14 տարեկան, 11 ամսական, 11 օրական
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 1938 թվական
Երբ ոչինչ չես ուտում, խոսելու ցանկություն էլ չես ունենում։ Նույնիսկ եթե ուզենայի, դժվարությամբ կխոսեի։ Իսկ լռելը ամենևին էլ դժվար չէ։ Այդպես ես նույնիսկ հանգստանում եմ։ Դոդոյին մատներիս ծայրերով նշաններ եմ անում․ բավական է՝ նա հասկանում է։ Երկարատև լռությունը նման է մաքրագործման՝ լիակատար մաքրագործման։ Եվ հետո՝ այլևս թուք չկա։ Բերանս չոր է։ Երկար ժամանակ պառկած եմ մնում մահճակալին։
14 տարեկան, 11 ամսական, 13 օրական
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 1938 թվական
Զուգարան գնալիս աստիճաններից ընկել եմ։ Նա այնտեղ չէր։ Ձեռքս կապտել է, ազդրս էլ, կուրծքս էլ։ Ամեն ինչ ցավում է, հատկապես երբ շնչում եմ։ Մեկ շնչով կարողանում եմ միայն քիչ օդ ներշնչել։ Ամեն անգամ շունչ քաշելիս թոքերս պատռվում են, ինչպես փաթեթավորման թուղթը։ Ռոլանդան ինձ տարավ ու պառկեցրեց մահճակալին։ Կապտուկներս նրան սարսափեցրին, հատկապես՝ գլխիս հետևի այտուց։ Աստվա՜ծ իմ։ Ի՜նչ է սա։ Նա անդադար կրկնում էր․ «Աստվա՜ծ իմ, ի՜նչ է սա» և բժիշկ կանչեց։
Ոչինչ չեմ կոտրել, գուցե միայն մի կողոսկր է ճաքել։ Երբ բժիշկը դուրս եկավ սենյակիցս, ճիչեր լսվեցին։ Նա գոռում էր, թե դա «անթույլատրելի է»։ Ռոլանդան պատասխանում էր, թե ինքը մեղավոր չէ։ «Ես մեղք չունեմ»,- կրկնում էր նա։ «Որտե՞ղ է ձեր տանտիրուհին»։ «Ես ի՞նչ գիտեմ»։ Ես քնեցի։
Ինձ արթնացրեց հորեղբայր Ժորժը։ Արձակուրդից հետո նա չվերադարձավ Փարիզ, այլ Ժոզեֆի և Ժաննետի մոտ մնաց մինչև սեպտեմբերի վերջ։ Նրանք Էթյենի հետ թիթեռներ են բռնում։ Նրա հետ ես խոսեցի։ Ասացի պանսիոնի մասին։ Նրան այդ միտքը դուր եկավ և հավանություն տվեց։ «Դու լիքը ընկերներ կունենաս»։
Եկավ Ռոլանդան՝ ասելու, որ տիկինն արդեն վերադարձել է։ Նրանք փակվեցին հյուրասենյակում, բայց այնքան բարձր էին վիճում, որ ես լսում էի բառերն ու նույնիսկ ամբողջական նախադասություններ։
Հորեղբայր Ժորժի ձայնը.
— Կատարյալ խելագար եք։
Նրա ձայնը.
-Նա իմ որդին է։
Հորեղբայր Ժորժի ձայնը.
-Նա Ժակի որդին էլ է։
Նրա ձայնը.
-Ժակը հայր չի եղել։
Նրա ձայնը՝ խիստ բարկացած.
-Նա իմ զարմիկն է, և վստահ եղեք՝ ես կլինեմ նրա հորեղբայրը:
Նրա ձայնը՝ գնալով ավելի սուր.
-Ինձ դաստիարակության դասե՞ր եք տալիս, դո՞ւք՝ ինձ։ Իմ հարկի տա՞կ։ Իմ սեփակա՛ն տան մեջ։
Հյուրասենյակի դուռը շրխկաց, հետո՝ նրա սենյակի դուռը։ Երկար լռություն տիրեց, և ես նորից քնեցի։ Ինձ դարձյալ արթնացրեց հորեղբայր Ժորժը։ Նա ասաց. «Պանսիոնի հարցը ես վերցնում եմ ինձ վրա, կսովորես Էթյենի հետ միասին։ Իսկ հիմա ի՞նչ ես ուզում ուտել։ Ամենաշատը ի՞նչ ես ուզում»։ Ես պատասխանեցի. «Մեկ բաժակ սառը կաթ և հաց՝ խաղողի մուրաբայով ։Նա բերեց այդ ամենը սկուտեղով և ասաց, որ ես այլևս երբեք այդպես չվարվեմ. «Առողջության հետ այդպես չեն խաղում ։Քո մարմինը խաղալիք չէ։ Կեր սա ու հագնվիր, ես քեզ կտանեմ Ժոզեֆի ու Ժաննետի մոտ»։
—3—
15—19 տարեկան (1939—1943)
Այսուհետ, երբ որևէ մեծահասակ ինձ խորհուրդ տա, որ հավաքեմ ինքս ինձ ես կկարողանամ դա խոստանալ՝ առանց ստելու վտանգի։
15 տարեկան, 8 ամսական, 4 օրական
Չորեքշաբթի, 14 հունիսի, 1939 թ.
Կարծում եմ՝ հանրակացարանի ննջարանում մի կարգին հիմարություն արեցինք։ Ես էի ամեն ինչում մեղավոր։ Ընդամենը փորձարկում էր։ Ուզում էի գործնականում գիտականորեն ստուգել, թե ինչ դեր են խաղում մեր հինգ զգայարանները արթնանալու պահին։ Մենք արթնանում ենք այն ազդանշանից, որը մեզ ուղարկում է հինգ զգայարաններից որևէ մեկը, օրինակ՝ լսողությունը. ինձ արթնացնում էր շրխկացող դուռը կամ տեսողությունը, երբ ես բացում եմ աչքերս հենց այն վայրկյանին, երբ պարոն Դամբը ննջարանում վառում է լույսը։ Կամ շոշափելիքը, երբ մայրս էր ինձ արթնացնում, նա միշտ թափահարում էր ինձ, թեև դրա կարիքը չկար. հենց նա դիպչում էր ինձ, ես անմիջապես վեր էի թռչում քնից։ Հոտառությունը՝ Էտիենը պնդում է, որ հորեղբայր Ժորժը արթնանում է միայն շոկոլադի և տապակած հացի բույրից։ Մնում էր միայն ստուգել համը։ Հնարավո՞ր է արդյոք արթնացնել մեկին՝ ներազդելով համի վրա։ Այսպես սկսվեց մեր փորձարկումը։ Էտիենը մի քիչ աղ լցրեց բերանս, և դա ինձ արթնացրեց։ Հաջորդ օրը ես նրա շուրթերի արանքում մի պտղունց մանր աղացած պղպեղ լցրի՝ նույն արդյունքը։ Այն ժամանակ ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ կպատահի, եթե միաժամանակ գրգռենք հինգ զգայարանները՝ լսողությունը, շոշափելիքը, տեսողությունը, հոտառությունը և համը։ Ինչպիսի՞ «արթնացում» կլինի դա։ Էտիենը մեր փորձն անվանեց «լիակտար արթնացում»։ Նա անպայման ուզում էր լինել առաջինը, ով կփորձարկեր։ Քանի որ ես էլ էի դա ուզում, մենք վիճակ գցեցինք, և ես հաղթեցի։
Այսպիսով, պետք էր ինձ արթնացնել՝ միաժամանակ կատարելով հինգ գործողություն՝ կանչել ինձ, թափահարել, կուրացնել ուժեղ լույսով, բերանս աղ լցնել և ստիպել շնչել ինչ-որ ուժեղ հոտ ունեցող բան։ Հոտի համար Էթյենը իջավ տնտեսական իրերի պահեստ ու այնտեղից մի քիչ ամոնիակ գողացավ, որով լվանում էին զուգարանի սալիկները։
Մենք փորձն իրականացրինք այսօր առավոտյան՝ վերկացից քառորդ ժամ առաջ։ Եվ այսպես՝ հինգ զգայարանները, բոլորը միասին։
Մալմենն ինձ թափահարում էր, Ռուարը բերանս գդալով քացախ էր լցնում, Պոմյեն էլեկտրական լապտերով լույս էր գցում աչքերիս մեջ, Զաֆրանը քթիս տակ էր խցկում ամոնիակով թրջված բամբակը, իսկ Էտիենն այդ ընթացքում ականջիս մեջ անունս էր գոռում։ Ասում են՝ մի սարսափելի ճիչ եմ արձակել ու մնացել անշարժացած՝ աչքերս չռված, աղեղի պես ձգված, անկարող անգամ մի բառ ասելու։ Էթիենը փորձել է ինձ հանգստացնել, մինչդեռ մյուսները ցատկել են իրենց մահճակալների կողմը։
Երբ եկավ պարոն Դամբը, ես դեռ նույն վիճակում էի։ Դա տևեց մոտ կես ժամ։ Բժիշկ կանչեցին։ Բժիշկը հայտարարեց, որ ես գտնվում եմ «կատալեպսիայի վիճակում», և հրամայեց ինձ տեղափոխել բուժկետ։ Նա ենթադրեց, որ ես, հնարավոր է, էպիլեպսիկ եմ, և խորհուրդ տվեց հսկողության տակ պահել ինձ։ Նրա հեռանալուց հետո պարոն Դամբն ամեն ինչի մասին զեկուցեց պարոն Վլաշին, որը կանչեց Էթյենին և հարցրեց, թե իրականում ինչ է պատահել։ Էթյենը բոլոր աստվածներով երդվեց, որ ոչինչ չգիտի, որ լսել է, թե ինչպես եմ գոռում՝ կարծես մղձավանջ տեսնելիս, փորձել է ինձ ուշքի բերել, բայց չի հաջողվել։ Վլաշը նրան բաց թողեց, բայց ակնհայտ էր, որ չէր հավատացել։ Ինքս ոչինչ չեմ հիշում։ Զարմանքով, բավականին շփոթված ուշքի եմ եկել բուժկետում։ Ինձ զգում էի այնպես, կարծես վրայովս ճանապարհային գլան անցած լիներ։
Այս ամենից կարելի է հետևություն անել․ եթե միաժամանակ ազդել քնած մարդու հինգ զգայարանների վրա, նրան կարելի է սպանել։
16 տարեկան
Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 1939 թ.
Մազերս յուղոտ են։ Թեփոտ (հատկապես նկատելի է, երբ մուգ բաճկոն եմ հագնում)։ Դեմքիս վրա երկու պզուկ կա (մեկը՝ ճակատիս, մյուսը՝ աջ այտիս), երեք սև կետ՝ քթիս վրա։ Կրծկագեղձերս ուռել են, հատկապես աջը, որին սեղմելիս նույնիսկ ցավում է։ Ցավը սուր է, կարծես ասեղով ծակեն։ Հետաքրքիր է, իսկ աղջիկների մոտ ինչպե՞ս է լինում։ Մեկ տարում տասը կիլոգրամ քաշ եմ հավաքել և տասներկու սանտիմետրով բոյովացել (ձեռքերս նույնպես երկարել են, ինչը լավ է բռնցքամարտի համար, Մանեսը ճիշտ էր)։ Ծնկներս ցավում են, նույնիսկ գիշերը։ Դա այն պատճառով է, որ ես մեծանում եմ։ Վիոլետն ասում էր, որ հենց դա վերջանա, ես կսկսեմ փոքրանալ։ Ահա իմ արտացոլանքը լոգարանի հայելու մեջ։ Ես ինձ չեմ ճանաչում։ Ավելի շուտ, այնպիսի տպավորություն է, թե հայելու միջի «ես»-ն ինքն իրեն է աճում։ Փոխարենը՝ մարմինս ինձ համար հետաքրքրության առարկա է դարձել։ Հետաքրքիր է, ի՞նչ անակնկալ է սպասվում ինձ վաղը։ Երբեք չես իմանա, թե ինչով քեզ կզարմացնի մարմինդ։
16 տարեկան, 4 ամսական, 27 օրական
Ուրբաթ, 8 մարտի, 1940 թ.
Էթիենը պնդում է, որ եղբայր Դելարյուն շոյում է իրեն՝ մեզ հսկելիս, երբ առաջադրանքներն ենք անում։ Այն, ինչ մենք անում ենք վերմակի տակ, նա անում է սեղանի տակ։ Ինձ դա ո՛չ նորմալ է թվում, ո՛չ աննորմալ, ավելի շուտ՝ անտեղի՝ չնայած նման բանը, անկասկած, բավականին հաճախ է պատահում։ Իմ մտքով երբեք չէր անցնի մարդկանց ներկայությամբ ձեռնաշարժությամբ զբաղվել, բայց կարելի է, կարծում եմ, ընդունել, որ վտանգն ավելացնում է հաճույքի ուժգնությունը։ Էթյենն ասում է, որ եղբայր Դելարյուն պայուսակից ինչ-որ բան է հանում՝ գուցե լուսանկար, ամեն դեպքում՝ ոչ ամսագիր, որովհետև այդ առարկայի չափսերը շատ ավելի փոքր են, նայում է այդ բանին ու գաղտագողի իրեն շոյում։ Գուցե այդպես էլ կա, միայն թե դա ստուգելն անհնար է, որովհետև եղբայր Դելարյուն միշտ սեղանին է դնում իր հսկայական պայուսակը՝ այդպիսով պատնեշ ստեղծելով իր և մեր միջև։ Իսկ Էթիենը հանդարտվում է. «Դե հա, ազնիվ խոսք, նա դա անում է աջ ձեռքով։ Նայի՛ր։ Որովհետև նա աջլիկ է։ Երբ աջլիկ ես, ձախ ձեռքով ձեռնաշարժություն անելը ոչ մի կերպ չի ստացվի։ Մասնագետի խոսք է»։
16 տարեկան, 5 ամսական
Կիրակի, 10 մարտի, 1940 թ.
Ռուարն ինձ կանգնած նոկաուտի ենթարկեց ռինգի անկյունում։ Քանի որ ես չէի ընկել, իսկ պարաններն էլ ինձ պահում էին, նա անմիջապես չհասկացավ, թե ինչ վիճակում եմ, և շարունակեց հարվածներ հասցնել, մինչև որ ես վերջապես փռվեցի գետնին։ Սա իմ առաջին նոկաուտն էր (հուսով եմ՝ նաև վերջինը)։ Հետաքրքիր փորձառություն էր։
Ես նույնիսկ հասցրի նկատել Ռուարի «սուզումը»․ ինչպես նա նստեց՝ ծնկները ծալելով, առաջ թեքեց իրանը, կորացրեց պարանոցը, սահեց իմ պաշտպանության տակով ու հանկարծ ուղղվեց՝ զսպանակի պես։ Ես դեռ հուզված էի, հիացած նրանով, և հենց մտածում էի, թե վերջս եկել է, նա խփեց ծնոտիս։ Լսվեց մի խուլ «չլփ» ձայն, կարծես ուղեղս հանկարծ հեղուկ դարձավ։
Մինչ նա ինձ խփում էր, ես շարունակում էի լսել շուրջս հնչող ձայները, միայն թե ոչինչ չէի հասկանում։ «Նա ինձ անջատեց»,— մտածեցի ես։ Որովհետև, գտնվելով կիսագիտակից վիճակում, մտածում էի բավականին հստակ, նույնիսկ դատողություններ էի անում։ Կանգ առած ժամանակի մեջ՝ ես մտածում էի. «Գերազանց հարված է, պարզապես փայլուն։ Նման հարվածի ուժը կախված է, բնականաբար, մեր մարմինների փոխադարձ մերձեցման արագությունից և քաշից»։ Եվ հետո. «Այսուհետ չես կարծի, թե ամենաարագն ես»։ Ու հետո. «Եթե կարծում ես, թե ամենաարագն ես, ուրեմն եղի՛ր ամենաարագը»։ Ընկնելիս հասկանում էի, որ կորցնում եմ գիտակցությունս։ Բուն ուշագնացությունը տևեց մոտ յոթ-ութ վայրկյան։
16 տարեկան, 5 ամսական
Երկուշաբթի, 11մարտի, 1940 թ.
Նոկաուտի կողմնակի ազդեցությունները։ Այս առավոտ աչքերիս մեջ ներքին ճնշում եմ զգում։ Կարծես մեկը փորձի դրանք դուրս հրել ակնակապիճներից։ Օրվա ընթացքում անցավ։
16 տարեկան, 6 ամսական
Երեքշաբթի, 16 ապրիլի, 1940 թ.
Երեկոյան ճաշարանում խաշած ձու էր և սպանախ։ Մալմենը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ցերեկը հնձել են սիզամարգը։ Իսկապես այդպես էր։ Նա պնդում է, որ այդպես լինում է ամեն անգամ։ Ես չհավատացի, որ մեզ ընթրիքին խոտ են տալիս, ինչպես կովերին, բայց միևնույն է, Մալմենի խոսքերն այնքան ազդեցին ընկալմանս վրա, որ այդ եփած սպանախի համն ինձ ամբողջությամբ խոտային թվաց, ինչպես այն հոտը, որը թարմ հնձված սիզամարգերի վրա թևածում է օդում։ Բուսական համի քվինտեսենցիա։ Եվ ես վստահ եմ, որ մինչև կյանքիս վերջ սպանախի համն ինձ համար հենց այդպիսին էլ կմնա։ Այնպիսին, ինչպիսին այն դարձրեց Մալմենը։
16 տարեկան, 6 ամսական, 9 օրական
Ուրբաթ, 19ապրիլի, 1940 թ.
Եղբայր Դելարուեն դասապատրաստման սենյակում անտեղի ու անդադար շոյում է իրեն։ Նախկինում ամեն անհրաժեշտ բան (մերկ կանանցով բացիկները) իր հետ էր՝ պայուսակի մեջ։ Հիմա՝ ոչ։ Երբ ես նրան կանչեցի լվացքատուն՝ ցույց տալու ծորացող խողովակը (որն ինքս էի վնասել), Էթյենը դրանք թռցրեց։ Խեղճը չի էլ կարող բողոքել, որ իրեն թալանել են։ Նրա դեմքն ուղղակի այլայլված էր՝ զայրույթի, ամոթի և կասկածի խառնուրդ։
Մենք Էթյենի հետ որոշեցինք այդ տիկնանց օգտագործել մեր նպատակների համար՝ ամբողջ հարյուր քսանհինգ հատ։ Քանի որ ննջարանում միշտ կարող են խուզարկություն անել՝ տարբեր պատրվակներով, մենք դրանք թաքցրինք մատուռում, որտեղ ոչ ոք չի փորձի փնտրել։ Ժամանակ առ ժամանակ ընտրում ենք մեկը՝ մեր սիրո միակ առարկան։ Յուրաքանչյուրս՝ իրենը։ Եվ սիրում ենք նրան։ Մինչ հաջորդը։
Հետաքրքիր է, իսկ աղջիկները նույնն անո՞ւմ են տղամարդկանց պատկերների հետ, օրինակ՝ Քրիստոսի կամ Սուրբ Սեբաստիանի գեղարվեստորեն մերկացված մարմինները տառապանքի մեջ պատկերված, նրանց մոտ նույնպիսի՞ էքստազ են առաջացնում։
16 տարեկան, 6 ամսական, 15 օրական
Հինգշաբթի, 25 ապրիլի, 1940 թ.
Կրծքերի հարցը (կանացի)։ Կարծում եմ՝ աշխարհում չկա ավելի գայթակղիչ, ավելի հուզիչ բան, քան կանացի կուրծքը։ Մայրս հաճախ ինձ ասում էր. «Քո պատճառով ես կրծքի աբսցես ունեցա»։ Նա նկատի ուներ այն ժամանակը, երբ ինձ կրծքով էր կերակրում։ Ի դեպ, դա նրա կյանքում շատ կարճ շրջան էր, բայց խոսում էր դրա մասին այնպես, ասես մինչ օրս՝ տարիներ անց, դեռ զգում էր վերջինիս հետևանքները։
Առաջին հերթին ինձ հետաքրքրեց (ես դեռ բոլորովին փոքր էի), թե ինչ է աբսցեսը։ Պատասխանը գտա բառարանում (թարախի կուտակում հյուսվածքի կամ օրգանի մեջ) և փորձեցի պատկերացնել, թե ինչ տեսք ունի կրծքի աբսցեսը։ Ինձ մոտ ոչինչ չստացվեց (թարախակալած պտուկ պատկերացնելն ուժերիցս վեր էր), բայց ես անկեղծ վշտացա։ Ցավում էի ոչ թե միայն մայրիկիս, այլ ընդհանրապես բոլոր կանանց և նրանց կրծքերի համար։ Նրանց մարմնի այդքան գրավիչ մասը պետք է որ շատ նուրբ ու խոցելի լինի, եթե մանկան անատամ բերանը կարող է քնքուշ պտուկը վերածել աբսցեսի։
Թեև, երբ Մարիաննան ինձ ցույց տվեց իրենը և նույնիսկ թույլ տվեց դիպչել, դրանք ինձ այդքան էլ նուրբ չթվացին։ Ընդհակառակը, կլոր էին ու պինդ, իսկ լայն, նուրբ վարդագույն արեոլաները նստած էին դրանց վրա, ինչպես եկեղեցական գլխարկը եպիսկոպոսի գլխին և փայլփլում էին մարգարտյա բողբոջների պես։ Ճիշտ է, Մարիաննան այն ժամանակ ընդամենը տասնչորս տարեկան էր։ Նրա կուրծքը դեռ նոր էր ձևավորվում։ Դատելով մեր «աստվածային հարեմի» բացիկներից՝ տարիքի հետ կուրծքը խիստ փոխվում է։ Այն մեծանում է և դառնում ավելի փափուկ։ Արեոլան, ընդհակառակը, կարծես փոքրանում է, պտուկները սրանում են և թվում են արդեն ոչ այնքան փայլուն, փոխարենը՝ ավելի մսոտ։ Էթյենն ինձ տվեց իր խոշորացույցը, որպեսզի ավելի մոտիկից զննեմ։ Դրանք նաև դառնում են ավելի ճկուն և ընդունում են տարբեր ձևեր։ Բայց ահա մաշկը, նրանց մաշկը, թվում է նույնքան բարակ, հատկապես ներքևում՝ այնտեղ, որտեղ դրանք միանում են կրծքավանդակին։
Անհավատալի է, որ կանացի մարմնի նման հրաշալի մասը օժտված լինի ինչ-որ ֆունկցիաներով։ Որ այդ հրաշքները ստեղծված լինեն մանկահասակներին կերակրելու համար, որոնք ագահորեն քաշքշում են այն և թքոտում․ ո՛չ, դա պարզապես սրբապղծություն է։ Կարճ ասած՝ ես պաշտում եմ կանացի կրծքերը։ Ամեն դեպքում՝ մեր հարյուր քսանհինգ ընկերուհիների կրծքերը, այսինքն՝ բոլոր կանանց բոլոր կրծքերը՝ անկախ չափից, ձևից, քաշից, գույնից։ Ինձ թվում է, որ իմ ափերը պարզապես ստեղծված են կանացի կրծքերն գրկելու համար, և մաշկս բավականաչափ նուրբ է նրանց նրբագույն մաշկի համար։ Շատ ժամանակ չի անցնի, և ես վերջապես դա կստուգեմ գործնականում։
16 տարեկան, 6 ամսական, 17 օրական
Շաբաթ, 27 ապրիլի, 1940 թ.
Միշել դը Մոնտեն, «Փորձեր», գիրք III, գլուխ 5․
«Ի՞նչ վատ բան է արել մարդկանց սեռական ակտը՝ այդքան բնական, անհրաժեշտ ու արդարացված, որ բոլորն անխտիր ամաչում են դրանից և չեն համարձակվում խոսել այդ մասին՝ խուսափելով թեման շոշափել լուրջ ու պատշաճ զրույցների ժամանակ։ Մենք առանց վարանելու ասում ենք՝ «սպանել», «գողանալ», «դավաճանել», բայց այս մասին համարձակվում ենք խոսել միայն շշուկով։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ որքան քիչ ենք դրա մասին խոսում, այնքան ավելի շատ է այն զբաղեցնում մեր միտքը»։
Ինքնաբավարարման պահին ամենաարտասովորը հենց այն վայրկյանն է, որը ես անվանում եմ «լարախաղացի անցում»։ Սերմը հենց այդտեղ է՝ պատրաստ ժայթքելու, բայց ես այն զսպում եմ ամբողջ ուժով։ Գլխիկի պսակն այնպես է շիկացել ու լարվել, այնպես է պատրաստ պայթելու, որ ես ստիպված բաց եմ թողնում այն։ Ես ամբողջ ուժով զսպում եմ սերմնաժայթքումը՝ զգալով, թե ինչպես է մարմնիս այդ մասը թրթռում։ Այնքան ամուր եմ սեղմում բռունցքներս, կոպերս ու ծնոտս, որ ամբողջ մարմինս սկսում է թրթռալ դրան համահունչ։
Ահա հենց այդ պահն է «լարախաղացի անցումը»։ Աչքերս հետ են գնում կոպերիս տակ, շնչառությունս դառնում է կարճ ու մակերեսային, հեռացնում եմ բոլոր գրգռող պատկերները՝ կուրծք, հետույք, ազդրեր, ընկերուհիներիս մետաքսանման մաշկը… Եվ սերմը կանգ է առնում այդ շիկացած սյան մեջ՝ հենց խառնարանի եզրին։ Դա նման է ժայթքման եզրին գտնվող հրաբխի. չպետք է թույլ տալ, որ լավան հետ հոսի։ Այն իրոք երբեմն հետ է քաշվում, երբ ինչ-որ բան մեզ վախեցնում է (օրինակ՝ երբ պարոն Դամբը հանկարծ բացում է ննջարանի դուռը)։ Բայց նման բան թույլ տալ չի կարելի։ Ես գրեթե համոզված եմ, որ սերմնաժայթքումը զսպելը վնասակար է առողջությանը։ Հենց զգում եմ, որ այն սկսում է նահանջել, մատներս սեղմում են պսակը, և ես փորձում եմ պահել այն՝ լավայի պես եռացող կամ ավելի շուտ՝ ծառի հյութի պես. չէ՞ որ անդամն այդ պահերին նմանվում է ծառի լարված ու հանգուցավոր ճյուղի։
Այստեղ պետք է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն. մեկ միլիմետրը որոշում է ամեն ինչ։ Ամեն ինչ դառնում է այնքան զգայուն, որ պայթյուն կարող է առաջանալ անգամ թեթև շնչից կամ սավանի հետ հպումից։ Ես կարող եմ ևս մեկ-երկու անգամ զսպել ժայթքումը, և ամեն անգամ դա իսկական հաճույք է։
Բայց բացարձակ երանությունը գալիս է այն պահին, երբ այլևս ոչինչ հնարավոր չէ զսպել։ Այրող սերմնահեղուկը, դուրս հորդելով, հոսում է ձեռքերիս վրայով։ Ա՜խ, ինչպիսի՜ հրաշալի պարտություն։ Այդ ամբողջ ներքինն անսպասելիորեն դուրս է թափվում, և հաճույքը քեզ կլանում է գլխիվայր… Միաժամանակ թե՛ ժայթքում է, թե՛ կլանում։ Դա լարախաղացի անկումն է շիկացած խառնարանի մեջ։ Ինչպիսի՜ հրաշք է այդ կուրացնող բռնկումը խավարի մեջ։ Էթյենն ասում է, որ սա «ապոթեոզ» է։
16 տարեկան, 6 ամսական, 20 օրական
Երեքշաբթի, 30 ապրիլի, 1940թ.
Եվ այնուամենայնիվ, կա մի բան, որն ամոթի ստվեր է գցում զգացմունքի այս ապոթեոզի վրա, և դա այն նողկալի բառերն են, որոնք օգտագործվում են դրա մասին խոսելիս։ «Ձեռնաշարժությամբ զբաղվել»՝ սրա մեջ ինչ-որ նյարդային հիվանդագին բան կա, «ինքն իրեն գոհացնել»՝ հնչում է պարզապես հիմարավուն, «շոյել»՝ հիշեցնում է տատիկի շնիկին, «մաստուրբացիա»՝ ֆու, զզվելի է (այդ բայը, թեկուզև լատինական, իր մեջ ինչ-որ փխրուն ու սպունգանման բան ունի), «ինքն իրեն դիպչել»՝ ընդհանրապես ոչինչ չի արտահայտում։ «Դուք ձեզ դիպչե՞լ եք»,— հարցնում է քահանան խոստովանության ժամանակ։ Իհարկե՛։ Իսկ ուրիշ կերպ ինչպե՞ս լվացվել կամ հագնվել։
Մենք երկար քննարկեցինք սա Էթիենի և մյուս տղաների հետ։ Ինձ թվում է՝ ես գտա ճիշտ արտահայտությունը. «հավաքիր քեզ» Այսուհետ, երբ մեծահասակներից որևէ մեկն ինձ խորհուրդ տա ինքնակառավարվել ու «հավաքել ինձ», ես կկարողանամ խոստանալ դա նրանց՝ առանց ստախոս երևալու որևէ ռիսկի։
6 տարի, 6 ամիս, 24 օր
Շաբաթ, 4 մայիսի, 1940 թվական
« Սագիկ » ։ Հիանալի՜ գաղափար է։ Ահա թե ինչ կանենք մեր հարյուր քսանհինգ գեղեցկուհիների հետ։ Նրանցից ամենագեղեցիկներով մենք կխաղանք։ Կխաղանք մի էրոտիկ սեղանի խաղ, որը կոչվում է «Ով առաջինը կկորցնի կուսությունը»։ Ճիշտ այդպես։ Հենց այդպես էլ այն կկոչվի։ Նա, ով առաջինը կանցնի բոլոր վաթսուն երեք դաշտերը և կհաղթի, իրավունք կստանա զրկվելու անմեղությունից։ Դուք հաղթեցիք։ Բարի գալուստ հասարակաց տուն։
Խաղալու ենք փողի վրա։ Պարտությունների գումարը կգնա ընդհանուր դրամարկղ։ Որպեսզի դրամարկղն ավելի արագ համալրվի, մենք կունենանք ութ խաղացողից բաղկացած ակումբ։ Կնդգրկվեն նաև Մալմենը, Զաֆրանը և Ռուարը. իմ գաղափարը նրանց մոտ հիացմունքի փոթորիկ առաջացրեց։ Եզրափակիչ խաղը տեղի կունենա բանավոր ավարտական քննությունից հետո՝ հենց ամառային արձակուրդների նախաշեմին։ Հաղթողը կստանա դրամարկղի ողջ գումարը՝ պայմանով, որ այն կծախսի միակ նպատակի՝ կուսությունը կորցնելու վրա։ Վերջում՝ գրավոր հաշվետվություն։ Թող այդպես լինի։Որպես խաղի լեյտմոտիվ կծառայի Մոնա Լիզայի դեմքը, որի խորհրդավոր ժպիտը կարող է մեկնաբանվել ամենատարբեր ձևերով։
«ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԿՈՐՑՆԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»։ ԷՐՈՏԻԿ ԽԱՂ
Խաղի կանոնները
Խաղը խաղում են երկու զառով։
Խաղն սկսելուց առաջ քսակները պետք է լիքը լինեն։ Յուրաքանչյուր խաղացող պետք է զույգ գցի։։
- Վանդակ 2. Նախ մեծացիր։ Բաց ես թողնում երեք քայլ։
- Վանդակ 4. Զննելով ձեր սպիտակեղենը՝ մայրիկը զարմանքով նկատում է դրա վրա առկա կասկածելի բծերը։ Նա ձեզ տանում է բժշկի մոտ, ով ձեզ վրա կապ է դնում գիշերային արտանետումների դեմ։Վերադառնում եք 3-րդ վանդակ, բաց թողնում երկու քայլ։
- Վանդակ 6. Պարոն Դամբը ձեզ բռնացրել է հանցանքի վայրում, երբ դուք միայնության մեջ տրվում էիք արգելված վայելքների։ Նա ձեզ ուղարկում է սառը ցնցուղ ընդունելու։
Մեկ քայլ հետ՝ 5-րդ վանդակ, երկու քայլի բացթողում։
- Վանդակ 8. Դուք մտքով հեշտասիրության մեղք եք գործել։ Գնացեք խոստովանության 7-րդ վանդակ, բաց թողեք մեկ քայլ։
- Վանդակ 10. Ձեզ շփոթեցրել են գիշերային տեսիլքները։ Վերադարձեք 9-րդ վանդակ և գաղտնի լվացեք սավանը։
- Վանդակ 12. Պատահաբար հանդիպելով ձեր կեղտոտ սպիտակեղենին՝ հորեղբայր Ժորժը շնորհավորում է ձեզ տղամարդ դառնալու կապակցությամբ։
Նետի՛ր զառերը երկու անգամ և առաջ շարժվիր այնքան վանդակ, որքան կհամապատասխանի ընկած թվերի գումարին։
Գնանք առաջ.
- Վանդակ 15 (այստեղ նկարը պատկերում է Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը). Նա ձեզ ժպտաց։ Նորից քայլ արեք։
- Վանդակ 19. Աղջիկներին դուր գալու համար պետք է ուժեղ լինել։ Մարզվեք մարզասրահում։ Վճարում եք երեքանոց և բաց թողնում երկու քայլ։
- Վանդակ 21 (Մոնա Լիզա). Նա ժպտում է ձեզ, բայց դա հեգնական ժպիտ է։ Ձեր մռայլ մտքերով վերադարձեք 17-րդ վանդակ։
- Վանդակ 23. Աղջիկներին դուր գալու համար պետք է լավ լողալ իմանալ։ Դուք լողի դասեր եք առնում։ Վճարում եք 4 և բաց թողնում մեկ քայլ։
- Վանդակ 27 (Մոնա Լիզա). Դուք փորձում եք համբուրել նրան և ապտակ եք ստանում։ Վերադարձեք 13-րդ վանդակ՝ ձեր հիասթափությունը վերապրելու համար։
- Վանդակ 29. Աղջիկներին դուր գալու համար պետք է պարել իմանալ։ Դուք պարի դասեր եք գնում։ Վճարում եք 5 և բաց թողնում մեկ քայլ։
- Վանդակ 33 (Մոնա Լիզա). Նրան թվում է, թե դուք կեղտոտ եք։ Վերադարձեք 11-րդ վանդակ և լվացվեք։
- Վանդակ 39 (Մոնա Լիզա). Նա համարում է, որ ձեր սանրվածքը սարսափելի է։ Գնացեք վարսավիրի մոտ՝ 31-րդ վանդակ, և վճարեք 1։
- Վանդակ 41. Սերը կուրացնում է։ Բաց թողեք մեկ քայլ, որպեսզի ձեր խորաթափանցությունը վերադառնա։
- Վանդակ 43. Ձեր լեզուն փառակալած է, իսկ բերանից տհաճ հոտ է գալիս։ Մաքրեք ստամոքսը և բաց թողեք մեկ քայլ։
- Վանդակ 45 (Մոնա Լիզա). Նրան թվում է, թե դուք վատ եք հագնված։Վերադարձեք 37-րդ վանդակ, ձեզ համար կոստյում կարեք և վճարեք 10։
- Վանդակ 47. Ձեր դեմքին պզուկներ են հայտնվել։ Բուժվեք և բաց թողեք մեկ քայլ։
- Վանդակ 51 (Մոնա Լիզա). Նա ձեզ լիովին անկիրթ է համարում։Վերադարձեք 1-ին վանդակ՝ մի փոքր սովորելու համար։
- Վանդակ 53. Պճնվելով՝ դուք թանկարժեք ժամանակ եք կորցնում։ Բաց թողեք մեկ քայլ։
- Վանդակ 57 (Մոնա Լիզա). Ոչ մեկին մի՛ ասեք, թե նա ինչ արեց ձեզ հետ։ Նա հիացած է, դուք՝ նույնպես։ Դուք նորից եք քայլում։
- Վանդակ 59. Սիրուց թևեր են աճում թիկունքում։ Դուք նորից եք քայլում։
- Վանդակ 61. Պարոն Դամբը ձեզ բռնացնում է այս խաղը խաղալիս։ Բոլորը վերադառնում են ելման դիրք։
- Վանդակ 63. Դուք հաղթեցիք, բարի գալուստ հասարակաց տուն։ Բացի այդ, դուք վերցնում եք ողջ դրամարկղը։
- Հաղթելու համար անհրաժեշտ է հայտնվել հենց 63-րդ վանդակի վրա։ Եթե զառերի վրա ընկած միավորների գումարը ձեզ ավելի հեռու է տանում, դուք ստիպված կլինեք հետ նահանջել այնքան վանդակ, որքան կազմում են ձեր ավելորդ միավորները։
16 տարի, 7ամսական, 2 օրական
Կիրակի, 12 մայիսի, 1940 թվական
Երբեմն, ննջարանում, երբ տագնապն ինձ արթնացնում է կեսգիշերին (հաճախ այն պատճառով, որ երազումս տեսնում եմ հայրիկիս կամ Վիոլետին), ես աստիճանաբար հանդարտվում եմ՝ թույլ տալով, որ ինձ տիրի այն զգացողությունը, թե այս բոլոր քնածներն ու ես կազմում ենք միայն մեկ մարմին: Մի մեծ քնած մարմին՝ նույն շնչառության մեջ, որը երազում է, հառաչում, քրտնում, քորվում, տակնուվրա լինում, փնչացնում, հազում, գազեր թողնում, խռմփացնում, աղտոտում մղձավանջներ տեսնում, վեր թռչում տեղից ու անմիջապես նորից քնում: Այդ պահերին ինձ ոչ թե ընկերության զգացումն է համակում, այլ այն տպավորությունը, որ օրգանական տեսանկյունից մեր ննջարանը (մենք վաթսուներկու հոգի ենք) կազմում է ընդամենը մեկ մարմին: Եթե մեզնից մեկը մեռնի, մեծ ընդհանուր մարմինը կշարունակի ապրել:
ՆՇՈՒՄ ԼԻԶՈՆԻ ՀԱՄԱՐ
Փակագծերում ասեմ, Լիզո՛ն, որ ես սա գրում էի մայիսի 10-ի գերմանական հարձակման հաջորդ օրը: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Մարդկային տեսակը նորից անցել էր իր հին գործին։Այդ օրը ես երդվեցի՝ ի հիշատակ հայրիկիս, չմասնակցել այդ խեղկատակությանը: Ինչպես կտեսնես, հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին:
16 տարեկան, 8ամսական, 24 օրական
Կիրակի, 23հունիսի, 1940 թվական
Մենք հանդիպում ենք կուզիկացած մարդկանց՝ դատարկ հայացքով, դանդաղաշարժ: Ոմանք լիովին մոլորված են: Բառիս բուն իմաստով: Ցնցոտիավոր, լվոտված, չ սափրված փախստականներ, որոնք թափառում են իրենց անծանոթ քաղաքի փողոցներում: Դժվարանում եմ պատկերացնել, որ դեռ անցյալ ամիս նրանք Փարիզում բնականոն կյանքով էին ապրում: Ինքնահոսի մատնված մարմիններ…
Հաջորդ օր
Անորոշ ժամանակով հետաձգեցինք «Սագիկ» խաղի եզրափակիչը. Ռուարը եղբորը կորցրեց Դյունկերկում: Նա նրան շատ էր սիրում: Մեր կուսությունը կսպասի ավելի լավ ժամանակների:
16 տարեկան, 9ամսական, 14 օրական
Չորեքշաբթի, 24 հուլըսի, 1940 թվական
Մերակ։ Ես հաճարենու կեղևին քսվելով քերծել-արնոտել եմ կուրծքս, ոտնաթաթերս, բազուկներիս ու ոտքերիս ներսի մասը։ Կարճ ասած՝ ողջ-ողջ մաշկազերծ եմ եղել։ Բառիս բուն իմաստով։ Եվ այդ ամենը Տիժոյի պատճառով։ Նրա մտքին փչել էր բնից մի ագռավի ձագ հանել, բայց թռչունի ծնողները դեմ եղան նման «որդեգրմանը»։ Իսկ քանի որ Տիժոն ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել իր որսից, նրանք պարզապես հարձակվեցին նրա վրա։ Նա ձագուկին սեղմել էր կրծքին, իսկ մյուս ձեռքով հետ էր մղում ծնողներին։ Եվ այս ամենը՝ գետնից մի վեց մետր բարձրության վրա՝ ճյուղի վրա նստած։ Մարտան ներքևից գոռում էր, որ նա բաց թողնի թռչունին, իսկ Մանեսը վազեց հրացանի հետևից՝ ագռավներին խփելու համար։ Կարճ ասած թե՛ մեկը, թե՛ մյուսը պաշտպանում էին իրենց ձագերին։
Չկասկածելով, որ Մանեսը կսկսի կրակել, ես մագլցեցի ծառն ու հասա Տիժոյին։ Առաջին երեք մետրը ես բարձրացա կապիկի կամ էլեկտրիկի նման՝ ձեռքերով ու ոտքերով գրկելով ճյուղեր չունեցող բունը։ ։ Ես նոր էի վերադարձել խեցգետին որսալուց, ուստի բոբիկ էի և միայն լողազգեստով։ Ծառը բարձրանալն ամենևին դժվար չէր։ Այնպիսի տպավորություն էր, թե գրկում եմ մի կենդանի մարմին։ Իջնելիս Տիժոն իր քաշով անընդհատ ինձ հետ էր քաշում, և ես ստիպված էի ամուր սեղմվել բնին։ Բայց քանի որ Տիժոն ձախ ձեռքով խեղդում էր ինձ (նա այդպես էլ չկամեցավ բաժանվել իր նոր ընկերոջից), մի փոքր թուլացրեցի ծառը գրկելու ուժգնությունըորպեսզի արագացնեմ վայրէջքը։ Հենց գործողության այս փուլում էլ ես մաշկազերծ եղա կեղևին քսվելուց։ Հատկապես այն պահին, երբ ուզում էի արգելակել. մենք չափազանց արագ էինք իջնում։
Երբ հասանք գետնին, ես ամբողջովին արնաշաղախ էի, իսկ ձագուկը սատկել էր. Տիժոն իր սիրով պարզապես խեղդել էր նրան։ Մարթան գոռում էր ողջ ձայնով. «Էս երեխեն մեր գլխին ինչ ասես չբերեց։ Հազիվ յոթ տարեկան է, բայց արդեն ինչ ասես չբերեց մեր գլխին»։Ինքնըստինքյան հասկանալի է, որ քերծվածքներս պետք է լվանային օղիով։ Եվ այս անգամ՝ առանց «լսողական անզգայացման»։ Մարթան Վիոլետը չէ։ Մինչ ես եղունգներս խրում էի ափերիս մեջ, Մանեսը սպառնում էր իր կրտսեր զավակին մի լավ դաս տալ, բայց վերջինս զբաղված էր թշվառ զոհի թաղման արարողությամբ։
Բայց նա մտքափոխվեց՝ ձայնի մեջ հպարտության ինչ որ նշույլով ասելով. «Միևնույն է, էս լակոտը ոչ մի բանից չի վախենում»։
Արդյունքում քնում եմ մերկ՝ մի կողմ նետելով սավանն ու վերմակը, ոտքերս լայն բացած, նյարդերիս ցանցի մեջ ողջ-ողջ այրվելով։ Այսուհետ ես դժոխքը հենց այսպես կպատկերացնեմ՝ անվերջ այրում առանց բոցի, աչքերս բաց՝ դեպի անհուն խավարը։ Մարսիասի պատիժը։
16 տարեկան, 9 ամսական, 23 օրական
Ուրբաթ, 2 օգոստոսի, 1940թ.
Ի՜նչ բերկրանք է, այնուամենայնիվ, ծառ մագլցելը։ Հատկապես կաղնիներն ու հաճարենիները։ Ամբողջ մարմինդ կարծես բացվում է։ Ձեռքերդ ու ոտքերդ քեզ պոկում են առօրյա կյանքից։ Որքա՜ն արագ ես յուրացնում այդ արվեստը։ Որքա՜ն ճշգրիտ են շարժումները։ Սա բոլորովին նման չէ լեռ բարձրանալուն, սա լեռնագնացություն չէ (ինձ թվում է՝ լեռներում գլուխս կպտտվեր), սա պարզապես ազատ ճամփորդություն է սաղարթների միջով։ Որտե՞ղ ենք մենք։ Ո՛չ գետնին, ո՛չ երկնքում՝ կանաչի պայթյունի հենց էպիկենտրոնում։ Ես կուզեի ապրել ծառերի վրա։
16 տարեկան, 11 ամսական, 6 օրական
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 1940թ.
Երբ գլուխս ծանրանում է գրքերի շուրջ երկար նստելուց, գնում եմ բռնցքամարտի տանձիկին հարվածելու։ Մանեսը դրա վրա իր ծաղրանկարի փոխարեն փակցրել է Լավալի ծաղրանկարը։ Դե՛, տո՛ւր… Ջնջի՛ր նրան։ (Խիտ մազափունջ, կախված կոպեր, հաստ շուրթեր, սիգարետը բերանի անկյունում. բավականին նման է ստացվել)։
Պարկի կոշտ գործվածքը քերծում է մատներս, ուստի ձեռքերիս գուլպաներ եմ հագնում։
16 տարեկան, 11 ամսական, 10 օրական
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 1940թ.
Մերակ։ Թենիս՝ գոմում։ Պատի վրա, ցանցի բարձրությամբ, գիծ եմ քաշել։ Քանի որ պատերի սվաղն ու հատակը անհարթ են, գնդակի անդրադարձներն անկանխատեսելի են. ռեֆլեքսներ մարզելու համար ավելի լավ բան հնարավոր չէ պատկերացնել։ Եթե սրան գումարենք Տիժոյի և մյուսների հետ հացահատիկի դեզերի մեջ ցատկելը, համառ այծերի հետևից վազելը և Ռոբերի հետ ֆերմայի գործերը (որն ուղղակի անսպառ էներգիա ունի), ապա Մերակում անցկացրած ժամանակս կարելի է համարել իսկական դեսանտայինի մարզումներ։
17 տարեկան, 1 ամսական, 14 օրական
Կիրակի, 24 նոյեմբերի, 1940թ.
Մանեսը գերանդիով, որն ընկած էր ծղոտների տակ, կտրել է սրունքը։ Հիգիենան՝ ըստ Մանեսի և Մարթայի՝ վերքը մաքրելու համար՝ օղի, ինչպես միշտ, իսկ վիրակապելու համար՝ ախոռից բերված մի սարդոստայն, որն ամբողջությամբ սևացել էր գոմաղբից։ «Ծծում է»,— ասում է նա իրեն հատուկ սակավախոսությամբ։ Նրա հետ փայտացման մասին խոսելն ավելորդ է։ Միշտ էլ այդպես են արել, ու դեռ ոչ մեկ չի մեռել։ Կարող եմ պատկերացնել, որ սարդոստայնը պետք է օժտված լինի կապող կամ բուժիչ հատկություններով։ Բայց գոմա՞ղբը… Այնուամենայնիվ, պետք է խոստովանել՝ մինչ օրս այս սպեղանիներից ընտանիքում դեռ ոչ ոք չի մեռել։
17 տարեկան, 2 ամսական, 17 օրական
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 1940 թվական
Հորեղբայր Ժորժը, Մերակով անցնելիս, հարցրեց ինձ՝ չէի՞ ցանկանա արդյոք բժիշկ դառնալ (այդ ուղին է ընտրել քո զարմիկ Էթիենը։) Միայն ոչ ես։ Զբաղվել մարմնական խնդիրներո՞վ։ Շնորհակալություն, պետք չէ։ Թվում է՝ ես հենց դրանից եմ սկսել։ Ինչ վերաբերում է մարդկանց բուժելուն…․Նախ՝ պետք է հսկայական ժամանակ վատնել, որպեսզի նրանց գլխից հանես այն ամենը, ինչ իրենք հորինել են սեփական մարմնի մասին, որին նայում են բացառապես բարոյականության տեսանկյունից։
Իմ համբերությունը չի հերիքի Նոեմի մորաքրոջը բացատրելու համար, որ հարցն այն չէ՝ նա «արժանի՞ էր» իր թոքերի էմֆիզեմային, թե՞ ոչ։
-Իսկ ի՞նչն է քեզ հետաքրքրում կյանքում,— հարցնում է հորեղբայրս։
Սեփական մարմնիս դիտարկումը, որը խորապես օտար է ինձ (իհարկե, դա նրան չեմ ասում։) Եվ նույնիսկ բժշկական ուսումնասիրությունները, որքան էլ խորը լինեն, ինձ չեն ազատի այդ զգացումից։
Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ զբաղվել մոտավորապես նրանով, ինչով զբաղվում էր Ռուսոն իր զբոսանքների ժամանակ՝ խոտաբույսեր հավաքելով։ Հավաքել մինչև վերջին օրը և միայն ինձ համար՝ չկորցնելով հույսը, որ դա պետք կգա ևս մեկին։ Ինչ վերաբերում է մասնագիտությանը, բոլորովին այլ հարց է։ Ամեն դեպքում, այս օրագրում դրա համար տեղ չի լինի։
17 տարեկան, 5 ամսական, 8 օրական
Երեքշաբթի, 18 մարտի, 1941 թվական
Երեկ Էթիենի հետ սաստիկ վիճեցինք Վոլտերի ու Ռուսոյի պատճառով. նա ծաղրում էր Ժան-Ժակին, իսկ ես պաշտպանում էի նրան։ Այս վեճից իմ հիշողության մեջ կմնան ոչ թե մեր փաստարկները (անկեղծ ասած, առանձնապես փաստարկելու բան էլ չունեինք), այլ Էթիենի ակամա շարժումը, երբ նա սեղանից վերցրեց երկար քանոնը և մի ծայրը հենեց իր որովայնին, իսկ մյուսը՝ իմ։ Ամեն անգամ, երբ մեզնից մեկը վեճի տաք պահին սկսում էր առաջ գալ մյուսի վրա, քանոնը խրվում էր երկուսիս փորի մեջ։ Ցավոտ էր։ Իսկ եթե հետ էինք քաշվում, քանոնն ընկնում էր։ Բանավեճի վերջ։ ։Ահա սա է կոչվում չափավորված խոսել։ Արտոնագրելու արժանի համակարգ։
17 տարեկան, 5 ամսական, 11 օրական
Ուրբաթ, 21 մարտի, 1941 թվական
Ցանկությունը երբեմն համակում է ինձ ամենաանսպասելի պահերին, օրինակ՝ երբ ինձ գրգռում է այն, ինչ կարդում եմ։ Ես կարդում եմ և էրեկցիա եմ ունենում։ Ընդ որում, խոսքը Ապոլիների կամ Պիեռ Լուիսի մասին չէ, որոնք սիրալիրորեն մեզ նման նվերներ են մատուցում, այլ, օրինակ, Ռուսոյի, ով շատ կզարմանար՝ իմանալով, որ իր «Հասարակական դաշինքի» ընթերցումը ինձ մոտ էրեկցիա է առաջացնում։ Եվ՝ հոպ։ Փոքրիկ օրգազմ՝ բացառապես մտքի ուժով։
18 տարեկան, 9 ամսական, 5 օրական
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 1942 թվական
Մինչ ավարտական քննություններին էի պատրաստվում և սովորում էի նախապատրաստական կուրսում, ոչինչ չեմ գրել։ Մարմինն ինքնաբացարկ հայտնեց։ Լիցքաթափվելու համար մի քիչ բռնցքամարտով էի զբաղվում, գնդակ էի խաղում ու լողում։ Մի քիչ էլ օգնում էի Մանեսին դաշտում։ Երեք ծին, վեց գառնուկ։ Դեռևս չեմ կարողանում խոզ մորթել։ Ուտել կարող եմ, սպանել՝ ոչ։ Խեղճը գալիս էր ինձ մոտ՝ քսմսվելու, երբ ես քրտնաջան աշխատում էի։ Ախ, կենդանու այդ հիմար հավատը մարդու հանդեպ…
18 տարեկան, 9 ամսական,25 օրական
Երեքշաբթի, 4 օգոստոսի, 1942
Թենիս. Դը Գ.-ի երեք եղբայրներին էլ ջախջախիչ պարտության մատնեցի։ Երեք խաղի վեց սեթերի ընթացքում նրանցից ոչ մեկին չհաջողվեց երկու անգամից ավել հաղթել։ Ամեն ինչ սկսվեց նվաստացումից։ Ավագն ինձ ուղղեց «դը» մասնիկի կիրառման հարցում՝ ընդգծելով, որ երբ խոսքը ազնվական ընտանիքի մասին է, պետք է ասել ոչ թե «Դը Գ.», այլ պարզապես «Գ.»․ պատշաճ կրթությունը պահանջում է այդ մասնիկի զեղչումը։ Դա բոլորը գիտեն, ի վերջո։ Շատ Լավ։
Մյուսն էլ այն էր, որ ես ոչ շորտ ունեի, ոչ թենիսի կոշիկներ, իսկ իմ «ցնցոտիներով» ընտիր հագնված մրցակիցների դեմ խաղալը պարզապես «անվայել» էր, նույնիսկ եթե դա մասնավոր կորտ էր (տվյալ դեպքում՝ իրենցը)։ Այնպես որ, նրանք ինձ տվեցին անհրաժեշտ հանդերձանքը՝ շորտ, շապիկ, կոշիկներ՝ ամեն ինչ ձյունաճերմակ։ Ես շորտս կապեցի (արդյո՞ք նրանք դիտավորյալ էին ինձ տվել չափազանց մեծը) լվացքի պարանի մի կտորով, որը գտել էի տնտեսական շինության մեջ, և երեքին էլ մի լավ ջարդ տվեցի։ Մոնմորանսի դքսի ժառանգները ջախջախվեցին վերջին ռամիկի կողմից։
Ես զրկվեցի նրանց քրոջ «հնարավոր» սիրուց, ում հանդեպ ես անտարբեր չէի։ Դե ինչ,թող այդպես լինի, փոխարենը ես վրեժ լուծեցի Վիոլետի համար, ով (եղբայրները դա չգիտեին) երիտասարդության տարիներին աշխատել էր այս ընտանիքի համար, և ում վռնդել էին երեսուներկու տարեկան իրենց զարմիկին անմեղությունից զրկելու համար։ (Նման բան դիտավորյալ չես հորինի)։
Ողջ խաղի ընթացքում ինձ չէր լքում այն հիասքանչ զգացողությունը, որ մարմինս միակ բանն է, որ կարող եմ հակադրել նրանց գոռոզությանը։ Ընդ որում՝ բնավ չմարզված մարմին, որովհետև ինձ ոչ ոք թենիս խաղալ չէր սովորեցրել։ Մանեսի մարանը և խաղացողներին հետևելը եղել են իմ միակ ուսուցիչները։Երբ հարվածում ես թենիսի գնդակին՝ առանց թենիսի դասերի հաճախելու, զգում ես, թե ինչպես է մարմինդ ինքնաբերաբար հարմարվում հանգամանքներին։ Իմ շարժումներն անկանոն էին և մեծ մասամբ սխալ, գեղագիտական տեսանկյունից սարսափելի և անտեղի էներգիա վատնող (ես իրար էի անցնում, վեր-վեր թռչում, մարմինս ինձ չէր լսում, ձեռքերս ու ոտքերս թափահարում էի, ինչ-որ անհեթեթ ակրոբատիկ հնարքներ էի անում), բայց այն փաստի գիտակցումը, որ այդ շարժումները ոչ մի կապ չունեն «խաղալու հմտության» հետ, ինձ տալիս էր ֆիզիկական ազատության և մշտական նորացման սուր զգացողություն. իմ ամեն մի շարժում նոր էր, ուրիշ։
Ես վայելում եմ բոլոր այն անակնկալները, որ հայացքս մատուցում է ոտքերիս ու ռակետիս։Իմ հարվածները նախապես պատրաստված չեն, դրանք նման չեն մեկը մյուսին և որևէ առնչություն չունեն այն սուղ ակադեմիական ոճի հետ, որով խաղում են իմ վեհաշուք հակառակորդները։ Այդ պատճառով ես նրանց համար լիովին անկանխատեսելի եմ, իմ գնդակները նրանց համար անսպասելի են ու շփոթության մեջ են գցում։ Եղբայրները զայրանում են, գրգռված և արհամարհական հայացքները վեր են հառում՝ դժգոհելով իմ որոշ՝ հատկապես թույլ գնդակներից, կարծես ես չեմ կռվում պատերազմի կանոնների համաձայն։ Իմ արագությունը, ճկունությունը, հմտությունը, ռեֆլեքսներս ինձ հիացնում են (ի՜նչ վստահությամբ ու ճշգրտությամբ եմ հենց այն միկրովայրկյանին հարվածում գնդակին), և ի լրումն այդ ամենի՝ ես բոլորովին չեմ հոգնում ու հետ եմ մղում բոլոր գնդակները։
Սեփական մարմնին այսպիսի ազատ տիրապետելն ինձ հիացնում է։ Իմ արարքները ջլատում են հակառակորդներիս, նրանց ինքնագոհությունը փլուզվում է հենց աչքիս առջև, ինչն ինձ անասելի ուրախություն է պատճառում։ Եվ խնդիրն այստեղ իմ հաղթանակը չէ, այլ այն, թե ինչպիսի դեմքով են նրանք ընդունում իրենց պարտությունը։ Վալմիի ճակատամարտում մենք արդեն վարվելակարգի պակաս ունեինք (իսկ ես մինչ օրս էլ մնում եմ «անտաբատ»)։
Երդվում եմ ապրել բոլոր բնագավառներում այնպես, ինչպես թենիս եմ խաղում։
19 տարեկան, 15 օրական
Կիրակի, 25 հոկտեմբերի, 1942թ.
Գործողությունը տեղի է ունենում բիստրոյում: Դու մի աղջկա հետ ես՝ քեզ պես մի ուսանողուհու: Միմյանց աչքով եք անում: Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, նա ասում է. «Տո՛ւր տեսնեմ ափդ»: Տիրոջ իրավունքով տիրանալով ձեռքիդ՝ նա սկսում է ծայրահեղ ուշադրությամբ զննել ափդ՝ ասես այն ամենը, ինչ նա պետք է իմանա քո մասին, ամփոփված լինի այդ գծերի մեջ՝ կյանքի, սրտի, գլխի, երջանկության, էլ չգիտեմ ինչի: Մինչ օրս շատ ու շատ աղջիկներ են ուսումնասիրել ափիս գծերը: Եվ չկա մեկը, որի եզրակացությունները համընկնեին մյուսների հետ: Բոլորն էլ «պայծառատես» են, միայն թե պայծառ կերպով տեսնում են տարբեր բաներ: Հետաքրքիր է՝ սնհավատության հանդեպ այս հակումը մեր նողկալի ժամանակների՞ նշանն է: Ամեն ինչ կորած է, մնացել են միայն աստղե՞րը: Ընտրության գլխավոր չափանիշը՝ պետք է փնտրել այն աղջկան, ով աչքերը փակ կնետվի իմ ափի մեջ:
19 տարեկան, 1 ամսական, 2 օրական
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 1942թ.
Տեսա, թե ինչպես են քայլերթով անցնում գերմանացիները։ «Միասնական մարմնի» զզվելի տարբերակ:
19 տարեկան, 2 ամսական, 17 օրական
Կիրակի, 27 դեկտեմբերի, 1942թ.
Պարելու գործում բացարձակ անընդունակ եմ։ Ինձ արդեն փորձել են սովորեցնել Ֆրանսուազը, Մարիաննան և ուրիշներ, իսկ երեկ էլ՝ Էրվեի տանը, նրա հրաշալի քույրը՝ Վիոլենը։ «Թույլ տվեք ես առաջնորդեմ, մի դիմադրեք»։ Ի՞նչ արած։ Գրեթե անմիջապես ես շեղվում եմ տակտից, և մարմինս զուգընկերուհուս ձեռքերում վերածվում է սոսկ մի ծանրության։ Ես անհեթեթ ցատկոտում եմ, որպեսզի որսամ ռիթմը, և վերջնականապես մոլորվում եմ։ Պարն այն եզակի բնագավառներից է, որտեղ մարմինս ու ոգիս մնում են անհամատեղելի։Ավելի ստույգ՝ մարմնիս ստորին հատվածը. ձեռքերս կարող են ինչքան ասես տակտը խփել, իսկ ահա ոտքերս հրաժարվում են ենթարկվել։ Կաթվածահար դիրիժոր՝ ահա թե ով եմ ես։ Ինչ վերաբերում է գլխիս, ապա հենց իրավիճակը բարդանում է, այն սկսում է պտտվել։ Բայց չէ՞ որ պարն ենթադրում է պտույտ. դա մի այնպիսի արվեստ է՝ անվերջանալի պտտահողմ, հնարավոր չէ պարել՝ չպտտվելով սեփական առանցքի շուրջը։ Իսկ այստեղ՝ գլխապտույտ, սրտխառնոց, գունատություն… «Ի՞նչ է պատահել ձեզ, վա՞տ եք զգում»։ «Ամեն ինչ հիանալի է, սիրելի Վիոլեն, բայց եկեք գնանք մի փոքր զրուցենք»,և ահա ես փորձում եմ բացատրել եղելությունը գեղեցկուհի Վիոլենին, որը պնդում է, թե՝ «Ի՜նչ եք ասում, չէ՞ որ բոլորն էլ գիտեն պարել»։ Բոլորը՝ բացի ինձնից, փաստորեն։ «Դա նրանից է, որ դուք չեք ցանկանում»։ Տեսեք, խնդրեմ։ Իսկ ինչո՞ւ պիտի ես ինձ զրկեի այդ հաղթաթղթից, գեղեցկուհի՛ս, երբ տեսնում եմ, թե ինչ օգուտներ են քաղում դրանից իմ ընկերները։ «Դուք ձեզ ազատ չեք թողնում, չափից դուրս բանական եք, բավականաչափ վայրի չեք»։ Բավականաչափ վայրի չե՞մ։ Մի ցից բերեք, տեր Աստված, մի անկողին, հ՛ենց հիմա։
Փոխարենը ես լսում եմ ինքս ինձ, թե ինչպես եմ բացատրում Վիոլենին, որ այս երևույթն ինձ համար էլ է անհասկանալի, քանի որ այլ հանգամանքներում, որոնք պահանջում են ձեռքերի ու ոտքերի մասնակցություն՝ օրինակ բռնցքամարտում կամ թենիսում, իմ չորս վերջույթները կատարյալ ներդաշնակ են, և որ պատանեկությանս տարիներին դասընկերներս իրար էին ուտում, որպեսզի ես լինեի իրենց թիմում գնդակով խաղ խաղալիս, որտեղ ես ուղղակի անպարտելի էի։ Ու ես լսում եմ, թե ինչպես եմ այս շլացուցիչ աղջկան պատմում, որ տասնհինգ տարեկանում այդ խաղում աս էի… «ձայնդ կտրի՛ր», ասում եմ ինքս ինձ, մինչդեռ շարունակում եմ մանրամասնել այդ խաղի առավելությունները. մի խաղ, որն այնքան ամբողջական է, պահանջում է ֆիզիկական այնպիսի որակներ, ձեռքերի, գլխի ու ոտքերի այնպիսի կատարյալ սինխրոնիզմ, որ մի օր, չկասկածե՛ք սիրելի Վիոլեն, այն կդառնա թիմային մարզաձև, որի կողքին ֆուտբոլը պարզապես պինգվինների զվարճանք կթվա։
Բայց ի՞նչ է պատահել քեզ, ի՞նչ է պատահել քեզ, այ հիմարի գլուխ։ Քիչ է՝ ցեմենտի պարկի դեր էիր խաղում այս չնաշխարհիկի գրկում, որին ուզում ես տակդ գցել, հիմա էլ գլուխն ես տանում քո գնդակախաղով՝ «թե որքա՜ն ռազմավարական ու մարտավարական խաղ է սա, սիրելի Վիոլեն»։ Ձայնդ կտրի՛ր, էշի գլուխ, այդ խաղը մի սպանդ էր, որտեղ երկու խումբ պզուկոտ մարդասպաններ, իրար վրա գնդակներ շպրտելով, մռութներն էին ջարդում։ Այ հենց այդտեղ Վիոլենը կստանար իր ուզած վայրենությունը։ Եվ եթե նույնիսկ ճիշտ է, որ դու դրանում փայլում էիր, դա այն հաղթաթուղթը չէ, որն այս աղջկան քո անկողինը կբերի։ Ի դեպ, աղջիկն արդեն հեռանում է՝ հայտարարելով, որ քո սխրանքներից ինքը ծարավեց և գնում է իր համար մի խմիչք լցնելու։
19 տարեկան, 2 ամսական, 19 օրական
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 1942 թվական
Եվ այնուամենայնիվ, նա եկավ: Հենց այդ երեկո: Եվ դա պարից էլ վատ էր։ Ես իմ սենյակում էի՝ Էրվեի տանը, ուշ գիշեր էր, բոլորը վերջապես քնել էին. ես նստած էի շախմատի սեղանի մոտ և գրի էի առնում պարերի մասին հոգեճմլիկ պատմությունը, երբ թիկունքումս դուռը բացվեց կամաց-կամաց, այնպես, որ ես միայն լսեցի, թե ինչպես այն փակվեց։ Շրջվեցի և տեսա նրան՝ գիշերանոցով (սպիտակ օրգանդից էր կամ նման մի բան), մի ուսը բաց էր՝ հունական տունիկաների ոճով, իսկ մյուսին բարակ կապիչը հանգուցված էր ժապավենակապով, որի օղակները թիթեռնիկի թևիկներ էին հիշեցնում: Նա ոչ մի բառ չէր ասում, չէր ժպտում, միայն նայում էր ինձ ծանր հայացքով, իսկ ես ինքս միանգամից կորցրի խոսելու ունակությունը՝ կլորավուն ուսեր, երկար, նուրբ ձեռքեր, ազդրերի երկայնքով կախված դաստակներ, բոկոտն ոտքեր, հաճախակի շնչառություն, բարձր ու լիքը կուրծք, և գիշերանոցը, որն ուղղահայաց իջնում էր սուր պտուկներից՝ դատարկ տարածություն ստեղծելով մերկ մարմնի և գործվածքի միջև:
Իմ աչքերն սկսեցին տենդագին փնտրել նրա կոնքերի, որովայնի, ողջ կազմվածքի ուրվագծերը, բայց կողքիս դրված սեղանի լամպը թույլ չէր տալիս տեսնել թափանցիկության մեջ. այն պետք է դրված լիներ նրա թիկունքում, որպեսզի ողջ ստվերապատկերը երևար: Սկզբում ես մտածում էի միայն այդ մասին․ լամպը սխալ է դրված, այն թույլ չի տալիս տեսնել թափանցիկությունը։ Իսկ եթե այն լիներ նրա հետևում, ամեն ինչ բոլորովին այլ կլիներ: Մենք երկուսս էլ չէինք շարժվում։ Ես ոչ մի շարժում չարեցի դեպի նա․ նա կանգնած էր թիկունքով դեպի փակված դուռը, իսկ ես նստած էի նրա հանդեպ՝ երեք քառորդ շրջվածքով՝ ձեռքս սեղանից չհեռացնելով․ շոշափելով փակում էի տետրը։ «Թանաքը փետուրի վրա կչորանա»,— մտածեցի ես: Այո՛, ես մտածում էի այն մասին, որ չեմ կարողանում փակել գրիչը, իսկ ինքս անընդհատ փորձում էի տեսնել Վիոլենի ստվերապատկերը կիսաթափանցիկ կտորի տակ, որի սպիտակությունից աչքերս ցավում էին:
Եվ այդժամ ես տեսա, թե ինչպես նրա ձախ ձեռքը սկսեց բարձրանալ կրծքի երկայնքով, թե ինչպես, հասնելով ուսին, մատները բացվեցին, բութ մատն ու ցուցամատը բռնեցին կապիչի ծայրից և թեթևակի քաշելով՝ արձակեցին ժապավենակապը, և հագուստը ծանրորեն ընկավ նրա ոտքերի տակ՝ բացելով նրա մերկ մարմինը: Չեմ կարծում, թե երբևէ էլի կտեսնեմ կնոջ այդքան գեղեցիկ մարմին, որը հանկարծակի հայտնվեց իմ առջև լամպի ոսկեզօծ լույսի տակ: «Աստված իմ, ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ գեղեցկություն»,– կրկնում էի ես: Եթե այդ պահին լույսը հավերժ հանգչեր, ես կմեռնեի՝ պահպանելով այդ գեղեցկության հիշողությունը: Ինձ թվում է՝ քիչ էր մնում բարձրաձայն ճչայի՝ այդպես էլ չբարձրանալով աթոռից, բոլորովին կաթվածահար եղած անակնկալից ու հիացմունքից. ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ կատարելություն: Ինձ թվում է՝ ես նույնիսկ երախտագիտությամբ զգացում ապրեցի. ոչ ոք երբևէ ինձ նման նվեր չէր արել:
Ես մտածեցի նաև այդ մասին, բայց մատս մատիս չխփեցի, իսկ նա հենց շարժվեց՝ գնաց դեպի մահճակալը և պառկեց՝ առանց որևէ նշան անելու, որ ես մոտենամ, ձեռքերը չպարզեց ինձ, չխոսեց, չժպտաց. նա սպասում էր, որ ես մոտենամ, ինչը ես ի վերջո արեցի. մոտեցա նրան ու կանգնեցի մահճակալի գլխավերևում՝ չկարողանալով հայացքս կտրել նրանից: «Պետք է հանվել,— ասացի ինքս ինձ,— հիմա քո հերթն է», ինչը ես արեցի անճոռնիորեն, գողունի, թիկունքով շրջված դեպի նա, նստելով անկողնու եզրին, ոչ այնքան մերկանալով նրա առջև, որքան թաքնվելով: Եվ երբ գործն արված էր, ես տեղավորվեցի նրա կողքին, ու ոչինչ չպատահեց. ես չսկսեցի նրան ոչ փայփայել, ոչ համբուրել, որովհետև իմ մեջ ինչ-որ բան մեռել էր կամ չէր ուզում ծնվել, ինչը նույնն է. որովհետև սիրտս արյունը մղում էր ամենուր, բացի այնտեղից, որտեղ պետք էր. այն կրակով այրում էր այտերս, շատրվանի պես զարկում գանգիս ներսում, խելահեղ թակում քունքերս, իսկ ոտքերիս արանքում՝ ոչ մի կաթիլ: Ես նույնիսկ չէի մտածում այն մասին, որ իմ մոտ «չի կանգնում», ես պարզապես այնտեղ ոչինչ չէի զգում. իմ բոլոր մտքերը միայն այդ չգոյության մասին էին, որն առաջացել էր ոտքերիս արանքում: Պետք է ասել, որ նա ինձ չէր օգնում՝ ոչ բառով, ոչ շարժումով. հետո հանկարծակի կտրուկ վեր կացավ, և ես լսեցի, թե ինչպես նրա հետևից փակվեց դուռը:
19 տարեկան, 2 ամիս, 21 օր
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 1942 թ.
Այն ձախողումը, որ ունեցա Վիոլենի հետ, արդյունքներն ամփոփելու ազդանշան դարձավ։ Տուն գալով՝ ես մերկանում եմ և կանգնելով հայելապատ պահարանի առջև՝ հաշվեկշռի եմ ենթարկում այն ամենը, ինչին հասել եմ մանկությունից ի վեր՝ սեփական մարմնիս սիստեմատիկ կառուցման գործում։ Ոչ մի կասկած չկա՝ իմ մոլեգին հրումները, կշռաքարերն ու բոլոր տեսակի ֆիզիկական վարժությունները տվել են իրենց արդյունքը. ես ինչ-որ բանի նմանվել եմ, մասնավորապես՝ «Լարուսի» էկորշեին, որը ահա՛, դեռևս խրված է հայելու ճեղքում։ Կատարված համեմատությունը ցույց տվեց, որ իմ բոլոր մկանները գտնվում են իրենց պատշաճ տեղերում և հիանալի տեսանելի են․ ահա մեծ կրծքամկանները, ահա բիցեպսները, դելտայաձևերը, որովայնի, դաստակի, սրունքի մկանները, և եթե մեջքով շրջվեմ դեպի հայելին՝ ձկնամկանները, մատների, հետույքի, մեջքի բազկի, պարանոցի,ուսի մկանները. բոլորն այստեղ են, հենց իրենց տեղում։ Էկորշեն ճիշտ և ճիշտ ես եմ. ինչ լավ է՝ զուր չէի պտտվում հայելու առջև։ Ես, որ «ոչ մի բանի նման չէի», հիմա նման եմ հանրագիտարանի նկարի։
Հավելենք նաև, որ ես այլևս չեմ վախենում։ Ոչ մի բանից։ Անգամ չեմ վախենում վախենալուց։ Չկա այլևս այնպիսի մի վախ, որը ես չկարողանայի ենթարկել իմ կամքին՝ հենց այն կամքին, որը կերտել է այս մարմինը։ Փորձե՛ք հիմա խլել իմ կյանքը, փորձե՛ք կապել ինձ ծառին։ Այո՛, այո՛, իհարկե, բարեկա՛մս, միայն թե մտավոր և ֆիզիկական հավասարակշռության այս գլուխգործոցը ոչ մի բանի պիտանի չեղավ, երբ դու նրան պառկեցրիր չնաշխարհիկ Վիոլենի կողքին։ Խղճո՛ւկ, դու իրոք որ ոչ մի բանի նման չես։ Գնա՛ ու նորից զբաղվի՛ր քո մարմնամարզությամբ ու քո սրտին հարազատ ուսմամբ, աշխատի՛ր մարմնիդ վրա, պատրաստվի՛ր քննություններին, դու միայն դրան ես պիտանի՝ «ձևդ պահպանելուն» ու «մարդ դառնալուն»։
Տեր Աստված, ի՞նչ զգացում է համակում տղամարդուն, երբ նրա մոտ «չի կանգնում»։ Կատարյալ ոչնչություն։ Ախր քանի՜ անգամ եմ ես այն ձեռքս առել։ Քանի՜ անգամ է ցանկությունն այն քարե արձանի վերածել։ Իսկ իրոք, քանի՞ անգամ։ Հարյո՞ւր։ Հազա՞ր։ Երակներով պարուրված այդ ճյուղը, որը լցվում էր արյամբ՝ նման մի բանի մասին ընդամենը մեկ մտքից։ Որքա՜ն սերմնահեղուկ է ժայթքել նրա խորքերից այդ կուսական ժայթքումների ժամանակ։ Դա էլ կարելի է, երևի, հաշվել։ Լիտրե՞ր։ Լիտրեր, որ թափվել են հեշտասիրության այն րոպեներին խեղճ եղբայր Դելարյուից թռցրած բացիկների առջև։ Իսկ արդյունքում՝ մեռած մարմին Վիոլենի անկողնում։ Անգամ պարել չկարողացավ։ Սկզբում՝ ծաղրուծանակ, իսկ հետո՝ ընդհանրապես դիակ։
Ու այդ ի՞նչը քեզ կաթվածահար արեց, ընկե՛րս, ի՞նչը, եթե ոչ վախը, որի նկատմամբ տարած հաղթանակովդ այդպես պարծենում ես։ Այսպիսի բառերով՝ գուցե ավելի խառնաշփոթ, գուցե պակաս, ես դիմում էի ինքս ինձ այդ առավոտ՝ մերկ կանգնած հայելու առջև, դեմ հանդիման Լարուսի հանրագիտարանի էկորշեին։ Իսկ հաջորդ անգա՞մ։ Ի՞նչ կլինի հաջորդ անգամ։ Ի՞նչ մտքերով ու զգացումներով քո մարմինը կհամարձակվի հաջորդ անգամ մոտենալ կնոջ մարմնին։ Ահա թե ինչ էի հարցնում ինձ այդ առավոտ, ահա թե ինչի մասին եմ գրում հիմա՝ դեռևս նայելով էկորշեին։
