Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Հարվարդ, 1911-1913

1911թ. սեպտեմբերին, երբ համարյա տասնյոթ տարեկան էի, Հարվարդ վերադարձա որպես փիլիսոփայությունից դոկտորական աստիճան ստանալու թեկնածու:  1911թ. և իմ դոկտորանտուրայի ավարտի միջև ընկած ժամանակաշրջանում Հարվարդի փիլիսոփայության բաժնում հիանալի գիտնականներ էին աշխատում, և չնայած Վիլյամ Ջեյմսը արդեն կենդանի չէր, Ռոյսը, ՊալմերըՄյունստերբերգը և Սանտայանան դեռ կենդանի էին և առաջվա նման ակտիվ:

Ուսմանս առաջին տարում ընդունվեցի Սանտայանայի դասընթացը։ Դասընթացի բովանդակությունից քիչ բան եմ հիշում, փոխարենը շատ լավ հիշում եմ տիրող մթնոլորտը: Հին մշակույթի հետ անընդհատ կապի զգացողությունը և այն զգացողությունը, որ փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ոգու անքակտելի մասն է, ինձ մեծ բավականություն էին պատճառում, բայց ամեն դեպքում, հիմա, երբ այսքան տարի անցել է, չեմ կարող մի որոշակի գաղափար նշել, որին ծանոթացել եմ այդ դասընթացի ժամանակ:

Երբ ետ եմ նայում, գիտակցում եմ, որ Պալմերի դասընթացներն էլ ինձ քիչ բան են տվել: Դրանք դասխոսական դասընթացներ էին, և որքան հիշում եմ, դրանցում դիտարկվում էր անգլիական դպրոցի ավանդական փիլիսոփայությունը: Ինչը հիշում եմ Պալմերից, նրա զսպվածությունն էր և փափուկ բնավորությունը. ապրած տարիների ծանրության տակ թեթևակի առաջ թեքված՝ նա այնուամենայնիվ այրվում էր երիտասարդներին նոր գաղափարներով ոգեշնչելու և նրանց ամոթխածությունը հաղթահարելու ցանկությամբ:

Ռալֆ Բարտոն Պերին հորս խնդրանքով ինձ ուսանող ընդունածներից գլխավորն էր: Նա և հոգեբան Հոլթը հինգ-վեց ուրիշ գիտնականների հետ միասին այն ժամանակ «նոր ռեալիզմ» անունով հայտնի մանիֆեստի հեղինակներն էին: Դա ընդգրկում էր Ջեյմսի պրագմատիզմի արձագանքների և անգլիացի Բերտրան Ռասելի և Ջ. Է. Մուրի արտահայտած գաղաղափարների նման որոշակի գաղափարների խառնուրդ և բողոք էր իդեալիզմի դեմ, որը հայտարարում էր, որ իրականությունը գոյություն ունի միայն գիտակցության մեջ և որոշվում է նրա ակտիվությամբ: Ինքնին դա լրիվ հավանական է, բայց ամեն դեպքում, հիշում եմ, որ ինձ վրա թողած տպավորությունը անտանելի հավակնոտությունն էր և չհիմնավորվածությունը: Հեղինակներից մեկը հասավ այնտեղ, որ իր գաղափարները փորձեց հիմնավորել մաթեմատիկական տրամաբանության միջոցով, և նրա հիմնավորման մեջ գործնականում յուրաքանչյուր բառ ցույց էր տալիս տերմինների սխալ ընկալում: Գրական տեսանկյունից ստեղծագործությունը գրված էր հիմար-ինքնագոհ ոճով: Այնուամենայնիվ, Հոլթին հիշում եմ որպես խելացի և գրավիչ մարդու, որպես իր սեմինարների շրջանակում փորձառու բանախոսի, իսկ Պերին ամերիկյան լիբերալիզմի մեծագույն և արժանի ներկայացուցիչներից էր:

Լրիվ տարբեր ձևերով երկու անգամ հանդիպել եմ Ջոսայա Ռոյսին: Առաջին անգամ մաթեմատիկական տրամաբանության նրա դասընթացին էր: Չնայած չեմ կարծում, թե նրա ներդրումը մաթեմատիկական տրամաբանությունում մեծ է, այնուամենայնիվ, հենց նա ինձ ծանոթացրեց այդ առարկայի հետ: Ռոյսը բազմակողմանի մարդ էր: Նա գիտական աշխարհ եկավ ճգնաժամային փուլում, երբ փիլիսոփայական մտքի նախկին աղբյուրները սկսել էին ցամաքել, և սկսել էին աշխարհ գալ գիտական նոր մտքեր: Մաթեմատիկական տրամաբանությունը, ինչպես նա էր մատուցում, ցույց էր տալիս անկասկած խելացի մարդու, որը բավականին ուշ էր մտել նոր բնագավառ, որպեսզի այն կատարելապես տիրապետեր: Գիտական մեթոդի մասին Ռոյսի սեմինարներին, ուր հաճախում էի երկու տարի, և որը ինձ տվեց այն ամենաարժեքավորը, որ ստացել եմ ուսման ընթացքում, երևում էր նրա երկատվածությունը անցյալի և ապագայի միջև: Ռոյսն այդ փոքրիկ խմբում ընդգրկում էր  ցանկացած մտածող ուսանողի, որ հիմնավորված աշխատանքային ծրագիր էր իրականացնում և կարողանում էր լավ արտահայտել իր մտքերը այն մեթոդների մասին, որոնց միջոցով հանգել է իր գաղափարներին, և դրանց փիլիսոփայական նշանակության մասին: 

Ասել, որ խումբը համսեռ չէր, կնշանակի ոչինչ չասել: Մեր խմբում կար հրաբուխների հավայացի փորձագետ: Նա հիշողությանս մեջ մնացել է երկու բառի շնորհիվ ՝ pahoehoe և аа, որոնք, ինչպես ես հասկացա լավայի երկու տեսակի անվանումներ էին: Մեր խմբում էր նաև Ֆրեդերիկ Ադամս Վուդսը՝ «Ժառանգականությունը արքայական ընտանիքում» («НегесШу in Royalty») գրքի հեղինակը, որ զբաղվում էր եվգենիկայով (լավասերում), ուներ սնոբիստական մտածողություն և այն կարծիքին էր, որ գենետիկան շատ կարևոր նշանակություն ունի: Պերսի Բրիջմենը, որ արդեն այն ժամանակ թերհավատորեն էր տրամադրված այն տարրերի նկատմամբ, ինչից բաղկացած են փորձը և դիտարկումը, և հասկանում էր Ջեյմսի պրագմատիզմի ազդեցությունը ֆիզիկայի վրա, որոշակիորեն հակված էր օպերացիոնալիզմի, ինչը հետագայում ընդունեց: Բոստանյան հոգեպատալոգիական հիվանդանոցի առաջին ղեկավար Սաուտարդը հետաքրքիր բաներ էր պատմում հոգեբուժության հետ կապված մեթոդների պրոբլեմների մասին: Մեր խմբում էր նաև բնախոս, պրոֆեսոր Լոուրենս Ջ. Հենդերսոնը, որ մեկ ամբողջության մեջ միավորել է շրջակա միջավայրի պիտանելիության վերաբերյալ իրապես հոյակապ գաղափարներ և այն, ինչ, իմ կարծիքով, հնարավոր չէր տեղավորել որևէ փիլիսոփայական կառուցվածքում, և ում դա պակաս նկատելի չէր իր հավատանքի պատճառով, ինչը նրան հանգեցրեց նրան, որ աշխարհակառուցվածքի համակարգի կես ճանապարհին իր նման գիտնականի և Արարչի միջև միջև տեղ գտավ նաև մեծ գործարարը: Պատահաբար հայտնաբերել եմ, որ գիտնականի իրենց մասնագիտությունը թերագնահատող մարդիկ հազվադեպ են հասնում դրա գագաթնակերտին:

Կարծում եմ, որ հենց այդ սեմինարներում եմ հանդիպել անգլիացի Ֆ. Կ. Ռետրեյին, որ հետագայում դարձավ ընդհանուր եկեղեցու ծառայող և զբաղեցրեց Անգլիական Քեմբրիջի եկեղեցիներից մեկում քարոզիչի ամբիոնը: Այդ ժամանակ հենց Ռետրեյը, ավելի շատ, քան պաշտոնական դասավանդողներից մեկ ուրիշը, ինձ ցույց տվեց, թե ինչ է լավ բանավիճողը, և պարապմունքների ժամանակ ինչ աստիճանի կարելի է հասցնել բանավեճը: Ես մինչ այդ երբեք չէի հանդիպել մարդու, որ ընդունակ լիներ այդպես վարպետորեն ցուցադրելու նման բանավեճերին միշտ ուղեկցող դատարկախոսության անկարողությունը: Բայց ես չկարողացա ազատվել այն զգացողությունից, որ նրա նվիրվածությունը Սեմյուել Բաթլերին, և նրա կենսական ուժը, որ նման էր նրան, ինչով օժտված էր Բեռնարդ Շոուն, ավելի շուտ նրա անձնական, խորաթափանց խելքի տակ խնամքով թաքցված ապրումների արտահայտությունն էին, քան բերվող փաստարկների ճշտության նկատմամբ սովորական զգայնություն: Սեմինարների ժամանակ ես և Ռետրեյը շատ հաճախ էինք միավորում մեր ջանքերը, և վախենամ, ես դարձել էի նրա կարող աշակերտներից մեկը և իմ ուսուցիչների մշտական զայրույթի պատճառը:

Ես հաճախում էի նաև Մյունստերբերգի սեմինարներին: Նա շշմելու մարդ էր: Մենք երբեք չենք իմանա, թե նրա մեծամտությունը թաքցրած ի՜նչ աստիճանի ատելության զգացմունք էր Ամերիկայի նկատմամբ, որտեղ ինքը դասավանդում էր, և Գերմանիայի հետ համեմատության արդյունք, որտեղ նրան այդպես էլ չհաջողվեց մշտական ապաստարան գտնել: Նրա զգացմունքային անձը զարմանալիորեն հիշեցնում էր գերմանական Կայզերին, և իմ կարծիքով, պակաս անվստահություն և կոպիտ համառություն չէր արտահայտում, որ  բնորոշ էին հզոր և ամուր Ռեյխի հասարակության տարբեր շերտերի համար: Ինչպիսին էլ որ լիներ նրա կարծիքը Ամերիկայի մասին, որը նա ընդունել էր, և որը նրան էր ընդունել, նա կատարելապես տիրապետում էր ամերիկական արվեստին, որը պակաս շահավետ չէր ինքնագովազդի առումով: Արտասահմանցու նրա շեշտված հնչերանգն ու սովորաբար արտասահմանցիներին հատուկ դարձվածային արտահայտությունները նրա վերամբարձ հարցազրույցներին հետաքրքրություն էին հաղորդում, և Մյունստերբերգը լրագրողների համար ցանկալի պատառ էր դարձել:    

Պրոֆեսոր Հանթինգթոնի մոտ ուսանում էի փիլիսոփայության մաթեմատիկական տեսակետը: Նա հորս հին ընկերն էր և այցելում էր մեզ, երբ ապրում էինք Օլդ Միլ Ֆարմում` Հարվարդ քաղաքում: Հիշում եմ, որ այդ շրջանում, մինչև միջնակարգ դպրոցն ավարտելս, Հանթինգթոնը ուժերս փորձեց վերլուծական երկրաչափության մեջ և ինձ ծանոթացրեց ինը կետանի շրջանագծի տեսության հետ:

Հանթինգթոնը հիանալի դասավանդող էր և շատ բարի մարդ: Աքսիոմատիկ մեթոդի նրա վարժություններն ուղղակի հայտնագործություն էին դասավանդման համար: Նա վերցնում էր մաթեմատիկական պարզ կառույց, և դրա համար գրում էր աքսիոմների շարք, որոնց համար պետք է գտնեինք ոչ միայն դրանց բավարարող օրինակներ, այլև այնպիսիք, որ չէին բավարարում` ինչ-որ մի կոնկրետ տեղում կամ մի քանի տեղ: Նա նաև մեզ ոգևորում էր ստեղծելու մեր սեփական աքսիոմների շարքը: Ես ու Սադիսը միասին էինք գնում այդ պարապմունքներին, և այնտեղ առաջին անգամ գիտակցեցի այդ տղայի իրական կարողությունները. նրա վաղաժամ կործանումը իրական կորուստ էր մաթեմատիկայի համար:

Հանթինգթոնի կյանքն ինձ համար մշտապես հանելուկ մնաց: Նրա մտքի և հնարագիտության պայմաններում տրամաբանական էր սպասելը, որ նրա գրչի տակից մաթեմատիկայի ուշագրավ գիրք դուրս կգա: Սակայն նրա բոլոր աշխատանքերը, ինչ քանակի գաղափարներ էլ պարունակեր, մնում էին փոքրիկ ակնարկներ և հոդվածներ:   Հիշում եմ նրա մի ծավալուն աշխատանքը, որտեղ նա փորձում էր հիմնավորում տալ հարթաչափությանը և տարածաչափությանը. մի կողմից՝ այդ աշխատանը մի քիչ ավելին էր պարունակում, քան Հիլբերտի ավելի վաղ կատարած աշխատանքը, մյուս կողմից՝ նրա հիմնական գաղափարներից արդեն ներկայացված էին Ուայթհեդի աշխատանքում: Հանթինգթոնի օգտակար և արժանավայել կյանքը, իմ կարծիքով, սովորեցնում է, որ մաթեմատիկայում ինչ-որ հաջողության ձգտող մարդու համար թերություն է հավակնութունների բացակայությունը.  Հանթինգթոնը չափազանց ցածր էր գնահատում սեփական հնարավաորությունները։

Թույլ տվեք մի քանի խոսք էլ ասել այդ տարիների մեր զվարճությունների մասին: Սարերում հորս հետ երկար թափառումների ժամանակ 1910թ. ծանոթացա մի հիանալի աշխատանքի հետ՝ Ապալաչների ակումբը ճանապարհ էր բացում Սպիտակ սարերում (Ուայթ Մաունթինս): 1912թ. աշնանը դարձա ակումբի անդամ և շատ ժամանակ էի անցակցնում ակումբի շաբաթօրյա մարզումային արշավներում: Մենք մեծ խումբ էինք և բաժանվում էինք ըստ տարիքի և սեռի, բայց մի մարդու նման բոլորս տարված էինք հետիոտն զբոսանքով, սովորություն ունեինք հավաքվելու բոստոնյան երկաթգծի կայարաններից մեկում, որպեսզի ճամփորդության մեկնենք քաղաքամերձ գնացքով կամ օրն անցկացնեինք գյուղական վայրերով հետաքրքիր զբոսանքով:

1912թ. հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում ստացա: Այս փաստը փիլիսոփայության դոկտորի աստիճանին հասնելու իմ ճանապարհի աստիճաններից չէր, բայց ամեն դեպքում այդ աստիճանը ունենալը լավ էր, որպեսզի հաջորդ տարի բարդություններ չառաջանային: Ինչպես արդեն ասել եմ, նաև մի շարք առարկաներից նախնական քննություններ էի հանձնել, և դրանք ինձ օգնեցին, որ համակուրսեցիներիս հետ ավելի մոտ հարաբերություններ հաստատեմ, քան առաջ էր:

Այդ տարի նաև «Տիտանիկի» տարին էր: «Տիտանիկին» պատահածը հարվածեց մեր անվտանգության զգացողությանը, և այդ հարվածը համապատասխան նախերգանքն էր այն ցնցումների, որ մեզ սպասում էր առջևում: Հավանաբար այդ դեպքն ավելի շատ, քան առաջին համաշխարհային պատերազմը, աշխարհի երեխաներիս մեջ արթնացրեց այն փաստի գիտակցումը, որ մենք ամենևին էլ մեծահոգի տիեզերքի սիրված որդիները չենք. մի բան, որ երկար ժամանակ Եվրոպայում և Ամերիկայում տիրող էր: Դյումայի և Քիփլինգի գրքերից բացի, հեղինակներ, որոնք իսկապես կարողանում են հաճույք պատճառել դեռահասներին, ես իմ ցուցակում ավելացրեցի գրքեր, որ ինձ առանձնապես դուր էին եկել: Սվիֆթը այնքան էլ սիրված չէ պատանիների կողմից, նույնիսկ նրանց հասանելի այն հրատարակությունները, որոնցում անցանկալի տեղերը հանված են: Բայց տղան մեծանալուն զուգընթաց սկսում է ընկալել սատիրայի դառը համը, որպես տղամարդկային ուշադրությանը արժանի մի բան, և ես սկսեցի սիրել Սվիֆթին, չնայած կարդալիս երբեմն ցնցվում էի: Ինձ նմանապես սկսեց դուր գալ Թեքերեյի ավելի փափուկ, բայց կենդանի ոճը, և ես ներեցի նրա երկար և խուճուճ շեղումները, բայց նույնիսկ դրանք ժամանակի ընթացքում սկսեցին ինձ բավականություն պատճառել: Սակայն սատիրայից ավելի շատ ես սիրեցի Հայնեի պոեզիան, որտեղ ավելորդ ոչինչ չկար, որ խանգարեր ամբողջապես զգալու նրա սերը և նրա զայրույթը: Ես անգիր գիտեմ, ինչպես և հայրս գիտեր, նրա «Hebraische Melodien»-ի[1] գրեթե յուրաքանչյուր բառը, և չկա ուրիշ մի պոեզիա, որը կարողանա ստիպել ինձ, որպես հրեայի, զգալ ավելի մեծ հպարտություն և ավելի մեծ տանջանք:

Այս գրքերը ես նորից ու նորից կարդում էի, փորի վրա պառկած մահճակալիս, ներծծելով շատ անգամներ կարդացած արտահատությունների գեղեցկությունը: Ես այնքան էլ չէի սիրում նոր բաներ կարդալ, բայց ինչը կարդացել և սիրել էի, մնացել է հիշողությանս մեջ մշտապես, դարձել է իմ մասը և երբեք չեմ մոռանա:

Ճիշտ նույն կերպ նորից սովորեցի լատիներենը և հունարենը: Հորացիոսի արտահայտիչ պոեզիան դասագրքերիս էջերում կորած ինչ-որ բան չէ. նա հավերժորեն տպվել է հիշողությանս մեջ: Երբեք չեմ մոռանա Հոմերոսի վեհությունն ու թափը: Տեխնիկական իմաստով, թերևս, ինձ չի կարելի համարել դասական կրթության նվիրյալ, բայց այն իմ մեջ խորը արմատներ է ձգել:

Ճիշտ այդ ժամանակ քույրս ստացավ Ռասկինի «Ժամանակակից նկարիչները» գրքի մեկ օրինակ: Ագահաբար կարդացի այն, և ինձ դուր եկան Ռասկինի բավականաչափ ակադեմիական նկարները և նրա բանաստեղծական հոյակապ լեզուն: Չնայած նրա փորձերը՝ թափանցելու այնտեղ, ինչը կարելի է կեղծ գիտություն անվանել, իմ կարծիքով, դոգմատիկ էին և սխալ, չեմ կարող արժանին չմատուցել դիտարկողի նրա զարմանալի տաղանդին: Այս գիրքը խթան դարձավ, որ ես սկսեմ գնահատել գեղանկարչությունը, քանդակագործությունը և ճարտարապետությունը, բայց իմ հետագա փորձը ցույց տվեց, որ չնայած այս գրքում արվեստի բոլոր ճյուղերը հոյակապ են ներկայացված, Ռասկինի մոտեցումներում կողմնապահություն է զգացվում, և նրա հետազոտությունները պետք է լրացնել արվեստի մեծ գործերի հետ անմիջական ծանոթացումով և ոչ եվրոպական երկրների արվեստի նկատմամբ ավելի հանդուրժողական վերաբերմունքով:

1912թ. ամռանը վերադարձանք Սենդվիչ քաղաք և մեր սիրելի հարթավայրը` փռված Ֆլետ և Սենդվիչ Դոում սարերի ստորոտում: Տունը, որը վարձեցինք, հայտնի էր որպես Թեփըն Փլեյս: Մեր հարևանությամբ ապրում էր քեմբրիջյան բանկիրի անհոգ ընտանիք, որտեղ անդամների տարիքը փոփոխվում էր տասից մինչև քսան ու մի քիչ ավելի տարեկան: Մի բայց կար, այդ ընտանիքում միայն աղջիկներ էին: Նրանք շատ էին սիրում ոտքով զբոսանքները, և քանի որ իմ մեջ վերածնվել էր սարերը մագլցելու ցանկությունը, մենք միասին մեկ անգամ չէ, որ կազմակերպեցինք ուրախ զբոսանքներ Սենդվիչ Դոումով և Ուայթֆեյսով վերև ու ներքև անելով: Աղջիկները ինձ համակրելի էին թվում, բայց հատկապես մեկը, որ մոտավորապես իմ տարիքին էր, ավելի էր դուր գալիս: Չնայած, ինձ թվում է, նրան այդպես էլ չխոստովանեցի, որ համակրում եմ, հավանաբար մեր տան ետևի ծառերը պահպանվել են այն նշումները, որ գրել եմ գրպանի ծալովի դանակով:

Ես շարունակում էի հորս հետ անտառով թափառել, բայց արդեն տեսանելի էր, որ իմ ուժերի ավելանալուն զուգընթաց նրանը պակասում էր: Այնպիսի հաճույքները, ինչպես ծանր ուսապարկը, և փշատերև ծառերի ճյուղերից պատրաստված անկողնում գիշերելը, արդեն նրա ուժերից վեր էին:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի


[1] «Երգ երգոցը» (գերմաներեն)

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով