13 տարեկան, 4 ամսական, 10 օրական

Շաբաթ, 20փետրվարի, 1937

– Դու էլի ես  ուզում։

– Ի՞նչ եմ  ուզում։

– Ջերմությո՞ւն  ունենալ։

– Իսկ ինչո՞ւ պիտի ուզեմ։

– Դե, որ դպրոց չգնաս, պարզ չէ։

Դոդոն  մեծ ուրախությամբ կրկին մտնում է անկողնուս մեջ և խոսում է առանց դադարի:

-Եթե, իսկապես, ուզում ես, ապա ուղղակի տաքացրո՛ւ ջերմաչափը, բայց հանկարծ վառարանի վրա չանես, որովհետև կպայթի, իսկ ավելի լավ է՝ թեթև  թխկացնել, բայց ոչ այն ծայրից, որը դնում են թևատակը, այլ մյուս՝ կլոր ծայրից: Թեթևակի կարող ես թակել եղունգի ծայով, սնդիկը կբարձրանա, և, ի դեպ, դա կարելի է անել վերմակի տակ, աննկատ, նույնիսկ եթե մայրիկդ հետևում է քեզ, ուղղակի շատ ուժեղ չթակես, հակառակ դեպքում՝ սնդիկը կտրոհվի «կետագծերի» նման, հասկացա՞ր (նա մի պահ լռում է, բայց շուտով նորից սկսում է խոսել)։

-Իսկ ներծծող թղթի  հնարքը գիտե՞ս։ Եթե այն դնես կոշիկի մեջ՝ գուլպայի ու ներբանի արանքում, անմիջապես ջերմությունդ կբարձրանա, հենց սկսես քայլել։

– Ի՜նչ հիմարություններ են։

– Երդվում եմ։

–Այս ամենի մասին ո՞վ է քեզ պատմել։

– Ընկերներիցս մեկը։

13 տարեկան, 4 ամսական, 15 օրական

Հինգշաբթի, 25 փետրվարի, 1937

Մայրիկս զարմանում է, թե ինչպես կարող եմ սիրել Վիոլետի խաղողի մուրաբան: Նա պնդում է, թե ավելի լավ է սովամահ լինի, քան թե մի գդալ ուտի այդ «սարսափելի բանից»։ Նա պահանջում է, որ ես բանկան պահեմ սենյակումս․ «Ես չեմ ուզում այդ զզվելի բանը  խոհանոցում տեսնել, լսո՞ւմ ես: Միայն դրա հոտից սիրտս խառնում է»։

Իսկ ես սիրում եմ խաղողի մուրաբայի մեջ ամեն ինչը՝ հոտը, գույնը, համը, բաղադրությունը: Հոտառություն, տեսողություն, համ, շոշափում՝ հինգ զգայարաններից չորսը՝ իրական հաճույք, պատկերացնո՞ւմ եք։

  1. Հոտը: Խաղող՝ ազնվամորու նման: Ես ինձ տեսնում եմ Տիժոյի, Ռոբերտի և Մարիաննեի հետ խաղողի որթի  տակ: Ստվերում ենք, բայց  շոգ է: Այն մորու հոտ ունի: Մեզ հաճելի է:
  2. Գույնը: Գրեթե սև՝ մանուշակագույնին մոտ: Երբ մուրաբա քսած  հացս  թաթախում եմ կաթի մեջ, առաջանում է մի օղակ, որը աստիճանաբար փոխվում է՝ մուգ մանուշակագույնից մինչև շատ վառ բաց կապույտ՝ անցնելով կարմիրի ու մանուշակագույնի բոլոր երանգներով։ Գեղագիտական վայելք։
  3. Համը: Ազնվամորու համին նման , բայց առանց հատուկ թթվաշության։
  4. Խտությունը։ Մուրաբայի ու ժելեի արանքում։ Բերանում հալվում է, բայց ժելեի նման սահուն չէ։ Վիոլետը նույնը պատրաստում է նաև մոշից։
  5. Վա՜յ, մոռացա նաև ջերմաստիճանը։ Եթե գիշերը բանկան թողնեմ պատուհանի գոգին, իսկ առավոտյան տաք կաթի մեջ թաթախեմ հացը, տաքի  ու սառի  հրաշալի կոնտրաստ կստացվի։

Բայց ամենաշատը  սիրում եմ այն պարզ պատճառով, որ Վիոլետի մուրաբան է։ Հավատացած եմ, որ հենց դա է պատճառը, որ մայրս այն չի սիրում։

Հարց: Արդյո՞ք մարդկանց նկատմամբ մեր զգացմունքները ազդում են մեր համային ընկալումների վրա:

13 տարեկան, 4 ամսական, 17 օրական

Շաբաթ, 27 փետրվարի, 1937 թվական

Քիչ առաջ Դոդոն լոգարանում լվանում էր աչքերը «ավազե մարդուկի» պատճառով։ Վիոլետն էր նրան  ասել, որ «ավազե մարդուկը» երեկոյան մտնում է յուրաքանչյուր տուն. ահա նա էլ շտապեց լվանալ աչքերը, հենց որ դրանք սկսեցին կպչել իրար։ Ես նրան բացատրեցի, որ «ավազե մարդուկը» դրա հետ կապ չունի, որ աչքերը ծակծկում են, քանի որ նա քնել է ուզում, որ «ավազե մարդուկի» մասին խոսում են, երբ քնել են ուզում։ Նա պատասխանեց. «Դե, ի՞նչ, միևնույն է, գիտեմ՝ «ավազե մարդուկն» է»։ Դոդոն դեռևս հեքիաթների իշխանության տակ է։ Իսկ ես այս օրագիրը գրում  եմ, որպեսզի այդ իշխանությունից ազատվեմ։

13 տարեկան, 4 ամսական, 27 օր.

Երեքշաբթի, 9 մարտի, 1937 թվական

Քեռի Ժորժը պատասխանեց իմ նամակին։ Նա մեծահասակներից միակն է, բացի Վիոլետից, ով պատասխանում է երեխաների հարցերին։ Դրա համար Էթյենն ինձնից շատ ավելի շատ բան գիտի։

Փոքրիկս

[…] Դու ինձ հարցնում ես, թե արդյո՞ք ես «մազերս կորցրել եմ վախի կամ ցնցման հետևանքով»։ […] Սիրելի՛ս, ես ճաղատացել եմ Մեծ պատերազմի ժամանակ, և ես միակը չեմ։ Մի առավոտ արթնացա՝ գտնելով մազերի մի քանի փունջ սաղավարտիս մեջ, հետո նույնը  հաջորդ առավոտ և այսպես շարունակ։  Մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջովին ճաղատացա։ Բժիշկն ասաց, որ դա կոչվում է ալոպեցիա, և խոստացավ, որ մազերը նորից կաճեն։ էլ չասեմ՝ ինչ եղավ։

Այնուհետև  հարցնում ես, թե արդյո՞ք ես՝ «որպես ճաղատների տեսակի ներկայացուցիչ», երբևէ «սարսուռ զգացել եմ  գանգիս վրա»։ Դե, իմացի՛ր, որ դա ինձ հետ պատահել է մեկ անգամ, երբ պատերազմից անմիջապես հետո թատրոնում տեսա Սառա Բեռնարին։ Դու չես կարող պատկերացնել, թե ինչպիսին էր Սառա Բեռնարի ձայնը։ […]:Ինչ վերաբերում է քո հարցերին՝ «դաշտանների և նման բաների» մասին, ես վախենում եմ, որ չեմ կարողանա դրանց պատասխանել։ Տեսնում ես, փոքրի՛կ, Տղամարդու համար Կինը մեծագույն առեղծված  է, բայց, ցավոք, հակառակը ճիշտ չէ։ […]

Ես և Ժյուլիետը քեզ ջերմորեն համբուրում ենք։ Մեր բարևները փոխանցի՛ր քո հարգարժան մայրիկին և ե՛կ Փարիզ, երբ կցանկանաս՝ ցույց տալու մեզ քո բիցեպսները։

Քո քեռի Ժորժ

Ինչ վերաբերում է նրա՝ դաշտանի մասին  պատասխանին, կարելի է ասել, որ նա քնքշորեն ակնարկում է, որ դեռ վաղ է նման հարցեր տալը։ Դե, ես մոտավորապես դրան էլ սպասում էի։ Ի դեպ, Վիոլետն ինձ արդեն բացատրել է գլխավորը։ Ես նրան հարցրի դրա մասին այն բանից հետո, երբ Ֆերմանտենն իր քրոջ մասին ասաց, որ իբր նրա մոտ սկսվել են «այն օրերը», և որ նրանից պետք է զգուշանալ։ Մնացածը ես դուրս եմ գրել  բառարանից։

ԴԱՇՏԱՆ (ՄԵՆՍՏՐՈՒԱՑԻԱ)։

Լարուս բառարան:

Դաշտանը ներառում է.

1. Սկզբնական շրջանը, որը հիմնականում համընկնում է սեռական հասունացման շրջանի հետ։

2. Ծաղկման շրջանը, որը համապատասխանում է կնոջ վերարտադրողական տարիքին։

3. Դադարեցման շրջանը կամ դաշտանադադարը (մենոպաուզա)։

Դաշտանային ցիկլի տևողությունը, այսինքն՝ երկու հաջորդական դաշտանների միջև ընկած ժամանակահատվածը, տատանվում է քսանհինգից երեսուն օր։

Դաշտանը գրեթե միշտ դադարում է հղիության ընթացքում և սովորաբար ծննդաբերության ժամանակ։

13 տարարեկան,5 ամսական

Չորեքշաբթի, 10 մարտի, 1937 թվական

Հիշեցի քեռի Ժորժի և հայրիկի միջև տեղի ունեցած մի զրույց։ Հայրիկն այլևս անկողնուց  վեր  չէր կենում։ Գրեթե ոչինչ չէր ուտում։ Քեռի Ժորժը նրան համոզում էր ուժ հավաքել։ Նույնիսկ աղաչում էր։ Նրա աչքերում անգամ  արցունքներ կային։ «Չեմ կարող», – ասում էր հայրիկը, – «Տեսնո՞ւմ ես, ծերո՛ւկ, ես ներսից եմ ճաղատացել։ Եվ այնտեղ ոչինչ չի կարող աճել, ինչպես քո գլխին»։ Հորեղբայր Ժորժն ու հայրիկը սարսափելի շատ էին սիրում միմյանց։

13 տարարեկան,5 ամսական,6օր.

Երեքշաբթի, 16 մարտի, 1937 թվական

Հայրիկն ինձ զգուշացրել էր։ Բայց մի բան է իմանալը, և բոլորովին այլ բան, երբ դա քեզ հետ է պատահում։ Ես արթնացա և փափուշտի պես դուրս թռա անկողնուց։ Գիշերազգեստս ամբողջությամբ թաց էր, իսկ ձեռքերս՝ ինչ-որ կպչուն բանով պատված։ Նույն նկատվում էր նաև սավանների վրա, ամենուր։ Սիրտս սարսափելի արագ էր բաբախում։ Միայն գիշերազգեստս հանելիս հիշեցի, թե ինչ էր ասել հայրիկը. «Սերմնաժայթքում է, տղաս։ Եթե դա քեզ հետ պատահի գիշերը, չվախենաս, դա չի նշանակում, որ դու նորից սկսել ես միզել տակդ․ ապագայիդ սկիզբն է։ Ոչ մի  խուճապ. ոչինչ  միանգամից ոչ ոքի մոտ չի ստացվում. սերմնահեղուկ դու կարտադրես ամբողջ կյանքիդ ընթացքում։ Սկզբում գրեթե չես վերահսկի գործընթացը՝ շփում, հաճույք, ու՝  մեկ էլ հոպ , ամեն ինչ դուրս է գալիս։ Հետո կվարժվես, կսովորես զսպել քեզ և ի վերջո դրանից մեծ հաճույք կստանաս, այն էլ՝ ինչպիսի՜»։

Գիշեսազգեստս կպչում էր ոտքերիս՝ ճիշտ սոսնձաթղթի նման։ Երբ լվացվում էի, լոգարան մտավ Դոդոն։ Այստեղ էլ էր պետք է քիթը խոթեր։ Նա ամբողջությամբ դողում էր հուզմունքից։

-Ոչ մի բան էլ չկա, սպերմատոզոիդներ են, երեխաներ ունենալու համար են․ մի կեսը տղաների մեջ է, մյուս կեսը՝ աղջիկների։

13 տարեկան, 5 ամսական, 7 օրական

Չորեքշաբթի, 17 մարտի, 1937

Երբ սերմնահեղուկը մաշկի վրա չորանում է, այն ճաքճքում է։ Փայլարի է նման։

13 տարեկան, 5 ամսական, 8 օրական

Հինգշաբթի, 18 մարտի, 1937 թ.

Հայրիկիս դեմքը գրեթե չեմ հիշում։ Իսկ ձայնը՝ այո։ Այո՛, այո՛։ Ես հիշում եմ այն ամենը, ինչ նա ինձ ասել է։ Նրա ձայնը նման էր շնչառության։ Նա շշնջում էր ականջիս։ Երբեմն չեմ հասկանում՝ իսկապես միայն հիշո՞ւմ եմ դա, թե՞ հայրիկը դեռ շշնջում է իմ ներսում։

13 տարեկան, 5 ամսական, 18 օրական

Կիրակի, 28 մարտի, 1937 թ.

Էքորշեն կրկին  խցկված է հայելու ճեղքի մեջ։ Եթե պետք է նմանվել դրան, այդպես էլ կանեմ։

13 տարեկան, 5 ամսական, 19 օրական

Երկուշաբթի, 29 մարտի, 1937 թ.

Գործն արված է։ Ես մոտեցա Ֆերմանտենին և խնդրեցի ցույց տալ ինձ զանազան հնարքներ՝ մկանները մարզելու համար։ Սկզբում նա սկսեց ծաղրել ինձ։ Ասաց, որ ես բացարձակապես անհույս  «դեպք» եմ, և որ նա չի իջնի այդ աստիճան, որպեսզի  ինձ հետ զբաղվի։

 -Նույնիսկ եթե  քո փոխարեն մաթեմատիկայի առաջադրանքներն անե՞մ։

Նա դադարեց ծիծաղել։

-Իսկ ի՞նչ է քեզ պատահել։ Ուզո՞ւմ ես միս հավաքել, որ բոլոր աղջիկներն ընկնեն (կարծում եմ՝ նա նկատի ուներ մկանները՝ դելտայաձև, բարձրացնող և բիցեպսները)։ Ուզո՞ւմ ես հռոմեական զրահի տեսք ունենալ (անկասկած խոսքը որովայնի մկանների մասին էր՝ մեծ ուղիղ, փոքր արտաքին թեք, ինչպես նաև առաջային ատամնավոր մկաններ)։Պետք է որովայնի ձգում ու հրում վարժություններ անես։

Ֆերմանտենն ինձնից ընդամենը երկու տարով է մեծ, բայց նա իսկական մարզիկ է։ Թիմային խաղերում՝ ֆուտբոլում կամ դոջբոլում, նրա թիմը միշտ հաղթում է։ Նա գրանցված է մի քանի մարզական խմբակներում և ուզում է, որ ես էլ իր հետ հաճախեմ այնտեղ։

Բայց դրա  մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ես պետք է նախ դուրս գամ պահարանից։ Եվ ոչ մի թիմային խաղ, իսկ ահա «մարզվել և հրումներ անել»՝ խնդրեմ։ Չէ՞ որ դրանով կարելի է զբաղվել նաև մենակ։ Նաև ցատկապարան, ձողերով վարժություններ, դիմացկունության  վազք, այո, և թող նա ինձ սովորեցնի հեծանիվ վարել (Վիոլետը կտա ինձ իրենը) և լողալ։ Մանեսը ցույց էր տվել արդեն ինձ, թե ինչպես է դա արվում, բայց երբ նա գցում է ջրի խորը տեղը, ես լողում եմ գորտի պես։ Ֆերմանտենը ուզում է, որ վազքի, հեծանիվի և լողի դասերի դիմաց ես նրա փոխարեն շարադրություններ գրեմ և անգլերենի տնային աշխատանքն անեմ։

Պայմանավորվեցինք։

13 տարեկան, 6 ամսական, 1 օրական

Կիրակի, 11 ապրիլի, 1937 թ.

Հրման ժամանակ պետք է մարմինդ շատ ուղիղ պահես հատակին (մոտավորապես տասնհինգ աստիճանի անկյան տակ), և հենվելով ոտքերի ծայրերին ու ձգված ձեռքերին` ծալես արմունկներդ, մինչև կզակդ դիպչի հատակին, այնուհետև նորից բարձրանաս ձգված ձեռքերով, և այդպես, որքան ուժերդ կհերիքեն։ Մարմինը պետք է լինի ձգված, լարված, մեջքը չպետք է ճկվի, և արմունկները ծալելիս չի կարելի ծնկներով դիպչել հատակին, միայն կրծքով՝ թեթևակի։ Կարելի է նաև ոտքերը հենել մահճակալի եզրին, որպեսզի ձեռքերն ավելի շատ աշխատեն։ Սա հրումների գլխավոր վարժությունն է, բայց կան նաև շատ այլ ձևեր։ Ֆերմանտենն ինձ  գրեթե բոլորն էլ ցույց տվեց։ Երաժշտության մեջ դա կկոչվեր՝ վարիացիաներ տրված թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես․

Ծափով հրում՝ նախաբազուկները մարմինը բավականաչափ բարձրացնում են այնպես, որպեսզի կարողանաս ծափ տալ ձեռքերովդ, մինչև դրանք նորից դնես հատակին։ (Անմիջապես մի՛ փորձիր, գլուխդ առաջինը կխփես գետնին և կկոտրես ատամներդ)։

Ծափով հրում մեջքի հետևում՝ նույն գործողությունը, բայց ազդակը պետք է ավելի ուժեղ լինի, որպեսզի ժամանակ ունենաս ծափ տալ մեջքիդ հետևում։ (Նույնիսկ մի՛ մտածիր դրա  մասին կամ արա դա ներքնակի վրա)։

Ավելի դժվար է պիրուետով հրումը․  մարմինը պտտվում է իր շուրջը, նախքան ելման դիրքին վերադառնալը։

Հրում մեկ ձեռքի վրա, ապա՝ մյուսի, հրում երեք մատի վրա (հատկապես օգտակար  է ալպինիստների հոդերի համար) և այլն։

Նշումներ Լիզոնի համար (բնօրինակ)

Իմ սիրելի՛ Լիզոն,

Հետևյալ չորս տետրերը  (1937-ի ապրիլից մինչև 1938-ի ամառը) հենց այն տեսակին են պատկանում, որոնք կարող ես հանգիստ բաց թողնել։ Դրանց մեջ  միայն աղյուսակներ կգտնես, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր զարգանում իմ մկանային համակարգը (բիցեպսներ, նախաբազուկներ, իրան, ազդրեր, սրունքներ, որովայնի մկաններ…)։ Վաղ պատանեկությանս տարիներին ես իմ ամբողջ ժամանակը ծախսել եմ ինքնաչափումների վրա. ձեռքիս սանտիմետրը դարձել էի իմ սեփական ազգագրագետն ու իմ բարի վայրենին։ Այսօր ծիծաղելի է այդ ամենը հիշելը, բայց կարծում եմ՝ ես, իսկապես, ինձ համոզել էի, որ պետք է նմանվեմ «Լարուսի» էկորշեին։

Բրիակում, ուր սկաուտներից հեռացվելուց հետո Վիոլետն ինձ ամեն ամառ տանում էր արձակուրդներին, մարմնամարզությունը փոխարինեցի դաշտային ու անտառային աշխատանքներով։ Մանեսն ու Մարտան ահավոր զարմանում էին, որ քաղաքացի տղային այդքան դուր է եկել ֆերմայի կյանքը։ Նրանք չէին էլ կասկածում, որ ես աշխատանքներն ընտրում էի՝ ելնելով զուտ մկանային չափանիշներից՝ փայտ հատելը՝ բիցեպսների ու նախաբազուկների համար, խոտ բարձելը՝ ազդրերի, որովայնի ու մեջքի մկանների համար, այծերի ետևից վազելն ու լողալու անհագ ցանկությունը՝ կրծքավանդակս զարգացնելու համար։ Այսօր ես նույնիսկ մի փոքր ամաչում եմ, որ խաբել եմ նրանց իմ իրական նպատակների մասին, բայց Վիոլետին ինձ չէր հաջողվի խաբել, իսկ ինձ համար ավելի մեծ ուրախություն չկար, քան նրա հետ գաղտնիքներով կիսվելը։

Լսի՛ր, Լիզոն, ես չեմ պատմել ձեզ իմ մանկության մասին և հիմա հաճախ եմ մտածում, որ դու, հավանաբար, քիչ բան ես հասկանում իմ կյանքի դժբախտ սկզբի մասին պատմություններից՝ հոր մահը, չար մայրը, հայելային պահարանում մոռացված մարմինը և այս տասներեքամյա տղան, որն ակադեմիկոսի լրջությամբ գրում է իր օրագրում։ Կարծում եմ՝ ժամանակն է քեզ մի քանի բառ ասել այս ամենի մասին։

Տեսնո՞ւմ ես, ես ծնվել եմ տանջանքի մեջ։  Հայրս այն կենդանի դիակներից էր, որոնք քաղաքացիական կյանք վերադարձան Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Միտքը՝ սարսափներով լցված, թոքերը՝ գերմանական գազերից քայքայված, նա ապարդյուն փորձում էր գոյատևել։

Նրա վերջին տարիները (1919-1933) նրա համար շարունակական մարտ էր՝ իր ողջ կյանքի ամենահերոսականը։

Ես ծնվել եմ հարության այդ փորձից։ Մայրս ձեռնարկել էր փրկել իր ամուսնուն՝ ինձնով  հղիանալով։ 

Երեխան նրան օգուտ կբերի, չէ՞ որ երեխան կյանք է։ Կարծում եմ, սկզբում այդ ծրագիրն իրականացնելու համար նա ո՛չ ուժ ուներ, ո՛չ էլ ցանկություն, բայց մայրիկիս հաջողվեց նրան բավականաչափ կազդուրել, որպեսզի ես աշխարհ գամ 1923 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին..․ Իմ ծննդյան հաջորդ օրը հայրս նորից ընկավ մահվան տանջանքի մեջ։ Մայրս այդ ձախողումը չներեց մեզ՝ ո՛չ նրան, ո՛չ ինձ։ Ես ոչինչ չգիտեմ իմ ծնվելուց առաջ նրանց հարաբերությունների մասին, բայց մայրական անվերջ նկատողությունների  ու մեղադրանքների  շարքը մինչ օրս իմ ականջներում է։

Նա «չափազանց շատ էր լսում ինքն իրեն», «չէր ուզում թափ տալ իրեն», «ամեն ինչի վրա թքած ուներ», «նստած էր իր աղբակույտի վրա»՝ նրան թողնելով «միայնակ այս կյանքում», որտեղ նա պետք է «ինքը մտածեր ամեն ինչի մասին ու աներ ամեն ինչ»։ 

Մահամերձ մարդուն ուղղված այս վիրավորանքներն իմ մանկության սովորական երաժշտությունն էին։

Հայրս չէր պատասխանում դրանց։

Անկասկած կարեկցանքից. չէ՞ որ նրան նկատողություն էր անում մի դժբախտ կին, բայց գլխավորը՝ հոգնածությունից, հյուծվածությունից, որը նա ընդունում էր որպես անտարբերության քողարկված ձև։

Այս կնոջը չհաջողվեց այդ տղամարդուց ստանալ այն, ինչ ակնկալում էր. անհանգիստ բնավորությամբ որոշ մարդկանց ավելին էլ պետք չէ, որպեսզի մնացած կյանքն ապրեն գաղտնի զայրույթի, արհամարհանքի և մենակության մեջ։ Այնուամենայնիվ, նա չհեռացավ։ Չթողեց նրան։ Այն ժամանակ մարդիկ չէին բաժանվում, իսկ եթե բաժանվում էլ էին, ապա հազվադեպ կամ ավելի հազվադեպ, քան հիմա․ կամ՝ ոչ մերոնք, կամ՝ նա պարզապես չուզեց բաժանվել, չգիտեմ։

Քանի որ իմ ծնունդը չվերակենդանացրեց նրա ամուսնուն, մայրս հենց սկզբից էլ ինձ համարեց անպետք մի առարկա, ոչ մի բանի պիտանի՝ բառի բուն  իմաստով, և ինձ թողեց նրա խնամքին։

Իսկ ես պաշտում էի այդ մարդուն։ Իհարկե, ես չգիտեի, որ նա մահանում է, նրա թուլությունը ես ընդունում էի որպես մեծ քնքշանք  և սիրում էի նրան դրա համար․ ահ, ինչպես էի սիրում նրան, ես ամեն ինչում նմանակում էի նրան, մինչև անգամ ինքս ինձ վերածեցի կատարյալ փոքրիկ մահացողի։ Ինչպես նա, ես էլ քիչ էի շարժվում, գրեթե ոչինչ չէի ուտում, հարմարվում էի նրա դանդաղ շարժումներին, ես մեծանում էի՝ ֆիզիկապես չզարգանալով, կարճ ասած՝ ամեն ջանք գործադրում էի, որպեսզի «մարմնի մեջ չմտնեմ»։ Նրա պես շատ էի լռում կամ արտահայտվում էի մեղմ հեգնանքով՝ շուրջս նետելով երկար հայացքներ՝ լեցուն անզոր սիրով։ Իմ ամորձիներից մեկը համառորեն հրաժարվում էր ի հայտ գալ, ասես ես որոշել էի ապրել միայն կիսով չափ։ Ութ կամ ինը տարեկանում վիրահատական միջամտությունը այն դրեց իր տեղը՝ չնայած դիմադրությանը, սակայն ես դեռ երկար ժամանակ այդ առումովինձ թերի էի համարում։

Մայրս մեզ՝ ինձ և հորս, իր ուրվականներն էր անվանում։ «Օ, ես  այլևս չեմ դիմանում այս երկու ուրվականներին»,- լսում էինք մենք այն դռների հետևից, որոնք նա շրխկացնում էր (նա հաճախ էր մեզ լքում, չնայած իրականում ոչ մի տեղ էլ  չէր գնում (այստեղից էլ հիշողությունները մշտապես շրխկացող դռների մասին)։ 

Այսպիսով, իմ կյանքի առաջին տասը տարիները ես ապրել եմ բացառապես իմ աստիճանաբար հեռացող հոր շրջապատում։ Նա նայում էր ինձ այնպես, ասես  ցավով գիտակցում էր, որ հարկադրված է լքել այս աշխարհը՝ նրա մեջ թողնելով մի էակի, որը նրանից է պոկվել ներտեսակային օպտիմիզմով։ Բայց ինձ թողնել առանց նախապես զինելո՞ւ․ դրա մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Չնայած իր թուլությանը՝ նա զբաղվեց իմ կրթությամբ։ Եվ լավ  էլ զբաղվեց, հավատա՛ ինձ։ Նրա կյանքի վերջին տարիները դարձան երկու մտքերի հուսահատ մրցավազք՝ իր՝ մարող և իմ՝ ծաղկող։ Նա ուզում էր, որ իր մահվան պահին որդին կարողանա կարդալ, գրել, հաշվել, մերժել, մտածել, հիշել, դատել, լռել, երբ պետք է, բայց միևնույն ժամանակ  չդադարի մտածել։ Այդպիսին էին նրա ծրագրերը։

Խաղե՞ր։ Դրանց համար ժամանակ չկար։ Եվ հետո ի՞նչ խաղեր նման մարմնի պարագայում։ Ես՝ թմրած, ամաչկոտ երեխա էի, այն տեսակներից, որ կանգնում են ավազատուփի եզրին՝ քարացած իրենց հասակակիցների ակտիվությունից։ 

«Ինչ վերաբերում է սրան, — ասում էր մայրս՝ ինձ մատնացույց անելով, — սա ուրվականի ստվերն է»։

Բայց ինչպիսի՛ գլուխ ունեի, աղջի՛կս։ Եվ այն էլ այդքա՜ն վաղ տարիքում։ Դեռ կարդալ չգիտեի, բայց անգիր գիտեի բազմաթիվ առակներ։ Մենք հորս հետ էինք վերլուծում դրանց բարոյականությունը երկար զրույցների միջոցով, որոնք նա անվանում էր «փոքրիկ փիլիսոփայության» վարժանքներ։ Շուտով դրանց ավելացրեց բարոյագետների ասույթները՝ մտքի այդ ջրաներկերը, որոնցից երեխան շատ վաղ կարող է օգուտ քաղել, պետք է միայն, որ ունենա ուղեկցող, որը կօգնի նրան հասկանալ այն, ինչ թաքնված է տողերի տակ, ինչն էլ անում էր հայրս՝ շշնջալով բացատրությունները, քանի որ նրա ձայնը թույլ էր (կյանքի վերջին երկու տարիներին նա խոսում էր միայն շշուկով), բայց, կարծում եմ, նաև այն պատճառով, որ նրան դուր էր գալիս ինձ ներկայացնել հավերժական ճշմարտություններն ընկերական գաղտնիքների տեսքով։ Այսպիսով, շատ շուտ ես հարստացա համընդհանուր գիտելիքներով, որոնք փայփայում էի՝ որպես եզակի սիրո ժառանգություն։ 

Մանկությանդ տարիներին դու և Բրունոն ծիծաղում էիք ինձ վրա, երբ կոշիկներիս քուղերը կապելիս կամ աման լվանալիս արտասանում էի կամ երգում, երբեմն Մոնտենից մի հատված կամ Հոբսից մի քանի տող կամ էլ Լաֆոնտենի առակներից, Պասկալի մտքերից, Սենեկայի թևավոր խոսքերից («Պապան ինքն իր հետ է խոսում»), հիշո՞ւմ ես։ Ահա այսպես իմ մանկությունից ի հայտ են գալիս փոքրիկ փիլիսոփայության պղպջակները։ Երբ վեց տարեկան էի և պետք է  դպրոց գնայի, հայրս պնդեց, որ ես իր մոտ մնամ։ Ակադեմիայի տեսուչը (նրան անվանում էին պարոն Ժարդեն), ում մայրս կանչել էր, որպեսզի այս մտադրությանը  հակադրվեր, զարմացած էր մեր հանգիստ զրույցների մակարդակից, լայնությունից և բազմազանությունից։ Եվ մեզ իր լիակատար թույլտվությունը տվեց։ Հորս մահից հետո մայրս ինձ անմիջապես հանձնեց Ազգային կրթությանը․ վեցերորդ դասարան ընդունվելու համար քննությունները պատշաճ կերպով հանձնեցի։

Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսի աշակերտ էի ես։ Իմ գիտելիքների որակից կամ էլ այն փաստից, որ ես գրում և խոսում էի գրքի պես, ավելի շատ (շշնջալով, ինչպես իշխանի խորհրդատուն, անտանելի «շեղագրերով» առանձնացնելով իմ արտահայտությունների հատկապես կարևոր մասերը) ուսուցիչներիս հատկապես հիացնում էր անթերի՝ նոտարի պես, ձեռագիրը, որով ես պարտական էի հորս պահանջկոտությանը։

«Եղի՛ր ընթեռնելի, թույլ մի՛ տուր, որ մարդիկ  կասկածեն, որ անընթեռնելի գրելաձևով փորձում ես թաքցնել մի միտք, որին չես տիրապետում»,- ասում էր հայրս։ Իսկ ինչ վերաբերում է դպրոցական դասամիջոցներին, դու կռահում ես, թե ինչ կանեին ինձ հետ այնտեղ դասընկերներս, եթե ուսուցչական կազմը իր պաշտպանության տակ չվերցներ այդ դժբախտ «անզոր մողեսին»։

Հայրիկիս մահը ինձ կրկնակի որբ թողեց։ Ես կորցրի ոչ միայն նրան, այլև նրա գոյության ամենաչնչին հետքը։ Ինչպես երբեմն վարվում են այրիները՝ անկախ նրանից՝ ցավից  են խելագարված, թե վերջապես գտնված ազատությունից գինովցած, կարևոր չէ. նրա մահվան հենց հաջորդ օրը մայրս շտապեց ջնջել այն ամենը, ինչը կարող էր իրեն հիշեցնել այդ մարդու գոյության մասին։ Նրա հագուստներն ուղարկվեցին եկեղեցի, անձնական իրերը՝ աղբանոց կամ վաճառքի։ Հենց այդ ժամանակ էլ ես նրա ուրվականը դարձա։ 

Զրկված լինելով  նրա մասին ամենափոքր շոշափելի հիշողությունից՝ ես տանը թափառում էի անմարմին ստվերի պես։ Օրեցօր ես ավելի քիչ էի ուտում, բոլորովին դադարեցի խոսել, ինձ մոտ խուճապային  վախ զարգացավ հայելիների նկատմամբ։ Ես ինձ այնքան աննյութական էի զգում, որ արտացոլանքները կասկածելի էին թվում ինձ։ (Դու, փոքրիկ խորամանկ, մեկից ավելի անգամ նկատել ես իմ անվստահությունը հայելիների ու լուսանկարների նկատմամբ, որը, կարծում եմ, մնացել է ինձ մոտ ի հիշատակ  մանկական վախերի ։) Գիշերը՝ առավել ևս, միայն այն միտքը, որ պետք է հայելիի մոտով անցնեմ, արյունս սառչում էր երակներումս։ Չէի կարող ազատվել այն մտքից, որ նույնիսկ լույսը հանգցրած, երբ ես ինքս ոչինչ չեմ տեսնում, այն միևնույն է իր մեջ պահում է իմ արտացոլանքը։ Մի խոսքով, սիրելի՛ս, տասը տարեկանում քո հայրը չէր կարող պարծենալ ո՛չ քաշով, ո՛չ կազմվածքովՀենց այդ ժամանակ էլ մայրիկս որոշեց ինձ «մարմնավորել» մեկընդմիշտ՝ ինձ գրանցելով սկզբում գայլուկների, ապա՝ Ֆրանսիայի սքաութների մոտ։ Բացօթյա ակտիվ պարապմունքները, «մարմնի ոգին » (նա դա ասում էր առանց որևէ հեգնանքի) պետք է օգտակար լինեին ինձ։

Բայց ոչ։ Լիակատար ձախողում, ինչպես քեզ արդեն հայտնի է։ Երբ կյանքդ սկսում ես մեկ ամորձիով, սկաուտական ճամբարը կարիերայի աճի վայր չէ։

Ահա թե,ով  իսկապես օգնեց ինձ «մարմին ձեռք բերել», ինձ դարձնել կոշտ տղա, որն առանց ամաչելու օգտվում է իր ֆիզիկական հնարավորություններից, դա Վիոլետտն էր՝ այն կինը, որ մեզ մոտ զբաղվում էր մաքրությամբ, լվացքով ու ճաշ պատրաստելով։ Վիոլետտը Մանեսի քույրն էր, Տիժոյի, Ռոբերի և Մարիաննայի մորաքույրը։ Մայրս անլսելի արագությամբ կարողանում էր սպասավորներին հասցնել այն վիճակին, որ նրանք փախչում էին մեր տնից՝ հազիվ աշխատանքի անցած, մեղադրելով  բոլոր մահացու մեղքերի մեջ։ Մինչև հայտնվեց Վիոլետտը։ Նա ղեկը վերցրեց իր ձեռքը և, ինչ էլ լիներ, չթողեց այն, որովհետև գաղտնի կերպով  որդեգրել էր այդ տան մեջ թափառող ուրվական երեխային։ 

Երբ Ֆրանսիայի սկաուտական ճամբարը, որ պետք է մորրս ազատեր իմ ներկայությունից, չարդարացրեց իր վրա դրված հույսերը, միակ մարդը, ով կարողացավ թեթևացնել մորս գոյությունը և ինձ հեռացնել տնից, դարձյալ Վիոլետտն էր. Վիոլետն էր, որը ինձ տանում էր դպրոցական արձակուրդների ժամանակ՝ ամառվա երկար ամիսներին, ագարակ՝ իր եղբոր՝ Մանեսի և նրա կնոջ՝ Մարթայի մոտ։Վիոլետը՝ իմ մանկության միակ սերը, ընդամենը «խնդրի պարզագույն լուծումն» էր։ Դու կտեսնես, այս օրագրում հաճախ է խոսվում Վիոլետի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա վաղուց արդեն կենդանի չէր։ Լավ։ Կենսագրական տեղեկանքի ավարտը։ Կարող ես վերադառնալ լուրջ բաներին։ Ագարակ՝ Մանեսի և Մարթայի մոտ։

 1938 թվականի ամառ։ Որտեղ, ինչպես  կտեսնես, ես արդեն շատ ավելի լավ վիճակում էի։

 14 տարեկան, 9 ամիսական,8 օր.

Երկուշաբթի, 1938 թվականի հուլիսի 18

Գլխապտույտի դեմ պայքարելու համար ես Մանեսից թույլտվություն խնդրեցի իմ անկողինը սարքել մրգերի ձեղնահարկում։ (Չորս մետր բարձրության վրա։) Մարտան համաձայն էր։ Բարձրանալը խնդիր չէր․ սանդուղքը ուղղաձիգ է, և դու վերև ես նայում։ Իսկ իջնելը՝ բոլորովին այլ բան է։ Սկզբում ես խելագարի պես կառչում էի սանդուղքից։ Երբեմն ամբողջ հինգ րոպե կանգնում էի մեջտեղում։ Ռոբերը, ներքևում սպասելով ինձ, գոռում էր, որ ներքև չնայեմ և ավելի խորը շնչեմ։ Նայիր աստիճաններին, հենց քո դիմաց։ Կամ պարզապես բաց թող քեզ, այդպես ավելի արագ տեղ կհասնես։

14 տարեկան, 9 ամսական, 19 օր

Ուրբաթ, 1938 թվականի հուլիսի 29

Հացահատիկի մեջ ցատկելը, Պելյուշաների տանը, դա բոլորովին այլ բան է։ Մինչև անցյալ շաբաթ ես չէի համարձակվում, միշտ հենց նույն գլխապտույտի պատճառով։ Մարիաննան ծաղրում էր ինձ. Թիժոն անգամ անում է, նա ընդամենը հինգ տարեկան է։

Ռոբեր. Քեզ դո՞ւր չի գալիս լողափը։

Ռոբերը դա անվանում է «լողափ գնալ», որովհետև «հացահատիկը դեղին է՝ ինչպես  ավազը՝, չնայած դա բոլորովին այլ բան է»։Մենք մերկանում ենք, նախքան սանդուղքով բարձրանալը, որպեսզի հագուստի մեջ հացահատիկ չտանենք։ Հացահատիկի մեջ ցատկելն արգելված է, հագուստի մեջ հայտնված հատիկը ծանրակշիռ ապացույց է։ Եթե Մանեսը կամ Պելյուշան մեզ մոտ գտնեն թեկուզ մեկ հատիկ, նրանք մի լավ « մեր հետույքները կթակեն » (ըստ Ռոբերի)։ Տանիքի գագաթը յոթ մետր բարձրության վրա է, գլխավոր գերանը՝ հինգ, իսկ հացահատիկը բարձրանում է մինչև երկու մետր։ Մենք բարձրանում ենք սանդուղքով, վազում գերանի երկայնքով և թռչում։ Երեք մետր թռիչք դատարկության մեջ։ Ամենակարևորը՝ չգոռալ։ Եթե մեզ լսեն ու բռնեն, որ մերկ թռչում ենք իրենց ցորենի մեջ, հաստատ կթակեն  հետույքներս, դեռ մի բան էլ ականջներս կպոկեն (կրկին ըստ Ռոբերի)։ Մինչև անցած շաբաթ ես ոչ միայն չէի կարողանում վազել գերանի վրայով, այլև պարզապես կանգնել դրա վրա։ Այնտեղ, որտեղ Թիժոն ցատկոտում էր՝ նախքան սուզվելը, ես կարող էի շարժվել միայն չորեքթաթ և ցատկում էի փակ աչքերով։ Առաջին անգամ ինձ հրեց Մարիաննան ։ Սարսափից ես գոռացի։ Մենք առնվազն հինգ րոպե մնացինք թաքնված հացահատիկի մեջ՝ անշարժ, մինչ Ռոբերը Տիժոյին  բռնել ու բերանը փակել էր քանի որ նա,  ուզում էր անմիջապես նորից թռչել։ Բայց իմ ճիչը ոչ ոք չլսեց։Հաջորդ երեք անգամ ես պետք է մենակ թռչեի․ դա էր պայմանը ։Չգոռալ։Գերանի վրա կանգնել ուղիղ։Եվ թռչել բաց աչքերով։Երեք մետր ցատկ, աղիքները հասնում են մինչև կոկորդ, ճռճռացող անցքը, որ մարմինդ է բացում հացահատիկի մեջ, թարմ քաղված ցորենի ջերմությունը մերկ մաշկիդ վրա, այդքան կենդանի շոյանքը… Հրաշալի է։ Այժմ ես դա անում եմ հեշտությամբ։ Հաճախ մենակ, Թիժոյի հետ։ Այնուամենայնիվ, ես զգում եմ, որ միշտ գլխապտույտ ունեմ. գլխապտույտը կարելի է հաղթահարել, բայց դրանից լիովին ազատվելն անհնար է։

14 տարեկան, 9 ամսական, 21 օր.

Կիրակի, 31 հուլիսի 1938 թ.

Գլխապտույտ ունեմ, բայց թքած ունեմ ։

Այսպիսով, մենք կարող ենք թույլ չտալ, որ մեր զգացմունքները կաթվածահար անեն մեր մարմինը։ 

Զգացողությունները կարելի է ընտելացնել՝ ինչպես վայրի գազաններին։ 

Վախի հիշողությունն անգամ հաճույքն է ավելացնում։ Սա վերաբերում է նաև ջրի նկատմամբ ունեցած իմ վախին։ Ես հիմա սուզվում եմ ավազանի մեջ, կարծես վարժեցրած լինեմ մի վայրի կատովի։ Հացահատիկի մեջ ցատկելը, իշխաններ որսալը՝ քնքշորեն շոյելով, Մաստուֆին կերակրելը՝ առանց վախենալու,որ կկծի ,կրտսերին մարգագետնից տուն բերելը՝ սրանք հաղթահարված վախեր են։

«Քո Արկոլեի կամուրջները», — կասեր հայրիկը։

14 տարեկան, 9 ամսական, 25 օր

Հինգշաբթի, 4 օգոստոսի 1938 թ.

Վախը ոչ մի բանից չի կարող քեզ պաշտպանել, ընդհակառակը, այն քեզ տարբեր տեսակի  վտանգի կենթարկի։Ինբ սակայն չես կարող ասել  զգուշության  մասին։ Հայրիկն ասում էր. «Զգուշությունը խելացի քաջությունն է»։

14 տարեկան, 10 աամսական

Չորեքշաբթի, 10 օգոստոսի 1938 թվական

Երկու իշխան, երրորդը սայթաքեց։ Անցյալ տարի ես նույնիսկ չէի կարողանում կենդանի ձուկը ձեռքերս վերցնել։ Ինձ զզվելի էր թվում։ Ես անմիջապես բաց էի թողնում նրան, ինչպես էլեկտրական հոսանքի հարվածից։ Եվ այնուամենայնիվ, մինչ ինձ հաջողվում է մեկ կամ երկու հատ բռնել, Ռոբերը հասցնում է վեց կամ յոթը բռնել։ Իսկ երբ Թիջոն անցնի գործի, գետում ընդհանրապես ոչինչ չի մնա։

14 տարեկան, 10 ամսական,10 օր.

Շաբաթ, 20 օգոստոսի 1938 թվական

Ցավի  ընկալման երկու ձև

Այսօր առավոտյան կթելու ժամանակ կովը շուռ տվեց դույլը։ Ռոբերը ծնկի իջավ, որ կաթը թափի ջրահեռացման փոսի մեջ, իսկ երբ դույլը ձեռքին վեր կացավ, պարզվեց՝ մի տախտակ գամված է նրա ծնկին։ Նա ծնկով կանգնել էր մեխի վրա։ Առանց որևէ անհանգստության նա պոկեց տախտակը և նորից անցավ գործին։ Երբ ես նրան ասացի, որ վերքը պետք է անհապաղ ախտահանել, նա պատասխանեց․ «հա՛, լավ, հետո՝ կթելուց հետո»։ Ես հարցրի՝ ցավո՞ւմ է։ «Մի քիչ»։

Ժամը չորսին, ցերեկվա  հացը կտրելիս, դանակով կտրեցի բութս։ Արյունը շիթով ցայտեց, իսկույն սիրտս բերանս եկավ, գլուխս պտտվեց, պատով սահեցի ներքև և նստեցի գետնին, որպեսզի չուշաթափվեմ։ Ահա և ամբողջ տարբերությունը Ռոբերի ու իմ միջև։Եթե մորս հարցնեին, թե որտեղից է գալիս այդ տարբերությունը, նա կպատասխաներ․ «Այդ մարդկանց մոտ երևակայությունը լրիվ բացակայում է, ահա և վերջ»։ Նա հաճախ այդպես էր խոսում Վիոլետի մասին։ (Օրինակ՝ երբ Վիոլետի դուստրը մահացավ, իսկ նա բոլորովին չլացեց։) Ուրեմն, եթե ես ուշագնաց լինեի, դա կնշանակե՞ր, որ որ ես քաղաքակրթույան ավելի բարձր աստիճան ունեմ քան Ռոբերը։Ինչ ես խիսում։ Ոչ մի դեպքում։ Մենք Ռոբերի հետ նույն տարիքի ենք, պարզապես նա ապրում է իր մարմնի հետ ներդաշնակ, ահա և ամենը։ Նրա մարմինն ու գիտակցությունը միասին են մեծացել, նրանք ընկերներ են։ 

Նրանց պետք չէ յուրաքանչյուր անսպասելի իրավիճակում նորից ծանոթանալ, նորից հարմարվել միմյանց։ Եթե Ռոբերի մոտ արյուն է հոսում, նրա համար դա ոչ մի առանձնահատուկ բան չէ, ոչ մի անակնկալ։ Իսկ եթե իմ մոտ արյուն հոսի, ես անակնկալից ուշագնաց կլինեմ։Ռոբերը շատ լավ գիտի, որ ունի մարմին, և այդ մարմնի ներսում արյուն է հոսում։ Եվ որ այդ արյունը կարող է դուրս գալ։ Ինչպես խոզի մոտ, երբ մորթում են։Իսկ ես ամեն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ նոր բան է պատահում, նախ զարմանում եմ, որ ընդհանրապես մարմին ունեմ։

14 տարեկան, 10 ամսկան, 13 օր

Երեքշաբթի, Օգոստոսի 23, 1938 թ.

Ձեղնահարկի աստիճանը փոխարինեցի պարանով։ Հիմնականում, որպեսզի Տիժոն այնտեղ չբարձրանա։ Առայժմ առանց ոտքերիս օգնության կարողանում եմ բարձրանալ միայն մինչև կեսը։

14 տարեկան, 10 ամսական, 14 օր

Չորեքշաբթի, Օգոստոսի 24, 1938 թ.

Տիժոն լիովին հակառակն է նրան, ինչ ես էի մանկությանս տարիներին։ Բացարձակապես ֆիզիկական ։ Նրա մեջ չկա ոչինչ այն գիրուկ, փոքրիկ Բուդդայից, որին սովորաբար նման են իր տարիքի երեխաները։ Նա մի տեսակ սարդ է՝ ամբողջությամբ կազմված  նյարդերից, մկաններից ու ջլերից։ Թվում է՝ անշարժ, բայց միևնույն ժամանակ՝ կայծակնային արագաշարժ։ Ոչ մի դանդաղ շարժում։ Նա գործում է այնպիսի արագությամբ, որ նրա էներգիայից ծնված հերթական աղետը կանխելն ընդհանրապես հնարավոր չէ։ Չեմ զարմանա, եթե երեք շաբաթից ինքնուրույն բարձրանա պարանով ու հասնի իմ ձեղնահարկը։ 

Անցյալ շաբաթ նրա մտքով անցավ մտնել փորսուղի բունը՝ հետևելով նրան։։ Մանեսը ստիպված էր բահով փորել այն, որպեսզի նրան հանի այնտեղից, ինչպես որսորդական շան։ Փորսուղը սարսափելի դժգոհ էր, բայց նույնիսկ չքերծեց  նրան։ Ոչ էլ կծեց։ Եթե Տիժոն շուն լիներ, փորսուղը նրա աղիքները դուրս կհաներ։ (Հետաքրքիր է, միգուցե վայրի գազանները զգում են, որ իրենց առջև երեխա է։)Տիժոն ամբողջովին կեղտոտ էր, բայց սարսափելի գոհ։ Եվ ամեն օր՝ այս կարգի մի նոր սխրանք։ Բայց երեկոյան  նա, հնազանդ տղայի նման, ինձնից հեքիաթ է պահանջում։ Նա լսում է՝ անշարժացած իր մահճակալում, լայն բացված աչքերով սև գանգուրների տակ (երեկ «Մատնաչափիկն» էր), և նրա դեմքին գրված է այն ամենը, ինչ նա զգում է՝ հուզմունք, անհամբերություն, վրդովմունք, կարեկցանք, հետո՝ ծիծաղի պոռթկում, և մի ակնթարթում նա քնում է։

14 տարեկան, 10 ամսական,, 18 օր

Կիրակի, Օգոստոսի 28, 1938 թ.

Վատ էի հաշվարկել ցատկս։ Շատ ուղիղ էի ցատկել և շատ ուշ էի շրջվել։ Արդյունքում քերծել էի ափերս ու ծնկներս։ Ջրի տակ գրեթե ոչինչ չէի զգացել, իսկ հետո՝ սարսափելի ցավոտ  էր։ («Այրող ցավը»՝ հենց այդ արտահայտությունն է։) Երբ Վիոլետը ասաց, որ քերծվածքներս պատրաստվում է լվանալ Մանեսի կալվադոսով, չդիմացա ու հարցրեցի․

— Ցավալո՞ւ է ։

—Իսկ դու ինչ ես կարծում։։ Իհարկե ցավալու է, Մանեսի օղին իսկական է, ոչ թե ինչ-որ ջրիկ բան։ Տուր ոտքդ։Ես մեկնեցի ոտքս՝ ձեռքերով ամուր կառչելով աթոռից։

— Պատրա՞ստ ես։

(Տիժոն մեծ հետաքրքրությամբ հետևում էր գործողությանը։)

Ես սեղմեցի ատամներս, փակեցի աչքերս ու գլխով նշան արեցի՝ այո։ Վիոլետը մաքրում էր վերքը, բայց ես բացարձակապես ոչինչ չէի զգում։ Որովհետև նա իմ փոխարեն  գոռում էր։Իսկական, ցավի գոռոց, ասես նրան կենդանի-կենդանի մաշկահան էին անում։ Սկզբում ես ապշեցի, հետո Տիժոյի հետ միասին սկսեցինք հռհռալ։Հետո ծնկիս վրա զգացի գոլորշիացող սպիրտի սառնությունը, որի հետ միասին կարծես ցավի մի մասն էլ էր ցնդում։ Ես Վիոլետին ասացի, որ երկրորդ ծնկի դեպքում դա չի աշխատի, որովհետև հիմա արդեն այդ հնարքը գիտեմ։ «Գրազ գալի՞ս  ես։ Տուր մյուս ոտքդ»։ Այս անգամ նա բաց թողեց մեկ այլ ճիչ։ Անհավանական բարձր թռչնի ճիչ, որը ականջներս ծակեց։ Նույն արդյունքը։ Ոչինչ էլի  չզգացի։ «Դա, իմ փոքրիկ տղա, կոչվում է լսողական անզգայացում»։ Նա չբղավեց ձեռքերս մաքրելիս, և նրա լռությունն ինձ ավելի զարմացրեց, քան նրա ճիչերը։ Ես ոչինչ էլ չհասցրի զգալ, երբ ամեն ինչ ավարտվեց։

Ստացվում է, որ եթե միտքը  շեղենք ցավից, վիրավորը ոչինչ չի զգա։

Վիոլետն ասաց, որ այդ հնարքը հորինել է, երբ մանկության տարիներին Մանեսին էր բուժում։ «Իսկ ի՞նչ, Մանեսն այդպիսի նրբի՞կ էր»։

Նա ժպտաց. «Նույնիսկ Մանեսն է ժամանակին փոքրիկ տղա եղել»։

14 տարեկան, 10 ամսական,20 օր

Երեքշաբթի, Օգոստոսի 30, 1938 թ.

Գնացի քնելու ու անկողնումս  գտա Տիժոյին։ Նա, այնուամենայնիվ, բարձրացել էր այդ պարանով։ Ինձ չբավարարեց քաջությունս նրան դուրս վռնդելու համար։ Իսկ ինչ պետք է անեի։Պետք է կապեի նրա ձեռքերն ու ոտքերը ու իջեցնեի պարանով ներքև։ Նա քնած է, ինչպես մի շնիկ։ Ինչ-որ տեղ է վազում քնի մեջ ու թեթևակի մլավում։ Ճիշտ ինչպես նորածին։ Նրան նույնիսկ թնդանոթով չես արթնացնի։ 

Ես միշտ շատ  զգայուն եմ եղել՝ անգամ քնած  ժամանակ։ Անգամ եթե սարսափելի հոգնած եմ, իմ գիտակցությունը միշտ զգոն է, ճիշտ ժամապահի պես։ Իսկ երբ արթնանում եմ, իմ սիրտն ասես կրծքից աքցանով դուրս են քաշում։

Դու ճիշտ քո մոր նման ես, ասում է Ֆրանսուազը, շատ  անհանգիտտ ես։ Դա ճիշտ է։ Բայց այստեղ շատ ավելի քիչ , քան տանը։

14 տարեկան, 10 ամսական, 23 օր.

Ուրբաթ, 2 սեպտեմբերի, 1938 թ.

Վիոլետտը անսպասելի գտավ ինձ մերկ՝ փոքրիկ ավազանում։ Ես լոգսնք էի ընդունում  մոշ հավաքելուց հետո։ Իմ ձեռքերը մինչև արմունկ կարմիր էին, ինչպես մարդասպանինը։ Նա ինձ զննեց. «Ես տեսնում եմ, որ շատրվանիդ շուրջը խոտ է բուսել»։ (Ոչ ոք երբեք չի խոսում այն մազերի մասին, որոնք աճում են մեր մարմնի վրա։ Իսկ ահա  Վիոլետտը, այո)։ Թևատակերիդ տակ էլ կա՞։ Ես բարձրացրի ձեռքերս, որպեսզի նա ինքը համոզվի։ Նա այլևս չէր ճանաչում իմ մարմինը։ Գրեթե երեք տարի է, ինչ նա ինձ չի լողացնում։

Այն մարդիկ, ովքեր ձեզ լավագույնս գիտեն, այլևս ոչինչ չգիտեն ձեր անձնականի մասին, երբ դուք մեծանում եք։ Ամեն ինչ գաղտնի է դառնում։ Իսկ հետո մարդը մահանում է, և ամեն ինչ նորից երևան է գալիս։ Հենց Վիոլետտն  է հայրիկին վերջին անգամ լողացրել։

14 տարեկան, 10 ամսական, 25 օր.

Կիրակի, 4 սեպտեմբերի, 1938 թ.

Մանեսն ինձ խորհուրդ տվեց զբաղվել բռնցքամարտով։ Դու ճկուն ես, արագ ես վազում, լավ մկաններ ունես, երբ մեծանաս, երկար ձեռքեր կունենաս, պետք է զբաղվել բռնցքամարտով։ Ինքը, երբ բանակում էր ծառայում, չեմպիոն էր։ Բռնցքամարտում ամենահետաքրքիրը խուսափելն  է։ Մանեսը գոմի հողե հատակին ոտնահետքեր գծեց՝ դեմ դիմաց։

 Մենք կանգնեցինք յուրաքանչյուրս մեր հետքի վրա, և ես պետք է բռունցքներովս հասնեի նրան։ Դե, արի՛, զարկի՛ր ինձ, փորձի՛ր ինձ հասնել։ Դա այդպիսի խաղ է։ Ես կանգնած եմ իմ հետքերի վրա, նա՝ իր, մեկ ձեռքի երկարության հեռավորության վրա, և ես պետք է փորձեմ հարվածել նրան։ Բայց ես չեմ կարողանում հասնել։ Ոչ մի կերպ։ Սկզբում ես դանդաղ էի գործում, բայց նա անընդհատ կրկնում էր. «Ավելի՛ արագ։ Ավելի՛ ուժեղ։ Ավելի՛ արագ։ Զարկի՛ր ողջ ուժով։ Փորձի՛ր ինձ հասնել։ Էլի՛։ Էլի՛»։ Ոչինչ չի ստացվում։ Նա խուսափում  է ցանկացած հարվածից։Կամ հետ է քաշվում, և իմ բռունցքը հասնում է իր վերջնակետին՝ առանց նրան դիպչելու (ինչը ցավեցնում  է արմունկս), կամ կռանում է, և ես անցնում եմ նրա վրայով (ինչը ինձ հավասարակշռությունից հանում է), կամ պտտվում է ազդրերի վրա և ես հարվածում եմ կողքով (ինչի հետևանքով ստիպված եմ դուրս գալ իմ հետքերից)։ Երբեմն նա պարզապես խուսափում է՝ միայն գլուխը այս ու այն կողմ թեքելով։ Քիչ էր մնում, բայց կրկին վրիպեցի։

Եվ այս ամենը նա անում է՝ ձեռքերը մեջքի հետևում խաչած,իսկ  ոտքերը չհանելով գետնի վրա գծված հետքերից։ Իսկ ես բռունցքներով հարվածում եմ օդին։ Երբեմն ձևացնում եմ, թե հիմա մի կողմ եմ հարվածելու, բայց իրականում հարվածում եմ մյուս կողմ, և նա ծիծաղելով խուսափում է.

— Խորամա՛նկ։ Դե՛, արի՛, արի՛։

Ուրվականի դեմ բռնցքամարտելը սարսափելի հոգնեցուցիչ է։ Դու հազիվ ես շնչում, ամեն ինչդ ցավում է՝ ուսերդ, արմունկներդ, ոտքերի կապանները, նյարդայնանում ես ու լրիվ սպառվում։ Եվ հենց այդ պահին է, որ հակառակորդն անցնում է հակագրոհի։ Երկու-երեք կատվի մեղմ  հարվածներով Մանեսը դիպչում է իմ լյարդին, կզակին ու քթին։ Նա աներևակայելի ճկուն է, իսկ ինչպիսի՜ արագություն ունի։ Իսկ Վիոլետտը ասում է, որ 1923 թվականից՝ նրա ծառայության և իմ ծննդյան տարուց ի վեր, նա ծավալով կրկնակի մեծացել է։

14 տարեկան, 10 ամսական, 27օր

Երեքշաբթի, 7 սեպտեմբերի, 1938 թ.

Ո՞վ կհավատա, եթե պատմես, որ հինգ տարեկան երեխան պարանով չորս մետր բարձրություն է մագլցում։ Ոչ ոք չի հավատա։ Այնուամենայնիվ, Թիժոն դա անում է ամեն երեկո։ Մնացած առումներով նա ուղղակի հրեշտակ է։ Հեքիաթից անմիջապես հետո քնում է։ Իսկ արթնանալուն պես՝ ինձ հետ  հարվածում է է թեփով լի պարկին, որը Մանեսն իմ գերանից է կախել։ Նա դրա վրա ածուխով իր դեմքն է նկարել։ Ջնջի՛ր ինձ։ Սա այսպիսի առաջադրանք է։ Պետք է, որ մարզումներից նկարը ջնջվի։ Եվ, կարծես, նրան հաջողվել է․․․Մազերի խուրձը, հոնքերը, բեղերը՝ ճիշտ Մանեսն է։

14 տարեկան, 10 ամիս, 28 օր

Չորեքշաբթի, 7 սեպտեմբերի, 1938 թ.

Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ, Վիոլետը մահացավ։ Վերջ։

Նշում Լիզոնի համար

Ի՛մ սիրելի Լիզոն:

Հաջորդ տետրը դու դարձյալ կարող ես բաց թողնել: Այնտեղ կգտնես միայն այս նախադասությունը, որը կրկնվում է անթիվ-անհամար անգամներ. Վիոլետն իսկապես մահացավ: Իսկ այն տղայի համար, որն ես էի այն ժամանակ, նա չպետք է մեռներ: Հասկանո՞ւմ ես, նա իմ պաշտպանության տակ էր: Այն ուժը, որ ես քաղում էի նրանից՝ նրա հին ուժերից, ինձ դարձրել էր նրա բնական պաշտպանն ու հովանավորը: Քանի դեռ ես կողքին էի, նրան ոչինչ չպետք է պատահեր: Բայց նա, միևնույն է, մեռավ: Մեռավ, թեև ես կողքին էի: Ես մենակ էի՝ նրա մահվան միակ վկան:

Դա պատահեց մի օր կեսօրին, երբ ես, գետի հոսանքին հակառակ բարձրանալով, հինգ իշխան որսացի, իսկ նա սպասում էր ինձ՝ նստած իր կարմիր, ծալովի կտավե աթոռակին (հենց նա էր ինձ սովորեցրել իշխան բռնել մերկ ձեռքերով. «ամուր սեղմիր քարերին, իսկ օձերից մի՛ վախեցիր՝ փոքր արարածները մեծերին չեն ուտում»): Ես նրա զամբյուղի մեջ նետեցի կենդանի հինգ ձկներին (նա ինքն էր սպանում դրանց՝ քարին արագ հարվածելով), իսկ նա մեռավ վեցերորդ իշխանի ժամանակ:

Նա պառկած էր՝ շնչահեղձ լինելով աթոռակի կողքին, բերանով օդ որսալով, ճիշտ ինչպես այն իշխանը, որին ես վայր գցեցի՝ նետվելով դեպի նա։ Ես սկսեցի կանչել նրա անունը, խփել նրա մեջքին՝ կարծելով, թե ինչ-որ բան էր կուլ տվել ու խեղդվում էր, արձակեցի նրա զգեստը, վերնաշապիկս թրջեցի գետում՝ նրա վրա սառը թրջոց դնելու համար, և այդ ամբողջ ընթացքում նա փորձում էր վերականգնել շունչը, բերանով որսում էր օդը, բայց հենց այդ օդն էր նրան խեղդում՝ նույն այն օդը, որ պիտի փրկեր նրան։ Նրա աչքերում քարացել էր կյանքի այդ դավաճանությունից ծնված զարմանքը, իսկ ձեռքերը կառչում էին  ինձնից, ինչպես խեղդվողն է կառչում  վերջին ճյուղից։ Նա ոչինչ չէր կարողանում ասել, անգամ՝ որ մահանում է։ Միայն այդ սառցե մատները, այդ խեղդված ճիչը, այդ բացված, սարսափելի խոռոչը՝ շնչափողը, այդ խռպոտ, կապտացող մահը, քանզի նա մահանում էր, և մենք երկուսս էլ դա հասկանում էինք։«Վիոլե՛տ, ես չեմ ուզում, որ դու մեռնես»։ Ահա ինչ էի գոռում ես, ոչ թե «օգնեցեք», ոչ թե «փրկեք», այլ՝ «Վիոլե՛տ, ես չեմ ուզում, որ դու մեռնես»։ Ես կրկնում էի դա նորից ու նորից, մինչև այն պահը, երբ դադարեցի ինձ տեսնել նրա աչքերում, երբ այդ այդքան մոտիկ աչքերը  դադարեցին որևէ բանի նայել, երբ նա հանկարծ ծանրացավ իմ գրկում՝ մեռած մարմնի ծանրությամբ: Դրանից հետո մենք տեղից չշարժվեցինք: Նրան խեղդած օդը դուրս եկավ նրանից, և օրը խամրեց ինձ համար: Երբ Ռոբերն ու Մարիաննան գտան մեզ, այն իշխանը դեռ կենդանի էր:

Մայրս ինձ տուն տարավ, որտեղ ես փակվեցի սենյակումս և սկսեցի տետրի մեջ անդադար գրել միևնույն նախադասությունը՝ «Վիոլետը մահացավ»։ Այն նույն տետրը, որն այժմ քո առջև է՝ օրագրիս ութերորդ տետրը, որն ավարտելուց հետո պատրաստվում էի հաջորդին անցնել, հետո՝ մյուսին. այդպիսին էր պլանս՝ լրացնել բոլոր հաջորդ տետրերը միայն մեկ  նախադասությամբ՝ «Վիոլետը մահացավ», տետր առ տետր, գրել առանց դադարի, մինչև ամբողջովին ուժասպառ կլինեի։Դատելով խնամքով գրված տառերից՝ որոշումը կայացվել էր հանգիստ վիճակում։ «Վիոլետը մահացավ»՝ սա արդեն իմ այսօրվա ձեռագիրն է՝ կատարելապես մշակված՝ կլորավուն, նրբագեղ տառեր, Երրորդ հանրապետության ոգով պարտադիր հառաչանքներ, ջանասիրաբար լրացված էջեր, որոնք կոչված էին մեղմելու անտանելի ցավը։ Եվ ես այսպես հառաչում էի «Վիոլետը մահացավ», մինչև որ հոգնածությունից գրիչն ընկավ ձեռքիցս։ Ես թուլացել էի ոչ թե երկար գրելուց, այլ դատարկ ստամոքսից, որովհետև հացադուլ էի հայտարարել։

Մայրս չգնաց Վիոլետի թաղմանը, մայրս Վիոլետի մասին խոսում էր այնպես, ինչպես խոսում էր, երբ նա դեռ ողջ էր. մայրս, կարծում էի ես, պղծում էր Վիոլետի հիշատակը (ոչ մեկին էլ չեմ պղծում, այլ ասում եմ այն, ինչ մտածում եմ), և ես հացադուլ հայտարարեցի, որպեսզի այլևս չապրեմ մորս կողքին։ Այն ժամանակ ես չգիտեի, որ մայրս ընդհանրապես չէր մտածում, որ նա պատկանում էր այն անթիվ մարդկանց շարքին, ովքեր միանգամայն անկեղծորեն «կարծիք», «համոզմունք», «վստահություն» և նույնիսկ «զգացմունք» ու «միտք» են անվանում ինչ-որ մշուշոտ, իրենց անհասանելի զգացողություններ, որոնցով էլ միայն առաջնորդվում են իրենց դատողություններում։

Վիոլետը կեղծ էր, Վիոլետը գռեհիկ էր, Վիոլետն իր տեղը չգիտեր, Վիոլետը հաստատ գողություն էր անում, Վիոլետը փնթի էր, հարբեցող, անփույթ, Վիոլետից վատ հոտ էր գալիս, Վիոլետը հենց այդպես էլ պետք է ավարտեր… Իսկ ես այլևս չէի ուզում ապրել մորս հետ։ Պանսիոն կամ մահ՝ սա էր իմ կարգախոսը։ Իսկ ճնշման միջոցը դարձավ հացադուլը։

14տարեկան, 11ամսական, 3օրական

Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 1938 թ.

— Դու՞։ Հացադո՞ւլ։ Կտեսնենք՝ վաղը ինչ կլինի։ Նա սխալվում է։ Ես դիմանում եմ։ Ի դեպ, դա այնքան էլ սարսափելի չէ։ Ես չեմ խաբում, թաքուն չեմ ուտում։ Երբ քաղցն անտանելի է դառնում, ես մի բաժակ ջուր եմ խմում, ինչպես թույլատրվում է անել հաղորդությունից առաջ։ Սեղանի շուրջը նա ամեն անգամ իմ առջև նույն ափսեն է դնում, ինչպես վարվում  է Դոդոյի հետ, երբ նրան դուր չի գալիս այն ,ինչն իրեն են տալիս։ Նա կարծում է, թե մենք ուտելիք ենք դեն նետելու։ Նա իսկապես ոչինչ չի հասկանում։ Որքան հետաքրքիր է. մի մարդ, ով կարծում է, թե ամեն ինչ գիտի, այդքան էլ լավ չի   հասկանում ուրիշներին։ Բայց ես չեմ ուզում նրա մասին մտածել։ Ես այլևս երբեք «մայրիկ» չեմ ասի։

14տարեկան, 11 ամսական, 4օրական

Չորեքշաբթի, 14սեպտեմբերի, 1938 թ.

Վերջին անգամ գնացի զուգարան։ Հիմա ես իրականում լիովին դատարկ եմ։ Ստամոքսումս (թե՞ աղիքներումս) գռմռոց  է, որովհետև մարսողական համակարգս դատարկ տեղն է աշխատում։ Երբ իսկապես սոված ես լինում, կծկված ես քնում։ Ասես փաթաթվում ես ստամոքսիդ շուրջը։ Ասես փորձում ես սեղմել այն, որպեսզի մոռանաս, որ այնտեղ դատարկություն է։ Ցերեկը միայն ուտելու մասին ես մտածում։ Թուքը քաղցրանում է։ Կարծում եմ՝ այս վիճակում մարդ կարող է ամեն ինչ ուտել։ Դոդոն ուզում է, որ ես իրեն հետս պանսիոն տանեմ։ Ասում է, որ մենակ չի մնա այստեղ։

14տարեկան, 11 ամսական, 5օրական

Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 1938

Երեկ երեկոյան սկսեցի ծամել սավանը։ Դա խաբեություն չէր, պարզապես ինձ պետք էր ինչ-որ բան դնել բերանս։ Կարծում եմ՝ ծամում էի այն նույնիսկ քնելիս։ Դոդոն օգտվեց դրանից և սկսեց ինձ շանտաժի ենթարկել։ Նա ինձ ստիպեց երդվել, որ իրեն հետս կտանեմ։ Ասաց. «Եթե ինձ չտանես, ես այստեղ կբերեմ ամենահամով բաները և կուտեմ աչքիդ առաջ»։ Մենք ծիծաղեցինք։

14տարեկան, 11 ամսական, 6օրական

Ուրբաթ, 16սեպտեմբերի, 1938

Այսօր առավոտյան նա ուզեց ինձ գրկել։ Ես վեր թռա մահճակալից։ Չեմ ուզում, որ նա դիպչի ինձ։ Գլուխս պտտվեց, ու ես ընկա։ Նա ուզում էր ինձ բարձրացնել, բայց ես սողացի մահճակալի տակ, որպեսզի նա ինձ չհասնի։ Նա ասաց, որ ինձ ոչ թե պանսիոն կուղարկի, այլ գժանոց։ Եվ ավելացրեց. «Ի դեպ, այս ամենը մի թատրոն է, դու թաքուն ուտում ես, ես տեսել եմ»։ Նա միշտ այդպես է ասում, որպեսզի իրեն հանգստացնի։ Դոդոն է ինձ ասել։

14տարեկան, 11 ամսական, 7օրական

Շաբաթ, 17 սեպտեմբերի, 1938

Սնունդը էներգիա է։ Ես այլևս էներգիա չունեմ։ Այն մարմնիս չի հերիքում։ Կամքի ուժիս հետ ամեն ինչ կարգին է, ոչինչ չի փոխվել։ Ես չեմ ուտի և չեմ խոսի, մինչև նա չհամաձայնի պանսիոնին։ Մեկ է, թե որտեղ, ինձ համար միևնույն է։

Չի կարելի պառկել, չի կարելի քնել։ Պետք է ինչ-որ տեղ գնալ, քայլել։ Որքան քիչ ես ուտում, այնքան ավելի ծանր ես թվում քեզ, և այնքան ավելի երկար են թվում հեռավորությունները։ Փողոցում ես տեղաշարժվում եմ լապտերից լապտեր։ Հասնում եմ մեկին, կանգնում, շունչ քաշում, նայում հաջորդին ու նորից քայլում։ Զբոսանքի ժամանակ ես պետք է այդպես անցնեմ առնվազն տասը լապտեր՝ տասը՝ այն կողմ, տասը՝ հետ։ Երևի հենց այսպես էլ կքայլեմ, երբ ծերանամ՝ լապտերները հաշվելով։

14 տարեկան, 11 ամսական, 8 օրական

Կիրակի, 18 սեպտեմբերի, 1938 թ.

Նա նոր խոհարարուհի է վարձել՝ Ռոլանդային։ Քանի որ ինքը հիմա այլևս չի մտնում իմ սենյակ, ճաշը ինձ բերում է Ռոլանդան։ Նա նրան պատվիրում է, որ պատրաստի իմ սիրած ուտեստները։ Այսօր՝ ցերեկը, մակարոն էր՝ լոլիկով և ռեհանով (սոուսը՝ Վիոլետտի պատրաստած բանկաներից)։ Երեկոյան՝ կարտոֆիլային ջեռեփուկ և մածուն՝ խաղողի մուրաբայով։ Ես ոչնչին ձեռք չտվեցի։ Պարզապես կռացա ափսեի վրա ու սկսեցի խորը շնչել՝ գլուխս սրբիչով ծածկած, ինչպես ինհալացիայի ժամանակ։ Լոլիկի ու ռեհանի բուրմունքը տարածվում է ներսումդ՝ սովից առաջացած դատարկության մեջ։ Այդպես է նաև  մշկընկույզի բույրը։ Դու չես կերել, բայց հագեցել  ես։ Ռոլանդան տանում է ձեռք չտված  ափսեները։ Նա երևի կարծում է, որ խելագարների տուն է ընկել։ Դոդոն ասում է, որ ես իսկապես ուժեղ եմ։ Օգոստոսին ինքս էի օգնում Վիոլետին՝ պատրաստել այդ լոլիկն ու ռեհանը։ «Չպետք է տարաները շատ երկար պահել, բարեկամս, մեկուկես-երկու ամիս, ոչ ավել, թե չէ ռեհանից ձեթը կպղտորվի ու անհամ կդառնա»։ (Նրա ձայնում արդեն այն ժամանակ օդը չէր հերիքում)։ Ես լաց եղա։

14 տարեկան, 11 ամսական, 9 օրական

Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 1938 թ.

Ինձ համար դժվար է հրում վարժություն հատակին  անելը։ Ձեռքերումս ուժը քիչ է։ Տասն անգամից ավելի չի ստացվում։ Մինչև հացադուլը, ես դրանք նույնիսկ չէի էլ հաշվում։ Թող նիհարեմ, ինձ համար միևնույն է, բայց չեմ ուզում կորցնել մկաններս։ Ճարպս այնքան էլ շատ չէր՝ կորցնելու բան չկա։ Չնայած ներքնաշորերիս, թավշյա շապիկիս, հաստ սվիտերին ու հայրիկիս վերմակին՝ ես անընդհատ մրսում եմ։ Դա սովից է։ Ճարպը գնալով քչանում է, ու դու սկսում ես սառչել։Վիոլետին դուր չէր գա, որ ես այսքան լաց եմ լինում․ «Դե, հերիք է, բարեկա՛մս, միջիցդ ամբողջ ջուրը դուրս կհանես ու վերջնականապես կհյուծվես»։ Շատ շուտ՝ հայրիկիս մահից հետո, ինձ մխիթարելու համար նա ինձ տարավ տոնավաճառ, և ես, աղեղով կրակելով, տասներկու կիլոգրամ շաքարավազ շահեցի։ Հրաձգարանի տերը կատաղել էր. «Այս տղան առաջին կարգի  նետաձիգ է, նա մեզ կսննկացնի, հերի՛ք եղավ արդեն»։ Ես ընդամենը տասուկես տարեկան էի։ Մենք մեքենա վերցրինք և շաքարի փաթեթներից մեկը տվեցինք վարորդին։

Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ… Ես անդադար կրկնում էի՝ Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ, արցունքների մեջ խեղդվելով՝ Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ, Վիոլետ, մինչև որ նրա անունը կորցրեց ամեն տեսակ իմաստ։

14 տարեկան, 11 ամսական, 10 օրական

Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 1938 թ.

Այս առավոտ նախաճաշը պատուհանից դուրս նետեցի։ Գայթակղությունը չափազանց մեծ էր։ Ռոլանդան ինձ այլևս ոչինչ չբերեց՝ ո՛չ կեսօրին, ո՛չ երեկոյան։ Պահարանի հայելու մեջ կողերս զննելիս մտածեցի հայրիկիս մասին։ Նա էլ երևի հաշվում էր լապտերները։ Ամենավերջում նա այլևս ընդհանրապես տնից դուրս չէր գալիս։ Հիմա չեմ հիշում նրա դեմքը, բայց դեռ զգում եմ նրա ափը գլխիս։ Այն այնքան մեծ էր՝  իր նիհար բազկի համեմատ։ Եվ այնքա՜ն ծանր։ Նա մեծ ջանք էր գործադրում այն բարձրացնելու համար։ Հաճախ նա այն դնում էր ձեռքիս  վրա, և ես ինքս էի այն հասցնում մինչև գլուխս։ Ես պետք է պահեի այն, որպեսզի վայր չընկներ։ Կամ էլ գլուխս դնում էի նրա ծնկներին. այդպես նրա համար ավելի հեշտ էր։ Նա երբեք ուտելու ցանկություն չէր ունենում։ Երկար մնում էր սեղանի շուրջը, նույնիսկ ուտելուց հետո, երբ սպասքն արդեն հավաքված էր լինում։ Կարծում եմ՝ վեր կենալու ուժ չուներ։ Ինչպես և՝ խոսելու ցանկություն։ Մի օր մի ճանճ նստեց նրա քթին։ Նա նույնիսկ չփորձեց այն քշել։ Բոլորը, սեղանի շուրջը նստած, նայում էին այդ ճանճին։ Իսկ նա ասաց. «Նա երևի որոշել է, որ ես արդեն դիակ եմ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով