, շատ կենսունակ էի և առանց զգալի վնասի կարող էի կրել պատիժներ, որոնք ավելի խիստ էին, քան կարող էր տանել սովորական միջին երեխան: Այսպիսով, երբ պարզվեց, որ եղբայրս բավականին փխրուն երեխա է, որ օժտված է, իմ կարծիքով, լավ, միջին կարողություններով, բայց չունի առանձնահատուկ տվյալներ, մեծ անհանգստություն առաջացավ:
Ֆրիցի կրթության մասին վեճերը շարունակվեցին գրեթե քսան տարի: Ես անարդար էի համարում ծնողներիս փորձերը՝ միանման մոտենալու ինձ և Ֆրիցին, առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները: Ինձ դուր չէր գալիս նաև փոքր եղբորս ուսուցչի և խնամակալի դերը, որն ինձ հանձնարարվեց. երբ տասնվեց տարեկան էի, ամեն առավոտ աշխատանքի գնալիս նրան պետք է տարրական դպրոց տանեի: Սպասվում էր, որ ես նրան կվերաբերվեմ որպես ընկերոջ, ինչը շատ հազվադեպ է պատահում ծանրաշարժ պատանու և իրենից տասնմեկ տարով փոքր երեխայի միջև: Տարիքների այդպիսի տարբերությունը կրիտիկական էր: Երբ ես տասնվեց տարեկան էի, նա հինգ տարեկան էր, երբ դարձա քսանհինգ տարեկան, նա ընդամենը տասնչորս տարեկան էր:
Իմ և Ֆրիցի հարաբերություններում ծնողներիս սպասելիքները պատճառ ունեին, քանի որ առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղած այդ շրջանում, երբ ես հասունանում էի, աշխարհն անընդհատ փոխվում էր: Երբ ես և մեծ քույրս երեխա էինք, նույնիսկ մեր ընտանիքի հարաբերական աղքատությունը չէր խանգարում մորս գոնե երկու ծառայող պահելու, որոնցից մեկը խոհարար էր, իսկ երկրորդը, որպես կանոն, հիանալի դայակ: Հարյուրամյակի սկզբում փոփոխությունները հանգեցրին նրան, որ ներգաղթածներից ծառաների հոսքը նվազեց և ծառայի աշխատավարձը խիստ բարձրացավ: Նույնիսկ երկրի բարօրության աստիճանի բարձրանալը թույլ չտվեց լավագույն ձևով հարմարվել նոր պայմաններին և վերականգնել աղախինների վերացող դասը: Այսպիսով, ընտանիքում փոքրերի խնամքը դրվեց ավելի մեծերի վրա:
Հիմա, ծնողներիս հայացքով նայելով այս խնդրին, չեմ կարող նրանց մեղադրել այն հարցում, որ իմ վրա դրեցին փոքրերին հետևելու պարտականությունը, ինչը իրենք շատ հաճույքով էին անում, խնամելով իրենց ավագ երեխաներին, բայց ամեն դեպքում, պայմանները որոնցում ես պետք է կատարեի իմ պարտականությունները, արդարացի չէին: Երբ Ֆրիցի հետ պարապում էի, ոչ մի իրավունք չունեի, և երբ ինձ չէր լսում, ու ես ինձ թույլ էի տալիս համապատասխան միջոցներ ձեռք առնել՝ նրան ստիպելու իրեն լավ պահել, ինչքան թեթև էլ լինեին դրանք, բողոքում էր ծնողներիս: Եվ ինչ էլ որ արած լինեի, նրանց անթույլատրելի էր թվում: Ավելին, ես շփոթված էի, քանի որ ինքս սոցիալապես չհարմարված պատանի էի, որը երկար տարիներ չափազանց շատ էր աշխատել` ցանկացած ստանդարտներով հաշված, և ում անհրաժեշտ էր որոշակի ազատ ժամանակ, որպեսզի սովորեր հասարակության մեջ վարքի և վարվեցողության կանոններին:
Չեմ զարմանա, որ ընկերներս՝ տղա կամ աղջիկ, տղամարդ կամ կին, ծնողներիս կողմից գնահատվում էին այն բանով, թե ինչպես էին կարողանում ընդունել Ֆրիցին, մնացածը, թվում է, նրանց համար այնքան էլ կարևոր չէր: Եվ սա նույնպես իմ նկատմամբ արդարացի չէր: Իմ կարծիքով չափազանց էր երիտասարդ մադկանցից պահանջել, որ նրանք որպես ընկեր ընդունեն մի պատանու, որի ետևից քարշ է գալիս նրա փոքր եղբայրը, հատկապես որ այդ պատանին ոչ մի իշխանություն չունի իր փոքր եղբոր նկատմամբ, և վերջինս դա լավ գիտակցում է: Այսպիսով, գուցե ես իսկապես ինձ աններելի էի պահում, բայց գոնե, կարող եմ բացատրել, թե ինչու էի եղբորս հանդեպ հաճախ կոպիտ լինում, երբեմն նույնիսկ դաժան: Զենք չունեցող մարդուն մնում է միայն ծաղրելը և ձեռք անելը. հենց դրանցից էլ ես օգտվում էի: Բարդ իրավիճակն ավելի էր բարդանում:
Ինչ-որ չափով ես պարտավոր էի զբաղվել Ֆրիցի կրթությամբ, որտեղ ևս ոչ մի իշխանություն չունեի: Ֆրիցի գիտական բառերի պաշարը շատ արագ մեծացավ, սակայն դրանցից բոլորը չէր, որ նա հասկանում էր: Ընտանիքից ետ չմնալու համար նա խորիմաստ հարցեր էր տալիս, որոնց պատասխանը դժվար էր հասկանում, և իրականում նրան հետաքրքիր էլ չէր: Ինձ հանձնարարված էր այդ հարցերին մանրամասն պատասխանել, նույնիսկ եթե նրան հետաքրքիր չէր, և նա մտքերով շատ հեռու էր: Երբ ամբողջ ընտանիքը թատրոն էր գնում, ենթադրվում էր, որ ես պետք է եղբորս հետ քննարկեմ այն, ինչը սեփական ինտելեկտը արտահայտելու նրա ցանկությունն էր առաջացնում, իսկ ես զրկված էր մտածելու հաճելի հնարավորությունից այն մասին, ինչը ինձ էր հետաքրքիր, և ինչի մասին կարող էի զրուցել իրականում խելացի իմ հասակակիցների հետ:
Այս ամենի մասին խոսելով՝ սեփական պատմությունիցս հեռացա, որն էլ այս գլխի նյութն էր. շարունակում եմ չսպիացած վերքիս թեման, որը մեր ընտանեկան կյանքում մշտապես իր մասին հիշեցնում է: Այդ շրջանում երկար ժամանակով ես տանն էի ապրում՝ ուժերիս ներածի չափով ներդրում անելով ընտանեկան ֆոնդում: Կարելի է հարցնել, թե ինչու ընտանիքից չգնացի և չտեղավորվեցի ինչ-որ վարձով տան, ասենք, Քեմբրիջում: Բազմիցս եղել եմ դա անելու եզրին, և բազմիցս ծնողներս ինձ հասկացրել են, որ եթե շարունակեմ ինձ այդպես պահել, ստիպված կլինեմ անխուսփելիորեն դա անել: Եվ այնուամենայնիվ, գոնե մայրս ինձ հստակ հասկացրեց, որ իմ և ընտանիքի միջև այդպիսի բաժանումը հավերժական կլինի` որպես իմ բացարձակ անկարողության նշան, և կնշանակի ընտանեկան հարաբերությունների վերջնական փլուզում:
Իմ կյանքի վաղ փուլի ընթացքում տանը ինձ հասկացրել էին, որ ամբողջովին կախված եմ ընտանիքի առատաձեռնությունից, և այն գումարները, որ որպես թոշակ ստանում էի, ընտանիքի տվածի միայն աննշան մասն էին կազմում: Հետագայում, երբ սկսեցի ինքս վաստակել ապրելու համար, էլի ընտանիքից դուրս ընկերներ չունեի: Այսպիսով, չնայած ընտանիքից բաժանվելը ցանկալի էր, ընտանիքից վռնդվելը կնշանակեր արտաքսվել մութ անհայտություն:
Իմ հետագա պատմությունից ընթերցողը կիմանա, որ տարիներ շարունակ, նախքան ամուսնանալս, ամառները միշտ երկար զբոսանքեր էի անում սարերում: Հետագայում այդ զբոսանքները որոշ չափով փոխարինվեցին այցերով Եվրոպա. հաճախ այնտեղ գնում էի քույրերիս հետ: Սա որոշակի չափով թուլացնում էր լարվածությունն ընտանիքում, մասնավորապես այն հարցում, որ ես պետք է խնամեի եղբորս. այդ ճամփորդությունները շատ կարևոր էին նաև իմ բարեկեցության համար: Մանավանդ որ ծնողներս ամեն ինչ անում էին, որ ինձ ստիպեին՝ Ֆրիցին հետս տանեմ լեռնային արշավներին: Դա արդարացի չէր, և դա այն պահանջն էր, որ ես չէի կարող կատարել:
Ի դեպ ասեմ, որ ավելի վաղ էր սկսել մեր ընտանիքի նահապետական դրվածքն անհանգստացնել ինձ: Մի անգամ, երբ դեռ շատ պատանի էի, հայրս ծրագրել էր ինձ հետ միասին կազմակերպել այն տեղանքի բուսական և կենդանական աշխարհի ցուցահանդես, որտեղ գտնվում էր Օուլդ Միլ Ֆարմը, և առաջարկեց մեր ազատ ժամանակի մեծ մասը նվիրել այդ հավաքածուն ստեղծելուն: Մի ուրիշ անգամ նա մտադրություն հայտնեց, որ երբ Կոնստանսը և ես մեծանանք, ինքը իր կյանքի մնացած մասը կնվիրի դպրոցին, որը կստեղծի իր սկզբունքներին համարպատասխան, և ես ու քույրս այնտեղ կդասավանդենք: Շատ անգամ է ասել, որ ցանկանում է վերադառնալ իր ջահելության ռոմանտիկ արկածներին և մայրցամաքը կտրել-անցնել փակ կառքով՝ մեզ հետ միասին: Այս բոլոր նախագծերը հիացմունքի արժանի էին, քանի որ վկայում էին նրա հոգու ջահելության մասին, և դրանց միջոցով տանը, որտեղ բացակայում էր ծնողական խիստ հսկողությունը, կարտահայտվեր ծնողական սերը ամենահիանալի ձևով, ինչպես նաև նվիրվածությունը ընտանիքի շահերին: Սակայն կյանքում ճիշտ հակառակն էր:
Յուրաքանչյուր ամառ մենք զբաղվում էինք այգին մշակելով, ինձ հանձնարավում էր մոլախոտերը քաղհանել, ծնեբեկը նոսրացնել, դեղձ հավաքել և նման այլ աշխատանքներ: Դրանք հասարակ զբաղմունքներ էին, և եթե դրանք չլինեին իմ ստրկացման շարունակությունը, ուղղակի բնության գրկում արտահայտված, շատ ավելի հաճելի կլինեին: Ես ծանրաշարժ էի, անարդյունավետ և ծույլ, և երբ միասին դաշտում աշխատում էինք, ստիպված էի ժամերով լսել հորս միատոն դիտողությունները իմ թերությունների մասին: Հորս կարծիքով ագարակում ես բացարձակապես անպետք էի որպես օգնական, և ինձ մոտ, բնականաբար, դաշտային աշխատանքի նկատմամաբ հակակրանք առաջացավ: Ես մինչև հիմա էլ զգում եմ այդ զզվանքը, և դա ինձ համար արգելք կլինի, որ երբ ուժերս սկսեն նվազել, մարմնիս ակտիվ գործունեությանը հարմար թեթև աշխատանք անեմ այգում: Ինչ էլ որ լիներ, քանի որ ամբողջ ձմռան ընթացքում հայրս թելադրում էր, թե ես ինչպես պետք է ապրեմ՝ դա համարելով ուսուցչի իր պարտքը, լրիվ անտանելի էր, որ ամառն էլ դառնում էր ձմեռային ռեժիմի շարունակությունը, մինչդեռ այդ ժամանակն ինձ անհրաժեշտ էր ուժերս վերկանգնելու և նոր ծանոթյուններ հաստատելու համար:
Ավելի ուշ՝ Առաջին աշխարհամարտից հետո, հայրս վաճառեց Սփարքս փողոցի տունը` այն չափազանց ընդարձակ համարելով ընտանիքի համար, որը բնակարանը մեծացնելու կարիք չուներ, և ստացված փողերը դրեց ոչ միայն Բեքինգեմ փողոցում ավելի փոքր և հին տան վրա, այլև Մասաչուսեթս նահանգի Գրոտոն քաղաքում խնձորի այգի գնեց: Նա հույս ուներ, որ ամբողջ ընտանիքը կմասնակցի այդ այգու աշխատանքներին, գոնե խնձորները հավաքելու ժամանակ, և որ դա հիանալի վայր կլինի իր տղաների և աղջիկների, նրանց ամուսինների և սպասվելիք թոռների հանգստի համար: Այս ծրագիրը հենց սկզբից տապալման էր դատապարտված: Երիտասարդները, որ հազիվ անցել էին քսան տարեկանի սահմանը, պետք է հոգս տանեին իրենց ծանոթների շրջապատը ստեղծելու համար և չէին կարող երկար ժամանակ անտեսել իրենց ապագա ամուսիններին փնտրելու հնարավորությունը:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
[1] «Ամերիկական ամսագրի» 1911թ. հուլիսի համարում Գ. Ադինգթոն Բրյուսի «Երեխաների ուսուցման մասին նոր գաղափարներ» հոդվածում բառացիորեն մեջ է բերված հորս խոսքը. «Վստահ եմ, որ հենց ուսուցման համակարգն է նրանց թույլ տվել այդպիսի արդյունքների հասնել: Անմտություն է պնդելը, ինչպես ոմանք անում են, որ Նորբերտը, Կոնստանսը և Բերտան անսովոր օժտված երեխաներ են: Նրանք այդպիսին չեն: Եթե նրանք ավելի շատ գիտեն, քան իրենց հասակի ուրիշ երեխաներ, այն պատճառով է, որ նրանց ուրիշ ձևով են սովորեցրել»։
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան