«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտությունն իր կարևոր դերն ու նշանակությունն ունի: Երաժշտական կրթություն ստանում են բոլորը՝ Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց ու Քոլեջ: Երաժշտությունը, երաժշտական գործունեությունը ներկայացված է առավոտյան ընդհանուր պարապմունքների, երաժշտության դասերի, մեդիաուրբաթների, երաժշտական ստուգատեսների ընթացքում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթություն ստանալը, ինքնակրթվելը ոչ միայն ուղղված է սովորողին, այլ նաև դասավանդողին: Եվ ես նույնպես բացառություն չեմ՝ և՛ դասավանդում եմ, և՛ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես երաժշտական կրթություն չունեմ, միայն տարիներ առաջ երգել և պարել եմ Ռուդիկ Հարոյանի խմբում: Նաև այս վերջին երկու տարիներին   «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ: Իսկ 2011թ-ից Քոլեջի երաժշտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող եմ: Ուսանելով քոլեջում՝ այս երեք տարիների ընթացքում անհրաժեշտ երաժշտական գիտելիքներ եմ ստացել շնորհիվ իմ ուսուցիչների՝  Սվետա Ճաղարյանի, Մարինե Մկրտչյանի, Սեյրան Ավագյանի և Հարություն Թոփիկյանի, ինչի համար շնորհակալ եմ:

 Կրտսեր դպրոցում ըստ ուսումնական պլանի շաբաթական երկու դասաժամ հատկացված է երաժշտությանը, որից մեկ դասաժամը տրված է երաժշտության ուսուցչին, իսկ մյուսը՝ դասվարին: Եվ դա շատ լավ հնարավորություն էր իմ ստացած երաժշտական գիտելիքները կիրառելու:

Ու որոշեցինք ստեղծել դասարանական համույթ, որտեղ սովորողները դաշնամուր կնվագեն: Մինչ ուսումնական պարապմունքներն սկսելը սովորողների հիմնական մասը չուներ երաժշտական կրթություն, մի քանիսն ունեին երաժշական գործիք  (դաշնամուր), բայց ոչ ոք նվագել չգիտեր: Ակնկալում էի, որ աղջիկներն ավելի արագ կյուրացնեն, քան տղաները, բայց հակառակ պատկերն ստացվեց: Դաշնամուր նվագելն ավելի շատ ոգևորեց տղաներին: Տղաներն այս առումով ավելի շատ հաջողություններ գրանցեցին: Քանի որ դասարանում չունենք դաշնամուր, էլեկտրոնային գրատախտակը հանդիսացավ որպես էլեկտրոնային դաշնամուր։

Ինչպես հայտնի է, կրթահամալիրում իրականացվում է նեթբուք-նոթբուքով անհատական ուսուցում և այս դեպքում էլ այս գործիքները վերածվեցին «մեդիադաշնամուրների», որոնց օգնությամբ սովորողները սովորեցին նվագել: Ամենասկզբում նոտաները ճանաչեցինք ծիածանի գույներով, օրինակ՝ կարմիրը դոն էր, նարնջագույնը՝ ռեն, դեղինը՝ մին, կանաչը՝ ֆան, երկնագույնը՝ սոլը, կապույտը՝ լյան, մանուշակագույնը՝ սին: Գույների ընտրությունը պատահական չէր, որովհետև ծիածանի գույներն էլ են յոթը, նոտաներն էլ են յոթը:  Իսկ հետո փորձեցինք նոտաները ճանաչել հնգագծի վրա (հնչյուևների բարձրության գրառմանը հատկացված հորիզոնական հինգ գծերի համակարգ)։ Նոտաները գրվում են գծերի վրա և գծամիջերում, որոնք հնգագծի սկզբում դրվող բանալուն համապատասխան, ստանում են հնչյունների որոշակի բարձրություն դրսևորելու նշանակություն։ Կիրառվում են նաև լրացուցիչ՝ «օժանդակ» գծեր, թե որ նոտան, որ  գծի վրա է: Ահա այսպես.

Այս ամենը լավ յուրացնելուց հետո, փորձեցինք գունավորված ստեղնաշարի վրա գույն-նոտաներով նվագել: Ճանաչեցինք նոտաների տեղը ստեղնաշարի վրա, հետո հասկացանք, թե ինչ է օկտավան (յոթ հիմնական հնչյունների հաջորդականությունը միասին վերցրած մինչև հաջորդ նույնանուն հնչյունը) և արդեն իմանալով նոտաների գույները և՛ ստեղնաշարի վրա, և՛ հնգագծի վրա,  փորձեցինք նվագել ամենապարզ երգերը՝ Արև-արև եկ,եկ,  Տոնածառ ջան, տոնածառ, Մեր հայրենիք և այլն, տե՛ս այստեղ:

 Հետո  ծանոթացանք հնչյունների հիմնական տևողություններին (երկար տևողություն ունեցող հնչյունների միջև տարածությունը կարելի է թողնել ավելի մեծ, իսկ փոքր տևողություն ունեցող նոտաների միջև ավելի փոքր, որպեսզի տեսանելի լինի ոչ միայն հնչյունների բարձրությունների զուգորդումը, այլ նաև հնչյունների տևողությունների զուգորդումը: Դրանով կնպաստենք սովորողների ռիթմի զարգացմանը):

Եվ այս ամենն այնքան ոգևորեց սովորողներին, հատկապես տղաներին, որ որոշեցինք փոքրիկ համերգային ծրագրերով այցելել Նախակրթարանի հինգ տարեկաններին՝ տե՛ս այստեղ: Մինչ նախակրթարան այցելելը նախակրթարանի դաշնամուրի ստեղնաշարը ներկեցինք համապատասխան գույներով, որից հետո կայացավ մեր համերգը: Մեր դասարանական բլոգում բացեցինք «Երաժշտական գործունեություն» բաժինը  և մեր նյութերը տեղադրեցինք այնտեղ։ Քանի որ ըստ ուսումնական պլանի 3-րդ դասարանի սովորողները պետք է ունենան իրենց անհատական բլոգները, ուստի սովորողներն  իրենց բլոգները բացելուց հետո, այնտեղ բացեցին երաժշտություն բաժինը և այդ բաժնում հրապարակեցին  երաժշտությանն առնչվող իրենց կողմից ստեղծված բոլոր նյութերը:

Ինչպես հայտնի է, վերջին ժամանակաշրջանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տարածում գտավ երգչախմբային գործունեությունը. ստեղծվեցին և ակտիվորեն գործում են ուսուցչական երգչախումբը, պատանեկան երգչախումբը, մանկական երգչախումբը, ուստի մենք էլ որոշեցինք ստեղծել մեր դասարական երգչախումբը ՝ տե՛ս այստեղ:

Իրագործելով «Դասարանական համույթ» երաժշտական ուսումնական նախագիծը՝ արդյունքում սովորողները ճանաչեցին նոտաները, իմացան նոտաների տեղը հնգագծի վրա, կարողացան նվագել պարզ նոտագրված երաժշտություն, իսկ ամենակարևորը, սովորող Հայկ Չագոյանը որոշեց գնալ երաժշտական դպրոց և Սվետա Ճաղարյանի հետ միասին շարունակել սովորել դաշնամուր նվագել:

Դասվարի երաժշտական կրթությունը հնարավորություն է տալիս կազմակերպելու սովորողների երաժշտական գործունեությունը՝ այն դարձնելով ուսումնական առօրյայի կարևորագույն բաղկացուցիչը, ինչն էլ հնարավորություն է տալիս բացահայտելու և զարգացնելու սովորողների նախասիրությունները:

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով