Հատված «Ռուսերեն ճիշտ խոսեք և գրեք» գրքից
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում լավ խոսքին: Ի՞նչ հատկանիշներ են այն բնութագրում: Բնութագրենք լավ խոսքի տասը հիմնական հատկանիշներ և հիշեցնենք, թե միտքը ճշգրիտ և հակիրճ հաղորդել կարողանալու անհրաժեշտության մասին ինչ են ասել ռուս գրողները:
Խոսքի ճշտություն՝ որոշակի ժամանակաշրջանում ընդունված գրականա-լեզվական նորմերին համապատասխանություն: «Բառերի ոչ ճիշտ կիրառությունը հանգեցնում է սխալների` մտքում, իսկ հետո նաև՝ կյանքում» (Դ. Պիսարև):
Խոսքի ճշգրտություն՝ խոսողի կամ գրողի մտքերին համապատասխանություն: «Բառի ճշգրտությունը ոչ միայն առողջ ոճի պահանջն է, այլ նախ և առաջ՝ իմաստի պահանջը» (Կ. Ֆեդին):
Խոսքի հստակություն՝ լսողին կամ կարդացողին մատչելի լինելը: «Խոսիր այնպես, որ քեզ չհասկանալ չկարողանան» (ճարտասանության հռոմեացի ուսուցիչ Քվինտիլիանոս):
Խոսքի տրամաբանականություն՝ տրամաբանության օրենքներին համապատասխանությունը: Խոսքի անփութությունը պայմանավորված է մտածողության ոչ ճշգրտությամբ: «Ինչը հստակ չես պատկերացնում, անպարզ էլ կարտահայտես. արտահայտությունների ոչ ճշգրտությունն ու խճճվածությունը վկայում են միայն մտքերի խճճվածության մասին» (Ն. Չեռնիշևսկի)։
Խոսքի պարզություն՝ նրա բնականությունը, «սիրունությունների», ոճի պաճուճազարդության բացակայություն: «Արտահայտության ճոռոմության և անբնականության ետևում բովանդակության դատարկությունն է թաքնված» (Լ. Տոլստոյ):
Խոսքի հարստությունը օգտագործվող խոսքային միջոցների բազմազանությունն է: «Խնդիրները, որ ձեր առջև դնում եք, անխուսափելիորեն և անհրաժեշտաբար պահանջում են բառերի մեծ հարստություն, առատություն և բազմազանություն» (Մ. Գորկի):
Խոսքի սեղմություն՝ ավելորդ բառերի և կրկնությունների բացակայություն: «Եթե երկար ու բարակ է գրում, կնշանակի, որ գրողը վատ է հասկանում, թե ինչի մասին է խոսքը» (Մ. Գորկի):
Խոսքի մաքրություն՝ բարբառային, ժարգոնային, խոսակցական, գռեհիկ բառերի բացակայություն, ինչպես նաև օտարաբանությունների, եթե դրանց օգտագործման համար ոչ մի անհրաժեշտություն չկա: «Օտարաբանության օգտագործումը, երբ համարժեք ռուսերենը կա, կնշանակի վիրավորել և՛ առողջ միտքը, և՛ առողջ ոճը» (Վ. Բելինսկի):
Խոսքի կենդանություն՝ նրա արտահայտչականությունը, պատկերավորությունը, հուզականությունը: «Լեզուն պետք է կենդանի լինի» (Ա. Ն. Տոլստոյ):
Խոսքի բարեհնչյունություն՝ ականջին դուրեկան հնչեղության պահանջներին համապատասխանություն, այսինքն՝ բառերի ընտրություն ըստ իրենց ձայնային հնչեղության: «Ընդհանրապես պետք է խուսափել տգեղ, անբարեհունչ բառերից: Ես չեմ սիրում շչական և սուլական ձայներով բառերի առատությունը, խուսափում եմ դրանցից» (Ա. Չեխով):
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան