Իմ լավ կրթահամալիր (Հեգելը մի քիչ թող սպասի), նախ շնորհավորում եմ 25-ամյակդ, սիրելի՛ս: Քեզ մաղթում եմ թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք:
Ամենից ինչից առաջ և հետո՝ շնորհակալ ենք քո տված ազատության համար: Ազատություն ասեցի թե չէ, Հեգելը միտքս եկավ: Հեգել ջան, արի՛, պետք ես:
Հեգելի մանկավարժության համար առանցքային է երեխայի նկատմամբ որևէ բռության բացառումը:
Հեգելի համոզմամբ՝ ամենաանբարոյականը վերաբերմունքների մեջ՝ երեխաներին որպես ստրուկների վերաբերելն է:
Հա՛, հենց էլ լավ ենք անում, որ երեխաներին ազատություն ենք տալիս: Հա՛, հենց էլ սրտովս է, որ նրանց անբարոյականի նման որպես ստրուկների չենք վերաբերում: Երեխան աստվածատուր էակ է, և մենք՝ ոչ ծնողը, առավել ևս՝ ոչ դասավանդողը, իրավունք չունենք որևէ տիպի բռնություն գործադրել: Երեխան պետք է զարգանա ազատ մթնոլորտում, բայց…:
Լսե՛նք Հեգելին: «Երեխան կարող է զարգանալ միայն ազատ մթնոլորտում: Բայց ազատությունը ինքնանպատակ չպետք է լինի, այն հարկավոր է, որպեսզի ձևավորի ազատ կամք»:
Իսկ, եթե ազատություն տանք՝ առանց ազատ կամքի ձևավորմա՞ն:
Հակառակ դեպքում, զգուշացնում է Հեգելը, միտքը կարող է ձևավորվել առանց սրտի, իսկ սիրտը` առանց մտքի, ասել է թե՝ ազատությունն առանց ազատ կամքի կարող է ծնել «միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ»:
Ասո՜ւմ ես էլի, ա՛յ Հեգել, դե՛ արի ու ազատ կամք ձևավորիր, էդ ո՞նց: Հեգելը էստեղ չդիմացավ.
-Էդ մեկն էլ դուք մտածեք:
Ճարներս ինչ, մտածե՛ նք…
Ուսումնական տարվա սկզբին իմ դասավանդած չորս՝ 9.1, 8.1, 8.2, 8.3 դասարաններում հայտարարեցի՝ նախկինի նման տնային աշխատանք, որպես այդպիսին, չի լինելու: Էլեկտրոնային հասցեներին ոչինչ չեմ ուղարկելու (ու շարունակում եմ չուղարկել): Դասարանում պարտավոր եք անել միայն սովորողին անհրաժեշտ նվազագույն պարտադիր մասը միայն, մնացածը՝ ըստ ցանկության: Կուզենաք՝ կանեք, չեք ուզենա՝ չեք անի:
Ասե՛ք, որ ռիսկի գործոնը մեծ է: Հա՛, ճիշտ եք, ես էլ սկզբում այդ մտավախությունը ունեի. բա որ չուզենա՞ն անել…
Ամբողջ սեպտեմբեր ամիսը սովորողները կատարեցին Պետական չափորոշիչով ամրագրված նվազագույն պարտադիր մասը՝ որոշակի քանակությամբ քերականական վարժություններ և գրականագիտական առաջադրանքներ: Կատարեցին ու իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացան համապատասխան գնահատականը՝ 6 միավոր:
Գնահատման առաջին մակարդակ՝ 4- 6 միավոր (սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք)
- Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ:
Ստացան ու սկսեցին բողոքել: Շատ էլ լավ արեցին: Ոնց որ թե մի ամբողջ ամիս համբերատար ես դրան էի սպասում (Հեգելը կասեր՝ «բանականության խորամանկություն»…):
Ճիշտ այնպես, ինչպես համակարգչային խաղերում. առաջին մակարդակն անցնելուց հետո խաղը սկսում է էլ ավելի գրավել, ուզում ես առաջ անցնել, նույն տեղում մնալը ձանձրալի է:
Դե՛, որ չեք ուզում նույն տեղում մնալ (միայն իմանաք՝ ե´ս ոնց չեմ ուզում) եկեք «խաղանք»՝ անցում կատարելով գործողությունների կատարման երկրորդ մակարդակ: Միասին բացենք գնահատման կարգն ու կարդանք:
Գնահատման երկրորդ մակարդակ՝ 7-8 միավոր (սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանք):
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
Սեպտեմբեր ամսվա ընթացքում երկու շաբաթը մեկ, հոկտեմբերից սկսած՝ շաբաթը մեկ (ամեն երկուշաբթի, ներառյալ նաև աշնանային արձակուրդը) սովորողները բաց, հրապարակային ներկայացնում են շաբաթվա ընթացքում կատարած իրենց աշխատանքը: Ոչ միայն ներկայացնում են, այլև գնահատում են իրենք իրենց՝ Միջին դպրոցի գնահատման մատյանում դնելով կատարած աշխատանքին համապատասխան գնահատանիշ:
Ի դեպ, այս գնահատման համակարգի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, այն է, որ համակարգը «պարտադրում» է գնահատել ոչ թե սովորողի ընդունակությունները, այլ կատարած աշխատանքը:
Սովորողները կարդում-թարգմանում-վերլուծում են այն, ինչ ուզում են: Որևէ պարտադրանք, որևէ միջամտություն իմ կողմից չկա: Սովորողի գործն է նաև՝ ինչպիսի նախագիծ սկսել, ու շատ հնարավոր է, որ այդ նախագծերը դասավանդողի հետաքրքությունների սահմանում չտեղավորվեն: Հետո ի՞նչ: Իսկ ով ասաց, որ դրանք պարտադիր կերպով դասավանդողի սրտով ու կամքով պիտի լինեն: Էդ ինչի ո՞ր:
Ոչ միայն չեմ խանգարում, այլև սիրով ու պատրաստակամ օգնում եմ:
Մի լավ խումբ սովորողներ սկսել են և կարծում եմ՝ հաջողությամբ կիրականացնեն «Բլոգավարությունը՝ ինքնակրթության միջոց» նախագիծը (ես որ ոգևորված եմ):
Տիգրան Աբրահամյանը իր ընկերների հետ «Առականի» թարգմանական բլոգ է ստեղծում, բա վա՞տ է, Շուշան Եփրիկյանը դասընկերոջ՝ Լևոնի հետ, դեռահասների համար ֆիլմադարան է ստեղծում, իհարկե՛ լավ է, Արփի Չոբանյանը «Բարբառահեքիաթ» նախագիծն է առաջարկում, դրանից էլ համով բա՞ն, Իսկանյան Հուրին չի ուզում կորցնել իր իմացած արաբերենը և այդ լեզվից թարգմանություններ է անում, հրաշալի՛ է, Էմիլյա Սիմոնյանն ու Աննա Հարությունյանն էլ որոշել են օտարալեզու մանկական գրականությունից թարգմանություններ անել և այլն, և այլն:
Ընդ որում, նախագծեր իրականացնող սովորողները դասարանական պարտադիր աշխատանքն ավարտելուց հետո կարող են և աշխատում են իրենց նախագծերի վրա՝ աշխատանքի միջավայր ընտրելով ոչ դասասենյակը:
Իսկ նրանք, ովքեր համառորեն դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ թարգմանել կամ ինչ նախագիծ սկսել, կարող են օգտվել այլընտրանքային տարբերակից՝ «Լրացուցիչ փաթեթից»: Ի դեպ, նման տիպի միջանկյալ փաթեթի ստեղծման առաջարկը եղել է սովորողների կողմից:
Եղած ռիթմը պահելու և շարունակական զարգացնելու դեպքում սովորողների մի մեծ խումբ կարող է առանց լարումի անցում կատարել երրորդ՝ ամենաբարձր գնահատվող աշխատանքի՝ ինքնակրթության մակարդակ:
Է՞լ… Հա՛, Հեգել ջան, հիմա օգնիր, խնդրում եմ, հասկանալ՝ ի՞նչ ասել է կամք և ինչպես է այն արտահայտվում առօրյայում: Հեգելի կարծիքով՝ կամքի բանականությունը դրսևորվում է բարոյականությամբ: Ընդ որում, մարդը բարոյական և առաքինի է ոչ թե, երբ ինչ-որ բարոյական արարք է գործում, այլ միայն այն դեպքում, երբ նման վարքագիծը բնավորության մշտական գիծ է: Անբարոյական է այն արարքը, որն արվում է պատժից վախենալով կամ ուրիշների մոտ լավ տպավորություն ստեղծելու համար: Իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի ազատ կամքով էակի համար առաքինությունը դառնա բնավորության մշտական գիծ: Ճանապարհը մեկն է՝ ոգու գիտակցումը: Այ, երբ որ ազատ կամք ունեցող էակը, ըստ Հեգելի, հոգևոր զարգացման ճանապարհին հանդիպում, ապա նաև ճանաչում ու ընդունում է Բացարձակ ոգու ֆենոմենը, ահա այդ դեպքում է միայն նա կարողանում դառնալ բարոյական և առաքինի:
Իսկ ի՞նչ ասել է Բացարձակ ոգու ֆենոմեն: Այն (ինչքանով, որ ես եմ հասկանում) մարդու հոգևոր զարգացումն է և նրա՝ առ Աստված ունեցած կապը: Հեգելի կարծիքով՝ «Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում»:
Ասել է թե՝ «Երջանկության գաղտնիքը սեփական «ես»-ի շրջանակից դուրս գալու ունակության մեջ է»:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան