Լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացումը մայրենիի ուսուցման կարևորագույն խնդիրներից է, բառային աշխատանքները՝ դրա բաղկացուցիչներից: Բառարանները՝ բացատրական, ստուգաբանական, արմատական և այլն, դառնում են այդպիսի աշխատանքների համար լավագույն ուսումնական նյութը: Բառարանների բավականին ամբողջական հավաքանի է nayiri.com կայքը, որտեղ այսօր արդեն տեղադրված է 105 բառարան: Բառարանների ընթերցումը, դրանց հետ տարվող աշխատանքը մայրենիի գործունեության կարևոր, հետաքրքիր, արդյունավետ մաս են դառնում: Սովորողները ի՜նչ հաճույքով են կատարում լեզվական այդպիսի աշխատանքները:
Բառային ամենատարբեր աշխատանքները հենց լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանն են ուղղված: Բառային այլ աշխարհ է բացվում սովորողների առաջ՝ գունեղ, հետաքրքիր, զարմանալի: Սովորողների ուշադրության կենտրոնում հայտնվում են նրանց իսկ օգտագործած բառերը, բառապաշարը, բայց արդեն այլ լույսի տակ, այլ տեսանկյունից:
Այս անգամ քննարկման նյութը Հովհ. Թումանյանի «Լեզվական փոխառությունները» հոդվածն էր: Հովհ. Թումանյանի հարցադրումների հետ համաձայնելու կամ չհամաձայնելու համար սկսեցինք թերթել էլեկտրոնային բառարանները:
6-րդ դասարանցիների՝ հոդվածի այս հասուն քննարկումը ցույց տվեց, որ լեզվագործունեության բառարանային ձևը լիովին հասանելի և հետաքրքիր է սովորողների համար: Հովհ. Թումանյանի հոդվածի վերլուծությունը տարավ դեպի Հրաչյա Աճառյանի «Եվրոպական փոխառյալ բառեր հայերենի մեջ», «Հայերեն արմատական բառարան», «Հայոց անձնանունների բառարան», «Արական անձնանուններ», «Իգական անձնանուններ»՝ Արտաշես Տեր-Խաչատրյան և ընկերներ: Սովորողները տեսնում են, որ այսօր էլ բառերի մի բավականին մեծ խումբ այլ լեզուներից ներմուծվում է մեր լեզվի մեջ, որ այն օրերի խնդիրը, որի համար մեղադրում էին Հովհ. Թումանյանին, Ավ. Իսահակյանին, այսօր էլ առկա է: Որ ժամանակն էլ է հավաստում Հովհ. Թումանյանի դիրքորոշման ճմարտացիությունը:https://www.youtube.com/embed/N0OHu38g0EQ?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent
Սա իսկական ուսումնական աշխատանք-ուսումնասիրություն է դառնում: Այլ բան է, երբ Հով. Թումանյանի հոդվածի մասին խոսում, ասում, պատմում է ուսուցիչը, ներկայացնում իր կարծիքը, այլ բան, երբ սովորողը, ծանոթանալով բառարանների հետ, կարդալով, ուսումնասիրելով դրանք, ինքն է հայտնաբերում, գտնում, տեսնում, որ բառերի փոխառությունները մի լեզվից մյուս լեզու այսօր էլ գործում է: Սովորողը հասկանում է, որ դա լեզվի բնական զարգացման ճանապարհ է, և այն արգելել, խոչընդոտել ոչ հնարավոր է, ոչ էլ անհրաժեշտ:
Հետաքրքիր աշխատանք էր նաև սովորողների՝ անձնանունների ստուգաբանությունների հետ տարվող աշխատանքը: Սկսեցին գտնել իրենց, իրենց ընկեր-բարեկամների անունները, զարմացան, հիացան, անակնկալի եկան. Հրանտը կրակ է նշանակում, Աննան՝ շնորհ, Ագնեսը՝ մաքուր, պարկեշտ, սուրբ, Աշխենը՝ իշխանուհի, Մարթան՝ տիրուհի, Էմման՝ ճարտար, կենսուրախ և այլն:
Արդյո՞ք սա լեզվին սիրահարվելու, այն գնահատելու, մայրենիով հիանալու ճանապարհներից մեկը չէ: Եվ եթե մայրենիի խնդիրներից մեկն էլ այն չէ, որ սովորողը սկսի իր լեզվի նկատմամբ առավել ուշադիր լինել, գնահատի այն, հիանա և զարմանա նրա անսպասելիությամբ, ճկունությամբ, հապա ի՞նչն է: