Բլոգը ավելին է, քան կրթական կայքը: Այն նաև սոցիալական ցանց է, որտեղ խոսքի մշակման աշխատանքների իրականացման, հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու, թարգմանական տեքստեր զետեղելու, ստեղծագործական աշխատանքեր կատարելու, փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հարցաշարերի շտեմարան ունենալու հետ մեկտեղ դասավանդողին և սովորողին հնարավորություն է տալիս շփվելու և համագործակցելու իրար հետ:
2012թ. հոկտեմբերյան հավաքի օրերին ինձ համար երեք գերակա ուղղություններ ընտրեցի և փորձել եմ անցնող ամիսների ընթացքում հնարավորինս զարգացնել հենց այդ ուղղությունները: Դրանք էին` ինտերնետ TV-ի և ծիսական մեդիաուղեցույցի ստեղծում, բլոգի նոր հնարավորությունների բացահայտում:
Հենց սկզբից անկեղծ լինեմ և ասեմ, որ դրանց ընթացքը և զարգացումը շատ մոտավոր և աղոտ էի պատկերացնում: Հիմա աշխատանքներն այն փուլում են, որ վստահաբար կարելի է բարձրաձայնել հետևյալը.
- իրականություն է դառնում mskh-ի գիտահանրամատչելի ինտերնետ TV-ն.
- ամենօրյա աշխատանքի շնորհիվ բացահայտվում են բլոգի նորանոր հնարավորություններ, որոնք, ինչ խոսք, շատ ավելի արդյունավետ ու հետաքրքիր միջավայր են ստեղծում երկուստեք` թե դասավանդողի, թե սովորողի համար.
- ծիսական տոնացույցի աշխատանքներին զուգընթաց մի շատ կարևոր գործ էլ է կատարվում` ստեղծվում են մեդիափաթեթներ, որոնք հնարավորություն կտան հետագայում դրանք ոչ միայն օգտագործելու, այլ նաև լրացնելու:
Ու, քանի որ առցանց TV-ի և ծիսական մեդիաուղեցույցի աշխատանքերը տեսանելի են, ես չեմ անդրադառնա դրանց, կխոսեմ միայն բլոգի` որպես վիրտուալ աշխատարանի մասին:
Նախորդ հոդվածում նշել էի, որ բլոգը առայժմ կիրառվում է`
- դասին անհրաժեշտ տարաբնույթ նյութերի
- առցանց քննարկումներ կազմակերպելու
- առցանց ստուգումներ անցկացնելու
- օգտակար ինտերնետային տարատեսակ հղումներ պահելու համար:
Հիմա արդեն կարող ենք ավելացնել նաև.
Բլոգը հարմար միջավայր է`
- խոսքի մշակման աշխատանքներ իրականցնելու
- հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու
- թարգմանական տեքստեր զետեղելու
- ստեղծագործական աշխատանքեր կատարելու
- փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու
- հարցաշարերի շտեմարան ունենալու
- ինչպես նաև` մեդիանյութերի, էլեկտրոնային ռեսուրսների, մեդիափաթեթների համար:
Ընդ որում, բլոգի նյութերը վերցվում են ոչ միայն համացանցից` facebook-ից, mskh.-ից, այլ, որ թերևս ամենակարևորն է, օգտագործվում են հենց մեր սովորողների ու դասավանդողների թարգմանություններն ու ստեղծագործական բնույթի նյութերը:
Բլոգը բաց է և գործում է ոչ միայն իմ դասավանդած դասարանների սովորողների, այլ նաև Միջին դպրոցի այլ սովորողների համար: Շփումը անկեղծ է ու անկաշկանդ: Բլոգը դարձել է վիրտուալ բաց լաբորատորիա, ուր կարող են և մտնում են բոլոր ցանկացողները և, որ ամենակարևորն է` կատարում են աշխատանք:
Ահա այսպիսի վիրտուալ աշխատարան:
Հեղինակ՝ Նունե Մովսիսյան