Նպատակը կատարմամբ է գեղեցիկ: Մխիթար Սեբաստացի
Հայոց մանկավարժության պատմության մեջ արդեն իր հաստատուն տեղն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որն այս օրերին նշում է իր 25-ամյակը: Ես հիշում եմ ա՜յն օրերի ուսուցիչների և սովորողների լարված սպասումը. Մխիթարյան միաբանության պատասխանին էինք սպասում՝ արժանի կհամարե՞ն մեր նորածին կրթահամալիրին՝ կրելու մեծ մտածող և ուսուցչապետ Մխիթար Սեբաստացու անունը: Համարեցին և նույնիսկ ծանրակշիռ նվերներ ուղարկեցին: Իսկ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, սեբաստացի: Սեբաստացի` մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:
Դաս առաջին՝ մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:
Դաս երկրորդ՝ արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն՝ ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:
Դաս երրորդ՝ մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանն աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը՝ թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:
Դաս չորրորդ՝ պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը՝ դա զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն։
Դաս հինգերորդ՝ կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը։ Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:
Դաս վեցերորդ՝ …. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը» (Մխիթար Սեբաստացի): Գուցե այս դասը հնացա՞ծ է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:
Դաս յոթերորդ՝ միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց։ Դեռ այդպես չէ:
Դաս ութերորդ՝ սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:
Դաս իններորդ՝ սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ձայնակցելուց ու գանգատվելուց, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:
Հ.Գ. «Վիճի՛ր քեզանից գիտունի հետ: Մի՛ տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)
Հեղինակը շնորհակալություն է հայտնում իր գործընկեր Նունե Մովսիսյանին` անհրաժեշտ նյութերը բարյացակամորեն տրամադրելու համար:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան