Աշնանային 9-րդ հավաքին ընդառաջ
Անցյալ տարի սովորողների առաջարկով (եթե անկեղծ, արդեն չեմ հիշում կոնկրետ ում) և իմ մշակմամբ սկսեցինք մի նախագիծ, որն անուն էլ չունի: Պայմանականորեն, արդեն այս տարի, ձևակերպեցի այսպես՝ «Եսիս թափառումներն աշխարհում»: Ո՞րն է նպատակը:
Նպատակը ինքնուրույնության, պատասխանատվության մղումն է սեփական հետաքրքրությունների պատշաճ ներկայացման, բանավոր խոսքի կառուցման, քննարկում հրահրելու, բանավիճային իրավիճակում կողմնորոշվելու ճանապարհով:
Վերը գրածս բարդ նախադասությունը բացեմ`քայլ առ քայլ ներկայացնելով աշխատանքային գործընթացը:
Սովորողներն ընտրում են իրենց հետաքրքրող, անհանգստացնող թեմա, տեսանյութ, ֆիլմ, խմբով, երբեմն` անհատապես քննարկում ենք թեման, ու սովորողն սկսում է աշխատել: Պարտադիր չէ, որ թեմայով մեկ սովորող աշխատի. Հաճախ ձևավորվում է աշխատանքային համագործակցային կամ ընդդիմադիր խումբ: Արդեն նյութի ուսումնասիրության որոշակի փուլից հետո քննարկում ենք ներկայացման ձևը, առաջարկներ անում: Որոշակի աշխատանքային փուլից հետո ներկայացվում է նախագծի նախնական տարբերակը: Սովորողի հետ, հիմնականում առցանց, խմբագրում-հղկում ենք նյութը, ինչ-ինչ շեշտադրումներ եմ անում, առաջարկներ, ու արդեն վերջնական տարբերակի բերելուց հետո սովորողն այն ներկայացնում է ակումբում:
Խոսենք խնդիրների մասին: Նման նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին. ներկայացնելու, խոսելու իրենց հետաքրքրող նյութի մասին, միաժամանակ` հրահրում բազմակողմանիորեն ուսումնասիրել նյութը, փաստարկել ու ապացուցել: Մշակել բանավոր խոսքը՝ պատրաստվելով հրապարակային ներկայացմանը: Մշակել նյութի ներկայացման այնպիսի եղանակներ, որոնք ունկնդրի համար հետաքրքիր կլինեն, անընդհատ աշխատել եղանակների, դրանց զարգացման վրա, մշակել այնպիսի ինտերակտիվ մեթոդներ, որոնք ներկայացումը չեն վերածի մի դերասանով թատրոնի, այլ հնարավորություն կտան ընդգրկվելու, մասնակցելու, զարգացնելու, իրենը համարելու:
Արդյունքների մասին: Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք հրապարակված տարբեր նախագծեր:
Կարող եմ առանձնացնել Վիկա Մարկոսյանի (12-րդ դասարան) «Ժամանակակից հայ գրականություն, թե աբսուրդ» խորագրով քննարկում-պրեզենտացիան:
Էմմա Կիրակոսյանի (շրջանավարտ) Աստվածաշնչյան մեկնությունները:
Վիտալի Գրիգորյանի քաղաքացիական մտորումների էքսկուրսը:
Ակումբի բոլոր սովորողներն ունեցել են նման ներկայացումներ, որոնց մի մասը վերջնական տեսք չստացավ. սովորողները դրանք համարեցին խիստ թերի ու հրապարակման ոչ ենթակա:
Ներկայացումներին հաջորդում է քննակման փուլը, որը կոնկրետ է, փաստարկված ու խմբային: Ինչ ընդհանրական դիտարկումներ ենք արել: Հաճախ ամբողջական ու հետաքրքիր տեսանյութը կամ հրապարակումը անփույթ ներկայացման, խմբի չներգրավվածության, ինտերակտիվ չլինելու պատճառով անհետաքրքիր, տխուր են երևում` որպես ներկայացում-քննարկում: Ոչ ամբողջական, թերի տեքստերն էլ հնարավորություն չեն տալիս ընդհանրապես նյութը հրապարակելու, տարածելու, բոլորին հասանելի, տեսանելի դարձնելու:
Շարունակականությունը հնարավորություն է տալիս անընդհատ լավացնելու աշխատանքը. ջերմ, միմյանց օգնելու տրամադրված ակումբային մթնոլորտը՝ չամաչելու, հնարավորինս անկեղծ դիտողություն-դիտարկումներ անելու, միմյանցից չնեղանալու համար:
Այս տարի նախագիծը զարգացնում-շարունակում ենք: Արդեն սովորողների հետ քննարկել, կոնկրետացրել ենք խմբային, անհատական նախագծերի փաթեթը: Աշխատում ենք…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան